Սահմանադրական փոփոխություններ Ադրբեջանում. Vox Populi, Vox Caesaris

Photo: http://www.gettyimages.com/
Photo: http://www.gettyimages.com/

Ադրբեջանի՝ 1995 թ. ընդունված սահմանադրությունը վերջին 13 տարվա ընթացքում երեք անգամ (2003, 2009, 2016) փոփոխվել է: Բարեփոխման յուրաքանչյուր նոր փաթեթ իր հետ բերել է այնպիսի դրույթներ, որոնք ոչ թե սահմանափակում են պետական իշխանությունը, այլ ընդլայնում այն: 2009 թ. հանրաքվեով՝ նախագահի աթոռը երկու ժամկետից ավելի զբաղեցնելու անթույլատրելիության արգելքը հանելու «բարեփոխումը» բավարար չհամարվեց Իլհամ Ալիևի կողմից, և նա որոշեց հերթական անգամ բարեկարգել այն՝ նախագահի լիազորությունների ժամկետը երկարաձգելով մինչև 7 տարի: Ընդամենը մեկ դրույթի էվոլյուցիան արդեն իսկ ենթադրում է այն, որ երկիրը միտված է վերածվելու ավտորիտար պետության:

Տեսականորեն հանրաքվեները մշակվում են, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան պետական քաղաքականության վերաբերյալ ուղղակի որոշումներ կայացնել: Սակայն իրականում հանրաքվեները վիճահարույց են այն առումով, թե երբ, ինչպես, ինչու և ում կողմից են դրանք օգտագործվում: Սույն վերլուծությամբ կփորձենք տալ այս հարցերի պատասխանները՝ Ադրբեջանում վերջերս անցկացված հանրաքվեն տարբեր ասպեկտներից դիտարկելով: 

Ինքնության ձևավորման ազդեցությունը քաղաքական կառավարման վրա

Յուրաքանչյուր ազգի վարքագիծը և գործողությունները մեծապես պայմանավորված են նրանով, թե ինչպես է այն պատկերացնում իր ինքնությունը: Քանի որ ինքնությունը ձևավորվում է սոցիալական փորձի արդյունքում, անհրաժեշտ են դրա դրսևորման մեթոդներ: Յակոբսոնը գտնում է, որ ինքնությունը դրսևորվում է երկխոսության միջոցով և իրենից ներկայացնում է քաղաքական ձգտումների և որոշումների զուգակցում: Այն սեփական պատմական անցյալի նկատմամբ հարգանքն է և ազգի՝ ժամանակակից աշխարհում իր տեղը գտնելու ձգտումը1: Ադրբեջանական ինքնությունը կայացավ թշնամական ազգի դեմ պայքարի ընթացքում, որ տածում էին Բաքվի հայ բուրժուազիայի նկատմամբ, քանի որ վերջիններիս ձեռքում էր  գտնվում  Բաքվի նավթարդյունաբերության ահռելի չափաբաժինը: Հայ-թաթարական կռիվները ևս իրենց ազդեցությունն ունեն մուսուլմանական հասարակական շարժման զարգացման գործում: Մինչ այդ համեմատաբար չեզոք մուսուլմանական մասսաները, որոնք պետք է հետագայում ձևավորեին կլանային համակարգը,  սկսեցին միավորվել ընդդեմ շրջապատող բազամադարյա ինքնություն ունեցող ազգերի (հայեր, վրացիներ, իրանցիներ, ռուսներ): Շարժումը ղեկավարող «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Մահմեդ Ռասուլզադեն դարձավ նորաստեղծ պետության առաջնորդը: Հանրապետության անվան մեջ դեմոկրատական բաղադրիչի միջոցով թաթարներն արտահայտում էին իրենց նպատակը՝ Ադրբեջանը դարձնել արևելքի թիվ 1 մուսուլման ժողովրդավար պետություն, ինչը անիրագործելի էր ադրբեջանական նորաստեղծ կազմավորման պարագայում, քանի որ այն վերջնականապես չէր ձևավորվել և չէր հստակեցրել իր կառավարման ռեժիմը:

Բացի այդ՝ թաթարները հակված էին աստվածացնել իրենց առաջնորդներին, մինչդեռ աստվածացված առաջնորդը և ժողովրդավարական պետությունը իրար հակասող երևույթներ են:

Չհասցնելով վերջնականապես ձևավորել իր ինքնությունը՝ Ադրբեջանը խորհրդայնացվեց: Դեմոկրատական արժեքներ առհասարակ չապրած պետությունը շատ լավ ներծծեց կոմունիստական բռնապետության մոդելը: Վերջինս էլ միաձուլվեց տեղային կլանային կապերով, որոնք համախմբվեցին ադրբեջանական հանրույթի ստորին շերտերից սերված Հեյդար Ալիևի շուրջ: Նա լավ ըմբռնում էր իր հասարակության իրական տրամադրությունները և առանձնահատկությունները, ուստի ուներ հստակ պատկերացում կլանային հասարակության ազդեցության և հզորության մասին: Լինելով Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար (1969-1982)՝ Ալիևը համախմբեց այդ կլանները և ամրապնդեց իր իշխանությունը երկրում:

Խորհրդային միության փլուզումը, ինչպես միութենական այլ երկրներում, այնպես էլ Ադրբեջանում, հանգեցրեց լուրջ ցնցումների: 1991 թ. մարտի 17-ին Խորհրդային Միությունում  անցկացվեց համամիութենական հանրաքվե՝ որպես իրավահավասար ինքնիշխան հանրապետությունների նորացված դաշնություն՝ ԽՍՀՄ պահպանման հարցի վերաբերյալ։ Ադրբեջանը աջակցեց հանրաքվեին՝ ձայների 93,3 % մեծամասնությամբ: Իսկ մի քանի ամիս անց՝ դեկտեմբերի 29-ին, արդեն անկախության  հանրաքվեին «այո» է ասում բնակչության 99,58%-ը2: Սա խոսում է երկրի ոչ կոմպետենտ հասարակության մասին, որը, անգամ տեսնելով կայսրության փլուզումը, կայացնում է այն որոշումը, որը թելադրում է երկրի վերնախավը:

Անկախացումից հետո Ադրբեջանում սկսվեց քաղաքական ճգնաժամ: Չնայած տված խոստումներին՝ երկիրը քաոսային իրավիճակից դուրս բերել չկարողացան ո՛չ նորանկախ հանրապետության առաջին նախագահ Այազ Մութալիբովը, ո՛չ էլ նրան հաջորդած Աբուլֆազ Էլչիբեյը: Ռազմաճակատում ադրբեջանական բանակի՝ իրար հաջորդող ձախողումների պատճառով նրանք կորցրին ինչպես ժողովրդի, այնպես էլ նրանց համար հենարան չծառայած կլանային վերնախավի վստահությունը: Նրանց ղեկավարման ողջ ընթացքում ադրբեջանցիներն այդպես էլ չգտան «առաջնորդ-Աստծուն»:

Ստեղծված իրավիճակը ընդհանրություններ ունի Ադրբեջանի խորհրդայնացմանը նախորդած շրջանի հետ: Երկու պարագայում էլ երկրին քաղաքական կայունություն բերեց բռնապետական ռեժիմը. 1920 թ.  դա իրականացավ խորհրդային կարգերի հաստատումով, իսկ 1993 թ.՝ Հեյդար Ալիևի կողմից երկրի նախագահի պաշտոնը ստանձնելով: Ինչպես արդեն ասացինք, քաջածանոթ լինելով երկրի հասարակարգին և առանջնորդվելով անցյալի փորձով՝ Հ. Ալիևը կարողացավ բավականին արագ իր շուրջը համախմբել կլանային վերնախավի ներկայացուցիչներին, իսկ այլախոհների նկատմամբ բռնաճնշումների մեխանիզմը կայունություն հաստատեց երկրում: Հարկ ենք համարում ընդգծել, որ բռնաճնշումների մեխանիզմը կայունություն է ապահովում երկրում, միայն եթե դա իրականացվում է ուժեղ և ազդեցիկ առաջնորդի կողմից:

Ադրբեջանի զարգացումն ուղեկցվեց արևելյան բռնապետությանը հատուկ սոցիալ-տնտեսական նախապայմաններով: Հեյդար Ալիևի՝ հետսովետական Ադրբեջանում բոլոր նշանակումները արվում էին հենց նախագահի կողմից: Նախագահի պաշտոնը որդուն փոխանցելու ավանդույթը սկսվեց հենց նրա կողմից: Իշխանության փոխանցումը հեշտացնելու համար 2002 թ. Հեյդար Ալիևը անցկացրեց սահմանադրական բարեփոխումների հանրաքվե: Դրանով  նախատեսվում էր, որ նախագահի իշխանությունը անցնում է վարչապետին, եթե նախագահը հրաժարական է տալիս կամ էլ ի վիճակի չէ կատարելու իր պարտականությունները: 2003 թ. վարչապետ Արթուր Ռասիզադեն հրաժարական տվեց, երկրի վարչապետ նշանակվեց Իլհամ Ալիևը, իսկ երբ նա նույն տարում ընտրվեց երկրի նախագահ, Ռասիզադեն վերանշանակվեց վարչապետի պաշտոնում:

Փաստորեն, Հ. Ալիևի օրոք սկսվեց երկրի ինքնության վերջնական ձևավորման գործընթացը: Այն իրենից ներկայացնում է մի բուրգ, որի վերևում կանգնած է պետության նախագահը՝ աստվածացված առաջնորդի կերպարով, նրանից ներքև փոխադարձ կապերով կապված կլանային վերնախավն է, իսկ ամենաներքևում ժողովուրդը: Յակոբսոնի նշած երկխոսությունը տեղի է ունենում միայն բուրգի վերին օղակներում, իսկ նրանց որոշումները ուղղահայաց կերպով պարտադրվում են կամ հաճախ պարզապես տեղեկացվում քաղաքացիներին: Այդ որոշումները մշտապես շաղախվում են պանթուրքական գաղափարների, պատերազմն ամեն գնով հաղթելու, հայությանը ոչնչացնելու և այդպես իր տեղն աշխարհում գտնելու ազգային ձգտումներով: Ընդդիմացող բոլոր տարրերը դուրս են շպրտվում և մեկուսացվում բուրգից: Հաշվի առնելով Ադրբեջանի սոցիալական փորձը և պատմական անցյալը՝ ներկայումս այս երկրի պարագայում կիրառելի է հենց այս մոդելը, քանի որ բուրգի օղակներում (հատկապես վերին) ցանկացած շեղում հանգեցնում է համակարգում քաոսային իրավիճակի և փլուզման: Ահա թե ինչու նախկինում հայրը, իսկ այսօր էլ Իլհամ Ալիևը, փորձում են հանրաքվեների միջոցով լեգիտիմացնել և ամրապնդել այս բուրգը: 

Ալիևների նախագահական դինաստիային ընդառաջ

Հաճախ հանրաքվեները տարածում ունեն հատկապես բռնատիրական հակումներ ունեցող առաջնորդների շրջանում: Առաջնորդները կարող են շահարկել հանրաքվեն, եթե իրենց հայեցողության ներքո է գտնվում հանրաքվե անցկացնելը կամ չանցկացնելը, դրա առիթը, ձևակերպումը, քվեարկության ժամանակը և արդյունքները մեկնաբանելը: Այդ կերպ vox populi-ն դառնում է vox caesaris3:

Սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում անցկացված հանրաքվեի արդյունքում ձայների 91,2%  մեծամասնությամբ ընդունվեց նախագահ Ալիևի ներկայացրած Սահմանադրական փոփոխությունների փաթեթը:

Ավտորիտարիզմի բնորոշ գծերի մեծ մասը, այն է՝ իշխանության կենտրոնացվածություն բռնապետի կամ կառավարող խմբի ձեռքում, ժողովրդի օտարում իշխանություններից, իրական քաղաքական ընդդիմության գործունեության խոչընդոտում, մամուլի ազատության և մարդու իրավունքների սահմանափակում, առավելագույնս դրսևորված են բարեփոխումների դրույթներում: Այսպես՝

  • նախագահին վերապահվում է նախագահական արտահերթ ընտրություններ նշանակելու և խորհրդարանը լուծարելու իրավունք՝ այն դեպքում, եթե օրենսդիրները մեկ տարվա ընթացքում երկու անգամ անվստահություն հայտնեն կառավարությանը կամ մերժեն նախագահի ներկայացրած Սահմանադրական դատարանի, Գերագույն դատարանի և Կենտրոնական բանկի անդամների թեկնածուներին:
  • Ելնելով «հասարակական կարգի և բարոյական պայմանների» պահպանումից՝ սահմանափակվում է «ազատ հավաքների իրավունքը», ինչը հնարավորություն է տալիս պետությանը ցանկության դեպքում արգելել ցանկացած տեսակի հավաքները:
  • 32-րդ հոդվածում ներդրված կետերով՝ երրորդ անձանց վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և դրանք հրապարակելու արգելքներ են մտցվում: Առաջին հայացքից հասարակ քաղաքացու համար անվտանգություն երաշխավորող այս դրույթները կարող են օգտագործվել իշխանության կողմից, որպեսզի այն մեղադրանք ներկայացնի և գործ հարուցի իրենց համար ոչ ցանկալի լրագրողների նկատմամբ:
  • Մեկ այլ փոփոխության համաձայն՝ պաշտոնյաները հնարավորություն են ստանում «սոցիալական արդարության և արդյունավետ հողօգտագործման» նպատակով բռնագրավել մասնավոր սեփականություն հանդիսացող հողերը:

Սեպտեմբերյան հանրաքվեի ամենաուշագրավ փոփոխությունը, սակայն, առաջին փոխնախագահի և փոխնախագահի պաշտոնների ստեղծումն է, որոնց նշանակումները կատարվելու են նախագահի կողմից և չեն վավերացվելու խորհրդարանի կողմից: Առաջին փոխնախագահը դառնում է պետության երկրորդ դեմքը և նախագահի հրաժարականի կամ պարտականությունները կատարել չկարողանալու դեպքում նախագահական իշխանությունը փոխանցվելու է նրան, այլ ոչ թե վարչապետին: Վերլուծաբանները միաձայն պնդում են, որ նախագահը նպատակ ունի առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակել կամ կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, կամ որդուն՝ Հեյդար Ալիևին: Համաձայնելով գերակշռող այս տեսակետի հետ՝ փորձենք զարգացնել մեր պատկերացումները Ալիևի կանխատեսած սցենարի շուրջ: Առաջին փոխնախագահի պաշտոնում հավանական հավակնորդը կլինի հենց որդին՝ պապի անունը կրող Հեյդար Ալիևը: Ներկայիս վարչապետ 81-ամյա Արթուր Ռասիզադեն երկար չի կարողանա պաշտոնավարել, նրա փոխարեն ըստ ամենայնի կնշանակվի Մեհրիբան Ալիևան՝ դառնալով որդու հենարանը կառավարությունում: Սահմանադրական մնացյալ փոփոխությունները ևս նպատակ ունեն ամրապնդելու որդու դիրքերը, երբ նա ստանձնի նախագահական պաշտոնը: Հարուստ կյանքի սովոր և անփորձ Ալիև կրտսերի համար դժվար կլինի կառավարել երկիրը, ուստի Ի. Ալիևը ցանկանում է ամեն կերպ ճնշել ընդդիմությունն ու տարակարծությունը երկրում: Բացի այդ՝ նախագահի լիազորությունների ժամկետը մինչև 7 տարի երկարաձգելով՝ նա փորձում է բացառել ընդդիմադիր թեկնածուի ի հայտ գալը: Եթե ինքը՝ Իլհամ Ալիևը, ևս 7 տարով նախագահի երկիրը ու վերացնի ընդդիմությունը երկրում, նախագահական այլ թեկնածուի հավանականություն չի լինի, իսկ պաշտոնի անցումը որդուն կհեշտանա:

Որդու իշխանության ամրապնդումը բխում է նաև կլանային վերնախավի շահերից,  քանի որ Ալիև կրտսերի տապալման դեպքում ընդդիմության առաջին թիրախը կլինի հենց այդ վերնախավը: Ինչ վերաբերում է պատգամավորների թեկնածուների համար տարիքային շեմի  իջեցմանը մինչև 18 տարեկան, ապա կարելի է ենթադրել, որ միտումը վերնախավի երիտասարդ ժառանգների կողմից խորհրդարանի աթոռները զբաղեցնելն է, որպեսզի նրանց նկատմամբ նախագահական վերահսկողությունը լինի ավելի դյուրին:

Իլհամ Ալիևի համար հանրաքվեն գործիք է, որի միջոցով պետությունը վերածում է նախագահական դիկտատուրայի: Օգտագործելով ժողովրդի vox populi-ն՝ նա լեգիտիմացնում է իր vox caesaris-ը և այն բանեցնում իր հիմնական նպատակին հասնելուն, այն է՝ ապահովել Ալիևների դինաստիայի ժառանգականությունը: Այդ հարցում նրան աջակցում է երկրի կլանային վերնախավը, ինչին առավել մանրամասն կանդրադառնանք ստորև: 

Կլանային  վերնախավն ու հանրաքվեն

Հանրաքվեների կիրառումը, համաձայն մի շարք քաղաքագետների, ոչ թե բխում է հասարակության, այլ այն «քաղաքական ձեռնարկատերերի» ցանկությունից, որոնք հանուն իրենց անձնական շահի օգտագործում են ուղղակի ժողովրդավարության նկատմամբ հանրության շրջանում լայն տարածում գտած աջակցությունը4:

Ադրբեջանում քաղաքական ձեռնարկատերերի դերում հանդես է գալիս նրա կլանայային համակարգը: Ներկայացնենք այդ «ձեռնարակատերերից» մի քանիսին: Ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը վարչապետ Ռասիզադեի պես պաշտոնավարում է ավելի քան քսան տարի: Նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը վերահսկում է ներքին քաղաքականությունը, մասնավորապես պատասխանատու է անվտանգության և իրավապահ մարմինների համար: Հակաարևմտյան դիրքորոշումների առաջատար գաղափարախոս Մեհտիևը համակարգի ողնաշարն է և իր առաքելությունը համարում է դրա պաշտպանությունը: 2004 թ. նավթային բումից հետո հարստացան վերնախավի այլ ներկայացուցիչներ ևս: Տարբեր կլաններ, առաջնորդվելով իրենց բիզնես շահերով, սկսեցին վերահսկել տնտեսությունը, իսկ լայն առումով՝ նաև երկիրը: Ինքը՝ Ալիևը, նաև կապված է կլաններից ամենահզորի՝ Փաշաևների ընտանիքի հետ, որի վառ ներկայացուցիչը կինն է՝ Մեհրիբան Ալիևան: Pasha Holdings ընկերությանը պատկանում են հյուրանոցներ, լեռնադահուկային հանգստավայրեր, բանկեր, ապահովագրական, տուրիստական ու շինարարական ընկերություններ: Գերդաստանը կապված է նաև այլ ձեռնարկատիրական ընկերությունների՝ մանսավորապես Silkway Holding և Azersun-ի հետ5:  Մի քանի այլ ազդեցիկ անհատներ ևս ունեն ձեռնարկատիրական ցանցեր, որոնց թվում՝ արտակարգ իրավիճակների նախարար Քյամալեդդին Հեյդարովին է պատկանում Gilan Holding ընկերությունը, տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովին՝ մի շարք տրանսպորտային և բեռնափոխադրման ընկերություններ և Garant Holding-ը, հարկային նախարար   Ֆազիլ Մամեդովին՝ AtaHolding-ը և այլն:

Փաստորեն, ադրբեջանական վերնախավը՝ էլիտան, ունի քաղաքական ու տնտեսական հզոր ներուժ: Ուոլքերը նշում է, որ հանրաքվեն առևտրային գործընթաց է էլիտաների միջև, որոնց իշխանությունը  հիմնված է տարբեր ինստիտուցիոնալ կառույցների վրա: Ու թեպետ էլիտա տերմինը դասական իմաստով վերագրելի չէ ադրբեջանի կլանային վերնախավի համար, սակայն  հանրաքվեն որպես գործիք ծառայացնելու սկզբունքը համընկնում է նրանց ստեղծած համակարգի քաղաքականության հետ:

Կլանային վերնախավի կողմից Սահմանադրական բարեփոխում անցկացնելու հանրաքվեին աջակցելը ունի հետևյալ դրդապատճառները.

  1. Տնտեսական. վերջին տարիներին նավթի համաշխարհային գների անկումը, իսկ 2015 թ. մանատի արժեզրկումը 21-րդ դարի առաջին տասնամյակում տնտեսական բարձր ցուցանիշներով աչքի ընկնող Ադրբեջանին կանգնեցրին սոցիալ-տնտեսական ճգնաժամի առջև: 9 ադրբեջանական բանկեր փակվեցին, անշարժ գույքի գները ընկան: Արդյունքում թուլացան նավթահենային տնտեսություն ունեցող երկրի կլանային վերնախավի՝ մինչ այդ անձեռնմխելի թվացող դիրքերը: Ավելին՝ 2016 թ. հունվարին երկրով մեկ ցույցեր տեղի ունեցան սննդամթերքի գների բարձրացման և աշխատավայրերի բացակայության պատճառով:
  2. Աշխարհաքաղաքական. խոսքը առավելապես Արցախյան հակամարտության մասին է, քանի որ հենց դրանով է պայմանավորվում Ադրբեջանում ցանկացած աշխարհաքաղաքական խնդիր՝ կլինի դա տարածաշրջանային էներգետիկ կոմունիկացիաների անվտանգության ապահովում, Իրանի և Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցում, ԱՄՆ-ԵՄ-ի հետ տնտեսական քաղաքականություն, պանթուրքական կամրջի ստեղծում, թե տրանս-անատոլիական գազատարի նախագծի իրականացում: Արցախյան հակամարտությունը՝ որպես քաղաքական վերահսկողության գործիք, օգտագործվում է վերնախավի կողմից, երբ նրանք ցանկանում են համախմբել հանրությանը որևէ հարց լուծելու համար: Ուշագրավ է, որ հանրաքվե անցկացնելու նախագիծը նախագահը ներկայացրեց ապրիլյան քառօրյա պատերազմից մի քանի ամիս անց՝ հունիս ամսին:
  3. Ներքաղաքական. տնտեսական անհաջողությունները, սերունդների չլուծված կոնֆլիկտը հաճախ առաջ է բերում երկրում դժգոհությունների և ազգայնական տրամադրությունների սրման, ուստի վարչակարգի մոտ մտահոգություններ է առաջացնում, որ կակտիվանան ծայրահեղ իսլամիստական խմբավորումները, որոնք իշխանափոխություն կպահանջեն երկրում: Արմատական իսլամի թե՛ շիա, թե՛ սուննի ներկայացուցիչները իրենց զայրույթն ուղղում են կոռումպացված վերնախավի վրա6:

Այդ նույն վերնախավը  ժողովրդավարությունը փրկելու կարգախոսի ներքո առաջ է բերում հանրաքվեի անցկացման գաղափարը՝ իրականում օգտագործելով այն իր իշխանությունն ու ուժը համախմբելու համար: Սահմանադրությունը բարեփոխելու հանրաքվեն նրանց համար գործիք է ծառայում, որպեսզի հասարակական գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկեն՝ մի կողմից տնտեսական արդիականացման և դիվերսիֆիկացիայի ծրագրեր առաջարկելով, մյուս կողմից էլ՝ ահաբեկելով ղարաբաղյան պատերազմի պատճառով 90-ականների քաոսային իրավիճակի կրկնությամբ: 

Բուրգի վախճանը

Սահմանադրությունների՝ հաճախ փոփոխությունների ենթարկվելը խոսում է ներքաղաքական անկայունության մասին, ինչը կարգավորելու համար անցկացվում է հանրաքվե, մինչդեռ այն չի կարող վերացնել խորքային անկայունությունը: Թվում է՝ Ալիևը հանրաքվեի միջոցով փորձեց որոշակիացնել Ադրբեջանի ապագայի տեսլականը՝ իր որդու համար բարեկեցիկ ճանապարհ հարթելով: Ուժեղացնելով ճնշումը բուրգի ստորին օղակի վրա՝ Ալիևը ապահովեց կայունությունը երկրում, բայց միայն մակերեսորեն և կարճաժամկետ հեռանկարով: Միևնույն ժամանակ մեծացավ այդ կայունությունը պահելու պատասխանատվությունը, որն ընկնելու է Հեյդար II-ի ուսերին: Կարծում ենք, որ նրան չի հաջողվի իրականացնել իրեն բաժին հասած առաքելությունը՝ մի քանի պատճառով: Նախ, նա չունի այն հեղինակությունն ու հզորությունը, ինչ իր հայրը, կամ առավել ևս՝ պապը: Երկրորդ՝ կկորչի աստվածացված առաջնորդի կերպարը, քանի որ անկախության՝ համեմատաբար ազատամիտ սերունդը երիտասարդ Հեյդարին չի ընկալի որպես այդպիսին: Թեպետ բռնապետությունը ավելի կուժեղանա, սակայն միևնույն ժամանակ երկարատև ու ուժեղ ճնշման արդյունքում բուրգի ստորին օղակում կառաջանա հակադարձ ուժ՝ ի դեմս արմատական իսլամի, որը  վերին օղակի թուլանալու դեպքում կարող է անկանխատեսելի ուժգնությամբ պայթել: Արդյունքում Հեյդար II-ը ակամայից կքանդի այն բուրգը, որը երկար տարիներ կառուցում էր Հեյդար I-ը:


1Yaniv Roznai, Unconstitutional Constitutional Amendments: A Study of the Nature and Limits of Constitutional Amendment powers, London, 2014; p. 125.

2Նմանատիպ արդյունքներ են ցույց տվել նաև Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հանրաքվեները:

3Mark Clarence Walker, The Strategic Use of Referendums, 2003, p. 117.

4Նույն տեղում, էջ 6:
5http://carnegieeurope.eu/publications/?fa=64671

6Իսլամական պետության հետ կռվող ադրբեջանցիների թիվը հստակ չէ, սակայն մոտավոր հաշվարկներով հասնում է 800-ի:  Ուշագրավ է այն փաստը, որ 2012 թ. շատ արմատականների թույլատրվեց հեռանալ երկրից Սիրիական հակամարտությանը մասնակցելու համար, որպեսզի կառավարությունը հեշտությամբ ձերբազատվի նրանցից: http://carnegieeurope.eu/publications/?fa=64671


Օգտագործած գրականության ցանկ

  1. Конституция Азербайджанской Республики, http://www.legalacts.az/ru/document/271
  2. М. Волхонский, В. Муханов, По следам Азербайджанской Демократической Республики, 2007
  3. Торжество демократии или шаг к авторитаризму: Азербайджан переписывает Конституцию, https://eadaily.com/ru/news/2016/07/21/torzhestvo-demokratii-ili-shag-k-avtoritarizmu-azerbaydzhan-perepisyvaet-konstituciyu
  4. Thomas De Wall, Azerbaijan at Twenty-Five: A New Era of Change and Turbulence, http://carnegieeurope.eu/publications/?fa=64671
  5. Mark Clarence Walker, The Strategic Use of Referendums, 2003,
  6. Yaniv Roznai, Unconstitutional Constitutional Amendments: A Study of the Nature and Limits of Constitutional Amendment powers, London, 2014, http://etheses.lse.ac.uk/915/1/Roznai_Unconstitutional-constitutional-amendments.pdf
  7. freedomhouse.org
  8. opendemocracy.net
  9. rferl.org ” Radio Free Europe/Radio Liberty

Հեղինակ՝ Արմինե Մուրադյան (Armine Muradyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


Armine Muradyan
Միջազգային հարաբերությունների մագիստրոս, հետաքրքրությունների շրջանակը՝ թուրք-ամերիկյան հարաբերություններ, ցեղասպանագիտություն, համաշխարհային քաղաքական արդի գործընթացներ։