Ո՞ր երկրներն են դատապարտել Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա

 

«Ինլայթ»-ը ներկայացնում է ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ վիճակագրական տվյալներ, փաստեր և ինֆոգրաֆիկաներ՝  Statista-ի տվյալների հիման վրա:

Նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում մի քանի երկրներ, որոնք դեռևս չէին դատապարտել ռուսական ներխուժումն Ուկրաինա, կողմ քվեարկեցին Ռուսաստանի հարձակումը «քննադատող» բանաձևին։

Նոր երկրների թվում էին Սերբիան, Աֆղանստանը, Նիգերիան, Եգիպտոսը, Նեպալը, Թաիլանդը, Կամբոջան, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն:

Բանաձևին դեմ են քվեարկել հինգ երկրներ՝ Ռուսաստանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան և Բելառուսը։

Եվս չորսը՝ Իրանը, Նիկարագուան, Վենեսուելան և Կուբան, չեն քվեարկել կամ ձեռնպահ են մնացել, թեև հրապարակում են ռուսամետ հայտարարություններ։

Քիչ ազգեր այս հարցը բացարձակ լռության են մատնել, օրինակ՝ Թուրքմենստանը, Եթովպիան կամ էներգիայի պաշարներով հարուստ Ադրբեջանը, որը սերտ կապեր ունի թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ։

Այս հարցում չեզոք դիրքորոշում է որդեգրել նաև Հայաստանը: [թարգմ. կողմից]

Մինչ Եվրոպայի և Ամերիկայի երկրների մեծ մասն արդեն իսկ դատապարտել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, Ասիայում և Աֆրիկայում պատկերը մի փոքր ավելի խառն է: Ասիական շատ երկրներ, այդ թվում՝ զարգացող տերություններ Հնդկաստանը և Չինաստանը, փորձում են լարախաղացի զգուշություն ցուցաբերել ներկա ճգնաժամում մնալով չեզոք: Աֆրիկայում մայրցամաքի մի քանի խոշոր տնտեսություններ՝ Նիգերիան, Եգիպտոսը, Քենիան և Գանան, հանդես եկան ներխուժման դատապարտմամբ, մինչդեռ մյուսները, այդ թվում՝ Ալժիրը, Հարավային Աֆրիկան ​​և Մարոկկոն, ճգնաժամին ոչ մի ​​որակավորում  դեռ չեն տվել:

Չինաստանը Ռուսաստանի գլխավոր դաշնակիցն է, և հենց այն երկիրը, որի վրա ռուսները հույս են դնում` պահպանելու իրենց ֆինանսական հոսքերը: Այդ երկիրը Ռուսաստանի կենտրոնական բանկի պահուստների օտարերկրյա ամենախոշոր պահնորդն է՝ առաջ անցնելով Ֆրանսիայից, Ճապոնիայից և Գերմանիայից: Ի տարբերություն նշյալ երկրների՝ Չինաստանը չի հայտարարել, որ պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի կենտրոնական բանկի կամ որևէ այլ ֆինանսական հոսքերի նկատմամբ։ Չեզոքության ձգտող շատ երկրների նման Չինաստանը ևս ողջունել է հարցի դիվանագիտական լուծումը, սակայն մերժել է Ռուսաստանի քայլը բացահայտորեն անվանել ներխուժում:

Նմանապես, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին դիմել է Պուտինին՝ դադարեցնելու բռնությունները, սակայն երկրին չի տվել ագրեսոր անվանումը: Հնդկաստանն իր սպառազինության 70 տոկոսը գնում է Ռուսաստանից, բայց նաև սերտ կապեր ունի ԱՄՆ-ի հետ, որին տեսնում է որպես այլընտրանք Չինաստանին:

Ե՛վ Հնդկաստանը, և՛ Չինաստանը ձեռնպահ են մնացել ՄԱԿ-ի քվեարկությունից։


Պատրաստեց` Մարիամ Անտիկյանը