Աշոտ Սարգսյան. 1990-ի հունվարը
Լեռնային Ղարաբաղի հարցով ԽՍՀՄ Գերագույն խորհրդի՝ 1989թ. նոյեմբերի 28-ի աննպաստ որոշումից հետո Ադրբեջանի Ժողովրդական ճակատը ավելի ոգեւորվեց իր գործողություններում։ Նախիջեւանում, իր ձեռքում ունենալով փաստական իշխանությունը, Ժողովրդական ճակատը դեկտեմբերի 31-ին ամբողջ երկայնքով ավերեց Իրանի հետ ԽՍՀՄ պետական սահմանը:
Ադրբեջանի հակահայկական հիմնական գործողությունները ծավալվեցին ԼՂԻՄ-ի սահմանակից հայաբնակ Գետաշենի ենթաշրջանի գյուղերում՝ նպատակ ունենալով դատարկել այդ բնակավայրերը հայ բնակչությունից։ Հունվարի 2-ին հարձակում կատարվեց Մարտունաշեն գյուղի վրա, սակայն հարձակումը ետ մղվեց հայկական ինքնապաշտպանական ջոկատների կողմից։
Հունվարի 11-ին Բաքվում կայացած հանրահավաքում Ադրբեջանի Ժողովրդական ճակատը պահանջում էր հանրապետության կառավարության հրաժարականը այն հիմնավորմամբ, որ վերջինս չի կարողանում արագ լուծել Ղարաբաղի հարցը, պահանջում էր հայերին դուրս քշել Բաքվից, կոչ անում զանգվածային արշավանք ձեռնարկել դեպի Լեռնային Ղարաբաղ։ Ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցներն իրենց հերթին բորբոքում էին ծայր առած հիստերիան։ Այսօրինակ գործողությունները մնում էին անհետեւանք եւ անպատիժ. պետական սահմանի ավերման նկատմամբ բացահայտ հանդուրժողականությամբ՝ Ադրբեջանի Ժողովրդական ճակատի գործողությունների առջեւ Կենտրոնն ըստ էության կանաչ լույս էր վառել՝ հույս ունենալով, որ այսպես նրա ձեռքով կիրականացնի Ղարաբաղի հայության բռնագաղթը եւ այդ կերպ կլուծի Ղարաբաղի հարցը։ Միաժամանակ, նույն օրերին սկսվեցին նոր հարձակումներ Գետաշենի ենթաշրջանի եւ Շահումյանի շրջանի գյուղերի վրա։
Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության՝ հունվարի 15-ով թվագրված տեղեկատվական թռուցիկը նեկայացնում է հունվարի 13-14-ի՝ պատերազմական խրոնիկա հիշեցնող հետեւյալ հիմնական իրադարձությունները։ Գետաշենի ենթաշրջանը եւ Շահումյանի շրջանը շարունակում են մնալ պաշարման մեջ։ Գետաշենում իջել է խորհրդային զինվորներով մի ուղղաթիռ, որի վրա ադրբեջանցիները կրակ են բացել։ Զինվորները պատասխանել են եւ պատճառել մարդկային կորուստներ։ Կիրովաբադում իջել է 800 հոգիանոց խորհրդային զորամիավորում, որի մի մասը փորձել է անցնել Գետաշեն, սակայն Ադրբեջանի Ժողովրդական ճակատի զինյալները դա թույլ չեն տվել։ Ազատ եւ Մանաշիդ գյուղերը ինքնապաշտպանական մարտեր են մղում ադրբեջանական գրոհայինների դեմ։ ՀՀՇ-ի պահանջով եւ ճնշմամբ վերականգնվել են Հայաստանից Գետաշեն ուղղաթիռային ընդհատված թռիչքները։ Կարաչինար գյուղում վայրէջք կատարող ուղղաթիռը գնդակոծվել է եւ հետ գնացել։ Գետաշեն գյուղի վրա հունվարի 14-ին կրակել են թնդանոթներից։ Ընդ որում՝ հարձակումներն արդեն կատարվում էին ժամանանակակից մարտական զենքերով բացահայտ զինված խմբերի կողմից, որոնք երբեմն իրենց տրամադրության տակ ունեին նաեւ զրահատեխնիկա եւ ուղղաթիռներ։
Ծայրահեղ սրվում էր իրավիճակը հատկապես Բաքվում։ Դեռ դեկտեմբերի 16-ին այստեղ ՊԱԿ-ի շենքի առջեւ տեղի ունեցած հանրահավաքը պահանջում էր բոլոր հայերին ազատել ադմինիստրատիվ պաշտոններից։ Հետագա հանրահավաքներում բոլոր հայերին արտաքսելու պահանջը դարձավ հիմնական, իսկ նրանց տների ավերումներն ու թալանը դարձան ավելի հաճախադեպ։ Հունվարի 13-ից այստեղ սկսվեցին գործողություններ, որոնց անմիջական հետեւանքը եղավ Բաքվում դեռեւս մնացած հայ բնակչության ջարդը եւ տեղահանությունը։ Այդ օրն այստեղ հավաքված բազմահազարանոց ամբոխը կառավարությունից պահանջում էր Լեռնային Ղարաբաղի հարցում արտակարգ միջոցառումներ ձեռնարկել կամ հրաժարական տալ։ Նույն ժամերին հեռարձակվում էր Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Վեզիրովի հեռուստաելույթը, որն իր հերթին հայտարարում էր, որ լրիվ համաձայն է Ժողովրդական ճակատի ծրագրին եւ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծելու համար համախմբման կոչ էր անում։
Լեռնային Ղարաբաղի եւ հայաբնակ այլ բնակավայրերի ինքնապաշտպանական խնդրով Հայոց համազգային շարժումն զբաղվում էր ի սկզբանե՝ առանց դրա մասին բարձրաձայնելու։ ՀՀՇ-ի կազմակերպած տասնյակ ջոկատներ արդեն իսկ գտնվում էին Լեռնային Ղարաբաղում։ Այդ ժամանակ, երբ վտանգվածության աստիճանը բարձրացել էր, հունվարի 14-ին Երեւանում կայացած հանրահավաքում արդեն բարձրաձայն խոսվեց ինքնապաշտպանական ջոկատներ կազմելու անհրաժեշտության մասին։ Այդ հանրահավաքներում ոչ միայն կոչ էր արվում բոլոր զենք ունեցողներին ներկայանալ ՀՀՇ կենտրոնական եւ տարածքային գրասենյակներ, այլեւ ցույց էր տրվում, թե որտեղից պետք է զենք հայթայթել։ Զենք ունեին մասնավորապես ոստիկանական բաժանմունքները, սովետական իշխանության տարիներին հայտնի, այսպես կոչված, ԴՕՍԱՖ-ը (Խորհրդային բանակի եւ նավատորմի կամավորական միություն) եւ, իհարկե, սովետական բանակի՝ հանրապետությունում տեղակայված զորամասերը։
Դատապարտելով Կենտրոնի եւ Ադրբեջանի գործողությունները եւ բիրտ ուժի կիրառումը՝ Հայոց համազգային շարժման թռուցիկն արձանագրում էր. «Մեր իսկ կամքից անկախ մեզ ներքաշում են կռվի մեջ։ Մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք՝ խուսափելու պատերազմից, բայց երբ վտանգ է սպառնում մեր հայրենակիցներին, պիտի կորով դրսեւորենք, ազգովի պատրաստ լինենք խիզախելու… Գիտակցելով պահի գերկարեւորությունը, Հայոց համազգային շարժման վարչությունը ստեղծել է Պաշտպանության խորհուրդ, որի նպատակն է կազմակերպել եւ ուղղորդել մեր ժողովրդի պայքարը հանուն նրա արժանապատիվ գոյատեւման»։
Այդ օրերին Հայոց համազգային շարժումը, ըստ էության, գործում էր որպես փաստական իշխանություն՝ մասնավորապես Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը վերաբերող հարցերում։ Անհրաժեշտ քայլերը ինքնուրույն ձեռնարկելուց զատ, սակայն, «Ղարաբաղ» կոմիտեն եւ ՀՀՇ-ն ամեն ինչ անում էին այդ գործի մեջ ներքաշելու, մասնակից դարձնելու նաեւ հանրապետության պաշտոնական իշխանությանը՝ ամենաբարձր մակարդակով։
«Ղարաբաղ» կոմիտեի եւ Հայոց համազգային շարժման կազմակերպած համաժողովրդական բուռն հակազդեցությունն իր արդյունքը տվեց։ Գետաշենի ենթաշրջանի հայաբնակ գյուղերը եւ Շահումյանի շրջանը հայությունից դատարկելու Բաքվի եւ Կենտրոնի համատեղ պլանն այդ ժամանակ հնարավոր չեղավ իրականացնել։
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ