Սյուրռեալիստների խաղեր

Ֆրոտտաժ, ավտոմատ նամակ, դեկալկոմանիա՝ սրանք 1920-ական թվականների սյուրռեալիստների խաղերն են, որոնց միջոցով արվեստում նոր ուղղության ներկայացուցիչները փորձում էին ստեղծագործական գործընթացից բացառել  հեղինակի գիտակցությունը: Դուք էլ փորձեք խաղալ դրանք:

1920-ական թվականների սկզբին Փարիզում տեղի էր ունենում եվրոպական արվեստի պարադիգմայի փոփոխություն: Տրիստան Տցարայի կողմից մտածված դադաիզմը աստիճանաբար իր տեղն էր զիջում նոր ուղղությանը՝ սյուրռեալիզմին: Փարիզի պոետները և գեղանկարիչները վերաիմաստավորում էին դադաիզմի հիմնական դրույթները՝ այդ թվում ավտոմատիզմի և պատահականությունների վերաբերյալները: Նրանք ուղի էին փնտրում Զիգմունդ Ֆրոյդի տեսությունը ստեղծագործելու մեջ կիրառելու, երազները ֆիքսելու, անգիտակցականի դրսևորումները արվեստում օգտագործելու համար [1]: Նոր ուղղության գլխավոր տեսաբան դարձավ Անդրե Բրետոնը, ով 1924 թվականին հրապարակել էր «Սյուրռեալիզմի մանիֆեստը», որտեղ խորհում էր «հրաշալիի» և գերբնականի մասին:

Այս ժամանակաշրջանի Փարիզի մշակութային կյանքն անսովոր կերպով պայծառ էր:  Նկարիչներն ու պոետները ընդհանուր հավաքներ էին անցկացնում, ամսագրեր էին հրապարակում, վիճում էին գեղարվեստական գործողության բնույթի շուրջ: Տարբեր հրապարակումներում պահպանվել են սյուրռեալիստական փորձերի նկարագրությունները, որոնց հետ մենք առաջարկում ենք ավելի մանրամասն ծանոթանալ:

Ավտոմատ նամակ

Նկար․ Անդրե Բրետոն և Ֆիլիպ Սուպո։ «Մագնիսական դաշտեր»։ 1920թ․ © Au sans pareil

«Հրաշալիին» [2] հասնելու միջոցներից մեկը սյուրռեալիստները համարում էին ավտոմատ նամակի մեթոդը, որը մշակվել էր Ֆրոյդի կողմից հիվանդներին ախտորոշելու նպատակով: Մտքից առաջ ընկնող բառը. ահա սա է գերբնականին հասնելու բանալին, երազանքներն ու երազները ֆիքսելու հանարավորությունը: Տեղ չթողնելով քննադատական և վերլուծական փոխազդեցությանը՝ ավտոմատ նամակը թույլ էր տալիս ստեղծագործությունը ստանալ  առանց հեղինակի ռացիոնալ վերահսկման:

Կատարյալ դեպքում նման կերպ ստեղծված տեքստը չէր փոփոխվում և չէր վերաարտագրվում (թեպետ սյուրռեալիստները այդպես հաճախ էին անում), բայց կարող էր հետագա աշխատանքի հիմք դառնալ: Առաջին այդպիսի հրապարակված փորձ է համարվում Անդրե Բրենտոնի և Ֆիլի Սուպոյի «Մագնիսական դաշտերը»:

«Մեղրամիս»

Ինչի՞ց է փոխադարձ հակում առաջանում: Գոյություն ունեն այս կամ այն չափի հուզիչ խանդի տեսակներ: Օրինակ՝ կնոջ և գրքի մրցակցությունը, ես հաճույքով կքայլեի այս անանցանելի անտառի միջով: Քունքին պահած մատը ռևոլվերի փող չէ: Մենք, երևի, լսում ենք միմյանց մտքերը, բայց ավտոմատ «չարժի»-ն՝ մեր մերժման հպարտ արտահայտությունը, պետք չէ արտաբերել այդ մեղրամսի ընթացքում: Աստղերի տակ չկա ոչինչ, ինչին կարելի է ուշադիր նայել: Որ գնացքն էլ նստեք, հիշե´ք՝ դռներից դուրս գալը վտանգավոր է: Կայանները հստակ բաշխված էին ամբողջ ծոցում: Ծովը՝ մարդկային աչքի համար ոչ այքան գեղեցիկ, որքան երկինքը, անդադար հետևում էր մեզ: Մեր աչքերի խորքում կորչում էին ապագայի վերաբերյալ գեղեցիկ հաշվարկները բանտի պատերի նման» [3]: 

Ուղեցույց
Ձեզ անհրաժեշտ է մատիտ կամ գրիչ և թուղթ:

 

Նստեք սեղանի շուրջ, տրամադրեք ձեզ գիտակցական «զգայուն» [4] վիճակի և սկսեք գրել:

 

Շարունակեք գրել նամակը՝ առանց մտածելու, թե ինչ է հայտնվում թղթի վրա:

 

Փորձեք գրել այնքան արագ, որքան հնարավոր է:

 

Եթե հանկարծ դադար լինի, բաց թողեք տողը և նոր տողից սկսեք գրել պատահական տառից: Օրինակ, ընտրեք «կ» տառը և յուրաքանչյուր նոր տող կամ նախադասություն սկսեք այդ տառով:

Ավտոմատ նկար

Նկար․ Անդրե Մասոն։ Ավտոմատ նկար։ 1925թ․ © Estate of André Masson / MoMA

1924 թվականի սյուրռեալիստական ​​մանիֆեստում ավտոմատիզմը սյուրռեալիզմի [5] սահմանման մաս է կազմում, բայց այս տեքստում գեղանկարչության մասին խոսք անգամ չկա: Ավելին, Պիեռ Նավիլը [6] և ուղղության որոշ այլ վաղ ներկայացուցիչներ կտրականապես հերքում էին գեղանկարչության մեջ սյուրռեալիզմի կիրառումը, կարծելով, որ ավտոմատիզմը կիրառելի չէ կերպարվեստում: Այս հարցը պատրաստ էին վիճարկել որոշ նկարիչներ, որոնց թվում էին Անդրե Մասոնը և Ժոան Միրոն: Իրենց գործերում նրանք փորձեցին հաստատել ավտոմատ գրի պատկերագրական համարժեքը:

Ավտոմատ նկարը անգիտակցականի պատկերներն արտահայտելու ևս մի հնարավորություն է, բայց այս անգամ գրաֆիկական: Լեզուն ամեն դեպքում որոշում է ավտոմատ գրելու սեանսի արդյունքը՝ ամենայն հավանականությամբ դուք կստանաք մայրենի լեզվով տեքստ, և բառերը, որոնք կգրեք, կլինեն ձեզ ծանոթ: Իսկ այ տեսողական պատկերները կարող են հնարավորություն տալ պատկերներ հանել անգիտակցականից․ հենց դրանք էին սյուրռեալիստները ընկալում որպես «հրաշքի» ինչ-որ դրսևորում:

Ուղեցույց

Ձեզ անհրաժեշտ է մատիտ կամ գրիչ և թուղթ:

 

Նստեք սեղանի շուրջ, տրամադրեք ձեզ գիտակցական «զգայուն» վիճակի և թույլ տվեք, որ ձեր ձեռքը տեղաշարժվի թղթի ողջ մակերեսով:

 

Դուք կարող եք նկարելու ընթացքում  շեղվել այլ զբաղմունքի վրա, բայց շարունակել նկարել:

Կարող եք ուղղակի խզբզել առանց գրիչը թղթից հեռացնելու:

 

Ստացված նկարում փորձեք գտնել որոշ ճանաչելի գծեր կամ պատկերներ: Դրանք կարող են նաև հիմք դառնալ հետագա աշխատանքի համար:

Ֆրոտտաժ

Նկար․ Մաքս Էրնստ։ Տասնչորս տարեկանից ցածր կայծակները։ «Բնական պատմություն» ալբոմից։ 1926 թ․ © Estate of Max Ernst

Կերպարվեստում ավտոմատիզմը կիրառելու մեկ այլ միջոց է հորինել գերմանացի և ֆրանսիացի նկարիչ Մաքս Էռնստը: Հնարավոր է, դուք նման ինչ-որ բան արել եք մանուկ հասակում՝ ստվերագծելով մանրադրամը: Ահա թե ինչպես է նկարագրված ֆրոտտաժի հայտնագործումը նկարչի հիշողություններում.

«1925 թվականի օգոստոսի տասը… մի անձրևոտ երեկո հայտնվելով ծովափնյա պանդոկում՝ ես տարված էի այն մտքով, որը իմ որոնող հայացքին ներկայացրեց հազարավոր խոր ակոսներով ճանկռված հատակի տախտակը: Այդ ժամանակ ես որոշեցի ուսումնասիրել այս մոլուցքի սիմվոլիզմը և, իմ մեդիտացիոն և պատրանքային ունակություններին օգնելու համար, տախտակներից նկարների շարք պատրաստեցի՝ դրանց վրա պատահական սկզբունքով թղթեր տեղադրելով, որոնց վրա սկսեցի գրաֆիտ քսել: Ուշադիր նայելով այս եղանակով ստացված գծագրերին ․․․ զարմացա իմ  տեսողական ունակությունների հանկարծակի աճով և հակասական պատկերների պատրանքային հաջորդականությունից, որոնք միմյանց վրա էին դրվել համառությամբ և արագությամբ․․․ Իմ հետաքրքրասիրությունը զարմանքով արթնացավ, ես սկսեցի անտարբերությամբ փորձեր կատարել և ուսումնասիրել՝ օգտագործելով միևնույն միջոցները, իմ տեսադաշտում հայտնվող տարատեսակ նյութերը՝ տերևները և դրանց մանրաթելերը, կտորի պատառոտված եզրերը, «ժամանակակից» գեղանկարչության վրձնախազերը, կծիկից արձակված թելը և այլն: Այնտեղ իմ աչքերը նկատեցին մարդկային գլուխներ, կենդանիներ, ճակատամարտ, որն ավարտվեց համբույրով (քամու հարսնացուն), ժայռեր, ծով, անձրև…» [7]:

Այս տեխնիկայով աշխատանքի ամենավառ օրինակ ՝ Էռնստի «Բնական պատմություն» ալբոմը՝ ֆանտաստիկ բույսերով և կենդանիներով [8]: 

Ուղեցույց

Ձեզ անհրաժեշտ են հյուսված մակերեսներով տարբեր առարկաներ և մատիտ:

 

Տեղադրեք առարկաներ թղթի տակ՝ դրանք հերթով փոխելով և թերթիկի վրա քսելով գրաֆիտ:

 

Ստացված նախշերի մեջ կարելի է փորձել տեսնել ինչ-որ պատկերներ:

 

Կարելի է նաև կոլաժներ պատրաստել մի քանի ֆրոտտաժներից, ինչպես դա անում էր Մաքս Էռնստը:

1927 թվականին էռնստը բացահայտեց այս տեխնիկայի գեղարվեստական համարժեքը` գրատտաժը: Նա նախօորոք ներկված ռելիեֆային առարկաները տեղադրում էր կտավների տակ: Հետո նա քերում էր ներկը, և առօրյա առարկաները նկարներում արտահայտվում էին նոր ձևով և նոր իմաստով՝ ցույց տալով սյուրռեալիստական փոխակերպման հրաշքը:

«Նրբագեղ դիակ»

Անդրե Բրետոն, Ժակլին Լամբա, Իվ Տանգի։ «Նրբագեղ դիակ»։ 1938 թ․ Wikimedia Commons

Մշակելով ավտոմատ գրի գաղափարը՝ սյուրռեալիստները նորից բացահայտեցին և հարմարեցրին «դադաիստական դեպքը»: Դադաիզմի  հիմնադիր Տրիստան Տցարան և ավստրիացի նկարիչ, գրող Ռաուլ Հաուսմանը ստեղծեցին «պատահական» բանաստեղծությունների ստեղծման մեթոդը, որը տեխնիկայով հիշեցնում էր կոլաժ: Հաուսմանը տպագրողներին խնդրում էր տպագիր տեքստի բլոկներն ընտրել պատահականորեն և դրանք տպագրել պատահական հերթականությամբ: Տցարան տեքստի առանձին հատվածներ կտրում էր թերթից և, գլխարկի մեջ խառնելով, աչքերը փակ հանում էր կտորները՝ ընթացքում ստեղծելով դադաիստական բանաստեղծություններ: Նման սկզբունք էր ընկած նաև բանաստեղծ և նկարիչ Հանս Արպի [9] դադաիստական ​​կոլաժների հիմքում, որոնց ստեղծումը նա թողնում էր ճակատագրի կամքին՝ հիմք-թղթի վրա տարածելով թղթի գունավոր կտորներ, իսկ հետո սոսնձելով դրանք այն մասերում, որտեղ ընկնած էին:

Սյուրռեալիստական փորձերի շարքում, որոնք հիմնված էին պատահականության «հրաշքի» վրա, կար «Նրբագեղ դիակ» անվամբ խմբային խաղը: Ըստ էության դա նույնպես կոլաժ էր` կազմված բառերից, որոնք ավելացվում էին խաղի բոլոր մասնակիցների կողմից: Հավաքվածները հերթով թղթի վրա գրում էին արտահայտություններ կամ նախադասություններ, ընդ որում յուրաքանչյուր հաջորդ մասնակիցը չպետք է իմանար, թե ինչ է գրել նախորդը: Արդյունքում ստացվում էր առաջին հայացքից բոլորովին անհեթեթ հավաքական պատմություն: Սակայն նման խաղը հնարավորություն էր տալիս ստեղծագործություններ ստեղծել անկախ յուրաքանչյուր հեղինակի գեղագիտական նախասիրություններից: Խաղի անվանումը հղումն է այս փորձի առաջին արդյունքներից մեկին. «Նրբագեղ դիակը կխմի երիտասարդ  գինի»: Այս խաղը հարմարեցված էր նաև գեղանկարչական հնարավորություններին. յուրաքանչյուր խաղացող պետք է պատկերեր պատկերի իրեն հատկացված մասը:  Պատկերելով մարդու մարմնի կազմվածքը՝ սյուրռեալիստները իրենց բնորոշ այլաբանական թեքման սկզբունքով ստանում էին պատկերներ, որոնք աղոտ էին հիշեցնում մարդու:

Անդրե Բրետոնը գրում էր, որ այս սրահային խաղը շատ տարածված էր իր ընկերների հավաքների ժամանակ: 1938 թվականին «Սյուրռեալիզմի համառոտ բառարանում» նա առաջ է բերում տվյալ խաղի հետևյալ սահմանումը.

«Խաղը թղթի թերթիկը ծալելն է: Յուրաքանչյուր մասնակից պետք է արտահայտություն կազմի կամ ինչ-որ բան նկարի, բայց այնպես, որ մյուսները չիմանան ինչ է անում նախորդը» [10]:

Ուղեցույց
Խաղալու համար անհրաժեշտ է առնվազն երեք մարդ: Ձեզ անհրաժեշտ է թուղթ, գրիչ կամ մատիտ:

 

Թող առաջին խաղացողը գրի բառ կամ արտահայտություն, ծալի թերթը գրված հատվածում և փոխանցի հաջորդ խաղացողին: Վերջին խաղացողը գրում է արտահայտությունը, բացում է ծալված թերթիկը և կարդում է ստացված տեքստը (հնարավոր է դուք երեխա ժամանակ խաղացել եք նման խաղ՝ «Անհեթեթություն»):

 

Ավելի քիչ տարածված տարբերակ է պատկերների խաղը: Խաղացողների հետ պայմանավորվեք, թե ինչ եք ուզում նկարել, մտածածը բաժանեք մի քանի մասի՝ խաղացողների քանակին համապատասխան: Թուղթը ծալեք այնպես, որ հաջորդ մասնակիցը տեսնի միայն ձեր նկարի մոտավոր տեղը:

 

«Նրբագեղ դիակի» էլ ավելի կատարելագործված տարբերակ է կոլաժի խաղը: Սա կպահանջի նախնական պատրաստություն․ բոլոր մասնակիցները պետք է նախօրորք իրենց հետ բերեն ամսագրից կամ թերթից կտրված հատվածներ: Պատկերները հերթականությամբ ամրացրեք՝ ծալելով թուղթն այնպես, որ հաջորդ խաղացողը չկռահի ձեր  նկարի մասին:

Արդյունքում կարող է ստացվել ամենաիրական «նրբագեղ դիակը», որը կարող է հիշեցնել սյուրռեալիստների կոլաժային աշխատանքները:

1927 թվականի (հոկտեմբերի) «Սյուրռեալիստական հեղափոխություն» ամսագրի № 9–10-ում նման խաղի հետևյալ արդյունքներն էին հրապարակվել.

«Թևավոր ծուխը գայթակղում է թռչնակին, որը կողպված է բանալիով: Սենեգալից մի ոստրե ուտում է եռագույն դրոշ: Առանց շաքարի աստղերի գործադուլը կպատժի ողջ տունը: Հանգչած սերը կհանդերձի ազգերին:

Գլխատված աստղերը, զայրացած այն բանից, որ իրենք այլևս գոյություն չունեն, այս ու այն կողմ են գնում շրջանակի մեջ, որի կենտրոնում փակված, իսկ հետո բացված ֆիլմի ծրագիր է:

Տասնիներորդ դար՝ գեղեցիկ, սրտիկի նման, ածխահանի մոտ է բերում ուղեղի խխունջին, որը հարգալից վեր է բարձրացնում գլխարկը:

Անեմիկ աղջնակը ստիպում է կարմրել մոմե մանեկեններին» [11]:

Հիպնոս

Պոլ Էլյուար, Անդրե Բրետոն և Ռոբեր Դեսնոս։ 1923թ․
© Stefano Bianchetti / Corbis via Getty Images

Մարդկային հոգեկանի գաղտնիքները հետաքրքրում էին շատ սյուրռեալիստներին, բայց հիմնականում սյուրռեալիզմի տեսաբան Անդրե Բրետոնին: Համալսարանում նա սովորել է բժշկական ֆակուլտետում և պրակտիկա անցել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Հիվանդանոցում Բրետոնը ականատեսն էր լինում, այդ թվում նաև, խեղված հիվանդների հոգեկան տառապանքներին:

Անգիտակցականի, երազների նկատմամբ հետաքրքրությունը արտահայտվում էր ավտոմատ գրի վաղ փորձերում, ինչպես նաև «Գրականություն» ամսագրի էջերում, որտեղ տպագրվում էին երազների վերապատումները: Հիպնոսացնողների մասնակցությամբ քաղաքային փառատոները և տոնավաճառները ստեղծագործելու նոր աղբյուրներ էին բացում ապագա սյուրռեալիստների համար:

Չի կարելի չնշել ևս մի իրադարձություն, որը դրդեց Բրետոնին և նրա ընկերներին փորձարկել հիպնոսը․ ծանոթությունը Ռենե Կրևելի հետ, ով 1922թ․-ի սեպտեմբերին հայտարարեց իր՝ մեդիում շնորհի մասին: Առաջին փաստագրված փորձն իրականացվել է 1922 թվականի սեպտեմբերի 25-ին: Դրան մասնակցում էին Ռենե Կրևելը, Ռոբեր Դեսնոսը, Բենժամեն Պերեն՝ Բրետոնի, Էլյուարի, Մեն Ռեյի, Մաքս Էռնստի և այլքի  հսկողությամբ: Դեսնոսը, ով արդեն հիասթափված էր Փարիզում հայտնի հիպնոսացնողների հետ փորձից, իրականում չէր հավատում փորձի հաջողությանը: Սակայն հանկարծակի սեանսը սկսելուց որոշ ժամանակ անց նա սկսեց ձեռքերով քերել սեղանը: Կրևելը սա մեկնաբանեց որպես գրելու ցանկություն, և Դեսնոսին տվեցին մատիտ ու թուղթ: Ներկաները սկսեցին հարցեր տալ, և ահա թե ինչ դուրս եկավ այդ ամենից. 

«Հարց. Դեսնոս, սա Բրետոնն է: Ասա՛, նրա վերաբերյալ ի՞նչ ես տեսնում:

Պատասխան. Էկվատոր (Գծում է շրջան և հորիզոնական տրամագիծ):

Հարց. Սա այն ճանապարհորդությունն է, որը իրականացնելու է Բրետո՞նը:

Պատասխան. Այո:

Հարց. Դա գործնական ճանապարհորդությո՞ւն է լինելու:

Պատասխան. (Ձեռքով նշան է անում) «Ոչ»: (Գրում է): Նազիմովա:

Հարց. Այդ կինը ճանապարհորդության ընթացքում նրան ուղեկցելո՞ւ է:

Պատասխան. ․․․

Հարց. Նա նորից կգտնի՞ Նազիմովային:

Պատասխան. Ոչ:

Հարց. Նա կլինի՞ Նազիմովայի հետ:

Պատասխան. ․․․

Հարց. Էլ ի՞նչ գիտես Բրետոնի մասին: Ասա՛:

Պատասխան. Նավ և ձյուն: Կա նաև մի գեղեցիկ հեռագրական աշտարակ, գեղեցիկ աշտարակին կանգնած է երիտասարդ (անհասկանալի է)»: [12]

Ինքը՝ Դեսնոսը, դուրս գալով հիպնոսային քնից, ոչինչ չէր հիշում կատարվածից: Այդ մասին նա գրում է իր հիշողություններում:

«Ես հանգիստ քնեցի՝ գլուխս դնելով սեղանին: Շղթան հանեցի ձեռքիցս, եղունգներով քերում էի սեղանը, ծանր շունչ էի քաշում, հետ վերցրեցի շղթան և արթնացա:

N.В. Ես ոչ մի բառ չասացի: Համոզված էի, որ ձեռքերս չեմ շարժել և անընդհատ նայել եմ Մորիսին, որը սպասում էր և նայում  էր ինչպես եմ քնած: Արթնանալով տեսա նրան շատ-շատ մոտ կանգնած. նա աչքով էր անում Բրետոնին» [13]:

Հետագայում հիպնոսի փորձերից ստիպված եղան հրաժարվել. հիպնոսային սեանսներից մեկի ժամանակ Ռոբերտ Դեսնոսը բռնեց դանակը և գրեթե սպանդ էր կազմակերպում:

Ուղեցույց

Հիպնոսով փորձարկումներ ինքնուրույն կատարել չարժե: Բայց դուք կարող եք այլ սյուրռեալիստական խաղ խաղալ:

 

Խաղացողները նստում են սեղանի շուրջ, յուրաքանչյուրը, առանց հարևանին նայելու, գրում է որևէ ենթադրություն, արտահայտություն, որը սկսվում է «եթե» կամ «երբ» բառերով թղթի մի կողմից, իսկ մյուս կողմից այլ արտահայտություն պայմանական եղանակով կամ ապառնի ժամանակով, որը իմաստով ոչ մի կերպ նախորդի հետ կապ չունի, բայց քերականորեն կարող է լինել ցանկացած նախադասության պատասխան: Հետո մասնակիցները պատահական սկզբունքով զույգերի են բաժանվում և հերթականությամբ կարդում են գրվածը:

Ահա, թե ինչպես է դա ստացվել Անդրե Բրետոնի և Լուի Արագոնի մոտ.

«Ա. Բ. Եթե վաղը Հեղափոխություն տեղի ունենա,

Լ. Ա. -Բոլորի համար պատիվ կլիներ ռեցեդիվիստ լինել,

Ա. Բ. -Եթե մի օր ամեն ինչ թռչեր ուժեղ քամու պատճառով,

Լ. Ա. -Լուսնոտները կտուրների ծայրերով ավելի շատ կքայլեին քան երբևէ» [14]: 

Ֆումաժ

Վոլֆգանգ Պաալեն։ Օտարերկրացիները։ 1937թ․
Wikimedia Commons

Ճանաչողական  և ստեղծագործական գործընթացներից բանականությունը բացառելու գաղափարը հիմնարար էր վաղ սյուրռեալիստական ​​արվեստի համար: Բայց նաև այս ուղղության ավելի ուշ ներկայացուցիչները, ովքեր հանգեցին սյուրռեալիզմի գաղափարներին 1930-ական թվականներին, սիրում էին նման փորձեր կատարել:

Ավտոմատ նկարչությանը հարող նոր տեխնիկաների շարքում կարելի է նշել ֆումաժը՝ ֆրանսերեն fumage բառից՝ «մրոտում, ծխոտում»: Այս տեխնիկայով ստեղծագործություն առաջինը հանրությանը ներկայացրեց Վոլֆգանգ Պաալենը [15] 1936 թվականի Լոնդոնի Սյուրռեալիստների միջազգային ցուցահանդեսի ժամանակ: Նույն թվականին նա ավարտեց ֆումաժի մոտիվով յուղաներկով կատարված առաջին աշխատանքը, որը կոչվում է «Արգելված հող»: Այս տեխնիկայում փորձեր էին անում նաև այլ սյուրռեալիստներ, օրինակ՝ Ռոբերտո Մատտան և Սալվադոր Դալին, ով ֆումաժն անվանում էր «սֆումատո»: Կտավը կամ թուղթը պահում էին ծխացող մոմի կամ կերոսինային լամպի վրա, և ստացվում էին տարօրինակ անդրաշխարհային պատկերներ:

Ուղեցույց
Ձեզ անհրաժեշտ է թուղթ կամ կտավ, մոմ կամ կերոսինի լամպ:

 

Վառեք պատրույգը, թողեք, որ այն բոցավառվի:

 

 Վերցրեք թուղթ և պահեք կրակի վրա 30-40 սմ բարձրությամբ:

 

Դուք կարող եք տարբեր շարժումներ անել, թուղթը պտտել իր առանցքի շուրջ:

 

Թղթի վրա ստացված մուրի մեջ կարելի է ծանոթ պատկերներ կռահել կամ ստացված պատկերները օգտագործել հետագա աշխատանքի համար:

 

Զգո՛ւյշ եղեք, թույլ չտաք, որ կրակը հասնի թղթին կամ այն շատ տաքացնի:

 

Դեկալկոմանիա

Մաքս Էռնստ։ Ալիսան 1941թ․-ին։ 1941թ․ © Estate of Max Ernst

Սյուրռեալիստների կողմից 1930-ականներին հորինված մեկ այլ տեխնիկա կոչվում է «դեկալկոմանիա»: Ի սկզբանե սա կիրառական արվեստում դեկոր պատկերելու տեխնիկա էր՝ նկարների՝ մետաղից, փայտից կամ կերամիկայից տարբեր մակերեսների վրա տեղափոխելը: Ստեղծագործություններ ստեղծելու սյուրռեալիստական ​​մեթոդների զինանոցում դեկալկոմանիան հայտնվեց նկարիչ Օսկար Դոմինգեսի [16] շնորհիվ: Դոմինգեսը իր փորձերն անցկացնում էր գուաշով՝ սկզբում օգտագործելով միայն սև գույնը, բայց հետագայում ընդլայնեց ներկապնակը: Դոմինգեսից հետո դեկալկոմանիան սկսեցին օգտագործել Մաքս Էռնստը և Հանս Բելմերը [17]: 1936 թվականին Դոմինգեսը սկսեց աշխատել «Դեկալկոմանիական ավտոմատ կերպով կանխամտածված մեկնություններ» շարքի վրա, որը կենտրոնացված էր ճնշված էրոտիկ ցանկությունները փոխանցելու վրա:

Ինչպես շատ այլ սյուրռեալիստական ​​փորձեր, դեկալկոմանիան թույլ էր տալիս ստեղծել «պատահական» ստեղծագործություններ և մեկնաբանել դրանք ազատ ասոցիացիաների ոգով՝ անգիտակցականը հոգեվերլուծության մեթոդով ուսումնասիրելով: Նման մեթոդը կրկնում էր սյուրռեալիստների ցանկությունը՝ սիմվոլիկ կերպով նախագծել գիտակցության ներքին բովանդակությունը, առավել ևս, որ արդյունքում ստացված ստեղծագործությունները հիշեցնում էին 1921 թվականին ստեղծված Ռորշախի թեստը, որը օգտագործվում է  հիվանդների մոտ հոգեկան շեղումները հայտնաբերելու համար: Այդ տեխնիկայի հիմքով մտածվել էր «Իմ ընկերների ուրվականները» խաղը․ խաղացողների ստորագրությունները՝ արված ջրային հիմքով ներկերով, ծալում էին մեջտեղից մինչև ներկը չորանալը: Հետո թուղթը բացում էին, և ստացված պատկերը մեկնաբանվում էր որպես ինչ-որ բացահայտում այն ​​անձի մասին, որը ստորագրել էր այդ թղթի վրա:

Ուղեցույց
Ձեզ անհրաժեշտ է գուաշ կամ ջրաներկ, թուղթ, վրձին:

 

Մի քանի բիծ քսեք թղթի մակերեսին:

 

Քանի դեռ ներկը թաց է, թուղթը փակեք այլ թղթով կամ ցանկացած այլ հարթ մակերեսով (Դոմինգեսը ապակի էր օգտագործում), մի քիչ սպասեք կամ կոկիկ սեղմելով օգնեք, որ ներկը տարածվի:

 

Հեռացրեք վերին թերթիկը:

 

Ստացված նախշահետքերում փորձեք տեսնել պատկերներ կամ ավարտին հասցրեք դրանք:

Հղումներ

  1. Անդրե Բրետոն, 1924թ․ «Սյուրռեալիզմի մանիֆեստից»․ «Ես հավատում եմ, որ ապագայում երազն ու իրականությունը՝ այդ երկու այդքան տարբեր, ըստ երևույթին, վիճակները, կմիաձուլվեն ինչ-որ բացարձակ իրականության մեջ՝ սյուրռեալիմ, եթե կարելի է այդպես արտահայտվել։ Եվ ես կուղևորվեմ այն գրավելուն՝ վստահ լինելով, որ չեմ հասնի իմ նպատակին։ Թերևս, ես շատ քիչ եմ անհանգստանում իմ մահով, որպեսզի չզբաղվեմ այն բոլոր ուրախությունների հաշվարկով, որոնք խոստանում է դրան տիրանալը։»
  2. Անդրե Բրետոն, 1924թ․ «Սյուրռեալիզմի մանիֆեստից»․ «Այս դեպքում իմ նպատակն էր վերջ տալ հրաշալիի նկատմամբ այն ատելությանը, որն ուղղակի եռում է որոշ մարդկանց մեջ, վերջ դնել հրաշալին ծաղրի առարկա դարձնելու նրանց ցանկությանը։ Կարճ ասած՝ հրաշալին միշտ հոյակապ է, հոյակապ է մեն հրաշալին, հոյակապ է միայն այն, ինչ հրաշալի է»։
  3. Մեջբերում․ Ֆրանսիական սյուրռեալիզմի անթոլոգիա. 20-ական թթ․, 1994
  4. «Կենտրոնացեք այն բանի վրա, թե ինչ պետք է գրեք՝ այդ նպատակի համար հարմար տեղավորվելով։ Ձեր հոգեվիճակը դարձրեք առավել պասիվ կամ ընկալունակ, որքան հնարավոր է։ Շեղեք ձեր ուշադրությունը սովորական մտքերից, ձեր տաղանդից և մնացյալ ամեն ինչից»։
  5. Անդրե Բրետոն, 1924թ․ «Սյուրռեալիզմի մանիֆեստից»․ «Սյուրռեալիզմ։ Մաքուր հոգեկան ավտոմատիզմը, որի նպատակն է կամ բանավոր, կամ գրավոր կամ այլ կերպ արտահայտել մտքի իրական գործունեութունը։ Մտքի թելադրանքը՝ բանականության կողմից վերահսկողությունից դուրս, որևիցե էստետիկ կամ բարոյական նկատառումներից դուրս»։
  6. Պիեռ Նավիլը (1904-1993) ֆրանսիացի գրող, գրականության տեսաբան, սոցիոլոգ։ Սյուրռեալիստական շարժմանը միացել է 1924 թվականին՝ սկսելով հրապարակվել «Պինդ խաշած ձու» ամսագրում։ Բենջամին Պերեի հետ հիմնում է «Սյուրռեալիստական հեղափոխություն» ամսագիրը, բայց շուտով խմբագրի տեղը զիջում է Անդրե Բրետոնին։
  7. Մեջբերում «Max Ernst. Beyond Painting»-ից։ 1936։ Թարգմանությունը՝ Անաստասիա Չալաձեի։
  8. Այս շարքը մասամբ ներկայացված է «Մաքս Էռնստ։ Փարիզյան տարիներ» ցուցահանդեսին։ Ալբոմի թղթերի մյուս մասը ներկայացված է «Պատկերի ալքիմիա։ Մաքս Էռնստի գրքերը Մարկ Բաշմակովի հավաքածուից» ցուցահանդեսին, որն անցկացվում է Էրմիտաժի Գլխավոր շտաբում։
  9. Հանս Արպ (1886-1966)՝ գերմանացի և ֆրանսիացի գեղանկարիչ, պոետ, քանդակագործ։ 1916 թ․ Տրիստան Տցարայի և մյուսների հետ Ցյուրիխում ստեղծեց դադա խմբավորումը՝ ելույթները սկսելով «Կաբարե Վոլտեր»-ում։ 1914 թ․ ծանոթանում է Մաքս Էռնստի հետ, ում հետ հետագայում Քյոլնում ստեղծեց դադաիզմը։ 1924 թ․ տեղափոխվեց Փարիզ, որտեղ մտերմացավ սյուրռեալիստների շրջանակի հետ։
  10. Մեջբերում․ Ֆրանսիական սյուրռեալիզմի անթոլոգիա։ 20-ական թթ․։ 1994
  11. Մեջբերում․ Ֆրանսիական սյուրռեալիզմի անթոլոգիա։ 20-ական թթ․։ 1994
  12.  Ա. Բրետոնի «Մեդիումների երևույթներ» գրքից հատված։
  1. Մեջբերում․ Ֆրանսիական սյուրռեալիզմի անթոլոգիա։ 20-ական թթ․։ 1994
  2. Ֆրանսիական սյուրռեալիզմի անթոլոգիա։ 20-ական թթ․։ 1994
  3. Վոլնֆգանգ Պաալեն (1905-1959) ավստրիացի և մեկսիկացի գեղանկարիչ է, քանդակագործ և արվեստի տեսաբան։ 1929 թ․ տեղափոխվում է Փարիզ, որտեղ գեղանկարչության դասեր է վերցնում Հանս Հոֆմանից և Ֆերնան Լեժեից։ 1935 թ․ միանում է սյուրռեալիստական շարժմանը և մնում է դրա ականավոր ներկայացուցիչ մինչև 1942 թ․։
  4. Օսկար Դոմինգեսը (1906-1957) իսպանացի նկարիչ և քանդակագործ է։ Մանուկ հասակում ծանր հիվանդություն է տարել, որը ազդել է նրա հասակի վրա և արտահայտվել դիմագծերի վրա։ Երիտասարդ տարիքից հետաքրքրվել է գեղանկարչությամբ։ 1926 թ․-ից ապրել է Ֆրանսիայում, որտեղ օգնել է հորը կազմակերպել ընտանեկան բիզնեսը։ 1934 թ․ միացել է Անդրե Բրետոնի շրջապատին։
  5. Հանս Բելմերը (1902-1975) գերմանացի գրաֆիկ, քանդակագործ, գրող, նկարիչ, լուսանկարիչ է։ Ընդունվելով բեռլինյան Բարձրագույն տեխնիկական դպրոց՝ ծանոթանում է դադաիստներ Ջոն Հարտֆիլդի և Ջորջ Գրոսի հետ։ Նրանց խորհրդով թողնում է ուսումը և մեկնում Փարիզ, որտեղ մտերմանում է Պոլ Էլյուարի հետ։ Նրա ստեղծագործության հիմնական մոտիվը 1930-ականներին դարձան տիկնիկային աշխատանքները, որոնք հանդես էին գալիս Գերմանիայում առողջ մարմնի պաշտամունքի քննադատությամբ։ Բրետոնը բարձր էր գնահատում Բելմերի աշխատանքները, և 1934թ․ «Մինոտավրոս» ամսագրում հրապարակվում են վերջինիս կողմից պատրաստված տիկնիկների նկարները:

Բնօրինակի հեղինակ՝ Анастасия Чаладзе, Arzamas

Թարգմանիչ՝ Սյուզաննա Ղազարյան (Syuzanna Ghazaryan), խմբագիր՝ Անի Յախշիբեկյան (Ani Yakhshibekyan)  © Բոլոր իրավունքները պաշտպանված են: