Ֆրոսթ | Պատի նորոգումը

Բանաստեղծությունը ձևի և բովանդակության յուրատեսակ միաձուլում է, որտեղ երկու բաղադրինչ էլ հավասարապես կազմում են ստեղծագործության իմաստային առանցքը։ Երբեմն խիստ բարդ է թարգմանչի համար ապահովել ստեղծագործության ամբողջականությունը երկու բաղադրիչների պահպանմամբ։ Սակայն դրանցից յուրաքաչյուրի կարևորությունը իրապես հասկանալու համար անգնահատելի է բանաստեղծության ձև կամ բովանդակության կազմաքանդումը։ 

Ստորև Ռոբերտ Ֆրոսթի օրինակով հստակ արտահայտված է, թե ինչ տեսք կունենար բանաստեղծությունը, եթե առանձնահատուկ շեշտվեր իմաստային տարրերից միայն ձևը կամ բովանդակությունը։

 

Նյութը հրապարակվում է «Ինլայթ» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Թարգմանչական և խմբագրական պրակտիկա» ծրագրի շրջանակում:

«Պատի նորոգում». չափածո

Ինչ-որ մի ուժ կա, որ պատ չի սիրում,

Սառը հողակույտ կուտակում խորքում,

Վերին քարերը արևից խախտվում՝

Ստեղծում են ճեղքեր, այն էլ այնպիսի,

Որ երկու մարմին կանցնեին միասին,

Մյուս կողմից էլ դե որսորդները այդ,

Որոնց հետևից պետք է նորոգել,

Զի քարը քարին անգամ չեն թողել,

Միայն ճագարին թաքստոցից հանել,

Իրենց հաչացող շանն են գոհացրել:

Ճիշտ է, իհարկե, ոչ ոք չի տեսել,

Ու չի էլ լսել, թե ինչպես են այդ

Ճեղքերը հսկա երևան եկել,

Միայն թե գարնան նորոգման դեպքում

Ճեղքերը այդ մեծ հստակ ենք տեսնում,

Իմաց եմ տալիս ես հարևանիս,

Որը ապրում է բլրի հետևում,

Որ հանդիպենք ու շինենք կրկին

Իրարից զատող այս պատը շատ հին,

Ու պահենք մենք այս հին պատը կանգուն:

Ամենքն իր կողմի քարերով զբաղված՝

Ձգտում է սարքել այս պատը փլված,

Քարերի կեսը տափակ, կեսն էլ գունդ,

Կպահե՞ն արդյոք այս պատը կանգուն:

Գուցե կախարդանք պետք է մենք կարդանք,

Որ մնա պատն այս կանգուն և անխախտ.

«Մնացեք այնտեղ, որտեղ հիմա եք,

Քանի դեռ մենք այստեղ կանգնած ենք»:

Բացօթյա խաղ ենք գուցե մենք խաղում,

Պարզապես ամենքս՝ պատի մեր կողմում,

Դրանից մատներն ենք նույնիսկ վնասում,

Սակայն մի բայց կա հենց այս ամենում,

Այնտեղ, ուր պատն է՝ ես հարկ չեմ գտնում,

Դրացուս այգում սոճին է աճում,

Իսկ ինձ մոտ՝ խնձորենիներ բազում,

Հարևանիս հազար եմ ասում,

Որ պատի կարիք չկա մեջտեղում.

Իմ խնձորները չեն կարող երբեք

Անցնել սահմանն ու ուտել կոները՝

Քո այգում՝ թափված սոճիների տակ,

Բայց հարևանս պատասխանում է.

«Լավ ցանկապատ՝ լավ հարևանություն»:

Գարունը իմ մեջ խաղում է խաղեր,

Ստիպում է կրկին նրան համոզել,

Որ կարելի է չցանկապատել,

Չէ որ ցանկապատ պետք կգա միայն,

Այնտեղ, որտեղ գուցե կովեր կան,

Իսկ այստեղ, հաստատ, դեռ կովեր չկան:

Մինչ պատ սարքելը ես մի հարց կտայի

Ի՞նչն եմ ես «պատում», կամ ինչի՞ց՝ «պատվում»,

Գուցե այդ պատը, որ ես սարքում եմ,

Դրանով մեկին վիրավորո՞ւմ եմ:

Ինչ-որ մի ուժ կա, որ պատ չի սիրում,

Պատեր փլուզել է այդ ուժը ուզում,

Գուցե մի Է՞լֆ է, դե, բայց չգիտեմ,

Թող նա ինքնուրույն փորձի մտածել:

Ահա, տեսնում եմ կրկին ես նրան՝

Ամեն մի ձեռքին մի մեծ քար առած,

Ասես վայրենի լինի նա զինված՝

Շարժվող խավարում՝ հին քարե դարի:

Բայց այդ խավարը անտառի մթից

Կամ էլ ծառերի ստվերից չէ բնավ:

Հոր խոսքից այն կողմ ոչինչ չի տեսնում,

Եվ իրենից գոհ նորից կրկնում.

«Լավ ցանկապատ՝ լավ հարևանություն»:

Թարգմանիչ՝ Հասմիկ Խաչատրյան (Hasmik Khachatryan)

© Բոլոր իրավունքները պաշտպանված են:

«Պատի նորոգումը»․ արձակ

Կա մի բան, որը չի սիրում պատ. դրանից սառնամանիքից սառած հողն ուռում է այդ պատի տակ և քանդում, վայր է գցում դրա վերին շարքի քարերն՝ արևից թուլացած։ Առեղծվածային այդ ուժի պատճառով այնպիսի մեծ ճաքեր են պատի մեջ գոյանում, որ երկու հոգի հանգիստ կարող են անցնել դրանց արանքով։ Որսորդներն էլ մյուս կողմից են այդ պատն ավիրում։ Նապաստակին իր թաքստոցից հանելու և իրենց վնգստացող շներին հաճույք պատճառելու համար քարը քարին չեն թողնում հաճախ։

Ոչ ոք չի տեսնում ու չի լսում, թե պատի այդ ճաքերը երբ են լինում, սակայն գարնանային նորոգման ժամանակ մենք միշտ տեսնում ենք դրանք։ Բլրի այն կողմում ապրող հարևանիս իմաց եմ տալիս, ու հանդիպում ենք մենք մի օր, որպեսզի վերանորոգենք վնասված այդ պատը։ Եվ մենք կրկին շարում ենք այն մեր միջև ու բաժանում ենք մեզ նորից՝ ամենքս հոգալով մեր կողմում թափված քարերի մասին։ Իսկ այդ քարերն անհամաչափ են կամ խիստ տափակ, կամ շատ կլոր, և դրանք հավասարակշռելը բարդ է շատ. երևի մի հմայություն պետք է ասենք, որ չթափվեն նորից. «Մնացեք այնտեղ, որտեղ որ կաք, մինչև գնանք»:

Քարերի հետ աշխատանքից վնասվում են մեր մատները։ Կարող ենք ասել, որ այս ամենը բացօթյա խաղի մի տեսակ է, ուր խաղացողները կանգնում են յուրաքանչյուրը պատի մի կողմում։ Սակայն այս պատի հետ կապված մի շատ ավելի կարևոր խնդիր կա։ Բանն այն է, որ այնտեղ, ուր պատն է, պատի կարիք իրականում չկա։ Հարևանիս այգում սոճիներ են աճում միայն, իսկ ինձ մոտ՝ խնձորենիներ։ Ես ասում եմ նրան, որ պատի կարիք չկա, քանի որ իմ խնձորենիները երբևէ չեն անցնելու մյուս կողմ ու նրա սոճիների տակ թափված կոները չեն ուտելու։ Սակայն հարևանս պատասխանում է միայն. «Լավ ցանկապատ՝ լավ հարևան»:

Գարունն է հավանաբար խաղում իմ մեջ, և չարաճճի մի միտք ինձ հանգիստ չի տալիս. կհաջողվի՞ ինձ արդյոք հարևանիս ստիպել մտածել այս գաղափարի շուրջ. «Ինչո՞ւ լավ ցանկապատ՝ լավ հարևան։ Չէ՞ որ ցանկապատները հարկավոր են միայն այնտեղ, որտեղ կովեր կան։ Բայց այստեղ կովեր չկան»։ Նախքան պատ կառուցելը, լավ կլիներ, որ հարց տայինք մեզ, թե այդ պատով ինչից ու ինչն ենք ուզում պաշտպանել ու բաժանել, և թե ում ենք դրանով գուցե վիրավորում։

Կա մի բան, որը չի սիրում պատ։ Այդ առեղծվածային ուժը փլուզել է ուզում այն: Ես կարող էի ասել հարևանիս, որ այդ ուժն Էլֆերն են, բայց դա այդքան էլ այդպես չէ, և իրականում կնախընտրեի՝ նա ինքը դա ասեր։ Այնտեղ տեսնում եմ ես նրան՝ ամեն ձեռքում մի քար ամուր բռնած՝ իբրև քարե դարի մի վայրենի լինի զինված: Իմ կարծիքով խավարի մեջ է նա շարժվում. խավար, որի պատճառը միայն անտառներն ու ծառերի ստվերը չեն: Նա ի վիճակի չէ հասկանալ ու տեսնել այդ հին ասացվածքից ավելին։ Եվ ուրախ է շատ, որ կարողացել է հաջող կերպով այն կիրառել, ու ասում է այն կրկին. «Լավ ցանկապատ՝ լավ հարևան»:

Թարգմանիչ՝ Մերի Պետրոսյան (Meri Petrosyan) 

 © Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Բնօրինակի հեղինակ՝ Mending Wall by Robert Frost, Poetry Foundation