Աջակցելով համապարփակ և առավել արդյունքամետ մոտեցմանը՝ «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը համագործակցություն է ձեռնարկում StrategEast-ի հետ՝ վերջիններիս նոր ծրագրի շրջանակներում․ «Տեղեկագրում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների (այսուհետև ԱլԳ) երկկողմ օրակարգի հիմնական հարցերի վերաբերյալ»: Տեղեկագիրը ձևավորված է որպես օգտակար գործիք հանրային կառույցների և որոշում ընդունողների համար, որոնց հետաքրքրության ոլորտը ընգրկում է ԱլԳ տարածաշրջանը, և տարածվելու է ԵՄ և ԱլԳ ավելի քան 1000 բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային կառույցների և ճանաչված փորձագետների շրջանում։
Մաս կազմելով գործընկեր երկրներում պատվաստումներին աջակցելու Եվրամիության ջանքերին, այս օգոստոս ամսին Եվրոպական հանձնաժողովը իր աջակցության փաթեթը 40 միլիոն եվրոյից հասցրեց 75 միլիոն եվրոյի՝ COVID-19-ի անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի տեղակայման և Արևելյան գործընկերության երկրներում պատվաստման արշավների արագացման համար: Այս նոր 35 միլիոն եվրոյի աջակցության փաթեթով ԵՄ-ն ձգտում է էապես բարձրացնել Արևելյան գործընկերության տարածաշրջանում պատվաստանյութերի հասանելիությունը դրանց համաշխարհային սակավության պայմաններում:
StrategEast-ը հարցում է անցկացրել EaP առաջատար փորձագետների շրջանում՝ լսելու նրանց մտքերը իրենց երկրներում պատվաստումների գործընթացում ԵՄ-ի դերի վերաբերյալ: Ահա Հայաստանից ստացված պատասխանները:
Հավատու՞մ եք, որ այս օգնությունը որոշիչ դեր ունի համավարակի վերացման գործում: Ի՞նչ եք կարծում, այս քայլը կարագացնի՞ ձեր երկրի սոցիալ-տնտեսական վերականգնումը:
Համավարակի պատճառով ստեղծված համաշխարհային տնտեսության խիստ անկայուն վիճակը ստիպել է աշխարհի շատ զարգացած և զարգացող երկրներին այլընտրանքներ փնտրել ՝ իրենց ազգային տնտեսությունը դեպրեսիվ վիճակից դուրս բերելու համար:
Այս տեսանկյունից պատվաստումը կարող է դիտարկվել որպես հնարավոր այլընտրանքներից մեկը: Չկա լայն ընտրություն. կամ պետք է պատվաստվենք, վարակի հավանականությունը նվազեցնելու համար, կամ ոչինչ չանենք՝ երկիրը թողնելով բախտի քմահաճույքին օրեցօր աճող վարակների ֆոնի վրա՝ միտումներ, որոնք Հայաստանում ևս նկատվում են, կամ նոր արգելափակումներով շարունակել կայուն տնտեսական անկումը:
Մյուս կողմից, բնական է, որ Հայաստանում, ինչպես և այլ երկրներում, հասարակությունը չունի համախմբված վերաբերմունք պատվաստումների գործընթացի նկատմամբ` հաշվի առնելով դրա ազդեցության կարճատև կյանքը և հնարավոր ռիսկերը: Այնուամենայնիվ, բոլոր հնարավոր այլընտրանքներից պատվաստումը պետք է համարվի նաև Հայաստանի համար ամենաընդունելի ընտրությունը: Նախևառաջ, դա պայմանավորված է ամբողջ աշխարհում առկա փորձով, որտեղ նույնիսկ շուկայական հարաբերությունների առումով պատվաստումների բարձր մակարդակ ունեցող երկրներն առաջին հերթին տնտեսական առավելություններ և օգուտներ են ստանում ավելի ապահով միջավայրի շնորհիվ:
Իսկ մյուս կողմից, փորձը ցույց է տվել, որ պատվաստումների թվի աճը կապված է զբոսաշրջության ակտիվության մակարդակի հետ, իսկ Հայաստանի նման երկրի համար` հարուստ տեսարժան վայրերով (հատկապես ճանապարհորդության համար բարենպաստ ժամանակահատվածներում), որտեղ զբոսաշրջությունը ապահովում է զգալի դրամական մուտքեր դեպի տնտեսություն, սա կարող է լինել որոշիչ:
Պատվաստումների աճող հարաբերակցության պայմաններում երկրում սահմանափակումների մակարդակը համապատասխանաբար նվազում է, և սա տնտեսական գործունեության աճի կարևոր նախապայման է:
Սովորաբար ենթադրվում է, որ պատվաստումը վերջ կդնի համավարակին: Ինչպես գիտենք, COVID-19-ը մի շարք մարտահրավերներ է բերել տնտեսությանը՝ ազդելով զբոսաշրջության և հյուրընկալության վրա (ներառյալ ռեստորանները), ժամանցի վայրերի և շահութաբեր այլ ոլորտների վրա: Թվում է, թե պատվաստումը բռնկման ներկայիս լավագույն լուծումն է, գոնե կարճ ժամանակահատվածի համար, քանի որ Հարվարդի պրոֆեսոր Քենեթ Ռոգոֆի կարծիքով առաջին սերնդի պատվաստանյութերը կարող են արդյունավետ լինել միայն կարճ ժամանակահատվածի համար:
Համաշխարհային առումով, պատվաստումների հեշտ հասանելիությունը շատ կարևոր է տնտեսության վերականգնման համար, քանի որ այն նոր գալիք ալիքի դեմ պայքարելու հիմնական գործիքն է և կօգնի Հայաստանին կանխել նոր կարանտինը: Քանի որ տնտեսությունը սկսել է ծաղկել և բնականոն հուն ապրել, պատվաստումը դրա շարունակական զարգացումն ապահովելու միջոց է: Այս օգնությունը կնպաստի նաև տնտեսական կայունությանը, ինչը, մյուս կողմից, դրական ազդեցություն կունենա նաև ներդրումային և ֆինանսական հատվածի վրա, ինչը կհանգեցնի պետական և կորպորատիվ պարտատոմսերի ավելի շատ գործարքների և ավելին:
Հեղինակներ՝ Նարինե Պետրոսյան և Հերմինե Ֆանյան, «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբաններ
Թարգմանիչ՝ Հասմիկ Խաչատրյան
Սկզբնաղբյուրը՝ Strategeast