«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը կազմակերպության 4(12)-ամյակի առթիվ հրատարակության է պատրաստել XX դարի նշանավոր գերմանացի քաղաքական տեսաբան, իրավագետ, փիլիսոփա Կարլ Շմիթի «Զրույց իշխանության և տիրակալի հասանելիության շուրջ» ռադիոէսսեի ռուսերենից հայերեն թարգմանությունը:
Հրատարակչության մեջ ներառված են նաև Կարլ Շմիթի և Էռնստ Յունգերի նամակագրության որոշ նմուշներ, ինչպես նաև հրատարակիչ Գերդ Գիսլերի վերջաբանը:
«Մի խոսքով՝ ես կարծում եմ, որ պետք է վերընթերցել Շմիթին, ինչպես և Հայդեգերին»:
-Ժակ Դերիդա
1954 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ինը տարի անց, Կարլ Շմիթը գրեց ռադիոէսսե, որը բազմիցս վերահրատարակվել է «Զրույց իշխանության և տիրակալի հասանելիության շուրջ» անվանմամբ: Այս «Զրույցը» մինչ օրս Կարլ Շմիթի ամենաազդեցիկ գործերի շարքին է դասվում:
Տեքստը, որը գրված է փայլուն լակոնիկ ոճով, հորինված զրույցի տեսքով է կառուցված: Նրա թեման ժամանակակից իշխանությունն է՝ վարչական միջոցների և մեթոդների պայմանների տեսանկյունից: Շմիթն իշխանությունը սահմանում էր որպես «սոցիալական միահյուսվածք» և «ինքնուրույն մեծություն»:
Յուրաքանչյուր տիրակալ, ըստ Կարլ Շմիթի, ստիպված է հիմնվել «զեկույցների և տեղեկատվության վրա և կախված է իր խորհրդատուներից: Օրեցօր և ժամ առ ժամ նրա վրա բարդվում են բազմաթիվ փաստեր և հաղորդագրություններ, առաջարկություններ և ենթադրություններ: Ճշմարտության և ստի, իրականության և հավանականության այս անվերջ’ փոթորկվող ծովից նույնիսկ ամենախելացի և ամենահզոր մարդը առավելագույնը մի քանի կաթիլ կարող է վերցնել»:
Շմիթի մտածողությունը պտտվում էր իշխանության, ուժի և օրենքի կիրառման հարցերի շուրջ: Նրա լայնածավալ ստեղծագործական կյանքի վրա լուրջ ազդեցություն են թողել պետության և իրավունքի հարցերով զբաղվող քաղաքական այնպիսի փիլիսոփաներ և մտածողներ, ինչպիսիք են Հոբսը, Մակիավելլին, Ռուսոն, Դոնոսո Կորտեսը, Սորելը և Պարետոն: «Զրույցը» Շմիթի գործերի մեջ նշանավոր դիրք է զբաղեցնում շնորհիվ իր շարունակական ազդեցության:
[Հատված]
Զրույցի մասնակիցներ՝
Ե. (Երիտասարդ, ով հարցեր է տալիս)
Կ.Շ. (Կարլ Շմիթ, հեղինակ, պատասխանող)
Ե. Մինչ Դուք կսկսեք խոսել իշխանության մասին, ես պետք է մի բան հարցնեմ Ձեզ:
Կ.Շ. Խնդրեմ, պարո՛ն Ե:
Ե. Դուք ինքներդ ունե՞ք որևէ իշխանություն, թե՞ իշխանություն չունեք:
Կ.Շ. Այդ հարցը լիովին արդարացված է: Նա, ով խոսում է իշխանության մասին, նախ պետք է ասի, թե ինքն ինչ դիրք ունի իշխանության նկատմամբ:
Ե. Ուրեմն Դուք ունե՞ք իշխանություն, թե՞ ոչ:
Կ.Շ. Ես իշխանություն չունեմ: Ես պատկանում եմ այն մարդկանց թվին, որոնք չունեն իշխանություն:
Ե. Դա կասկածելի է:
Կ.Շ. Ինչու՞։
Ե. Որովհետև այդ դեպքում Դուք, հավանաբար, իշխանության նկատմամբ կանխակալություն ունեք: Չարությունը, դաժանությունը, վիրավորանքը սխալների սովորական աղբյուր են:
Կ.Շ. Դե, իսկ եթե ես պատկանեի՞ իշխողներին:
Ե. Այդ դեպքում Դուք, հավանաբար, կանխակարծություն կունենայիք հօգուտ իշխանության: Սեփական ուժի և դրա հաստատման նկատմամբ հետաքրքրությունը, իհարկե, ևս սխալների աղբյուր է:
Կ.Շ. Բայց այդ դեպքում ո՞վ ընդհանրապես իրավունք ունի
խոսելու իշխանության մասին:
Ե. Դա Դուք պետք է ինձ ասեիք:
Կ.Շ. Ես կասեի՝ հավանաբար կա մեկ այլ՝ անշահախնդիր դիտարկման և նկարագրության դիրքորոշում:
Ե. Այդ դեպքում, գուցե, դա երրորդ անձի կամ ազատորեն ճախրող ինտելեկտի դե՞րը լիներ:
Կ.Շ. Ինտելեկտ այստեղ, ինտելեկտ այնտեղ։ Եկեք միանգամից նման ընդհանրացված գնահատականներով չսկսենք: Նախ փորձենք ճիշտ տեսնել այն պատմական երևույթը, որը
մենք բոլորս վերապրում և որին դիմանում ենք: Արդյունքը տեսանելի կլինի:
Ե. Այսպիսով՝ մենք խոսում ենք իշխանության մասին, որը որոշ մարդիկ իրականացնում են այլ մարդկանց նկատմամբ: Որտեղի՞ց է, ըստ էության, ծագում այն հրեշավոր իշխանությունը, որը, ասենք, Ստալինը կամ Ռուզվելտը կամ մեկ ուրիշը, ում կարող էինք այստեղ դասել, ունեին միլիոնավոր այլ մարդկանց նկատմամբ:
Կ.Շ. Ավելի վաղ ժամանակներում այսպիսի պատասխան կտային. իշխանությունը բխում է կա՛մ բնությունից, կա՛մ Աստծուց:
Ե. Վախենամ, որ այսօր իշխանությունն այլևս մեզ բնական չի թվում:
Կ.Շ. Ես ևս վախենում եմ դրանից: Այսօր մենք մեր չափազանց մեծ գերակայությունն ենք զգում բնության նկատմամբ: Մենք այլևս չենք վախենում նրանից: Եթե նա մեզ համար տհաճ է դառնում, ինչպես հիվանդությունը կամ տարերային աղետը, մենք հույս ենք հայտնում, որ շուտով կհաղթենք նրան: Մարդը՝ ի բնե թույլ կենդանի էակ, տեխնիկայի օգնությամբ չափից շատ է բարձրացել իր շրջակա միջավայրի նկատմամբ: Նա դարձրել է իրեն բնության և երկրային բոլոր կենդանի էակների թագավորը: Խոչընդոտները, որոնցով բնությունը ավելի վաղ ժամանակներում զգալիորեն սահմանափակում էր նրան, ցուրտը և տապը, սովը և զրկանքները, վայրի կենդանիները և բոլոր տեսակի վտանգները. այս բնական սահմանափակումներն ակնհայտորեն նահանջում են:
Ե. Դա ճիշտ է: Այլևս կարիք չկա վախենալու վայրի կենդանիներից:
Կ.Շ. Հերկուլեսի սխրանքները մեզ մեր օրերում բավականին համեստ են թվում, և եթե այսօր առյուծը կամ գայլը հայտնվեն ժամանակակից մեծ քաղաքում, ապա նրանք առավելագույնը փողոցային երթևեկի խոչընդոտ կդառնան, բայց դժվար թե վախեցնեն նույնիսկ երեխային: Այսօր մարդը բնության հանդեպ այնպիսի գերակայություն է զգում, որ նույնիսկ թույլ է տալիս իրեն բնապահպանական արգելոցներ ստեղծել:
Ե. Իսկ ի՞նչ կասեք Աստծո մասին:
Կ.Շ. Ինչ վերաբերում է Աստծուն, ապա ժամանակակից մարդը, ես նկատի ունեմ մեծ քաղաքի տիպիկ բնակչին, նույնպես այնպիսի զգացում ունի, որ Աստված նահանջում է կամ հեռացել է մեզնից: Եթե այսօր խոսակցության մեջ հիշատակում են Աստծուն, ապա «նորմալ կրթված մարդը» ինքնաբերաբար մեջբերում է Նիցշեի կարծիքը՝ Աստված մեռած է: Մյուսները՝ առավել լավ տեղեկացվածները, մեջբերում են ֆրանսիացի սոցիալիստ Պրուդոնի արտահայտությունը, որը մոտ քառասուն տարով առաջ է ընկել Նիցշեի դատավճռից և պնդում է. «Նա, ով խոսում է Աստծո մասին, ցանկանում է խաբել»:
Ե. Իսկ եթե իշխանությունը չի բխում ո՛չ բնությունից, ո՛չ էլ Աստծուց, ապա որտեղի՞ց է այն սկիզբ առնում:
Կ.Շ. Այդ դեպքում, թերևս, միայն մեկ բան է մնում. իշխանությունը, որը մեկ անձն իրականացնում է մյուսների նկատմամբ, բխում է հենց այդ անձանցից:
Կարլ Շմիթը (1888-1985) գերմանացի ամենաազդեցիկ իրավաբաններից մեկն էր, XX դարի պետական և միջազգային իրավունքի գիտակ և քաղաքական փիլիսոփա:
Թարգմանությունը՝ Մերի Բաբայանի
Խմբագրությունը՝ Գայանե Խաչատրյանի
Գրաֆիկական ձևավորումը՝ Լիլիթ Խաչատրյանի
Սրբագրությունը՝ Նունե Մաթևոսյանի
Հրատարակության ամբողջական թվանշային տարբերակը ներբեռնեք հղմամբ՝
Կարլ Շմիթ «Զրույց իշխանության և տիրակալի հասանելիության շուրջ»
«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ © Բոլոր իրավունքները պաշտպանված են: