Ամստերդամում գտնվող իր բնակարանից Zoom-ի միջոցով խոսելիս Ալի ալ-Սադրը դադար տվեց մի բաժակ մաքուր ջրից փոքր կում անելու համար: Հեգնանքը պատեց նրան, և նա ծիծաղեց. «Իրաքից հեռանալուց առաջ ես ամեն օր պայքարում էի խմելու մաքուր ջուր գտնելու համար»: Երեք տարի առաջ ալ-Սադրը միացել էր իր հայրենի Բասրայի փողոցներում ընթացող բողոքի ցույցերին՝ իշխանություններից պահանջելով քայլեր ձեռնարկել քաղաքում ջրի աճող ճգնաժամի դեմ:
«Պատերազմից առաջ Բասրան գեղեցիկ վայր էր,- ավելացնում է 29-ամյա երիտասարդը: -Մեզ անվանում էին Արևելքի Վենետիկ»: Մի կողմից հարելով Շատ ալ-Արաբ գետին` քաղաքը կազմված է քաղցրահամ ջրանցքների ցանցից: Ալ-Սադրը, ով նավահանգստի աշխատակից էր, ժամանակին սիրում էր աշխատել այդ ջրանցքների կողքին.
«Բայց նախքան իմ հեռանալը նրանք չմշակված կոյուղաջրերը մղում էին ջրատարներ: Մենք չէինք կարողանում լվացվել, գետի հոտն ինձ մոտ ուժեղ գլխացավեր առաջացրեց, և երբ վերջիվերջո հիվանդացա, չորս օր անցկացրի անկողնում»: 2018-ի ամռանը աղտոտված ջուրը 120,000 բասրացիների հոսպիտալացման պատճառ դարձավ, և երբ ոստիկանությունը կրակ բացեց բողոքողների վրա, ալ-Սադրին բախտ վիճակվեց փախչել և փրկվել: «Մեկ ամսվա ընթացքում ես հավաքեցի իրերս և մեկնեցի Եվրոպա»,- ասում է նա:
Ամբողջ աշխարհում ալ-Սադրի պատմության նման պատմությունները չափազանց տարածված են դառնում: Աշխարհի բնակչության մեկ քառորդն այժմ տարեկան առնվազն մեկ ամիս բախվում է ջրի սակավության խնդրին, և ինչպես ալ-Սադրի դեպքում՝ այս խնդիրը շատերին ստիպում է այլ երկրներում ավելի ապահով կյանք փնտրել:
«Եթե ջուր չլինի, մարդիկ կսկսեն տեղաշարժվել»,- ասում է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության միջազգային համագործակցության հարցերով ղեկավար և հիդրոքաղաքականության փորձագետ Քիթի վան դեր Հեյդենը: Ջրի սակավությունն ազդում է աշխարհի բնակչության մոտ 40%-ի վրա, և ըստ ՄԱԿ-ի և Համաշխարհային բանկի կանխատեսումների՝ մինչև 2030 թվականը երաշտը կարող է տեղահանման վտանգի ենթարկել մինչև 700 միլիոն մարդու: Վան դեր Հեյդենի նման փորձագետներին մտահոգում է այն, թե ինչի կարող է հանգեցնել այս ամենը:
«Եթե ջուր չլինի, քաղաքական գործիչները կփորձեն ձեռք բերել այն, և հետևաբար կսկսեն պայքարել դրա համար»,- ասում է նա:
Երկրների կողմից մեծ գետերի վրա ամբարտակների կառուցման և ջրի արդյունահանման աննախադեպ մակարդակը հանգեցնում է նրան, որ հոսանքն ի վար գտնվող երկրները գնալով ավելի են ծարավի մատնվում, ինչն իր հերթին մեծացնում է հակամարտությունների վտանգը:
20-րդ դարի ընթացքում ջրի համաշխարհային օգտագործումը աճել է ավելի քան երկու անգամ՝ բնակչության թվի աճի հետ համեմատած: Այսօր այս անհամապատասխանությունը բազմաթիվ քաղաքներում` Հռոմից մինչև Քեյփթաուն, Չեննայից մինչև Լիմա, ջրի օրաբաժնային բաշխման պատճառ է դառնում: 2012 թվականից սկսած՝ գրեթե ամեն տարի ջրային ճգնաժամերը դասվում են Համաշխարհային տնտեսական ֆորումի «Գլոբալ ռիսկերն ըստ ազդեցության» ցուցակի թոփ հնգյակում: 2017թ. ծանր երաշտները նպաստեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենավատ հումանիտար ճգնաժամին, երբ 20 միլիոն մարդ Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում ստիպված եղան լքել իրենց տները սննդի սակավության և զուգահեռ բռնկված հակամարտությունների պատճառով:
Օքլենդում հիմնված Խաղաղօվկիանոսյան ինստիտուտի ղեկավար Փիթեր Գլեյքը վերջին երեք տասնամյակն անց է կացրել ջրի սակավության, հակամարտությունների և միգրացիայի միջև կապն ուսումնասիրելով, և կարծում է, որ ջրային հակամարտությունների քանակն ավելի է աճում:
«Շատ հազվադեպ բացառություններով ոչ ոք չի մահանում հենց ծարավից,- ասում է նա: -Բայց ավելի ու ավելի շատ մարդիկ են մահանում աղտոտված ջրից կամ ջրի հասանելիության համար մղվող հակամարտություններից»:
Թուրքիայում կառուցված ամբարտակների պատճառով գետերի հոսքի նվազումը ավելի է սրել հարավային Իրաքում՝ Բասրայի շրջակայքում, ջրի որակի անկումը:
Գլեյքն ու իր թիմը աջակցում են Ջրային հակամարտության ժամանակագրությանը. մեծ ու փոքր 925 ջրային հակամարտությունների տեղեկամատյան, որ ձգվում են բաբելոնյան թագավոր Համմուրապիի ժամանակներից: Մատյանը ոչ մի կերպ սպառիչ չէ. այն ներառում է ինչպես լիակատար պատերազմներ, այնպես էլ հարևանների միջև վեճեր: Բայց այն, ինչը դրանք բացահայտում են, ջրի և հակամարտությունների միջև հարաբերությունների բարդ լինելն է:
«Մենք ջրային հակամարտությունները դասակարգել ենք երեք խմբի,- ասում է Գլեյքը,- որպես հակամարտության «հրահրիչ», որտեղ բռնությունը կապված է ջրի հասանելիությանը և վերահսկմանը վերաբերվող վեճերի հետ, որպես հակամարտության «զենք», երբ ջուրը կամ ջրային համակարգերը օգտագործվում են որպես զենք հակամարտություններում, այդ թվում՝ ամբարտակների օգտագործման համար ջուրը քչացնելը կամ ջրով հեղեղելը հոսանքն ի վար դեպի ցածր համայնքներ, եւ որպես հակամարտությունների «զոհեր» կամ «թիրախներ», որտեղ ջրային պաշարները, մաքրման կայանները կամ խողովակաշարերը թիրախավորվում են հակամարտությունների ժամանակ»:
Այնուամենայնիվ, եթե թերթեք այն գրառումները, որոնք նա և իր գործընկերներն են կազմել, պարզ կդառնա, որ հակամարտությունների հիմնական մասը կապված են գյուղատնտեսության հետ: Թերևս զարմանալի չէ, քանի որ քաղցրահամ ջրերի օգտագործման 70%-ը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը: Օրինակ՝ Աֆրիկայի կիսաչոր Սահել շրջանում պարբերաբար տեղեկություններ են ստացվում, որ հովիվների ու ֆերմերների միջև բուռն բախումներ են տեղի ունենում իրենց կենդանիների և բերքի համար անհրաժեշտ ջրի սակավ պաշարների պատճառով:
Բայց քանի որ ջրի պահանջարկը մեծանում է, աճում է նաև հավանական հակամարտությունների ծավալը:
«Այս թեմայի վերաբերյալ վերջին հետազոտություններն իսկապես ցույց են տալիս, որ ջրի հետ կապված բռնությունները ժամանակի ընթացքում աճում են,- ասում է Համաշխարհային ռեսուրսների ինստիտուտի ջրի համաշխարհային գծով տնօրեն Չարլզ Այսլանդը: -Բնակչության աճը և տնտեսական զարգացումը հանգեցնում են ամբողջ աշխարհում ջրի պահանջարկի աճին: Միևնույն ժամանակ կլիմայական փոփոխությունը նվազեցնում է ջրամատակարարումը, և/կամ անձրևները շատ վայրերում դարձնում են ավելի անկանոն»:
Ջրային սթրեսի և կլիմայի փոփոխության երկակի ազդեցությունը որևէ այլ վայրում ավելի ակնհայտ չէ, քան Տիգրիս-Եփրատ ավազանի ավելի լայն շրջանում, որը ընդգրկում է Թուրքիան, Սիրիան, Իրաքը և Արևմտյան Իրանը: Արբանյակային պատկերների համաձայն` տարածաշրջանը ստորերկրյա ջրերն ավելի արագ է կորցնում, քան աշխարհի գրեթե ցանկացած այլ վայր: Եվ երբ որոշ երկրներ հուսահատ փորձեր են անում ապահովելու իրենց ջրային պաշարները, այդ գործողություններով ազդում են իրենց հարևանների վրա:
Հնդկաստանի հյուսիսային հարթավայրերը աշխարհի ամենաբերրի գյուղատնտեսական տարածքներից են, սակայն այսօր գյուղացիները պարբերաբար բախվում են ջրի սակավության խնդրին:
2019թ. հունիսին, երբ 50C (122F) շոգի ջերմային ալիքները պատեցին Իրաքի քաղաքները, Թուրքիան հայտարարեց, որ կսկսի լցնել իր Իլիսու ամբարտակը Տիգրիսի ակունքներում: Սա Թուրքիայի կողմից վերջին երկարաժամկետ նախագիծն էր, որը ենթադրում էր Տիգրիսի և Եփրատի երկայնքով 22 ամբարտակների և էլեկտրակայանների կառուցում, որը, ըստ Ֆրանսիայի Ջրի միջազգային գրասենյակի զեկույցի, էականորեն ազդում է դեպի Սիրիա, Իրաք և Իրան ջրի հոսքի վրա։
Ըստ զեկույցի՝ այն ավարտելուց հետո հարավ-արևելյան Անատոլիական նախագիծը կներառի 90 ամբարտակ և 60 էլեկտրակայան: (Տեսեք, թե ինչպես են Իլիսուի նման ամբարտակները վերաձևում մեր մոլորակը):
Երբ մղոնաչափ լայնքով Իլիսու ամբարտակի ետևում ջրի մակարդակը բարձրացավ, գետից դեպի Իրաք հոսքը կիսով չափ նվազեց: Հազարավոր կիլոմետրեր հեռու՝ Բասրայում, ալ-Սադրը և նրա հարևանները տեսան, որ իրենց ջրի որակը վատթարանում է: Համաձայն Human Rights Watch-ի՝ 2019թ. օգոստոսին հարյուրավոր մարդիկ սկսեցին լցվել Բասրայի հիվանդանոցներ՝ տառապելով ցանից, որովայնի ցավից, փսխումից, փորլուծությունից և նույնիսկ խոլերայից:
«Իրականում Բասրայի պատմության մեջ երկու մաս կա,- ասում է Այսլանդը:- Նախ դուք ունեք կեղտաջրերի ակնհայտ արտահոսք տեղական ջրային ուղիներ առանց որևէ մշակման: Բայց դուք նաև պետք է հաշվի առնեք Թուրքիայի սահմանին ամբարտակի առկայությունը, քանի որ քիչ քաղցրահամ ջուր է հոսում Տիգրիս և Եփրատ գետերով, աղի ջուրը լցվում է գետի՝ ավելի վերևի մասից (Պարսից ծոցից): Ժամանակի ընթացքում այն փչացնում է բերքը և մարդկանց հիվանդությունների պատճառ դառնում»:
Սա բարդ պատկեր է, բայց թվացյալ անհամապատասխանությունների միջև կապեր տեսնելու հնարավորությունը ձեռք է բերվել Իսլանդիայի՝ Նիդեռլանդների կառավարության կողմից ֆինանսավորվող Ջրի, Խաղաղության և Անվտանգության (WPS) գործընկերության՝ վեց ամերիկյան և եվրոպական հասարակական կազմակերպությունների խմբի (ներառյալ Խաղաղօվկիանոսյան ինստիտուտը և Համաշխարհային ռեսուրսների ինստիտուտը) աշխատանքի շնորհիվ:
Նրանք մշակել են համաշխարհային վաղ նախազգուշացման գործիք, որն օգտագործում է մեքենայական ուսուցումը՝ կանխատեսելու հակամարտությունները մինչև դրանց առաջանալը: Այն մեկտեղում է անձրևների, բերքի անբավարարության, բնակչության խտության, բերրիության, գյուղատնտեսական արտադրանքի, կոռուպցիայի մակարդակի, երաշտների և ջրհեղեղների վերաբերյալ տվյալները, ինչպես նաև բազմաթիվ այլ աղբյուրներ հակամարտությունների մասին նախազգուշացումների համար: Դրանք ցուցադրվում են կարմիր-նարնջագույն Մերկատոր նախագծի վրա մինչև անգամ վարչական շրջանների մակարդակով:
Ներկայումս այն նախազգուշացնում է պոտենցիալ հակամարտությունների շուրջ 2000 թեժ կետերի մասին 86% ճշգրտությամբ: (Կարդացեք ավելին այն մասին, թե ինչպես արհեստական բանականությունը կարող է օգնել բացահայտել հակամարտությունները մինչև դրանց առաջանալը):
Ինդոս գետը ջրի կենսական աղբյուր է Հյուսիսային Հնդկաստանի և Պակիստանի համար, բայց սկիզբ է առնում Տիբեթի լեռներից, որոնք վերահսկվում են Չինաստանի կողմից:
Բայց մինչ WPS գործիքի կիրառումը, որպեսզի բացահայտվեն այն վայրերը, որտեղ ջրի հետ կապված հակամարտությունները բռնկման վտանգի տակ են, այն կարող է նաև օգնել նրանց, ովքեր հույս ունեն հասկանալու, թե ինչ է կատարվում այն տարածքներում, որտեղ ջրի սակավության պատճառով արդեն իսկ բախումներ են տեղի ունենում:
Հնդկաստանի հյուսիսային հարթավայրերը, օրինակ, աշխարհի ամենաբերրի գյուղատնտեսական տարածքներից են, սակայն այսօր գյուղացիները պարբերաբար բախվում են ջրի սակավության խնդրին: Հիմնական տվյալները ցույց են տալիս, որ բնակչության աճը և ոռոգման բարձր մակարդակը գերազանցել են ստորերկրյա ջրերի հասանելի պաշարներին: Չնայած տարածքի փարթամ տեսք ունեցող ցանքատարածքին՝ WPS քարտեզը Հյուսիսային Հնդկաստանի գրեթե յուրաքանչյուր շրջան դասակարգում է որպես «ծայրահեղ բարձր»` ելակետային ջրի սթրեսի առումով:
Տարածքը սնուցող մի քանի առանցքային գետեր Ինդոսը, Գանգեսը և Սաթլեջը ծագում են սահմանի տիբեթյան կողմից, սակայն ջրամատակարարման տեսանկյունից կենսական նշանակություն ունեն ինչպես Հնդկաստանում, այնպես էլ Պակիստանում, և սա բարդացնում է խնդիրը:
Վերջերս ռազմական ընդհարում էր գրանցվել Հնդկաստանի և Չինաստանի միջև, որը վկայում է հոսանքին հակառակ շրջանների հանդեպ հավակնության մասին: Անցյալ տարվա մայիսին կատաղի բախումը Գալվանի հովտում, որի միջով հոսում է Ինդոսի վտակը, 20 հնդիկ զինվորի մահվան պատճառ դարձավ: Մեկ ամիս չանցած՝ տեղեկություններ եղան, որ Չինաստանը կառուցում է «շինություններ», որոնք կարող են պատնեշել գետը և այդպիսով սահմանափակել դրա հոսքը դեպի Հնդկաստան:
Բայց Գլոբալ վաղ նախազգուշացման գործիքի կողմից հավաքագրված տվյալները նաև որոշ տարօրինակ միտումներ են բացահայտում: Պարզվում է, որ աշխարհի ամենաջրազուրկ մասերից մի քանիսից տեղի է ունենում մարդկանց միգրացիա:
Օրինակ՝ Օմանում առկա է երաշտի ավելի բարձր մակարդակ, քան Իրաքում, բայց համավարակից առաջ տարեկան ընդունում էր հարյուր հազարավոր միգրանտների: Դա պայմանավորված է նրանով, որ Օմանը կոռուպցիայի, ջրային ենթակառուցվածքների, էթնիկ մասնատման և հիդրոքաղաքական լարվածության առումով շատ ավելի լավ է աշխատում: «Երաշտի նկատմամբ համայնքի խոցելիությունն ավելի կարևոր է, քան հենց երաշտը»,- ասում է Շվեդիայի Լունդ համալսարանի ֆիզիկական աշխարհագրության հետազոտող Լինա Էկլունդը:
Ջրի պակասը առաջանում է ոչ միայն երաշտի, այլև աղտոտմամբ ջրի որակի նվազման հետևանքով:
Ջրի սակավության և հակամարտության միջև կապն, այլ կերպ ասած, այնքան էլ պարզ չէ, որքան թվում է: Նույնիսկ այն դեպքում, երբ գոյություն ունի ուժեղ երաշտ, գործոնների բարդ խառնուրդ է անհրաժեշտ՝ որոշելու, թե արդյոք այն իսկապես հանգեցնելու է հակամարտության: Սոցիալական համախմբվածությունն ամենակարևորներից մեկն է:
Վերցրեք, օրինակ, Իրաքյան Քուրդիստանի շրջանը՝ մի տարածք, որը տուժեց նույն հնգամյա երաշտի պատճառով, որը 2011-ի մարտին մեկուկես միլիոն սիրիացի ֆերմերների մղեց քաղաքային կենտրոններ: Քրդերի համախմբված համայնքը չի զգացել նույն արտագաղթը, դժգոհությունը կամ դրան հաջորդած կռիվները:
Լոնդոնում տեղակայված բնական ռեսուրսների կառավարման և կլիմայի փոփոխության «Միջազգային ահազանգ» ՀԿ-ի ղեկավար Ջեսիկա Հարթոգը բացատրում է, որ դա տեղի է ունենում այն պատճառով, որ Սիրիայի կառավարությունը, նպատակ ունենալով հասնել սննդի ինքնաբավության, երկար ժամանակ սուբսիդավորել էր գյուղատնտեսությանը, այդ թվում՝ վառելիքը, պարարտանյութը և ստորերկրյա ջրերի արդյունահանումը:
Երբ Դամասկոսը կտրուկ անհամաձայնություն հայտնեց այս աջակցություններին երաշտի ընթացքում, գյուղական ընտանիքները ստիպված եղան զանգվածաբար գաղթել քաղաքային կենտրոններ՝ իրենց հետ բերելով անվստահություն ալ-Ասադի ռեժիմի նկատմամբ, ինչը բորբոքեց այն դաժան քաղաքացիական պատերազմը, որն էլ մասնատեց երկիրը:
Բայց եթե ջրի շուրջ հակամարտությունների պոտենցիալ բռնկման կետերը հնարավոր լինի պարզել, կարելի՞ է ինչ-որ բան անել ապագայում դրանք դադարեցնելու համար:
Ցավոք ջրի սակավության համար չկա լիարժեք և միանշանակ լուծում: Շատ երկրներում պարզապես կորուստների և արտահոսքերի նվազեցումը կարող է հսկայական փոփոխություն առաջացնել. Իրաքը վնասված ենթակառուցվածքների պատճառով կորցնում է մաքրված ջրի երկու երրորդը: WPS-ի գործընկերները նաև առաջարկում են պայքարել կոռուպցիայի դեմ և նվազեցնել գյուղատնտեսության չափից շատ աբստրակցիան՝ որպես այլ հիմնական քաղաքականություն, որ կարող է օգնել: Իսլանդիան նույնիսկ առաջարկում է ջրի գինը բարձրացնել` արտացոլելով դրա մատակարարման արժեքը. աշխարհի շատ մասերում մարդիկ սովոր են, որ ջուրը էժան և առատ պաշար է, այլ ոչ թե թանկագին մի բան:
Շատ բան կարող է արվել՝ օգտագործման համար ավելի շատ ջուր բաց թողնելով այնպիսի տեխնիկայի միջոցով, ինչպիսին է ծովի ջրի աղազերծումը: Այս պահին Սաուդյան Արաբիան բավարարում է իր ջրի կարիքների 50%-ը: «Մոխրագույն» ջրի կամ կեղտաջրերի վերամշակումը կարող է նաև դառնալ էժան և հեշտ իրագործվող այլընտրանք, որը կարող է օգնել երաշտից տուժած գյուղացիական համայնքներին: Համաշխարհային աղազերծման և կեղտաջրերի մաքրման վերաբերյալ մեկ գնահատում կանխատեսում էր, որ դրանց առկայության ավելացումը ջրի խիստ սակավության պայմաններում ապրող համաշխարհային բնակչության համամասնությունը կարող է նվազեցնել 40%-ից մինչև 14%:
Միջազգային մակարդակով հոսանքն ի վեր գտնվող երկրների կողմից լայնածավալ ամբարտակների կառուցումը ամենայն հավանականությամբ կբարձրացնի վեճերի վտանգը նրանց հետ, որոնք ապավինում են գետերին իրենց ջրի մատակարարման զգալի մասի համար: Սակայն Նիդերլանդների IHE Delft-ի ջրային իրավունքի և դիվանագիտության դոցենտ Սյուզաննա Շմայերն ասում է, որ ափամերձ հակամարտությունն ավելի հեշտ է նկատվում և ծայրահեղության հասնելու ավելի քիչ հավանականություն ունի:
«Տեղական հակամարտությունները շատ ավելի դժվար է վերահսկել և դրանք սրվելու հակում ունեն. սա հիմնական տարբերությունն է՝ համեմատած անդրսահմանային մակարդակի հետ, որտեղ պետությունների միջև հարաբերությունները հաճախ սահմանափակում են ջրի հետ կապված հակամարտությունների սրացումը»,- ասում է նա:
Եգիպտոսը, Սուդանը և Եթովպիան կախված են Կապույտ Նեղոսից եկող ներհոսքից և երկար ժամանակ քաղաքական հարվածներով են փոխանակել Մեծ Եթովպիայի Վերածննդի Ամբարտակի նախագծի շուրջ:
Ամբողջ աշխարհում կան բազմաթիվ օրինակներ, երբ լարվածությունը բարձր է. Արալի ծովի հակամարտությունը ներառում է Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը, Հորդանան գետի հակամարտությունը՝ Լևանտի պետություններին, Մեկոնգ գետի վերաբերյալ վեճը Չինաստանի և Հարավային Ասիայի հարևանների միջև: Սրանցից ոչ մեկը դեռ չի վերածվել հակամարտության: Բայց Շմայերը նաև նշում է մեկ վեճ, որը նման հավանականություն ունի:
Եգիպտոսը, Սուդանը և Եթովպիան բոլորն էլ կախված են Կապույտ Նեղոսից և երկար ժամանակ քաղաքական հարվածներ են փոխանակել եթովպական Վերածննդի Մեծ ամբարտակի (GERD) նախագծի շուրջ, որը կառուցվել է 5 միլիարդ դոլարով (3,6 միլիարդ ֆունտ ստեռլինգ) և երեք անգամ ավելի մեծ է, քան երկրի Տանա լիճը:
Երբ Եթովպիայի կառավարությունը հայտարարեց առաջ շարժվելու իր պլանների մասին, Եգիպտոսն ու Սուդանը համատեղ զորավարժություններ անցկացրեցին այս տարվա մայիսին, որը կոչվում էր «Նեղոսի պահապաններ»: Այն թերևս այսօրվա քաղաքական դաշտում առկա բոլոր վեճերից ամենամեծ ռիսկերն ունի ջրային պատերազմի վերածվելու համար, սակայն աշխարհում կան մի քանի այլ թեժ կետեր:
Պակիստանի պաշտոնյաները, օրինակ, նախկինում Հնդկաստանի վերին հոսանքի ռազմավարությունը անվանել էին «հինգերորդ սերնդի պատերազմ», մինչդեռ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը նախազգուշացրել էր, որ ջրի շուրջ տարածաշրջանային վեճերը կարող են պատերազմի հանգեցնել:
«Ես կոնկրետ երկրների անուններ չեմ նշի, բայց այս ամենը կարող է վատթարանալ այն աստիճան, որ դրա հետևանքը կլինի ոչ միայն լուրջ առճակատումը, այլև պատերազմը»,- ասաց նա:
Կապույտ Նեղոսի վրա Եթովպիայի Մեծ Վերածննդի ամբարտակը հանգեցրեց աճող լարվածության Եգիպտոսի և Սուդանի միջև, որոնք իրենց հույսը դնում են գետի հոսքի վրա:
Ջրի փոխանակման համաձայնագրերը այս տեսակի վեճերի լիցքաթափման սովորական միջոց են: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ստորագրվել են ավելի քան 200 պայմանագրեր, օրինակ՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև 1960 թվականի Ինդուսի ջրերի պայմանագիրը, և Իսրայելի ու Հորդանանի միջև կնքված համաձայնագիրը՝ կնքված մինչև նրանց խաղաղության պայմանագիրը: Բայց ՄԱԿ-ի` ավելի քան մեկ տասնամյակ տևած փորձը` ներկայացնելու սահմանային ջրերի մասին կոնվենցիան անդրսահմանային գետերի և լճերի վերաբերյալ, միայն հանգեցրեց նրան, որ 43 երկրներ համաձայնեցին հետևել դրան:
Հարթոգն ասում է, որ ժամանակակից պայմանագրերը ամենայն հավանականությամբ պետք է ներառեն երաշտի մեղմացման արձանագրություն, որպեսզի նվազեցնեն գետի ներքևի հատվածում իրավիճակի վատթարացումը։
Փաստորեն դա կարտացոլեր Լեսոտոյի, Հարավային Աֆրիկայի, Բոտսվանայի և Նամիբիայի օրինակը, որոնք 2000 թվականին ընդհանուր ռեսուրսների պատճառով լարվածության մակարդակի հասնելուց հետո ակտիվացրին համագործակցությունը Օրանժ-Սենք գետի հանձնաժողովի (Orasecom) միջոցով: Այդ օրինակում ընդհանուր ջրհոսքի համաձայնագրերի հաստատումը և ողջամիտ օգտագործման սկզբունքների ամրագրումը բավականաչափ հիմքեր ներկայացրին իրավիճակը լիցքաթափելու համար: Այն դեպքում, երբ անհրաժեշտ է դառնում լրացուցիչ ջուր բաց թողնել, հետազոտությունը հետևողականորեն ենթադրում է, որ աղազերծումն ու կեղտաջրերի մաքրումը երկու ամենաարդյունավետ ռազմավարություններից են:
Հավանաբար Եգիպտոսն ուշադրություն է դարձնում այս հաղորդագրությանը: Անցյալ տարի երկրի կառավարությունը միջնորդեց մի շարք գործարքների երկրում աղազերծման 47 նոր գործարան բացելու համար, որոնց թվում է նաև կեղտաջրերի մաքրման աշխարհի ամենամեծ գործարանը: Թեև Եգիպտոսի իշխանություններն արագացրել են գործարանների շինարարությունը, այդ նախագծերի հիմնական մասը չի ավարտվի մինչև 2030 թվականը, իսկ երկրի ջրի վիճակը շարունակում է վատթարանալ: Հարթոգը կարծում է, որ Եգիպտոսը, Եթովպիան և Սուդանը կարող են արտաքին օգնություն խնդրել, եթե ցանկանում են խուսափել հակամարտություններից:
«Քիչ հավանական է, որ երեք երկրներն իրենք իրենց համաձայնության կգան, և էսկալացիայից խուսափելու համար անհրաժեշտ է ուժեղացնել միջազգային դիվանագիտական ջանքերը»,- ասում է նա՝ հավելելով, որ ճնշումներն աճում են Ադիս Աբեբայի ավելի ու ավելի մեկուսացող կառավարության վրա:
«Սա կարող է լինել լավագույն ելակետը այնպիսի երկրների համար, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը՝ միավորելու իրենց ուժերը՝ օգնելու ափամերձ երկրներին ապահովել եռակողմ պարտադիր համաձայնագիր»,- եզրափակում է նա:
Օրանժ-Սենք գետի ավազանի համար ջրի բաժանման պայմանագիրը ստորագրվել է 2000 թվականին, սակայն նրա վտակների պատնեշները շարունակում են վիճելի մնալ:
Իսկ ներքին հակամարտություննե՞րը: Որոշ փոքր երկրներ գտնում են իրենց ուղիները ջուրն ավելի լավ կառավարելու համար: Պերուն պահանջում է ջրամատակարարման ծառայություններ մատուցող ընկերություններից իրենց շահույթի մի մասը ներդնել հետազոտության մեջ և կանաչ ենթակառուցվածքները ինտեգրել փոթորկից հետո ջրի կառավարման մեջ: Վիետնամը ճնշում է արդյունաբերական աղտոտվածությունը Մեկոնգ դելտայի իր հատվածի երկայնքով և ինտեգրում է ավանդական կառուցված ջրային ենթակառուցվածքը` ապահովելու ավելի հավասար բաշխում իր քաղաքային և գյուղական բնակիչների միջև:
Քանի որ կլիմայի փոփոխությունը և աճող մարդկային բնակչությունը շարունակում են բարդացնել երաշտների խնդիրն ամբողջ աշխարհում, նման լուծումները ավելի ու ավելի անհրաժեշտ կդառնան հակամարտությունները և միգրացիան դադարեցնելու համար: Անցյալ տարվա դեկտեմբերին՝ Ալի ալ-Սադրի՝ Բասրայից հեռանալուց ավելի քան երկու տարի անց, քաղաքի 11%-ից էլ քիչ տնային տնտեսություններ ունեին մաքուր խմելու ջրի հնարավորություն: 2020 թվականի վերջին Նիդերլանդներից 6,4 մլն դոլար (4,6 մլն ֆունտ/5,5 մլն եվրո) ներգրավումը, որին նպաստեց ՅՈՒՆԻՍԵՖ-ը, այժմ օգնում է բարելավել քաղաքի թուլացող ջրի ենթակառուցվածքը, սակայն այս ամռան սկզբին էլեկտրաէներգիայի անջատումները փակեցին քաղաքի ջրի շատ պոմպեր բարձր ջերմաստիճանի պայմաններում:
Նրանց համար, ում ալ-Սադրը թողել էր քաղաքում, դժվար է տեսնել իրենց կացության ավելի խոր հետևանքները, երբ բախվում են մաքուր ջուր ձեռք բերելու ամենօրյա խնդիրներին, և վերջին ամիսներին քաղաքը ենթարկվում է հավելյալ խռովությունների: Ալ-Սադրը մտավախություն ունի, որ մինչև իրավիճակը չբարելավվի, բուռն ցույցերը կշարունակվեն:
«Երբ բողոքեցի, չգիտեի, թե ինչ է թաքնված այդ ամենի հետևում»,- ասում է ալ-Սադրը,- «Ես պարզապես խմել էի ուզում»:
Թարգմանիչ՝ Հասմիկ Խաչատրյան (Hasmik Khachatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։