«Ինլայթ»-ը ներկայացնում է հատվածներ՝ ՍՊԻՏԱԿ ԹՈՒՂԹ՝ «2020 թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները» (Հուլիս, 2021) փաստաթղթից:
ՍՊԻՏԱԿ ԹՈՒՂԹԸ հեղինակել են պատմաբան, դիվանագետ, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարարի առաջին տեղակալ (1993-1994), պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը (Բոստոն), միջուկային ճարտարագետ, Հայ ուսանողների եվրոպական միության, ինչպես նաեւ մի քանի վերլուծական կենտրոնների համահիմնադիր Ռոբերտ Այդաբիրյանը (Փարիզ) եւ քաղաքագետ, Ֆրանսիայի ու Միացյալ Նահանգների տարբեր համալսարաններում դասախոս, 2018 եւ 2019 թվականներին արտասահմանում ՀՀ ՊՆ ավագ փորձագետ Թալին Փափազյանը (Էքս ան Պրովանս):
Փաստաթուղթը պատրաստելու համար հեղինակներն ուսումնասիրել են մեծ թվով փորձագետների տեսակետները. այդ կարծիքներն ամփոփված են Մաս I-ում: Փաստաթղթի հեղինակների սեփական դիտարկումները, առաջարկություններն ու եզրակացությունները ներկայացված են են Մաս II-ում: Իսկ Մաս III-ը բաղկացած է ուսումնասիրությանը վերաբերող հավելվածներից ու նյութերից:
Փաստաթղթում՝ մասնավորապես Մաս II-ում, արտահայտված մտքերը, դիտարկումներն ու տեսակետները պատկանում են փաստաթղթի հեղինակներին եւ կարող են չհամընկնել «Ինլայթ»-ի տեսակետներին:
Մի Սպիտակ թղթի ստեղծումը, որի փորձն արվեց այստեղ՝ ազգային աղետից հետո, բարդ վարժանք է այնքանով, որքանով այն պահանջում է վերագործարկում (reset): Դժվարությունն այն է, որ պետք է պահպանել այն, ինչը կարեւոր է Հայաստանի համար եւ ինչի վրա կարելի է կառուցել. եւ թողնել այն, ինչը կարող է թվալ կարեւոր այս կամ այն մակարդակում, բայց դա կա՛մ անիրագործելի է, կա՛մ մեծ դժվարություններ է ստեղծում առավել կարեւորի համար: Կարող ենք նաեւ նշել, որ Հայաստանում արագ փոփոխվող հանգամանքները՝ այս Սպիտակ թղթի վերջնական խմբագրման եւ թողարկման պահերի միջեւ, կարող են այս փաստաթղթի որոշ տարրերը դարձնել իրականությունից կտրված կամ ավելի վատ: [հատված ՍՊԻՏԱԿ ԹՂԹԻ Նախաբանից]
ՄԱՍ II
Բաժին 2. Առաջարկություներ [էջ 85-90]
Մինչ առանձին մտահոգություններին ու առաջարկություններին անդրադառնալը՝ շատ օգտակար է կրկին նշել Հայաստանի ապագայի համար առանցքային կարեւորություն ունեցող երեք հիմնական ուղղությունները, որոնք 2018 թ.-ին ձեւակերպել էր հանգուցյալ ականավոր դիվանագետ Ռուբեն Շուգարյանը.
Ա. Հայաստանը պետք է իր տունը կարգի բերի։
Բ. Հայաստանը պետք է համաձայնեցնի պետական եւ ազգային շահերն՝ առհասարակ, սակայն հատկապես հակամարտությունների ու պատերազմների ժամանակ։
Գ. Հայաստանը պետք է ազգային ինքնության հարցերի շուրջ լուրջ քննարկում ունենա, որը կարող է հանգեցնել համաձայնության՝ այն հարցի շուրջ, թե որտեղ է գտնվում Հայաստանը մշակութային եւ քաղաքական առումով: [1]
Քաղաքականություն մշակելու չորս եղանակ կա.
- Ռեֆլեքսորեն կամ ամբարտավան ինքնագոհությամբ,
- Մտածելով ինստիտուցիոնալ կամ կուսակցական շահերի մասին,
- Կեղծելով վերլուծությունը. սկսելով կարծիքից կամ համոզմունքից, ներկայացնելով այն որպես լուրջ քննարկման եզրակացություն, այնուհետեւ վերադառնալով վերլուծությանը՝ գտնելու այն արդարացնող փաստեր եւ փաստարկներ,
- Իրականում ճիշտ հարցադրումն անելով, վերլուծելով ու գնահատելով՝ առանց կանխորոշված արդյունքների, հաշվի առնելով կարճաժամկետ ու երկարաժամկետ փոփոխություններն ու օրինաչափությունները, որոնք հանգեցնելու են լավագույն հնարավոր արդյունքներին։
Սույն զեկույցի հեղինակները կարծում են, որ Հայաստանն ու Ղարաբաղն այլեւս չեն կարող իրենց թույլ տալ առաջին երեք տարբերակների շռայլությունը. որոնք կարող են հանգեցնել եւ հանգեցրել են աղետալի հետեւանքներով պատրանքների վրա հիմնված քաղաքականության։
Հեղինակների առաջարկությունները վերաբերելու են քաղաքականության մշակման եւ իրագործման երկու փուլերին: [2]
Առաջին փուլը ներառում է անմիջական մտահոգությունները։ Ի՞նչ պետք է անել, եւ ինչ ՉՊԵՏՔ է անել ՀԻՄԱ։ Փոքր պետությունները, հատկապես նրանք, որոնք հայտնվել են սարսափելի իրավիճակում, հաճախ հավելյալ դժբախտություններ են ստեղծում՝ «ինչ ՉՊԵՏՔ է անել»-ու ցուցակ չունենալու պատճառով։
2.1. Անմիջական մտահոգություններ
Քայլեր, որոնք պետք է ձեռնարկվեն հիմա
Ա. Հայաստանի կառավարությունն ու հայ քաղաքական ուժերը պետք է գիտակցեն պետության ու ժողովրդի կրած կորուստներն ամբողջությամբ ու խորությամբ, որոնք կխոչընդոտեն քաղաքականություն ձեւավորելու եւ իրագործելու Հայաստանի կարողությունը, ինչպես նաեւ առկա քաղաքական ընտրանքների սահմանափակ բնույթը։ Առանց այդպիսի գույքագրման կառավարությունն, ավելի հավանական է, որ նոր սխալներ թույլ տա։
Բ. Անհրաժեշտ է ստեղծել անկախ հետաքննական մի հանձնաժողով, որը կուսումնասիրի այն գործընթացներն ու քայլերը, որոնք Հայաստանին հանգեցրին պատերազմի, եւ պարտության պատճառները՝ ի հակակշիռ մասնակի տեղեկատվության արտահոսքի վնասաբեր գործելակերպի։ Այդպիսի հանձնաժողովը պետք է ունենա հետաքննության համար բոլոր լիազորությունները, սակայն լինի կառավարությունից անկախ, եւ ազատ՝ քաղաքական ազդեցությունից ու միջամտությունից։ Հետաքննությունը պետք է լինի փաստերի վրա հիմնված եւ ապաքաղաքական։
Գ. Կառավարությունը եւ քաղաքական ուժերը պետք է ամբողջովին, ազնվորեն ու իրատեսորեն գնահատեն բուն պատերազմի ու նաեւ հակամարտության կողմերի դիրքորոշումների վերաբերյալ հեռու կամ մոտ գտնվող այլ երկրների, միջազգային կազմակերպությունների եւ միջնորդների քաղաքականություններն ու դիրքորոշումները՝ պատերազմից առաջ, դրա ընթացքում եւ դրանից անմիջապես հետո։
Դ. Կառավարությունը պետք է զգուշորեն կշռի ցանկացած քայլ կամ քաղաքականություն, որոնք չեն ընդունում մի պարզ իրողություն. ներկայումս Ղարաբաղի ճակատագիրն ավելի շատ կախված է Ռուսաստանից, Ադրբեջանից, թերեւս նաեւ Թուրքիայից, հնարավոր է նաեւ Իրանից։ Այս երկրներն ասելիք ունեն նաեւ Հայաստանի ընտրանքների եւ սեփական քաղաքականությունն իրագործելու կարողության վերաբերյալ։ Կառավարությունն, ուստի, խոհեմ կգտնվեր, եթե լրջորեն քններ այս պետությունների հետ գործ ունենալու ամենաարդյունավետ եղանակը։
Ե. Կառավարությունը պետք է սկսի պաշտպանության հայեցակարգի եւ զինված ուժերի նպատակի վերասահմանման գործընթաց՝ ներառելով օդային ուժի դերը, որը Զինված ուժերի խիստ ծախսալից մի ճյուղ է եւ որեւէ դեր չխաղաց վերջին պատերազմում։ 87 Կառավարությունը պետք է վերակազմի պետության զինված ուժերը՝ հաշվի առնելով նոր իրողություններն ու նոր տեխնոլոգիաները, իր պաշտպանության հայեցակարգի վերասահմանման հիման վրա։
Զ. Կառավարությունը պետք է նախաձեռնի իր անվտանգության ռազմավարության վերանայում, ներառյալ՝ նոր դաշինքների որոնում։
Է. Կառավարությունը պետք է նախաձեռնի իր արտաքին քաղաքականության խոր ուսումնասիրություն, բայց նաեւ վերարժեքավորի իր դիվանագիտությունը, վերանայի դիվանագետների պատրաստման հարցը, եւ վերաիմաստավորի Արտաքին գործերի նախարարության դերը։
Ը. Կառավարությունը պետք է նվազեցնի լարվածությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, եւ նրանց հետ բացի խոսույթի ուղիներ՝ խորհրդապահական կամ այլ կերպ, հասկանալու համար նրանց քաղաքականությունները՝ ուղղակի ճանապարհով ու սառնասրտորեն։ Այս քննարկումները կարող են վերածվել ներկայումս կամ ապագայում փոխադարձ շահագրգռություն ներկայացնող հարցերի շուրջ բանակցությունների։ Հարեւաններն ու միջազգային հանրությունը, վստահաբար, կսատարեին նման նախաձեռնությունները։ Սա ներառում է նաեւ Ռուսաստանը, որը բացահայտորեն հայտարարել է այդ մասին։
Թ. Կառավարությունը պետք է հրավիրի Հայաստանի եւ Սփյուռքի հնարավոր լավագույն ուղեղներին՝ օգնելու համար վերը նշված բոլոր հետազոտություններում եւ ուսումնասիրություններում, ներառյալ՝ կիբեր տեխնոլոգիաների եւ ՏՏ ոլորտների փորձագետների։
Ժ. Կառավարությունը պետք է հատուկ զգուշությամբ գնահատի իր բանակցող եւ որոշումներ կայացնող անձնակազմին։
Ի. Նոր կառավարությունը պետք է գործի այն հիմքով, որ « ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» նոր ստատուս քվոյի մեջ մտնելը չափից ավելի մեծ բեռ կլինի՝ հաշվի առնելով Հայաստանի ներկայիս բազմաշերտ թույլ կողմերը, եւ կխոչընդոտի սոցիալական ու տնտեսական կյանքի մի շարք ոլորտների զարգացումը։ Այս փաստը նույնպես պետք է հստակորեն ու միանշանակ կերպով հաղորդվի Հայաստանի ժողովրդին։
Լ. Հայաստանը կարող է եւ պետք է առաջնորդող դեր ունենա Ղարաբաղին բարձր մակարդակի տնտեսական ու սոցիալական օժանդակության տրամադրմամբ՝ մարդկային ռեսուրսների զարգացման հարցում։
Խ. Ղարաբաղի հետ համաձայնության մեկ կետը պետք է լինի այն, որ լավագույնը, որ նա հիմա կարող է անել, Ադրբեջանի հետ առկա իրավիճակի լիցքաթափումն է. այնպես, որ Ադրբեջանի ղեկավարները քաջալերվեն՝ շփման մեջ մտնելու համար Ղարաբաղի իշխանությունների հետ, եւ հակառակը. Ղարաբաղի իշխանություններն էլ քաջալերվեն՝ շփման մեջ մտնելու համար Ադրբեջանի հետ:
Ծ. Վերջապես, ինչ-որ ժամանակ՝ շատ շուտով, Հայաստանը պետք է արմատական, ռազմավարական որոշում կայացնի այն հարցի վերաբերյալ, թե ինչպես պիտի արձագանքի ստեղծված այս նոր իրողություններին, թե ինչպիսի պետության ու 88 հասարակության է ձգտում, եւ ինչ դեր պիտի ստանձնի Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Հենց այդ ընտրությունը կատարվի, այն պետք է ներկայացվի եւ ամբողջապես բացատրվի Հայաստանի ժողովրդին ու ողջ հայությանը։ Հայաստանն ու հայ ազգը արժանի են տեղեկացված լինելու, թե որտեղ են գտնվում եւ ինչ տարբերակներ ունեն, եթե Հայաստանը ցանկանում է խուսափել ձախողված պետություն լինելուց եւ կարեւոր դառնալ տարածաշրջանում ու դրանից դուրս։ (Տե՛ս Եզրակացություններում նկարագրված տարբերակները)։
Ինչ ՉՊԵՏՔ Է անել
Ա. Կառավարությունն իր դիվանագիտական խոսույթում չպետք է հիմնվի ռեֆլեքսային եւ հակազդական (reactive) քաղաքականությունների ու հռետորաբանության վրա։ Պետության դիվանագիտական հնարավորությունները չեն կարող սահմանափակվել ռեֆլեքսային հակառակությամբ ու թշնամական հռետորաբանությամբ, ինչը որոշ քաղաքական ուժեր ցուցաբերում են Հայաստանի չորս հարեւաններից երկուսի, նույնիսկ երեքի նկատմամբ. հռետորաբանություն, որը հեշտությամբ շփոթվում է քաղաքականության կամ ռազմավարության հետ։
Բ. Կառավարությունը չպետք է շփոթի լոբբինգը դիվանագիտության հետ, կամ ենթարկվի լոբբիստական չափանիշների ու նպատակների ազդեցությանը։ Դիվանագիտությունը մեծ ու փոքր ազգերի շահերի հետապնդումն է միջազգային ասպարեզում։ Լոբբինգը սփյուռքյան համայնքային կազմակերպությունների գործն է. նրանք պետք է պահպանեն ընդունող երկրների օրենքներն ու կանոնները, չեն կարող շատ հեռանալ այդ երկրների շահերից, ինչպես նաեւ ենթարկվում են ներհամայնքային մրցակցությունների ու տեղական նկատառումների։ Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովրդի ու պետության անվտանգության շահերը չեն կարող ստորադասվել լոբբիստական կազմակերպությունների պահանջներին։
Գ. Նմանապես, կառավարությունը եւ քաղաքական ուժերը չպետք է ազգային օրակարգը շփոթեն պետության օրակարգի հետ։ «Ազգը» ներառում է բոլոր հայերին, անկախ նրանից, թե որտեղ են նրանք գտնվում, ինչ վարչակարգերի ու կառավարությունների ներքո են ապրում։ Պետությունը տարածքայնորեն սահմանված միավորում է՝ հստակ սահմանված բնակչությամբ, որի անվտանգության ու բարեկեցության համար պետությունը պատասխանատու է միջազգային իրավունքներով ու պարտականություններով։ Պետությունն ունի կառավարություն, որը պատասխանատու է իր ժողովրդի առջեւ եւ նրա համար։ Պետության ու ժողովրդի, որի համար այդ պետությունը պատասխանատու է, կենսական շահերը չպետք է թուլացվեն, նույնիսկ՝ տապալվեն, փորձելով դա հաճելի դարձնել սփյուռքյան համայնքներին։
Դ. Կառավարությունը պետք է դիմադրի իր ներկայիս դիվանագիտությունը այնպիսի փաստարկների վրա հիմնելու գայթակղությանը, որոնց նպատակն է ապացուցել, որ Ադրբեջանն այս պատերազմը հաղթեց անարդարորեն, ինչը հավասարազոր է պարտության արդարացման ու կարեկցանք մուրալու վրա հիմնված դիվանագիտության։ Այլ երկրների կառավարությունները Հայաստանի կառավարությունից ավելի լավ գիտեն Թուրքիայի ու իսլամական ջիհադիստների կողմից Ադրբեջանին տրամադրված օգնության մասին։ Այդ փաստերը Ադրբեջանի հաղթանակը պակաս կարեւոր, իսկ Հայաստանի պարտությունը պակաս շոշափելի չեն դարձնում։
Ե. Կառավարությունը չպետք է մտածի, որ արտաքին քաղաքականության նպատակը Ադրբեջանի եւ Թուրքիայի հայտարարություններում ու գործողություններում սխալներ գտնելն ու դրանք գովազդելն է, կամ արտաքին քաղաքականությունը նման ցուցակների վրա հիմնելը։ Փոխարենը, կառավարությունը պետք է հաշվի առնի այս երկու երկրների բոլոր հայտարարություններն ու գործողությունները, եւ հասկանա Թուրքիայի ու Ադրբեջանի ողջ բարդ ու երբեմն հակասական քաղաքականությունները, որպեսզի բաց չթողնի դիվանագիտության միջոցով հիմնախնդիրներ քննարկելու եւ թերեւս նաեւ լուծելու հնարավորությունները։
Զ. Հայ դիվանագիտությունը պետք է խուսափի եւ զգուշանա մեծ տերությունների կողմից՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ունեցած Հայաստանի ներկայիս խնդիրների որեւէ հնարավոր գործիքավորումից (instrumentalization)։ Այլ կառավարությունները չունեն մշտական «ընկերներ» ու «թշնամիներ»։ Այդպիսի գործիքավորումները, ըստ սահմանման, հնարավոր են այլ երկրների շահերի ժամանակավոր համընկնումների պատճառով, եւ, հետեւաբար, ցանկացած ժամանակ ենթակա են փոփոխման ու հետշրջման։ Նման գործիքավորման իրական օգտակարությունը կարող է շատ քիչ լինել, սակայն բացասական հետեւանքները կարող են շատ ավելի նշանակալի լինել։
Է. Հայաստանի կառավարությունը չպետք է այլ կառավարություններին դերեր վերագրի, որոնք այդ երկրները չեն կարող ստանձնել, եւ որոնք նրանք, իրականում, չեն ստանձնել ու հստակեցրել են, որ չեն էլ ստանձնելու։ Եւ իր դիվանագետներին չպետք է այնպիսի հանձնարարություններ տա, որոնք անհնար է իրագործել։
Ը. Հայաստանը չպետք է ապավինի իր որեւէ թշնամի երկրի «մոտալուտ անկմանը» կամ որեւէ հակառակորդ առաջնորդի՝ իշխանությունից հեռացմանը կամ պարտությանը։ Նույնիսկ իրենց ամենաթույլ վիճակում, Հայաստանի շուրջը գտնվող երկրների մեծ մասը, որ կարեւոր են, ավելի ուժեղ են, քան Հայաստանը։
Թ. Կառավարությունը պետք է խուսափի հակառակորդ պետությունների եւ կառավարությունների նվաստացմանն ապավինելուց. որպես մի գործիք, որպեսզի ավելի ժողովրդավար եւ մարդու իրավունքների նկատմամբ ավելի մեծ հարգանք ունեցող պետություն երեւա։ Լավագույն դեպքում սրանք պարզապես շեղող երեւույթներ են, որոնք թվում է, թե քողարկում են իրական քաղաքական նպատակների կամ ռազմավարության բացակայությունը։
Ժ. Կառավարությունը եւ քաղաքական առաջնորդները չպետք է պատրանքայնությունը շփոթեն քաղաքական երեւակայության կամ հեռանակարային ծրագրի հետ։ Առաջինը բնորոշվում է իրականության հետ որեւէ առնչության բացակայությամբ, երկրորդը հիմնված է հասանելի, իրատեսական նպատակների եւ այնպիսի մեթոդների վրա, որոնք դեռեւս չեն օգտագործվել կամ դրանց մասին չեն մտածել։
Ի. Կառավարությունը չպետք է ենթադրի, որ այն, ինչ վատ է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, Հայաստանի ու Ղարաբաղի համար լավ է, կամ այն, ինչ լավ է նրանց համար, անհրաժեշտաբար վատ է հայկական կողմի համար։
Լ. Կառավարությունն ու քաղաքական առաջնորդները պետք է գիտակցեն, որ կարգախոսները, վեհ նպատակների հռչակումն ու բարոյական արժեքները ճանապարհային քարտեզ չեն հանդիսանում՝ երկարաժամկետ, նպատակաուղղված վերականգնման համար։
Խ. Կառավարությունը չպետք է պետական հաստատությունների ու գերատեսչությունների վրա դնի պատասխանատվություններ ու նպատակներ, որոնց նրանք չեն կարող հասնել, որպեսզի ցույց տա, որ հավակնում է վեհ ծրագրերի եւ գաղափարների:
Ծ. Հաշվի առնելով Հայաստանի զինված ուժերի ներկայիս վիճակը, Հայաստանի կառավարությունը պետք է իր ուժերի ներածին չափով ամեն ինչ անի՝ խուսափելու համար ռազմական գործողությունների վերսկսումից. անկախ երկարաժամկետ հեռանկարում որդեգրված նպատակներից։ Հայաստանն ու Ղարաբաղը չեն կարող իրենց նոր փորձություններ ու սխալ հաշվարկներ թույլ տալ։
1․ Does Armenia need a Foreign Policy? (Հայաստանն ունի՞ արտաքին քաղաքականության կարիք), բ. հրատարակություն, 2019, էջ. 269-270.) (Այս հատորից ավելի երկար, ներկայացուցչական մեջբերման համար տե՛ս Հավելված Դ)։ 2․ Սույն զեկույցը չի անդրադառնալու մոտալուտ մտահոգություններին, ինչպիսիք են՝ Ադրբեջանում դեռեւս կալանքի տակ գտնվող քաղաքացիական անձանց եւ ռազմագերիների վերադարձը, եւ այլ անմիջական մարդասիրական ճգնաժամեր, որոնք առաջ են եկել պատերազմի հետեւանքով ու որոնք համաձայնեցվել են 2020 թ. նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ։Ծանոթագրություն
ՍՊԻՏԱԿ ԹՈՒՂԹՆ ամբողջությամբ`այստեղ: