Ներկայացնում ենք «Ազատության» TV-ի «Փոդքասթ. Նորագույն պատմություն» հաղորդման՝ Գևորգ Ստամբոլցյանի հեղինակային ծրագրի՝ «Ինչպես Քոչարյանը դարձավ նախագահ» էպիզոդի սղագրությունը:
Ուղիղ 22 տարի առաջ՝ 1998թ․ ապրիլին, Ռոբերտ Քոչարյանն Օպերային թատրոնի մեծ դահլիճում պաշտոնապես ստանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը։ Քաղաքական ուժերի և երկրի բնակիչների մի զգալի մասի համոզմամբ Սահմանադրության դրույթների կոպիտ խախտմամբ և փաստաթղթեր կեղծելու շնորհիվ ընտրություններին մասնակցելու իրավունք ստացած Քոչարյանը, 3-րդ հանրապետության պատմության առաջին և առայժմ վերջին նախագահը դարձավ, որ չկարողացավ հաղթանակի հասնել քվեարկության առաջին իսկ փուլում։ 1998-ի մարտի 16-ին նշանակված ընտրությունների նախօրեին, սակայն, Ռոբերտ Քոչարյանի շտաբում շատերը վստահ էին՝ ընտրությունները հնարավոր է ավարտել մեկ փուլով։ «Ռոբերտ Քոչարյանի կենտրոնական նախընտրական շտաբում մթնոլորտն առավել քան լավատեսական է։ Այստեղ չեն կասկածում, որ իրենց թեկնածուն առաջին փուլի արդյունքներով գրավելու է առաջին տեղը, իսկ ոմանք էլ համոզված են, որ 2-րդ փուլ պարզապես չի լինելու, քանի որ իրենց թեկնածուն հաղթելու է հենց առաջին փուլում»։
Քոչարյանի շտաբում տիրող այդ տրամադրությունները, սակայն շատ քիչ առնչություն ունեին երկրում տիրող իրական տրամադրությունների հետ, անգամ անզեն աչքով էր տեսանելի, որ Քոչարյանը նույնիսկ վարչական ռեսուրսի և ուժայինների աներկբա աջակցության պայմաններում հազիվ թե կարողանա առաջին իսկ փուլում ջախջախել իր հիմնական մրցակցին՝ Կարեն Դեմիրճյանին։ 1998-ին քիչ չէին նաև մյուս առաջատար թեկնածուների՝ ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանի, կոմունիստ Սերգեյ Բադալյանի, Պարույր Հայրիկյանի ընտրողները, ինչը գործնականում անհնարին էր դարձնում ընտրությունները մեկ փուլով ավարտելու ցանկացած փորձ։ Թեկնածուների առատությունն էր նաև այն կարևորագույն գործոնը, որ ապահովեց մարտի 16-ի քվեարկությանը ընտրողների մասնակցության բարձր ցուցանիշը՝ շուրջ 64 տոկոս կամ ավելի քան 1մլն 400.000 մարդ՝ ըստ պաշտոնական տվյալների։ «Ժամը 16-ի դրությամբ Չարենցավանում ընտրողների մոտ կեսը արդեն մասնակցել էր ընտրությանը. «Մտածեցի նենց մարդու ընտրեմ, ախպեր, որ մեր ժողովրդին նայի, այ էդ մտածեցի ու ընտեցի իմ ուզածին, բայց չեմ ասի՝ ում եմ ընտրել» (Ազատության 1998-ի մարրտի 16-ի եթերում Կոտայքի մարզում ընթացող քվեարկության մասին պատմում էր Հրաչ Մելքումյանը)։
Գրեթե նույն վիճակն էր մյուս մարզերում, օրինակ Արարատում․ «Ընտրողների մասնակցությունը ինչպիսի՞ն է այսօր Ձեր շրջապատում․ բարեկամներ, հարևաններ, ակտի՞վ են մասնակցում,- շատ, շատ ակտիվ են, չգիտեմ երևի առաջվա եռանդը, ոգևորվածությունը նորից կա (Արտաշատի ընտրողների հետ 1998-ի մարտի 16-ին զրուցել էր Գայանե Դանիելյանը)։
1998-ին ընտրողների ակտիվությանը նպաստում էր նաև այն հանգամանքը, որ քվեարկության արդեն առաջին ժամերին կամակերպված կերպով տեղամասեր էին գալիս զինծառայողները։ Սպայակազմի ուղեկցությամբ շատ հաճախ նաև զորամասերում ազդեցության ոչ ֆորմալ լծակներ ունեցող հեղինակություն համարվող զինվորների աչալուրջ հսկողության ներքո։ «Ընտրությունները կատարվել են լրիվ նորմալ, չոտկի ձևի, ով ումը ցանկանումա նրան կընտրի» և եթե քվեարկության առաջին ժամերին գոնե ամեն ինչ քիչ թե շատ հանդարտ էր ընթանում, ապա կեսօրից հետո իրադրությունը սկսեց լարվել նախևառաջ` Երևանում։ Խախտումների նման աշխարհագրությունը պատահական չէր։ Երևանում Քոչարյանի դիրքերն ամենաթույլն էին։ Երևանցի ընտրողների մեծամասնությունը նախապատվությունը տալիս էր Կարեն Դեմիրճյանին նաև Վազգեն Մանուկյանին։ Երևանում ի տարբերություն մարզերի ավելի դժվար էր վարչական ռեսուրսի կիրառումը, ի տարբերություն սահմանամերձ շրջանների մայրաքաղաքի ընտրազանգվածի` շրջանում ավելի փոքր էր զինծառայողների տեսակարար կշիռը։ Որպես հետևանք 1998-ի ընտրություններին առաջին անգամ ողջ ծավալով ի հայտ եկավ մի գործոն, որ հետագայում կստանա «թաղի խուժան» հավաքական բնութագրումը։ «30-40 երիտասարդներ մտել են ընտրատարածք, բոլոր հանձնաժողովի անդամներին, որոնք փորձել են ինչ-որ դիմագրավել, քաշքշել են, դեմ են տվել պատին, անձամբ ԱԺՄ-ի կողմից վստահված անձ Գրիգորյան Գայանեին հարվածել են, ընկել է հատակին, և սկսել են մեծ քանակությամբ քվեաթերթիկներ լցնել քվեատուփը»։
Գրեթե նույնատիպ եռափուլ սցենարով էր ընթացել քվեարկությունը նաև Աջափնյակում՝ կուտակում, հարձակում, լցոնում. այդ մասին Ազատության՝ մարտի 17-ի եթերում պատմում էր Կարեն Դեմիրճյանի Աջափնյակի շտաբի ղեկավար Կամո Իգիթյանը. «Կեսօրից հետո արդեն սկսեցին կուտակվել տեղամասերի մոտ ինչ-որ տղաներ 118 դպրոցում շատ մեծ աշխուժություն կար այդ տղաների, 131 դպրոցի մոտ կար, հատկապես Սեբաստիա հյուրանոցի մոտ. «Համայնքային շտաբի ղեկավարը հայտնեց, որ տղաներն իրար հետ հաղորդակցվում էին ռացիաներով և բջջային հեռախոսներով և նախազգուշացնում տեղամասեր իրենց մուտքի մասին։ Կամո Իգիթյանի կարծիքով այս ամենն ինչպիսի՞ արդյունք կունենա ընտրությունների ելքի վրա».
” Եթե, ասենք, վերցնենք էն տեղամասերը ու թվերը՝ տեղամասերի, որտեղ էդքան ճնշում չի գործածվել, 500 ձայն ասենք թե ստացել է Դեմիրճյանը, 300 ձայն, 350 ձայն ստացել է Քոչարյանը։ Էն տեղամասերում որտեղ իրանք ճնշում են գործադրել համարյա 4 անգամ ավել Ռոբերտ Քոչարյանը ձայն է հավաքել, ըստ որում դուրս ա էկել, որ այդ տեղամասերում 100%-ից ավել մարդիկ քվեարկել են:
«131 դպրոցի ընտրական տեղամասում միջադեպից տուժել է Կարեն Դեմիրճյանի վստահված անձ, 50-ամյա ուսուցչուհի Էմմա Խուդաբաշյանը»․
-Ուզեցել են տուփ լցնեն թերթիկներ․ ասում ա ես քցվեցի էդ տուփի վրա, մարմնով փակեցի տուփը, ղժժացի՝ թե օգնեցե՜ք, օգնեցե՜ք, ոչ մեկը օգնության չհասավ՝ չնայած, ասում ա, ընդեղ լիքը տղամարդ կար, հանձնաժողովի անդամները ընդեղ էին, միլիցիաները ընդեղ էին, և էդ կնոջը քաշել էն էդ տուփից, տուփը ջարդել են ու տուփի մեջ լցրել են։
«Քվեատուփ նետված այդ թերթիկները հաջողվել է տարբերակել, քանի որ դրանք ծալված են եղել ոչ մեկական»։
-364-ից 7 հատը անվավեր են, մնացած բոլորը, ուրեմն պատկանում ա Ռոբերտ Քոչարյանին»։
Կեղծիքների ծավալը, սակայն, ողջ խորությամբ հասկանալի դարձավ միայն քվեարկության հաջորդ օրը՝ մարտի 17-ին, երբ պարզվեց, որ որոշ գյուղերում Ռոբերտ Քոչարյանի գլխավոր մրցակիցը ոչ մի քվե չի ստացել, հետաքրքիր զուգադիպությամբ այդ նույն գյուղերում ընտրողների մասնակցության անհավանական բարձր ցուցանիշ էր արձանագրվել։ Ընտրական այդ անոմալիաների վրա առաջինը՝ Ազատության 1998թ մարտի 17-ի առավոտյան եթերում ուշադրություն դարձրեց Գնել Նալբանդյանը.
«Արշալույս գյուղ. Սերգեյ Բադալյան՝ 145, Կարեն Դեմիրճյան՝ 115, Վազգեն Մանուկյան՝ 234, Ռոբերտ Քոչարյան՝ 1462 ձայն։
Հայկաշեն գյուղում՝ Սերգեյ Բադալյան՝ 53 ձայն, Վազգեն Մանուկյան՝ 52 ձայն, Ռոբերտ Քոչարյան՝ 704 ձայն։ Այս գյուղում մնացածների վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։ Հայաստանյան իրողություններին անծանոթ մարդուն վերջին 2 գյուղերի արձանագրություններն, ասենք, կարող են անհասկանալի թվալ, սակայն երբ պարզվում է, որ, օրինակ Ռոբերտ Քոչարյանին 1462 ձայն տված գյուղը հռչակավոր գեներալ Մանվելի գյուղն է, թվում է՝ բնական է, որ մնացած թեկնածուների օգտին տված գրեթե հավասարաչափ ձայները, եթե միմյանց գումարենք պետք է, որ ստացված թիվը գերազանցի ոչ միայն քվեարկած անձանց թվին, այլև ընտրելու իրավունք ունեցողների թվին»։
Կեղծիքների նման ծավալն էր, որ ստիպեց ընդդիմադիր 5 թեկնածուներին՝ Կարեն Դեմիրճյանին, Վազգեն Մանուկյանին, Սերգեյ Բադալյանին, Պարույր Հայրիկյանին և Դավիթ Շահնազարյանին, մարտի 16-ի երեկոյան դեռ մինչև ընտրատեղամասերի փակումը հանդես գալ հայտարարությամբ, պնդելով. «Անկախ արդյունքներից Հայաստանի Հանրապետության նախագահի արտահերթ ընտրությունները չեն կարող համարվել ազատ և արդար»։
Հայտարարության հրապարակումից մի քանի ժամ անց դրան միացան նախագահական ընտրարշավին մասնակցող ևս 2 թեկնածուներ՝ Աշոտ Բլեյանը և Վիգեն Խաչատրյանը։ Իրադարձությունների հետագա ընթացքը վկայեց, որ մարտավարական տեսանկյունից ընդդիմության այս քայլը արդարացված է։ «Կարծում եմ, որ այդ հայտարարությունը հասավ իր նպատակին էն իմաստով, որ ինչ-որ տեղ զգաստեցրեց խախտում կատարողներին և որոշ չափով գոնե կանխեց խախտումների հզորության ավելացումը, սովորաբար, մենք գիտենք, որ ընտրությունների ավարտին մոտ ժամերի ընթացքում է խախտումների ամենամեծ տեսակարար կշիռը կատարվում»,-Կարեն Դեմիրճյանի նախընտրական շտաբի լրատվամիջոցների հետ կապի պատասխանատու Արմեն Վալեսյանի հետ Ազատության 1998թ․ մարտի 17-ի եթերում զրուցել էր Վահան Հովհաննիսյանը։
Այսպիսով, 2-րդ փուլն անխուսափելի էր։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների համաձայն Ռոբերտ Քոչարյանը ստանում էր քվեների 38, իսկ Կարեն Դեմիրճյանը՝ 30 %-ը։ Ընդդիմության աջակիցների շրջանում, սակայն, այդ օրերին տարածված մի մտայնություն կար, թե իրականում Դեմիրճյանի ստացած ձայներն անհամեմատ ավելի շատ են, քան պաշտոնապես արձանագրվել է։ Շատերի համոզմամբ էլ Քոչարյանն իրականում ստացած քվեների քանակով ոչ թե առաջինն էր, այլ երկրորդը։ Այդ կասկածներն էլ ավելի ամրապնդվեցին, երբ ընդդիմությունը մի շարք տեղամասերում քվեների վերահաշվարկի պահանջ ներկայացրեց։ Իշխանությունների համառ դիմադրության պայմաններում Երևանում գտնվող հարյուրավոր տեղամասերից վերահաշվարկն իրականացվեց միայն 7-ում, բայց անգամ դրանցում կատարված այդ վերահաշվարկը բավարար էր հասկանալու համար, թե ինչ է կատարվել ընտրություններին հաջորդող գիշերը քվեների հաշվարկի ընթացքում և ինչպիսին կլինեին իրական արդյունքները, եթե խախտումների ծավալն ավելի փոքր լիներ։
«7 տեղամասերի ստուգման արդյունքում 1097 ձայն գումարվել է Կարեն Դեմիրճյանի օգտին, 538 ձայն՝ Վազգեն Մանուկյանի, 154 ձայն՝ Պարույր Հայրիկյանին, 15-ով ավելացել է նաև Սերգեյ Բադալյանին տրված ձայները, իսկ Ռոբերտ Քոչարյանից 127 ձայն հանվել էր, բայց ԿԸՀ-ի նիստում երևում էր, որ մայրաքաղաքի մարզային հանձնաժողովի արձանագրությունը սահուն չի ընդունվի։ ԿԸՀ-ի դահլիճում հանդիպեցի մարզային հանձնաժողովի ԱԺՄ անդամ Մարգարիտա Ազարյանին․ «7-ում էլ էն կարգի սխալներ են, որ եթե իրականում տարածվի ամբողջ Երևանի 303-ում էստեղ ընտրություն չի կայացել, խախտումները սարսափելի շատ են»:
Այս ամենի ֆոնին ուշագրավ էր միջազգային դիտորդների արձագանքը։ ԱՊՀ դիտորդներն իրենց ավանդական դերի մեջ էին. ամեն ինչ շատ լավ էր, ընտրություններն անցել են տոնական մթնոլորտում, հայերն էլ ռուսներին շատ են սիրում։ Արևմտյան դիտորդների պարագայում ամեն ինչ իհարկե, այդքան միանշանակ չէր, բայցևայնպես քաղաքական շրջանակներում շատերը զարմացան, երբ ԵԱՀԿ և Եվրոպայի խորհրդի միասնական դիտորդական առաքելության անդամները 1998-ի մարտի 18-ին սպասվածից շատ ավելի մեղմ գնահատականներով հանդես եկան․ «Ընդհանուր առմամբ եկանք այն եզրակացության, որ մարտի 16-ին ընտրությունները Հայաստանում անցան ընդունելի մակարդակով,-ասաց լորդ Ռաֆլ Ջոնսոնը ավելացնելով, որ ամեն դեպքում լուրջ օրինախախտումներ եղան»։ «Լորդ Ջոնսոնի ղեկավարած պատվիրակությունը տպավորություն ուներ թե նկատվել են խախտումներ, որոնք տեխնիկական բնույթի են, այդպիսիների թվում նա նշեց, բաց, ընտանիքի անդամների փոխարեն քվեարկությունները, ոստիկանական և քաղաքացիական հագուստով ոստիկանների ներկայությունը քվեարկության վայրերում, կեղծ քվեաթերթիկները։ Պատվիրակությունը կարծում է, որ խախտումները հիմնականում ընտրական միջին ոլորտի պաշտոնյաների եռանդի պատճառ են եղել և իշխանությունների նպատակամղված քաղաքականության արդյունք չեն»։ Արևմտյան դիտորդների ասուլիսի մասին պատմում էր Ռուզան Խաչատրյանը։
Բայց նույնիսկ արևմտյան դիտորդների նման մեղմ գնահատականները Ռոբերտ Քոչարյանին դուր չէին եկել։ Ընտրություններից մի քանի օր անց հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Քոչարյանը բավական երկար բողոքում էր ԵԱՀԿ և Եվրոպայի խորհրդի դիտորդական առաքելությունների նախնական համատեղ զեկույցում տեղ գտած քննադատությունից, թե իր տեղական շտաբերից մեկում ընտրակաշառք են բաժանել, հեռուստաընկերություններն էլ հակված են եղել եթերում ավելի շատ տեղ հատկացնել իշխանության թեկնածուին։ Քոչարյանի ասուլիսին ներկա լրագրողներից շատերը հանկարծ, զարմանքով հայտնաբերեցին, որ երկրորդ փուլ անցած թեկնածուն չի էլ փորձում թաքցնել, որ արևմտյան դիտորդների հետ հանդիպումների ժամանակ արել է հնարավորը, նրանց զեկույցների բովանդակության վրա ազդելու համար։
«Որոշ հարցերի վերաբերյալ իրենք էլ կասկածներ ունեն, որ միգուցե այդքան էլ ճիշտ չէր գրված։ Խոսքը գնում է մեդիայի օգտագործման խնդիրը, դա առաջինը, երկրորդը դա եղել է պետական ռեսուրսների օգտագործման խնդիրը, ես դրա հետ համաձայն չեմ, նման բան ընդհանրապես չի եղել (Ռոբերտ Քոչարյան)։ «Բանակցությունները ԵԱՀԿ դիտորդական առաքելության հետ շարունակվում են, վարչապետը հույս ունի, որ նրանց վերջնական եզրակացությունն ավելի մեղմ է լինելու»։
Արևմտյան դիտորդների նման ոչ միանշանակ պահվածքի թերևս ամենադիպուկ գնահատականի հեղինակն էլ այդ օրերին դարձավ Վանո Սիրադեղյանը՝ «Առավոտին» տված հարցազրույցում․
«Վանո Սիրադեղյանը «Առավոտ» թերթին է փոխանցել իր հետևյալ դիտողությունը․ «Եթե ինչ-ինչ մարդիկ հույսները դրել են դիտորդների վրա, խոր մոլորության մեջ են, քանզի նրանք երիցս թքած ունեն թե ինչ ընտրություններ են տեղի ունենում Հայաստանում՝ ազատ, արդար, թափանցիկ թե ծովից ծով, միայն թե մեկնումեկը օր առաջ ընտրվի և գնա, վերսկսի ընդհատված բանակցությունները»»: Ազատության՝ 1998թ մարտի 19-ի եթերում մամուլի տեսությունը ներկայացնում էր Վաչե Սարգսյանը։
Առաջին փուլից մի քանի օր հետո կարող էր թվալ, թե Ռոբերտ Քոչարյանի հաղթանակի շանսերն ավելի քան իրական են։ Ընդամենը 11 ամիս առաջ Ստեփանակերտից Երևան տեղափոխված վարչապետն այժմ Հայաստանի նախագահի պաշտոնի համար պայքարող երկու թեկնածուներից մեկն էր, նրա շտաբի ձեռքում էր կենտրոնացված երկրի ողջ վարչական ռեսուրսը, իսկ քաղաքական դաշտի ամենփորձառու հատվածը՝ ԱԺՄ-ն, Կոմունիստներն ու ԱԻՄ-ը մարտի 16-ից հետո փաստորեն խաղից դուրս վիճակում էին։ Իրականում, սակայն, այս ամենը Քոչարյանի համար շահեկան կարող էր թվալ միայն առաջին հայացքից։ Բանն այն էր, որ վարչական ռեսուրսը կենտրոնացած էր ոչ թե անձամբ Քոչարյանի, այլ առավելապես Վազգեն Սարգսյանի, որոշ առումով՝ նաև Սերժ Սարգսյանի ձեռքերում։ Երկրորդ փուլ չանցած ընդդիմադիրների պահվածքը ևս միանշանակ չէր։ Վազգեն Մանուկյանը, Պարույր Հայրիկյանն ու Սերգեյ Բադալյանը ընտրությունների առաջին փուլում պաշտոնական տվյալների համաձայն միասին ավելի քան 400․000 քվե էին ստացել, դա ընտրությույններին մասնակցածների ավելի քան 28%-ն էր կազմում։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այս երեք գործիչներն էլ մարտի 16-ի երեկոյան ստորագրել էին այսպես կոչված «հինգի հայտարարության տակ՝ Քոչարյանին ու նրա կողմնակիցներին մեղադրելով լայնածավալ ընտրախախտումների մեջ, ապա պարզ կդառնար, որ մարտի 30-ին նշանակված 2-րդ փուլից առաջ իշխանության թեկնածուի դիրքերը բավական խոցելի էին։ Քոչարյանը մի կողմից պետք է արագորեն ի մի բերեր սեփական շտաբը՝ բացառելով իր թիկունքում ցանկացած երկակի խաղի հնարավորություն, մյուս կողմից՝ նույնքան արագորեն, պառակտեր ընդդիմադիր դաշտը՝ Դեմիրճյանի շուրջ միասնական ճակատի ձևավորումից խուսափելու համար։ Այդ վերջին նպատակին հասնելու համար Քոչարյանի շտաբը ընդդիմադիրների հետ սկսեց բանակցել, երբ ԿԸՀ-ն դեռ չէր էլ ամփոփել ընտրությունների առաջին փուլի նախնական արդյունքները։ Առաջինը, որ գրեթե բացահայտ կերպով ակնարկեց Քոչարյանի հետ դաշինքի գնալու իր շահագրգռության մասին, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն էր։ Ընտրությունների հաջորդ օրն արդեն նա հայտարարում էր, թե «հինգի հայտարարությունն» անհամեմատ ավելի կոշտ կլիներ, եթե չլինեին իր ջանքերը, բացի այդ ընդդիմադիրների հետ խորհրդակցություններին զուգահեռ՝ մարտի 16-ին, Հայրիկյանը փորձել էր հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ։ Հանդիպումը, սակայն չէր կայացել, ըստ Հայրիկյանի, Քոչարյանի մրսածության պատճառով։ Ռոբերտ Քոչարյանի թիմում, սակայն ԱԻՄ առաջնորդի այս քայլերը ընկալեցին ինչպեսև հարկն էր, որպես բանակցությունների գնալու անթաքույց պատրաստակամություն, ուստի պատահական չէ, որ առաջին փուլից ընդամենը 5 օր անց՝ մարտի 21-ին Ռոբերտ Քոչարյանի ամենամերձավոր թիմակիցներից մեկը՝ նրա աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանը գործուղվեց ԱԻՄ արտահերթ վեհաժողովին, որտեղ առանց ավելորդ ձևականությունների ասաց, թե ինչ պաշտոն է առաջարկվում Հայրիկյանին իշխանության թեկանծուի կողմն անցնելու դիմաց․ «Պիտի շատ կարևոր փորձ սահմանվի Հայաստանում, միգուցե դա կոչվի այսպես, ինչ-որ գլխավոր մի խորհրդականի պոստ, որը պիտի կոորդինացնի և ղեկավարի այդ պետաիրավական համակարգի բարեփոխումները»։
«Վեհաժողովի անդամները բնականաբար հարցեր տվեցին նրան, ասենք ԱԻՄ-ը ունի 96-ի դաշինքի դառը փորձը, եթե Հայրիկյանը այժմ աջակցում է Քոչարյանին, ի՞նչ երաշխիք, որ Քոչարյանը նախագահ դառնալուց հետո չի մոռանա վերոհիշյալ գլխավոր խորհրդականի պոստի մասին»: -«Ես դեռ չեմ տեսել մի դեպք, երբ ասենք պայմանավորվածություն Ռոբերտ Քոչարյանը խախտի, բացառությամբ այն պայմանավորվածությունների, ինչ նա ունեցել է ադրբեջանցիների հետ»։
Պարույր Հայրիկյանին իրենց կողմը քաշելուց հետո քոչարյանականների համար առաջնահերթ էր դառնում ԱԺՄ-ի հարցը։ Ի տարբերություն ԱԻՄ ղեկավարի, առաջին փուլում 12%-ով 3-րդ տեղը զբաղեցրած Վազգեն Մանուկյանին խորհրդականի պաշտոնով հրապուրելը այնքան էլ հեշտ չէր։ Բացի այդ, ԱԺՄ շարքերում տիրող մթնոլորտը ԱԻՄ-ում տիրող կացությունից տարբեր էր։ Վազգեն Մանուկյանի աջակիցների մեծամասնությունը Քոչարյանի հանդեպ առանձնակի համակրանք չէր տածում։ Դա էր պատճառը մարտի 25-ին Կինոյի տանը կայացած ԱԺՄ ընդլայնված խորհրդակցության մասնակիցները բուռն ծափահարություններով էին դիմավորում Վազգեն Մանուկյանի՝ Քոչարյանի հասցեին սուր քննադատությամբ համեմված ելույթը․ «Մենք բոլորս հասկանում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը քվե հավաքել՝ արդար ընտրություններով, Հայաստանում հնարավորություն չունի, և իր թեկնածություն դնելը դա նշանակում է գնալ կեղծիքների, գնալ նրան, ինչ որ մենք տեսանք հետագայում»։
«Ըստ Վազգեն Մանուկյանի՝ քոչարյանական համակարգը, կոնֆիդենցիալ տեղեկությունների համաձայն, նախապես ակնկալում էր Հայաստանում քվե ստանալ ղարաբաղյան, կիրովաբադյան և այլն ծագումով զանգվածից, Հայաստանում կեղծիքներց զերծ մնալ, և կեղծարարության դաշտը տեղափոխել ռուսաստանյան ընտրատարածքներ: Բայց, երբ Ռուսաստանում բազմաթիվ տեղամասեր բացել չհաջողվեց, կեղծիքների դաշտը, ըստ Վազգեն Մանուկյանի մեխանիկորեն տեղափոխվեց Հայաստան․
” Որտեղ մարդը, պետք ա վախեցած Մանվելի եղբոր առջևով անցնելով, կուչ գալով, քվեատուփի մեջ գցի այն թուղթը, որն իրենից պահանջվում է։ Այս ամենը բերում է նրան, որ մենք Ռոբերտ Քոչարյանին չենք պաշտպանելու 2-րդ փուլում»։
Չնայած Քոչարյանին ուղղված այս ջախջախիչ քննադատությանն ու կուսակցական շարքերում տիրող տրամադրություններին՝ 98-ի ընտրությունների 2-րդ փուլում ԱԺՄ-ն որոշեց չպաշտպանել նաև Կարեն Դեմիրճյանին։ Ուշագրավ է ի դեպ, որ այս որոշման հրապարակմանը զուգահեռ, Վազգեն Մանուկյանն անկեղծորեն նշում էր, թե իր համոզմամբ Կարեն Դեմիրճյանի ընտրության դեպքում Հայաստանում քաղաքական միջավայրն անհամեմատ ավելի ազատ է լինելու, քան Քոչարյանի նախագահ դառնալու պարագայում․ «Մեր վախը այն է, որ մի դեպքում լինելու է սուր բռնապետական մի հատ համակարգ, մյուս դեպքում լինում է միգուցե մի քիչ ավելի ազատ քաղաքական դաշտ, բայց՝ մի ճահիճ, դրա համար մենք չենք պաշտպանում Կարեն Դեմիրճյանին»։
ԱԺՄ գաղափարական հակառակորդները՝ կոմունիստները, ընտրությունների 2-րդ փուլից առաջ գրեթե նույն դիրքորոշումը որդեգրեցին, ինչ Վազգեն Մանուկյանը։ Հայկոմկուսի դիրքորոշումը, սակայն ավելի տրամաբանական էր․ կոմունիստները դեռ ընտրությունների առաջին փուլի շեմին էին Կարեն Դեմիրճյանին սոցիալիստական գաղափարների դավաճան ու ռենեգատ անվանել, պնդելով, թե նա ընտրապայքար է մտել միայն միայն մեկ նպատակով՝ ՀԿԿ-ից ձայներ խլելու համար։ Մարտի 30-ի քվեարկությունից 5 օր առաջ կոմունիստների առաջնորդ Սերգեյ Բադալյանն իր կողմնակիցներին կոչ արեց առաջադրված թեկնածուներից և ոչ մեկին ձայն չտալ, բայցևայնպես գնալ տեղամաս․ «Չեմ կարող տանը նստել, մենք կոչ ենք անում ժողովրդին գնալ և ես ինքս կորոշեմ, անգամ կինս չի իմանա, թե ես ինչպես եմ քվեարկելու»։
Հայրիկյանի անցումն իշխանության կողմը, ինչպես նաև ԱԺՄ-ի և կոմունիստների չեզոք դիրքորոշումը՝ Դեմիրճյանի միավորումն ընդդիմության շուրջը գործնականում անհնարին դարձրեցին։ Այժմ Քոչարյանի շտաբը մեկ այլ, ոչ պակաս կարևոր խնդիր պետք է լուծեր․ անձամբ Կարեն Դեմիրճյանից եկող վտանգի չեզոքացումը։ Այն խնդիրը, սակայն դժվար լուծելի էր ոչ միայն Դեմիրճյանի բարձր վարկանիշի, այլև Քոչարյանի շտաբում առկա փաստացի պառակտման պատճառով։ Դեռ ընտրությունների առաջին փուլի նախօրեին հստակորեն զգացվում էր՝ շտաբի ներսում առնվազն երկու խումբ գոյություն ունի, որոնց միջև ազդեցության անդադար պայքար է ընթանում։ Առաջին խմբում էին Ռոբերտ Քոչարյանի ամենամոտ, մերձավոր շրջապատի ներկայացուցիչները և նոր բանտից դուրս եկած դաշնակցականները, երկրորդ խմբի առաջնորդը Քոչարյանի շտաբի դե ֆակտո ղեկավարն էր, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը՝ տրամադրության տակ եղած գրեթե անսահմանափակ վարչական ռեսուրսով, խորհրդարանում ներկայացված երկրապահական մեծամասնությամբ և այն անհուն վստահությամբ, որ շտաբում վերջին խոսքը միշտ իրենն է լինելու։ Այս ինքնավստահությունն էր թերևս պատճառը, որ ընտրությունների առաջին փուլից մի քանի օր առաջ Վազգեն Սարգսյանը հանդես եկավ անակնկալ մի հայտարարությամբ, ասելով թե իր համոզմամբ Ռոբերտ Քոչարյանը նախագահ ընտրվելու դեպքում վարչապետի պաշտոնում պետք է նշանակի Կարեն Դեմիրճյանին։ Ակնհայտ էր, որ ո՛չ Քոչարյանին, ո՛չ էլ նրա մերձավոր շրջապատին այս հեռանկարը բացարձակապես չէր ոգևորում։ Մինչև առաջին փուլի ավարտը, սակայն, ներշտաբային այս ֆրակցիան գերադասում էր լռել, և հակահարձակման անցավ արդեն 2-րդ փուլից մոտ տասն օր առաջ։
«Ակնհայտ է, որ Քոչարյանի շտաբի մարտավարությունը փոխվում է։ Եթե առաջին փուլի նախօրեին Ռոբերտ Քոչարյանի շտաբի պատասխանատուները Կարեն Դեմիրճյանի դեմ որևէ լուրջ քարոզչություն չէին տանում, ապա այս անգամ դրական քարոզչության կողքին կլինի նաև բացասականը։ Այս կապակցությամբ հետաքրքիր մի հարց է ծագում․ ընտրությունների առաջին փուլի նախօրեին ՊՆ Վազգեն Սարգսյանը, ելույթ ունենալով «Հինգշաբթի» ծրագրով, ցանկություն հայտնեց Քոչարյանի հաղթանակի դեպքում վարչապետի պաշտոնում տեսնել Կարեն Դեմիրճյանին։ Նույն օրերին Քոչարյանին աջակցող մամուլը սուր քննադատական հոդվածներ էր հրապարակում ընդդեմ Կարեն Դեմիրճյանի․ ինչպե՞ս հասկանալ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների ճամբարում տիրող այս տարակարծությունը։
” ՊՆ նախարարի հայտարարությունը եղել է հարցազրույցի ժամանակ և ուղղակի որպես տարբերակ մտածվել, սա ոչ թե պաշտոնական առաջարկություն կամ չգիտեմ ինչ է եղել, որ բավականին երկար շահարկվեց»,- Աղվան Վարդանյանի՝ 1998թ․ մարտի 21-ին կայացած ասուլի մասին Ազատության եթերում պատմում էր Վահան Հովհաննիսյանը։
Այս նույն օրերին պարզ դարձավ, թե ինչ դերակատարություն է Քոչարյանի քարոզարշավի ընթացքում վեչապահված ԱԻՄ առաջնորդին․ Պարույր Հայրիկյանը պետք է ասեր այն, ինչ չէին կարող իրենց թույլ տալ իշխանության ներկայացուցիչները․
«Այս դառն օրերի մթնումն ահավոր, արնոտ խնջույքի այս սև զնդանում
Դավաճան է նա, ով լռում է դեռ, մատնիչը՝ ով իր սուրը չի հանում։
Այդպես 10 տար ապրել է Կարեն Դեմիրճյանը, և հիմա ասպարեզ է իջել որպես քաղաքական գործիչ։ Անձամբ ես նրան բնորոշել եմ որպես քաղաքական դիակ»։
Պարզ հակաքարոզչությունը, անվանարկումներն ու վիրավորանքները, սակայն, միևնույն է բավարար չէին Կարեն Դեմիրճյանին չեզոքացնելու, նրա հնարավոր ընտրական հաղթանակը կանխելու համար։ Երկու փուլերի արանքում բավական լուրջ ճնշումներ սկսվեցին կիրառվել Դեմիրճյանի մի շարք տեղական շտաբերի դեմ, մասնավորաբար Արթիկում և Գորիսում, բայց դա էլ, ըստ երևույթի,ն բավարար չէր։ Դեմիրճյանի քարոզարշավը կաթվածահար անելու համար, ուստի ընտրությունների 2-րդ փուլից մոտ տասն օր առաջ խաղի մեջ մտավ Սերժ Սարգսյանի ղեկավարած Ազգային անվտանգության և ներքին գործերի նախարարությունը, որի հասցրած հարվածի թիրախը Դեմիրճյանի կենտրոնական շտաբն էր, ավելի ճիշտ, նրա անվտանգությունն ապահովող նախկին ոստիկանների խումբը, որոնցից մեկը դրանից մի քանի տարի առաջ Վանո Սիրադեղյանի թիկնապահն էր եղել։ Նախկին այս իրավապահներին Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում ձերբակալեցին 1998-ի մարտի 21-ին՝ ընտրություններից 9 օր առաջ՝ իբր ոստիկանության մի ինչ-որ հատուկ գործողություն խափանելու համար։
«Գոյություն ունի նաև քաղաքական ենթատեքստ, որը մեզ տանում է միանգամից 3 ուղղությամբ՝ 1-ին ձերբակալվածներն այս կամ այն կարգավիճակով մասնակցել են Կարեն Դեմիրճյանի նախընտրական արշավին, 2-րդ՝ նրանցից որոշակի առնչություն ունեն Վանո Սիրադեղյանի անձի հետ, և սա փայլուն քարոզչական առիթ է ցույց տալու Դեմիրճյան-Սիրադեղյան կապը։
” Որտեղ Դեմիրճյանը, որտեղ ՀՀՇ-ն, ինչի են էտ ՀՀՇ-ն բերում տալիս ինձ»։
Հավանաբար հենց Դեմիրճյանի դեմ ձեռնարկված այս տոտալ արշավն էր պատճառը, որ ընտրությունների 2-րդ փուլից ընդամենը մի քանի օր առաջ Վազգեն Սարգսյանը վերջնականապես հրաժարվեց Կարեն Դեմիրճյանի հետ դաշինքի մտադրությունից։ Այս գաղափարին պաշտպանության նախարարը կվերադառնա ավելի ուշ՝ 99-ի գարնանը՝ իր մերձավոր զինակիցներ Վահրամ Խորխոռունու և Արծրուն Մարգարյանի առեղծվածային սպանություններից հետո, խորհրդարանական ընտրությունների շեմին ձևավորելով «Միասնություն» դաշինքը։ 98-ի գարնաը, սակայն, պաշտպանության նախարարը գերադասեց մոռանալ Դեմիրճյանին վարչապետի պաշտոնն առաջարկելու իր իսկ գծագրած սցենարի մասին՝ միանալով Ռոբերտ Քոչարյանին գովերգող, մրցակցին նսեմացնող հայտարարություններով հանդես եկող զանգվածին․ «Որպեսզի որևէ հարց լուծվի, դա լինի ռազմական, տնտեսական, թե քաղաքական, առաջին հերթին անհրաժեշտ է նորմալ, բարի մթնոլորտ Հայաստանում։ Ռոբերտ Քոչարյանը կարող է այդ մթնոլորտը ստեղծել։ Ինչո՞ւ, ինչո՞ւ նա և ոչ ուրիշ որևէ մեկը, որովհետև ինքը գալիս է մաքուր ձեռքերով, մաքուր նպատակներով և յուրաքանչյուր պահի մենք նստած ենք հրաբխվող, դանթած պատերազմի վրա, մեր երկրի գլխավոր հրամանատարը, տվյալ դեպքում՝ նախագահը, պիտի զորավար լինի, հասկանո՞ւմ եք, մեր մյուս թեկնածուն կյանքում չի եղել ֆրոնտում, կյանքում նա Ղարաբաղում չի եղել, Սյունիքում չի եղել, գրեթե։ Մեր մյուս թեկնածուն, եթե պատերազմը վերսկսվեց, չգիտես ինչպես է ինձ հրահանգներ տալու, կամ չգիտես ինչպես է մեկ ուրիշ պաշտպանության նախարարի հրահանգներ տալու»,- Վազգեն Սարգսյան։
Ընտրարշավի վերջին օրերին Կարեն Դեմիրճյանի դեմ Քոչարյանի շտաբի կողմից ձեռնարկված հակաքարոզչությունը հասավ գագաթնակետին։ Քննադատական նաև վիրավորական հայտարարություններին, հոդվածներին ավելացավ հայտնի մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի ստուդիայում շտապ կարգով նկարահանված ծաղրական հոլովակը։ Որևէ մեկին անտարբեր թողենել այն չէր կարող։ Առաջին հերթին հենց Դեմիրճյան աջակիցներին, որոնք այդ թեմայի մասին խոսեցին 1998-ի մարտի 28-ին՝ Ազատության հրապարակում կայացած վերջին նախընտրական հանրահավաքի ժամանակ․ «Էրեբունի-Երևան երգը դարձավ Կարեն Դեմիրճյանի ընտրարշավի ոչ պաշտոնական հիմնը և պատահական չէ, հավանաբար, որ մյուս թեկնածուի հակաքարոզչական արշավի բարձրակետը դարձավ Էրեբունի-Երևան երգի արագացված երաժշտության վրա հավաքված Դեմիրճյանին ծաղրող մուլտիպլիկացիոն տեսահոլովակը։ Կարեն Դեմիրճյանի հրավիրած հանրահավաքում հռետորներից մեկի՝ բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի ելույթը, գրեթե ամբողջապես նվիրվեց այդ հակահոլովակի դատափետմանը․
-Այսպիսի բան կարող է անել միայն նա, ով չի մասնակցել Երևանի, այս երկրի շինարարությանը»։
Դեմիրճյանի նախընտրական հանրահավաքից մի քանի ժամ անց, Ազատության հրապարակում էին արդեն Քոչարյանի կողմնակիցները։ Նախագահի թեկնածուի նախապես անկիրառված, և ոչ վարժ հայերենով արտաբերված ելույթի ֆոնին, այստեղ փայլում էր վարչապետի նորահայտ դաշնակիցը՝ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
«Էրեբունի-Երևան երգի մեղեդիներին փոխարինելու էին եկել Պարույր Հայրիկյանի երգերը։ Երևանում եղանակն այսօր ամպամած էր, թվում էր ուր որ է անձրև պիտի գար, սակայն մինչև հանրահավաքի վերջը երկինքն իրեն զսպեց։
-Այսօր մենք ստիպված ենք պայքարել նաև մի երևութի դեմ, որը կոչվում է կարոտաբաղձ {?}՝ նոստալջիա,- Պարույր Հայրիկյան։
Հանրահավաքի կոնֆերանսե{?} կազմակերպիչը Պարույր Հայրիկյանն էր․ «Ազատում եք հարթակը, դուք ստեղ ինչի եք կանգնել, ես չեմ եկել ձեզ համար նկարվելու, հեռացե՛ք, էս ճանապարհը պետք ա բացի լինի, դու էստեղից հեռացի՛ր, ձեռքերդ թո՛ղ և ձայնդ կտրի՛ր»»։
Որքան մոտենում էր մարտի 30-ն, այնքան շատանում էին սպասվող կեղծիքների, ընտրողների նկատմաբ կիրառվող ճնշումների մասին տարատեսակ տեղեկությունները։ Երբեմն նույնիսկ դժվար էր հասկանալ, թե այդ լուրերի հոսքում որտեղ է իրականի և մտացածինի սահմանը։
«Հայաստանի հեռավոր գյուղերից մեկում տեղամասային հանձնաժողովի անդամները ընտրողներին քվեարկության կարգը բացատրել են հետևյալ կերպ՝ ով Քոչարյանի կողմն է՝ նրա վանդակում պլյուս է դնում, ով դեմ է մինուս․ -«Առավոտ» թերթում սա գոնե առայժմ մատուցվում է որպես ընտրական անեկդոտ։
Հայաստանյան ընտրատեղամասերն իրենց դռները բացեցին 1998-ի մարտի 30-ի առավոտյան ժամը 8-ին։ Ռոբերտ Քոչարյանը քվեարկեց կեսօրին մոտ՝ Երևանի կենտրոնում գտնվող տեղամասում հավաքված տասնյակ լրագրողների հարցերից միայն մի քանիսը պատասխանի արժանացնելով․ «Նախագահության թեկնածու, վարչապետ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընտրական տեղամասում գրեթե չխոսեց լրագրողների հետ՝ ավելի շուտ խուսափեց կանխատեսումներից և մեկնաբանություններից․
Թե ինչպես է վերաբերվում թեկնածուն Քոչարյան՝ նախագահ, Դեմիրճյան՝ վարչապետ տարբերակին, ոչ մի կերպ՝ պատասխանեց Ռոբերտ Քոչարյանը, ավելի ուշ ասելով, որ Քոչարյան՝ նախագահ տարբերակին լավ է վերաբերվում»։
Կարեն Դեմիրճյանն ինչպեսև առաջին փուլում, մարտի 30-ին ևս քվեարկում էր կեսօրին մոտ, Չեխովի դպրոցում գտնվող 2 ընտրատեղամասերից մեկում, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, սակայն, Խորհրդային Հայաստանի նախկին ղեկավարը այդ օրը պատասխանում էր լրագրողների բոլոր՝ այդ թվում ակնհայտորեն իրեն դուր չեկող հարցերին։
««Լրագրող։ -Իսկ այն, որ ասում եք մեծ քաղաքանությունից եք հեռանալո՞ւ։
Կ․ Դ․ -Ես էն անգամ ասեցի, որ ես քաղաքականությունը բիզնեսի պես չեմ բաժանում 3 մասի՝ փոքր, միջին և մեծ։ Քաղաքականությունից չեմ հեռանալու»։
Ինչ վերաբերում է նոստալգիա արտահայտության և իր թեկնածության միջև զուգահեռներին, ասաց, որ նոստալգիա անունով հիմա ընդամենը մի բան գիտի․ ռադիոկայան։
Կ․ Դ․ -Դե վերջացրեք էտ հարցերը, վերջացրեք, ի՜նչ նոստալգիա, ի՜նչ չնոստալգիա»։
2-րդ փուլի գլխավոր առանձնահատկությունը, սակայն ընտրողների շրջանում տիրող տրամադրություններն էին։ Ըստ ամենայնի երկու շաբաթ շարունակված անդադար սև քարոզչությունը և առաջին փուլում արձանագրված խախտումները, բռնարարքները պատճառ դարձան, որ ընտրությունների 2-րդ փուլում քվեարկողների զգալի մասն արդեն կգերադասեր առանձնապես չանկեղծանալ։ Ոգևորությունը ևս ակնհայտորեն նվազել էր։ 98-ի մարտի 30-ին Կոտայքի մարզի ընտրողների հետ շփվում էր Հրաչ Մելքումյանը․
«Արզնի գյուղում ասորիներ են ապրում։ Գյուղամիջում մարդիկ էին հավաքվել, բարձրախոսից ասորական երգեր էին հնչում, իսկ մի անկյունում էլ նարդի էին խաղում․
-Ժողովրդի մասին մտածեն, թե չէ, ով էլ լինի մեզ համար մեկ ա։ Նարդի նայելով, նայելով կարա՞ն երեխեք պահեն:
Ապրելը վատ էր, իսկ ընտրությունները Արզնիում լավ էին ընթանում, նույնիսկ չափից դուրս լավ։
” Մեր Արզնի գյուղում ոչ մի խախտում չի եղել։ 120 տոկոսով եղելա ամսի 16-ին, 140 տոկոսով էլ լինումա այսօր։ Մենք էդպեսի ժողովուրդ ենք շատ նամուսով, թասիբով մարդիկ ենք։ Ասորիկներ ենք:
Այդ պահին միկրոավտոբուսով 6-7 փախստական բերեցին ընտրական տեղամաս․
” Իսկ էտ գրանցման հարցերը լուծվո՞ւմ են:
-Մեզ ոչ մի բան էլ չունենք, բայց դե ընտրություն ա, դե պիտի ընտրենք, չէ՞։
-Ի՞նչ չունեք։
-Գրանցում չունենք։ Որտե՞ղ գրանցում ունենք:
Ընտրություններին փախստականների մասնակցության հարցը այդպես էլ լիարժեք լուծում չստացավ։ Դիտորդներն ասում են, որ գրանցում չունեցողները քվեարկելու իրավունք չունեն»։
Այն, որ ՀՀ քաղաքացիություն չունեցող փախստականների զանգվածային և, ըստ ամենայնի, ուղղորդվող քվեարկությունը լուրջ խնդիր է դառնում, Դեմիրճյանի շտաբում հասկացան կեսօրին մոտ․ «Շտաբի լրատվական հարցերով պատասխանատու Արմեն Վալեսյանը լրագրողներին ցույց տվեց 9-րդ ձև կոչվող փաստաթղթի մի պատճենահանված տարբերակ, որը շտաբ էր հասցրել ընտրողներից մեկը։ Այս փաստաթուղթը տրված էր Արցախի փողոց, 4-րդ նրբանցք, 10ա հասցեով, որը հանրակացարան է, և որտեղ, ըստ փաստաթուղթը շտաբ հասցրած կնոջ, բնակվում են Հայաստանի քաղաքացիություն չունեցող փախստականներ։ Ըստ նույն աղբյուրի՝ հանրակացարանում բնակվող 120 փախստականի ուրբաթ օրը լուսանկարել են, երեկ առավոտյան բաժանել 9-րդ ձև կոչվող այսօրինակ փաստաթղթեր, ավտոբուսով տարել քվեարկելու, հետ դարձի ճանապարհին հավաքել»։
Քվեարկությունն աստիճանաբար մոտենում էր ավարտին, և գնալով շատանում էին խախտումների մասին ահազանգերը․ «Կարեն Դեմիրճյանի շտաբի ղեկավար Արմեն Խաչատրյանի ձեռքին Ռոբերտ Քոչարյանի օգտին նշումներով մի քանի տասնյակ թերթիկ կար, որոնք, նա բացատրեց, քվեաթերթիկներ են, որ ստացվել են ընտրատեղամասերից քվեատուփ նետելիս կանխելու ժամանակ»։
Ընտրակեղծիքների և ճնշումների գրեթե անթերի աշխատող այս համակարգի դիմաց, սակայն Կարեն Դեմիրճյանի նախընտրական շտաբը 1998 մարտի 30-ին կարելի է ասել միայնակ էր: Ի տարբերություն ընտրությունների առաջին փուլին՝ այդ օրն արդեն տեղամասերում չէին 10-ից ավելի թեկնածուների վստահված անձիք։ Դեմիրճյանի աջակիցները, որոնցից շատերի համար սրանք դիտարկվող առաջին ընտրություններն էին կյանքում, ֆիզիկապես չէին հասցնում հետևել, թե՛ տեղամասերի ներսում՝ հատկապես քվեատուփի շուրջ ընթացող շարժին, թե՛ տեղամասերի մուտքի մոտ ծավալվող իրադարձություններին։ Ուստի պատահական չէ, որ ընտրությունների ավարտից մի քանի ժամ անց հրապարակվող պաշտոնական տվյալները գալիս էին վկայելու Քոչարյանի ջախջախիչ հաղթանակի մասին։ Ըստ ԿԸՀ-ի՝ նա ստացել էր քվեների գրեթե 60 տոկոսը։ Քոչարյանի կողմնակիցների համար նման արդյունքը, սակայն ակնհայտորեն անակնակալ չէր, հակառակ դեպքում ինչպես կարելի էր բացատրել այն հանգամանքը, որ ընտրությունների ավարտից մոտ 12 ժամ անց արդեն Ռոբերտ Քոչարյանի շտաբը գործնականում այլևս գոյություն չուներ։ «Ռոբերտ Քոչարյանի ընտրական շտաբում՝ Գիտությունների ակադեմիայի շենքում, այսօր ճամպրուկային տրամադրություն էր, ավելի ճիշտ զբաղեցրած սենայկների մեծ մասը շտաբականները ազատել էին և դժվար էր մնացած տղաներից ճշտել՝ ասենք շտաբում ստացվող տվյալները ձայների հարաբերակցության շարժի վերաբերյալ»։
Կանցնի ևս 10 օր և ապրիլի 9-ին՝ Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում Ռոբերտ Քոչարյանը մեծ հանդիսավորությամբ, հարյուրավոր հյուրերի ներկայությամբ կստանձնի երկրի ղեկավարի լիազորությունները։ Այդ նույն ժամերին Հայաստանից հազարավոր կիլոմետրեր այն կողմ իրենց վերջնական զեկույցը կհրապարակեն ԵԱԿՀ դիտորդները, արձանագրելով, որ 1998թ․-ի արտահերթ նախագահական ընտրությունները չեն համապատասխանել Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին; Առաջին փուլի քվեարկությունն ընդհանուր առմամբ ընդունելի որակած արևմտյան դիտորդները վերջնական զեկույցում հանդես եկան տրամագծորեն հակառակ պնդումներով։ Քվեների հաշվարկը 98-ի ընտրությունների 2-րդ փուլում դիտորդները վատ կամ շատ վատ էին որակում իրենց այցելած 62 տեղամասերից 23-ում կամ 37տոկոսում, ևս 44 տեղամասերում ԵԱԿՀ դիտորդները հայտնաբերել էին, որ քվեատուփերը պատշաճ կերպով կապարակնքված չեն։ Այս ամենը, սակայն մեծ հաշվով արդեն որևէ նշանակություն չուներ, Քոչարյանն արդեն իսկ նախագահ էր և այդ պաշտոնը նա չի լքի ուղիղ 10 տարի, 2008-ի ապրիլի 9-ին՝ մարտի ողբերգությունից ուղիղ 40 օր անց, Բաղրամյան 26-ի բանալիները հանձնելով Սերժ Սարգսյանին։
Սրբագրությունը՝ Լուիզա Սարգսյանի