Բարենպաստ բիզնես միջավայրը Հայաստանում ՓՄՁ զարգացման առաջնային պայմանն է

Աջակցելով համապարփակ և առավել արդյունքամետ մոտեցմանը՝ «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը համագործակցություն է ձեռնարկում StrategEast-ի հետ՝ վերջիններիս նոր ծրագրի շրջանակներում․ «Տեղեկագրում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների (այսուհետև ԱլԳ) երկկողմ օրակարգի հիմնական հարցերի վերաբերյալ»: Տեղեկագիրը ձևավորված է որպես օգտակար գործիք հանրային կառույցների և որոշում ընդունողների համար, որոնց հետաքրքրության ոլորտը ընգրկում է ԱլԳ տարածաշրջանը, և տարածվելու է ԵՄ և ԱլԳ ավելի քան 1000 բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային կառույցների և ճանաչված փորձագետների շրջանում։

Սեպտեմբերի կեսերին Եվրահանձնաժողովը հրապարակեց իր տարեկան զեկույցը EU4Business նախաձեռնության վերաբերյալ, որն ընդգրկում էր ԵՄ աջակցությունը ՓՄՁ-ներին Արևելյան գործընկերության վեց երկրներում: 2021 թվականի զեկույցը մանրամասն տեղեկատվություն է տրամադրում ԵՄ աջակցության վերաբերյալ ծրագրի երեք առաջնահերթ ոլորտներում՝ ֆինանսների հասանելիություն, բիզնեսի զարգացման ծառայություններ և բիզնեսի համար նպաստավոր միջավայր: 2020 թվականին ԵՄ-ն աջակցություն է տրամադրել մոտ 72000 ՓՄՁ-ների, որոնց մեկ երրորդը պատկանում է կանանց: Սա հանգեցրել է ավելի քան 50,000 նոր աշխատատեղերի ստեղծման և 1 միլիարդ եվրոյի հավելյալ եկամուտների, որ առաջացել են ԵՄ-ի կողմից աջակցվող ՓՄՁ-ների կողմից Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում:

Այս երեք առաջնային ոլորտներից (ֆինանսների հասանելիություն, բիզնեսի զարգացման ծառայություններ, բիզնեսին նպաստավոր միջավայր) ո՞րն է ամենակարևորը ձեր երկրում ՓՄՁ-ների զարգացման համար: Ի՞նչ այլ գործոններ են բացակայում (եթե այդպիսիք կան) և ի՞նչն է խանգարում ձեր երկրում ՓՄՁ-ների աճին:

Ինչպես յուրաքանչյուր երկրի, այնպես էլ ՀՀ-ի համար եղել և շարունակում է առաջնային մնալ փոքր ու միջին բիզնեսի կայուն զարգացումը, քանի որ այն սպառողական պահանջարկի բավարարման, տնտեսական ակտիվության բարձրացման և նորարարական խթանների կիրառման յուրօրինակ աղբյուր է։ Ասվածի վառ ապացույցն է նաև այն, որ անկախ ՀՀ-ն իր գոյության ավելի քան 3 տասնամյակի ընթացքում ունեցել է ազգային անվտանգության 2 ռազմավարություն (2007թ և 2020թ), որոնցում կարևորվում են այնպիսի թիրախներ, ինչպիսիք են, ձեռնարկատիրական գործունեության ու ներդրումների ներգրավման համար բարենպաստ միջավայրի ապահովումը և հարկային վարչարարության բարելավումը։

2018 թվականին Հայաստանում 1000 բնակչին բաժին ընկնող ստեղծվող ընկերությունների թիվը կազմել է 9.8։ Համաձայն ՀԲ (WB) զեկույցի բարձր-միջին եկամուտ ունեցող երկրներում այս ցուցանիշը հասնում է 30-ի։  Այժմ ՀՀ ցուցանիշը համապատասխանում է ցածր-միջին եկամուտ ունեցող երկրների ցուցանիշին։2020 թվականի օգոստոսի 27-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը: Ռազմավարությամբ սահմանված միջոցառումների իրականացման արդյունքում նախատեսվում է նպաստել ՓՄՁ-ների արտադրողականության աճին՝ 2020-2023 թվականների արտադրողականությունը բարձրացնելով 3%-ով, իսկ 2024 թվականին՝ 7.5%-ով։ Մասնավորապես, ՓՄՁ-ներում մեկ զբաղվածի կողմից ստեղծված ավելացված արժեքը 2024 թվականին կկազմի 12 մլն ՀՀ դրամ, որը 2018 թվականի նույն ցուցանիշի գրեթե կրկնապատիկն է (2018թ․ ցուցանիշը՝ 6.7 մլն ՀՀ դրամ)։ Արդյունքային ցուցանիշների գնահատմամբ միայն կարելի է հասկանալ, թե որքանով են նշված արդյունքներն իրատեսական և թե արդյոք ստեղծված անբարենպաստ պայմաններում հնարավոր է արձանագրել նման արդյունքներ։

Մեր խորին համոզմամբ ՀՀ-ում ՓՄՁ զարգացման առաջնային պայման պետք է դիտարկել բիզնեսի զարգացմանը նպաստող միջավայրի կատարելագործումը, իսկ մյուս գործոններն անմիջականորեն ածանցված են դրան։ Այսինքն՝ միայն կայուն բիզնես միջավայրն է ունակ ներդրումներ ներգրավել և ապահովել բիզնեսի համար ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը։ Կայուն բիզնես միջավայրն ուղղակիորեն կապված է համապատասխան իրավական դաշտի առկայության, խթանման անհրաժեշտ մեխանիզմների ապահովման և թիրախային մարտավարությունների մշակման հետ։ Այս առումով կարևոր ենք համարում նշել, որ բիզնես միջավայրի զարգացման յուրօրինակ խթան կարող է դառնալ պետություն-մասնավոր գործընկերության հայեցակարգի ներդրումը ՀՀ-ում, որի մասին օրենքն առաջին անգամ երկրում ընդունվել է 2019թ-ին և փոփոխության ենթարկվել 2021թ-ին։ Բացի այդ՝ ընդունվել է Հանրային ներդրումների կառավարման հայեցակարգը, ինչը ենթադրում է ներդրումային ծրագրերի դասակարգում ըստ առաջնահերթությունների։ Այսինքն հայեցակարգային այս մեխանիզմները հնարավորություն են ստեղծում պետության և մասնավոր հատվածի անմիջական համագործակցությամբ և տնտեսական առաջնահերթությունների գնահատմամբ իրականացնել լայնամասշտաբ ներդրումային նախագծեր, որոնք ՀՀ-Իի նման փոքր շուկա ունեցող երկրի համար լուրջ խթաններ կարող են դառնալ։ Հաշվի առնելով այն, որ վերոնշյալ հայեցակարգերը դեռ նոր են և նոր են մտնում կիրառման դաշտ՝ կարծում ենք, որ դրանց արդյունավետ կիրառումը կարող է նախապայման հանդիսանալ խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման համար՝ հիմք ստեղծելով նաև ՓՄՁ ոլորտի աշխուժացման համար։

Հեղինակ՝ Նարինե Պետրոսյան, «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան


Սկզբնաղբյուրը՝ Strategeast