Բորիս Ստրուգացկի | Ֆաշիզմը շատ պարզ է

Բորիս Ստրուգացկի. «Ֆաշիզմը շատ պարզ է. համաճարակաբանական հուշաթերթ»

Ժանտախտը մեր տանն է։ Բուժել այն մենք չենք կարողանում։ Ավելին, մենք շատ հաճախ նույնիսկ չենք կարողանում այն ճիշտ ախտորոշել։ Եվ նա, ով արդեն վարակված է, հաճախ չի նկատում, որ հիվանդ է ու վարակիչ։

Նրան թվում է, թե ամեն ինչ գիտի ֆաշիզմի մասին։ Ի վերջո, բոլորին է հայտնի, որ ֆաշիզմը «ԷսԷս»-ի սև համազգեստն է, վայրիվերո խոսքը, հռոմեական ողջույնով պարզած ձեռքը, սվաստիկան, սև և կարմիր դրոշները, երթասյուները, փշալարերի հետևի կմաղքաձև մարդիկ, դիակիզարանների ծխնելույզների հաստ մուխը, մոլեգին ֆյուրերը, գեր Գյորինգը, պենսնեի ապակյա քարերով փայլփլող Հիմլերը, և, նաև մոտ կես տասնյակ, շատ թե քիչ, վավերական դեմքեր՝ «Գարնան տասնյոթ ակնթարթը», «Հետախույզի սխրանքը», «Բեռլինի անկումը» ֆիլմերից…

Օ՜, մենք հիանալի գիտենք, թե ինչ է ֆաշիզմը. գերմանական ֆաշիզմը, այն է՝ հիտլերիզմը։ Նույնիսկ մտքներովս չի անցնում, որ կա մեկ այլ ֆաշիզմ՝ նույնքան աղտոտ, նույնքան սարսափելի, բայց մերը, տնաբույծը։

Եվ թերևս հենց այդ պատճառով մենք առանձնապես չենք նկատում, երբ այն աճում է մեր աչքի առաջ երկրի մարմնում՝ ինչպես լուռ, չարորակ ուռուցք։

Ճիշտ է, մենք տարբերակում ենք ռունական նշանների տակ քողարկված սվաստիկան: Lսում ենք խռպոտ աղաղակները, որ կոչ են անում հաշվեհարդար տեսնել այլազգիների դեմ: Երբեմն մեր տների պատերին աղտոտ կարգախոսներ ու պատկերներ ենք նկատում։ Բայց մենք ոչ մի կերպ չենք կարող խոստովանել, որ սա նույնպես ֆաշիզմ է։ Մեզ դեռ թվում է, որ ֆաշիզմը «ԷսԷս»-ի սև համազգեստն է, վայրիվերո խոսքը, դիակիզարանների ծխնելույզների հաստ մուխը, պատերազմը…

Այժմ Գիտությունների ակադեմիան, հետևելով նախագահի հրամանագրին, տենդորեն ձևակերպում է ֆաշիզմի գիտական ​​սահմանումը։ Ենթադրաբար այն կլինի ճշտորոշ, համապարփակ սահմանում բոլոր իրողությունների համար։ Եվ, իհարկե, սատանայապես բարդ մի սահմանում։

Մինչդեռ ֆաշիզմը պարզ է։ Ավելին, ֆաշիզմը շա՜տ պարզ է։

Ֆաշիզմը ազգայնականների բռնատիրությունն է։ Ըստ այդմ՝ ֆաշիստն այն մարդն է, ով դավանում (և քարոզում) է մեկ ազգի գերակայությունը մյուսների նկատմամբ և, միևնույն ժամանակ, «երկաթե ձեռքի», «կարգուկանոնի», «խիստ ճնշման» և ամբողջատիրության այլ գրավչությունների ջատագովն է։

Վերջ։ Ֆաշիզմի հիմքում այլ ոչինչ չկա. բռնատիրություն և ազգայնականություն, մեկ ազգի ամբողջատիրական իշխանություն։ Եվ մնացյալը` գաղտնի ոստիկանությունը, ճամբարները, գրքերի խարույկները, պատերազմը, բողբոջում է այս թունավոր սերմից, ինչպես մահը՝ քաղցկեղի բջիջից:

Հնարավոր է ամրակուռ բռնատիրություն՝ իր բոլոր դամբարանային գրավչություններով, ասենք՝ Ստրեսների բռնապետությունը Պարագվայում կամ ԽՍՀՄ-ը Ստալինի ժամանակ, բայց քանի այս բռնապետությունների հիմնային գաղափարը ազգայինը (ռասայականը) չէր, ապա դա ֆաշիզմ չէ։ Հնարավոր է ազգային գաղափարի վրա հիմնված պետություն, օրինակ Իսրայելը, բայց եթե չկա բռնատիրություն («երկաթե ձեռք», ժողովրդավարական ​​ազատությունների ճնշում, գաղտնի ոստիկանության ամենակարողություն), դա արդեն ֆաշիզմ չէ։

Բացարձակապես անիմաստ և անգրագետ են արտահայտությունները, ինչպես օրինակ՝ «դեմոֆաշիստ» կամ «ֆաշիստ ժողովրդավար»: Սա նույնպիսի անհեթեթություն է, ինչ «սառցե եռջուրը» կամ «բուրավետ գարշահոտությունը»։

Ժողովրդավարն, այո, կարող է որոշ չափով լինել ազգայնական, բայց ըստ սահմանման նա թշնամի է ցանկացած բռնտիրության, և հետևաբար պարզապես չգիտի՝ ինչպես լինել ֆաշիստ: Ինչպես և ոչ մի ֆաշիստ չգիտի՝ ինչպես լինել ժողովրդավար, խոսքի ազատության, մամուլի ազատության, հանրահավաքների ու ցույցերի ազատության կողմնակից, նա միշտ կողմ է մեկ ազատության՝ Երկաթե ձեռքի ազատությանը։

Ես հեշտությամբ եմ պատկերացնում մարդու, ով ծանոթանալով իմ այս բոլոր սահմանումներին՝ կասի (կասկածանքով). «Այսպիսով, ստացվում է, որ հինգ կամ վեց հարյուր տարի առաջ աշխարհում բոլորը ֆաշիստ էին. և՛ իշխանները, և՛ ցարերը, և՛ սենյորները, և՛ վասալները…»:

Ինչ-որ իմաստով, նման դիտողությունը խոցում է թիրախը, քանի որ այն ստույգ է «հակադարձ ճշգրտությամբ». ֆաշիզմը հետամնաց ավատատիրությունն է, որ վերապրել է գոլորշու, էլեկտրականության և ատոմի դարաշրջանը, և պատրաստ է վերապրել նաև տիեզերական թռիչքների ու արհեստական ​​բանականության դարաշրջանը:

Ավատատիրական հարաբերությունները կարծես վերացել են, սակայն ավատատիրական մտածելակերպը տևակյաց ու ամուր է, պարզվեց այն ավելի ուժեղ է, քան գոլորշին, էլեկտրականությունը, ավելի ուժեղ, քան համընդհանուր գրագիտությունը և համակարգչայնացումը։

Վերջինիս կենսունակությունն, անկասկած, պայմանավորվում է այն հանգամանքով, որ դրա արմատները սերում են նախաավատատիրական, դեռևս քարանձավային ժամանակաշրջանի անպոչ կապիկների երամի մտածելակերպից. հարևան անտառում ապրող բոլոր օտարականները զզվելի և վտանգավոր են, իսկ առաջնորդը մեր հիանալիորեն դաժան է, իմաստուն և հաղթում է թշնամիներին: Այս նախնադարյան մտածելակերպը, ըստ ամենայնի, դեռ երկար կմնա մարդկության մեջ։ Եվ այսպիսով, ֆաշիզմը ավատատիրությունն է այսօր։ Եվ վաղը։

Միայն թե, ի սեր Աստծո, ազգայնականությունը մի՛ շփոթեք հայրենասիրության հետ։ Հայրենասիրությունը սեր է դեպի սեփական ժողովրդը, իսկ ազգայնականությունը` թշնամանքը օտարի նկատմամբ։ Հայրենասերը հիանալի գիտի, որ չկան վատ և լավ ժողովուրդներ, կան միայն վատ և լավ մարդիկ: Ազգայնականը, ընդհակառակը, միշտ մտածում է «սեփականը և օտարը», «մերը և նրանցը», «գողերը և անփորձները» կատերգորիաներով, նա չտեսնված հեշտությամբ մի ամբողջ ազգեր համարում է կա՛մ սրիկաներ, կա՛մ հիմարներ, կա՛մ ավազակներ:

Սա ֆաշիստական ​​գաղափարախոսության ամենակարևոր հատկանիշն է՝ մարդկանց բաժանումը «մերը և նրանցը» սկզբունքով։ Ստալինյան ամբողջատիորությունն էր հիմնված նման գաղափարախոսության վրա, հենց այդ պատճառով է, որ նրանք այդչափ նման են, այս ռեժիմները՝ մարդասպան, մշակութասպան, միլիտարիստական։ Միայն ֆաշիստներն են մարդկանց բաժանում ռասաների, ստալինիստները՝ դասերի։

Ֆաշիզմի մի շատ կարևոր հատկանիշ է սուտը։

Իհարկե, ոչ բոլոր սուտ խոսողներն են ֆաշիստ, սակայն ամեն ֆաշիստ անպայմանորեն ստախոս է։ Նա պարզապես ստիպված է ստել:

Քանզի երբեմն բռնապետությունը ինչ-որ կերպ կարելի է խելամտորեն արդարացնել, սակայն ազգայնականությունը կարելի է արդարացնել միայն ստի միջոցով՝ ինչ-որ կեղծ «Արձանագրություններով» կամ մեծախոսությամբ, օրինակ «ռուս ժողովրդին հարբեցրել են հրեաները», «բոլոր կովկասցիները ի ծնե ավազակ են» և այլն։ Դրա համար էլ ֆաշիստները ստում են։ Եվ միշտ էլ ստել են։ Եվ ոչ ոք նրանց մասին ավելի ճշգրիտ չի խոսել, քան Էռնեստ Հեմինգուեյը. «Ֆաշիզմը ավազակների կողմից բարբառած սուտն է»։

Եվ ահա, եթե դուք հանկարծ «գիտակցել եք», որ միայն ձեր ժողովուրդն է արժանի բոլոր բարիքներին, իսկ մնացյալ ժողովուրդները երկրորդական կարգի են, շնորհավորում եմ՝ դուք կատարել եք ձեր առաջին քայլը դեպի ֆաշիզմ: Այնուհետև դուք համակվում եք մտքով, որ ձեր ժողովուրդը վեհ նպատակների կհասնի միայն այն ժամանակ, երբ կհաստատվեն երկաթյա կարգերը և կփակեն բերանները բոլոր այն դատարկախոսների և դատարկագիրների, որ մեծախոսում են ազատությունների մասին, երբ պատին կմոտեցնեն (առանց դատավարության ու հետաքննության) բոլոր նրանց, ովքեր հակադարձում են, իսկ այլազգիներին անխնայաբար կճնշեն…

Եվ հենց դուք ընդունում եք այս ամենը՝ գործընթացն ավարտված է, դուք արդեն ֆաշիստ եք։ Դուք սվաստիկայով սև համազգեստ չեք կրում։ «Հայլ» գոռալու սովորություն չունեք։ Դուք ողջ կյանքում հպարտացել եք ֆաշիզմի նկատմամբ ձեր երկրի հաղթանակով և, հնարավոր է, անձամբ եք մոտեցրել այս հաղթանակը։ Բայց դուք ձեզ թույլ եք տվել համալրել ազգայնականների բռնատիրության համար պայքարողների շարքերը, և դուք արդեն իսկ ֆաշիստ եք։ Ինչքա՜ն պարզ է։ Ինչ սարսափելի պարզ է:

Եվ մի ասեք հիմա, որ դուք ամենևին էլ չար մարդ չեք, որ դեմ եք անմեղ մարդկանց տառապանքներին (միայն կարգի թշնամիներին պետք է մոտեցնել պատին, և միայն կարգի թշնամիները պետք է լինեն փշալարերի հետևում), որ երեխա-թոռներ ունեք, որ դեմ եք պատերազմին… Այս ամենն այլևս նշանակություն չունի, քանի դեռ ստացել ես Գոմեշի Հաղորդությունը*։

Պատմության ճամփան վաղուց արդեն հարթ է, պատմության տրամաբանությունը՝ անողոք, և հենց որ ձեր ֆյուրերները գան իշխանության, կսկսի գործել կարգավորված մի փոխակրիչ. այլախոհների ոչնչացում ” անխուսափելի բողոքի ճնշում ” համակենտրոնացման ճամբարներ և կախաղաններ ” համաշխարհային տնտեսության անկում ” ռազմականացում ” պատերազմ…

Եվ եթե դուք, ուշքի գալով, ցանկանաք ինչ-որ պահի կանգնեցնել այս սարսափելի փոխակրիչը, անգթորեն կկործանվեք, ինչպես ամենավերջին ժողովրդավար-ինտերնացիոնալիստը։

Դրոշները ձեր կլինեն ոչ թե կարմրա-շագանակագույն, այլ, օրինակ, սևա-նարնջագույն: Ձեր հանդիպումներին կբղավեք ոչ թե «Հայլ», այլ ասենք՝ «Փառք»։

Շտուրբաննֆյուրերներ չեք ունենա, բայց կլինեն ինչ-որ եսավուլ-բրիգադավարներ, սակայն ֆաշիզմի էությունը՝ նացիստների բռնատիրությունը, կմնա, ինչը նշանակում է, որ կմնան և սուտը, արյունը, պատերազմը՝ հիմա, գուցե, միջուկային։

Մենք ապրում ենք վտանգավոր ժամանակաշրջանում։ Ժանտախտը մեր տանն է։ Այն առաջին հերթին խոցում է վիրավորվածներին ու նվաստացածներին, իսկ նրանք հիմա այնքան շատ են։

Հնարավո՞ր է շրջել պատմությունը: Հավանաբար, հնարավոր է, եթե միլիոնավոր մարդիկ դա ցանկանան։ Այնպես որ, եկեք չցանկանանք դա: Ի վերջո, շատ բան կախված է հենց մեզնից։ Ոչ ամենը, իհարկե, բայց շատ:

Ծանոթագրություն

* Հայնրիխ Բյոլը, «Բիլիարդ ինն անց կեսին» նովելում (1959թ) ամփոփելով Գերմանիայի հետպատերազմյան ժամանակի հանրության ընդհանուր պատկերը, ձևավորում է 3 կատեգորիա․ անմեղ գառեր, գոմեշներ, հովիվներ։ Նրանք, ովքեր ստացել են գոմեշի հաղորդությունը, համապատասխանաբար ուժի և զորության մարդիկ են, ինքնավստահ և դաժան, հպարտ (իրենց ազգի անցյալով, դիրքով) և չարասիրտ:

Բնօրինակի հեղինակ՝ Борис Стругацкий, Избранное

«Ինլայթ» ՀԿ © Բոլոր իրավունքները պաշտպանված են։