Երկփեղկված իշխանությունից մինչև Ռոբերտ Քոչարյան-Վազգեն Սարգսյան դիմակայություն 99֊ի ընտրություններում

Ներկայացնում ենք  «Ազատության» TV-ի «Փոդքասթ. Նորագույն պատմություն» հաղորդման՝ Գևորգ Ստամբոլցյանի հեղինակային ծրագրի՝ «Երկփեղկված իշխանությունից մինչև Ռոբերտ Քոչարյան֊Վազգեն Սարգսյան դիմակայություն 99֊ի ընտրություններում» էպիզոդի սղագրությունը:

«Ես չեմ ուզում դառնալ նախագահ: Ես չեմ ուզում դառնալ Ազգային Ժողովի նախագահ: Ես չեմ ուզում դառնալ վարչապետ: Ես ուզում եմ մնալ պաշտպանության նախարար»,-1999թ. հունվարի վերջին «Հանրապետական» կուսակցության համագումարում հնչեցրած այս հայտարարությունից 4 ամիս անց Վազգեն Սարգսյանը նշանակվեց ՀՀ վարչապետ: «Հանրապետական» կուսակցության 5-րդ համագումարում պաշտպանության նախարարի հնչեցրած այս հայտարարության և նրա՝ Կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակման միջև տեղավորվեց հայաստանյան խորհրդարանական թերևս ամենաուշագրավ ընտրարշավերից մեկը: Դրա ընթացքում իշխանության և ընդդմիության միջև ծավալվող դասական մրցակցությանը փոխարինելու էր եկել իշխանության երկու թևերի՝ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի և 1998-ին նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանի և նրա դաշնակիցների միջև ծավալված պայքարը:

«Ես երբեք Ռոբերտ Քոչարյանի դեմ դուրս չեմ գալու. հույսներդ կտրե՛ք»,- որքան էլ Վազգեն Սարգսյանը 99-ի սկզբում կրկներ, թե Քոչարյանի դեմ պայքարն իր քաղաքական ծրագրերում տեղ չունի, այդ ժամանակահատվածում արդեն իսկ ակնհայտ էր. իշխանությունը երկփեղկված է, և դրան նախագահական թևն անում է հնարավորը 2-րդ գումարման Ազգային Ժողովում Վազգեն Սարգսյանին հավատարիմ մեծամասնության ձևավորումը կանխելու համար: 

Իշխանության նախագահական թևի կորիզը կազմում էին նախկինում Լեռնային Ղարաբաղում պաշտոնավարած, ապա Հայաստան տեղափոխվածները՝ Ռոբերտ Քոչարյանը և 96-ին Ազգային անվտանգության և ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանը: Նկատեմ, ի դեպ, որ 99-ի քարոզարշավին նախորդող ամիսների գլխավոր առանձնահատկություններից մեկը Հայաստանում քաղաքական սպանությունների առատությունն էր: 1998թ. դեկտեմբերին Չարենցի փողոցում գտնվող իր տան շքամուտքում սպանվեց պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխոռունին, 2 ամիս չանցած՝ Ազգային անվտանգության և ներքին գործերի փոխնախարար Արծրուն Մարգարյանը. երկուսն էլ Վազգեն Սարգսյանի թիմակիցներ էին համարվում: Նման իրավիճակում ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ Վազգեն Սարգսյանը որոշեց սեփական կուսակցությունը ստեղծել, ավելի ճիշտ՝ իր թիմակիցների հետ անդամագրվել 95-ի ընտրություններում նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ դաշինքի շնորհիվ խորհրդարանական մի քանի մանդատ ձեռք բերած լուսանցքային քաղաքական ուժերից մեկին՝ «Հանրապետական» կուսակցությանը: «Հանրապետականն», իհարկե, նոր ձեռք բերված ուժային և վարչական ռեսուրսների շնորհիվ 2-րդ գումարման ԱԺ-ում կարող էր մեծամասնություն կազմել: Վազգեն Սարգսյանի թիմին, սակայն, համոզիչ հաղթանակ էր անհրաժեշտ: Ուստի 1999-ի տարեսկզբին նորահայտ հանրապետականների համար առաջնահերթ խնդիր դարձավ դաշինքը այնպիսի մի ուժի հետ, որը զուրկ լինելով վարչական ռեսուրսից՝ կվայելեր ժողովրդական զանգվածների աջակցությունը: Այստեղ էր, որ 1999-ի նախընտրական արշավի թատերաբեմում հայտնվեց Խորհրդային Հայաստանի նախկին ղեկավարը.

«Կարեն Դեմիրճյան. սին խոստումներից հեռու նա երբեք չխոստացավ այն, ինչը չէր կարող անել և հեռանալուց հետո նա չչարացավ» (քարոզարշավից մեջբերում-սղգ.՝ Վ. Սալահյան):

1998-ի նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով ձայների ավելի քան 40% ստացած Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի հնարավոր դաշինքի մասին լուրերը սկսեցին պտտվել դեռ դեկտեմբերին. Դեմիրճյանը, ինչպեսև Վազգեն Սարգսյանը 1998-1999թթ. ձմռանը զբաղված էր կուսակցության ձևավորմամբ: Ի տարբերություն հակակոմունիստների և նժդեհականների խմբակի հիման վրա ստեղծված ՀՀԿ-ի՝ Դեմիրճյանի «Ժողովրդական կուսակցությունն» ակնհայտ ձախ ուժ էր՝ համալրված կուսակցական նոմենկլատուրայի նախկին, ոչ այնքան բարձրաստիճան ներկայացուցիչներով:  Դաշինքի ձևավորման մասին Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը հայտարարեցին Գիտությունների Ազգային Ակադեմիայի փոքր դահլիճում առաջադրումների փուլի ավարտից հաշված ժամեր առաջ: «Ազատության» 1999-ի մարտի 30-ի եթերում այս մասին պատմում էր Արմեն Զաքարյանը.

«Նախընտրական դաշինքն ունենալու է «Միասնություն» անունը: Ի դեպ, այս առումով այլ առաջարկներ էլ եղան. միավորման անունը դնել «Ապագա», «Ազգակառույց» և այլն: Սակայն և՛ Կարեն Դեմիրճյանը, և թե՛ Վազգեն Սարգսյանը առավելապես հակված էին, որպեսզի դաշինքը կոչվի «Միասնություն»։ «Դաշինքը ստեղծվում է ոչ մեկ քաղաքական ակցիայի համար»,- Վազգեն Սարգսյան»»: 

Իշխանության նախագահական թևը «Միասնություն» դաշինքի դեմ պայքարում էր մի քանի շարասյուններով: Դրանցից թերևս ամենաակտիվը, երբեմն նաև ագրեսիվը, 98-ի նախագահական ընտրությունների հետնապահների Արտաշես Գեղամյանի և Հրանտ Խաչատրյանի ստեղծած «Իրավունք և միաբանություն» դաշինքն էր: «Իրավունք և միաբանության» հարվածային ուժն Արտաշես Գեղամյանն էր, ֆինանսական հովանավորը՝ ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը: Բաբայանը, որին բոլորն այդ ժամանակ «командующий»-ով էին դիմում, ոչ միայն չէր թաքցնում, որ ներգրավվել է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների գործընթացին, այլև «Ազատությանը» տված գրավոր հարցազրույցում բացատրում էր այդ քայլի դրդապատճառները: Բաբայանի հետ հարցազրույցն «Ազատության» 1999-ի ապրիլի 3-ի եթերում ներկայացնում էր Ռուզան Խաչատրյանը.

«Հիմա երբ Հայաստանում իշխանության համար պայքարը հետզհետե ստանում է առավել լարված բնույթ, հաճախ անգամ անտեսվում են ժողովրդավարության սկզբունքները, որն իր բացասական ազդեցությունն է թողնում նաև Լեռնային Ղարաբաղի վրա, կարծում եմ, որ մեր մասնակցությունը դառնում է կենսական անհրաժեշտություն: Վերջիվերջո, մենք՝ ղարաբաղցիներս, գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի բաղկացուցիչ մասն է: Ի դեպ, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել էր, թե Սամվել Բաբայանը լավ ձիու վրա չի դրել խաղագումարը: Սրա՞ն ինչպես է վերաբերվում: Պատասխանն այսպիսինն է. «Ես մի թուլություն ունեմ. սիրում եմ անպաշտպաններին, թույլերին ու տկարներին»»:

«Իրավունք և միաբանության» ղեկավարը մայիսի 12-ին Պռոշյան գյուղի ընտրողներին Սամվել Բաբայանի հետ դաշինքի ոչ պակաս ուշագրավ վարկած էր ներկայացնում. «Մի զանգ եղավ մեր տուն՝ գիշերով: Սամվել Բաբայանը, որին հեռվից գիտեի, ասեց՝ «Գեղամյան ջան, քանի արդարության համար կռիվ ես անում, քանի արդարության համար ամեն ինչդ զոհաբերում ես, մեջքիդ կանգնած եմ»»,- Արտաշես Գեղամյան:

ԼՂ-ի ամենաազդեցիկ ուժայինի ներգրավվումը հայաստանյան ներքաղաքական պրոցեսներում արագորեն դարձավ նախընտրական արշավի թերևս ամենաքննարկվող թեման: «Ազատության» 1999-ի ապրիլի 6-ի եթերում մամուլի տեսությունը ներկայացնում էր Վաչե Սարգսյանը.

««Սամվել Բաբայանը նույնպես որոշեց ակտիվորեն միջամտել Հայաստանի քաղաքականությանն ու նախընտրական պայքարին՝ բացահայտորեն հովանավորելով «Իրավունք և միաբանություն» դաշինքը»,- գրում է «Առավոտ»-ի խմբագիրը: Իրավական տեսանկյունից կամ ԼՂՀ-ն առանձին պետություն է, կամ էլ Հայաստանի անբաժանելի մասը: Եթե առանձին պետություն է, և այդ պետության ՊՆ-ի՝ Հայաստանի քաղաքականությանը և ընտրակապայքարին խառնվելը բնականոն երևույթ է, ապա ասենք ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարները նույնպես կարող են մի օր որոշել, որ «մենք բավականաչափ ժողովրդավար երկիր չենք» և իրենց գումարներով մասնակցեն մեր խորհրդարանական ընտրություններին: Իսկ եթե ԼՂՀ-ն Հայաստանի անբաժանելի մասն է, այդ դեպքում ստացվում է, որ Սամվել Բաբայանը, Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ստորադասը լինելով, հովանավորում է իր սեփական դաշինքն՝ ընդդեմ Սարգսյան-Դեմիրճյան իշխանամետ դաշինքի»:

«Հին ընկերները չեն դավաճանում». այս կարգախոսի ներքո քարոզարշավի մեջ մտավ իրեն Ռոբերտ Քոչարյանի հենարան համարող «Դաշնակցությունը»: Կուսակցության համար սա խորհրդարանական ընտրություններին մասնակցության առաջին փորձն էր 80-ամյա ընդմիջումից հետո. վերջին անգամ դաշնակցականները Խորհրդարանի ընտրություններին մասնակցել էին 1919թ. առաջին հանրապետության օրոք: 1995թ. առաջին գումարման ԱԺ-ի ընտրություններին «Դաշնակցությունը» չմասնակցեց կասեցման պատճառով: Չորս տարի անց արդեն դաշնակցականներին որևէ մեկը չէր խոչընդոտում: Ընտրարշավի ընթացքում նրանք խոստանում էին բարելավել երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, քաղաքացիներին երբեմն նույնիսկ կոչ էին անում ընտրակաշառք վերցնել այլ ուժերից, սակայն բացառապես ընտրել «Դաշնակցությանը»: Այս մասին ընտրություններից մոտ 3 շաբաթ առաջ հայտարարեց Վահան Հովհաննիսյանը: Դաշնակցականները նաև անվերջ սպառնում էին դատի տալ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին կուսակցության հասցեին տարիներ առաջ հնչեցրած հայտարարությունների համար.

«Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Հայաստանի նախկին նախագահը, ես կարծում եմ՝ մյուս շաբաթ կկանչվի, այսինքն՝ առնվազն մյուս շաբաթ մենք արդեն կդիմենք դատարան»,- Վահան Հովհաննիսյան:

Հաջորդ շաբաթ, նաև դրան հաջորդող մյուս շաբաթներին ևս դաշնակցականները դատարան այդպես էլ չդիմեցին՝ իրենց հապաղումը բացատրելով տեխնիկական խնդիրներով:

1999-ի գարնանը նախընտրական պայքարի մեջ մտավ մինչ այդ հանրությանը անհայտ մեկ այլ քաղաքական ուժ՝ «Արժանապատիվ ապագա» կուսակցությունը։ Դրա ֆորմալ ղեկավարը սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանն էր, սակայն կուսակցության իրական առաջնորդն ու քաղաքական հովանավորն էր վարչապետ Արմեն Դարբինյանը: Իշխանության ղարաբաղյան թևում թերևս հույս ունեին, որ «Արժանապատիվ ապագայի» հաջող ելույթը ընտրություններում կարող է դառնալ այն ծանրակշիռ պատրվակը, որ թույլ կտա Ռոբերտ Քոչարյանին վերանշանակել Արմեն Դարբինյանին վարչապետի պաշտոնում՝ փակելով Վազգեն Սարգսյանի ճանապարհը դեպի Հանրապետության Հրապարակ: Քոչարյանն, ի դեպ, նույնիսկ քվեարկության օրը չէր բացառում, որ ընտրություններից հետո Կառավարության ղեկավարի փոփոխություն կարող է և չլինել. «Սահմանադրությունը չի պարտադրում անպայման ունենալ նոր վարչապետ: Ուրեմն ընտրություններից հետո մենք կնայենք ցուցակը՝ ով է ընտրվել, ով չի ընտրվել»:

«Արժանապատիվ ապագան», սակայն, ԱԺ ընտրություններում ընդամենը 35,000 քվե ստացավ՝ ընդմիշտ թաղելով Դարբինյանի վերանշանակման հույսերը: Ի տարբերություն «Արժանապատիվ ապագայի»՝ ևս մեկ նորաստեղծ քաղաքական ուժ՝ «Օրինաց երկիրը» 99-ի ընտրություններում կարողացավ հաջողության հասնել: Մամուլում հայտնված հրապարակումների և քաղաքական շրջանակներում պտտվող համառ լուրերի համաձայն՝ Արթուր Բաղդասարյանի և «Կարծիք» հաղորդաշարի հեղինակ Սերգո Երիցյանի ստեղծած այս կուսակցությունը վայելում էր իշխանության ղարաբաղյան թևի առանցքային ներկայացուցիչներից մեկի՝ Սերժ Սարգսյանի հովանավորությունը: 

1999-ի ընտրություններին մասնակցում էին նաև, այսպես կոչված, ավանդական ընդդմիության ներկայացուցիչները՝ քաղաքական այն ուժերը, որ ընդդիմադիր գործունեություն ծավալել էին դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին: Վազգեն Մանուկայնի ԱԺՄ-ի համար սրանք վերջին հաջողված ընտրություններն էին: 2000-ականների սկզբին արդեն կուսակցությունն իր դասական տեսքով դադարեց գոյություն ունենալ. ԱԺՄ-ից հեռացան մի քանի առանցքային անդամներից մի քանիսը՝ Արշակ Սադոյանը, Շավարշ Քոչարյանը, Սեյրան Ավագյանը: Հայ կոմունիստների համար 1999-ի խորհրդարանական ընտրությունները ևս վերջինը եղան, որոնց ընթացքում կուսակցությանը հաջողվեց զգալի թվով քվեներ ստանալ՝ համամասնական ընտրակարգով 2-րդ անգամն անընդմեջ 2-րդ տեղը զբաղեցնելով: Կոմունիստների ընտրարշավի կուլմինացիոն պահն, ի դեպ, պետք է դառնար Ռուսաստանի Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովի ժամանումը Հայաստան. «Մեր գործընկերը՝ մի շատ մտերիմ անձնավորություն, կգա, միգուցե կմասնակցի մեր որևէ միջոցառմանը և իր խոսքը կասի: Ինձ թվում է իր ներկայությունն այս պահին կոչ է, ընդհանրապես Զյուգանովը դրոշակ է»,- Սերգեյ Բադալյան:

Զյուգանովը ո՛չ 99-ի, ո՛չ էլ հետագա ընտրարշավներին այդպես էլ Հայաստան չժամանեց: Կոմունիստների այն ժամանակվա առաջնորդ Սերգեյ Բադալյանը ընտրություններից հետո լրագրողներին բացատրում էր, թե Զյուգանովի այցի գաղափարից իրենք հրաժարվեցին, որպեսզի խուսափեն այլ երկրի քաղաքացիների կողմից հայաստանյան ընտրարշավին միջամտելու մեղադրանքներից:

Մայիսի 30-ին նշանակված ընտրություններից երկու շաբաթ-տասն օր առաջ արդեն հստակ էր. քարոզարշավի միանձնյա առաջատարը «Միասնություն» դաշինքն է: Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի հանդիպումները ընտրողների հետ մշտապես անցնում էին նույն սցենարով, ընդհանուր մթնոլորտն էլ պատկերացնելու համար լսենք մի հատված Հրաչ Մելքումյանի՝ «Ազատության» 1999թ. մայիսի 24-ի եթերում հեռարձակված ռեպորտաժից.

«Մարզահամերգային համալիրի դիմաց մանկական խմբերը երգում ու պարում էին: Բարձր ձողերի վրայից ծվեն-ծվեն եղած հին դրոշները փոխվում էին նորերով: Իսկ երբ եկան Վացգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը, բարձրախոսներով նրանց դիմավորեցին ամենաամպագորգոռ ողջույններով: Արկղերի մեջ պահած աղավնիներին բաց թողեցին: Մարզահամերգային համալիրը կառուցվել է Կ. Դեմիրճյանի օրոք, և նրա քարոզարշավն էլ սկսվեց դրանից:  «Այն օրը, երբ այս շատրվանները սկսեն գործել, ու ջուրն էլ չի ցամաքի, «իմացեք, որ այդ օրը Հայաստանը վերածնվել է»,- Կ. Դեմիրճյան,- «Որովհետև էնպես չի լինի, որ էս գեղեցիկ կոթողը քյասիբության պատճառով չորանա»: Նախընտրական քարոզարշավից ժողովրդական լեզվով ասած «նաղդ օգտվողները» մուրացկաններն են: Ինչպես երևում է՝ նրանք էլ են հետևում կուսակցությունների հայտարարություններին և գիտեն՝ որտեղ և երբ են հանդիպումներն անցկացվելու: Այստեղ մի մուրացկան էր շրջում, որին ավելի հաճախ մետրոյի Բարեկամություն կայարանի մոտ են տեսնում»,- լրագրող Հրաչ Մելքումյան:

«Միասնության» ողջ ընտրարշավի ողջ ընթացքում Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը շրջում էին մարզերով: Հանդիպումների ընթացքում Դեմիրճյանը սեփականաշնորհումը որակում էր որպես «ալան-թալան»՝ շատ հաճախ անցնելով ժողովրդի համար հասկանալի լեզվի. «Սուսուփուս սկսում ենք գործ անել: Հիմա որ ոսկե լեռներ խոստանանք…էնքան են խաբել ձեզ, որ մարդ հիմա վախենում ա նույնիսկ էն ռեալ իրականացվողը ասի, դու մտածի, թե էդ որ ասում են, կասեն՝ էս մեկն էլ էս ձևի ա ֆռռացնում»:

Վազգեն Սարգսյանը, որին, ի դեպ, Կարեն Դեմիրճյանը նախընտրական հավաքների ժամանակ բացառապես «Սպարապետ»-ով էր դիմում, քարոզարշավի ընթացքում կոչ էր անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին. «Խնդրում եմ, որ բոլորդ ակտիվորեն մասնակցեք ընտրություններին: Անխտիր՝ հարևանով, բարեկամով. շատ կարևոր ա սա: Բոլորդ մասնակցեք ընտրություններին: Եթե բոլորդ մասնակցեցիք, խաբելը դժվար ա լինելու: Իսկապես ճիշտ մարդիկ են գալու Պառլամենտ: Իսկապես ճիշտ քաղաքական ուժեր են գալու: Դուրսպրծուկները արանքից չեն խցկվելու»:

Քարոզարշավի ողջ ընթացքում զգացվում էր, որ «Միասնության» գլխավոր նպատակներից մեկը մասնակցության բարձր ցուցանիշի հասնելն ու ապագա խորհրդարանի անթերի լեգիտիմությունն ապահովելն է: Ռ. Քոչարյանը քարոզարշավին զուգահեռ մեծ ասուլիս հրավիրեց. «Նախընտրական արշավը և ընդհանրապես մթնոլորտը բավարար եմ համարում: Չեն նկատվում դեռ պսիխոզի երևույթներ․․․»:

Այս ասուլիսը, սակայն, առավելապես հիշվեց ոչ թե Քոչարյանի հայտարարությունների, այլ Բաղրամյան 26 անպայմանորեն փողկապով ներկայանալու պատճառով. «Կոստյում-փողկապային հագուկապից հատկապես նեղված էին օպերատորները: Իսկ մի օպերատոր ստիպված էր աշխատակազմը պարեկող հերթապահներից փոխ առնել փողկապը: Լրագրողներն էլ սկզբում մուտքի դժվարություններ ունեցան տաբատ կրելու պատճառով, իսկ մի մորուքավոր թղթակցի խնդրեցին սափրվել ու նոր գալ»:

1999-ի խորհրդարանական ընտրությունների առանձնահատկություններից մեկը մեծամասնական ընտրատարածքների առատությունն էր: Խորհրդարանի 131 անդամներից 75-ն ընտրվում էին հենց այդ ընտրակարգով: Այդ ընտրատարածքների շարքում առանձնանում էր Նոյեմբերյանն ու Իջևանն ընդգրկող թիվ 75-ը: Տավուշյան գլխավոր ինտրիգը ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի առաջադրումն էր։ Վանո Սիրադեղյանը առաջադրվեց հեռակա կարգով, քանի որ դեռ ձմռանը լքել էր Հայաստանը (Սիրադեղյանը կասկածվում էր Արմեն Տեր-Սահակյանի զինված խմբին և դրա կողմից կատարված սպանություններին առնչություններ ունենալու մեջ): Վ. Սիրադեղյանը արտերկրում անցկացրեց շուրջ կես տարի և Սոֆիա-Երևան չվերթով Հայաստան վերադարձավ մայիսի սկզբին: Օդանավակայանում Սիրադեղյանին ձերբակալեցին և հաջորդ 4 օրերը նա անցկացրեց քննչական մեկուսարանում: 90-ականներին գործող օրենքների համաձայն, սակայն, իրավապահները նրան 96 ժամից ավելի նրան ճաղերի ետևում պահել չէին կարող, ուստի մայիսի 7-ին Սիրադեղյանն ազատ արձակվեց: Երեկոյան կողմ նա արդեն ՀՀՇ գրասենյակում էր, որն այն ժամանակ տեղակայված էր Խանջյան 27 հասցեում, այն նույն շենքում, որտեղ այժմ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան է:

«Չորս օր պահած խորովածի փայտերը նորից շարեցին, «Լիդեր» օղի բերեցին, սեղանները գցեցին, սպասողներն էլ աստիճանաբար ավելանում էին: Վանո Սիրադեղյանը եկավ իր ջիպով. մեքենան ինքն էր վարում: Մի քիչ նիհարած էր, բայց լավ տեսք ուներ: Առաջինը նա համբուրեց Արարատ Զուրաբյանի փոքր տղային, հայրն էլ ինչ-որ բան էր հուշում.«Մի հատ էն բառն ասա: Մի հատ ասա՝ Ռոբերտն ինչ ա»»:

Ռոբերտը՝ նույն ինքը նախագահ Քոչարյանը, որի ինչ լինելու մասին էր թերևս Սիրադեղյանը հարցնում Զուրաբյանի որդուն, նախկին ներքին գործերի նախարարի ձերբակալության մասին խոսեց երբ նա դեռ քննչական մեկուսարանում էր: Հարցին, թե արդյոք գրանցված թեկնածուին ձերբակալելը չի սրում իրավիճակը, Ռ. Քոչարյանն իրեն  բնորոշ ոճով պատասխանեց. «Ձեր կարծիքով ավելորդ լարվածություն չի՞ ստեղծի չձերբակալումը… ոնց որ Քրիստոսին էին դիմավորում»:

Տավուշի մարզում ծավալված ընտրարշավիի ընթացքում Սիրադեղյանը հիմնականում խուսափում էր քաղաքական հայտարարություններից՝ գերադասելով անդրադառնալ Նոյեմբերյանի և Իջևանի գյուղերում տիրող սոցիալական վիճակին: Իշխանություններն իրենց հերթին անում էին ամեն ինչ Վ. Սիրադեղյանի ընտրությունը թույլ չտալու համար: Սիրադեղյանի ընտրությանը հակազդելու առաքելությունը դրված էր Սերժ Սարգսյանի ղեկավարած Ազգային անվտանգության և ներքին գործերի նախարարության վրա: Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ Սիրադեղյանի ընտրությունը թույլ չտալուն ուղղված գործողությունները տեղում համակարգում էր Ս. Սարգսյանի տեղակալներից մեկը՝ Հովհաննես Հունանյանը: Առաջ անցնելով ասեմ, որ բոլոր ջանքերն ապարդյուն էին, և Վ. Սիրադեղյանը կարողացավ դառնալ նաև 2-րդ գումարման ԱԺ պատգամավոր. «Անսպասելի ոգևորություն է սա, վճռականություն»,- Վ. Սիրադեղյան:

Հայաստանցի ավելի քան 1 միլիոն ընտրողները տեղամասեր գնացին 1999թ. մայիսի 30-ին: Քվեարկողների թիվը թերևս ավելի մեծ լիներ, եթե ընտրությունների օրը նրանց մի զգալի մասին (որոշ գնահատակններով առնվազն 10-20%-ին) վերջին պահին ընտրացուցակներից դուրս չթողնեին: Քաղաքացիները կարող էին դատական կարգով վերականգնել իրենց ընտրելու իրավունքը, սակայն երկրում գործող 91 դատարանները մարդկային նման հոսքին ակնհայտորեն պատրաստ չէին. «Ժամը 8-ից մինչև առ էս ժամը, որ դուք տեսնում եք, ուրեմն մենք միայն զբաղված ենք դատարան-դատաստան, դատարան-դատաստան: Որ ընտրողին կարող ես ժամերով զբաղեցնել քո կողքը, որ նա գնա ընտրության… ժողովու՜րդ, գնացեք ընտրության, ի՞նչ ընտրություն… ի՞նչ ընտրության մասին ա խոսքը: Հերիք ա էլի խայտառակեք մեզի»:

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մեծ մասը համոզված էր. ընտրացուցակների շուրջ ստեղծված իրավիճակը պատահականություն կամ անփութության հետևանք չէր: Վահան Հովհաննիսյան․ «Ես ավելի հակված եմ մտածել, որ սա միտումնավոր ա արվել, որովհետև երկու օր առաջ ա, կարծում եմ, ամեն ինչը փոխվել: Մի յոթ-ութ-տասն օր առաջ մարդիկ գնացել են, ստուգել են, տեսել են, որ ցանկերում կան, իսկ որոշ մարդիկ ինչ-որ փոփոխություններ արել են վերջին պահին»:     

«Միասնության» ներկայացուցիչները, մասնավորաբար ապագա վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, պնդում էին, որ ցուցակների անճշտություններից ամենաշատ պոտենցիալ քվեներ կորցրել է հենց իրենց քաղաքական ուժը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ ցուցակներից դուրս էին մնացել մի շարք սպայական հանրակացարաններ, որոնց բնակիչները հենց Պաշտպանության նախարարի ղեկավարած դաշինքի ընտրողներն էին: Քաղաքական գործիչների մի մասը մեղադրում էր Ազգային անվտանգության և ներքին գործերի նախարարության համակարգում գործող անձնագրային բաժիններին: Իշխանության մյուս թևից հակադարձում էին, թե մեղավորները «Միասնությանն» աջակցող քաղաքապետերն ու գյուղապետերն էին: Չնայած այս ողջ խառնաշփոթին՝ «Միասնությանը» հաջողվեց ավելի քան 400,000 ձայն ստանալ՝ քվեների մոտ 42%-ը: Երկրորդ տեղում կոմունիստներն էին քվեների 12%-ով: Չնայած Սամվել Բաբայանի աջակցությանն ու նախահարձակ քարոզարշավին՝ «Իրավունք և միաբանությունը» 3-րդ տեղում էր քվեների մոտ 9%-ով: Ոչ մեծ խմբակցություններ կազմեցին նաև «Դաշնակցությունը», ԱԺՄ-ն և «Օրինաց Երկիրը»: Մեծամասնական ընտրատարածքների մեծ թիվն էր նաև պատճառը, որ 2-րդ գումարման Խորհրդարանն աչքի ընկավ մականունավոր անդամների առատությամբ. պատգամավոր դարձան Ռուբեն Գևորգյանը՝ «Ծաղիկ Ռուբո», Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյով», Հակոբ Հակոբյանը՝ «Լեդի Հակոբ», մեկ այլ Հակոբ Հակոբյան՝ նույն ինքը «Ճոյտ»-ը: «Գռզո» մականունով հայտնի Խաչատուր Սուքիասյանը Երևանում գտնվող 12-րդ ընտրատարածքում առավելության հասավ Կենտրոնի ապագա թաղապետ և ապագա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի՝ “Черный Գագոյի” հանդեպ: Մականունավորների նման հաջողությունն ընտրություններում առիթ տվեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին 2-րդ գումարման ԱԺ-ն անվանել «Պպզողների խորհրդարան»: Մականունավոր պատգամավորները հիմնականում ընդգրկվեցին «Կայունություն» խմբում, որը «Միասնությունից» հետո մեծությամբ երկրորդն էր:

Նորընտիր ԱԺ-ն իր անդրանիկ նիստը գումարեց 1999թ. հունիսի 10-ին: Խորհրդարանի նախագահ ընտրվեց Կարեն Դեմիրճյանը: Խոսնակի պաշտոնում առաջին իսկ ելույթում Դեմիրճյանը հույս էր հայտնում, որ ԱԺ-ն կաշխատի առանց լուրջ ցնցումների. «Կարևոր է Ազգային Ժողովում ձևավորել փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտ: Խորհրդարանում, այո, պետք է բախվեն կարծիքները, բայց երբեք մարդիկ»:

Ինչպես և ակնկալվում էր՝ Վազգեն Սարգսյանը նշանակվեց վարչապետ: Այսպիսով՝  «Միասնությունը», չնայած իշխանության նախագահական թևի բոլոր ջանքերին, կարողացավ իր ձեռքում կենտրոնացնել գործադիր և օրենսդիր իշխանության լծակների մեծ մասը: Ընտրություններից հաշված օրեր անց արդեն երևանյան մամուլը հեղեղված էր Ռոբերտ Քոչարյանի մեկուսացման և զուտ խորհրդանշական իշխանության մասին փաստող հրապարակումներով:

«Ընդամենը մի քանի ամիս առաջ նույնիսկ անհնար էր պատկերացնել, որ Հայաստանի իշխանական կառույցը կարող է անգլիականին նմանվել: Բայց հիմա դա, ըստ «Ձայն ժողովրդի» թերթի, ակնհայտ է: «Ի՞նչ է անում նման դեպքերում Քոչարյանը՝ ձևացնելով, որ հաշտվել է ստեղծված իրավիճակի հետ, տենդագին սկսում է ելքեր որոնել»,- պատկերում է թերթը: «Անցյալ անգամ, երբ նման վիճակում էր հայտնվել Ղարաբաղում, այդ ելքը նրան պարգևեց Տեր-Պետրոսյանը Քոչարյանին ասես զուտ այն բանի համար հրավիրելով Հայաստան, որ վերջինս իր տակը քանդի: Ո՞րն է լնելու ելքը այս անգամ: Ո՞վ է նետելու փրկարար օղակը»»:

Հոկտեմբերի 27-ին մնացել էր ուղիղ 20 շաբաթ:


Սղագրությունը՝ Վահե Սալահյանի


Բնօրինակի հեղինակ՝ «Ազատություն» TV