Ոսկեղենիկ նախաձեռնության 2021 թ. տարեվերջյան և 2022 թ. հունվարի հրապարակումները
Նախաձեռնության գաղափարը հղացվել և իրագործվում է կազմակերպության Թարգմանիչների ու խմբագիրների բաժնի հայերենի խմբագիրների կողմից: Ի սկզբանե նախաձեռնության նպատակն է վեր հանել հայերենում տարածված ու առօրյայում կիրառվող սխալները, բացատրել և ցույց տալ վերջիններիս ճիշտ տարբերակները՝ նպաստելով մայրենի լեզվում գրագետ խոսքի ձևավորմանը։ Այժմ նախաձեռնության շրջանակներում ներկայացվում են նաև հայերեն և փոխառյալ մի շարք բառերի ու արտահայտությունների ծագման պատմությունը:
Խմել ծովը
Սիրելի´ բարեկամ, գալիք տարի եղի´ր առավել իրատես. վերջապես խմի´ր ծովը:
Մի անգամ Եթովպիայի թագավորն ու Եգիպտոսի թագավոր Ամազիսը վիճեցին: Ամազիսը խոստացավ խմել ծովը, եթե Եթովպիայի տիրակալը կտա նրան իր թագավորությունը: Եթովպացին հոժարակամորեն ընդունեց այդ պայմանը:
Ամազիսը, հասկանալով իր խոստման անհեթեթությունը, այնուամենայիվ չհուսահատվեց և որոշեց ապավինել հույն իմաստուններից Բիանթի խորհրդին: Վերջինս հուշեց Ամազիսին, որ նա խոստացել էր խմել ծովը, ոչ թե ծովի մեջ թափվող գետերը:
Արդյունքում Եթովպիայի թագավորը ստացավ հետևյալ նամակը. «Մենք պատրաստ ենք խմել ծովը և կանենք դա մի պայմանով. եթե դուք կփոխեք ծով թափվող գետերի ուղղությունը»: Այսպիսով, Բիանթի շնորհիվ Ամազիսը կարողացավ գերազանցել Եթովպիայի թագավորին խորամանկությամբ:
Այս պատմությունից էլ ծագել է «ծովը խմել» թևավոր խոսքը, որ նշանակում է անել անհնարինը:
Աղբյուրը`
Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Թևավոր խոսքեր և շրջասույթներ
Նավասարդ
«Ո՜ տայր ինձ… զառաւօտն նաւասարդի, զվազելն եղանց և զվագելն եղջերուաց, Մեք փող հարուաք և թմբկի հարկանէաք»։
Օգոստոսի 11-ից սկսվում էր Նավասարդը կամ հայկական Ամանորը. այդպես էր կոչվում նաև հայկական տոմարի առաջին ամիսը: Ըստ Անանիա Շիրակացու և Հովհաննես Իմաստասերի՝ Նավասարդը Հայկ Նահապետի դուստրն է, որի անունով նախահայրն անվանել է Նոր տարվա առաջին ամիսը։ Այն կազմված է «նավա»` նոր և «սարդ»` տարի արմատներից:
Նավասարդը տոնում էին ի պատիվ Հայկի` Բելի նկատմամբ տարած հաղթանակի, այդ պատճառով այն նշում էին մ.թ.ա. 2492 թվականից մինչև XVIII դարի սկիզբը, երբ կաթողիկոս Սիմեոն Երևանցու հրամանով Նոր տարվա սկիզբ այլևս հայտարարվեց հունվարի 1-ը:
Աղբյուրը՝
Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան
Մե՛ք խանգարի թե՞ մի՛ խանգարեք
Արգելական հրամայականի հոգնակի ձևը բանավոր ու գրավոր խոսքում հաճախ գործածվում է սխալ ձևով. հոգնակիակերտ վերջավորությունն ավելանում է «մի» արգելական հրամայականի մասնիկին, օրինակ` մե՛ք խոսի, մե՛ք մոտենա, մե՛ք խանգարի և այլն։
Պետք է հիշել, որ գրական հայերենում «մի» արգելական հրամայականի մասնիկը հոգնակիակերտ վերջավորություն չի ստանում։ Հոգնակի թվով գործածվելու դեպքում հոգնակիակերտ վերջավորությունը դրվում է միայն բայի վրա։
Ուստի պետք է լինի` մի՛ խոսեք, մի՛ մոտեցեք, մի՛ խանգարեք։
Աղբյուրը`
Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու. ձևաբանություն
Սողոմոնյան վճիռ
Սողոմոնյան վճիռ կայացնելու ակնկալիքով նա որոշեց ապավինել միայն առողջ բանականությանը` անտեսելով իր իսկ սրտի աղերսանքները, ու, ի զարմանս բոլորի, չսխալվեց:
Ըստ Աստվածաշնչի` մի անգամ իմաստուն Սողոմոնի մոտ են գալիս երկու կին, որոնցից յուրաքանչյուրը երդվում է, որ նորածին մանուկը իրենն է, իսկ մյուսի որդին մահացել է գիշերը:
Սողոմոնն առաջարկում է երեխային երկատել` մի կեսը տալով մի կնոջը, մյուս կեսը` երկրորդին: Այդժամ կանանցից մեկը առաջ գալով խնդրում է Սողոմոն թագավորին նորածնին հանձնել մյուս կնոջը, միայն թե երեխան կենդանի մնա: Սողոմոնն էլ կնոջ այս դիրքորոշումից վճռում է, որ հենց վերջինս է երեխայի մայրը, և նորածնին հանձնում է իսկական մորը:
Այս դիպվածն էլ հիմք է ծառայել «սողոմոնյան վճիռ» թևավոր խոսքի ձևավորման համար, որը նշանակում է ճշմարտացի, խելացի որոշում, վճիռ:
Աղբյուրը`
Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Թևավոր խոսքեր և շրջասույթներ
Ֆիդայի թե՞ ֆիդային
Հայ ազատագրական պայքարի անբաժան մասը կազմող «ֆիդայի» բառը շատ հաճախ սխալ՝ «ֆիդային» ձևով գործածվում։
Նման գործածությունը հավանաբար պայմանավորված է «ային» ածանցի հետ շփոթով, ինչպես օրինակ՝ յուրային, ուժային և այլն։ Այնինչ «Ֆիդայի» բառը կազմությամբ պարզ է։ Այն արաբական փոխառություն է և բառացի նշանակում է «զոհաբերվող», «փրկիչ»։
«Ֆիդային» սխալ ձևով գործածության արդյունքում այս բառի հոգնակի ձևն ու սեռական հոլովաձևը ևս սխալ են կազմվում՝ ֆիդայիններ, ֆիդայինի։
Հիշենք, որ ճիշտ ձևերն են՝ ֆիդայի, ֆիդայիներ, ֆիդայու։
Աղբյուրը՝
- Վիքիպեդիա, «Ֆիդայի» հոդվածը (https://bit.ly/3ganXC4)
- Էդ. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան
#Մայրենի #ԹևավորԱրտահայտություն #ՍխալներիՈւղղում