Հայաստանի տարբերվող ժառանգությունը

Հայկական մշակույթը իբրև ճանաչման առանցք և կենտրոն դիտարկելը դեռևս այդքան հատուկ չէ հայկական մտքին։ Սեփական մշակույթի մասին օտար լեզվից թարգմանելը յուրատեսակ փորձառություն է, քանզի պահանջում է թարգմանչից նախ օտարացնել այն, ինչ արդեն իսկ քեզ հարազատ է, ապա կրկին հարազատացնել այն սեփական մշակույթին՝ իբրև օտար մի բան։ Նման մի փորձ են ստորև ներկայացված թարգամությունը։

 

Նյութը հրապարակվում է «Ինլայթ» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Թարգմանչական և խմբագրական պրակտիկա» ծրագրի շրջանակում:

Հայաստանը կարող է գերադասել հիմնվել սեփական երկարամյա պատմական ժառանգության վրա՝ ի հակադրություն խորհրդային ժառանգության պատումների: Սա կօգնի երկրին ինստիտուցիոնալ զարգացման և վերափոխումների ընթացքում:

Հայաստանի պատմությունը ձգվում է հին ժամանակներից մինչև մեր օրեր: «Ըստ Աստվածաշնչի՝ Նոյի տապանը հանգրվանել է Արարատ լեռան վրա» նախադասությունը սովորում է հայկական ծագում ունեցող յուրաքանչյուր դպրոցական, և հայերը նաև հպարտ են, որ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին ազգն են աշխարհում (301): Այնուամենայնիվ, նման խոսակցության մեջ սովորաբար մոռացվում է, որ հայերի պատմությունը դրանից հեռուն է գնում: Հայաստանը ներխուժումների, պատերազմների, գաղթի և պայմանագրերի շրջաններ վերապրած պետություն է: Նրա ժողովուրդը ցրված է եղել Օսմանյան, Ռուսական և Պարսկական կայսրություններում և ունի համաշխարհային սփյուռք: Հայաստանի պատմության գրեթե ողջ ընթացքում նրա հողերը ընկած են եղել մրցակից կայսրությունների միջև. մի հանգամանք, որը դարեր շարունակ մշտապես ազդել է իր ժողովրդի կյանքի վրա:

Ինքնաապավինումն ու հեղափոխությունը՝ որպես ինքնության ազատագրման նպատակ հետապնդող նոր գաղափարներ, սահմանել են հայ ժողովրդի բնութագիրը: Տասնիններորդ դարից ի վեր հայ ազատագրական պատմությունը հիշեցնում է տարբեր դրսևորումներ ստացած հեղափոխական ցիկլեր: Արևմտականացված և ֆրանսիական հեղափոխության դասերը սերտած հայերը հեղափոխության գաղափարը համարեցին պատմականորեն կարևոր և տեղին: 1880 թվականին հայ մեծանուն գրող Րաֆֆին թողարկեց իր «Խենթը» վեպը, որում մարգարեաբար ստեղծեց «նոր հայ մարդու» մոդելը՝ որպես հեղափոխական: Տասնիններորդ դարի վերջին իբրև հեղափոխական թևարկու ձևավորվեցին հայկական քաղաքական կուսակցությունները, այդ թվում՝ Վանում ստեղծված Արմենական կուսակցությունը[1] (1885), Ժնևում հիմնադրված Հնչակ (Սոցիալ-դեմոկրատական)[2] (1887) և Թիֆլիսում հիմնված Դաշնակցություն (Հայ հեղափոխական դաշնակցություն) կուսակցությունները (1890): Կուսակցություններին վերապահված պատմական դերը հազարամյա ազգային ավանդույթներն ու մշակույթը համընդհանուր արժեքների հետ միասին համախմբելու և հայերի շրջանում տարածելու միջոցով դրանց պատշաճ հավասարակշռման կարողությունն էր: Կուսակցությունները նաև ծառայում էին որպես կարևոր հարթակ՝ հակազդելու հայերի դեմ սուլթանական, երիտթուրքական և քեմալական իշխանությունների որդեգրած վախի, ատելության և ցեղասպանության քաղաքականությանը:

Հայոց պատմությունը կարելի է ամփոփել որպես հայ գրականության, լեզվի, դպրության և աշխարհիկ մտածողության իրավունքի ազատագրման պայքարի պատմություն: Կրթության, հետազոտության և լուսավորչական մտքի որոնումն ամփոփված է հայ մտածողների (որոնք, բարեբախտաբար, ազգում քիչ չէին) հետազոտական և բացատրական հարցումների մեջ: Տասնութերորդ դարում հայկական մշակույթը պահպանվել և վերակենդանացվել է վանականների մի փոքր խմբի կողմից: 1717 թվականին հայ ուսումնագետ Մխիթար Սեբաստացին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հիմնեց Հայ կաթոլիկ միաբանությունը: Խումբը նոր կյանք հաղորդեց հայկական ավանդույթին՝ բանաքաղելով, վերաշարադրելով և կազմելով հին հայկական տեքստերը: Մխիթարյանները թողել են մեծածավալ տվյալներ բազմաթիվ գիտակարգերում՝ (ներառյալ՝ ֆիզիկա, քիմիա, մեխանիկա, երկրաբանություն, բուսաբանություն, կենդանաբանություն, հանքագործություն, օդերևութաբանություն և աստղագիտություն) դասագրքերի, մենագրությունների և հոդվածների տեսքով: Հետագայում զարգացումները վկան դարձան հայ ազգային գաղափարախոսության մեջ ավելի մեծ տեղաշարժի՝ կրոնականից դեպի աշխարհիկ, որին հաջորդեց նոր ինտելիգենցիայի ի հայտ գալը: Հայ մտածողության ներկայացուցիչների թվում էր գրող, ազգային միասնության և հոգևոր վերածննդի ջատագով Խաչատուր Աբովյանը՝ (1809-1848): Նրա «Վերք Հայաստանին» արևելահայերենով գրված առաջին վեպն էր: Դա հայկական հոգեբանության հավաքականն է. ազատագրման որոնում և դիմադրության շարունակական ուժի գաղտնիքներ: Նա բացեիբաց քննարկեց համընդհանուր արժեքներ, որոնք ունակ են առաջնորդել մարդկանց՝ անկախ ազգությունից: Նրա վսեմ մտածողությունը դրսևորվեց համընդհանուր արժեքների հղացքում՝ նախատեսված բոլոր մարդկանց համար՝ անկախ նրանց կրոնական կամ քաղաքական պատկանելությունից: Լինելով արևելահայ նոր մանկավարժության (աշխարհիկ բովանդակության վրա հիմնված ուսուցում) հիմնադիրներից մեկը՝ Աբովյանը իր ուսումնագիտությունը նվիրեց հայ մտածողությունը եկեղեցականների և կայսերապաշտների պարտադրած հետամնաց հայացքներից ազատելուն: Աշխարհիկ գաղափարների մեկ այլ ջատագովի՝ Միքայել Նալբանդյանի ստեղծած «Հյուսիսափայլ» ամսագիրը դաշտ ապահովեց քննադատական վերլուծության համար և մեծապես կիրառեց եվրոպական լուսավորչության հեռանկարը՝ կյանքի երևույթները վերլուծելու համար:

Կրթության նվիրվածության վրա հիմնված հայի կերպարը ուղեկցել է շատ սերունդների, և ինչպես ցույց կտա պատմությունը, ի վերջո, ծնել հայերի հանդեպ հարևանների աղետալի վերաբերմունքը: Հայերի ձեռքբերումներն ընդհատվել են 1895-1896 թվականներին Սուլթան Աբդուլ Համիդի ջարդերով, և, ի վերջո, պարփակվել 1915 թվականի ցեղասպանությամբ: Թուրքերը վախենում էին հայկական ներուժից և պետականության նրանց ընկալումից. մի գաղափար, որը երբեք չի կորցրել իր գրավչությունը հայ համայնքի տրամասության մեջ: Այնուամենայնիվ, նույնիսկ ուժերի ծայրաստիճան անհավասար բաշխման շրջանում հայերը հաջողությամբ պաշտպանվել են: Դրա վառ օրինակը 1915 թ.-ին սիրիական անապատի լեռան վրա հայկական երկարատև դիմադրությունն է (պատմական դեպք, որը վերաճեց Ֆրանց Վերֆելի 1933 թ.-ին հրատարակված «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի): 1918 թվականին Հայաստանը ստեղծեց իր առաջին հանրապետությունը Երևանի շուրջ: Մի հնարավորություն, որ ստեղծվեց հնարավոր ամենավատ պատմական պահին: 1921 թվականին Հայաստանը այլ երկրների հետ միասին դարձավ նորաստեղծ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության բաղկացուցիչ մասը: Սա զարգացում էր, որը հանգեցրեց մի շարք ողբերգությունների՝ որպես վախի վրա կառուցված փակ հասարակության հետևանք, բայց, բարեբախտաբար, ոչ կորսված հույս վերածննդի համար: 

Հայ ժողովրդի պատմության մեջ մեկ այլ ուշագրավ տարր է հասարակական գիտակցության և հանրային ակտիվության զգացողության աճը՝ պայմանադրված հասարակ մարդկանց արժեքով: Հասարակական ակտիվության ձգտումը երբեք չի դադարել բնորոշիչ առանձնահատկություն լինել հայերի համար: Այն դադար առավ քսաներորդ դարասկզբին՝ նրանց ապրած հոգեցնցումներից հետո: Այնուամենայնիվ, հայերը խորհրդային պատմության համար աննախադեպ հավաքներ էին կազմակերպում: 1965 թ.-ին 100,000 մարդ հավաքվեց՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը: 1987 և 1988 թվականներին տեղի ունեցավ նաև հայ հեղափոխական շարժում, որն ընդդիմացավ կոմունիստական կառավարմանը և զորակցություն հայտնեց Լեռնային Ղարաբաղին՝ ի վերջո բերելով 1991 թ.-ի անկախությանը: Վառ արտահայտված այլախոհ մտածողությունն առաջացավ 1977 թ.-ի ապրիլին Երևանում 1975-ի Հելսինկյան համաձայնագրին ԽՍՀՄ համապատասխանությունը մշտադիտարկող իրավապաշտպան խմբի ստեղծմամբ:

Անկախության վաղ տարիներին երկրի համար իրողություն էր տնտեսական փլուզված դրությունը, պատուհասած վատ կառավարման, ոչ ֆորմալ որոշումների կայացման, հովանավորչության և կոռուպցիոն դեպքերի արդյունքում, որոնք իրենց ժառանգությունը պահպանեցին երեք հաջորդական վարչակարգերի օրոք: 2018 թ.-ի հեղափոխությամբ հայ ժողովուրդը ընտրեց առաջընթացի հնարավորությունը և դրա իրականացման գործում ապավինեց նոր կառավարությանը: Նոր իրադարձությունները կարծես թե հիշեցնում էին անցյալը, քանի որ հասարակությունը մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում ներգրավվածության, ղեկավարողներին հաշվետու պահելու և լավ կյանքի ձգտման մեջ:

Հայաստանը երկար ճանապարհ է անցել: Նրա բազմազան փորձառությունները հնարավորություն են տվել ճիշտ ժառանգություն ընտրելու որպես զարգացման հիմք: Հայաստանի ժառանգությունը սովետականը չէ: Նրա խորհրդային պատմությունը պարզապես վնասաբեր շրջան էր: Հեղափոխությունը, աշխարհիկ մտածողությունը և հասարակական ակտիվությունը ներկայացնում են ազգի մտավոր և սոցիալական պատմության եռերգությունը, ինչպես նաև հայ ժողովրդի բնութագրիչ հատկությունները: Ճիշտ ժառանգության ճանաչումը կարող է օգնել երկիրը տանելու ինստիտուցիոնալ զարգացման և վերափոխումների, ինչպես հատուկ է լուսավորված հասարակությունների գործելակերպին: Այս հասարակությունները գործում են համաձայն օրենքի գերակայության և մարդու արժանապատվության ու իրավունքների հանդեպ հարգանքի: Այսօր Հայաստանը կարող է նախընտրել ջնջել իր խորհրդային ժառանգությունը՝ փոխարենը հիմնվելով առաջադեմ ու հեղափոխական գաղափարների իր հարուստ պատմության և զարգացման համար առողջ սոցիալական գիտակցության վրա:

Ծանոթագրություն

[1] Հայկական Ուրարտու թագավորության կենտրոնը մ.թ.ա. 9-ից 6-րդ դարերում. տասնիններորդ դարում՝ մինչև 1915 թվականը, առավելապես հայաբնակ քաղաք ներկայիս Արևելյան Թուրքիայում:

[2] Կոչված՝ ի պատիվ Ալեքսանդր Հերցենի «Կոլոկոլ» առաջին հեղափոխական թերթի՝ «Հնչակ»:

Բնօրինակի հեղինակ՝ Valentina Gevorgyan, New Eastern Europe


Թարգմանիչ՝ Մերի Թաթոյան (Mary Tatoyan), խմբագիր՝ Հեղինե Ալեքսանյան (Heghine Aleksanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։