Զինվորներ չէին, ուխտագնացներ էին

Լիզա Ճաղարյան. Զինվորներ չէին, ուխտագնացներ էին

Այս հրապարակումը Լիզա Ճաղարյանի՝ Ղարաբաղյան շարժման մասին հուշերի շարքից է։ Շարքի նախորդ մասերը կարող եք ընթերցել այստեղ։

Հաջորդ պատմությունս 88-ի տասնյակներով հացադուլավորների մասին էր լինելու, եւ թե ինչու՛ է պայքարի այդ ձեւի նկատմամբ վերաբերմունքս քմծիծաղախառն։

Բայց հիմա խաղաղ չեն մեր օրն ու գիշերը, եւ գլխումս միայն այդ տարիների պատերազմական շրջանի հիշողություններն են, եւ թե ինչպես էինք դեպի նահատակություն ուղարկում մեր տղաներին։

Երեկվա եւ այսօրվա պատերազմների, երեկվա ու այսօրվա տղամարդկանց ռազմադաշտ ճամփելու զգացողությունների տարբերություններն ահռելի են։

Սակայն, իմ տեսած ու ապրած այդ տարբերությունների մասին կխուսափեմ ծավալվել (ինձանից լավ գիտեք) ու կփորձեմ պարզապես պատմել, թե ինչպես Ղարաբաղյան շարժման օրերից մի օր՝ մի «լուսապայծառ առավոտ», Բաղրամյան պողոտայի վրա գտնվող Հայոց համազգային շարժման շենքի մուտքի մոտ շարվել էինք, որ տղերքին ճամփենք… Ասեմ՝ հայրենիքը պաշտպանելո՞ւ։ Ասեմ՝ Ղարաբաղն ազատագրելո՞ւ։ Ասեմ՝ հերոսանալո՞ւ։ Ասեմ՝ մեռնելո՞ւ։ Որը կուզեք՝ ընտրեք։ Կամ՝ ընտրեք բոլորը։ Եվ ավելին։

Այդ «կինոն» դաջված է հիշողությանս մեջ, եւ եթե մինչեւ հիմա չի ջնջվել, ուրեմն՝ չի ջնջվի երբեք։ ՀՀՇ գրասենյակի դռնից հերթով դուրս էին գալիս տղաները, մեկը՝ ուսանող, մեկը՝ նկարիչ, մյուսը՝ հյուսն, չորրորդը՝ հողագործ, հինգերորդը՝ ճարտարապետ… Մեկը բարձրահասակ, մեկը՝ հաստլիկ, մյուսը՝ շատ բարալիկ, չորրորդը՝ շիկամազ, հինգերորդը՝ կապտաչյա…

Ճանապարհողներս անհամեմատ շատ էինք, ճամփա ընկնողներն՝ անհամեմատ քիչ։

Պատճառն այն չէր, որ երկիրը պաշտպանելու ցանկություն հայտնողների պակասություն էինք քաշում։ Մարտադաշտ մեկնող առաջին ջոկատն էր։ Այստեղից-այնտեղից հայթայթած-թռցրած զենքն էր հատուկենտ։ Եվ այդ օրվա զենքի տեր դարձած «բախտավորներին» անպատմելի  խանդով էին նայում արցունքոտ աչքերով կանանց շարքերում ցամաք աչքերով կանգնած տղամարդիկ։

Բայց ես ուզում եմ պատմել կալաշնիկովները պինդ-պինդ գրկած (այդպես սիրած աղջկան են գրկում) տղերքի աչքերի մասին։ Ճարտարապետ, թե հողագործ, հյուսն, թե նկարիչ, սեւահեր, թե ալեհեր՝ բոլորի աչքերի արտահայտությունը նույնն էր։ Ի՞նչ եմ տեսել այդ առավոտ նրանց պսպղացող աչքերում։ Ամեն ինչ։ Այն ամեն-ամենը, որ տարիներով կողպված-բանտված էին մեր պատմության փոշուց խեղդվող դարակներում, ու մեկ էլ մի հրաշքով այդ դարակները շրխկոցով բացվել էին, ու կապանքներից ազատված պատմությունը ջրվեժի պես շառաչելով հորդացել էր։ Զուլալ, անապակ ջրվեժ էր։ Այդ ջրի մեջ դեռեւս ոչ կասկածի դեղնավուն որդն էր ճղփճղփացնում, ոչ անարդարության դեմ անզորության գիտակցումն էր պատեպատ զարկվում, ոչ իմաստուն դատողությունների պղտոր ալիքն էր սասանում ծառս եղած սլացքը։ Դարերի անտերունչության, տարիների ճորտության դեմ կուտակված ցասումն էր ժայթքել։ Ու ժայթքման մասնակիցներս մեր ցասմանն էլ էինք սիրահարված, ինքներս մեզ էլ։

Կռիվ գնացողների շարքերում կալվածատերեր ու մեծ ճանապարհների ավազակներ չկային, ճամփողներիս մեջ էլ չկային։ Բոլորիս ոտքերը նույն հողի մեջ էին խրված, բոլորիս գրպանների պարունակությունը նույնքան էր, տենչանքը նույնն էր, ու անունը պատերազմ էր, բայց մեզ պատած ապրումները շշնջում էին՝ տղաներն ուխտագնացության են մեկնում։

Պատերազմ տենչող տղաներ չէին։ Մարդ սպանող չէին։ Ամենեւին։ Ազատություն էին պահանջում, պատերազմ ստացան։ Գնում էին գերեվարված ազատությունն ազատագրելու։

Ամեն ինչ պարզունակորեն վճիտ էր ու անարատ. հարձակվել են մեր երկրի, մեր տան վրա, պետք է պաշտպանենք։ Կռիվ գնացողներն էլ գիտեին, կռիվ ճամփողներս էլ գիտեինք, որ այլընտրանք չկա, նահանջի տեղ չկա։

Եվ ամենակարեւորը՝ մեր դռանը չոքած արհավիրքի համար մեր շարքերում ու ողջ Հայաստանում մեղավորներ չկային։

Եվ որ այդպես էր, հպարտության ու արժանապատվության զգացումները գրողի ծոցն էին ուղարկել ե՛ւ մեռնելու պատրաստ տղաների վախն ու կյանքին կառչելու ցանկությունը, ե՛ւ ճամփողներիս սպասվող կսկիծը՝ նրանցից շատերի նահատակման բոթը լսելու շատ հավանական հեռանկարի դեմ-դիմաց։

Այս ամենը կար, բայցեւ՝ տղաների պարզասիրտ ընթացքը մանկական խաղի էր նման։ Երջանիկ էին երեխաների պես. իրենց սիրած խաղալիքն էին նվեր ստացել, իրենց անսահման անչար աչքերի պսպղոցով, կարծես, չարաճճի խանդաղատանքով ցավակցում էին նրանց՝ ում այդ օրը չէր հասել այդ թանկագին խաղալիքից։

Տղաները գնում էին «խաղալու»։ Սրտից թույլերս արտասվում էինք, բայց հպարտ էինք, առավել ամուրները չէին արտասվում, բայց էլի հպարտ էին, խանդով նայող հպարտ տղամարդիկ էլ հաջորդ օրերին էին գրկելու փափագած «խաղալիքն» ու ճամփա էին ընկնելու «խաղին» միանալու։

Նրանց եւ հաջորդ մեկնողներին այդքան հանդիսավոր չէինք ճամփելու։ Ով որտեղից հասցներ՝ գնալու էր։ Շատերին չէի ճանաչում, մեծ մասի դեմքերը չեմ հիշում։ Ու որ չեմ հիշում, չգիտեմ նաեւ, թե այդ օրվա մեկնողներից ով նահատակվեց, ով վերադարձավ։ …Ու վերադառնալուց հետո ո՛նց մոռացության մատնվեց։

Շա՞տ տխուր բան ասացի։ Ըհը, շա՛տ-շատ տխուր։ Բայց ինչ կա, դա եմ պատմում։ Առաջին անգամ չեմ պատմում։ Մի անգամ էլ եմ պատմել այդ օրվա մասին։ Տարբեր էր այս մեկից։ Սակայն՝ էլի ճիշտ էր։ Վաղն էլ գուցե պատմեմ եւ բոլորովին այլ երանգներով ու այլ տրամադրությամբ։

Ու այդ մի պատմածս էլ է ճիշտ լինելու։

Արեւոտ առավոտ էր։ Իսկ թե ջրվեժն արեւի ճառագայթներից քանի-քանի գույն է կլանում, ես չէ՝ որ պետք է ասեմ։

Իմ պատմածն այդ անպիղծ գունագեղության մի ծվենն է։        


Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ