Հեղափոխություն երևույթը պատմության հղացքում

Photo credit: AK
Photo credit: AK

Սույն թվականի ապրիլին Արցախա-ադրբեջանական սահմանի շփման ողջ երկայնքով ծավալված ռազմական գործողությունները մի քանի լուրջ հետևանքներ ունեցան: Տրամաբանական ու օրինաչափ է, որ ռազմական ակտիվ գործողություններից հետո հասարակական-քաղաքական կյանքի ամենատարբեր շերտերում օրակարգի հարց էր դարձել ծառացած խնդիրների լուծման անհրաժեշտությունը, քանի որ ներհանրութային կյանքում առկա խնդիրները՝ ծավալված ռազմական գործողությունների ֆոնին, առավել քան արտահայտիչ կերպով հանդես եկան: Սխալ կլինի ասել, թե մինչ ապրիլյան դեպքերը այդ ուղղությամբ քայլեր չեն կատարվել, սակայն անհերքելի է, որ ռազմական գործողություններն այդ իմաստով ինչ-որ չափով կատալիզատորի դեր կատարեցին: Եվ ահա այս խնդիրների լուծման ճանապարհների փնտրտուքի արդյունքում է, որ հանրության առնվազն մի շերտում ակտիվորեն շրջանառության մեջ է դրվում ստեղծված իրավիճակից քաղաքական հեղափոխության միջոցով դուրս գալու տեսակետը:

Ահա այս վերլուծության շրջանակում կփորձենք պարզել, թե ինչ է քաղաքական հեղափոխությունը, արդյոք այն ամրագրված ինչ-ինչ քաղաքական գործընթացների համալիր է, թե վերջինիս վարիացիաներ: Եթե այո, ապա պատմության ընթացքում մինչ այժմ քաղաքական հեղափոխության քանի հիմնական վարիացիաներ են եղել, դրանց ընդհանրությունները և տարբերությունները: Եվ հնարավորինս համառոտ կփորձենք դրանք պրոյեկտել հայաստանյան իրականությանը և պարզել, թե յուրաքանչյուրի հնարավոր կիրարկումը ինչ հետևանքներ կարող է ունենալ, և որն է առավել համապատասխան մեր երկրի և հասարակության այժմյան իրավիճակին:

Ինչ ասել է «հեղափոխություն»

«Հեղափոխություն» եզրույթն առաջին անգամ գիտական շրջանակներում օգտագործվել է Նիկոլայ Կոպեռնիկոսի “De revolutionibus orbium coelestium” («Երկնային ոլորտների պտույտի մասին», 1543թ.) գրքում: Փաստորեն այն իր սկզբնական կիրառությունն ստացել է ոչ թե հումանիտար, այլ բնագիտական ուղղվածություն ունեցող աշխատության մեջ և օգտագործվել է` մատնացույց անելու այն հավերժական կերպափոխման շրջապտույտը, որի միջով անցնում են երկնային բոլոր մարմիններն ու եթերային ոլորտները: Այսինքն՝ նշված գրքում «հեղափոխություն» տերմինով բնութագրվել է ոչ թե որակապես նորի ստեղծման երևույթը, այլ ընդհակառակը` շրջապտույտը՝ նախօրոք սահմանված ցիկլի շրջանակներում, որտեղ ի սկզբանե բացառված է որևէ նոր բանի ծնունդը: Փաստորեն, սկզբնական կիրառման ժամանակ այն չի ունեցել իր այժմյան նշանակությունն ու իմաստային ընդգրկման շրջանակը: Հեղափոխություն ասելով մեր օրերում, ինչպես հասարակական-քաղաքական, այնպես էլ մարդկային գործունեության մնացած ոլորտներում, լինի դա տնտեսական, մշակութային, սոցիալական, գիտական և այլն, հասկանում ենք արմատական և որակական փոփոխություններ, մի վիճակից անցումը բոլորովին նոր` նախորդից էականորեն տարբերվող կարգավիճակի, ընդ որում՝ շատ կարճ ժամանակամիջոցում և,առավել հաճախ, ուժի կիրառմամբ:

Սույն վերլուծության ուսումնասիրության օբյեկտ ենք դարձրել «հեղափոխություն» կոչվածը հասարակական-քաղաքական բնագավառում` այն դիտարկելով տարածության և ժամանակի մեջ: Քաղաքական այս գործընթացը ներկա գիտակցական մակարդակում ենթարկվել է ստանդարտեցման և ձեռք է բերել ինչ-ինչ պարտադիր հատկություններ և անհրաժեշտ նախապայմաններ: Այսպես, մեր օրերում քաղաքական հեղափոխություն երևույթի տրամաբանության մեջ են տեղավորվում այն գործընթացները, որոնք պարտադիր ենթադրում են՝

  • մասսայականություն,
  • բռնության կիրառում,
  • սոցիալական ստատուսի փոփոխություն,
  • գործընթացների արդյունքում ռեսուրսների տեղաբաշխում,
  • հասարակության ներսում բաժանարար գծերի ձևավորում՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական, ռեգիոնալ, գաղափարական, կրոնական,
  • պրոցեսի ընթացքում այնպիսի գործիքակազմի, մեխանիզմների և քայլերի իրականացում, որոնք դուրս են գտնվում տիրող քաղաքական համակարգին բնորոշ և նրա կողմից իբրև օրինական համարվող թույլատրելիի սահմաններից,
  • կարճ ժամանակում գործող իշխանության փոխարինում նորով, որը որակապես տարբերվում է նախորդից:

Այդ դեպքում հարց է ծագում. ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում է եզրույթը ձեռք բերել իր այսօրվա իմաստային նշանակությունը, արդյո՞ք մերօրյա մեկնությամբ հեղափոխության տրամաբանությանը համապատասխանող քաղաքական գործընթացները մարդկությանը միշտ են ուղեկցել` տարբեր ժամանակներում որդեգրելով տարբեր անվանումներ, թե՞ դրանք պատմական ասպարեզ են իջել ինչ–որ կոնկրետ ժամանակաշրջանում և ստացել դասական իմաստային բովանդակությունը :

Հարցի պատասխանը գտնելու համար տեղափոխվենք 18-րդ դարի վերջի Ֆրանսիա, որտեղ էլ 1789-1794թթ. տեղի են ունեցել այնպիսի դարակազմիկ նշանակություն ունեցող գործընթացներ, որոնք իրենց անջնջելի հետքն են թողել մարդկության հետագա դարերի պատմության վրա:

Ֆրանսիական մոդել

Մասնագետների բացարձակ մեծամասնությունը համակարծիք է, որ «հեղափոխություն» տերմինն իր դասական-իմաստային բովանդակությամբ հենց այս ժամանակների ծնունդ է: Սակայն մի շատ կարևոր և արժանահիշատակ փաստ. ֆրանսիական մեծ հեղափոխության ակունքներում կանգնած այնպիսի հայտնի այրերը, ինչպիսիք են Ռոբեսպիերը, Դանտոն, Սեն-Ժյուստը և այլոք, սկզբում անգամ ամենահեռավոր պատկերացումները չունեին, թե ինչպիսի հետևանքներ են ունենալու սկսված գործընթացները: Սկզբնական փուլում ֆրանսիական հեղափոխության կողմնակիցների մտքով անգամ չէր անցնում հին կարգերի վերացման պահանջ ձևակերպել: Նրանք ոտքի էին կանգնել հին և բարի ժամանակների ավանդույթները վերականգնելու մտադրությամբ, երբ իրենց թագավորում էին բարի և արդարամիտ թագավորները: Նրանք մտադիր չէին գահընկեց անել և, առավել ևս, գլխատել թագավորին: Միակ բանը, որ նրանք ցանկանում էին, ժողովրդին սիրող և նրա հոգսերով ապրող թագավորական իշխանությունն էր, որը և պետք է թեթևացներ իրենց հոգսերը: Սակայն, ինչպես հետագայում խոստովանում է Ռոբեսպիերը, հեղափոխությունն սկսում է գլխապտույտ արագությամբ թափ առնել և իր հորձանուտի մեջ առնել իր որդիներին: Եվ արդեն 3 տարի անց նրանք, ովքեր անգամ չէին համարձակվի մտածել թագավորի վրա ձեռք բարձրացնել, արդեն կասկածի տակ են դնում ոչ միայն թագավորի, այլև ընդհանրապես թագավորական իշխանության ծագման լեգիտիմությունը: Առաջ են քաշվում այնպիսի կարգախոսներ, ինչպիսիք են՝ հավասարություն, եղբայրություն, ազատություն. տվյալ ժամանակաշրջանի համար որակապես նոր գաղափարներ, որոնք հեղափոխության ընթացքում և դրանից հետո մարդկային գիտակցությունը լուրջ տրանսֆորմացիայի ենթարկեցին: Ֆրանսիական հեղափոխությունը մարդկության պատմության վրա վիթխարի ազդեցություն է ունենում` իր հետ բերելով ամբողջովին նոր գաղափարներ, համակարգեր, մարդկային համակեցության կազմակերպման նոր տեսլականներ, որոնք մինչ այդ չունեին իրենց նախադեպը: Իսկ ֆրանսիական հեղափոխության ամենագլխավոր ձեռքբերումներից կառանձնացնենք՝
1)ի ծնե մարդկանց հավասար լինելու գաղափարի առաջադրում` անկախ սեռից, տարիքից, ազգային պատկանելությունից,
2)սոցիալական անհավասարության ինստիտուտի կերպափոխություն.. այսուհետ սոցիալական անհավասարությունը ոչ թե նախախնամության, այլ մարդկային գործունեության արդյունք էր: Մարդիկ այլևս պետք է գնահատվեին ոչ թե ըստ ծագման, նախնիների քաջագործության կամ ունեցած սոցիալական ստատուսի, այլ ըստ իրենց ընդունակությունների և անձնական հատկանիշների:

Համաձայնեք, որ սա իսկապես հսկայական թռիչք էր մարդկային գիտակցության համար: Սակայն ևս մեկ անգամ նշենք այն փաստը, որ արձանագրում էր նաև Ալեքսիս Տոքվիլը. ֆրանսիական հեղափոխությունն իր սկզբնական փուլում հետապնդում էր բոլորովին այլ նպատակներ, որոնք կարելի է ասել, ունեին ռեստավրացիոն նկրտումներ` վերականգնել նախկին բարի ժամանակների ավանդույթները: Պատահական չէ, որ Թոմաս Փեյնը հետագայում, երբ արդեն ավելի քան պարզ էր, որ հեղափոխությունն ունեցել է բոլորովին այլ հետևանքներ, առաջարկում էր ինչպես ֆրանսիական, այնպես էլ ամերիկյան հեղափոխություններին տալ հակառակ անվանում՝ հակահեղափոխություն՝ նկատի ունենալով այն, որ տվյալ ժամանակի հասարակական–քաղաքական միտքը «հեղափոխություն» ասելով հասկանում է շարժում` միտված վերականգնելու անցյալի լավագույն ավանդույթները: Իսկ այն, ինչ տեղի էր ունեցել, տվել էր ճիշտ և ճիշտ հակառակ արդյունքը:

Սակայն լեզվամտածողության մեջ տեղի ունեցավ բառի իմաստաբանական փոխակերպում: Տարիների ընթացքում «հեղափոխություն» եզրույթը ձեռք է բերում արմատական փոփոխություն, նորի արարման իմաստ և ստանում նոր, դասական- իմաստային բովանդակություն:

Ամերիկյան մոդել

Մասնագետները նման հեղափոխության մեկ այլ վարիացիոն տարբերակ են համարում ամերիկյան հեղափոխությունը: Վերևում մենք նշեցինք, որ Թոմաս Փեյնի առաջարկը պատմական այս եղելույթը հակահեղափոխություն անվանելու մասին վերաբերում էր նաև ամերիկյան տարբերակին: Ինչու՞: Այն պարզ պատճառով, որ, ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Ամերիկայում ծավալված գործընթացի սկզբում ոչ ոք մտադրություն չուներ տապալելու տիրող կարգերը, Ամերիկայի դեպքում` նաև դուրս գալ մետրոպոլիայի` Անգլիայի տիրապետության տակից: Այդ մասին վկայություններ ունի ամերիկյան հեղափոխության ռահվիրաներից Բենջամին Ֆրանկլինը: Այստեղ ևս այն գաղափարները և նպատակները, որոնք իրենց առջև դրել էին հեղափոխության ակունքում կանգնածները, ընդհանուր ոչ մի կապ չունեին այն արդյունքների հետ, որոնք արձանագրվեցին գործընթացի վերջում:

Սակայն ամերիկյան հեղափոխությունը,  ֆրանսիականի հետ համեմատած, ուներ մի քանի էական տարբերություններ: Առաջին և մեր կարծիքով ամենակարևոր տարբերությունն այն էր, որ այստեղ հեղափոխություն կոչվածն ուղեկցվում էր ազգային-ազատագրական պայքարով: Երկրորդ` Ամերիկայում քաղաքական խլրտումներն սկսվեցին ոչ թե ներքին հակասությունների հողի վրա,ինչպես դա եղավ Ֆրանսիայում, այլ այն դժգոհությունների, որոնք առկա էին մետրոպոլիայի կողմից իրենց շահագործման դեմ: Ճիշտ է, այս ամենը հետագայում ունեցավ այն արդյունքը, որ Ամերիկայում գրեթե միևնույն ժամանակ, նույնիսկ ավելի վաղ, առաջ քաշվեցին այնպիսի նորարարական գաղափարներ, ինչպիսիք էին ազատությունը, հավասարությունը և որ շատ կարևոր է, երջանիկ լինելու հնարավորության իրավունքը, որը պետք է տրվեր բոլորին` անկախ սեռից, տարիքից, ազգային կամ կրոնական պատկանելությունից:

Այն նախադրյալներն ու հանգամանքները, որոնք պատճառ հանդիսացան ամերիկյան հեղափոխության համար, լիովին խորթ էին եվրոպական և մյուս աշխարհամասերի երկրների իրականությանը: Իսկ դա պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ ամերիկյան հասարակությունը բոլորովին այլ կառուցվածք ուներ. այն պարառում էր ամենատարբեր ազգությունների, կրոնական ուղղությունների, քաղաքական հոսանքների ներկայացուցիչների, այստեղ չկար ընդգծված դոմինանտ էթնոս, և, որ ամենակարևորն էր, այստեղ ներդասակարգային պայքարը նոր էր, չուներ այն հարյուրամյա պատմությունը և ծայրահեղ լարվածությունը, ինչը բնորոշ էր եվրոպական երկրներին: Եվ հետո, չմոռանանք այն փաստը, որ նույնիսկ ամերիկյան հասարակությունից էլ բավականին երկար ժամանակ պահանջվեց, մինչև  լիովին մարսեց այն ամենը, ինչն ստեղծել էր համեմատաբար կարճ ժամանակամիջոցում, և որի համար միայն ներքին նախադրյալները չէ, որ խթան էին հանդիսացել: Ասվածի լավագույն ապացույցն այն է, որ վերոհիշյալ ազատություններ հռչակած երկրում դեռևս շարունակում էր իր գոյությունը պահպանել այնպիսի հակամարդկային երևույթ, ինչպիսին է ստրկությունը: Այս ամենից ելնելով հակված ենք այն տեսակետին, որ ազատագրական պատերազմի ժամանակ սկսված և երկրորդական պլանով ընթացող հեղափոխությունն իր ավարտին է հասնում միայն 1861–1865 թթ- ին` այս անգամ արդեն հանդես գալով քաղաքացիական պատերազմի քողով:

Ինչևիցե, կիսում ենք մասնագետների այն կարծիքը, որ որպես դասական հեղափոխության տիպիկ օրինակներ հանդես են գալիս այս երկուսը` ֆրանսիականն ու ամերիկյանը:

Անգլիական մոդել

Այժմ անդրադառնանք դասական հեղափոխության մյուս վարիացիային` անգլիական մոդելին: Խոսելով անգլիականի մասին` պետք է կրկին փաստել, որ Փառահեղ հեղափոխության ժամանակ ևս այն հանդես է եկել իբրև ռեստավրացիոն շարժում [այդ է վկայում այն փաստը, որ վերոհիշյալ հեղափոխության արդյունքում 1688 թ-ին անգլիական գահը խլվեց Ստյուարտներից և հանձնվեց Վիլհելմ Երրորդ Օրանացուն և Մարիա Երկրորդ թագուհուն]: Սակայն անգլիական հեղափոխության ձևաչափը ֆրանսիականից տարբերվում է հիմնավորապես նրանով, որ եթե ֆրանսիացիները կանգ չառան և չբավարարվեցին միայն ռեստավրացիոն քայլերով և շարունակեցին պայքարը փողոցներում, ապա անգլիացիներն սկզբնական փուլում բավարարվեցին ռեստավրացիայով: Իսկ այն հաջողությունները և մի բան էլ ավել, ինչ ֆրանսիացիներն արձանագրեցին փողոցներում` հազարավոր մարդկանց կյանքի գնով, անգլիացիները ձեռք բերեցին էվոլյուցիոն ճանապարհով` գերադասելով պառլամենտական բարեփոխումները փողոցային պայքարից: Գուցե ոմանք ասեն, թե այս տարբերակը չի համապատասխանում դասական հեղափոխության շրջանակներին, որ այն ավելի մոտ է վերևից անցկացվող ռեֆորմների երևույթին: Միգուցե նրանք իրավացի են, սակայն մենք սա ևս կդիտարկենք իբրև հեղափոխության վարիացիոն տարբերակ: Եվ իբրև հիմնավորում կբերենք այն փաստարկը, որ այս ռեֆորմների վերջնական արդյունքում տեղի է ունեցել ոչ թե տիրող համակարգի մասնակի, այլ, բառիս բուն իմաստով, հիմնարար փոփոխություն ամենատարբեր ոլորտներոմ: Արդյունքը միապետական-ֆեոդալական Անգլիայի աստիճանական փոխակերպումն էր կապիտալիստական- պառլամենտական Անգլիայի, որը, շնորհիվ տրանսֆորմացվելու բացառիկ ունակության, շուրջ երկու դար պահպանում է աշխարհի հզորագույն ծովային գերտերության կարգավիճակը` այսօր էլ հանդիսանալով դրանցից մեկը:

Գերմանական մոդել

Հեղափոխության մեկ այլ տարատեսակ է գերմանական մոդելը: Այս մոդելի յուրահատկությունն այն էր, որ հեղափոխական գործընթացները գերմանական միջավայրում ընթանում էին պետական կենտրոնական իշխանության բացակայության պայմաններում: Գերմանական հասարակական- քաղաքական շրջանակներում լայնորեն ծավալվում է ֆրանսիական հեղափոխության ազդեցությունը: Եվ որ ամենակարևորն է, ի տարբերություն Անգլիայի, որտեղ հեղափոխությունն ընթանում և կանոնակարգվում էր պետության կողմից, և Ֆրանսիայի, որտեղ ամեն ինչ տեղի էր ունենում գլխապտույտ արագությամբ, որտեղ և՛ պետությունը, և՛ հասարակությունն ունեին հավասարաչափ ներգրավվածություն, Գերմանիայում հեղափոխությունն սկսվում է դպրոցներից: Գերմանական փիլիսոփայական, քաղաքական, տնտեսագիտական միտքը հասնում է աննախընթաց բարձունքների, և գերմանական ժողովրդի բոլոր դասակարգերի ներկայացուցիչների մոտ միասնական Գերմանիայի ստեղծման գաղափար է հղանում: Այսպիով, ճիշտ են նկատել մասնագետները` նշելով, որ միասնական Գերմանիան նախ և առաջ ծնվում է հասարակական գիտակցության մեջ, ապա նոր միայն դե ֆակտո: Պատահական չէ, որ Գերմանական կայսրության ստեղծման ակունքներում կանգնած Օտտո ֆոն Բիսմարկը Վերսալում Գերմանական կայսրության ստեղծման պատվին հրավիրված երեկույթի ժամանակ բաժակաճառ է նվիրում գերմանացի ուսուցիչներին` նրանց անվանելով Գերմանական կայսրության հիմնադիրներ: Արդյունքում մասնատված, մեկ տասնյակից ավել ֆեոդալական իշխանությունների փոխարեն առաջանում է բոլորովին նոր աշխարհաքաղաքական միավոր` կապիտալիստական Գերմանիան` ստեղծված ֆեդերատիվ սկզբունքով:

Ամփոփում

Այսպիսով, վերլուծության շրջանակում ներկայացրինք «հեղափողություն» տերմինի և երևույթի իմաստաբանական կերպափոխումները և շրջանակները, անդրադարձանք վարիացիոն մի քանի տարբերակների: Վերլուծության սկզբում մեր առջև դրված մյուս հարցադրումներին, այն է՝ հեղափոխության և այլ հասարակական-քաղաքական երևույթների՝ ապստամբության, հեղափոխության, բարեփոխումների, տարբերությունների և ընդհանրությունների վերհանումը, կանդրադառնանք երկրորդ մասում: Նաև կփորձենք դրանցից յուրաքանչյուրը պրոյեկտել հայաստանյան իրականությանը և պարզել, թե դրանցից որի հնարավոր կիրարկումն ավելի անվտանգ և պրոդուկտիվ կլինի մեր պարագայում:

 Շարունակելի


Գրականության ցանկ

  1. Hannah Arendt. On revolution, 1963.
    URL:// https://archive.org/stream/OnRevolution/ArendtOn-revolution_djvu.txt
  2. Аптекер Г., История американского народа. Т. 2. Американская революция 1763 ”
  3. Манфред А.З. Великая французская революция, М., 1983.
  4. Токвиль А.Старый порядок и революция. СПб.: Алетейя, 2008.
  5. Токвиль А. Демократия  в Америке, М.: Прогресс, 1992.

Հեղինակ՝ Հայկ Փայտյան (Hayk Paytyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: