Նյութը հրապարակվում է «Ինլայթ» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Թարգմանչական և խմբագրական պրակտիկա» ծրագրի շրջանակում:
Բանկերը արդի տնտեսության շարժիչ ուժերից մեկն են: Սակայն նրանց աշխատելաձևը վտանգի տակ է: Տեխնո-վճարման հսկաները և թվային արժույթները հեղափոխում են փողի օգտագործման ձևերը: Եվ սա կարող է դրամատիկ հետևանքներ ունենալ… գնալով բանկային դաշտից էլ անդին: Այն կարող է անդրադառնալ սպառողի գաղտնիության, կառավարության իշխանության և ողջ ֆինանսական համակարգի կայունության վրա: Դժվար է գերագնահատել, թե արմատապես որքան կտարբերվեր այդ աշխարհը մեր ներկայիս ունեցածից: Այսպես, ինչպիսի՞ն կլիներ աշխարհն առանց բանկերի և կզգայի՞նք արդյոք դրանց պակասը:
Հիմունքները
Բանկային գործ
Բանկային գործի հիմնարար սկզբունքները դարեր շարունակ նույնն են եղել և պտտվում են մեծագույն կախարդական հնարքի շուրջ՝ ինչպես ստեղծել փող: Սա կոչվում է կոտորակային պահուստային բանկինգ:
Կոտորակային պահուստային բանկինգ
Ահա ինչպես այն սկիզբ առավ:
Հարյուրավոր տարիներ առաջ բանկերը ոսկի էին պահեստավորում ներդրողների համար: Սակայն, գիտակցեցին՝ քիչ է հավանական, որ միաժամանակ բոլորը հետ պահանջեն իրենց ոսկին: Այսպես, նրանք սկսեցին ոսկյա ավանդների մի մասն իբրև վարկ տալ այլ մարդկանց: Սա տոկոսների հաշվին գումար բերեց բանկերին և օգնեց հզորացնել տնտեսությունը` թույլ տալով չգործածվող ավանդներով շունչ հաղորդել նոր բիզնեսին և առևտրին:
Ժամանակի ընթացքում բանկերը սկսեցին թղթադրամներ կամ պարտատոմսեր թողարկել՝ ֆիզիկապես ոսկի տրամադրելու փոխարեն: Սկսվեց այդ պարտատոմսերի շրջանառումը տնտեսության մեջ: Սա նշանակում էր, որ շրջանառության մեջ եղած գումարը գերազանցում է բանկում պահվող ոսկու արժեքը: Այսպես, բանկային վարկավորմամբ փաստացի ստեղծվեց նոր փող:
Այսօր փողի մեծ մասը թվային է:
Երբ բանկը վարկ է տալիս, նոր ակտիվ է ստեղծում իր հաշվեկշռում և նոր միջոցներով համալրում վարկառուի հաշիվը, որն էլ, իր հերթին, ստեղծում է նոր ավանդ: Հիմնական սկզբունքը նույնն է: Ամեն նոր վարկի հետ բանկը ստեղծում է նոր փող: Փաստացի, աշխարհում գումարի 90%-ը թվային ավանդի տեսքով է՝ ստեղծված բանկերի կողմից այս եղանակով: Սա խիստ կարևոր է տնտեսության համար:
Սա նշանակում է, որ բանկերը ունակ են պատասխանելու տնտեսությունում առկա փողի պահանջարկին: Ասել է, թե փողի պաշարը տնտեսության մեջ շատ առաձգական է: Շրջանառության մեջ չկա գումարի որևէ սահմանաչափ: Ուստի, եթե տնտեսությունը ծաղկում է, և ավելի շատ ապրանքներ են ստեղծվում, ապա կուտակային պահուստային բանկինգի շնորհիվ գումարի առաջարկը ևս կաճի, քանի որ մարդիկ վերցնում են վարկեր և կատարում նոր ներդրումներ:
Առևտրային բանկերի գումար ստեղծելու դյուրինությունը մեծապես վերահսկվում է կենտրոնական բանկերի կողմից, ինչպիսին է տոկոսադրույք սահմանող Դաշնային պահուստը: Եթե տոկոսադրույքը բարձր է, բանկը դնում է այդ ծախսը վարկառուների վրա: Սա թանկացնում է վարկը գնումների համար, հետևաբար բանկը ստեղծում է ավելի քիչ նոր փող: Կենտրոնական բանկերը ևս փող են մատակարարում տնտեսության համար: Նրանք տպում են կանխիկ փող՝ գումար, որ մարդիկ ունեն առձեռն: Այսպես, բանկերը և կենտրոնական բանկերը կարգավորում են միմյանց մեջ փողի ստեղծման պահանջը:
Այդօրինակ բալանսը նշանակում է, որ պահանջարկի հետ փողը կարող է հեշտությամբ շատանալ, բայց նաև խոսում է կենտրոնական բանկի ուղղակի ներկայության մասին վճարումներում և գործարքներում: Սակայն, այս փխրուն բալանսը վտանգված է փողի օգտագործման ձևում հեղափոխության շնորհիվ:
Նախևառաջ, աճող թվով բիզնեսներ վարկավորման համար այլևս չեն ապավինում բանկերին: Պատճառը բիզնեսների կոնկրետ ակտիվներ ստեղծելու մեջ է, ինչպիսին են օրինակ մեքենաները, որոնց դիմաց բանկերն ուրախությամբ վարկ են տալիս: Նրանք միշտ կարող էին պահանջել ակտիվները, եթե վարկառուն դադարեր վճարել:
«Գիտենք, որ վստահելի եք»:
«Ուրախ եմ, որ այդ կարծիքին եք»:
Սակայն, ոչ նյութական ակտիվները, ինչպիսին ծրագրակազմն է, չեն կարող հեշտությամբ վարկի երաշխիք դառնալ:
Աշխարհը փոխվել է մի ուղղությամբ, որում բանկերի համար բարդացրել է տնտեսության ամենանորարար հատվածների ֆինանսավորումը: Եթե ցանկանում եք ֆինանսավորում ստանալ որպես Սիլիկոնյան հովտի ստարտափ, ընդհանուր առմամբ, պետք է դիմեք սեփական կապիտալը ներդնող մարդկանց, այսպես նրանք մասնաբաժին են ստանում ձեր բիզնեսում որոշակի գումարի դիմաց:
Միայն նորարարական ստարտափները չէ, որ ֆինանսավորման այլ աղբյուրի են դիմում: 1950-ականներից ի վեր բանկերի վարկերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում տոկոսային հարաբերությամբ համեմատաբար կայուն է եղել:
Միաժամանակ ոչ բանկային վարկերը և արժեթղթերը կտրուկ աճել են: Սա նշանակում է, որ բանկերի դերը կարևոր բիզնեսներին ֆինանասավորման մեջ նվազում է: Եվ դա դեռ ամենը չէ:
Փոխվում է նաև մարդկանց տեղաշարժի և գումար ծախսելու եղանակը՝ մասամբ շնորհիվ չինական նոր մեգա հավելվածների: Ամենահայտնիներից մեկը Ալիփեյն է՝ ստեղծված չինական տեխնոլոգիական հսկա Անթ Գրուպի կողմից: Այն ունի ավելի քան 1 բիլիոն օգտատեր և 2019 թվականին իրականացրել է 16 տրլն դոլլարի վճարումներ:
«Ես Ալիփեյն եմ: Ես երազում եմ ստեղծել մի աշխարհ, որտեղ հեռախոսային վճարումները փոխարինում են կանխիկ վճարումներին»: Վճարումների համար բանկային քարտեր օգտագործելու փոխարեն Ալիփեյի հաճախորդները իրականացնում են գործարքներ՝ գումարը բեռնելով թվային դրամապանակներ: Այնուհետ նրանք կարող են անել ամեն ինչ. լանչ գնելուց մինչև ներդրումներ ֆոնդերում և բաժնետոմսերում, ամեն ինչ առանց հավելվածը լքելու: Եվ թանկ միջազգային գործարքային վճարներ իրենց բանկին տալու փոխարեն Ալիփեյի օգտատերերը կարող են օգտվել հավելվածից նաև արտերկրում:
Անգամ Ամերիկայում այն տեսանելի է: Գիտեք՝ Վոլգրինսը Նահանգներում ընդունում է Ալիփեյը: Այս նոր թվային վճարման էկոհամակարգը չի ճանաչում ազգային պետություններ և սահմաններ:
Եվ միայն Ալիփեյը չէ: Ֆեյսբուքն էլ մշակում է սեփական թվային արժույթը: Ամազոնը ևս աշխատում է ֆինանսական ծառայությունների ուղղությամբ: Որոշ անհանգստություն կա, որ այս ամենը կարող է չափազանց մեծ իշխանություն կենտրոնացնել մի քանի տեխնոլոգիական ընկերությունների ձեռքում: Բայց կենտրոնական բանկերի համար խնդիրն ավելի սուր է: Նրանք վախենում են, որ այս զարգացումները կարող են կտրել կենտրոնական բանկն ու տնտեսությունը կապող լարը:
Չինաստանի սուպեր հավելվածները սկսեցին պարզապես վճարումներ անելուց, իսկ հիմա տրամադրում են վարկեր, ներդրումային ծառայություններ, ապահովագրություն: Այսինքն՝ այն ամենը, ինչ բանկերն են անում: Կենտրոնական բանկերը (ԿԲ) կարծես զգում են, որ վերահսկելու և դրամավարկային քաղաքականություն վարելու իրենց կարողությունը հիմնովին կորչում է:
Այսպես, որոշ կենտրոնական բանկեր արմատական քայլի են դիմել՝ ստեղծելով սեփական թվային արժույթները տեխնո-հսկաների վճարման համակարգերի դեմ մրցելու համար՝ հույսով, որ այսկերպ կամրացնեն իրենց տիրապետումը տնտեսության վրա:
Կենտրոնական բանկիրների անհանգստության աստիճանը դրդում է նրանց փոխել այս տնտեսական, դրամավարկային համակարգը, որը նեցուկ է ժամանակակից տնտեսությանն արդեն 250 տարի: Չինաստանն ունի առաջատար խոշորագույն տնտեսություններից մեկը՝ թվային յուանի փորձարկման արդյունքում:
Լսած կլինեք բիթքոյնի կամ այլ թվային փողի մասին, որը ենթադրաբար խանգարում է ֆինանսներին: Սակայն կառավարությունների թողարկած թվային արժույթը կարող է անգամ ավելի արմատական լինել: Ահա, թե ինչպես է այն աշխատում: Կենտրոնական բանկի փողի մեծ մասը պահվում է առևտրային բանկերում որպես պահուստ հաճախորդների ավանդների դիմաց: Ձեզ հասանելի կարող է լինել կառավարության թողարկած այս գումարի միայն մի փոքր մասը՝ ֆիզիկական թղթադրամների և մետաղադրամների տեսքով, քանի որ կանխիկ փողը թողարկում է ԿԲ-ն: Մեծ Բրիտանիայում բանկային թղթադրամներն անգամ ստորագրվում են Անգլիայի բանկի գլխավոր գանձապահի կողմից: Կենտրոնական բանկի թվային արժույթը կամ ԿԲԹԱ-ն մի փոքր նման է թվային կանխիկին, քանի որ ուղիղ կապ է հաստատում սպառողի և ԿԲ միջև: Այսպես, տեսականորեն Ձեր գումարը առևտրային բանկում պահելու փոխարեն կարող էիք ամբողջ գումարը պահել Դաշնային պահուստում կամ Անգլիայի Բանկում:
ԿԲԹԱ-ն օգտագործվում կամ փորձարկվում է աշխարհի միայն մի քանի երկրներում, սակայն այդ թիվն արագ աճում է: Կենտրոնական բանկերի 80 %-ը դիտարկում է դրանց թողարկումն ապագայում:
Միջազգային հաշվարկների բանկը, որը կենտրոնական բանկիրների ակումբ է, հայտնում է, որ երեք տարվա ընթացքում աշխարհի մեկ հինգերորդը կապրի կենտրոնական բանկերի այդ թվային փողն ունեցող երկրներում: Սա կարող է փոխել ամեն ինչ:
Եթե բոլորը դնեն իրենց գումարը ԿԲԹԱ-ով, հավանական է, որ կոտորակային պահուստային բանկերը անգործունակ կմնան: Սա կարող է ազդել տնտեսական աճի վրա, քանզի նրանք չեն կարողանա հույս դնել սպառողների ավանդների վրա իրենց վարկերը ֆինանսավորելիս: Եվ սա հատկապես ակնառու կլինի զարգացող աշխարհում, որտեղ վարկավորման մեծ մասը դեռ գալիս է բանկերից: Բայց սա միայն սկիզբն է:
Գիտեք, կան մտահոգություններ նաև հնարավոր կիբերպատերազմի շուրջ: Եթե խափանեք սերվերները, որ սնուցում են ԿԲ թվային դրամապանակի համակարգը, կկարողանաք կանգնեցնել ողջ տնտեսությունը: Թվային արժույթը կարող է նաև ավելացնել պետական միջամտության ներուժը ամենօրյա գործարքներում: Կառավարության համար ավելի դյուրին կդառնա Ձեզ ամբողջովին զրկել վճարելու կարողությունից: Շատ հեշտ է պատկերացնել, որ հնարավոր է ստեղծել փող Չինաստանում, որով հնարավոր չի լինի վճարել գրքերի կամ թերթերի համար՝ գնված օտար վաճառողներից: ԿԲԹԱ աջակիցները պնդում են, որ երկիրը կդառնա մի վայր, որտեղ ավելի մեծ թվով մարդիկ հասանելիություն կունենան ֆինանսական ծառայություններին: Եվ ավելի պարզ ու էժան կլինի փողի շարժը երկրեերկիր: Սակայն նման նորարարությունները կարող են նաև խախտել ֆինանսական հավասարակշռությունը և տալ կառավարությանը քաղաքացիների գումարի ու կյանքի հանդեպ առավել մեծ հսկողություն: Այսպես, չնայած արդի աշխարհում առաջին անգամ հնարավոր է պատկերացնել կյանքն առանց բանկերի, կարող է պարզվել, որ զգում եք դրանց պակասը, եթե այլևս չլինեն:
Թարգմանիչ՝ Դիանա Նիկոլյան (Diana Nikolyan), խմբագիր՝ Հեղինե Ալեքսանյան (Heghine Aleksanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: