Դեռ վաղ է խոսել Associated Trio-ին Հայաստանի միանալու մասին

Աջակցելով համապարփակ և առավել արդյունքամետ մոտեցմանը՝ «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը համագործակցություն է ձեռնարկում StrategEast-ի հետ՝ վերջիններիս նոր ծրագրի շրջանակներում․ «Տեղեկագրում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների (այսուհետև ԱլԳ) երկկողմ օրակարգի հիմնական հարցերի վերաբերյալ»: Տեղեկագիրը ձևավորված է որպես օգտակար գործիք հանրային կառույցների և որոշում ընդունողների համար, որոնց հետաքրքրության ոլորտը ընգրկում է ԱլԳ տարածաշրջանը, և տարածվելու է ԵՄ և ԱլԳ ավելի քան 1000 բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային կառույցների և ճանաչված փորձագետների շրջանում։

Այս մայիսին Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարները հուշագիր ստորագրեցին երեք երկրների համատեղ հաջող եվրոպական ինտեգրման համար Associated Trio-ի ստեղծման վերաբերյալ: Մեկ ամսից էլ քիչ ժամանակ անց՝ հունիսի 24-ին, երեք երկրներն իրենց առաջին համատեղ այցը կատարեցին Բրյուսելի ԵՄ կառույցներ՝ Associated Trio-ի ձևաչափով: Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի պետությունների ղեկավարները հուլիսին հավաքվեցին Վրաստանի Բաթում քաղաքում՝ եվրոպական ինտեգրման վերաբերյալ եռակողմ համագործակցությունն ամրապնդելու նպատակով:

StrategEast-ը հարցում է արել ԱլԳ երկրների առաջատար փորձագետներից` այս իրադարձությունների լույսի ներքո ավելին իմանալու երկրների ԵՄ ձգտումների մասին:

Ձեր կարծիքով, ո՞րն է հիմնարար տարբերությունը Associated Trio-ի և ԱլԳ ձևաչափերի միջև: Արդյո՞ք Associated Trio-ի ստեղծումը նշանակում է ԱլԳ ձևաչափի ավարտ և ԱլԳ երկրների փաստացի պառակտում երկու առանձին խմբերի՝ կառուցելով առանձին հարաբերություններ ԵՄ-ի հետ: Կարո՞ղ ենք ակնկալել, որ ԱլԳ այլ երկրներ կմիանան Associated Trio-ին:

Թերևս նորույթյուն ասած չենք լինի, եթե նշենք, որ Արևելյան Գործընկերության շրջանակում ընթացող գործընթացները ոչ երկար ժամանակահատվածում ցույց տվեցին, որ ծրագրում ներառված 6 պետություններն ունեն ԵՄ-ի կողմից առաջարկված ռեֆորմները ընդունելու, ինտեգրվելու պատրաստականության տարբեր մակարդակներ: Արդյունքը եղավ այն, որ 2016թ. ԵՄ Գլոբալ ռազմավարության մեջ տեղ գտան այն մտքերը, որ այս ռեգիոնում ավելի ռեալ քաղաքկանություն է պետք մշակել՝ հաշվի առնելով գործընկեր պետությունների հավակնությունների տարբեր մակարդակները:

Արևելյան գործընկերության երկրներից Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրերի առկայությունը արդեն իսկ փաստում էր տվյալ պետությունների ու ԵՄ-ի ավելի մեծ ներդաշնակության և ԵՄ անդամակցության ավելի մեծ հեռանկարի մասին: Այս երկրները ԵՄ-ի հետ երկխոսություններ փնտրելու հարցում շատ ավելի նախաձեռնող են, ինչի ապացույցներից մեկն էլ  Associated Trio-ի նախաձեռնումն է նրանց կողմից: 

Ամեն դեպքում, մենք չենք կարծում, որ Associated Trio-ի ստեղծումը նշանակում է Արևելյան գործընկերության ֆորմատի ավարտ: Կարծում ենք ԵՄ-ն այս տարածաշրջանում առավել լայն ֆորմատով աշխատելու ընթացքը դեռևս շարունակելու է: Associated Trio-ի ստեղծումը մի իրավիճակի հանգուցալուծում և արձանագրում էր, որը կար արդեն մի քանի տարի շարունակ: Արևելյան գործընկերության ձևաչափից տարբերությունը լինելու  է այն, որ սա փաստորեն գործընկեր պետությունների նախաձեռնությունն է, և սրա հաջողումը առավել ևս կախված է տվյալ 3 պետությունների ջանքերից: Սրանով Վրաստանը, Ուկրաինան ու Մոլդովան հայտնում են, որ ԵՄ հետ հարաբերությունների իրենց տեսլականում համահունչ են ու պատրաստ են միասին առաջ գնալ: Միանշանակ նախաձեռնության հաջողումը էլ ավելի կմոտեցնի երկրների ԵՄ անդամակցությանը:

Ինչ վերաբերում է ԱԳ մյուս երկրներին, ապա կարծում ենք վաղ է և որոշ չափով դժվար կանխատեսելի նրանց միացումը Associated Trio-ին: Մասնավորապես Բելառուսի կողմից Արևելյան գործընկերությանը մասնակցության դադրեցումը արդեն իսկ բացառումը նրա հնարավոր միացումը Associated Trio-ին: Հարավային Կովկասում Արցախյան պատերազմից հետո ներկայումս ստեղծված անվտանգային անկայունության ֆոնին առաջ են եկել նոր առաջնահերթություններ ու դժվարություններ ՀՀ և Ադրբեջանի համար: Այս երկրների դեպքում դեռ վաղ է խոսել Associated Trio-ին միանալու մասին, քանի որ չլուծված արցախյան հակամարտությունը բացառում է նրանց միջև համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունը:

Հեղինակ՝ Անահիտ Կարապետյան (Anahit Karapetyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: 

Թարգմանիչ՝ Մերի Համբարձումյան (Mery Hambardzumyan)


Սկզբնաղբյուրը՝ Strategeast