Մարիխուանա. Լոկ թմրանյու՞թ, թե՞ փոքր-ինչ ավելին

Photo: www.shutterstock.com
Photo: www.shutterstock.com

Սույն վերլուծության նպատակն է ցույց տալ՝ ինչ դրական և բացասական հետևանքներ կունենա կաննաբիսի օրինականացումը, հիմնվելով միջազգային փորձի և հայ մասնագետների կարծիքների վրա` հասկանալ՝ արդյոք մարիխուանան չարիք է, թե ամեն ինչ կախված է օգտագործման ձևից և չափաբաժնից:

Մարիխուանայի մասին

Մարիխուանան (պաշտոնական անվանումը` կաննաբիս) փսիխոակտիվ նյութ է, որն ստանում են կանեփ բույսից: Փսիխոակտիվ են կոչվում այն բոլոր նյութերը, որոնք ինչ-որ կերպ ազդում են կենտրոնական նյարդային համակարգի վրա (կոֆեին, կոկային, մորֆին և այլն): Մարիխուանայի` մարդու օրգանիզմի վրա ունեցած ազդեցությունը պայմանավորված է կանեփ բույսի մեջ առկա կաննաբինոյիդներով:
Մարիխուանան ունի օգտագործման երկու հիմնական ոլորտ: Առաջին հերթին այն հոգեմետ, թմրեցնող միջոց է: Նյութի օգտագործման երկրորդ ոլորտը բժշկությունն է:

Մարիխուանան՝ իբրև թմրանյութ

Մարիխունան՝ իբրև թմրանյութ, ունի կիրառման մի քանի միջոց: Ամենատարածվածը ծխախոտն է: Բանգլադեշում, օրինակ, կաննաբիս ծխելն այնքան տարածված և սովորական երևույթ է, որքան եվրոպական երկրներում մեկ բաժակ գարեջուրը¹: Բացի ծխախոտից, սակայն, ընդունված է նաև ուտել մարիխուանան: Այն ավելացվում է մի շարք քաղցրավենիքների մեջ, իսկ թմրեցնող ազդեցությունը հայտնվում է 40-60 րոպե հետո միայն: Բույսն ուտելու դեպքում թունավորումը (ինտոկսիկացիան) ավելի տհաճ է և երկարատև: Չեխիայում, Նիդերլանդներում և այլ մարիխուանա-տոլերանտ երկրներում բացվում են քոֆիշոփեր, որտեղ անձնական օգտագործման համար որոշակի քանակություններով վաճառվում է կաննաբիս: Այն վաճառվում է ինչպես անմիջապես բույսի, այնպես էլ քաղցրավենիքի տեսքով: Քոֆիշոփերը պարտավոր են հետևել մի քանի կանոնների, օրինակ` չվաճառել ծանր հետևանքներ թողնող թմրամիջոցներ (հերոյին, կոկային), չվաճառել մարիխուանա անչափահասներին, 5 գրամից ավել չվաճառել և այլն:

Մարիխուանայի` իբրև թմրամիջոցի կարճատև օգտագործման հետևանքով կարմրում են աչքերը, վերջույթներն սկսում են դողալ, լավանում է ախորժակը: Բացի ֆիզիկական ազդեցությունից՝ մարիխուանայի օգտագործման հետևանքով սկսվում է էյֆորիկ վիճակ, մարդը դառնում է ավելի քնկոտ: Կաննաբիս օգտագործած մարդիկ ավելի արագ են նկատում դետալները, արտաքին ազդակների նկատմամբ ավելի զգայուն են:

Երկարատև օգտագործման դեպքում այն վատացնում է հիշողությունը: Հղիության շրջանում մարիխուանայի չարաշահումը պտղի մոտ հանգեցնում է այնպիսի հետևանքների, ինչպիսիք են հիպերակտիվությունը, տարիքի համեմատ թույլ զարգացած մտավոր ունակությունները, կենտրոնանալու կարողության թուլությունը: Երկարատև օգտագործման արդյունքում առաջ եկող կախվածությունն ավելի շատ ունի հոգեբանական, քան ֆիզիոլոգիական բնույթ: Ինչպես չափաբաժնի կտրուկ աճը, այնպես էլ կաննաբիսից կտրուկ հրաժարումը կարող են հանգեցնել մի շարք հոգեկան հիվանդությունների (փսիխոզ, պարանոյա): 1960-ականների սկզբին երկարաժամկետ օգտագործման հետևանքով վրա հասնող վիճակը կոչվեց մոտիվացիայի կորստի սինդրոմ, որին բնորոշ են անտարբերությունը, ցանկությունների բացակայությունը, խնդիրների, նպատակների հանդեպ հետաքրքրության բացակայությունը:

Հետազոտողների մոտ առկա էր այն կարծիքը, որ մարիխուանան ունի քաղցկեղածին ազդեցություն: 2006 թվականի մայիսի 23-ին Դեյվիդ Գեֆֆեն՝ բժշկական դպրոցի պրոֆեսոր Դոնալդ Տաշկինը ապացուցեց, որ կաննաբիսի՝ անգամ որպես թմրանյութ օգտագործումը չի կարող հանդիսանալ թոքերի, գլխուղեղի և այլ օրգանների քաղցկեղի առաջացման պատճառ: Կաննաբիսը շատ ավելի անվտանգ է, քան ծխախոտը, որն ազատ վաճառվում է աշխարհի գրեթե բոլոր ծայրերում: Սա  են փաստում 2016 թվականին հրապարակված նորզելանդական մի հետազոտության արդյունքները, որը տևել է 20 տարի²:

Մարիխուանայի կիրառությունը բժշկության մեջ

Մարիխուանան բշժկության մեջ կիրառվում է մոտավորապես մ.թ.ա. 18-րդ դարից սկսած³: Այն օգտագործվել է Մերձավոր Արևելքում, Հնդկաստանում, Պարսկաստանում՝ հանդիսանալով ամենաուժեղ ցավազրկող միջոցներից մեկը: Հիվանդագին սրտխառնոցների4 պարագայում երկար ժամանակ միակ դեղն էր, ինչպես նաև հակացնցումային հնար՝ էպիլեպտիկ սրացումների դեպքում: Ժամանակակից բժշկությունը մարիխուանան կիրառում է որպես պայքարի միջոց՝

  1. Քաղցկեղի, գլաուկոմայի, դեպրեսիայի դեմ5,
  2. ՁԻԱՀ-ի դեմ6,
  3. Ներվային անորեքսիայի դեմ. ախորժակի իսպառ բացակայության ժամանակ կաննաբիսը կիրառվում է որպես ախորժաբեր միջոց,
  4. Աստմայի դեմ (այս մեթոդը լայն կիրառում ուներ 19-րդ դարում),
  5. Սուր միգրենի, մշտական գլխացավերի դեմ:

Կաննաբիսն ունի նաև դեռևս լավ չհետազոտված կողմեր, օրինակ մարիխուանայի հակաբիոտիկ բնույթը, որը վերջին անգամ ուսումնասիրվել է Չեխոսլովակիայում 1949-1961 թվականներին: Մարիխուանան կարող է նաև թեթևացնել այնպիսի ծանր և անբուժելի հիվանդության սիմպտոմներ, ինչպիսին Պարկինսոնի հիվանդությունն է:

Մարիխուանայի օրինական կարգավիճակը

Մարիխուանայի օրինական կարգավիճակի հարցը կարգավորվում է օրենքների միջոցով, որոնք ոչ միայն վերաբերում են նյութի օգտագործմանը կամ թույլատրելի քանակներին, այլև դրա պահպանմանը, վաճառքին, աճեցմանը և այլն: Մարիխուանայի կարգավիճակն ունի հստակ սահմանում, որովհետև այն իր մեջ պարունակում է փսիխոակտիվ նյութեր և որոշակի մշակման դեպքում կարող է դառնալ թմրամիջոց: Կանեփի այն մասերը, որոնցից հնարավոր չէ ստանալ թմրանյութ, հիմնականում ազատ վաճառվում են, օրինակ՝ սերմերը, կանեփից ստացվող թելերը և այլն:

Այսօր աշխարհի պետությունների մեծ մասում մարիխուանան արգելված է, բայց այնուամենայնիվ, կան երկրներ, որտեղ այն ունի լեգալ կարգավիճակ: Որոշ երկրներում այն լիովին լեգալ է, իսկ որոշներում թույլատրվում է սահմանված քանակությամբ առք՝ անձնական օգտագործման համար:

Ուրուգվայն առաջին երկիրն է, որ լիովին լեգալ կարգավիճակ է տվել կաննաբիսին: Մարիխուանայի վաճառքով կարող է զբաղվել միայն պետությունը, ձեռք բերել կարող են 18 տարին լրացած անձինք՝ նախապես բազայում հերթագրվելով:

Մարիխուանան մասամբ օրինական է Նիդերլանդներում, Կանադայում, Հյուսիսային Կորեայում, Իսպանիայում, Պորտուգալիայում և այլուր:

Պայքար մարիխուանայի օրինականացման համար

Մարիխուանայի օրինականացման համար պայքարող կազմակերպությունների շարքում առանձնանում է ամերիկյան NORML-ը (National Organization For The Reform Of Marijuana Laws): NORML-ի անդամները կարծում են, որ մարիխուանա օգտագործելը կամ դրանից հրաժարվելը պետք է հիմնված լինի անհատի ընտրության վրա, ինչպես ալկոհոլի կամ ծխախոտի դեպքում է: Չնայած անդամները կողմ են լեգալիզացիային և պայքարում են դրա համար, նրանք ընդունում են, որ օրինական կարգավիճակ ստանալուց հետո մարիխուանան չպետք է գովազդվի, վաճառվի անչափահասներին, օգտագործվի հասարակական վայրերում: Այս գործընթացները պետք է վերահսկվեն իշխանության կողմից:

Մարիխուանայի օրինականացման դրական կողմերը

Կաննաբիսի լեգալիզացիան ունի դրական կողմեր, որոնց մասին խոսվում է անհամեմատ քիչ, քան բացասականների մասին: Ստորև փորձենք վերլուծել, թե ինչ դրական կողմեր կարող է ունենալ այս գործընթացը:

  1. Ինչքան էլ տարօրինակ թվա, կաննաբիսից ստացվող թելերը կարող են օգտակար լինել անգամ մեքենաարտադրության մեջ: Դրանք շատ ամուր են, դիմացկուն: Կաննաբիսի հիմքի վրա հավաքված մեքենան զարգացնում է նույն արագությունը, ինչ այլ նյութերից հավաքվածները: Գաղափարի հեղինակը ամերիկացի ձեռներեց Բրյուս Դիտցենն է 7:
  2. Օրինականացվելուց հետո մարիխուանան ավելի մանրամասն կուսումնասիրվի բժշկական կիրառման համար:
  3. Հասարակությունը կդադարի կարծրատիպերի հաստ պատի հետևից նայել մարիխուանային, որովհետև այն կլինի ավելի հասանելի, և մարդիկ կհասկանան, որ այն այնքան վնասակար չէ, ինչքան այդքան ընդունված ալկոհոլը կամ ծխախոտը:
  4. Պետությունն իր ձեռքը կվերցնի և կվերահսկի մարիխուանայի արտադրությունը, հետևաբար կբացվեն նոր աշխատատեղեր, և ավելի հեշտ կլինի պայքարել չարաշահումների դեմ:
  5. Կանեփից ստացվող թուղթը ավելի հաստ է, հարմար օգտագործման համար, քան սովորական ծառից ստացվող թուղթը: Օրինականացնելու և այն արտադրության այդ ոլորտում կիրառելու դեպքում կխուսափենք անտառահատումների գոնե մի մասից:

Մարիխուանայի օրինականացման բացասական կողմերը

Բացասական կողմերի մասին խոսվում է ավելի շատ, և սա ունի օբյեկտիվ պատճառներ: Թմրամիջոցների դեմ ուղղված պայքարի շրջանակներում անհնար է չանդրադառնալ մարիխուանայի ազդեցությանը մարդկանց հոգեկան առողջության վրա: Եթե պետությունների՝ թմրամիջոցների դեմ ուղղված քաղաքականության նպատակն է ցանկացած կերպ հասնել թմրամիջոցների օգտագործման տոկոսի նվազեցմանը, ապա, անկախ մարիխուանայի բժշկական, արտադրական, ժամանցային դրական կողմերից, այն, լինելով նաև թմրամիջոց, ներկայացվելու է բացասական լույսի ներքո: Ստորև փորձենք հասկանալ, թե ինչ վատ կողմեր կարող է ունենալ կաննաբիսի օրինականացումը:

  1. Մարիխուանայի օրինականացման դեպքում նյութն օգտագործողների թիվը կշատանա, և չկա երաշխիք, որ նրանք չեն դառնա երկարաժամկետ օգտագործողներ, իսկ երկար ժամանակ կաննաբիս օգտագործելը հանգեցնում է հոգեկան մի շարք հիվանդությունների:
  2. Դժվար կլինի դեռահասներին, անչափահասներին հետ պահել թմրադեղերից:
  3. Մարիխուանա գնելու համար գումար գտնելու հետևանքով կարող է աճել հանցագործությունների թիվը:
  4. Թմրամիջոցները կդառնան ավելի հասանելի: Բացառված չէ մյուս տեսակների օրինականացման պայքարի առաջ գալը:
  5. Թմրամիջոցի մի տեսակն օրինականացնելուց հետո դժվար կլինի երեխաների մոտ ձևավորել բացասական մոտեցում ավելի ուժեղ թմրադեղերի նկատմամբ:

Հայ փորձագետների կարծիքները

Աշխարհում մարիխուանայի կարգավիճակը հասկանալուց հետո անդրադառնանք նաև հայաստանյան իրավիճակին: Հայաստանում առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ օգտագործելը պատժվում է տուգանքով (առավելագույնը 200.000 դրամ) կամ կալանքով (առավելագույնը 2 ամիս): Ի՞նչ դիրքորոշում ունեն հայ բժիշկներն ու գիտնականները մարիխուանայի և դրա օրինականացման հարցի վերաբերյալ8:

Կենսաբանական գիտությունների դոկտոր Ռուզաննա Սադոյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ, ինչպես գրեթե յուրաքանչյուր բույս, կանեփը և դրանից ստացվող մարիխուանան, իհարկե, ունեն դրական կողմեր՝ կարող են մեղմել ցավը, դրական ազդեցություն ունենալ էպիլեպսիայի դեպքում: Տիկին Սադոյանն ընդգծեց նաև, որ թեպետ այն ավելի թույլ ֆիզիոլոգիական կախվածություն է առաջացնում, քան ալկոհոլը, բայց Հայաստանի պարագայում լեգալիզացիան մեծ աղմուկ կբարձրացնի: Դեռահասները, ինքնահաստատվելու փորձեր անելով, ամեն կերպ կփորձեն ձեռք բերել մարիխուանայի հերթական քանակությունը: Եթե այժմ 13-16 տարեկան երեխաները, մասնավորապես տղաները, չգիտակցելով այն վնասը, որ հասցնում են սեփական օրգանիզմին, ծխում են, ապա օրինական կաննաբիսի պարագայում ինչու՞ պիտի հրաժարվեն թմրանյութից:

Ակադեմիկոս Ռուբեն Հարությունյանն ասաց, որ բույսի դրական ու բացասական կողմերին կարելի է ծանոթանալ մասնագիտական գրականության միջոցով, ավելի կարևոր է մենթալիտետի հարցը: «Մեկ անգամ ալկոհոլ օգտագործած մարդուն դժվար թե հանրությունը պիտակի որպես հարբեցողի, բայց փորձեք միջին վիճակագրական ինտելեկտուալ մակարդակ ունեցող մարդկանց մոտ խոսել մարիխուանայի մասին, և ձեզ միանգամից կկոչեն թմրամոլ՝ առանց համեմատելու մարիխուանայի և նույն ալկոհոլի ազդեցությունը»: Ըստ պարոն Հարությունյանի՝ այսօրվա Հայաստանի պարագայում մարիխուանայի լեգալիզացիան առաջ կբերի հասարակական հակասություններ, վիճակի ապակայունացում, որը մեզ այսօր պետք չէ:

Հոգեբույժ Գերասիմ Վարդանյանը, ով շատ է աշխատել թմրամոլների հետ, ասաց, որ դեմ է Հայաստանում մարիխուանայի լեգալիզացիային: Նա նշեց, որ շատերը համեմատում են ալկոհոլի օրինակի հետ, բայց ալկոհոլի հետևանքով այդչափ հոգեկան հիվանդություններ չեն առաջանում: Մարիխուանայի դեպքում փսիխոզների թիվն ավելի մեծ է: Եթե ալկոհոլի պարագայում ծանր հոգեկան վիճակի հասնելը հետևանք է մշտական օգտագործման, ապա մարիխուանայի դեպքում ինտոքսիկացիա կարող է առաջանալ անգամ միանգամյա օգտագործումից: Բնորոշ հիվանդություններից պարոն Վարդանյանը նշեց հաշիշային փսիխոզը, անձի փոփոխությունը, վարքի խանգարումները: Բուժել հնարավոր է միայն հոգեբույժի և հոգեբանի մասնագիտական օգնությամբ: Հայ հասարակությունը դեռ այնքան կազմակերպված չէ, որ լեգալիզացնեն կաննաբիսը: Երիտասարդ սերունդը կտուժի, հայթայթելու համար գրեթե ամեն ինչի պատրաստ կլինի: Բժիշկը նաև նշեց, որ սխալ է Հայաստանը համեմատել եվրոպական երկրների հետ, որովհետև այնտեղ կենսամակարդակը բարձր է, ուրիշ է նաև մենթալիտետը: Այս պահին մարիխուանայի համեմատաբար դժվար հասանելիությունը յուրօրինակ ֆիլտր է հանդիսանում:

Հոգեբան Քրիստինե Բաղյանը նույնպես դեմ է մարիխուանայի լեգալիզացիային Հայաստանում: Ըստ հոգեբանի՝ մարիխուանան իրականությունից խուսափելու միջոց է: Դա ոչ թե երիտասարդական հետաքրքրասիրությունից դրդված մեկ-երկու անգամ փորձելու մասին է, այլ քրոնիկ վիճակի: Տիկին Քրիստինեն նշեց, որ իրականությունից մշտապես խուսափելը, յուրաքանչյուր դժվարության հանդիպելիս ջայլամի քաղաքականություն վարելը կամ թմրանյութի քողի հետևում թաքնվելն ուժեղ մարդուն բնորոշ գիծ չէ: Մարիխուանան սկզբնական աստիճանն է, որը հետագայում կարող է հեշտությամբ վերածվել ավելի լուրջ թմրանյութերից կախվածության:

Ամփոփում

Որպես թմրանյութ՝ մարիխուանան ավելի անվնաս է, քան այս դասի այլ ներկայացուցիչները: Այն շատ հազվադեպ է առաջացնում սուր ֆիզիոլոգիական կախվածություն և կարճատև օգտագործման դեպքում անդառնալի հետևանքներ կարող է ունենալ եզակի դեպքերում միայն: Բացի թմրամիջոց լինելուց՝ կաննաբիսը նաև հին արմատներ ունեցող բժշկական միջոց է: Կարելի է նկատել, որ այն ազդում է ոչ թե հիվանդությունների կոնկրետ տեսակի վրա (հոգեկան խանգարումներ, քաղցկեղ), այլ ունի բազմազան դրսևորումներ: Հաճախ առկա կարծրատիպերը խանգարում են բույսը դիտարկել ոչ միայն որպես թմրամիջոց, այլև առաջադիմական հնար այսօր անբուժելի կամ գրեթե անբուժելի հիվանդությունների համար: Այսպիսով՝ կաննաբիսը որպես չարիք որակելը ճիշտ որոշում չէ: Մարիխուանայի լեգալիզացիան կարող է ունենալ թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր: Վերահսկողության ուժեղ ապարատ ունենալու դեպքում այն անդառնալի հետևանքներ չի ունենա: Մարիխուանայի շուրջ ձևավորված «արգելված պտղի» համբավը և գրավչությունը կպակասեն, աստիճանաբար կարող են  վերանալ: Այսօր Հայաստանում չլեգալիզացնելու հիմնական պատճառը մենթալիտետն է, և ոչ թե կանեփ բույսի խիստ բացասական ազդեցությունը:


1http://www.marijuanatravels.com/countries/bgd
2Associations Between Cannabis Use and Physical Health Problems in Early Midlife. A Longitudinal Comparison of Persistent Cannabis vs Tobacco Users.
Madeline H. Meier, PhD; Avshalom Caspi, PhD; Magdalena Cerdá, DrPH
3Проблема марихуаны: очевидное и неясное
Доклад А. Г. Данилина на семинаре ECAD
4Հիվանդագին սրտխառնոցը բնորոշ է սննդային և այլ թունավորումներին, գանգուղեղային վնասվածքներին, ինֆեկցիաներին և այլն:
5http://dislife.ru/articles/view/11945
6«The pharmacologic and clinical effects of medical cannabis»
Borgelt LM, Franson KL, Nussbaum AM, Wang GS.
7http://ruhemp.com/facts/iz-avtomobil-konopli/
8Բոլոր կարծիքները հավաքվել են մասնագետների հետ անձնական զրույցի արդյունքում:


Օգտագործած գրականության ցանկ

  1. Ланге Н. Н. О действии гашиша (Психологическая заметка)
  2. Leslie A. King (2009). Forensic Chemistry of Substance Misuse: A Guide to Drug Control
  3. Mahmoud A. ElSohly (2007). Marijuana and the Cannabinoids
  4. Maternal smoking, drinking or cannabis use during pregnancy and neurobehavioral and cognitive functioning in human offspring. Huizink ACMulder EJ.

Հեղինակ՝ Լուսինե Հովհաննիսյան (Lusine Hovhannisyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: