Շանթ Հարությունյանը եւ 88-ի մեր Մեծ Հացադուլը

Լիզա Ճաղարյան. Շանթ Հարությունյանը եւ 88-ի մեր Մեծ Հացադուլը

Այս հրապարակումը Լիզա Ճաղարյանի՝ Ղարաբաղյան շարժման մասին հուշերի շարքից է։ Շարքի մյուս հրապարակումները կարող եք ընթերցել այստեղ։

1988-ի մայիսից Երեւանում վերսկվեցին փետրվարի 26-ից ընդհատված հանրահավաքները, եւ Ղարաբաղյան շարժումը նոր փուլ մտավ: Հանրահավաքների նոր ալիքի պահանջն էր՝ Հայաստանի ԳԽ-ի նստաշրջանի գումարումը, որը պետք է հավանություն տար Հայաստանի կազմի մեջ մտնելու ԼՂԻՄ մարզխորհդի դիմումին: Այդ պահանջի իրականացմանը Շարժումը հասավ 1988-ի հունիսի 15-ին: Այս նպատակին հասնելու կարեւոր փուլերից էին մայիսի 26-ից Ազատության հրապարակում սկսված ուսանողական նստացույցը, որով հանրահավաքային պայքարը մտավ շուրջօրյա փուլ, եւ որով ուսանողությունը դրսեւորեց իրեն որպես պայքարի կարեւոր գործոն: Հունիսի 2-ին նստացույց անողների թիվը հասավ 400-500 մարդու, եւ Օպերայի հարթակում տեղ չմնալու պատճառով, լրացուցիչ նստացույց սկսվեց Բաղրամյան մետրոյի մոտ: Իսկ հունիսի 4-ից սկսվում է Շանթ Հարությունյանի եւ մյուսների հացադուլը, որի մասին էլ պատմում է հեղինակն իր նյութում:      Hambardzum.am

* * *

Հացադուլի մասին եմ պատմելու։ Իմ իսկ «հյուսած» ութսունության հովվերգությունը մի քիչ «խաթարելու եմ»։

Առաջին անգամ հարթակից հնչած «այսօրվանից հացադուլ եմ սկսում՝ մինչեւ…» հայտարարությունն ուղղակիորեն ալեկոծեց Ազատության հրապարակը։ Չեմ հիշում՝ ով էր հայտարարողը, բայց որ ցուցարարներիս մեծամասնությունը մտքում ճամփեց նրան էն աշխարհ ու այդ հեռանկարից սկսեց աղի-աղի արցունք թափել՝ եղած բան է։

Բողոքի այս ձեւի մասին լսած կայինք. ԱՄՆ-ում Սպիտակ տան առջեւ մեկը հացադուլ էր անում երկարուձիգ ամիսներ, եւ սովետական ագիտացիան ու պրոպագանդան հորթային հրճվանքով լծվել էր փտած կապիտալիստների այդ «զոհի» մասին ամենօրյա երկար-բարակ սրտապատառ լուսաբանմանը։ Չէի ասի, թե այդ ջանադիր չաչանակությունը մրմռացնում էր սովետական քաղաքացիներիս հոգիները։ Ախր էդ տնաշեն «զոհն» այնքան կուշտուկուռ տեսք ուներ, ու որքան էլ ուզում էինք ատելությամբ լցվել անհոգի իմպերիալիստների նկատմամբ՝ չէր հաջողվում։ Իսկ թե սովետներում ով՝ երբ ու որտեղ էր հացադուլ արել կամ անում, բնականաբար՝ տեղյակ չէինք, քանի որ Սովետական ազատ եւ լայնարձակ աշխարհում բոլորը երջանիկ էին ու խրոխտ, ո՞վ էր գլխից ձեռ քաշել, որ հացադուլ աներ։

Մե՛նք էինք մեր գլխից ձեռ քաշել, եւ հացադուլավորներն ավելանում էին ու ավելանում։ Հիմիկվա հացադուլավորների նման չէին, որ կամ՝ իրենց պասն ու ծոմը հասարակության վրա որպես հացադուլ էին «ծախում», կամ՝ նախաճաշի ու ճաշի միջակայքում էին «սովահար լինում»։

Տեղը տեղին հացադուլավորներ էին. հանրահավաքները շուրջօրյա էին, բոլոր հացադուլավորները օրական քսանչորս ժամ մեր աչալուրջ հայացքի ներքո էին նիհարում-մաշվում։ Ու որքան ավելի շատ էին մաշվում, այնքան ավելի սրտակեղեք էինք արցունք թափում լաց լինելու վարպետներս։

Ամենաազդեցիկը, իհարկե, քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի խմբի հացադուլն էր։ Ինչու՞ էր ամենաազդեցիկը։ Չեմ կարող ասել։ Գուցե Շանթի հայացքի մեջ կարդում էինք, որ պատրա՞ստ է մինչեւ մահ հացադուլ անել։ Ազատության հրապարակում իրենց հեշտ էր գտնել։ Միանման համազգեստով էին, ժապավեններով իրենց տարածքը փակել էին, որ ներսուդուրս անողներ չլինեն, ու հաց ուտողներս իրոք շատ անհանգիստ էինք էդ պատանիների համար, ու ամենաշատ արցունքն իրենց էր բաժին հասնում։ Շարվում էինք արգելաժապավենի շուրջը ու տառապում։ Բայց միայն տառապյալներս չէինք շարվում քաղցից օրեցօր թուլացողների շուրջը։ Պաղպաղակ ուտողներն էլ էին շարվում։ Ըհը՛, կանգնում էին քաղցից շաղված աչքերով հացադուլավորների դիմաց, ակնապիշ նայում սովից ճաքած շրթունքներով հացադուլավորներին ու չփչփացնելով վայելում իրենց պաղպաղակները։ Տառապյալներս, իհարկե, ցեխն էինք մտցնում նմաններին ու ցեխից չէինք հանում, բայց սրանց հեռանալուց հետո մեկ այլ պաղպաղակ ուտողների խումբ էր հայտնվում։ Իրոք, շշմելու հետաքրքիր ժողովուրդ ենք։

Տառապելը տառապում էինք, բայց զավեշտալի պահեր էլ կային։ Ասենք, Շանթի տղաներից (այդպես էինք ասում՝ Շանթն ու իր տղաները) մեկնումեկին մոտենում էր նրա մայրը կամ հայրը ու աչքերը ոլորելով, աջուձախ թարս չափելով ուտող-խմողներիս, շշուկով ասում՝ ա՛յ տղա, արի գնանք՝ մի բան գցիր բերանդ։ Հացադուլավոր տղան աչքերով Շանթին էր ցույց տալիս, այսինքն թե՝ մինչեւ Շանթը չասի՝ կերեք, ուտողը չենք։ Ի՞նչ ասեմ, այդպիսի տպավորություն է դաջվել հիշողությանս մեջ՝ կարծես Շանթը հրամանատար լիներ, տղաներն էլ՝ նրա զինվորները։

Շատ էին։ Խմբերով, երկուսով, միայնակ։ Ավելանում էին ու ավելանում։ Դե, որքան շատանում էին, այնքան՝ մեր տառապանքը պակասում էր։ Մանավանդ, օրերից մի օր երբ սկսեցինք ամենաշատը հացադուլավոր Խաչիկ Ստամբոլցյանի վտանգված կյանքի վրա ողբալ, ցուցարարներից մեկն ասաց. «Ի՞նչ եք խառնվել իրար, ինքը հա՛ էլ պաս ու ծոմ է պահում, հետն էլ՝ առողջությունն է վերականգնում, բա չգիտե՞ք, որ սովն էլ է հիվանդությունների բուժման միջոց»։ Չգիտեինք։ Իմացանք։ Իմացանք ու կամաց-կամաց հասկացանք, որ ոչ մեկն էլ էն աշխարհ չի գնալու։ Նախ՝ բժիշկների հոգատար հսկողության տակ էին, երկրորդ՝ հենց վատանում էին, շտապ օգնությունը վրա էր հասնում, վատացածին հասցնում հիվանդանոց, որտեղ գլյուկոզայի ներարկմամբ խելքի էին բերում, համով-համով ուտելիքներ հրամցնելով ավարտում «գործընթացը»։

Հիմա ժպտալով եմ պատմում, բայցեւ շատ անարդարացի կլինեմ, եթե չընդգծեմ, որ ինչպես «հանդիսատեսներս» չգիտեինք, որ հացադուլը մահացու չէ, նույնպես չգիտեին նաեւ իրենք՝ հացադուլավորները (երեւի թե միայն Խաչիկ Ստամբոլցյանը գիտեր) եւ անկեղծորեն էին կրում այդ ծանր փորձությունը։ Հանուն Լեռնային Ղարաբաղի ազատագրման։ Եվ ես այն օրերին էլ էի սիրում իրենց, հիմա էլ եմ սիրում։

Ու շարունակում եմ զարմանալ, որ Մեծ Հացադուլի այս սիրուն ու միամիտ պատմությանը քաջատեղյակներն ինչու՞ են տարիներ անց փորձում խեղկատակություն հիշեցնող հացադուլ-թամաշաներով մեզ «տանջել»։

Ինքս տանջվելու միտք չունեմ։ Հացադուլի «գնացքը» 88-ին գնացել է ու այլեւս չի վերադարձել։


Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ