«Ինլայթ»-ը ներկայացնում է հատվածներ՝ ՍՊԻՏԱԿ ԹՈՒՂԹ՝ «2020 թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները» (Հուլիս, 2021) փաստաթղթից:
ՍՊԻՏԱԿ ԹՈՒՂԹԸ հեղինակել են պատմաբան, դիվանագետ, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարարի առաջին տեղակալ (1993-1994), պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը (Բոստոն), միջուկային ճարտարագետ, Հայ ուսանողների եվրոպական միության, ինչպես նաեւ մի քանի վերլուծական կենտրոնների համահիմնադիր Ռոբերտ Այդաբիրյանը (Փարիզ) եւ քաղաքագետ, Ֆրանսիայի ու Միացյալ Նահանգների տարբեր համալսարաններում դասախոս, 2018 եւ 2019 թվականներին արտասահմանում ՀՀ ՊՆ ավագ փորձագետ Թալին Փափազյանը (Էքս ան Պրովանս):
Փաստաթուղթը պատրաստելու համար հեղինակներն ուսումնասիրել են մեծ թվով փորձագետների տեսակետները. այդ կարծիքներն ամփոփված են Մաս I-ում: Փաստաթղթի հեղինակների սեփական դիտարկումները, առաջարկություններն ու եզրակացությունները ներկայացված են են Մաս II-ում: Իսկ Մաս III-ը բաղկացած է ուսումնասիրությանը վերաբերող հավելվածներից ու նյութերից:
Փաստաթղթում՝ մասնավորապես Մաս II-ում, արտահայտված մտքերը, դիտարկումներն ու տեսակետները պատկանում են փաստաթղթի հեղինակներին եւ կարող են չհամընկնել «Ինլայթ»-ի տեսակետներին:
Մի Սպիտակ թղթի ստեղծումը, որի փորձն արվեց այստեղ՝ ազգային աղետից հետո, բարդ վարժանք է այնքանով, որքանով այն պահանջում է վերագործարկում (reset): Դժվարությունն այն է, որ պետք է պահպանել այն, ինչը կարեւոր է Հայաստանի համար եւ ինչի վրա կարելի է կառուցել. եւ թողնել այն, ինչը կարող է թվալ կարեւոր այս կամ այն մակարդակում, բայց դա կա՛մ անիրագործելի է, կա՛մ մեծ դժվարություններ է ստեղծում առավել կարեւորի համար: Կարող ենք նաեւ նշել, որ Հայաստանում արագ փոփոխվող հանգամանքները՝ այս Սպիտակ թղթի վերջնական խմբագրման եւ թողարկման պահերի միջեւ, կարող են այս փաստաթղթի որոշ տարրերը դարձնել իրականությունից կտրված կամ ավելի վատ: [հատված ՍՊԻՏԱԿ ԹՂԹԻ Նախաբանից]
ՄԱՍ II
2.3. Անվտանգության եւ պաշտպանության մասին [էջ 96-100]
- Առաջարկություններ ռազմական տեսության եւ պրակտիկայի ոլորտում
Ա. Ստեղծել հետաքննող հանձնաժողով 2020 թ. սեպտեմբերի պատերազմի տեսության պատրաստության եւ իրականացման հարցերով։ Այս փաստաթղթում այդ տեսությունը հասկացվում է որպես ռազմական գործողությունների իրականացման եղանակներ ու մեթոդներ, ինչպես նաեւ դրանց հետ կապված մարտավարություններ, տեխնիկա ու ընթացակարգեր։
Բ. Հայաստանի համար անհնար է ինքնուրույն պաշտպանել իր ներկայիս սահմանների ողջ երկայնքը (1300 կմ), առավել եւս, որ այդ սահմանները միջազգայնորեն համաձայնեցված չեն, եւ որքանով հարցը վերաբերում է Ադրբեջանին՝ դրանք «շփման գծեր» են։
Գ. Կառավարությունը կարիք ունի Ադրբեջանի հետ սահմանի պաշտպանության ապահովման համար պահանջվող կարիքների ամբողջական գնահատման, ինչպես 97 նաեւ հետազոտման, թե որտեղ է կառավարությունն այժմ այդ կարողությունների առումով:
Դ. Գնահատել, թե որտեղ են ամրացված տարածքներն անհրաժեշտ եւ օգտակար, եւ որտեղ ավելի հարմար կլինեն պաշտպանության այլ համակարգեր (ինչպիսիք են, օրինակ, պարեկությունը կամ տեխնիկական հսկողության համակարգերը)։
Ե. Հայաստանի ժողովրդագրությունը դանդաղ գործող ռումբ է եւ արդեն մեծ խնդիր։ Այս առումով, փոքր բանակի մասնագիտացումը պետք է լուրջ ուսումնասիրված տարբերակ լինի։ Թիրախը պետք է լինի մի ուժ, որի չափերը պետք է որոշել, սակայն այդ թիվը հստակորեն պետք է ավելի փոքր լինի, քան մինչ 2020 թ. պատերազմն էր։
Զ. Հայաստանը պետք է ուսումնասիրի ռազմական տեսության ոչ ռուսական տեսակներ եւ շեշտի, որ ռազմական գիտության (ի տարբերություն պատերազմական արվեստի) վրա հիմնված պատերազմի խորհրդային, ռուսական ձեւը եւ ալգորիթմները նույնիսկ Հայաստանին ստիպել էին անտեսել, թե ինչ կարող էր նա օգտագործել իր սեփական ուսումնասիրություններից ու փորձից։
Է. Տեսանելի ապագայում Հայաստանը չի կարող դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), ո՛չ էլ Ռուսաստանի հետ փոխադարձ պաշտպանության պայմանագրից, բացի եթե Ռուսաստանում մեծ խառնաշփոթ լինի. սակայն սա չի նշանակում, որ Ռուսաստանը պետք է լինի Հայաստանի ներկայիս բոլոր մարտահրավերների պատասխանը։
- Առաջարկություններ անվտանգության վերաբերյալ
Ը. Հայաստանի վաղեմի խնդիրն այն է, որ եթե նա ճկունության որոշ աստիճան չցուցաբերի, ապա ռազմական ցանկացած սպառնալիքի կամ սահմանային խախտման դեպքում կախված կմնա Ռուսաստանի՝ միջամտելու պատրաստակամությունից: Ուստի, երկարաժամկետ հեռանկարում, Հայաստանը պետք է ձգտի փոխել իր անվտանգության համակարգը։
Թ. Հայաստանը պետք է մշակի սպառնալիքները նվազեցնելու սեփական մոդելը՝ երկրի զինված ուժերի համար հստակ սահմանված նպատակներով։ Այս նպատակը նկատի ունենալով՝ պետք է լուրջ մտածել Հայաստանի չեզոքության տարբերակի շուրջ։ Այս տարբերակը լուրջ քննարկում է պահանջում։
Ժ. Անվտանգությունը պետք է հասկանալ հնարավորինս իր ամենալայն իմաստով։ Ցանկացած ոլորտ, որը կարող է ազդել հանրապետության տարածքային ամբողջականության եւ ինքն իրեն ու իր ժողովրդին, ինչպես նաեւ իր ժողովրդի բարեկեցության համար կենսական անհրաժետությունները պաշտպանելու կարողության վրա, պետք է համարվի անվտանգության սահմանման եւ օրակարգի մաս։ Այս առումով, ներքո հիշատակվածներն են այն ոլորտները, որոնք առանձնացվել են որպես Հայաստանի անվտանգության անբաժանելի բաղադրիչներ.
- Ֆիզիկական անվտանգություն. Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ժողովրդի կյանքին սպառնացող վտանգները,
- Դիվանագիտական անվտանգություն. համապատասխան դաշինքներ, որոնք դիվանագիտական աջակցություն են ապահովում միջազգային ասպարեզում,
- Կիբեր եւ ենթակառուցվածքային անվտանգություն. հարձակումներ, որ կարող են խաթարել կառավարության էական ճյուղերն ու ծառայություններ մատուցելու կարողությունը,
- Հաղորդակցության անվտանգություն. համապատասխան այլընտրանքային ուղիներ,
- Տրանսպորտային անվտանգություն, 6. Ջրի եւ սննդի անվտանգություն,
- Էներգետիկ անվտանգություն, 8. Շրջակա միջավայրի անվտանգություն՝ հաշվի է առնելով կլիմայի փոփոխության կարեւոր ազդեցությունը,
- Ժողովրդագրական անվտանգություն. նվազման միտումները հետ շրջելը,
- Մշակութային անվտանգություն. տարածաշրջանում ազգային ժառանգության պահպանություն,
- Տնտեսական ու ֆինանսական անվտանգություն,
- Քաղաքական անվտանգություն. իշխանության օրինակարգության վրա հիմնված կայունություն, կանխատեսելիություն [1]։
Ի. Նպատակահարմար կլիներ քննարկել նաեւ մի նոր չափում՝ «մտավոր անվտանգությունը», որը կարող է սահմանվել որպես մի այնպիսի միջավայրի ստեղծում ու պահպանում, ուր կապահովվեր հանրային քաղաքականության ու ազգային շահերի հետ կապված բոլոր հարցերի ազատ քննությունն ու դրանց շուրջ քննարկումը: Այսպիսի մթնոլորտի բացակայությունը մի գործոն էր վտանգավոր թվացող ընդհանուր համահավանության (consensus) զարգացման հարցում. մի համահավանություն, թե ինչպես պետք է լուծվեր Ղարաբաղյան հակամարտությունը:
Լ. Անվտանգությանը սպառնացող վտանգները, հատկապես ֆիզիկական անվտանգությանը, չպետք է քաղաքականացվեն կամ գաղափարականացվեն. Հայաստանը պետք է մշակի սպառնալիքների գնահատման՝ վստահելի, առարկայական եւ ոչ գաղափարախոսական շրջանակ (framework)։ Ցանկացած կառավարություն պետք է հնարավորինս հստակ սահմանի սպառնալիքները եւ տարբերակի իրական ու կարծեցյալ վտանգները։ Սպառնալիքի թերագնահատումը կարող է հանգեցնել աղետների. սակայն որեւէ պատճառով սպառնալիքների գերագնահատումը կարող է անհնար դարձնել այդ սպառնալիքը նվազեցնելու հնարավորությունը։
Խ. Դիվանագիտությունը՝ նախաձեռնողական դիվանագիտությունը, պետք է ընկալվի որպես Հայաստանի անվտանգության մարտահրավերների լուծման անբաժանելի մասը։ Համապատասխան ռազմական պաշտպանությունների ապահովումը եւ սպառնալիքների դեմ դաշինքների կառուցումը այդ լուծման միայն մեկ մասն են։ Մյուս էական մասը դիվանագիտության պատշաճ ու թիրախավորված օգտագործումն է։
- Առաջարկություններ Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ
Հայաստանը պետք է անցնի զինված ուժերի խորքային բարեփոխումների, որպեսզի լուծի ազգային անվտանգության հրատապ խնդիրները։
Նոր, կատարելագործված եւ ավելի ժամանակակից բանակի ջատագովությունը՝ որպես ռեֆլեքսային արձագանք 2020 թ. պատերազմի կորուստներին, չպետք է բավարարի Հայաստանին ու Ղարաբաղին։ Այդ բանակը հստակ առաքելություն պետք է ունենա։ Բայց ինչպիսի՞ն կարող էր լինել Զինված ուժերին (ԶՈՒ) տրված հանձնարարականը.
Ա. Պաշտպանել Հայաստանի սահմանները ներխուժումների՞ց, թե՞ դիմադրել այնքան ժամանակ, մինչեւ ապահովվի Ռուսաստանի աջակցությունը զավթիչի դեմ պայքարում։
Բ. Պատրաստ լինել օգնելու Ղարաբաղի մնացած հատվածի՞ն, եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները՝ այդ տարածքներն իր անմիջական վերահսկողության տակ վերցնելու համար։
Գ. Բավականաչափ կարողություններ կուտակել՝ հարձակման անցնելու եւ պատերազմը վերսկսելու համար՝ կորցրած տարածքները, ու թերեւս ավելին, հետ բերելու նպատակով։
(ԶՈՒ վերաբերյալ մանրամասն առաջարկությունների համար, տե՛ս Հավելված Ե)
- Սփյուռք
Ա. Կառավարությունը չպետք է չափից ավելի ապավինի սփյուռքյան կազմակերպությունների դիվանագիտական հնարավորություներին, որոնք իրենց կառավարությունների հետ աշխատելիս հիմնականում գործում են որպես լոբբիստական խմբեր։
Բ. Կառավարությունը չպետք է նաեւ գերագնահատի Սփյուռքի՝ ֆինանսական ու ներդրումային իրական կարողությունները։
Գ. Սփյուռքը կարող է գաղափարների, վերլուծությունների, տեսակետների եւ հետազոտությունների արժեքավոր աղբյուր լինել, ավելին, քան մինչ այժմ նրանից խնդրել են ներդրել. ի լրումն մարդասիրական ու հարակից այլ ոլորտների, որոնք մինչ օրս գերակայել են Հայաստան-Սփյուռք հարաբերություններում։
Դ. Ներդրումներ ապահովելու համար, հատկապես հանրապետության հարավում, կառավարությունը պետք է մշակի բիզնես ոճի ցուցադրություններ եւ չապավինի միայն ազգայնական ու հայրենասիրական հռետորաբանությանը։ Սփյուռքի գործարարները Հայաստանի ներդրումային միջավայրում աշխատելու բավականին փորձ ունեն՝ իմանալու համար, որ պետք է զգույշ լինեն, հատկապես ներկայիս իրավիճակը հաշվի առնելով։ Այս գործարարներից շատերը մեծ կորուստներ կրեցին Ղարաբաղում, ներառյալ՝ Շուշիում, կատարած ներդրումներից։ Հայաստանը պետք է ի վիճակի լինի համոզելու նրանց՝ ապագա կայունության եւ անվտանգության հարցում. ահա թե ինչու է նաեւ կարեւոր Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խոսելը։
Ե. Սփյուռքի մարդկային ռեսուրսների գույքագրումը պետք է ավարտվի եւ օգտագործվի հնարավորինս շատ ոլորտներում։ Սփյուռքի միջոցների մի զգալի մասը մնում է չօգտագործված։
Զ. Կառավարությունն, առհասարակ, պետք է թափանցիկ լինի՝ Սփյուռքից եկող միջոցների ծախսման հարցում, բայց հատկապես այն միջոցների, որոնք տրվել էին պատերազմի ժամանակ. պարբերական զեկույցների միջոցով եւ անհրաժեշտ մանրամասներով:
Է. Կառավարության եւ Սփյուռքի լոբբիստական խմբերի, քաղաքական կուսակցությունների միջեւ պետք է քննարկումներ ընթանան լոբբինգի ուղղության շուրջ՝ միմյանց դեմ աշխատելուց խուսափելու համար։ Այդուամենայնիվ, Հայաստանի կառավարությունը պետք է հասկանա, որ եթե Սփյուռքը կարող է իրեն թույլ տալ հիմնելու իր քաղաքականությունը պատրանքների վրա, եւ գուցե նույնիսկ նման պատրանքների կարիքն ունի՝ գոյապահպանության եւ համախմբման համար, Հայաստանի կառավարությունն ու Հայաստանի ժողովուրդը դա իրենց թույլ տալ չեն կարող։
1․ Շատերն են առաջարկել Հայաստանի անվտանգության հիմնախնդրի սահմանումներ ու լուծումներ։ Այս զեկույցի հեղինակների համար օգտակար է եղել Րաֆֆի Գասարճյանի հոդվածը. ”12 Imperatives for Armenia’s Future”, EVN Report, 1 դեկտեմբեր, 2020 թ.Ծանոթագրություն
ՍՊԻՏԱԿ ԹՈՒՂԹՆ ամբողջությամբ`այստեղ: