Ե՞րբ է սկսվում եւ ավարտվում Միջնադարը. եվրոպական երկրներում այն համաժամանակյա չի եղել։ Ոմանց պարագայում քրիստոնեական արժեքների փառաբանմամբ պայմանավորված կյանքը, ինչպես Միքելանջելոյի պարագայում, բերել է մինչ այսօր հավասարը չունեցող գլուխմգործոցների կերտման, իսկ մյուսների պարագայում, ինչպես օրինակ Ժաննա դ՛Արկի, բերել է սեփական կյանքի զոհաբերման եւ մարտիրոսության։
Նյութը հրապարակվում է «Ինլայթ» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Թարգմանչական և խմբագրական պրակտիկա» ծրագրի շրջանակում:
Նրան մեծարում են որպես բոլոր ժամանակների մեծագույն ստեղծագործողներից մեկը։ Նա դարեր շարունակ խորհրդանշել է կատարյալ ստեղծագործական հանճարը։ Նրա մեծագույն ժառանգությունն են մինչ օրս վերապրած գործերը՝ Սիքստինյան կապելլան, Դավթի արձանը, Պիետան: Սակայն արվեստի այս գործերի հետևում թաքնված է բարդ ու համառ մի մարդ։ Այս շաբաթվա Կենսագրապատումներում (Biographics) դուրս կգանք ֆասադի սահմաններից՝ բացահայտելու իրական Միքելանջելոյին։
Պատմություն, մեկ կյանքը մեկ առ մեկ
Վաղ շրջան
15-րդ դարի Իտալիան խիստ տարբերվում էր այսօրվա Իտալիայից։ Ժամանակին այն փոքր հանրապետությունների համախումբ էր։ Այս քաղաք-պետությունները գտնվում էին Հռոմի պապի իշխանության ներքո։ Առանցքային հանրապետություններն էին Ֆլորենցիան, Ջենովան և Վենետիկը։ Ամեն մեկն ուներ իր կառավարիչները, ազնվականները, գյուղացիները, քահանաները, պետական պաշտոնյաները։ Կենտրոնական Իտալիայում՝ հեռավոր Ապենինյան լեռներում, տեղակայված էր Կապրեզե գյուղակը։ Այստեղ է 1475 թ. մարտի 6-ին Ֆրանչեսկա դի Ների Բոունարոտին կյանք տվել իր երկրորդ որդուն՝ Միքելանջելոյին։ Նրա ամուսինը՝ Լոդովիկո դի Լեոնարդո Բոունարոտի Սիմոնին, հանցագործներին դատապարտող և պատիժ սահմանող համեստ պաշտոնյա էր։ Երբ փոքրիկ Միքելանջելոն վեց ամսական էր, չորս հոգանոց ընտանիքը տեղափոխվում է Ֆլորենցիա։ Այստեղ՝ Սետտինյանո գյուղի մոտակայքում, Լոդովիկոն փոքրիկ ագարակ է գնում։ Երեխան այս գյուղում է անցկացնում իր վաղ մանկությունը՝ ստնտուի խնամակալության ներքո։ Նորածիններին իրենց կյանքի առաջին տարիներին ստնտուների խնամքին հանձնելն ընդունված պրակտիկա էր այդ ժամանակ։
Միքելանջելոյին խնամող ստնտուի ամուսինը քարհատ էր։ Ավելի ուշ, երբ Միքելանջելոն արդեն քանդակագործ էր (դարձել), ասում էր, թե ինքն իր ծծմոր կաթի հետ խառնված մարմարի փոշի է խմել։ Երեք տարին բոլորելուն պես Միքելանջելոն վերադառնում է ընտանիքի մոտ՝ Ֆլորենցիա։ Ընտանիքն աղքատ էր և տանը նեղվածք էր՝ նոր երեխաների հաճախակի ծնունդով պայմանավորված։ Լոդովիկոն ստանում էր աղքատիկ պետական աշխատավարձ, և նրա ֆերմայի գործերն էլ այդքան լավ չէին։ Իրականում նա կարծում էր, որ համեստ ֆերմերի աշխատանքն իրեն վայել չէ։ Վեց տարեկանում Միքելանջելոյի առանց այդ էլ դժվար կյանքն էլ ավելի է դժվարանում։ Մահանում է մայրը՝ իրենից հետո թողնելով հինգ մանկահասակ որդի, մեկը՝ նորածին։ Լոդովիկոն անում էր հնարավորը, կատարում էր երկու աշխատանք և դեռ կարողանում էր ամեն կիրակի ժամերգության տանել տղաներին Ֆլորենցիայի Սանտա Կրոչե եկեղեցում։ Այս եկեղեցին լեցուն էր արվեստի հոյակապ գործերով, այդ թվում էին ականավոր քանդակագործ Դոնատելլոյի «Խաչելությունն» ու բոլոր ժամանակների լավագույն արվեստագետներից մեկի՝ Ջոտտոյի որմնանկարները։ Երիտասարդ Միքելանջելոն հավանաբար հմայվել է այս փառահեղ գործերով։ 1485-ին Լոդովիկոն նորից է ամուսնանում։ Լուկրեցիա դելյի Ուբալդինի Գալյանոն հարուստ ընտանիքից էր և իր հետ որպես օժիտ բերում է 600 ֆլորին [մետաղադրամ]։ Սա հսկայական գումար էր այդ ժամանակվա համար, որը փոխում է ընտանիքի ճակատագիրը մեկ գիշերվա ընթացքում։ Ընտանիքի նոր ձեռք բերած հարստության ուղղակի արդյունքն էր Լոդովիկոյի՝ Միքելանջելոյին լատինական դպրոց ուղարկելը՝ կարդալ, գրել, մաթեմատիկա սովորելու համար։ Սակայն տղան շուտով ապացուցում է, որ սովորող չէ: Ձանձրանալով դասերից՝ նա նայում էր պատուհանից դուրս ու խզբզում թղթի վրա։ Այնուամենայնիվ, նա սիրահարվում է պոեզիային։
Կիրքն արվեստի նկատմամբ
Վերադառնալով տուն արձակուրդներին` Միքելանջելոն ասում է հորը, որ ավելի շատ հետաքրքրված է արվեստով, քան ուսումնառությամբ։ Բայց Լոդովիկոն տպավորված չէր։ Այդ ժամանակ նկարիչներն ազնվականների ցածր վարձատրվող ծառաներն էին՝ մի փոքր վեր ծառաներից։ Լոդովիկոն ցանկանում էր, որ որդին դրանից ավելիին ձգտի։ Միակ մարդը, որ կարծես հասկանում էր Միքելանջելոյի կիրքն արվեստի նկատմամբ, տարիքով ավելի մեծ մի տղա էր, որի հետ նա ընկերացել էր՝ Ֆրանչեսկո Գրանաչին։ Ֆրանչեսկոն ինքը սկսնակ նկարիչ էր, որն աշակերտում էր ականավոր նկարիչ Դոմենիկո Գիրլանդայոյի մոտ։ Նա տանում է Միքելանջելոյին իր վարպետի արվեստանոց և ցույց տալիս վարպետի ընթացիկ աշխատանքները։ Տղան հմայվում է տեսածով։ Նա հասկանում է, որ սա է իր ճակատագիրը։ Չնայած հոր բացասական արձագանքին՝ շարունակում է համոզել նրան թույլ տալ իրեն հետևել բաղձանքին։ Միաժամանակ իր ընկեր Ֆրանչեսկոն քաջալերում է նրան որոշ նկարներ անել, որոնք ցույց է տալիս իր վարպետ Գիրլանդայոյին։ Ականավոր նկարիչը տպավորվում է ու ցանկություն հայտնում Միքելանջելոյին ևս վերցնել իբրև աշակերտ: Վերջապես Լոդովիկոն տեղի է տալիս, և իր որդին 12 տարեկանում սկսում է աշակերտել Գիրլանդայոյի մոտ։ Վարպետին ու իր երկու եղբայրներին էր պատկանում նկարիչների ամենահաջող արվեստանոցը Ֆլորենցիայում։ Նրանք զբաղված էին Ֆլորենցիայի եկեղեցիների ձևավորմամբ։ Եղբայրներն ունեին մի շարք աշակերտներ՝ 8-15 տարեկան, որոնք ապրում էին նրանց հետ և օգնում նկարների ու որմնանկարների հարցերում։ Ծնողները՝ ներառյալ Լոդովիկոն, պետք է վճարեին ապրելու ծախսերի և ուսուցման համար։ Միքելանջելոն Գիրլանդայո եղբայրներից սովորում է փայտե վահանակներ պատրաստել նկարների և պատ սվաղել` որմնանկարչության համար։ Նա սովորում է նաև կազմել աշխատանքային գծագրեր՝ այսպես կոչված էտյուդներ, որոնք ավարտուն աշխատանքների հիմքն էին լինելու։
Ինքնագոհ աշակերտը
Աշակերտների շրջանում Միքելանջելոն միանգամից աչքի է ընկնում: Բայցև պարզվում է, որ նա համառ է ու ինքնահավան։ Վերջինիս առաջադրանք է տրվում կրկնօրինակել իր վարպետի նախկին աշխատանքները, որն անելուց հետո հայտարարում է, որ իր ստեղծածները բնօրինակներից լավն են։ Գիրլանդայոն ընդունում էր, որ տղան մեծ տաղանդ ունի, բայց նրան բարկացնում էր վերջինիս մեծամիտ կեցվածքը։ Նա նաև տեսնում էր, որ Միքելանջելոն համբերություն չունի սովորելու որոշ անհրաժեշտ հմտություններ, ինչպես օրինակ՝ որմնանկարներ նկարելը։ Նրան քիչ էր հետաքրքրում հղկումն ու ներկերի խառնումը և չէր էլ խառնում որմնանկարների համար անհրաժեշտ հարթ սվաղի բաղադրիչները։ Երբ 14 տարեկան էր, չափն անցնում է. կրկնօրինակում է կանանց որոշ կտավներ, որ իր վարպետն էր նկարել, բայց համարձակվում է «ուղղել» բնօրինակի որոշ նրբություններ՝ լայնաթև գրիչով անցնելով դրանց վրայով։ Սա արդեն չափից դուրս էր։ Գիրլանդայոն վռնդում է Միքելանջելոյին արվեստանոցից՝ պնդելով, որ այս «ամենագետին» սովորեցնելն անհնար է։ Հուսահատվելու փոխարեն այս տաղանդավոր դեռահասը որոշում է, որ ներկն ու սվաղն իր համար չեն։ Նա դրանք համարում էր արվեստի ավելի ցածր ձև։ Նրա կարծիքով իսկական հմտությունը քարի միջոցով հոյակապ մարդակերպ քանդակներ կերտելու մեջ էր։ Այս ցանկությունը կտանի տղային դեպի ֆլորենտական ազնվականության բարձրակետը՝ Մեդիչիների մոտ։
Մեդիչիներ
Մինչ Միքելանջելոյի` Գիրլանդայոյի կողմից վռնդվելը, իշխող Մեդիչիների ընտանիքի որոշ անդամներ այցելում են արվեստանոց։ Նրանց թվում էր տարեց քանդակագործ Բերտոլդո դի Ջիովաննին։ Նա նկատում է Միքելանջելոյի տաղանդը և կապ հաստատում տղայի հետ։ Հեռացվելուց հետո սկսնակ երիտասարդ քանդակագործը փնտրում է ծերունուն։ Բերտոլդոն աշխատում էր Լորենցո դե Մեդիչիի՝ քաղաքի ամենազորեղ մարդու մոտ. պատրաստում էր արձաններ ու մեդալներ և հոգ տանում նրա արվեստի հավաքածուի մասին։ Լորենցոյի արձաններից շատերը ցուցադրված էին պարտեզում, որտեղ արվեստագետները գնում էին նկարելու և քանդակելու։ Այս վայրը հավաքատեղի էր ուսանող քանդակագործների համար, որոնք իրենց գործի վերաբերյալ հետադարձ կապ ու ուղղորդում էին ստանում Բերտոլդոյից։ Շուտով Միքելանջելոն պարտեզի մշտական այցելուն էր։ Այժմ 15-ամյա տղան սկսում է կավից քանդակներ պատրաստել և բերել պարտեզ։ Չնայած նա երիտասարդ էր մյուս սկսնակ քանդակագործներից, սակայն տաղանդով գերազանցում էր նրանց։ Սա հանգեցնում է նախանձի, երբեմն էլ՝ ֆիզիկական բռնության։ Բախումներից մեկի ժամանակ Միքելանջելոյի քիթը կոտրում են։ Բայց սա hետ չի պահում տղային։ Մեկ այլ քանդակագործից մարմարի կտոր մուրալով՝ նա ստեղծում է իր առաջին խորաքանդակը` «Ֆավնի գլուխը»։ Ինչպես և հույս ուներ, Լորենցո Մեդիչին տեսնում է այս քանդակը և անմիջապես հմայվում տղայի տաղանդով։ Նա Միքելանջելոյին իր տուն է բերում, տրամադրում առանձին սենյակ և նպաստ վճարում։ Երիտասարդ քանդակագործի կյանքը հիմա ավելի խաղաղ էր։ Նա կարող էր զբաղվել իր ընտրած արվեստաձևի կատարելագործմամբ։ Իր առաջին մեծ նախագծերից էր մարմարի վրա որպես խորաքանդակ դիցաբանությունից մի տեսարան՝ կենտավրոսների ճակատամարտը քանդակելը։ Մարդկային գլուխներով ու ձեռքերով և ձիակերպ մարմիններով այս արարածները նրան լայն հնարավորություն են տալիս շարժ ու ձև ցույց տալու համար։ Այս գործի ռեալիզմն ու նուրբ ճշգրտությունն ուշագրավ է այսքան երիտասարդ քանդակագործի համար։ Մյուս կարևոր գործը, որ Միքելանջելոն քանդակում է Մեդիչիների մոտ աշխատելիս, «Մադոննան սանդուղքի մոտ» կոչվող խորաքանդակն է: Այն պատկերում է կույս Աստվածամորը մանուկ Հիսուսին կուրծք տալիս։ Այս նմուշը քանդակված է հիասքանչ սպիտակ մարմարի վրա և ցույց է տալիս իր փոքրիկ տղային գրկած Մադոննայի կիսադեմը։ 17 տարեկան պատանու համար գործերը նշանակալիորեն լավ էին ընթանում։ Նա ապրում էր քաղաքի ամենահարուստ ընտանիքի ներքին առանձնատանը և ուներ ազդեցիկ հովանավոր, որը հիանում էր իր տաղանդով։ Ցավոք, դա երկար չի տևում։ 1492 թվականի ապրիլին Լորենցոն հանկարծամահ է լինում։ Նրան հաջորդում է որդին՝ Պիեռոն, բայց քանդակագործությունը վերջինիս քիչ էր հուզում։ Նա Միքելանջելոյին ոչ մի գործ չի հանձնարարում մինչև ձմեռ, իսկ ձմռանը որոշում է, որ կուզենար ձնեմարդ տեսնել և պատվիրում է մեկը Միքելանջելոյին: Սա արվեստագետի ամենատարօրինակ պատվերն էր։ Գրեթե նույն ժամանակ Սանտո Սպիրիտոյի վանահայրը խնդրում է երիտասարդ քանդակագործին խաչելության քանդակ պատրաստել իր եկեղեցու համար։ Վերջնարդյունքով հիացած՝ վանահայրը Միքելանջելոյին սենյակ է տրամադրում, որտեղ նա կարող էր աշխատել: Այստեղ նա կարողանում է դիահատումներ անել անատոմիա ուսումնասիրելու նպատակով։ Մարդկային մարմնի առավել իրական քանդակներ ստեղծելու համար նա վստահ էր, որ պիտի իմանա մարդկային մարմնի կառուցվածքը։ Այսպես, Միքելանջելոն առաջիններից էր, որ մասնատում և այս կերպ ուսումնասիրում է մարդկային մարմինը։
Նոր հովանավոր
1494 թվականին Ֆլորենցիան ճգնաժամ էր ապրում։ Ֆրանսիայի Չարլզ VIII թագավորի գլխավորած բանակը հասել էր քաղաքի պարիսպներին և սպառնում էր պաշարել այն: Շատերը, այդ թվում՝ Միքելանջելոն, փախուստի են դիմում։ Նա մեկնում է Հյուսիսային Իտալիա՝ Բոլոնիա, այնուհետև՝ Վենետիկ, որը կարևոր առևտրային քաղաք էր։ Այստեղ Միքելանջելոն հույս ուներ աշխատանք գտնել։ Սակայն նրան դա չի հաջողվում և վերադառնում է Բոլոնիա։ Քանի որ կորցրել էր հին հովանավորին, Միքելանջելոն սկսում է փոխարինող փնտրել։ Վերջինս ի հայտ է գալիս տեղացի ազնվական ու քաղաքական գործիչ Ջիանֆրանչեսկո Ալդրովանդիի տեսքով։ Ալդրովանդին հանձնարարում է իր նոր տաղանդավոր քանդակագործին քանդակել Սան Դոմենիկոյի անավարտ սրբավայրի պակասող ֆիգուրները համանուն եկեղեցում։ Միքելանջելոն արդեն 20 տարեկանում նորից ոտքի է կանգնում։ Նա ուներ հարմարավետ տուն, քարը և անհրաժեշտ պարագաները մատակարարվում էին, ու ստանում էր համապատասխան վարձատրություն։ Սա հարուցում է մյուս քանդակագործների զայրույթը, ճիշտ այնպես, ինչպես Ֆլորենցիայում։ Նրանք վարձ էին վճարում, գնում գործիքներ ու քար և գոյատևում էին սեփական միջոցների հաշվին։
Վերադարձ Ֆլորենցիա
Իսկ Ֆլորենցիայում այդ ընթացքում իշխանափոխություն էր եղել։ Ջիրոլամո Սավոնարոլա անունով մի քահանա կատաղի արշավ էր ձեռնարկել Մեդիչիների դեմ։ Երբ ֆրանսիական ներխուժման վտանգն ի հայտ էր եկել, Մեդիչիները փախել էին քաղաքից՝ թողնելով Սավոնարոլային անխոչնդոտ վերցնել իշխանությունը։ Այս խիստ եկեղեցականը չէր ընդունում նկարներն ու քանդակագործներին, որոնք ի ցույց էին դնում մարդկային մերկ մարմինը: Արդյունքում, հեռանկարները խոստումնալից չէին տեղի քանդակագործների համար։ Այնուամենայնիվ, 1495 թվականին Միքելանջելոն խիստ կարիք է ունենում վերադառնալ Ֆլորենցիա՝ ընտանիքին տեսակցության։ Այնտեղ գտնվելու ընթացքում նա կապ է հաստատում Մեդիչիների ընտանիքի որոշ ներկայացուցիչների հետ, որոնք այժմ ապրում էին կեղծ անվան տակ։ Նրանցից մեկը՝ Լորենցո դի Պիերֆրանչեսկո դե Մեդիչին, ցանականում էր, որ Միքելանջելոն օգնի վաճառել ավելի վաղ նրա իսկ պատրաստած քանդակը։ Դա հռոմեական սիրո դիցի` Կուպիդոնի քանդակն էր: Լորենցոն կարծում էր, որ եթե կարողանան այնպես անել, որ արձանը հնադարյան երևա, ապա այն Հռոմում շատ թանկ կվաճառվի։ Միքելանջելոն ցեխոտում է արձանը, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե այն թաղված է եղել։ Հետո կեղծված հնությունը տանում է Հռոմ, որտեղ այն գնում է մի ավագ եկեղեցական՝ կարդինալ Ռիարիոն։ Հռոմում եղած ժամանակ Միքելանջելոյին ներկայացնում են որոշ ազդեցիկ մարդկանց, ներառյալ՝ Բորջաների ընտանիքի անդամներին, որոնց թվում էր նաև Պապը։ Կարդինալ Ռիարիոն, որը քաջատեղյակ էր, որ Կուպիդոնի իսկական հեղինակը Միքելանջելոն է, շտապ պատվիրում է նրան մեկ ուրիշ արձան պատրաստել իր հավաքածուի համար։ Արդյունքում կերտված արձանը համարվում է Միքելանջելոյի առաջին գլուխգործոցը. այն գինու և տոնակատարությունների հունական դիցի՝ Բաքոսի արձանն էր: Բայց, չնայած բոլորը տպավորված էին, կարդինալին այն դուր չի գալիս։ Նրա կարծիքով դիցը չափից դուրս հարբած էր թվում, և [այսպիսով] հրաժարվում է վճարել։ Միքելանջելոն այժմ ստիպված էր պայքարել, որպեսզի վճարվի արդեն կատարած աշխատանքի համար։ Ի լրումն, նա լուր է ստանում, որ հայրը ֆինանսական ծանր վիճակում է գտնվում։ Նա շտապ նոր հովանավոր գտնելու կարիք ուներ՝ ոչ միայն իրեն, այլև իր ընտանիքին օգնելու համար։
Պիետան
Մի քանի ամիս թվում էր, թե ոչինչ չի ստացվում 21-ամյա վարպետ քանդակագործի մոտ։ Նա չուներ հովանավոր, չէր վճարվել Բաքոսի արձանի համար, իսկ հայրը ֆինանսական օգնության խիստ կարիք ուներ։ Այնուհետև, 1497 թվականի նոյեմբերին իրադրությունը դեպի լավն է փոխվում։ Ֆրանսիայի դեսպանը՝ կարդինալ Ժան Բիլյեր դը Լագրուլա անունով, պատվիրում է նրան պատրաստել մի նոր հետաքրքիր գործ։ Կարդինալը ցանկանում էր մահացած Հիսուսին գրկած Մարիամ Աստվածածնի արձանը։ Գործը հայտնի է Պիետա անվամբ։ Միքելանջելոյից երկու տարի է պահանջվում Պիետան ավարտելու համար․ բայց արժեր։ Ավարտված գործը ցուցադրվում է Վատիկանում, և բոլոր տեսնողներին ապշեցնում է մարմնի ու հագուստի այն ռեալիստականությունը, որ քանդակագործը ստացել է սառը մարմարից։ Պիետան հռչակ է բերում Միքելանջելոյին։ Այժմ Եվրոպայի ամենաազդեցիկ մարդիկ էին նրա պատվիրատուները։ Թվում էր, թե նրա նյութական խնդիրներն արդեն անցյալում են։
Պապի նկարիչը
Ֆլորենցիայում իրավիճակը կրկին փոխվել էր։ Սավոնարոլան՝ քահանան, զրկվել էր բարեհաճությունից և ենթարկվել մահապատժի։ Հիմա արդեն արվեստագետների համար այնտեղ վերադառնալն ու իրենց նախագծերով զբաղվելն անվտանգ էր։ Ֆլորենցիայի մայր տաճարի ղեկավարությունը սկսում է ձևավորել/զարգացնել Գողիաթի աստվածաշնչյան սպանողի՝ պատանի Դավթի հսկայական արձանը պատվիրելու գաղափարը: Երկու քանդակագործի արդեն պատվիրված էր այդ գործը։ Երկուսն էլ ձախողել էին։ Նրանց միայն հաջողվել էր փչացնել մարմարի հսկայական կտորը։ 1501 թվականին այս գործը տրվում է Միքելանջելոյին։ Այն կատարելու համար քանդակագործը ստիպված էր դադարեցնել մեկ այլ գործի վրա իր աշխատանքը Հռոմում և տեղափոխվել Ֆլորենցիա։ Մի նախագծից մյուսը ցատկելը դառնում է սովորական պրակտիկա և հանգեցնում հաճախ ծագող իրավական հետևանքների։ Դավթի ստեղծումը չափազանց բարդ ու երկարատև աշխատանք էր։ Առաջին որոշումը կապված էր դիրքի ընտրության հետ, որը կհամապատասխաներ արդեն օգտագործված մարմարին։ Սա թույլ չի տալիս նրան ընդօրինակել այն ավանդական կեցվածքը, որով Դավիթը կանգնած էր՝ Գողիաթի գլուխը ոտքերի մոտ։ Այսպես, նա որոշում է պատկերել Դավթին կռվից վայրկյաններ առաջ, ասես թշնամուն նայելիս։ Նրա հաջորդ քայլը հսկայական մարմարը պատնեշներով շրջապատելն էր։ Այնուհետև Միքելանջելոն սկսում է աշխատել։ Նա անխոնջ քանդակում էր հսկային։ Երեք տարի անց Դավթի արձանը պատրաստ էր։ Դա մեծ հաղթանակ էր. ամբոխները ճոխ գովեստներ էին շռայլում 14 ոտնաչափ բարձրությամբ մերկ արձանի հեղինակի հասցեին։ Այս գործի պատվիրատուն՝ Պիեռո Սոդերինին՝ Ֆլորենցիայի կառավարիչը, նույնպես տպավորված էր, բայց ասում է Միքելանջելոյին, որ Դավթի քիթը չափազանց լայն է: Առաջ է գալիս քանդակագործի համառ հպարտությունը։ Սակայն այն զսպված էր ողջամտությամբ։ Վերցնելով մի բուռ մարմարի փոշի՝ նա մագլցում է փայտամածին և ձևացնում, թե քիթն է քանդակում։ Հետո փոշին գետնին է թափում: Սոդերինին հայտարարում է, թե հիմա քիթը շատ ավելի լավն է։
Սիքստինյան Կապելլա
1503 թվականին Հռոմում նոր պապ է ընտրվում Հուլիոս II-ը։ Նա ուներ գեղարվեստական մեծ հավակնություններ և գիտեր, թե ով պիտի ղեկավարեր իր մտքում եղած նախագծերը։ Միայն Իտալիայի մեժագույն քանդակագործը՝ Միքելանջելոն. միայն նա ուներ անհրաժեշտ հմտությունները՝ պապի թեոկրատական պատկերացումներն արդարացնելու համար։ Հուլիոսը քանդում է Վատիկանի V դարի Սբ. Պետրոսի կիսաքանդ բազիլիկան և սկսում է ավելի լայն մասշտաբով վերակառուցել այն։ Կենտրոնում պիտի լիներ իր իսկ դամբարանը, որը Միքելանջելոն պիտի նախագծեր ու քանդակեր։ Այս մեծածավալ նախագիծը նպատակ ուներ ներկայացնել Հուլիոսի մեծությունը և՛ որպես պապ, և՛ որպես արվեստի հովանավոր։ Այն պետք է եռահարկ լիներ՝ պատված բնական չափերի քանդակներով։ Քանդակագործն առաջին ութ ամիսն անց է կացնում քարհանելով նախագծի համար անհրաժեշտ մարմարը։ Սա հետո դառնալու է իր ամենաընկճող նախագիծը, որի վրա ընդհատումներով աշխատելու է հետագա քառասուն տարվա ընթացքում։ Վերջում պատրաստի դամբարանը թեև ավելի փոքր էր պլանավորվածից, բայց միևնույնն է հսկայական էր։ Արձաններից միայն երեքի հեղինակն է Միքելանջելոն՝ մեծ, մորուքով Մովսեսի և աստվածաշնչյան կերպարներ Ռաքելի ու Լիայի։ Սբ․ Պետրոսում տեղադրվելու փոխարեն դրանք դրվում են ավելի փոքր մեծության՝ Սան Պիետրոյի եկեղեցում։ Դամբարանի նախագծի վրա աշխատանքի մեկնարկից չորս տարի անց Հուլիոս պապն իր հայացքն ուղղում է դեպի Վատիկանում Սիքստինյան կապելլայի առաստաղը։ Այն նկարված էր ոսկյա աստղերի նախշով, բայց պապի պատկերացումները շատ ավելի ճոխ էին։ Չնայած Միքելանջելոն հայտնի էր որպես քանդակագործ և ոչ՝ նկարիչ, պապն այդ աշխատանքի համար ընտրում է նրան։ Մեծն քանդակագործը Ֆլորենցիայում իր աշակերտության տարիներից ի վեր չէր աշխատել որմնանկարների վրա։ Բայց այն ժամանակ, եթե Պապը քեզ էր ընտրում աշխատանքն անելու համար, դու անում էիր։ Սակայն դա չէր նշանակում, որ պիտի պատրաստակամորեն անեիր։ Միքելանջելոն համարում էր իրեն Պապի քմահաճույքների ստրուկը։ Գեղանկարչական նախագծի մասին նա գրում է․ «Սա իմ մասնագիտությունը չէ, ես իզուր վատնում եմ ժամանակս, թող Աստված օգնի ինձ»։ Դա հսկայածավալ աշխատանք էր: Կապելլայի առաստաղը ծածկում էր շուրջ 5700 քառակուսի ոտնաչափ (507քմ) կոր մակերես։ Բացի այդ, առաստաղի մակերեսն անհավասար էր և 60 ոտնաչափ բարձր էր կապելլայի հատակից։ Պապը պատվիրում է քանդակագործին լցնել այդ կտավը Հին Կտակարանի դրվագներով։ Միքելանջելոն առանձնացնում է Ծննդոց գրքից ինը տեսարան։ Կենտրոնում պիտի լիներ Ադամի արարման տեսարանը։ Չորս տարի Միքելանջելոն քրտնաջան աշխատում է առաստաղի վրա։ Ծանր աշխատանք էր։ Կերպարները, ըստ նախատեսվածի, պիտի տեսանելի լինեին հատակից, բայց քանդակագործը ստիպված էր նկարել բարձր փայտամածի վրա՝ մեջքին պառկած։ Ըստ իր պաշտոնական կենսագրի՝ Կոնդիվիի, նա մենակ էր աշխատում, քսում սվաղը, խառնում գույները և նկարում բոլոր նկարները։ Արդյունքն ապշեցուցիչ էր։ Հեռանկարի կիրառությունն ու կերպարների դրամատիկ պատկերումը հմայել էին բոլոր տեսնողներին։ Հաղթականորեն ավարտելով Սիքստինյան կապելլայի նախագիծը՝ Միքելանջելոն վերադառնում է Հուլիոսի դամբարանի աշխատանքներին։ 1513-ին երբ Հուլիոս պապը մահանում է, նախագծի հրատապությունը կորում է։ 1517-ին նոր պապը՝ Լեո X, Միքելանջելոյին խնդրում է նոր ճակատամաս նախագծել Ֆլորենցիայի Սան Լորենցո եկեղեցու համար։ Թեև չուներ ճարտարապետական փորձառություն, քանդակագործը վստահ էր, որ լավ կգործեր։ Նա նետվում է աշխատանքի, գնում մի հողակտոր եկեղեցու մոտ, որպեսզի աշխատի ճակատամասի վրա։ Սակայն 1520 թվականին նախագիծը կասեցվում է, ապա և ընդհանրապես չեղարկվում։ Միքելանջելոն կատաղած էր։ Նա ամբողջովին ներդրվել էր նախագծի մեջ թե՛ ֆիզիկապես, թե՛ ֆինանսապես: Մասամբ նրան հանգստացնելու համար Պապը Միքելանջելոյին փոխարինող նախագիծ է տալիս՝ Մեդիչիների դամբարանները, որ պետք է ստեղծվեին ի հիշատակ ընտանիքի երկու վաղամեռիկ անդամի։ 1519-ին Միքելանջելոն սկսում է աշխատել Մեդիչիների կապելլայի վրա, որին մի քանի տարի անց գրադարան է ավելացվում։ Երկու կառույցներն ավարտին հասցնելու համար տարիներ են պահանջվում. բայց դրանք ցնցող են։
Ճգնաժամ
Արվեստագետն այժմ իր ստեղծագործական բարձունքին էր։ Սակայն ճգնաժամը շատ մոտ էր։ 1527-ին ֆրանսիական և Սրբազան Հռոմեական կայսրության բանակները ներխուժում են Իտալիա։ Հռոմը թալանվում ու այրվում է։ Այժմ կար ուրիշ պապ՝ Կղեմես VII, որն անցնում է Սրբազան Հռոմեական կայսրության կողմը, երբ վերջինս պաշարում է Ֆլորենցիան։ Լինելով հավատարիմ ֆլորենտացի՝ Միքելանջելոն վերադառնում է տուն՝ օգնելու պաշտպանել իր քաղաքը։ Նա ձեռնամուխ է լինում նոր ամրությունների նախագծմանը, որպեսզի օգնի քաղաքի պաշտպանությանը։ Բայց նրա ջանքերն իզուր էին։ Երկար պայքարից հետո քաղաքն ընկում է, և շատ մարդիկ են զոհվում։ Միքելանջելոն թաքնվում է Սան Լորենցոյի Մեդիչիների կապելլայի խորանի տակ գտնվող գետնադամբանում։ Նա մնում է այնտեղ այնքան ժամանակ, մինչև լուր է հասնում, որ նոր պապը թշմանանք չունի իր դեմ։
Անկման շրջան
Միքելանջելոն կյանքի վերջին տարիներն անց է կացնում պոեմներ գրելով և շարունակելով աշխատել Հռոմում՝ պապերի համար։ Իր ամենահայտնի պոեմներից մեկում նա նկարագրում է, թե ինչ անհարմար էր իր համար Սիքստինյան կապելլայի առաստաղը նկարազարդելը՝ գրեթե կրկնակի թեքված և ներկը դեմքին թափվելով։ Տարիքն առնելուն հետ նա գրում է ավելի շատ կրոնական բնույթի պոեմներ: Մի քանի պապերի իշխանության ժամանակ Միքելանջելոն զբաղեցնում է գլխավոր ճարտարապետի պաշտոնը Սբ․ Պետրոսում։ Միաժամանակ աշխատում է իրեն հռչակ բերած առաջին գործի՝ Պիետայի տարբերակների վրա։ 1564-ի փետրվարի 12-ին իր Պիետաներից մեկի վրա աշխատելիս էլ տենդ է զգում։ Նա անկողին է ընկնում և, չնայած իր բժիշկների ջանքերին, վեց օր անց մահանում է։ Նրա վերջին ցանկությունն էր, որ իր մարմինը վերադարձնեն Ֆլորենցիա՝ իր սիրելի քաղաք։
Թարգմանիչ՝ Դիանա Հովհաննիսյան (Diana Hovhannisyan), խմբագիր՝ Մերի Պետրոսյան (Meri Petrosyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: