Խենթերի ժամանակն էր

Լիզա Ճաղարյան. Խենթերի ժամանակն էր

Այս հրապարակումը Լիզա Ճաղարյանի՝ Ղարաբաղյան շարժման մասին հուշերի շարքից է։ Շարքի առաջին մասը կարող եք ընթերցել այստեղ։

Ես պատմում եմ պատկերները։ Այն պատկերները, որոնք լուսանկարների կամ փոքրիկ տեսանյութերի նման արտատպվել են հիշողությանս հոգնած ծալքերում։ Տարեթվերը, օրերը, ժամերը պատմաբանների ու բարեխիղճ արձանագրողների գործն են. ցավոք՝ ես ոչ մեկն եմ, ոչ էլ՝ մյուսը։

88-ին շարքային ցուցարար էի (հիմա էլ նույնն եմ), այսպես ասած՝ ժողովրդի մի մասնիկ, եւ հիմա ուզում եմ պատմել այն օրերի մասին, երբ խորհրդային «ազատարար» բանակը մտավ ՀԽՍՀ մայրաքաղաք՝ ԽՍՀՄ քաղաքացիներին մի խումբ էքստրեմիստներից փրկելու անձնազոհ մղումով։

Զրահատանկերը վարում էին Երեւանի ասֆալտապատ  փողոցները, գրավված էին բոլոր, այսպես կոչված՝ ռազմավարական օբյեկտները, նաեւ՝ իմ աշխատավայր Հեռուստառադիոպետկոմի շենքը (Ալեք Մանուկյան փողոց), եւ ամենակարեւորը՝ շրջափակված էր Ազատության հրապարակը։ (Այս պատկերը Ութսունութ չտեսած  նոր սերնդին էլ է ծանոթ։ Տարբերությունը «չնչին» է. այսօրվա շրջափակողը հայրենի իշխանությանը ծառայող ոստիկանությունն է)։

Ինչո՞վ էինք զբաղված այդ օրերին «մեր տնից» վտարվածներս։ Շա՛տ տարբեր բաներով։ Կոնկրետ մենք՝ շարքայիններս, մեր եռանդի առյուծի բաժինը ծախսում էինք «ազատարարների» հետ հաղորդակցվելու վրա։ Մի մասն զբաղված էր նրանց համբերության սահմանը չափչփելով։ Այս մարդկանց մեջ ես էլ էի մտնում։ Մյուս մասն էլ նվիրվել էր սովետական բանակի զինվորներին լուսավորելու հույժ հրատապ գործին։

Նախ՝ լուսավորիչների մասին։ Ուրեմն պատկերացրեք՝ Ազատության հրապարակն է։ Հենց հրապարակում զրահատանկեր էին կանգնած, խոտերին էլ կուշտուկուռ փռված էին սովետական բանակի սպաները (այն ժամանակ այդ տարածքը կանաչ-կանաչ էր, սրճարանների այսօրվա խառնիճաղանջ կույտը չկար), իսկ ահա շուրջբոլորը շարված էին 18-19 տարեկան (մեզ նման շարքային) զինվորները։ …Ու տերեւի պես դողում էին։ Որքան էլ նեղսրտած ենք եղել, որքան էլ՝ մինչեւ հոգու խորքը վիրավորված, որքան էլ՝ գազազած, երբեք չենք նեղացրել նրանց, չենք վիրավորել, հակառակը՝ շատ ջերմ էինք հետները։ Էրեխեք էին, էլի, մեր այսօրվա 18-19 տարեկան հայ զինվորների նման։ Մտքներում հաստատ երազում էին մի հրաշքով իրենց տուն ընկնել, իրենց մամայի կրծքին դնել գլուխները, իրենց մամայի եփած ճաշն ուտել։ Բայց ինչ էլ անեինք, զգում էինք՝ շատ վախեցած են։ Մինչ Հայաստան բերելը՝ երեւի հրամանատարները զգուշացրել էին, որ տանում են մի կիսավայրենի երկիր, որտեղ ապրող «ցեղախմբի» բոլոր անդամների գոտիներից խանչալ է կախված, եւ ով դուրները չի գալիս՝ յոթն ու քառասունքը մի տեղ են անում։ Այսինքն ի՞նչ  «երեւի»՝ հաստա՛տ։ Եվ ազգիս կամավոր պատմիչներից յուրաքանչյուրը մի-մի «դողացող տերեւի» ականջից կախված՝ պատմում էր Լեռնային Ղարաբաղի պատմությունը։

Հիշողությանս մեջ պատճենված պատկերը սա է. աշխարհից հոգնած, զզված, վախեցած մի ռուս կամ ուկրաինացի, ուզբեկ կամ տաջիկ, ու նրա դիմաց կանգնած որեւէ հայ տղամարդ կամ կին, որը պատմում է մ.թ.ա 3-1-ին հազարամյակներից՝ էէէէէէ, Վանի թագավորությունից սկսած, Երվանդունիներին, Արշակունիներին հորով-մորով արած, Սասանյան Պարսկաստանին, արաբներին, թուրք-սելջուկներին, մոնղոլներին ու եսիմ էլ ումոնց իրենց արժանի տեղը նստեցրած հայերը եկան ու հայտնվեցին ռուսական քմահաճույքի ծանր շնչի տակ, ու 1921 թվականի հունիսի 4-ին՝ օրը ցերեկով մեր զավակ Ղարաբաղին պոկեցին մայր Հայաստանի սրտից ու նվեր տվեցին Ադրբեջանին։ Մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ, մի քիչ ավել, մի քիչ պակաս՝ ամեն դեպքում խորհրդային բանակի զինվորների ականջին մերոնք շշնջում էին պատմական արդարության վերականգնման անհրաժեշտության մասին եւ սա հաստատում անխոցելի փաստերով։

Օրեր շարունակ, ժամեր շարունակ։

Ո՛չ մի պատմիչի չէր կարող հուսահատեցնել զինվորների քար լռությունը (հրաման էր տրված կիսավայրենիներիս հետ չհաղորդակցվել), պատմում էին ու պատմում։ Հնարավոր չէ բառերով ներկայացնել այն ոգեւորությունը, այն համառությունը, այն մի կերպ զսպվող զայրույթը, որ դաջված էր մեր պատմիչների դեմքերին։ Այսպես. մի քանի ժամով տուն էին վազում, իրենց կարգի բերում, ոտքի վրա մի կտոր հաց ուտում ու պարտաճանաչ ներկայանում «աշխատանքի»։ Այդպես էլ չիմացանք՝ որեւէ զինվորի կարողացա՞ն համոզել, որ Ղարաբաղն իրոք մերն է, թե՝ ոչ, որովհետեւ այս տղաների սարսափն իրենց հրամանատարներից՝ անհամեմատ հզոր էր պատմական արդարության վերականգնմանը միանալու ազնիվ մղումից։

Ի դեպ, մեր Հեռուստառադիոպետկոմի աշխատողներն էլ ձեռքները ծալած նստած չէին, եւ այստեղ շփումն ավելի անմիջական էր, նույնիսկ՝ ռոբոտի դեմքերով սպաների հետ։ Ու սրանցից մեկին երկար-բարակ պատմական արդարության մասին դասախոսություն կարդալուց հետո՝ մեր տղաներից մեկը փորձել էր Ղարաբաղի խնդիրն առավել հասկանալի դարձնել ու հարցրել էր սպային. «Օրինակ՝ դուք որտեղի՞ց եք»։ Սպան ասել էր՝ Ռոստովից։ «Դե պատկերացրեք,- ոգեւորվել էր մեր տղան, ” պատկերացրեք՝ Ռոստովը Ռուսաստանից խլում են ու տալիս Հայաստանին, դուք ի՞նչ կանեք»։ Պատասխանը մեր պատմիչ տղային հուսահատության խորխորատներն էր նետել։ «Ոչ մի բան էլ չէի անի,- պատասխանել էր ռուս սպան, ” ավելի լավ, էստեղ ավելի շատ օղի կա»։

Կարճ ասած՝ շարքայինների քար լռությունը գերադասելի էր։

Ի՞նչ էր անում մյուս խումբը («խումբ» որ ասում եմ՝ մի հանրահավաքի չափ ժողովուրդ էինք)։ Զբաղված էինք ցուցադրելով «ազատարարներին», որ մենք շատ էլ երջանիկ ենք, ոչ մի կարմիր կամ դարչնագույն բանակ չի կարող մեր տրամադրությունը գցել։ Որ մենք ընդհանրապես չենք նկատում իրենց՝ ո՛չ Հրապարակում տիրոջ իրավունքով աջուձախ փռված ամբարտավան սպաներին, ո՛չ իրենց փոշոտ-կեղտոտ զրահատանկերը, ո՛չ Հրապարակը շրջափակած ու վախից կապտած զինվորներին։ Պարզապես դուրս ենք եկել ու զբոսնում ենք մեր քաղաքում։ Ու մեր սիրտն ուզում էր, որ ամեն օր՝ առավոտից իրիկուն թրեւ գանք մեր Օպերայի շուրջը։ Ու պտտվում էինք ժամերով։ «Ընդմիջումներին» գնում էինք սրճարան, մի քիչ երշիկ-մերշիկ էինք ուտում, սուրճ էինք խմում, շենքերի առաջին հարկերի լուսամուտագոգերին դրած ջրամաններից ջուր էինք լցնում ջրամանի կողքին դրված բաժակի մեջ, խմում էինք (այդ օրերին շատ-շատերի լուսամուտագոգերին կտեսնեիք «հանապազօրյա» ջուրը. ցուցարարների համար էր) ու նորից վերադառնում «զբոսավայր»։

«Չարություններ» էլ էինք անում։ Օրինակ՝ Տիգրան Պասկեւիչյանի ձեռքին՝ չգիտեմ որտեղից, մի հատիկ ծաղիկ էր հայտնվել։ Գալիս հասնում էինք նույն զինվորին, Տիգրանը հենց այդ զինվորի ներկայությամբ ծաղիկը նվիրում էր աղջիկներից մեկին, հետո անցնում էինք զինվորին, Տիգրանը ծաղիկը ետ էր վերցնում այդ աղջկանից, պտտվում էինք, նորից հասնում նույն զինվորին, Տիգրանը նորից այդ բազմաչարչար ծաղիկը նվիրում էր նույն աղջկան, հետո անցնում էինք զինվորին, նորից ծաղիկը ետ էր վերցնում աղջկանից… Եվ այդպես՝ տասը-քսան-երեսուն անգամ։ Հետո մեկ էլ՝ երգում էինք։ Հետո՝ բարձր ծիծաղում էինք։ Իբր՝ «այ մարդ, էսքան ուրախ կյանքը մեզ արդյոք ո՞վ է նվիրել»։

Եթե Գորբաչովը պատկերացներ, թե սովետական բանակի «շռնդալից» մուտքը Երեւան՝ որքան նպաստեց, որ «անկախություն» բառը լսելուց դողը ջաններն ընկնողներն էլ սկսեն մտածել անկախության անհրաժեշտության մասին, երեւի հենց ինքը կպառկեր տանկերի առաջ, որ մտքներով չանցնի՝ մեր կողմերով անցնել։

Բայց արդեն շատ ուշ էր։ Իրենք իրենց սեւ գործն արել էին արդեն, ու Օպերայի շուրջը պտտվող, դրանից առաջ «Լենին, պարտիա, Գորբաչով» բացականչողներն արդեն Մոսկվայից ոչինչ չէին ուզում, ուզում էին այդ Մոսկվան պոչը քաշեր՝ գնար իր երկրի ու ժողովրդի դարդը լացեր, մեզ էլ թողներ՝ ապրենք ոնց ուզում ենք ու ոնց կարողանում ենք։

Խենթերի ժամանակն էր։ Օկուպացված Երեւանում մեր սիրտը լեռներում էր։


Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ