«Ինլայթ»-ը ներկայացնում է հատվածներ՝ ՍՊԻՏԱԿ ԹՈՒՂԹ՝ «2020 թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները» (Հուլիս, 2021) փաստաթղթից:
ՍՊԻՏԱԿ ԹՈՒՂԹԸ հեղինակել են պատմաբան, դիվանագետ, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարարի առաջին տեղակալ (1993-1994), պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը (Բոստոն), միջուկային ճարտարագետ, Հայ ուսանողների եվրոպական միության, ինչպես նաեւ մի քանի վերլուծական կենտրոնների համահիմնադիր Ռոբերտ Այդաբիրյանը (Փարիզ) եւ քաղաքագետ, Ֆրանսիայի ու Միացյալ Նահանգների տարբեր համալսարաններում դասախոս, 2018 եւ 2019 թվականներին արտասահմանում ՀՀ ՊՆ ավագ փորձագետ Թալին Փափազյանը (Էքս ան Պրովանս):
Փաստաթուղթը պատրաստելու համար հեղինակներն ուսումնասիրել են մեծ թվով փորձագետների տեսակետները. այդ կարծիքներն ամփոփված են Մաս I-ում: Փաստաթղթի հեղինակների սեփական դիտարկումները, առաջարկություններն ու եզրակացությունները ներկայացված են են Մաս II-ում: Իսկ Մաս III-ը բաղկացած է ուսումնասիրությանը վերաբերող հավելվածներից ու նյութերից:
Փաստաթղթում՝ մասնավորապես Մաս II-ում, արտահայտված մտքերը, դիտարկումներն ու տեսակետները պատկանում են փաստաթղթի հեղինակներին եւ կարող են չհամընկնել «Ինլայթ»-ի տեսակետներին:
Մի Սպիտակ թղթի ստեղծումը, որի փորձն արվեց այստեղ՝ ազգային աղետից հետո, բարդ վարժանք է այնքանով, որքանով այն պահանջում է վերագործարկում (reset): Դժվարությունն այն է, որ պետք է պահպանել այն, ինչը կարեւոր է Հայաստանի համար եւ ինչի վրա կարելի է կառուցել. եւ թողնել այն, ինչը կարող է թվալ կարեւոր այս կամ այն մակարդակում, բայց դա կա՛մ անիրագործելի է, կա՛մ մեծ դժվարություններ է ստեղծում առավել կարեւորի համար: Կարող ենք նաեւ նշել, որ Հայաստանում արագ փոփոխվող հանգամանքները՝ այս Սպիտակ թղթի վերջնական խմբագրման եւ թողարկման պահերի միջեւ, կարող են այս փաստաթղթի որոշ տարրերը դարձնել իրականությունից կտրված կամ ավելի վատ: [հատված ՍՊԻՏԱԿ ԹՂԹԻ Նախաբանից]
ՄԱՍ II. Հեղինակների դիտարկումները, առաջարկություններն ու եզրակացությունները [էջ 68-84]
Այս սպիտակ թղթի երկրորդ բաժինը կազմված է հեղինակների դիտարկումներից, առաջարկություններից եւ եզրակացություններից, որոնց համար միայն իրենք են պատասխանատվություն կրում:
Բաժին 1. Դիտարկումներ եւ նկատառումներ երկարաժամկետ քաղաքականությունների համար
Անմիջական մտահոգության հարցերի շուրջ կարծիքների ամբողջական սպեկտրն առաջին մասում համադրված ներկայացնելուց հետո, հեղինակները երկրորդ մասում առաջարկում են իրենց սեփական դիտարկումներն ավելի լայն միջավայրի վերաբերյալ. միջավայր, որում Հայաստանն ու Ղարաբաղը գործում են, որոշումներ կայացնում եւ ձեւակերպում քաղաքականություններ։ Եթե կրկնենք սույն փաստաթղթի ներածության մի պարբերությունը՝ նրանց հիմնական մտահոգությունն է առաջարկել վերլուծական հեռանկար։ Սա նշանակում է, որ հեղինակները չեն կենտրոնանում քաղաքական կուսակցությունների եւ առաջնորդների միջեւ վիճաբանությունների, տարաձայնությունների ուղղությամբ, ինչպես նաեւ այնպիսի քննարկումների ու բանավեճերի, որոնք հիմնված են քաղաքական-ընտրական մտահոգությունների վրա եւ, ըստ էության, կենտրոնանում են հանրային կարծիքի ու ժողովրդականություն վայելող միտումների վրա։
Հեղինակները գիտակցում են, որ այստեղ ներկայացվող դիտարկումներին եւ դրանց հետեւող առաջարկություններին ու եզրակացություններին անպայմանորեն համաձայն չպիտի լինեն հարցարանին պատասխանած որոշ մասնակիցներ եւ շատ այլ վերլուծաբաններ:
Նրանք ավելի քան գիտակցում են նաեւ, որ պետության որոշ ղեկավարներ ու քաղաքական առաջնորդներ կարող են բազմաթիվ հիմնավոր մտահոգություններ ու վախեր ունենալ, որ Հայաստանի ու Ղարաբաղի ժողովրդի մեծամասնությունը այս առաջարկությունները չի ընդունի։
Հեղինակներն այստեղ կարող են միայն պնդել, որ այս փաստաթղթի միակ նպատակը իրատեսական վերլուծություն առաջարկելն է։
1.1. Հայաստանի շուրջ առկա միջազգային իրողությունները
Այժմ, ավելի քան երբեւէ, Հայաստանի արտաքին քաղաքականությունն անհրաժեշտ է մշակել տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների համատեքստում, եւ այն չի կարող հիմնվել ցանկալին իրականության փոխարեն ընդունելու մտածողության ու հայրենասիրական խանդավառության վրա։ Հեղինակները հասկանում են պարտությունն ընդունելու դժվարությունն ու դրանից բխող՝ դավաճանված լինելու զգացումը։ Նրանք նաեւ հասկանում են ռազմատենչ քաղաքականության մասին մտածելու անհագ ցանկությունը, որը խոստանում է վերականգնել կորուստները եւ վերականգնել հպարտության զգացումը՝ համապատասխան հռետորաբանությամբ։ Ավելի կարեւոր է, սակայն, հասկանալ, թե ինչ է փոխվել այս միջավայրում, բացի ակնհայտ կորուստներից։ Ամենից առավել, Հայաստանը պետք է խուսափի սխալ ենթադրությունների եւ ինքնախաբեության վրա հիմնված քաղաքականության մշակումից։
Ակնհայտ է, որ Հայաստանը գործում է մի փոփոխական միջազգային միջավայրում, որտեղ դժվար է կանխատեսել զարգացումները՝ որեւէ աստիճանի վստահությամբ։ Այս փոփոխականությունը կարելի է մասամբ բացատրել ԱՄՆ՝ վերջին տարիների քաղաքականության անկանխատեսելիությամբ, եւ դրա ապակայունացնող ազդեցություններով։ Համաշխարհային հարցերում ԱՄՆ կարեւորությունը հաշվի առնելով՝ սա մի էական խնդիր է, որին պետք է ուշադրություն դարձնել:
2020 թ.-ին Ջոզեֆ Բայդենի ընտրությունն, անշուշտ, հնարավորություններ է ընձեռում բացասական միտումների որոշ մասը հետ շրջելու համար։ ԱՄՆ-ում ավելի արհեստավարժ ու ազգային շահերի վրա հիմնված քաղաքականությունների համակցությունը կարող է նվազեցնել Ռուսաստանի հետ լարվածությունները։ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը կարող են համաձայնության գալ Ուկրաինայի, Իրանի եւ աշխարհում այլ թեժ կետերի շուրջ։ Բայդենը կարող է նաեւ ուղղել Մերձավոր Արեւելքի քաղաքականության հետ կապված իր նախորդի լուրջ սխալները։ Այդ տարածաշրջանը կլինի այն հիմնական թատերաբեմը, ուր ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ առաջնորդող դերերի հայտ ներկայացնող այլ երկրներ, ինչպիսիք են, օրինակ, Թուրքիան ու Իսրայելը, կմրցեն եւ թերեւս նաեւ կհամագործակցեն։ Ի վերջո, Բայդենի վարչակազմն, անկասկած, կվերականգնի գործընկերային մոտեցումը, հատկապես իր դաշնակիցների եւ Եւրոպայի հետ՝ մարտահրավերներին դիմակայելու եւ միջազգային հակամարտությունները լուծելու համար։
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, սակայն, կարող են նաեւ ավելի վատ մրցակցության մեջ հայտնվել՝ Նոր Աշխարհակարգի վերաբերյալ իրենց տարբերվող տեսակետների կամ դրանում իրենց դերի պատճառով։ Գոյություն ունեցող լարվածությունները կարող են է՛լ ավելի սրվել։ Կասկածից վեր է, սակայն, որ ԽՍՀՄ փլուզումից հետո նախագահ Ջորջ Հ. Ու. Բուշի կողմից հայտարարված Նոր Աշխարհակարգը շատ կարճ կյանք ունեցավ, եւ այն սահմանելու ու իրագործելու հնարավորությունը մսխվեց։ Մասամբ սա այն պատճառով էր, որ Արեւմուտքը պնդեց, որ շարունակեն Ռուսաստանին վերաբերվել որպես թշնամու եւ ընդլայնեն ՆԱՏՕ-ն՝ մինչեւ Ռուսաստանի սահմանները, չնայած այն խոստումին, որ ՆԱՏՕ-ն չէր ընդլայնվելու։
ԱՄՆ վերադարձը 1990-ական թվականների իր հեգեմոն դիրքին, անհնար է, որովհետեւ Չինաստանը համաշխարհային կարգի՝ տնտեսական եւ ռազմական մրցակից ուժ է։ Չինաստանի մարտահրավերի դեմ ավելի դժվար է պայքարել, քանի որ նրա շահերն առաջ են մղվում տնտեսական ներթափանցման միջոցով եւ հազվադեպ՝ միայն ուժի ցուցադրությամբ կամ կիրառմամբ։ Եւրոպան փորձում է ուղիներ գտնել եւրոպական հսկայական տարածքների ու ձեռնարկությունների ձեռքբերումից Չինաստանի կապիտալը հեռու պահելու համար: Աֆրիկան եւ Հարավային Ամերիկան միջոցներ չունեն դիմակայելու չինական առաջխաղացմանը՝ նույնիսկ եթե դա ցանկանային:
Այսպիսով, պետք է պարզ լինի, որ Հայաստանն ու Ղարաբաղը համապատասխան երկրներից որեւէ մեկի՝ ներառյալ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի համար հիմնական մտահոգություններ չեն։ Երբ մեծ պետություններն սկսում են իրենց սակարկությունները՝ հիմնված իրենց ազգային շահերի վրա, ավելի հավանական է, որ փոքր պետությունները դառնան մեծերի շախմատային զինվորներ, եւ ոչ փղեր կամ ձիեր. այն խաղերում, ուր խաղում են խոշոր դերակատարները։ Ավելի հավանական է, որ խոշոր խաղացողները փոքրերի համար դերեր սահմանեն, ոչ թե հակառակը։
Ուստի, քաղաքականություն ու կարծիք ձեւավորողները պետք է սկսեն այն հստակ ըմբռնումից, որ Երեւանն աշխարհի կենտրոնը չէ, եւ Ղարաբաղն աշխարհի շատ երկրների օրակարգի թիվ մեկ հարցը չէ։ Քաղաքականություն մշակելիս, լինի արտաքին, թե անվտանգության քաղաքականություն, նրանք երբեք չպետք է մոռանան այն միջավայրը, որում իրենք եւ բոլոր մյուսները գործում են։
- Միջազգային կարգը
Ա. Այսօր հստակ սահմանված միջազգային կարգ գոյություն չունի։ Տարածաշրջանային եւ խոշոր տերությունների միջեւ հարաբերությունները շարունակում են մնալ անկանխատեսելի ու երերուն։
Բ. Տարածաշրջանային տերությունները, ինչպիսիք են՝ Թուրքիան, Իրանն ու Իսրայելը, փորձում են նույնպես իրենց կամքը պարտադրել Մերձավոր Արեւելքում եւ Միջերկրական ու Էգեյան ծովերում՝ ներթափանցելով նախկինում գերտերությունների բացառիկ իրավասության գոտիներ:
Գ. Մի շարք հակամարտություններ կառավարվում են միասնաբար գործող տարածաշրջանային տերություների կողմից՝ առանց ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի որեւէ նշանակալի ներգրավման։
Դ. Այս փոփոխությունների հետեւանքով իշխանության հարաբերություններում առաջացած անորոշություններն ավելի են սրվում ազատական կարգի նահանջի հետեւանքով՝ նույնիսկ Եւրոպայում եւ, հնարավոր է, ԱՄՆ-ում. կարգ, որը հանդիսանում էր վարչակարգերն ու կառավարությունները գնահատելու մի գերիշխող արժեհամակարգ։
Ե. ԱՄՆ նոր վարչակազմը եւ Արեւմուտքը դեռ չեն գտել նոր աշխարհակարգի համար մի արդյունավետ հայեցակարգ, որը հաշվի կառնի ձեւավորվող իրողություններն ու տեսանելի ապագայի համար կկարողանա կարգավորել միջազգային հարաբերությունները՝ այլ խոշոր տերությունների հետ համաձայնեցված այս նոր, բազմաբեւեռ միջազգային համայնքում։
Զ. Հայաստանին մոտ եւ հեռու գտնվող տարբեր պետությունների քաղաքականությունների, որոշումների ու վարքի վրա ազդող գործոնները հասկանալու եւ վերլուծելու գործում՝ Հայաստանի քաղաքականություն մշակողները պետք է ուշադրություն դարձնեն ակնհայտ աշխարհաքաղաքական/աշխարհառազմավարական գործոններից անդին որոշիչ դեր կատարող այլ գործոնների։ Խոսքն այստեղ տնտեսական գործոնների մասին է՝ ածխաջրածնային պաշարներից բացի, ինչպիսիք են, օրինակ, այս կամ այն ոլորտում ներդրումային հնարավորությունները, որոնք կարող են շահույթ ապահովել, ինչը բոլոր երկրների բիզնես ղեկավարները փնտրում են, եւ ինչի նկատմամբ կառավարությունները նույնպես անտարբեր չեն։
- Արեւմուտքը եւ տարածաշրջանային/միջազգային կազմակերպությունները
Ա. Եւրոպական Միությունն աննախադեպ մարտահրավերների է բախվում թե՛ իր ներսում, թե՛ հարակից տարածքներում։
Բ. ՆԱՏՕ-ն տկարացել է մի շարք գործոնների հետեւանքով. անդրատլանտյան կապերի թուլացման, Թրամփի վարչակազմի քաղաքականության եւ (ՆԱՏՕ-ի չափանիշներով) Թուրքիայի «անազնիվ» քաղաքականության հետեւանքով. Թուրքիայի, որը հանդիսանում է այդ կազմակերպության ամենակարեւոր անդամը՝ հարավում, եւ ունի նրա երկրորդ ամենակարեւոր բանակը։
Գ. Նմանապես, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունները, ներառյալ ՄԱԿ-ը եւ ԵԱՀԿ-ն, կորցրել են իրենց լծակների մեծ մասը։
Դ. Արեւմուտքը չի հանդիսանում եւ չի ցանկանում հանդիսանալ 2020 թ. Ղարաբաղյան պատերազմի արդյունքները հետ շրջելու կամ նոյեմբերի 10-ի հայտարարությունը փոխելու գործոն։ Ներկայիս արդյունքները շատ տարբեր չեն նրանից, թե ինչ է եղել Արեւմուտքի՝ մնացյալ միջազգային հանրության հետ համատեղ մշտապես հետապնդած արդյունքը։ Նրանք հույս ունեին, սակայն, որ այդ արդյունքը պիտի ձեռք բերվեր բանակցությունների միջոցով՝ առանց այդքան կյանքերի եւ միջոցների կորստի, եւ իրենց լիակատար մասնակցությամբ։
Ե. Այդուհանդերձ, Արեւմուտքը գիտակցում է, որ դուրս է մնացել հավասարումից, աշխարհաքաղաքական առումով՝ նույնիսկ Հարավային Կովկասից։ Ղարաբաղի հակամարտությունը այն հարցերից մեկն էր, որն Արեւմուտքը, մասնավորապես ԱՄՆ-ը, 1990-ական թվականներին օգտագործեց որպես Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական հավասարման մեջ մուտք գործելու անցակետ։ 2020 թ. պատերազմը եւ ռուսական-թուրքական դերը դրա առաջընթացի ու ավարտի հարցում Արեւմուտքի համար հանդիսացան դիրքի կորուստ։ Չնայած ԱՄՆ-ը եւ Եւրոպան պատրաստ չեն թշնամանալու Ադրբեջանի եւ նույնիսկ Թուրքիայի հետ, կարծես նրանք որոշել են օգտագործել հրադադարի հայտարարությանը հաջորդած տակավին չլուծված հարցերը՝ դեռեւս այս շարժուն գործընթացների մեջ որպես լիիրավ գործընկերներ վերադառնալու համար։ ԱՄՆ-ը եւ Եւրոպան կարող են օգտակար լինել, եթե Հայաստանն ու Ղարաբաղը ձեւակերպեն ողջամիտ քաղաքականություն՝ իրատեսական նպատակների հասնելու համար։ Թեեւ ներգրավվելու այս նոր ցանկությունը կարող է օգուտներ բերել հայկական կողմին, Հայաստանը պետք է զգույշ լինի, որպեսզի այն չընդունի որպես հակակշիռ՝ համարժեք նրան, թե ինչ են Ռուսաստանն ու Թուրքիան միասնաբար ներկայացնում, կամ որպես մի ռազմավարություն, որը կարող է հանգեցնել 2020 թ. նոյեմբերի 10-ի հրադադարի հայտարարությամբ Հայաստանին պարտադրված պայմանների արմատական փոփոխության։
Զ. Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը, մեծ հաշվով, տիրապետում է հսկայական միջոցների եւ անցյալում նպաստել է Հայաստանի զարգացմանն ու բարեկեցությանը։
- ԱՄՆ
Ա. ԱՄՆ-ը կարող է այլեւս կամք չունենալ, եւ գուցե նույնիսկ հնարավորություն, տարածաշրջանային վեճերում երկարաժամկետ ռազմական միջամտության համար, ինչպես դա եղել է անցյալում։ Աֆղանստանի եւ Իրաքի պատերազմներն ամերիկյան ուժի սահմաններն ակնհայտ դարձրին։ Բացի այդ, ներքին խնդիրների պատճառով ԱՄՆ-ը նաեւ կորցրել է փափուկ ուժ գործադրելու իր ազդեցության մի մասը։
Բ. Շահերի բախումից եւ մրցակցությունից այն կողմ այդ մրցակցություններին ավելանում է գաղափարական կողմը: ԱՄՆ-ը շահարկում է մենատիրականությունը (authoritarianism) եւ մարդու իրավունքները։ Իսկ նախագահ Պուտինը քննադատում է Արեւմտյան ազատական ժողովրդավարություններն ու Վաշինգտոնյան համաձայնությունը՝ աշխարհի շատ մասերում գտնվող անապահով սոցիալական խավերի կարիքների նկատմամբ անուշադիր լինելու համար։ Պուտինը կոչ է արել վերահաստատել ազգային տնտեսությունները եւ կարգավորել հակամարտությունները՝ տարածաշրջանային, այդ նպատակով ստեղծված ժամանակավոր համագործակցային դաշինքների միջոցով:
Գ. ԱՄՆ-ը, հնարավոր է, կարողանա Թուրքիային վերադարձնել իր ճամբարը, չնայած դա չի կարող լինել այն նույն բանաձեւի հիման վրա, ինչն անցյալում էր։ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕի՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կայունացնելու նոր փորձը ստիպված պիտի լինի հաշվի առնել Թուրքիայի շահերը՝ ինչպես դրանք սահմանում է այդ երկրի ներկայիս իշխանությունը։
Դ. Կառավարությունն ու քաղաքական առաջնորդները Հայաստանում պետք է զգուշորեն մտածեն նախքան անդրադարձային (reflexive) գայթակղությանը տրվելը՝ ենթադրելու համար, թե ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վատթարացումն անպայմանորեն օգտակար է Հայաստանին։ ԱՄՆ-ը եւ Եւրոպան Հայաստանի օրակարգը չեն որդեգրելու որպես իրենցը, եւ այն, թե որքանով նրանք Թուրքիային կկարողանան մղել դեպի իրենց սեփական օրակարգերն ու արժեքները, սահմաններ ունի։ Նրանք կարող են օգտակար լինել, եթե Հայաստանի խնդրածն իրենց իսկ մոտեցումների տրամաբանության մեջ լինի, կամ եթե այն, ինչ Հայաստանը խնդրում է, նրանցից քիչ ծախս պահանջի կամ ոչինչ չարժենա։
Ե. ԱՄՆ-ը գուցե դեռեւս հետապնդում է երկարաժամկետ նպատակ. իր տնտեսական, ու թերեւս նաեւ քաղաքական նախատիպն այնպիսի երկրների պարտադրել, ինչպիսիք են՝ Ուկրաինան, Իրանը եւ Ռուսաստանը, որոնք Թուրքիայի հետ համատեղ ներկայացնում են 350 միլիոն սպառողների շուկա։ ԱՄՆ-ը կշարունակի պատժամիջոցներ կիրառել նրանց առաջնորդների նկատմամբ, մինչ իր հիմնական մրցակիցը՝ Չինաստանը, իր շահերն է հետապնդում՝ այլ երկրներին ֆինանսական ու առեւտրային օգնություն առաջարկելով, ներառյալ՝ այդ պետությունների համար իր հսկայական շուկան բացելով
- Տարածաշրջանային ուժերն ու Հարավային Կովկասը
Ա. Ինքն իրեն համարելով պաշարման մեջ գտնվող միջնաբերդ՝ Ռուսաստանն իրեն պաշտպանում է Արեւմուտքի շարունակական առաջխաղացումից։ Արեւմուտքի կողմից շրջափակման ուրվականը կամ նույնիսկ ավելի վատը, Ռուսաստանի ռազմավարական մտածողության այն որոշիչ տարրն է եղել, որը մղել է ռուսներին նախընտրելու բռնապետական վարչակարգերը եւ առավել հաճախ հակադրվելու եւրոպական նախատիպին։ Սակայն եւրոպական նախատիպը որդեգրելու գայթակղությունը 30 տարի շարունակ դրսեւորվել է նախկին խորհրդային հանրապետություններում՝ Բելառուսում, Մոլդովայում, Ուկրաինայում եւ Հարավային Կովկասի հանրապետություններում։
Բ. Ռուսաստանի քաղաքականությունը գնահատելիս պետք է նշել, որ Ռուսաստանը երբեք չի խոստացել օգնել Հայաստանին՝ Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման դեպքում։ Ընդհակառակը. Ռուսաստանը բավականաչափ հստակորեն հասկացրել է,որ հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը նշանակում է, որ Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մասը։ Մոսկվան նաեւ չմիջամտեց 2016 թ. Եւ 2020 թ. հուլիսին սրված ռազմական գործողությունների ժամանակ։ Ռուսաստանը մի քանի անգամ է առաջարկել իր փոխզիջումային լուծումները, նույնիսկ վերջին երկու տարիների ընթացքում. լուծումներ որոնք Հայաստանն ու Ղարաբաղը մերժել են։ Հիասթափված լինելը արդարացի հակազդեցություն չէ, երբ այն, ինչի հույս ունեիր, քեզ երբեք չէին խոստացել։ Ռուսաստանի վարքագիծը կարելի է հարցականի տակ դնել այլ հարցերի առնչությամբ։
Գ. Չնայած Ռուսաստանի քաղաքականության ու մտադրությունների վերաբերյալ կան անհերքելի փաստեր, որոնք հայտնի են, եւ որոշ իրողություններ, որոնք կանխատեսելի են, գոյություն ունեն շատ ավելի հանգամանքներ, որոնք հայտնի չեն։ Քաղաքականություններն ու ռազմավարությունները պետք է կառուցել բազմաթիվ հնարավոր սցենարների լավագույն պատկերացման վրա։
Դ. Հայաստանի եւ Ղարաբաղի կողմից երկարաժամկետ ծրագրի կազմումը պետք է ներառի այն հավանականությունը, որ Ռուսաստանը կարող է լքել Ղարաբաղը, ինչպես դա տեղի ունեցավ 1991 թ.-ին. Ռուսաստանը նաեւ պատրաստվում էր լքել Հայաստանը 1992 թ.-ին, եթե ռուսական բազայի ներկայությունը շարունակելու Հայաստանի խնդրանքը չլիներ։
Ե. Վերջին պատերազմի մեջ ներգրավվելու՝ ժամանակի եւ ձեւի ընտրության հարցում Ռուսաստանի նպատակներից մեկը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաղորդակցությունների բացման ապահովումն էր։ Ռուսաստանը նաեւ հետապնդում էր իր սեփական շահերը՝ պատերազմի կառավարման մեջ եւ հրադադարի պայմանների հարցում։ Այդպիսի մի նկատառում էր, թերեւս, Վրաստանով Հայաստան ու Իրան անցնող ճանապարհներին մի այլընտրանք ստեղծելը՝ որպես Վրաստանին պատժելու մի եղանակ՝ ՆԱՏՕ-ի եւ Արեւմուտքի հետ վերջինիս շարունակվող բացահայտ ու ամուր գործընկերության համար։
Զ. Ռուսաստանը մեծացրել է վերահսկողությունը հայկական Ղարաբաղից մնացած հատվածի վրա եւ այսպիսով կարող է Հայաստանին ավելի հաստատուն կերպով տանել դեպի իր ուղեծիր. այնքանով, որքանով հայկական քաղաքականությունը կախված է Ղարաբաղից։
Է. Հայաստանի կապվածությունը ռուսական աշխարհին, սակայն, առհասարակ չի վիճարկվել միջազգայնորեն, չնայած Արեւմուտքը շարունակել է Հայաստանին լրացուցիչ այլընտրանք առաջարկելու իր փորձերը։ Հայկական կողմը հույս ունի, որ ռուսական ուղեծրում, ինչպես ԽՍՀՄ տարիներին, կօգտվի Ռուսաստանի Դաշնության շռայլությունից եւ Եւրասիական տնտեսական միության ու Շանհայի համագործակցության կազմակերպության մեջ նրա ունեցած ազդեցությունից։
Ը. Մյուս կողմից, Ռուսաստանին առավել մտահոգում է Ադրբեջանի կողմից Ռուսաստանի ուղեծիրը լքելու սպառնալիքը, որն ուղեկցվում է Թուրքիայի հետ Ադրբեջանի սերտ հարաբերություներով, Արեւմտյան ներդրումներից եւ արտասահմանում իր սեփական ներդրումներից կախվածությամբ։
Թ. Տեսանելի ապագայում Ադրբեջանը կմնա որպես իր սահմաններից դուրս գործող մի ուժ՝ առնվազն էներգետիկայի եւ օտարերկրյա ներդրումների ոլորտներում։ Կարելի է նաեւ ակնկալել, որ դեռես որոշ ժամանակ կշարունակի ռազմական գերակայությունը Հայաստանի նկատմամբ։
Հարկ է նշել, որ քանի որ Ադրբեջանի վերելքը կախված է ածխաջրածնային պաշարների արտահանումից, որոշ կանխատեսումների համաձայն՝ հում նավթի նրա պաշարները 10-15 տարուց կսպառվեն։ Այդուամենայնիվ, եզրակացություններ անելիս պետք է զգուշանալ այն հավանականությունից, թե Ադրբեջանը պակաս գերիշխող կլինի, հատկապես Հայաստանի համեմատությամբ։ Ադրբեջանը շարունակելու է զգալի եկամուտներ ստանալ բնական գազի իր պաշարներից, հնարավոր է նաեւ նոր նավթային ու գազային հանքավայրերի հայտնաբերումից, եւ, իհարկե, արտասահմանում ունեցած իր ներդրումներից ու իր տնտեսությունը բազմազանեցնելու (diversify) փորձերից։ Բացի դրանից, Ադրբեջանը օգտվում է եւ, հավանական է, որ կշարունակի օգտվել Թուրքիայի եւ մյուս սերտ դաշնակիցների բազմաբնույթ աջակցությունից։ Վերջապես, գիտակից լինելով իր խոցելի կողմերին, հավանական է, որ Ադրբեջանը կփորձի լուծել Ղարաբաղի հետ առնչվող բոլոր մնացյալ հարցերը՝ մինչ այդ պահը, եթե այն երբեւէ պիտի գա։ Հնարավոր է, որ իր այս վերջին պատերազմի ժամանակացույցի պատճառներից մեկը հենց դա էր։
Որոշումը, թե ինչ է անելու եւ ինչպիսին է դառնալու Հայաստանը 10 -15 տարի հետո, պետք է հաշվի առնի այս գործոնը, որը լուրջ եւ առարկայական վերլուծության պետք է ենթարկվի։
Ժ. Իր նոր առաջնորդի իշխանության գալով՝ Թուրքիան դուրս եկավ իր Անատոլիական տարածքից եւ ռազմական գրոհներ սկսեց իր սահմաններից անդին՝ կոպտորեն խախտելով քեմալիստական սկզբունքները, որոնցով 1923 թ.-ից ի վեր առաջնորդվում էին Թուրքիայի իշխանությունները: Կարելի է ակնկալել, որ Էրդողանը դեռեւս որոշ ժամանակ իշխանության ղեկին կմնա, նույնիսկ հակառակ Թուրքիայի ժողովրդի մեծամասնության տրամադրությունների։
Ի. Չնայած իր ճգնաժամերին ու դժվարություններին, Թուրքիան, հնարավոր է, դուրս գա ներկայիս իրավիճակից՝ որպես աշխարհաքաղաքական ու տնտեսական ավելի ուժեղ խաղացող։ Հայաստանը եւ հայ ժողովուրդը չպետք է ապավինեն Թուրքիայի հնարավոր թուլությանն ու տնտեսական ճգմաժամերին եւ նրա նկատմամբ պակաս խստապահանջ ու իրատեսական քաղաքականություն որդեգրեն։ Հայաստանը չպետք է ռեֆլեքսիվորեն մտածի, որ ճգնաժամում գտնվող Թուրքիան ավելի օգտակար է իր համար։ Ցեղասպանությունն իրականացվել է Օսմանյան կայսրության պատմության ամենաթույլ ու վատթարագույն պահին, երբ նրան որակում էին որպես «Եւրոպայի հիվանդ մարդ»։ Թուրքիան, ինչպես Օսմանյան կայսրությունն էր, կարող է թույլ լինել որոշ պետությունների համեմատ, սակայն ոչ թույլ՝ մի շարք այլ պետությունների համեմատ, ներառյալ Հայաստանի։ Նույնը ճիշտ է նաեւ Ռուսաստանի առնչությամբ։
Լ. Եթե Ադրբեջանը պատերազմ չհայտարարի Ռուսաստանին, դժվար թե Ռուսաստանը պատերազմ սկսի Ադրբեջանի դեմ, եթե նույնիսկ նրանց որոշ շահեր չեն համընկնում։
Խ. Ռուսաստանը նաեւ դժվար թե պատերազմի մեջ մտնի Թուրքիայի հետ, նույնիսկ եթե Ռուսաստանը կարող է ուրախ չլինել Թուրքիայի նեոկայսերական նախագծերով։ Այդ երկու երկրներն ավելի շուտ իրենց միջեւ կբաժանեն վիճելի օբյեկտներն ու գոտիները կամ միասին կտնօրինեն դրանք՝ մի շարք պատճառներով. ներառյալ Արեւմուտքին տարածաշրջանից դուրս թողնելու իրենց ավելի լայն շահը։
Ծ. Հարավային Կովկասի ապագան ավելի շատ որոշելու են Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ու, հնարավոր է, նաեւ Իրանի ղեկավարները, քան որեւէ այլ պետություն կամ դաշինք։ Չնայած այս երկրների փոխհարաբերություններն ու Հայաստանի վրա նրանց ազդեցությունը հեշտ չէ կանխատեսել, կարելի է վստահ լինել, որ այն երկրների ղեկավարները, որոնց տրամադրություններն առավել էական են լինելու, դեռեւս որոշ ժամանակ մնալու են իշխանության ղեկին։ Նույնիսկ եթե այս կամ այն առաջնորդի կամ առաջնորդների փոփոխություն լինի, ներկայումս գոյություն ունեցող ընդհանուր քաղաքականությունների ուրվագիծը դժվար թե տեսանելի ապագայում արմատական փոփոխության ենթարկվի այս երկրներից որեւէ մեկում։ Ընդհանուր գծերով, վերջին տարիներին բոլոր երեք խոշոր հարեւանները Հարավային Կովկասի նկատմամբ ունեցել են հետեւողական քաղաքականություն՝ չնայած ղեկավարների բազմաթիվ փոփոխություններին։
Կ. Ռուսաստանի եւ Թուրքիայի համագործակցությունը բազմաշերտ է, եւ հայկական բաղադրիչը այդ բարդ փոխհարաբերության միայն մեկ կողմն է. այն նաեւ ընթացքի մեջ գտնվող հարց է։ Գոյություն ունեն, անշուշտ, անհամաձայնության ու մրցակցության ոլորտներ։ Հստակ է, այնուամենայնիվ, որ երկու երկրներն էլ ցանկանում են Հարավային Կովկասը պահել իրենց ազդեցության սահմաններից ներս, եւ երկուսի շահն է Արեւմուտքին դուրս թողնել այն շրջանակից, որն իրենք համարում են իրենց ազդեցության գոտին։ Այս նպատակով նրանք նաեւ կամենում են Իրանին ավելի շատ ձայնի իրավունք տրամադրել: Այս առումով, Լեռնային Ղարաբաղի եւ նույնիսկ Հայաստանի շահերն այս երկրների ավելի լայն շահերի տեսանկյունից դառնում են երկրորդական։
Հ. Նույնիսկ եթե այս համագործակցությունը չտարածվի բոլոր հարցերի վրա կամ երկար կյանք չունենա, այն բավարար է Հարավային Կովկասի վրա այնպիսի ազդեցություն ունենալու համար, որը դեռեւս երկար ժամանակ կսահմանափակի Հայաստանի այլընտրանքները։
Ձ. Հարավային Կովկասում իրական եւ երկարաժամկետ խաղաղության, կայունության ու համագործակցության հաստատումը Ադրբեջանից ու Թուրքիայից կպահանջի գիտակցել, որ չնայած իրենց համար առավել կարեւոր հարցերը կարող են ամբողջությամբ կամ մեծ մասամբ լուծված լինել, հայկական կողմն ունի նույնքան օրինակարգ հարցեր, որոնք դեռեւս պետք է լուծել։ Երկարաժամկետ նպատակներն, այսպիսով, պետք է հաշվի առնեն այս խնդիրները։
1.2. Հայաստան
Ա. Կարեւոր է նշել, որ հետխորհրդային Հայաստանը ծնվել է մի երկսայր մարտահրավերից. ժողովրդավարական համակարգով աջակցվող ինքնիշխան պետության հիմնում եւ լուծման կարիք ունեցող ազգային հարցի՝ Ղարաբաղի ապագայի նկատմամբ պատասխանատվության ստանձնում։ Հայկական պետականության հետագծում այս երկու չափումները սերտորեն փոխկապակցված էին: (Տե՛ս հավելված Բ)
Բ. Հայաստանի թավշյա հեղափոխությունը արտաքին քաղաքականության, պաշտպանության կամ անվտանգության ոլորտներում շահաբաժիններ չապահովեց. այն նույնիսկ արժեք չունեցավ դիվանագիտական դաշտում ո՛չ պատերազմի 77 ժամանակ, ո՛չ էլ պարտությունից հետո։ Չնայած դրան, Հայաստանի քաղաքացիները եւս մեկ անգամ մերժեցին միահեծան եւ հիմնականում կոռումպացված նախորդ երկու վարչակարգերը՝ այդպիսով հիասթափեցնելով շատերին, ովքեր հույս ունեին, որ միահեծան վարչակարգին պարտվելը կամրացներ իշխանության վերադառնալու իրենց խաղաքարտերը։ Սրանք այն նույն ուժերն են, որոնք նաեւ պնդում են, որ Ռուսաստանի անվստահությունը Հայաստանի առաջնորդի եւ իր ժողովրդավարական հայացքների նկատմամբ պատճառ դարձան 2020 թ. պատերազմին Ռուսաստանի միջամտության ուշացման։
Գ. Հայաստանի արտաքին եւ անվտանգության քաղաքականությունները կառուցված էին որպես պատասխան 1990-ական թվականների կեսերի իրականությանը, որը բաղկացած էր հետեւյալ գործոններից.
- ԱՄՆ-ը գերիշխող եւ նախաձեռնող դեր ուներ միջազգային հարաբերություններում եւ հաճախ գործում էր որպես տարածաշրջանային տերությունների զսպման ուժ։
- Ռուսաստանը մշտապես հակադրվում էր ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային։
- Թուրքիան չէր համարձակվի մտնել Հարավային Կովկաս։
Այս ենթադրույթներն այլեւս ի զորու չեն։ Սա նշանակում է, որ Հայաստանի անվտանգության միջավայրը փոխվել է, եւ նրա քաղաքականությունը պետք է այժմ արտացոլի նոր իրողությունները։
Դ. Չորրորդ ենթադրույթը, որ Հայաստանը պաշտպանված էր թուրքական որեւէ հարձակման դեմ՝ Ռուսաստանի հետ իր 1997 թ. պայմանագրով, դեռեւս ուժի մեջ է։ Սակայն Ղարաբաղի դեմ վերջին պատերազմում Թուրքիայի նշանակալի աջակցությունն Ադրբեջանին` մտահոգություններ ու վախեր առաջացրեց։ Այս մտահոգությունները պետք է քննարկվեն Ռուսաստանի հետ, իսկ վախերը պետք է թոթափվեն։
Ե. Սակայն թիվ մեկ խնդիրը մնում է այս սպառնալիքների պատշաճ եւ առարկայական գնահատումը։ Թուրքիան Ադրբեջանին օգնեց նրա ռազմական արշավում, սակայն չնայած բարձրագոչ եւ համառ ահազանգերին ու նախազգուշացումներին, Թուրքիան չսպանեց ՀՀ ոչ մի քաղաքացու եւ ոչ էլ որեւէ թիզ տարածք վերցրեց։
Զ. Երբ սպառնալիքները չափազանցվում եւ մեծացվում են, երկիրը կորցնում է այդ հարցերը դիվանագիտորեն լուծելու հնարավորությունները, ինչպիսին, թերեւս, Թուրքիայի հետ հարաբերությունների դեպքում է. երբ սպառնալիքները թերագնահատվում են, երկիրը կորցնում է պատերազմներ, ինչպիսին Ադրբեջանի դեպքում էր` վերջին 20 կամ ավելի տարիներին։ Երկու հարեւաններին ատելը լավ հայի էությունը չէ, եւ ո՛չ էլ այն կարող է ռազմավարություն լինել։
Է. Հայաստանի արտաքին եւ անվտանգության քաղաքականություններ մշակելու եւ իրագործելու այլընտրանքները միշտ էլ սահմանափակ են եղել. այժմ դրանք է՛լ ավելի 78 են սահմանափակվել, հատկապես, երբ անվտանգությունն ընկալվում է ամենալայն իմաստով։
Ը. Հայաստանը եւ Ղարաբաղը չեն կարող անտեսել հատկապես երիտասարդների շրջանում արտագաղթի շարունակվող խնդիրը։ Այս միտումը կարող է խորանալ մոտ ապագայում, հատկապես, եթե այն, ինչ առաջարկվում է հաջորդ սերնդին, անորոշությունն է, անկայունությունն ու առկախ մնացած հարցերի չլուծումը, կամ ավելի վատ՝ մեկ այլ պատերազմ. սրանք բոլորն էլ պիտի խոչընդոտեն ներդրումներն ու խրախուսեն արտագաղթը։
Թ. Չնայած այս փաստաթուղթը չի անդրադառնում ներքին ճակատում հուզող շատ բարդ հարցերին, անհրաժեշտ է ընդգծել, որ փոքր պետությունների համար, հատկապես այնպիսիների, որոնք անկայուն անվտանգության պայմանների մեջ են, ինչպիսին Հայաստանն է, գործնականում անհնար է տարանջատել ներքին քաղաքականությունը արտաքին քաղաքականությունից, քանի որ այլ երկրները կարեւոր դեր են կատարում հանրապետության կյանքի գրեթե յուրաքանչյուր ոլորտում եւ քաղաքականություն մշակողների մտքերում։ Սա ծանր բեռ է դնում քաղաքական ուժերի եւ իշխանությունների վրա, որոնք պետք է ժողովրդին ներկայացնեն Հայաստանի իրական հիմնախնդիրներն ու այլընտրանքները, եւ նրանց առաջարկած լուծումներն ու այն ռազմավարությունը, որը պետք է օգտագործվի այդ լուծումներն իրականացնելու համար։
Ժ. Կառավարական, քաղաքական, մտավորական եւ մեդիա առաջնորդները պետք է խելացի ու խելամտորեն անդրադառնան՝ մեծ մասամբ չխոսվող, չուսումնասիրված, սակայն ակնհայտորեն իրական այն խնդրին, որը ցավ է պատճառում Հայաստանի հասարակության որոշ խավերին. այն կարելի է անվանել հակաղարաբաղյան տրամադրություններ, որոնք մեծացել են մի շարք պատճառներով։ Նման տրամադրություններին պետք է անդրադառնալ եւ դրանց դեմ պայքարել կառուցողական ու ոչ քաղաքականացված կերպով։ Եթե միջոցներ չձեռնարկվեն, անցյալի սխալները կկրկնվեն. ղարաբաղցիները կպիտակավորվեն, իսկ իրատեսները կհամարվեն դավաճաններ։
1.3. Ղարաբաղ
Ա. Ինչպես վերը նշվեց, Ղարաբաղի կարգավիճակը պարունակում է ոչ թե մեկ, այլ երկու բաղադրիչ հարցեր։ Առաջինն այն է, թե ո՞ւմ գերիշխանության տակ է այն գործում. սեփական ինքնիշխանությամբ որպես անկախ պետությո՞ւն, թե՞ մեկ այլ պետության կամ մանդատի ներքո։ Երկրորդն այն է, թե ինչպե՞ս է այն կառավարվում։
Բ. Արդյո՞ք Ղարաբաղի ապագա կարգավիճակն արդեն որոշված է, թե՞ այն դեռեւս բանակցությունների առարկա է։ Տարբեր դերակատարների դիրքորոշումները հակասական են եւ որոշ դեպքերում` առհասարակ փոխբացառող։ Սա լավ չէ ապագայի համար.
- Կարգավիճակի առաջին բաղադրիչի կապակցությամբ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ խնդիրը լուծված է. որ Ադրբեջանը՝ հայտարարելով Ղարաբաղի վրա դե յուրե ինքնիշխանության հաստատման մասին, այժմ նաեւ դե ֆակտո վերահսկողություն է հաստատել, բացառությամբ նախկին ԼՂԻՄ-ի՝ ինքնավար այդ տարածքի մի հատվածի, որը նա ժամանակավորապես վստահել է ռուս խաղաղապահներին։ Հարեւաններն ու մնացյալ միջազգային համայնքը համաձայն են Ադրբեջանի հետ։ Բաքուն ընդունում է, որ որոշ մանրամասներ պարզաբանման կարիք ունեն, սակայն դա կարելի է անել ավելի ուշ։ Այդ մանրամասները կարգավիճակի երկրորդ բաղադրիչի մասն են՝ ինքնավարության այն ձեւն ու աստիճանը, որ հայերը կարող են ունենալ։ Արդյո՞ք հայերը կունենան տարածքայնորեն սահմանված, ինքնակառավարվող հայկական Ղարաբաղ։ Ոչ, ասում է Բաքուն։ Երկարաժամկետ հեռանկարում, Ադրբեջանի կառավարության պնդմամբ, հայերը կարող են ապրել Ղարաբաղում, եթե ցանկանան, սակայն նրանք դա կարող են անել որպես Ադրբեջանի քաղաքացիներ եւ պիտի կառավարվեն որպես այդպիսիք։ Բաքուն կարծում է, որ այդ հայե՛րը պիտի ցանկանան լինել այդ շրջանի համար ծրագրվող՝ բարգավաճող տնտեսության մի մասը։ Ադրբեջանի նախագահը մինչ պատերազմը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզը կարող էր ինքնավարություն ունենալ Ադրբեջանի կազմում։ Բայց սա մինչ այն էր, երբ Ադրբեջանն ստիպված եղավ գնալ պատերազմի, որպեսզի հետ շրջի Ղարաբաղի առաջին պատերազմի արդյունքները։ Դժվար է ասել, թե այդ դիրքորոշումն արդյո՞ք նորից կփոխվի։
- Ռուսաստանի նախագահը, որ միջնորդ հանդիսացավ հրադադարի հայտարարության համար, պատերազմից հետո ավելի քան մեկ անգամ հայտարարել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում, որ նա ավելի վաղ չմիջամտեց պատերազմին, որովհետեւ Ռուսաստանը Ղարաբաղը համարում էր Ադրբեջան, եւ զորք ուղարկեց միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը խնդրեց։ Ուստի պարզ է, որ երբ Ռուսաստանը խոսում է կարգավիճակի խնդրի մասին, նկատի ունի կարգավիճակի երկրորդ բաղադրիչը. արդյո՞ք այն, ինչ մնացել է Ղարաբաղից, ապագայում ինքնակառավարվող տարածք է լինելու, արդյո՞ք Բաքվի կողմից ենթադրվող լուծումը պիտի հաղթանակի, թե՞ որեւէ մի այլ կարգավորում պիտի կիրառվի։
- Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն անդրադարձել է երկրորդ այս չափմանը՝ երկու փոքր-ինչ հակասական հայտարարություններով. (1) ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է զբաղվել այդ հարցով, եւ (2) կարգավիճակը պետք է քննարկել մի քանի տարի հետո, երբ հայերն ու ադրբեջանցիները ապրած կլինեն միասին, եւ մյուսները կարող են տեսնել, թե ինչպիսին են նրանց փոխհարաբերությունները. այն ժամանակ կարելի է լուծումներ պատկերացնել, որոնք այսօր անհնար են թվում։
- Ղարաբաղի իշխանությունը երկու բաղադրիչներն էլ համարում է չլուծված. նա չի ճանաչում Ադրբեջանի գերիշխանությունն այդ տարածքում, կտրուկ հայտարարել է, որ ոչ մի հայ չի մնա Ղարաբաղում, եթե Ղարաբաղը հայտնվի ադրբեջանական գերիշխանության տակ, նա դեռեւս նշում է անկախության համար պայքարի մասին եւ կասկած չունի, որ ցանկացած իրավիճակում պետք է ինքնակառավարվող լինի: Այդ իշխանության համար միակ կարեւորագույն փաստը ռուսական զորքերի ներկայությունն է, որոնք ներկայացնում են ավանդական Ռուսաստանին՝ հայերի պաշտպանին, որի հետ Ղարաբաղի իշխանությունն այսօր կապում է այդ տարածքի ապագան։
- 2020 թ. նոյեմբերի 10-ի հրադադարի հայտարարությունը, որը համաձայնությունից ավելին է, բայց պայմանագրից նվազ մի փաստաթուղթ, բացահայտորեն չի անդրադառնում կարգավիճակի հարցին։ Սակայն, այդ փաստաթղթի չորրորդ կետի առաջին նախադասությունը հայտարարում է, որ հայկական ուժերը դուրս կգան Ղարաբաղից ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայմանը զուգահեռ։ Հարցն այն է, թե ինչո՞ւ պիտի դուրս գան։ Ոմանց համար թաքնված պատասխանն այն է, որ Հայաստանի զորքերն իրավունք չունեն այնտեղ լինելու, քանի որ Ղարաբաղը ադրբեջանական տարածք է։ Այդուամենայնիվ, մինչ այսօր Հայաստանի կառավարությունը որեւէ հայտարարություն չի արել, որ համաձայն է այդ գնահատման հետ, եւ կան նշաններ, որ կառավարությունը նախկինի պես Արցախը Ադրբեջանի մաս չի համարում, եւ որ Մինսկի խումբը պետք է շարունակի բանակցել Ղարաբաղի ապագայի շուրջ։
- Բացի այդ, որեւէ երկիր, օտարերկրյա առաջնորդ, ոչ էլ տարածաշրջանային կամ միջազգային որեւէ կազմակերպություն չի դատապարտել Ադրբեջանին՝ նոր պատերազմ սկսելու եւ ոչ միայն յոթ գրավյալ տարածքները, այլեւ նախկին ԼՂԻՄ հարավային մասն ու Շուշին հետ վերցնելու համար։ Դատապարտումներ չկային, ուր մնաց արդյունքները հետ շրջելու պահանջներ լինեին, չնայած այն հանգամանքին, որ այդ արշավը մի շարք հատկանիշներ ուներ, որոնք հակասում էին միջազգային չափանիշներին։
- Այսպիսով, կարելի է ենթադրել, որ գոնե հարեւաններն ու միջազգային հանրությունը, ներառյալ «Հայաստանի ընկերները», վերահաստատել են իրենց այն դիրքորոշումը, որ Ղարաբաղը Ադրբեջանի մասն է, եւ այդ հաղթանակին հասնելու Ադրբեջանի կիրառած միջոցները որեւէ բան չեն փոխել ու չեն փոխելու։
- Նրանք, ովքեր հակառակն են պնդում, կարելի է ասել, որ ինքնախաբեության մի նոր շրջանի մեջ են ներգրավված։ Որեւէ այլ լուծում հետապնդելը, ինչպիսին, օրինակ, Ղարաբաղի անկախությունն է, ոչ միայն անօգուտ է, այլեւ ներկայիս պայմաններում կարելի է նաեւ վտանգավոր համարել։
Գ. Ղարաբաղում հայերին տրվելիք ինքնակառավարման մակարդակի առնչությամբ անորոշությունները մնում են. այն դեպքում, երբ ռուս խաղաղապահները դեռեւս 81 փնտրում են հստակորեն սահմանված մանդատ եւ իրենց պարտավորություններն ու իրավասությունները ճշտող փոխհամաձայնեցված կանոններ չունեն։ Ղարաբաղի հնարավորությունները շատ ավելի սահմանափակ կլինեն, քան Հայաստանինը։ Քանի դեռ ռուս խաղաղապահները Ղարաբաղում են, հավանական է, որ պիտի որոշեն, թե արդյոք Ղարաբաղի բանակը պիտի գոյություն ունենա, եւ եթե այո, որքան ժամանակով եւ ինչ նպատակով։ Բաքուն հայտարարել է, որ անհրաժեշտություն չի տեսնում, որ Ղարաբաղը զինվորներ ունենա։
Դ. Այս անորոշությունները չեն կարող նպաստել բոլոր ղարաբաղցիների՝ իրենց տները վերադառնալուն եւ այնտեղ երկարաժամկետ մնալու հանձնառությանը։ Դեռեւս ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը կարծես չեն շտապում վերացնել այդ անորոշությունը։
Ե. Ռուսաստանը հանգիստ է նոյեմբերի 10-ի հայտարարության հիբրիդային բնույթի հետ (ո՛չ պարզապես հրադադար, ո՛չ էլ լիարժեք միջազգային պայմանագիր), քանի որ այն համապատասխանում է իր շահերին, բացառությամբ նրա, որ փորձում է հստակեցնել իր խաղաղապահ զորքերի մանդատը։ Ռուսաստանը կցանկանար ամրապնդել իր ներկայությունն Ադրբեջանում՝ հստակ մանդատով. Ադրբեջանն առայժմ հնարամտորեն շրջանցել է այդ փորձերը։
Զ. Տարածաշրջանի ապագայի տեսանկյունից, որն առաջիկա մի քանի տարիներին առնվազն լինելու է ռուս-թուրքական (եւ իրանակա՞ն) տնօրինության տակ, եւ որտեղ, միեւնույն ժամանակ, հիմնական վիճակը անորոշությունն է, տարածաշրջանային տերություններից մեկը կամ երկուսն էլ կարող են ավելի կամ պակաս հաստատակամ լինել միջնաժամկետ հեռանկարում։ Ռուս խաղաղապահներին կարող է խնդրեն հեռանալ արդեն 2025 թ.-ին, առաջին հնգամյա ժամկետի վերջում, կամ դրանից հետո՝ ցանկացած հնգամյակի վերջին։ Չնայած ռուսական ներկայությունը Ղարաբաղում ենթադրում է, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի այնտեղ երկար ժամանակ մնալու համար, Մոսկվան կարող է որոշել, գոնե տեսականորեն, այլ քաղաքականություն հետապնդել ի՛ր իսկ պատճառներով։
Է. Որեւէ քաղաքականություն կամ գործողություն, որն արտացոլի նոյեմբերի 10-ի հայտարարությունը մերժելու կամ այդ փաստաթղթում ամրագրված պատերազմի ելքը ուժի գործադրմամբ շրջելու որոշում, կարող է պատճառ դառնալ, որ Ադրբեջանը վերկսի ռազմական գործողությունները Ղարաբաղի մնացյալ հատվածի նկատմամբ եւ, հավանաբար, կրկնի իր ճնշման արշավը Հայաստանի սահմանին։
Ը. Չպետք է մոռանալ, որ չնայած Ղարաբաղի ղեկավարները չէին հրավիրվել ստորագրելու 2020 թ. նոյեմբերի 10-ի հրադադարի հայտարարությունը, նրանք Հայաստանի վարչապետին հորդորել էին համաձայնել ցանկացած պայմանի եւ ստորագրել այդ հայտարարությունը, որպեսզի վերջ դրվի ադրբեջանական առաջխաղացմանը։ Այսպիսով, Ղարաբաղի իշխանություններն օգտվեցին Հայաստանի արած այդ քայլից եւ այդ առումով պատասխանատվություն են կրում։
Թ. Նոյեմբերի հայտարարությունն ունի անորոշություններ, որոնց մի մասը կառուցողական է։ Այդպիսի անորոշությունները հնարավորություններ են ընձեռում 82 բարելավելու Հայաստանի դիրքը՝ Ադրբեջանի հետ ճարտար ու դրական ոգով բանակցությունների վարման միջոցով։
Ժ. Այսպիսի երկիմաստությունների եւ անորոշությունների օգտագործմամբ է, որ Արեւմուտքը մտադիր է կրկին գործուն կերպով ներգրավվել քննարկումներում ու բանակցություններում, որի կարիքը Ադրբեջանը, Ռուսաստանն ու Թուրքիան չեն տեսնում։ Հայկական կողմը, հատկապես Հայաստանը, կարող է օգտվել Արեւմուտքի վերադարձից, եթե (ա) սխալ չմեկնաբանի այդ հարցում Արեւմուտքի՝ ավելի ներգրավման ցանկության պատճառները, եւ (բ) չգերագնահատի այն, ինչ Արեւմուտքը կարող է եւ պատրաստ է տալ։
Ի. Միջազգային համայնքին՝ Ղարաբաղյան հակամարտությանը կապելուն ուղղված քաղաքականությունը ծրագրելիս՝ Հայաստանն ու Ղարաբաղը պետք է գիտակցեն, որ պատերազմի արդյունքը (ա) նվազեցրել է հակամարտության մի շարք չափումների շրջանակը եւ (բ) այն դարձրել է տարաշածրջանային՝ ի համեմատ առավել միջազգայնացված բնույթի, որն ուներ մինչեւ պատերազմը։
Լ. Հակամարտությունը ներկայումս տեղափոխվել է նաեւ Հայաստանի սահմաններ։ Ադրբեջանն օգտագործում է հարձակողական հռետորաբանություն, ներառյալ մի նոր պատերազմի սպառնալիք. պատերազմ, որը կուղեկցվի ռազմական գործողություններով՝ Հայաստանի հետ իր սահմանին, եւ որը կհետապնդի երկու նպատակ: (ա) Հայաստանին պարտադրել արեւմտյան Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ բացելու հաղորդակցության/փոխադրական մի հատուկ կապ, որի մասին արձանագրված է 2020 թ. նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ։ Բաքվի կարծիքով, սա պետք է լինի Լաչինին համարժեք մի միջանցք, իսկ Հայաստանի կարծիքով՝ անհրաժեշտություն չկա հատուկ կարգադրության, որ բաց, բնական հաղորդակցությունը բավարարի այդ պահանջը: Եւ (բ) Հայաստանին պարտադրել, որ պաշտոնապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը կհանգեցնի Հայաստանի կողմից իր իսկ տարածքային ամբողջականության ճանաչման եւ վերջ կդնի իր՝ հետպատերազմյան անկայունություն առաջացնող վարվելակերպին։ Այս երկու՝ իրար հետ կապված հարցերի լուծումը, Հայաստանի թե Ադրբեջանի նախընտրած այլընտրանքով, նշանակալի հետեւանքներ պիտի ունենա Հայաստանի տարածքի, տնտեսության եւ սահմանամերձ համայնքների համար։ Հետեւաբար, Հայաստանը սա պետք է համարի իր արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրը՝ դառնալով այդ հարցի լուծման շահախնդիր կողմ եւ որոշում կայացնողներից։
1.4. Բանավեճի անհրաժեշտությունը
Ա. Մի երկրի համար, որի ընտրության հնարավորություններն արդեն սահմանափակ են, առողջ քննարկման ու բանավեճի անհրաժեշտությունը՝ ի տարբերություն բանավոր վիրավորանքների ու հիստերիկ աղմուկի, որոնք քննարկումն անհնար են դարձնում, խիստ կարեւոր են։
Բ. Բանավեճը կարող է սկսել՝ պատասխանելով մի քանի փոխկապակցված ու անմիջականորեն համապատասխան հարցերի. Հայաստանն ու Ղարաբաղն արդյո՞ք ընդունում են 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը։ Եթե այո, ապա դրան ի՞նչ է հետեւելու։ Եթե ոչ, ապա Հայաստանի կառավարությունը կամ Ղարաբաղի իշխանությունները ինչպե՞ս կառաջարկեին փոխել այն։ Եթե բանակցությունների միջոցով, ապա ո՞ւմ հետ։ Եթե պատերազմով, ապա ի՞նչ բանակով։ Արդյո՞ք Հայաստանի վերակառուցումը պիտի լինի նոր իրողությունների հիմքի վրա, թե՞ Հայաստանը նպատակ ունի փոխել իրողություններն ու Հայաստանը դնել մշտական պատերազմի ճանապարհին։
Գ. Այս եւ այլ հարցերի շուրջ արդյունավետ բանավեճի համար կարեւոր է սահմանել, թե կարծիքների տարբերություններն արդյո՞ք (ա) ռացիոնալ ու ստուգելի տարբերությունների վրա հիմնված վերլուծությունների պատճառով են, եւ, հետեւաբար, դառնում են մեկնաբանությունների հարց, (բ) զուտ քաղաքական բնույթի են, որ նշանակում է՝ դիրքորոշումներն ու քաղաքականությունները պարզապես իշխանության հասնելու հարմար գործիք են, (գ) փիլիսոփայական բնույթի են, որը նշանակում է՝ կան խոր ճեղքեր այն պատկերացումների միջեւ, որ տարբեր խմբերն ունեն Հայաստանի, հայ ժողովրդի ապագայի եւ տարածաշրջանի ու աշխարհի հետ նրանց հարաբերությունների մասին։
Դ. Երկրորդ հարցը, որին հիմա պետք է պատասխանել, այն է, թե ինչպիսի՞ Հայաստան են նրա ղեկավարներն ու ժողովուրդը պատկերացնում ապագայի համար՝ հաշվի առնելով պետության կարողություններն ու ներուժը, իրական ակտիվներն ու սահմանափակումները։ Այս հարցերի պատասխանը կսահմանի կամ գոնե պետք է սահմանի Հայաստանի կարճաժամկետ ու երկարաժամկետ քաղաքականությունները։ Պատրանքները պետք չէ ներկայացնել որպես տեսլական։ Տեսլականները, ի տարբերություն պատրանքների, պետք է համապատասխանեն այն ակտիվներին, որոնք կա՛մ ներկայումս առկա են, կա՛մ կարելի է դրանք ձեռք բերել պատշաճ ու խելացի ռազմավարություններով եւ ներդրումների միջոցով։ Հայաստանը եւ հայ ժողովուրդը չպետք է մոռանան, որ կենսունակ, գործող, մի խոսքով՝ բնականոն պետություն ստեղծելու նպատակը գոնե նախապայմանն է ցանկացած այլ տեսլականի, որ կարելի է փայփայել։
Ե. Թույլ կողմերը գիտակցելն ամոթ չէ, ներառյալ ուրիշների նկատմամբ ունեցած թուլությունները։ Դա չանելն է վնասակար։ Կոշտ հռետորաբանությունն ու առավելապաշտությունը չեն վերացնի անհավասարակշռությունը, բացառությամբ ներքին քաղաքական սպառման համար։ Հայաստանի եւ Ղարաբաղի խոցելի կողմերը այլապես տեսանելի են բոլորին։ Հնարավոր չէ փոխհատուցել ներկայիս թույլության նշանակությունը՝ վաղը գերտերություն դառնալու նախագծով, որը պահանջում է քաղաքացիներին մթության մեջ պահել, կամ որ ավելի վատ է՝ կուրացնել նրանց։
Զ. Կարեւոր է հիշել, որ այն, ինչ Հայաստանի առաջնորդներն ասում եւ անում են, նույնքան կարեւոր է իր հետեւանքներով, որքան այն, ինչ ուրիշներն են ասում եւ անում։
Է. Հայաստանի ղեկավարներն ու քաղաքացիներն ի վիճակ են եզրակացնելու, որ այս հարցերի շուրջ պետք է բանավեճի մեջ մտնել եւ պատասխանների միջեւ ընտրություն կատարել։ Քաղաքական կուսակցությունների, մտավորական վերնախավերի եւ ԶԼՄ-ների պատասխանատվությունն է վստահելի այլընտրանքներ ներկայացնել քաղաքացիներին՝ որպես Հայաստանի հավակնությունների համախմբման բանալի՝ գործող պետություն եւ ավելին լինելու համար:
ՍՊԻՏԱԿ ԹՈՒՂԹՆ ամբողջությամբ`այստեղ: