«Ինլայթ»-ը ներկայացնում է ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ վիճակագրական տվյալներ, փաստեր և ինֆոգրաֆիկաներ՝ Statista-ի տվյալների հիման վրա:
Մարտի 2-ի ժամը 11:30-ի դրությամբ (ԿԵԺ) Ուկրաինայում բնակվող ավելի քան 1 միլիոն մարդ լքել է երկիրը՝ մշտական կամ ժամանակավոր ապաստան փնտրելու նպատակով: Ըստ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալների վրա կազմված աղյուսակի՝ փախստականների մեծ մասը հատել է Լեհաստանի սահմանը:
Մոտ 548,000 փախստական Ուկրաինայի արևմտյան հարևանի սահման է հասել ոտքով, ավտոբուսով, մեքենայով կամ գնացքով: Համաձայն կառավարության հայտարարությունների՝ ամեն օր Լեհաստան է ժամանում ավելի քան 50,000 մարդ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունից անվտանգ մնալու հույսով։ Թեև շուրջ 88,000 մարդ փախչում է եվրոպական այլ երկրներ, փախստականների ալիքի հիմնական մասը բաժին է ընկնում Լեհաստանին, Հունգարիային, Սլովակիային և Մոլդովային: Այս տեղաշարժերը, հավանաբար, առաջիկա մի քանի օրվա ընթացքում կմեծանան, քանի դեռ մարտերը շարունակվում են: ՄԱԿ ՓԳՀ-ի նախօրեին հրապարակված հաշվարկները ցույց են տալիս, որ Ուկրաինայում մնացած 12 միլիոն բնակչությունը և 4 միլիոն փախստականներն առաջիկա ամիսներին կունենան հատուկ օգնության և պաշտպանության կարիք: Ստեղծված հումանիտար ճգնաժամի դեմ պայքարելու համար ՄԱԿ-ը և նրա գործընկեր հումանիտար կառույցները շտապ 1,7 միլիարդ դոլար հատկացնելու կոչ են արել՝ ապահովելու համար անհրաժեշտ միջոցների բաշխումը:
Statista-ի հաղորդման մեջ նշվում է, որ թեև եվրոպական համայնքի համախմբման ջանքերը, ընդհանուր առմամբ, գովելի են, ոչ սպիտակամորթ փախստականների նկատմամբ վերաբերմունքը վերջին մի քանի օրվա ընթացքում հայտնվել է ավելի մեծ ուշադրության կենտրոնում: Մարտի 1-ին, օրինակ, Նիգերիայի կառավարությունը դատապարտել է ուկրաինացի սահմանապահ պաշտոնյաների վերաբերմունքը նիգերիացի և աֆրիկացի այլ փախստականների հանդեպ՝ պատճառաբանելով, որ իբր առաջնահերթություն է տրվել սպիտակամորթ ուկրաինացիների տարհանմանը:
Պատրաստեց՝ Մարիամ Անտիկյանը