Լուիզ Միշել | «Հուշեր»
(1886)
Ինլայթը ներկայացնում է հատված 19-րդ դարի ֆրանսիացի հեղափոխական, մարտնչող ուսուցիչ և ֆեմինիստ Լուիզ Միշելի «Հուշեր»-ի` կանանց նվիրված գլխից։ 1871 թվականին Լուիզ Միշելը ներգրավվում է Փարիզի Կոմունայի պայքարին։ Լինելով ֆրանսիական բանվորական շարժման կարևորագույն կերպարներից մեկը՝ պայքարել է սոցիալական արդարության և կանանց իրավունքների համար։ Սիմոն դե Բովուարից դեռ շատ առաջ նա կարծում էր, որ ամուսնությունը օրինականացված մարմնավաճառություն է։ «Հուշեր»-ում նա անդրադառնում է իր մանկությանն ու ուսուցչական փորձառությանը։ Այստեղ ներկայացնում է կանանց կրթության իր քննադատական տեսլականը։
Ոչ ոք չի խուսափում ձևափոխություններից, որոնք, մի քանի տարի անց, փոխել են նրան մինչև վերջին մասնիկը։ Հետո գալիս է Հեղափոխությունը, որը ցնցում է այդ ամենը իր փոթորիկներում։
Մենք, ահա՛, այդտեղ ենք։ Մարդկային էակները, ցեղերը, և ցեղերում մարդկության այս երկու կողմերը՝ տղամարդն ու կինը, որ պետք է քայլեին ձեռք ձեռքի տված, և որոնց հակամարտությունը կտևի այնքան, որքան ամենաուժեղը կիշխի, կամ կկարծի, թե իշխում է մյուսին՝ մատնված խորամանկություններին, ծածուկ տիրապետությանը, որոնք ստրուկների զենքերն են։ Ամենուրեք պայքարն սկսված է։
Եթե երկու սեռերի միջև հավասարությունը ճանաչվեր, նշանակալի ճեղքվածք կլիներ մարդկային հիմարության մեջ։
Իսկ մինչ այդ կինը շարունակում է մնալ, ինչպես ծերուկ Մոլիերն էր ասում, տղամարդու ապուրը։
Ուժեղ սեռը իջնում է մինչև մյուսին շողոքորթելը՝ նրան որակելով գեղեցիկ սեռ։
Ինչքան ժամանակ է արդեն, որ մենք մերժել ենք այդ ուժը, և քիչ ըմբոստներ չենք, որ պարզապես մեր տեղն ենք գրավել պայքարում՝ առանց հարցնելու։ — Կբանակցեի՛ք մինչև աշխարհի վերջ։
Ինչ վերաբերում է ինձ, ընկերնե՛ր, ես չցանկացա տղամարդու ապուրը լինել և գնացի կյանքի միջով՝ էժան ամբոխի հետ՝ չտալով ստրուկներ Կեսարներին։
[…]
Վաղուց ի վեր ամերիկուհիներն ու ռուս կանայք ազատվել են սեռին վերաբերող հիմար հարցերից, և նույն դասերին են մասնակցում, ինչ տղամարդիկ։ Վերջիններս չեն նախանձում, քանի որ իրենց ունակ են զգում նույն ջանադրությանը և չեն հասկանում, թե ինչու է պետք ավելի շատ զբաղվել սեռերով, քան մաշկի գույնով։
Բայց աշխարհի առաջին ժողովրդի մոտ, hichère, ավելի lélé չէր, քան կալեդոնիական ցեղերում, որ կանայք ունենային նույն կրթությունն, ինչ տղամարդիկ։ Եթե՜ նրանք ուզեցած լինեին կառավարել։
Հանգիստ եղե՛ք։ Մենք բավականաչափ հիմար չենք դրա համար։ Դա կնշանակեր թույլ տալ իշխանությանը հարատևել․ պահե՛ք այն, որպեսզի ավելի արագ վերջանա։
Ավա՜ղ, այդ ավելի արագը դեռ երկար կտևի։ Մի՞թե մարդկային տխմարությունը մեզ վրա չի նետում բոլոր հին նախապաշարմունքների բոլոր պատանքները։
Հանգիստ եղեք․ դեռ երկար ժամանակ կտևի։ Բայց, միևնույն է, դուք չեք, որ կկանգնեցնեք ալիքը, և ոչ էլ կխանգարեք գաղափարներին ծածանվել` ինչպես պաստառներ ամբոխների առաջ։
Երբեք չհասկացա, թե ինչու կա մի սեռ, որի համար փորձում են ջլատել խելքը, ասես այն չափազանց շատ է այդ ցեղում։
Պարզամտության մեջ դաստիարակված աղջիկներին դիտմամբ զինաթափում են, որպեսզի ավելի հեշտ խաբեն․ այդ են ուզում։
Սա լրիվ նույնն է, ինչ եթե ձեզ արգելեին լողալ սովորել կամ էլ կապեին ձեր ձեռք ու ոտքը և հետո ձեզ ջուրը նետեին։
Երիտասարդ աղջկա անմեղությունը պահպանելու պատրվակով նրան թողնում են երազել խոր տգիտության մեջ այնպիսի բաների մասին, որոնք նրա վրա ոչ մի տպավորություն չէին թողնի, եթե դրանք ծանոթ լինեին նրան բուսաբանության կամ բնագիտության պարզ հարցերի միջոցով։
Հազար անգամ ավելի անմեղ կլիներ նա այդ ժամանակ, քանի որ հանգիստ կանցներ հազար բաների միջով, որոնք նրան շփոթեցնում են․ այն ամենն ինչ գիտության կամ բնության հարց է, զգացմուքները չի հուզում։
Արդյո՞ք դիակը հուզում է նրանց, ովքեր ամֆիթատրոնի* սովորությունն ունեն։
Երբ բնությունը հայտնվում է կենդանի կամ մեռած, ամոթ չի առաջացնում։ Առեղծվածը ոչնչացված է, դիակը հանձնված է հերձադանակին։
Բնությունն ու գիտությունը մաքուր են, քողերը, որ նետում են դրանց վրա, ոչ։ Ծեր Սիլենի ուռերից ընկած խաղողի այս տերևները միայն ընդգծում են այն, ինչ աննկատ կանցներ։
Անգլիացիները կենդանիների ցեղատեսակներ են ստեղծում մսավաճառանոցների համար․ քաղաքակիրթ մարդիկ երիտասարդ աղջիկներ են պատրաստում խաբվելու համար, հետո նրանց հանդիմանում են դրա համար և գրեթե պատիվ համարում գայթակղողին։
Ի՜նչ խայտառակություն, երբ հոտի մեջ վատ գլուխներ են հայտնվում։ Ի՞նչ կլիներ, եթե գառներն այլևս չուզեին փողոտվել։
Հնարավոր է, որ նրանց այնուամենայնիվ փողոտեին, ձգեին դրանք վիզը, թե ոչ։ Կարևոր չէ՛։ Նախընտրելի է չձգել վիզը։
Երբեմն գառները վերածվում են առյուծների, վագրերի, ծովահրեշների։
Շա՛տ լավ է։ Պետք չէր անջատել կանանց կաստան մարդկությունից։ Մի՞թե չկան շուկաներ, որտեղ փողոցներում, մայթերի ցուցափեղկերին վաճառում են ժողովրդի գեղեցիկ աղջիկներին, այնինչ հարուստների աղջիկները վաճառվում են իրենց օժիտի համար։
Մեկին վերցնում է՝ ով ուզում է, մյուսին տալիս են՝ ում ուզում են։
Մարմնավաճառությունը նույնն է, իսկ մեզ մոտ լայնորեն կիրառում են օվկիանիական բարոյականությունը։
Hi chère ! ոչ lélé les tayos, որ կարևորություն են տալիս nemos-ներին։
Ստրուկ է պրոլետարը, ստրուկ է, ի թիվս այլոց, պրոլետարի կինը։
Իսկ կանանց աշխատավա՞րձը։ Մի փոքր խոսենք այդ մասին․ պարզապես խաբեություն է, քանի որ ցնորական է, և ավելի վատ է, քան եթե գոյություն չունենար։
Ինչո՞ւ այդքան կանայք չեն աշխատում։ Երկու պատճառ կա․ ոմանք աշխատանք չեն գտնում, մյուսներն էլ նախընտրում են սովից մեռնել մի սյան կամ մի փողոցի անկյունում, եթե այլևս ապաստարան չունեն, քան մի աշխատանք ունենալ, որը նրանց ոչինչ չի տալիս, բայց եկամտաբեր է ձեռնարկատիրոջ համար։
[…]
Ամենուր մարդը տառապում է անիծյալ հասարակության մեջ։ Բայց ոչ մի ցավ համեմատելի չէ կնոջինի հետ։
Փողոցում նա ապրանք է։
Կուսանոցներում, որտեղ նա թաքնվում է ասես շիրիմում, տգիտությունը խեղդում է նրան, կանոնակարգերը նրան առնում են իրենց շարժանվի մեջ՝ ճզմելով նրա սիրտն ու ուղեղը։
Մարդկանց միջավայրում ճկում է տհաճության տակ, ընտանիքում հոգսը ջախջախում է նրան․ տղամարդն ուզում է, որ նա այսպես մնա՝ վստահ լինելու համար, որ ոտնձգություն չի անի ո՛չ իր գործառույթներին, ո՛չ իր կոչումներին։
Եվս մեկ անգամ՝ հանգիստ եղեք, պարոնա՛յք․ մենք կոչման կարիք չունենք, որ վերցնենք ձեր գործառույթները, երբ մեզ դուր է գալիս։
Ձեր կոչումնե՞րը։ Մե՜ծ բան։ Մենք փալասներ չենք սիրում, արեք՝ ինչ ուզում եք դրանց հետ․ դրանք մեզ համար չափազանց կարկատած ու նեղ են։
Մեր ուզածը գիտությունն ու ազատությունն են։
Ձեր կոչումնե՞րը։ Հեռու չէ այն ժամանակը, երբ կգաք մեզ դրանք նվիրելու՝ փորձելու համար այդպիսով վերանորոգել դրանք մի փոքր։
Պահեք այդ հնոտիքը, մեզ դրանք պետք չեն։
Մենք մեր իրավունքներն ունենք։ Մի՞թե մենք ձեր կողքին չենք մեծ մարտում, գերագույն պայքարում մարտնչելու համար։ Կհամաձակվե՞ք արդյոք կանանց իրավունքներին տեղ տալ, երբ կին ու տղամարդ կնվաճեն մարդկության իրավունքները։
Այս գլուխն ամենևին շեղում չէ։ Լինելով կին՝ իրավունք ունեմ խոսել կանանցից։
* Բժշկական լսարանԾանոթագրություն
Թարգմանիչ՝ Լուսինե Աղաջանյան (Lusine Aghajanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։