Խմբագրական վերլուծություն | Դանիել Զամորա. «Ֆուկոյի դիմադրությունը այլևս դասակարգային պայքարի ձևով չի ներկայանում»
Հոդվածի նպատակը ֆրանսերենից հայերեն թարգմանության շարահյուսական-բառակազմական բարդությունների, իմաստային սխալների, տեքստի ոճի ու տրամադրության հասկացման և փոխանցման վերհանումն է «Ֆուկոյի դիմադրությունը» (Daniel Zamora : « La résistance chez Foucault ne prend plus vraiment le visage de la lutte des classes ») [1] հոդվածի թարգմանության վերլուծության միջոցով, որը կհամադրենք Մոնրեալի համալսարանի պրոֆեսոր Անդրե Կլասի՝ թարգմանության տեսության մասին դիտարկումների հետ՝ հրապարակված 2011 թվականին «Թարգմանության տեսություն և ուսուցում» [2] հոդվածում։
Անդրե Կլասն առաջարկում է թարգմանչական աշխատանքի հետևյալ մոդելը՝ կազմված ըստ Կարլ Բյուլերի (Karl Bühler), որի միջոցով կփորձենք վեր հանել խնդրո առարկա թարգմանության գործընթացի հետ կապված որոշ կետեր։
Նախ ներկայացնենք և նկարագրենք թարգմանչական աշխատանքի այս մոդելի յուրաքանչյուր փուլը և փորձենք ուսումնասիրության ենթակա թարգմանության մեջ բացահայտել դրանք։
Լեզվի գործառույթը առաջին հերթին տեքստի ընթերցանությունն է, բացահայտելու համար տեքստի արտահայտչական գործառույթը, օրինակ՝ տրամադրությունը, էմոցիոնալ դիտավորությունը (սարկազմ, քննադատություն, գովք և այլն), վերաբերությունը, թե տեքստում ինչ իրավիճակային իրականություն (իրողություն) է ոգեկոչված և կոչական գործառույթը, թե տեքստն ում է ուղղված՝ տեքստի հասցեատերը։ Տեքստով մեկ ցրված որոշ բանալիներ կարող են թույլ տալ բացահայտել նշված հատկությունները։ Օրինակ՝ տեքստի հետևյալ հատվածը քննադատական խոսքի վառ արտահայտություն է․
«Նախևառաջ կարծում եմ՝ որոշ մտավորականներ կասկածելի սովորություն ունեն իրենց իսկ քաղաքական օրակարգը վերագրել փիլիսոփային: Սեփական գաղափարները արդարացնելու համար մտավոր կյանքի նշանավոր գործչի հեղինակությանն ապավինելը սովորական պրակտիկա է: Սակայն Ֆուկոյի դեպքում այն առանձնակի ցնորական աստիճանի է հասել: Նրա աշխատանքների անգամ ամենատարրական համատեքստայնացումը դժվար է Ֆրանսիայում»։
Տեքստի մեկնական վերլուծությունը ենթադրում է տեքստի ռացիոնալ ընթերցանություն, այսինքն՝ հասկացում, որը թույլ կտա սահմանել տեքստի տիպաբանությունը։
Այսպես՝ տեքստի հասկացման խնդրից բխող դժվարություններից մեկը վերնագրի թարգմանության օրինակն է․
«La résistance chez Foucault ne prend plus vraiment le visage de la lutte des classes», որ թարգմանված էր հետևյալ կերպ․ Ֆուկոյի շրջանում դիմադրությունն իրականում այլևս չի ընդունում դասակարգային պայքարի դեմքը։
Բառացի թարգմանությունը, մասնավորապես «դեմք ընդունել» արտահայտությունը, մեկ այլ նախնական խմբագրության արդյունքում փոխարինվել էր «բնույթ կրել» արտահայտությամբ, որին մենք առարկեցինք հենց տեքստի հասկացումից բխող փաստարկով։ Բացի այն, որ «visage» (դեմք) բառը ոչ թե ներքին, այլ արտաքին բնութագրիչ է, տեքստում գտնում ենք այս տեսանկյունը հաստատող ձևակերպում․
«․․․ sa fameuse métaphore comparant ses livres à des “boîtes à outils” qu’on pourrait mobiliser à l’envie.» (․․․սեփական գրքերը «գործիքակազմերի» հետ համեմատելու Ֆուկոյի հայտնի փոխաբերությունը, վերջիններս կարելի է մոբիլիզացնել՝ ըստ ցանկության):
Այստեղ խոսքը ոչ թե բնույթի, այլ արտաքին դրսևորման, հասկացման, մեկնության մասին է, հետևապես․
«Ֆուկոյի դիմադրությունը այլևս դասակարգային պայքարի ձևով չի ներկայանում»։
Թարգմանչական շփոթություն էր առաջացրել նաև «Vraiment» բառի նախադասության նշանակությունից կտրված բառացի թարգմանությունը, որը ժխտական գործածության դեպքում կորցնում է «իրականում» նշանակությունը․ «pas vraiment»՝ բնավ, «plus vraiment»՝ այլևս։
Որպես տեքստի տիպաբանության տեսական սխեմա Կլասն առաջարկում է Շառլ Մորիսի սանդղակը, որը կարող է մեզ օգնել ընդհանուր կողմնորոշման համար, քանի որ տեքստերը շատ հաճախ հիբրիդներ են, և միայն մեկ բնորոշումը կամ սահմանումը բավարար չէ։
Նշանակություն | Գնահատում | Կոչում | Կազմություն |
---|---|---|---|
գիտական | միստիկական | տեխնոլոգիա | տրամաբանա-մաթեմատիկական |
գեղարվեստական | բանաստեղծական | քաղաքականություն | հռետորաբանություն |
իրավագիտական | բարոյական | կրոն | քերականություն, |
տիեզերաբանական | քննադատական | քարոզչություն | մետաֆիզիկա |
Ինչպես երևում է, սանդղակը սպառիչ չէ, կարելի է շարունակել լրացնել այն։
Եթե ուսումնասիրության առարկա տեքստը բնորոշենք՝ հիմք ընդունելով վերոնշյալ տիպաբանական սանդղակը, ապա այն ըստ նշանակության գիտական-փիլիսոփայական է, ըստ գնահատման՝ քննադատական, ըստ կոչման՝ քաղաքական-տնտեսական և ըստ կազմության՝ մետաֆիզիկական:
Ելնելով տեքստի տիպաբանությունից՝ թարգմանիչը ուրվագծում է իր թարգմանչական մարտավարությունները՝ ըստ վերհանված թարգմանական խնդիրների և դժվարությունների․ բառընտրություն, եզրերի ուսումնասիրություն և ճշգրիտ ընտրություն, մեջբերումների արդեն գոյություն ունեցող թարգմանությունների փնտրել-գտնելը (եթե թարգմանված են, եթե ոչ՝ թարգմանում դրանք), դարձվածքների կամ շարույթների (syntagme) համապատասխան ձևի որոնում թիրախ լեզվում (օրինակ նշված տեքստում «un penseur hostile au néolibéralisme», բառացի «նեոլիբերալիզմի նկատմամբ թշնամի մտածող», արտահայտության հայերեն համարժեքը «հականեոլիբերալիստ մտածող»-ն է), մշակութային բառերը, որոնք, եթե չկան թիրախ լեզվի մշակույթում, անհրաժեշտ է բառապատճենել և ծանոթագրության միջոցով բացատրել նշանակությունը և այլն։
Եվ ապա թարգմանել․ թարգմանելը գործողություն է, որն անցնում է հաղորդակցական ուղիով աղբյուր լեզվից դեպի թիրախ լեզու։ «Ռեֆլեքսիվ իմաստաբանական փուլը, որը նպատակ ունի վեր հանել նշանակությունը, անմիջապես ենթարկվում է անվանաբանական փուլին։ Այսինքն՝ գործընթացը փորձում է գտնել թիրախ լեզվում այն նույն «իրավիճակային պատկերացումը», որը կա աղբյուր լեզվում։ […] Համարժեքների, «իրավիճակային համապատասխանությունների» բացահայտումն է։ Այս փուլը հայտնի է նաև ապաբայականացում (déverbalisation) և վերաբայականացում (reverbalisation) պիտակավորմամբ» ([2]; էջ 32)։
Թարգմանված տեքստի վերակառուցում․ թարգմանության վերընթերցում և ամփոփում։ Այս փուլն անհրաժեշտ է, քանի որ բուն թարգմանական գործընթացում աղբյուր լեզվի ազդեցությունը թիրախ լեզվում նշանակալի է լինում, և դադարն ու հեռավորությունը հնարավորություն են տալիս ընդգծել այդ ներթափանցումները և մշակել դրանք կամ ոչ, եթե թարգմանիչը նպատակ ունի թիրախ լեզվում պահպանել բնօրինակի որոշակի զգացողություններ կամ յուրահատկություններ։ Այսինքն՝ կարդալ թարգմանված տեքստը ընթերցողի տեսանկյունից և տեսնել՝ հասկանալի է արդյոք իրեն իր իսկ շարադրած տեքստը։
Եվ վերջապես խմբագրում։
Այժմ դիտարկենք թարգմանական և խմբագրական որոշ լուծումների օրինակներ։
Թարգմանական դժվարություններից մեկը հաճախ թիրախ լեզվում համարժեքի բացակայությունն է։ «Comment situer Foucault ?» նախապես թարգմանված էր «Ինչպես գտնել Ֆուկոյին», թարգմանություն, որը սխալ է, քանի որ «situer» գտնել չի նշանակում և, եթե թարգմանիչը կիրառեր բառարանային տարբերակներից մեկը, ապա պետք է թարգմաներ տեղորոշել կամ վերագրել, սակայն առաջին տարբերակը հայերենում կիրառելի է հատկապես տարածքին վերաբերող համատեքստում, իսկ երկրորդը պահանջում է լրացում՝ վերագրել ինչի՞։ Այստեղ է, որ թարգմանչից պահանջվում է փոքր-ինչ ստեղծագործականություն կամ հնարամտություն, ինչպես նաև թիրախ լեզվի խոր իմացություն՝ լեզվի ներուժից նոր բառ քաղելու կամ ստեղծելու համար։ Այս պարագային առաջարկեցինք «առորոշել» բառը, որի կազմության հիմքում ընկած է առ նախածանցը՝ վերաբերության իմաստով և որոշել բայը։ Բառն ինքնին հայերենին օտար չէ, քանի որ հանդիպում է դրա գրաբարյան տարբերակը՝ «առ ի որոշել», որն արդի հայերենում գործածությունից դուրս է եկել։ Հետևապես՝ «Ինչպե՞ս առորոշել Ֆուկոյին»։
Երբ թարգմանիչը նախապես չի սահմանում տեքստի տիպաբանությունը և դրանից բխող բառապաշարը, հաճախ բախվում է բառարանային պաշարից ոչ ճիշտ ընտրության խնդրին։ Այսպես օրինակ՝ «envie» բառի երկիմաստությունը (ցանկություն/նախանձ) հանգեցրել է տեքստի տիպաբանությանն ու ոճին ոչ համապատասխան թարգմանության․
«Այստեղից է գալիս նրա հայտնի փոխաբերությունը՝ իր գրքերը համեմատելով «գործիքակազմերի» հետ, որոնք կարող էին մոբիլիզացվել նախանձի համար» («Այստեղից է գալիս սեփական գրքերը «գործիքակազմերի» հետ համեմատելու Ֆուկոյի հայտնի փոխաբերությունը, վերջիններս կարելի է մոբիլիզացնել՝ ըստ ցանկության»):
Նշենք նաև, որ միմիայն բառարանների պաշարի հիմքով թարգմանված տեքստերը հաճախ սահմանափակ և աղքատիկ են, քանի որ թարգմանչի կարևորագույն գործառույթներից մեկը իմաստների վերահանումն ու փոխանցումն է։ Երբեմն բնօրինակ տեքստերի որոշ բառերի իմաստները հնարավոր չէ գտնել բառարաններում՝ պայմանավորված համատեքստից (cotexte*) բխող իմաստից, և թարգմանությունը բացառապես կախված է լինում թարգմանչից։ Բացի այդ՝ հաշվի առնենք ֆրանսերեն-հայերեն/հայերեն-ֆրանսերեն բառարանների վաղեմությունը (2010/2009 համապատասխանաբար), երբ «Larousse»-ի և «Le Robert»-ի թարմացված և լրացված վերահրատարակչությունները լույս են տեսնում ամեն տարի։
«Թարգմանիչը այսպես ասած ամեն ինչից պետք է տեղյակ լինի։ Պետք է կարդա իր աշխատանքի լեզուներով և դառնա թերթերի, ամսագրերի ջանասեր ընթերցողը՝ քաղաքական, սոցիալական, տնտեսական, տեխնոլոգիական, գիտական և մշակութային իրադարձություններին իրազեկ լինելու համար։ Պետք է կարդա տեղեկանալու համար, բայց նաև «կազմավորվելու» համար, այսինքն՝ ձեռք բերի ընդհանուր, մշակութային, ինչպես նաև թեմատիկ և լեզվաբանական գիտելիքներ։ Ինչպես նաև պետք է կլանվի իր մասնագիտական բնագավառի կամ բնագավառների գիտական կամ գիտահանրամատչելի ամսագրերով։ Այսպիսով նա կկարողանա ինքն իր համար կազմել կարևոր հղումների ցանկ, նաև «փորփրել» տեքստերը՝ դրանցից դուրս բերելու համար յուրահատուկ եզրաբանությունը, գրի ժանրերի տիպաբանությունը» ([2]; էջ 29)։
Պետք է միայն ավելացնել, որ թարգմանչի՝ որպես ակտիվ ընթերցողի նախնական կամ արդեն հաստատված գիտելիքների պաշարը հնարավոր է լրացնել հենց թարգմանության ընթացքում։ «Ֆուկոյի դիմադրությունը» տեքստում այդպիսի թարգմանչական դժվարություն էր առաջացրել «Կոլիբրիների» օրինակը, որը պահանջում էր սոցիալական-մշակութային բնագավառի տեղեկություն։
«Եկեք մտածենք նաև սպառման այլընտրանքային եղանակների կամ խելամիտ «լուծումների» մասին, որոնք ենթադրում են մեզ փրկել աղետից իրենց անհատական էթիկայի միջոցով» (Pensons aussi à toutes les variantes, encore très populaires, de modes de consommation alternatifs ou aux “colibris” sensées nous sauver du désastre par leur éthique individuelle.):
Անհասկանալի պատճառով թարգմանիչը “colibris”-ի համար «լուծումներ» թարգմանությունն է առաջարկում։
Այս դեպքում համացանցում որոնումը թույլ տվեց հեշտորեն գտնել պահանջվող տեղեկությունը։ Քանի որ «Կոլիբրիներ» բնապահպանական շարժման մասին հայերեն տեքստերի պաշարում ոչինչ չհաջողվեց գտնել, հարկ եղավ ծանոթագրության միջոցով շարժման մասին տեղեկություն տրամադրել ընթերցողին՝ թարգմանված տեքստի ըմբռնելիությունը հնարավոր դարձնելու համար։ Այսպես՝
«Հիշենք նաև սպառման այլընտրանքային եղանակների դեռևս ժողովրդականություն վայելող այդ բոլոր տարատեսակների մասին կամ «կոլիբրիների»* մասին, որոնք կոչված են մեզ փրկելու աղետից իրենց անհատական էթիկայի միջոցով»:
Որոշ հասկացություններ տարբեր լեզուներում ունեն իրենց հատուկ ձևակերպումներ։ Այդպիսի դեպքերում անհրաժեշտ է ոչ թե թարգմանել, այլ գտնել թիրախ լեզվի համարժեքը։ Այսպես՝ « l’abaissement de l’âge légal du vote »-ի բառացի թարգմանությունը՝ «օրինական քվեարկության տարիքի իջեցումը» փոխարինեցինք հայերեն համարժեքով՝ «ընտրական տարիքի շեմի իջեցում»-ով։
Անդրե Կլասը գրում է․
«Թարգմանիչը ոչ թե բառեր է թարգմանում, այլ «իրավիճակային էություն» է հաղորդում, այսինքն՝ թարգմանում է ոչ թե լեզուն, այլ «ասություն» (énonciation) կամ «ասույթ» (énoncé) կամ էլ «տրամաբերություն» (discours) լեզվում։ Եթե բառը իմաստ ունի, ապա նախադասությունն ունի նշանակություն, բայց նաև գործառույթ։ […] Թարգմանությունը տալիս է նույն «իրավիճակային բովանդակությունը», այսինքն՝ բառերի նշանակությունը իրենց միջավայրում, որը տարբեր մակարդակներում ներառում է նաև ոչ լեզվաբանական կամ էլ՝ գործաբանական կամ մշակութային տեսանկյուններ։ Ասությունը հատկորոշվում է իր որոշյալություններով, որոնք, հիշեցնենք, որ անպայմանորեն դիֆերենցիալ (տարբերական) են, քանի որ նշանը կարող է լինել միայն այն, ինչ մեկ ուրիշ նշան չի կարող լինել։ Այնուամենայնիվ, նշենք, որ երբեմն թարգմանիչը նաև բառեր է թարգմանում։ Ամեն ինչ կախված է հանգամանքից, և ամեն ինչ կապված է իրավիճակի, հարատեքստի (contexte) և համատեքստի (cotexte) հետ։ Հիմնարար հարցերը մնում են պատասխանները ո՞վ, ի՞նչ, ե՞րբ, ո՞րտեղ, ի՞նչպես, ի՞նչու և ո՞ւմ համար հարցերին» ([2]; էջ 17-18)։
[1] «Ֆուկոյի դիմադրությունը» https://enlightngo.org/post/22502 [2] « Théorie et enseignement de la traduction », André Clas, 2011 https://www.persee.fr/doc/equiv_0751-9532_2011_num_38_1_1360#equiv_0751-9532_2011_num_38_1_T2_0025_0000 [3] http://ysu.am/files/125023.pdf (Էջ 13 (50))Հղումներ
*Գործաբանական լեզվաբանության մեջ տարբերակում ենք երկու հասկացություններ․ հարատեքստը (contexte) լայն հասկացություն է և ընդգրկում է տեքստի արտալեզվական գործոնները, ինչպես հեղինակի աշխարհընկալումը, կենսափորձը կամ տեքստին վերաբերող ժամանակաշրջանը և միջավայրը և այլն։ Համատեքստը (cotexte) ավելի նեղ հասկացություն է և առնչվում է տվյալ տեքստում (կամ գրված կամ ասված նախադասության մեջ) կիրառված խոսքային-լեզվաբանական միջոցներին [3]։Ծանոթագրություն
Հեղինակ՝ Լուսինե Աղաջանյան (Lusine Aghajanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: