Տոպրակ պե՞տք է

Վերջերս սուպերմարկետներում և մի շարք խանութներում մեծ տարածում են գտել «տոպրակ պե՞տք է», «հարկավոր չէ, ես տոպրակ ունեմ» և նմանատիպ այլ արտահայտություններ։ Այս ամենի պատճառն այն է, որ սույն թվականի հուլիսի 20-ից սուպերմարկետների ցանցերում և մի շարք խանութներում նախկինում անվճար տրամադրվող պոլիէթիլենային տոպրակների դիմաց սկսեցին գումար գանձել՝ որպես պատճառ բերելով բնապահպանական ծրագրին աջակցությունը։ Հայ հասարակությունը, սովոր լինելով անվճար տոպրակներ ստանալուն, այնքան էլ չոգևորվեց այս նախաձեռնությունից։

Վերլուծության ընթացքում կփորձենք պարզել, թե պոլիէթիլենն ինչ վնասներ է հասցնում շրջակա միջավայրին, ինչպես են այլ երկրներում պայքարում դրա տարածման դեմ, և արդյո՞ք հայրենական խանութների նոր որդեգրած քաղաքականությունն իսկապես ուղղված է բնության պաշտպանությանը, թե ուղղակի եկամուտը մեծացնելու ևս մեկ միջոց է և ինչ հետևանքներ կարող է առաջացնել։

Պոլիէթիլեն․բնության ևս մեկ թշնամին

Տոպրակները, որոնք բոլորս օգտագործում ենք գնումները տուն բերելու և այլ կենցաղային նպատակներով, սովորաբար պատրաստված են պոլիէթիլենից։ Պոլիէթիլենային տոպրակներն ի հայտ եկան ԱՄՆ-ում 1950-ական թվականներին և արագ տարածում գտան աշխարհում՝ փոխարինելով նախկինում օգտագործվող թղթե և կտորե տոպրակներին։ Այս ամենը յուրատեսակ հեղաշրջում առաջացրեց մարդկանց առօրյա կյանքում, քանի որ նոր տոպրակները շատ տեղ չէին զբաղեցնում, հարմար էին, պրակտիկ և, որ ամենակարևորն է, էժան էին։ Որոշ ժամանակ անց, սակայն, ողջ աշխարհի բնապահպանները սկսեցին ահազանգել պոլիէթիլենային տոպրակների` շրջակա միջավայրի վրա թողած բացասական ազդեցության մասին։ Մասնավորապես, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պոլիէթիլենը քայքայվում է 400-500 տարվա ընթացքում, այսինքն՝ Երկիր մոլորակի վրա մինչ այսօր որևէ պլաստիկ տոպրակ ինքնուրույն չի քայքայվել։ Սա էլ հանգեցնում է մոլորակի աղտոտվածության մակարդակի էլ ավելի խորացմանը, մանավանդ որ մարդիկ իրենց աղբը թափում են հենց պլաստիկ տոպրակներով։ ՄԱԿ-ի տվյալները խոսում են այն մասին, որ աշխարհում տարեկան օգտագործվում է 4 տրիլիոն պլաստիկ տոպրակ, որոնք դառնում են մոտ 1 միլիոն թռչունի, 100 հազար ծովային կաթնասունների և ձկների անհաշվելի քանակի մահվան պատճառ։ Այս ամենից բացի Համաշխարհային օվկիանոս արտանետվող աղբի մեջ հիմնական մաս է կազմում հենց պոլիէթիլենը։ Ինչպես մեկնաբանում են Վայրի բնության հիմնադրամի (WWF) փորձագետները, ամբողջ աղբը, որը չի մշակվում և չի քայքայվում բնության կողմից, ժամանակի ընթացքում քամու, անձրևների և գետերի հոսանքի միջոցով թափվում է լճերը, ծովերը և օվկիանոսները, ինչը հանգեցնում է կենդանիների ոչնչացմանը. ձկները և ջրային մյուս կենդանիները լողացող աղբն ընդունում են որպես որս և կուլ տալիս:

Աշխարհն առանց պոլիէթիլենի

Այսօր աշխարհի որոշ երկրներ, հասկանալով պոլիէթիլենային տոպրակների հասցրած վնասի լրջությունը, փորձում են պայքարել վերը նկարագրված իրավիճակը փոքր-ինչ մեղմելու համար։ Մասնավորապես ընդունվում են նախագծեր և օրենքներ, որոնք սահմանափակում են պլաստիկե տոպրակների կիրառումը։ Այդպիսի երկրի օրինակ է Դանիան, ուր 1994 թվականից մտցվեց հարկատեսակ, որը գանձվում էր առևտրային կետերում անվճար տոպրակների տրամադրման դիմաց։ Արդյունքում տոպրակների պահանջարկը կրճատվեց 90%-ով։ Նման հարկատեսակ գործում է նաև Լատվիայում։ Գերմանիայում տոպրակների օգտագործման դիմաց վճարում են սպառողները, իսկ տոպրակները հավաքում և վերամշակման են հանձնում արտադրողներն ու վաճառողները, ընդ որում, գոյություն ունի ուղղակի կապ էկոլոգիապես մաքուր արտադրության և հարկման համակարգի միջև. գործարարը որքան մեծ օգուտ է տալիս բնությանը, այնքան պարզեցված է նրա հարկման համակարգը։ ԱՄՆ-ում Կալիֆորնիայի իշխանությունների կողմից 2004 թվականին ընդունված օրենքի համաձայն՝ պոլիէթիլենային յուրաքանչյուր փաթեթի օգտագործման դիմաց գանձվում է 2 ցենտ: Սան-Ֆրանցիսկոյում խոշոր սուպերմարկետները և ցանցային դեղատները պոլիէթիլենային տոպրակներ ընդհանրապես չեն օգտագործում, իսկ Հավային առաջին նահանգն է, որն արգելել է դրանց կիրառումն առհասարակ։ Տանզանիայում դիմել են ավելի կտրուկ քայլերի. պոլիէթիլենային տոպրակներ արտադրողը, ներկրողը կամ վաճառողը տուգանվում է 2000 դոլարով կամ ազատազրկվում է։ 2008 թվականի հունիսի 1-ից Չինաստանում արգելված է արտադրել, վաճառել և օգտագործել 0,025 մմ-ից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային տոպրակներ։ Սինգապուրում, Թայվանում, Բանգլադեշում և Հնդկաստանի որոշ նահանգներում այս արգելքը գործում է դեռևս 2003 թվականից, քանի որ տոպրակներն առաջացնում էին կոյուղու խցանումներ, իսկ կուտակվելով գետերի հուների մոտ՝ նպաստում ջրհեղեղների առաջացմանը։ Իռլանդիայում պոլիէթիլենային յուրաքանչյուր փաթեթի օգտագործման համար գանձվող 15 ցենտ հարկի կիրառումը հնարավորություն տվեց կրճատել դրանց օգտագործման ծավալները 95 տոկոսով կամ ավելի քան 1 միլիոն հատով: Ներկայումս հարկի դրույքաչափերն ավելացվել են, քանի որ դրանց ցածր չափերն այլևս չէին նպաստում պոլիէթիլենային փաթեթների օգտագործման նվազեցմանը: Այժմ պլաստիկ տարայի գինը սահմանվել է այնքան բարձր, որ գնորդներին ավելի ձեռնտու է գնումների ժամանակ օգտագործել բազմակի օգտագործման պայուսակներ: Հետաքրքիր է Մեծ Բրիտանիայի օրինակը, որտեղ 2004 թվականի աշնանը շուկա ներխուժեցին աշխարհում առաջին բիոլուծվող տոպրակները՝ նախատեսված հացի համար։ Նյութը, որից պատրաստված են այս տոպրակները, 4 տարվա ընթացքում քայքայվում է՝ վերածվելով ածխաթթու գազի և ջրի։ Բրիտանացի 10 սպառողներից 6-ը գտնում են, որ ապրանքներն ավելի լավ է տեղափոխել հենց այս տոպրակներով։ Սակայն դրանք բավականին թանկ են, և հենց այս հանգամանքն էլ ի նկատի ունենալով՝ բրիտանացիները նախապատվությունը տալիս են «հին ու բարի թղթե տոպրակներին»։ Ինչ վերաբերում է Իտալիային և Ֆրանսիային, ապա այստեղ 2011 թվականից բոլոր պոլիէթիլենային տոպրակները, անկախ հաստությունից, համարվում են օրենքից դուրս։ Եվրամիությունն էլ, իր հերթին, 2014 թվականի ապրիլի 16-ին ընդունեց նախագիծ, ըստ որի՝ կառույցին անդամակցող երկրներում նախատեսվում է 2017 թվականին պոլիէթիլենային տոպրակների քանակը կրճատել 50, իսկ 2019 թվականին՝ 80%-ով։ Ինչպես երևում է բերված օրինակներից, աշխարհի որոշ երկրներում փորձեր են արվում (որոշները հասել են հաջողությունների) աշխարհը «պոլիէթիլենային մղձավանջից» ազատելու համար։ Հետաքրքիր է, թե ինչ քայլեր են ձեռնարկվում մեր երկրում այս խնդրին որոշակի լուծում տալու համար։

Հայաստանն ու պոլիէթիլենային տոպրակները

Այս տարվա հուլիսի 20-ին հայ սպառողներին սպասվում էր անակնկալ. մի շարք տնտեսվարողներ պոլիէթիլենային տոպրակների դիմաց սահմանեցին 10-20 դրամ վճար։ Առաջինն այդ քայլը կիրառեց «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը, այնուհետև այս նախաձեռնությանը միացան «Երևան Սիթի», «Ծիրան», «Ֆրեշ» և այլ սուպերմարկետների ցանցերը և որոշ խանութներ։ Տոպրակները վճարովի դարձնելը տնտեսվարող սուբյեկտները մեկնաբանեցին որպես բնապահպանական նախագծին աջակցություն, որի նպատակն է կրճատել պոլիէթիլենի արտանետումը շրջակա միջավայր։ Փոխարենը՝ խանութների մենեջերների խոսքով՝ տոպրակների առանձին վաճառքը կնվազեցնի մյուս ապրանքների գները, քանի որ նախկինում տոպրակի գինը ևս գումարվում էր ապրանքի գնին։ Ինչպես նշվեց, խանութների՝ տոպրակները վճարովի դարձնելու հիմնական պատճառը, իրենց իսկ պնդմամբ, բնապահպանական նկատառումներն են։ Բնական է, որ այս ամենից հետո հասարակության ուշադրությունը կենտրոնացավ Բնապահպանության նախարարության վրա։ Լրատվական կայքերից մեկին տրված պատասխանից պարզ է դառնում, որ նախարարությունը, հաշվի առնելով պոլիէթիլենային տոպրակների՝ շրջակա միջավայրին հասցրած վնասի կարևորությունը, արգելում է տոպրակի պատի հաստության 50 միկրոնը չգերազանցող միանգամյա օգտագործման տոպրակների վաճառքը և համապատասխան առաջարկությամբ դիմել է ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, որն էլ հայտարարել է, որ փուլային նախագիծ է մշակվել այս խնդրին լուծում տալու նպատակով։ Նշենք, որ մինչև 50 միկրոնը չգերազանցող տոպրակները հենց այն տոպրակներն են, որ սպառողներն օգտագործում են գնումները տուն բերելու համար։

Պետք է նշել նաև, որ Բնապահպանության նախարարության պատասխանում նշված «արգելել» բառը, իրենց իսկ ասելով, նշանակում է ոչ թե տոպրակների դիմաց վճար սահմանել, այլ առհասարակ տոպրակներն առօրյա օգտագործումից դուրս բերել։ Ստացվում է, որ տնտեսվարողները Բնապահպանության նախարարության տարածած հայտարարությունը մեկնաբանել են սեփական շահերի տեսանկյունից և 10-20 դրամ վճար են սահմանել։ Առավել օբյեկտիվ լինելու համար պետք է փաստենք, որ Բնապահպանության նախարարության անհանգստությունը տեղին է, քանի որ Հայաստանը ևս զերծ չի մնացել պոլիէթիլենային աղտոտումից։ Մասնավորապես, ըստ ԵԱՀԿ-ի գնահատականի՝ պլաստիկ տարաները, շշերը և տոպրակները Հայաստանում ջրերի հիմնական աղտոտիչներն են։ Հայաստանում տարեկան կուտակվում է մոտ 5000 տոննա պոլիէթիլենային թափոն։ Ըստ վերջին տարիների միջինացված տվյալների՝ Հայաստանի Հանրապետության տարածք տարեկան ներմուծվում է ավելի քան 622 տոննա պոլիէթիլենային տոպրակ՝ 373 ներկրող կազմակերպությունների կողմից, իսկ արտադրվում է ավելի քան 201 տոննա՝ 5 կազմակերպությունների կողմից: Այսինքն՝ տարեկան օգտագործվում է մոտ 823 տոննա պոլիէթիլենային տոպրակ կամ մեկ բնակչի հաշվով՝ մոտ 0.25 կգ: Բնական է, որ այս իրավիճակին վաղ թե ուշ պետք է տրվեր որևէ լուծում։ Սակայն մի՞թե սպառողներից 10-20 դրամ գանձելով կարելի է կրճատել պոլիէթիլենային տոպրակների տարածումը, մանավանդ որ ոչ ոք չգիտի, թե ուր են գնում այդ գումարները։ ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար Արծվիկ Մինասյանի հարցազրույցը դիտելիս պարզ է դառնում, որ չկա մի կառույց, ուր կուղղվեն այդ գումարները և իսկապես կծառայեն այն նպատակին, որի համար գանձվում են։ Այսինքն՝ տոպրակները վճարովի դարձնելը տնտեսվարողների համար ոչ այլ ինչ է, քան եկամուտն ավելացնելու միջոց, որը, սակայն, քողարկվում է բնապահպանության մասին հայտարարությունների տակ։ Ստացվում է՝ այս փոփոխությունները չեն կարգավորվում ինչ-որ օրենքով, և չկա պետական նախագիծ, որը կվերահսկեր այս ոլորտը:

Հասարակության արձագանքը

Հայ հասարակության արձագանքը կարելի է բնութագրել մեկ բառով՝ բացասական։ Իհարկե եղան նաև այնպիսիք՝ ի դեմս բնապահպանների և որոշ քաղաքացիների, ովքեր ողջունեցին այս գաղափարը։ Ամեն դեպքում, առաջին հայացքից թվում է, թե 10-20 դրամն այն գումարը չէ, որն էական ազդեցություն կունենա մարդկանց կյանքի որակի վրա, սակայն որևէ սպառողի երբեք դուր չի գալիս, երբ իրենից ավել գումար են գանձում, որքան էլ փոքր լինի այն: Բնական է, որ սուպերմարկետների ցանցերին և որոշ առևտրային կետերի այս հանգամանքը պետք է անհանգստացնի, քանի որ սպառողը շատ հանգիստ կարող է հրաժարվել տվյալ խանութներից գնումներ կատարելուց և նախապատվություն տալ այն տնտեսվարողներին, որոնք տոպրակի տրամադրման դիմաց գումար չեն գանձում։ Նշենք, որ այսօր պոլիէթիլենային տոպրակները հեշտությամբ կարելի է անվճար ձեռք բերել համեմատաբար ավելի փոքր խանութներում, շուկաներում, ինչը վկայում է այն մասին, որ այս նախագիծը պետականորեն չի կարգավորվում։ Սպառողների մի մասն էլ, իր հերթին, սկսեց բողոքել, որ այսուհետ ստիպված է լինելու սուպերմարկետ գնալիս վերցնել սեփական պոլիէթիլենային տոպրակները՝ այդպիսով մեկանգամյա օգտագործման համար նախատեսված պոլիէթիլենային տոպրակները դարձնելով բազմակի օգտագործման: Ոմանք սկսեցին պահանջել, որ տոպրակների որակը բարելավվի, սուպերմարկետներն էլ տոպրակի միջոցով այլևս իրենց գովազդը չանեն և այսպես շարունակ։ Եղան նաև այս խնդրով իսկապես անհանգստացած քաղաքացիներ, որոնք միտքը գործ դարձրին։ Խոսքը մի քանի երիտասարդների մասին է, ովքեր ստեղծեցին «Տոպրակ պետք չի» նախաձեռնությունը, որի նպատակն է մարդկանց խրախուսել օգտվել նախկինում մեծ կիրառում ունեցող կտորե տոպրակներից։ Այս նպատակով երիտասարդներն անվճար կտորե տոպրակներ են տրամադրում ցանկացողներին, վերջիններս էլ պարտավորվում են գնումների գնալիս անպայման վերցնել ոչ միայն դրամապանակը, այլ նաև կտորե տոպրակը, որը, ի դեպ, ցանկության դեպքում կարելի է նկարազարդել։ Նախաձեռնության անդամները վստահ են, որ եթե մարդիկ գոնե մեկ անգամ օգտագործեն իրենց առաջարկած այլընտրանքային տարբերակը, ապա իրենց շրջապատի մարդկանց էլ կհորդորեն օգտագործել կտորե տոպրակներ։

Եզրակացություն

Ի տարբերություն մի շարք երկրների, ուր պոլիէթիլենային տոպրակների դեմ պայքարը տարվում է պետական մակարդակով (մշակվում են օրենքներ, նախագծեր, սահմանվում են հարկեր, ստեղծվում են հատուկ մարմիններ)՝ մեր երկրում չկան հստակ օրենքներ, որոնք կկարգավորեն բնապահպանական այս խնդիրը, չկա կառույց, ուր կուղղվեն տոպրակների վաճառքից ստացված գումարները։ Արդյունքում, որքան էլ սուպերմարկետները հայտարարեն տոպրակների վաճառքի միջոցով բնապահպանական խնդրի լուծմանը նպաստելու մասին, միևնույն է, այսօրվա դրությամբ այս նախաձեռնությունը ոչ այլ ինչ է, քան եկամուտն ավելացնելու միջոց։ Եթե պետությունն իսկապես մտահոգված է և ուզում է, որ պոլիէթիլենային տոպրակները քչանան մեր առօրյայից, ապա պետք է՝

  • սահմանել բարձր գին պոլիէթիլենային տոպրակների համար,
  • պոլիէթիլենային տոպրակները դարձնել վճարովի բոլոր առևտրային կետերում,
  • բարձրացնել հասարակության իրազեկվածությունն այս խնդրի շուրջ,
  • տոպրակները ենթարկել երկրորդային վերամշակման:

Միայն այս լծակների կիրառումից հետո կկարողանանք վստահորեն ասել, որ մեր երկրում իրոք տարվում է պայքար բնության ևս մեկ թշնամու դեմ: Բնապահպանական այս կարևոր խնդրին լուծում տալիս, սակայն, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այսօր քաղաքացիներն իրենց աղբը թափում են հենց պոլիէթիլենային տոպրակներով, և, եթե դրանք դուրս գան կիրառումից, ապա աղբը կթափվի առանց փաթեթների, արդյունքն էլ կլինի այն, որ կտարածվի գարշահոտ։ Այսինքն՝ մի բնապահպանական խնդրի լուծումը կհանգեցնի մեկ այլ բնապահպանական խնդրի։ Այնպես որ սա այն հարցերից է, որ պահանջում է խնդրի մանրամասն հետազոտություն, նախագծի մանրակրկիտ մշակում և անշտապ որոշումների ընդունում: Ամեն դեպքում պետք չէ մոռանալ Ֆրանց Մայերի հայտնի խոսքերը. «Մենք չենք ժառանգել Երկիրը մեր ծնողներից, այլ պարտքով ենք վերցրել հետագա սերունդներից»։



Հեղինակ՝ Աննա Մինասարյան (Anna Minasaryan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: