Ճամպրուկների և դեկոլտեի միջև կապի մասին, բրոքերի կարիերայի, զգացումների աշխարհում ճշմարտության և մոր խնամքից դուրս գալու փորձերի մասին: Ինչպես են հորինվածքը և ճշմարտությունը միահյուսվում Մարսել Պրուստի նամակներում:
Նամակներ գրելու (և անպայման դրանց պատասխանելու), տարբեր վայրերից բացիկներ ուղակելու ավանդույթը ֆրանսիական մշակույթին ամենաբնորոշնից մեկն է, որ պահպանվել է մինչ այսօր։ Մարսել Պրուստը (1871-1922), ով ծնվել է հայտնի և ունևոր բժշկի և խոշոր ֆինանսիստի դստեր ընտանիքում, ստացել է ավանդական դաստիարակություն և շատ ժամանակ է տրամադրել թղթակիցների հետ նամակագրական կապ պահպանելուն: Այդ նամակագրությունը կազմում է գրեթե 20 հատոր: Նամակներում Պրուստը ոչ միայն ուշադրություն է դարձնում զրուցակիցներին, այլև շատ է խոսում նաև իր մասին: Հատկապես հետաքրքական են իր՝ երիտասարդ տարիներին գրած նամակները, երբ նա փորձում էր հասկանալ իր բնավորությունը և գտնել իր տեղը կյանքում: Պրուստը աշխատում է խուսափել ավելորդ բացահայտումներից, հաճախ է թաքնվում սիրելի պոետներից որևէ մեկի մեջբերման հետևում և հետևողականորեն կերտում է սեփական կերպարը: Հենց հորինվածի և իրականության, զսպվածության և խոստովանության համադրությունն է, որ թույլ է տալիս բացվել «միայն իրեն հայտնի գաղտնիքներով լի հոգուն» [1]:
- Սառը հավի տոտիկի և թերխաշ ձվի մասին
«Այստեղ մեզ նախաճաշին, ճաշին և ընթրիքին մատուցում են հինգից ոչ պակաս ճաշատեսակ. առավոտյան՝ երկրորդ նախաճաշը, երեկոյան՝ ետճաշիկը, մի խոսքով՝ խոհանոցն աստվածային է և արժանի Գարգանտյուային. կերակուրները շատ են, նուրբ և հոյակապ, որոնք վայելում են Օտեյի նիհար բնակիչները [2]: Այսօր առավոտյան (վերցնում եմ պատահական օրինակ, այն էլ սովորականից քիչ կերա) ես կերա թերխաշ ձու, երկու բիֆշտեքս, հինգ կարտոֆիլ (ամբողջությամբ), սառը հավի տոտիկ, սառը հավի ազդր, թխած խնձորի երեք բաժին, որոնք լի էին հոյակապ հյութով (ինն անց կես կաթով սուրճ և հաց):
Խնդրում եմ քեզ ոչ ոքի ցույց չտալ այս նամակը, անկուշտ որկրամոլը և գուրմանը իրենց են ենթարկում նրբաճաշակ գրողին կամ էլ ամեն դեպքում նրան չեն զիջում»:
Տատիկին՝ Ադել Վեյլիին ուղղված նամակից
Օգոստոս, 1886թ.
Ինչպես ցանկացած ֆրանսիացի, Պրուստը մանկուց սովոր էր ճաշկերույթներին և խոհարարական մշակույթի գնահատող էր: Նամակներից մեկում նա մորն ասում է, որ երեք աղանդեր է կերել, իսկ մյուսում, երբ երեսուն տարեկանն անցել է, դառնորեն հիշում է, թե ինչպես է մայրը որպես պատիժ իրեն զրկում աղանդերից։ «Կորսված ժամանակի փնտրտուքներում» վեպի սկզբում հերոսը հանկարծակի երջանկանում է՝ զգալով լորենու թեյի մեջ թաթախված «մադլեն» թխվածքաբլիթի համը: Նա հիշեց, որ այդ համը մանկուց ծանոթ է, երբ ամառային արձակուրդները անցկացնում էր Կոմբրե արվարձանային քաղաքում: Հիշողության մեջ արթնացած Կոմբրեն վեպի առաջին մասի առաջին հատորի անվանումն է՝ «Սուանի ուղղությամբ», որտեղ հառնում են հերոսի մանկության տարիները:
- Ընկերական զգացմունքների ուժի մասին
«Ես նույնիսկ հաճույքով կպատկերեի ինձ, թեպետ գոնե նրա մի փոքրիկ անկյունը. «Թանկագի´նս, դուք գիտե՞ք Х, այսինքն՝ Մ[արսել] Պ[րուստին]: Պետք է խոստովանեմ, որ նա այնքան էլ ինձ դուր չի գալիս: Նրա այդ մշտատև հիացական պոռթկումները, մտահոգ տեսքը, սիրատենչ հետաքրքրությունները և ածականները: (…) Ես նրան խոստովանություններ անելու սիրահար կանվանեի: Մեկ շաբաթ անց նա ձեզ հասկացնում է, որ ձեր հանդեպ ուժեղ ընկերական զգացմունքներ ունի, և այն պատրվակով, որ նա սիրում է իր ընկերոջը այնպես, ինչպես իր հորը, սիրում է նրան որպես կին: (…) Ես ընդհանրապես դեմ չէի լինի խոսել նրա հետ մեկ ժամ: Բայց վախենում եմ, որ նա ինձ կհամբուրի: (…) Ենթադրում եմ, որ Դ. Ա.-ն [3], եթե նա տեսնի այդ նկարը, կասի ինչպես առաջ էր իմ մասին ասում. «Շատ անկեղծ է, դրա համար էլ սուտ է»: Եվ ճիշտ կլինի»:
Ռոբեր Դրեյֆուսին [4] ուղղված նամակից
Սեպտեմբեր, 1888թ.
Դեռ լիցեյում Պրուստը ձգտումներ ուներ պատանիների նկատմամբ, որոնց մասին ուղիղ չէր ասում, վարպետորեն խուսափում էր խոստովանել և բացառել: Տասնյոթ տարեկանում նա կարծես թե հույս ուներ, որ ժամանակի ընթացում դա կանցնի: Քանի որ, ինչպես նա գրում էր Դանիել Ալևին ուղղված վերոհիշյալ նամակներից մեկում, նրան հայտնի են եղել դեպքեր, երբ իր ընկերները «մի անգամ զվարճանում էին իրենց ընկերոջ հետ… պատանեկության սկզբում: Հետո նորից դիմում էին կանանց: Եթե դա վերջը լիներ, ապա ով կլինեին նրանք, օ՜ աստվածներ, ու՞մ տեղն ես ինձ դրել, հատկապես ո՞վ եմ ես դառնալու, եթե ես արդեն վերջ եմ տվել հասարակ սիրուն»: Հենց աղջկա՝ Ալբերտինայի հանդեպ հերոսի «հասարակ սիրո» քողի տակ «Կորսված ժամանակի փնտրտուքներում» վեպում պատկերված է Պրուստի վարորդ և քարտուղար Ալֆրեդ Ագոստինելլիի հանդեպ ունեցած տանջալից սերը: Ընդ որում՝ նման վեպի այլ հերոսների հակումները դարձան ծիծաղի և քննադատության առարկա. կարծես նա նայում էր այս հայտնությանը կողքից, հասարակական կարծիքի տեսանկյունից: Ըստ երևույթի՝ Պրուստի համար սիրո օրենքները միավորված էին, քանի որ ցանկացած փորձում կա համընդհանուր մի բան: «Դա, մի խոսքով, սիրահարներն են: Եվ ես գիտեմ, թե ինչու է իրենց սերը ավելի պիղծ, քան հասարակ սերը»,- գրում էր նա Ալևիին նման անսովոր հարաբերությունների մասին 1888 թվականին:
- Կնոջ մասին՝ որպես արվեստի գործ
«Ահա տասնհինգ ոսկեծաղիկ, տասներկու՝ ձեր տասներկուսին փոխարինելու համար, երբ նրանք թառամեն, իսկ երեքը նոր՝ տասներկուսը լրացնելու համար, հույս ունեմ, որ… Այս ծաղիկները՝ հպարտ և տխուր՝ ձեզ նման հպարտ իրենց գեղեցկությամբ և տխուր, որովհետև ամեն ինչ այսքան անիմաստ է՝ ձեզ դուր կգան: (…) Այն, որ ցանկալի կինը, բուռն ցանկությունների հասարակ օբյեկտը միայն բաժանում է իր երկրպագուներին, միանգամայն բնական է: Բայց երբ կինը, որը նման է արվեստի գործի, բացում է մեր առջև ամենանրբաձևը իր հմայքում, ամենանրբաճաշակը նազելիության մեջ, ամենաաստվածայինը գեղեցկության մեջ, ամենահաճոյականը խելքում, այդ ժամանակ ընդհանուր հիացմունքը միավորվում է, կապում է եղբայրական կապերով»:
Լորա Հեյմանին [5] ուղղված նամակից
Նոյեմբերի 2, 1892թ.
Պրուստի նամակներում կանանց սիրո խոստովանությունը դժվար է միայն քաղաքավարության հարկ կամ քողարկում համարել: Նա սիրահարվել էր կանանց, չնայած ավելի շուտ որպես արվեստի գործ: Հայտնի չէ ո´չ մի կին, որը նրա հանդեպ նուրբ զգացմունքներ է տածել: Նա պարզվում է դատապարտված է բարձր, պլատոնական սիրուն, որի նշանակության մասին գրում է Ժենեվևա Շտրաուսին [6] ուղղված նամակում՝ 1892-1893թթ.-ի սահմանին․ «Բայց դուք այնքան էլ լավ չեք ըմբռնել այն ճշմարտությունը (…), որ պլատոնական սերը շատ բան է պահանջում: Նա, ով ամենևին դյուրազգայուն չէ, տարօրինակ կերպով այդպիսին է դառնում, երբ իր սերը հասնում է պլատոնականին»:
- Չարյաց փոքրագույնի մասին
«Ես դեռ հույս ունեի շարունակել գրականություն և փիլիսոփայություն ուսումնասիրել, որոնց համար, ենթադրում եմ՝ ծնվել եմ: Բայց… ես գերադասում եմ միանգամից գործնական կարիերաներից մեկն ընտրել, որոնք դու ինձ առաջարկեցիր: (…) Ինչ վերաբերում է փաստաբանական գրասենյակին, ապա ես հազար անգամ կնախընտրեի բորսայի բրոկերական գրասենյակը: Այնուամենայնիվ վստահ եղիր, որ ես այնտեղ նույնիսկ երեք օր չեմ մնա: Ոչ թե նրա համար, որ ես առաջվա նման մտածում եմ, որ ցանկացած այլ զբաղմունք բացի գրականությունից ու փիլիսոփայությունից ինձ համար ժամանակի կորուստ է: Բայց այս բոլոր չարիքներից պետք է ընտրել փոքրագույնը»:
Հորը՝ Ադրիան Պրուստին ուղղված նամակից
Սեպտեմբեր, 1893թ.
Լիցեյն ու զինվորական ծառայությունը ավարտելուց հետո Պրուստը լրջորեն սկսեց մտածել ապագա կարիերայի ամենատարբեր հնարավորությունների մասին՝ Հաշիվների պալատի պաշտոնյայից մինչև Վերսալ թանգարանի տնօրեն: Արդյունքում նա ընդունվեց Սորբոն, դարձավ օրենքի և փիլիսոփայության լիցենցիատ [7], հետո երկու տարի ուսանել է Քաղաքական գիտությունների դպրոցում: Իր հետագա գործունեությունը հանգեց ծառայությանը Փարիզի Մազարինի գրադարանում, որտեղ նա եղել էր մեկ շաբաթ, իսկ հետո վերցրել արձակուրդ՝ դառնալով անժամկետ: Նա ասթմայով հիվանդ էր, ինչը ծառայեց որպես արդարացում՝ ցանկացած տիպի ծառայությունից հրաժարվելու համար: Ընդ որում հիվանդությունը չէր խանգարում նրա ստեղծագործական ակտիվությանը: «Կորսված ժամանակի փնտրտուքներում» վեպի աշխատանքները սկսելու պահին Պրուստը «Զվարճություններ և օրեր» (1896) պատմվածքների և բանաստեղծությունների ժողովածուի, անավարտ «Ժան Սանտեյ» վեպի, բազմաթիվ թերթերում և ամսագրերում անգլիացի արվեստի պատմաբան Ջոն Ռասկինի երկու գրքերի ծավալուն մեկնաբանություններով թարգմանության հեղինակն էր: Ծնողների ֆինանսական վիճակը, որոնց հետ ապրում էր Պրուստը, ազատում էր իրեն եկամուտ փնտրելու անհրաժեշտությունից: Նրանց մահից հետո Պրուստը ստացավ զգալի ժառանգություն: Իր բոլոր վաղ շրջանի տեքստերը հրապարակվել էին հեղինակի հաշվին, ինչպես «Փնտրտուքների» առաջին հատորը:
- Դեկոլտեի և ճամպրուկների մասին
«Բենիեր ամուսինները [8] (…) օրերս բառահանելուկ էին խաղում (…): Ժ. դե Տրազը [9], որպես հին բուրժուա, պառկած էր լոգարանում՝ սավանով ծածկված՝ մի ոտքը դուրս հանած, որպեսզի հնարավոր լիներ հեռացնել կոշտուկները: Մի վեհ տեսարան: Պարոն Արթուրը սկզբում նմանակում էր ծեր հրեայի, ապա ակադեմիկոսին, Աշխարհագրական ընկերության նախագահին… Նա բավականին աշխույժ է, պարոն Արթուր Բենիերը, նա ասաց, որ օգտվել է բարձր լինելուց՝ գտնվելով բեմում, որպեսզի վերևից տեսնի իր քենու՝ Լորայի, և այլ կանանց դեկոլտեն, և ավելացրեց. «Իրենց կորսաժների պարունակությունը հիշեցնում է ճամպրուկի ներսը: Մի մասի մոտ այնտեղ կես դյուժին գուլպաների զույգեր կային, մյուսի՝ մեկ դյուժին, երրորդի՝ ընդհանրապես ոչինչ: Իմ քենին կարծես երկար ժամանակով էր հեռանալու»:
Ռոբեր դե Բիյիին [10] ուղղված նամակից
Հունվար, 1893թ.
Ընկերական կապերի շնորհիվ Պրուստը ընդունված էր բարձրաշխարհիկ հասարակությունում, թեպետ պատկանում էր արիստոկրատական և մեծ բուրժուազիական շրջանին: Այս նամակում նկարագրված նման երեկույթներին ներկա գտնվելով՝ նա մնում էր դիտորդի դերում՝ նկատելով սրահների մշտական հաճախորդների զավեշտալի գծերը և որսալով բարձրաշխարհիկ վարպետների սրամիտ խոսքերը: Հետագայում այս երգիծական դիտարկումները տեղ կգտնեն իր վեպի էջերում։
- Զանգերի ձայնի մասին
«Ձեզ եմ ուղղում նաև իմ լավագույն ցանկությունները Նոր տարվա առթիվ… Երեք տարի առաջ ես ոչինչ չէի համարձակվում սպասել նոր տարուց՝ ո´չ ինձ համար, ո´չ ուրիշների: Ինձ թվում էր, որ եթե տարիները փոխվում են, ապա մարդիկ նույնն են մնում և, որ ապագան՝ մեր ցանկությունների և երազանքների կենտրոնակետը, կանխորոշված է հենց այդ նույն անցյալով, որի կրկնությունն ապագայում մենք ընդհանրապես չենք ուզում, այնինչ ապագան այնքան պարզ է հնչում զանգակների ուրախ և մռայլ ձայներով, որոնք մենք նախկինում ղողանջեցրել էինք»:
Ռոբեր դե Մոնտեսքյուին [11] ուղղված նամակից
Նոյեմբերի 3, 1895թ.
Պրուստն ընդամենը 23 տարեկան է, իսկ նրա համար անցյալն արդեն կարևոր նշանակություն չունի, այն ավելի կենդանի է և անդադրում, քան ներկան կամ ապագան: Անրի Բորդոյի (1870-1963) «Անվերադարձ ճանապարհ» գիրքը կարդալով՝ նա 1904 թվականի ամռանը գրեց հեղինակին. «Ամեն դեպքում, այո´, անցյալը վերագտնելը հնարավոր է: Մենք փորձում ենք գտնել այն՝ բարձրանալով կախարդական հիշողությունների հոսքով և հոյակապ գիրք ստեղծելով: (…) Իրականության մեջ թող անվերադարձ մնա: Բայց արվեստում՝ ոչ: Նաև այդ պատճառով է արվեստը արժանի մխիթարողի անունն ստանալ: (…) Ճշմարտությունը զգացմունքների աշխարհում է: Դրանից դուրս միայն մոլորություն է»:
- Պոկված աստառի մասին
«Ես չեմ կարող քեզ հետ խոսել և այդ պատճառով էլ գրում եմ՝ ասելու, որ դու ինձ ընդհանրապես չես հասկանում: (…) Քո պատճառով ես այնքան գրգռված էի, որ, երբ խեղճ Ֆենելոն [12] եկավ Լորիսի [13] հետ, նրա առաջին իսկ խոսքերից, պետք է ասեմ, շատ տհաճ խոսքերից, ես հարձակվեցի նրա վրա բռունցքներով (Ֆենելոնի վրա, այլ ոչ թե Լորիսի), և չհասկանալով, թե ինչ եմ անում, վերցրեցի նրա նոր գլխարկը և սկսեցի կոխոտել այն, պատառոտել և վերջում պոկել աստառը: Դու կարող ես մտածել, որ ես չափազանցնում եմ, այդ պատճառով էլ իմ նամակին կցում եմ աստառի կտոր, որպեսզի համոզվես, որ դա ճիշտ է»։
Մորը՝ Ժաննա Պրուստին ուղղված նամակից
Դեկտեմբերի 6, 1902 թ․
Արտաքինից Պրուստը շատ նման էր մորը: Եթե «Կորսված ժամանակի փնտրտուքներում» վեպում իրենց անկասկած փոխադարձ կապվածությունը իդեալական է թվում, ապա նամակներում այս հարաբերությունները ավելի լարված են ներկայացվում: Պրուստին դուր չէր գալիս մոր՝ իր կյանքին ուշադիր հետևելը, և նրա չափից դուրս խստությունն ու հոգատարությունը: Նա մորը կշտամբում էր իր գրականագետ ընկերներին ընթրիք չտալու, իրեն գումար տալու մեջ սահմանափակելու համար և փորձում էր թաքցնել երիտասարդների հետ ունեցած իր հանդիպումները մորից: Մարսելը փորձում էր ապացուցել, որ «միանգամայն կարող է առանց նրա ապրել» [14]: Այնուամենայնիվ մոր հանկարծահաս մահը նրա համար մեծ ցնցում էր: Վերակենդանացնելու ցանկությունը նրանց, ում սիրում էր մանկուց՝ մայրիկին, տատիկին, գավառական բարեկամներին՝ իր վեպի հիմքերից մեկն է:
- Արվեստի և կրոնի մասին
«Հակակղերական արվեստ հնարավո՞ր է: Այս ամենը այնքան էլ հեշտ չէ, ինչպես թվում է: Ինչպիսին է կաթոլիկության ապագան Ֆրանսիայում, այսինքն՝ դեռ որքա՞ն ժամանակ և ի՞նչ ձևերով է այն շարունակվելու: Այս հարցը ոչ ոք նույնիսկ չի կարող առաջ քաշել, քանի որ կաթոլիկությունը փոփոխվելով ավելի շատ մեծություն կստանա: (…) Քարլայլի, Ռասկինի, Տոլստոյի դարը… հակակղերական դար չէ: Նույնիսկ Բոդլերն է կապված եկեղեցու հետ, թեկուզև իր աստվածանարգությամբ»:
Ժորժ դե Լորիսին ուղղված նամակից
Հուլիսի 29, 1903թ.
Պրուստը կաթոլիկ էր, մեջբերում էր Սուրբ գրությունները, հիանում էր հնագույն եկեղեցիներով: Նա բողոքում էր 1905 թվականին Ֆրանսիայում ընդունված՝ եկեղեցին պետություւնից անջատելու և հասարակական վայրերում եկեղեցական գործնեությունը սահմանափակելու օրենքի դեմ. «Corpus Christi օրվա տոնական երթն իմ մանկության ամենահաճելի հիշողությունն է: Խոտային տենդը թույլ չի տալիս ինձ այդ ժամանակ գնալ քաղաքից դուրս, իսկ Փարիզում այդ երթերը արգելված են, այնպես, որ ես դրանք կարող եմ տեսնել միայն երազներում: Չեմ կասկածում, որ շուտով զանգերի ձայնը նույնպես կհնչեն միայն իմ հիշողություններում…» [15]: Ընդ որում Պրուստը իր իսկ խոստովանությամբ, հեռու էր կրոնական հավատից: Բայց և մատերիալիզմն էլ էր նրա համար օտար: «Մեր միակ պարտքն է լինել արժանի հավերժության այն մասնիկին, որը մեր ներսում է…» գրում էր նա իր ծանոթին՝ իշխան Կոնստանտին Բորանկովային, 1901 թվականին:
- Ուժասպառ վիճակի մասին
«Ինձ ուժասպառ են անում Մոնտեսքյուի նամակները: Ամեն անգամ, երբ նա դասախոսություն է կարդում, տոնակատարություն է կազմակերպում և այլն, նրա մտքով չի անցնում, որ ես հիվանդ եմ, և սկզբում իրար են հաջորդում հրամանները, սպառնալիքները, դ′Իտուրիի [16] այցերը, իսկ հետո հանդիմանությունները, որ ես չեկա: Ինձ թվում է, որ առողջանալ ամեն դեպքում հնարավոր էր, եթե չլինեին «ուրիշները»: Ուժասպառ վիճակը, որին նրանք են ձեզ հասցնում՝ դատապարտում է ձեզ մահվան»:
Ժենեվևա Շտրուսին ուղղված նամակներից
Ապրիլի 28, 1905 թ.
Վեհասքանչ և ազդեցիկ գրաֆ դե Մոնտեսքյուն քիչ դեր չի խաղացել Պրուստի կյանքում, ում հետ ծանոթացել է 1893 թվականին: Պրուստը նրան անվանում էր «գեղեցկության պրոֆեսոր» և նրան հիացական նամակներ էր հասցեագրում: Այլ նամակներում նա գնահատում էր գրաֆին շատ քննադատորեն. «(…) ես արդեն գրել եմ ձեզ, որ չեմ եղել Մոնտեսքյուի դասախոսությանը, ինչի պատճառով նա զայրացել էր: Արդյունքում իմ աննշան գրվածքները իր գրվածքների հետ համեմատելու պատրվակով նա իրեն համեմատեց Սողոմոնի հետ, իսկ ինձ՝ մրջյունի: Այս համեմատությունը ինձ համար տհաճ էր, և ես պատասխանեցի նրան, որ նա միշտ փորձում է իր համար գեղեցիկ դեր գտնել… ինչին նա հակադարձեց․ «Ինչի՞ց ենթադրեցիք, որ ես գեղեցիկ դեր եմ ընտրում: Պետք էլ չէ, որ ես ճիգ թափեմ: Առանց այդ էլ ես այդ դերում եմ» [17]: Պրուստի վեպում Մոնտեսքյուն կդառնա դե Շարլուսի բարոնի նախատիպը, որ խորհրդանշում է ազնվականության այլասերումն ու կեղծավորությունը: Ազդեցիկ ծանոթություններից ավելի շատ Պրուստը գնահատում էր իր ժամանակը, և հիվանդությունը իր համար առանձնանալու հուսալի պատրվակ էր թվում: Սակայն դա միշտ չէ որ համոզիչ էր հնչում: Այսպես՝ նա մեջբերում է մի բարձրաստիճան կնոջ նամակ, ով վստահ էր, որ նա լավ ժամանակ է անցկացնում «սիդրերի շշերով և կեսգիշերային այցելուներով» շրջապատված: Որքան շատ էր Պրուստը խորանում ստեղծագործության մեջ, այնքան շատ էր իր նամակներում բողոքում ասթմայից և նրանից, որ չի կարող ավելի շատ հայտնվել հասարակության մեջ: Դրա հետ կապված հետաքրքիր է վերջերս հայտնաբերված Պրուստի գրառումը․ այնտեղ հնչում է վեպի մյուս անվանումը, որի շուրջ խոհել է գրողը՝ «Վերադարձ դեպի մենակություն» [18]:
- Բաղեղով հյուսված եկեղեցու և կոտրված տանձենու մասին
«Ես ուրախ եմ, որ դուք Տրուվիլում եք (…) Տեղի ճանապարհներից կանաչ տերևների, կաթի, ծովի աղի հոտ է գալիս և ինձ համար այդ հոտը ավելի քաղցր է, քան ցանկացած «նուրբ» խառնուրդների հոտ: (…)
Եթե տեսնեք խղճուկ Կրիկբեֆ եկեղեցին, որը ամբողջությամբ բաղեղներով է փաթաթված, ապա փոխանցեք նրան իմ գորովալից ողջույնը, ինչպես նաև կոտրված, բայց կանգուն՝ ինչպես ծեր սպասուհի, հին տանձենուն՝ ժամանակ առ ժամանակ ծուռումուռ, բայց դեռ կանաչ տերևներով ամբողջ ուժով փոքրիկ տնակը պահելով հարևան գյուղում, որի միակ պատուհանից հաճախ կարելի է տեսնել ժպտացող փոքրիկ աղջնակների հաճելի դեմքերը, բայց նրանք արդեն փոքր չեն և նույնիսկ աղջնակներ չեն, քանի որ այդ ժամանակներից շատ է անցել»:
Լուզե դե Մորնանին [19] ուղղված նամակներից
Հուլիսի 14, 1905 թ.
Պրուստը գրեթե երբեք դուրս չի եկել իր հարազատ երկրից։ Նա եղել է միայն Հոլանդիայում և Իտալիայում: Ֆրանսիայում նա հատկապես սիրում էր Նորմանդիայի առափնյա շրջանը, հաճախ էր անցկացնում տաք ժամանակները Տրուվիլ քաղաքում, որը գտնվում է Փարիզից 200 կիլոմետր հեռավորության վրա: Տրուվիլը դարձավ իր վեպում պատկերված Բալբեկ հորինված կուրորտային քաղաքի նախատիպը: Կրիկբեֆ եկեղեցու վայրը, որը գտնվում է Տրուվիլից Օնֆլեր տանող ճանապարհին, մինչ հիմա անվանում են «բաղեղով պատված մատուռ»: Այն հիշատակվում է «Փնտրտուքների» երկրորդ հատորում «Աղջնակների ստվերի տակ՝ ծաղիկներով պսակավորված»:
Հղումներ
Գրականություն
Թարգմանիչ՝ Սյուզաննա Ղազարյան (Syuzanna Ghazaryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մարսել Պրուստի հարցաշարը՝ հղմամբ։