Ներկայացնում ենք «Ազատության» TV-ի «Փոդքասթ. Նորագույն պատմություն» հաղորդման՝ Գևորգ Ստամբոլցյանի հեղինակային ծրագրի՝ «2004-ի ապրիլի 12․ Հայաստանյան ևս մեկ չկայացած հեղափոխության մեկնարկը» էպիզոդի սղագրությունը:
«Հեռացի՛ր»՝ նախագահ Քոչարյանին ուղղված այս պահանջը 15 տարի առաջ՝ 2004-ի գարնանը հնչում էր Երևանի, Գյումրիի, մի շարք մարզկենտրոնների և տասնյակ գյուղերի փողոցներում՝ ազդարարելով հայաստանյան ևս մեկ չկայացած հեղափոխության մեկնարկը։ Քոչարյանի լեգիտիմությունը հայաստանցիների մի զգալի մասի մոտ երբեք անթերի չէր եղել՝ սկսած 1998 թվականին նրա վիճահարույց առաջադրման պահից։ 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո Քոչարյանի պաշտոնավարման օրինականության վերաբերյալ կասկածներն էլ ավելի խորացան` գրեթե համատարած բնույթ ստանալով այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը առաջարկեց վստահության հանրաքվե անցկացնել նախագահի հանդեպ հայաստանիցիների վերաբերմունքը պարզելու նպատակով։ Իշխանությունները, սակայն, վստահ էին՝ վերընտրված նախագահի վստահության հարցը քվեարկության դնելու առաջարկը դատարանի կողմից զուտ խորհրդատվական քայլ էր։ Ընդդիմությունը հակառակ տեսակետն ուներ։ 2003 թվականի ողջ ընթացքում ընդդիմադիր իրավաբանները պնդում էին՝ վստահության հանրաքվեի մասին դրույթը ոչ թե առաջարկություն է, այլ պահանջ՝ ենթակա պարտադիր կատարման, որի վերջնաժամկետը լրանում է 2004 թվականի ապրիլի 16-ին։
2004-ի սկզբին, սակայն, արդեն ակնհայտ էր` իշխանությունները վստահության հանրաքվե չեն անցկացնելու, և նրանց այդ դիրքորոշումը հնարավոր կլինի սասանել միայն փողոցային ճնշման միջոցով։ Այս ճանապարհին ընդդիմությունը սկզբում բավական արագորեն կարողացավ մարտավարական հաջողությունների հասնել։ 2004-ի սկզբին միմյանց հետ բավական բարդ հարաբերություններ ունեցող առաջատար ընդդիմադիր ուժերը՝ «Արդարություն» դաշինքը և Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանությունը» պայմանավորվեցին համատեղ գործել՝ ստիպելով իշխանություններին կյանքի կոչել Սահմանադրական դատարանի վճիռը։ Ընդդիմադիրները իշխանության դեմ գրոհը սկսեցին ավանդական ուղղությամբ՝ մարզային այցելություններից։ Դրանց մեկնարկից ընդամենը մի քանի օր անց պարզ էր՝ բնակչության շրջանում դժգոհությունը չի նվազել, շարքային հայաստանցիներից շատերն էլ ընդդիմությունից միայն մեկ պահանջ ունեն՝ իշխանափոխություն․ «Ձեր կառավարությունը մեզի պե՞տք ա, կյանքներս կերել են, կերել»։
Ընդդիմության մարզային այցելություններից Կառավորության հետևությունը հապշտապ էր և բավական տրիվիալ։ 2004-ի մարտի 1-ին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ենթականերին հանձնարարեց կրկնօրինակել ընդդիմության գործողությունները և այցելել մարզեր՝ նպատակը մեկն էր` ընդդիմադիր քարոզչությանը հակադարձել իշխանական քարոզչությամբ։ Հաջորդ օրն արդեն պաշտոնյաների Գառնի կատարած այցելությունը ցույց տվեց՝ Կառավարության ընտրած մարտավարությունը չի աշխատում․ «Ընդդիմադիրը եկել էր էստեղ և երկու-երեք հազար հոգի հադիպում․․․ շատ ջերմ, սա հակաքայլ էր ընդամենը, ուրիշ ոչ մի բան»։
2004-ին գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Լոքյանը գառնեցիների հետ հանդիպմանը շարունակ պնդում էր, թե իրենց նպատակը գյուղացիներին օգնելն է․ «25 տոննա, կարծեմ, ալյուր, 15 կգ-ի չափով թունող քիմիկատ, փաստորեն, ձեզ տրամադրված է, մենք լռելյայն այս ամբողջը փոխանցել ենք ձեզ՝ չհայտարարելով, հեռուստատեսությամբ չխոսելով, բայց ցավն էն ա, որ մեր ժողովուրդը մշտապես ասում է, որ մեզ պիտի շատ տրվի»։ Երբ գառնեցիները ներկայացված թվերից առանձնապես չտպավորվեցին, Լոքյանն անցավ ընդդիմության գործողությունները վերլուծելուն․ «Մարդիկ ոգևորում են ձեզ՝ դուք հայհոյում եք, ձեր դարդ ու ցավերն ասում եք, ինքը թողնում, գնում ա․ ինտքը իրա խնդիրը լուծեց, ձեր պրոբլեմը չլուծվեց»։
Գառնիում էր, որ տեղի ունեցավ 2004 թվականի գարնան իշխանություն-ժողովուրդ երկխոսության թերևս ամենաուշագրավ դրվագը։ Ժողովրդի դերում Գառնիի այդպես էլ անանուն մնացած բնակչուհին էր, իսկ իշխանությունը ներկայացնում էր Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, 2004-ին փոխնախարարի համեստ պաշտոնը զբաղեցնող նախկին ՀԺԿ-ական Գագիկ Ասլանյանը․
«Բն․-Տասը մեքենա է դուռս կանգնել․ դուռս թակում են, ասում են արի վեց ձայն տուր, ինչի՞ համար տամ։
Գ․Ա․-Ինչի՞ տվեցիր, ինչի՞ տվեցիր։
Բն․-Խաբեցի՛ն, ոսկե սարեր են խոստանում։
Գ․Ա․-Մի՛ խաբվիր, մի՛ խաբվիր, ո՞րերոդ անգամն ես խաբվում։
Բն․-Ձայնս տվեցի նախագահին, ձայնս տվեցի Ռոբերտ Քոչարյանին։
Գ․Ա․-Տվել ես, չէ՞, տվե՛լ ես» (Ազատության՝ 2004 թվականի մարտի 2-ի երեկոյան եթերում հեռարձակված այս երկխոսությունը ձայնագրել էր Շաքե Ավոյանը)։
Գառնիի հանդիպումը եկավ վկայելու, որ պաշտոնյաների այցերը ոչ միայն չեն հանդարտեցնում կրքերն, այլև ավելի են դրանք բորբոքում՝ անուղակիորեն նպաստելով ընդդիմության ծրագրերի հաջողությանը։ Կառավարության անդամների հաջորդ մարզային այցելություններն անցնում էին միանգամայն այլ սցենարով։ Կառավարության անդմաների հետ դահլիճային հանդիպումներին բերման էին ենթարկվում բյուջետային հիմնարկների և պետական գերատեսչությունների աշխատակիցները, երբեմն, ինչպես Արթիկի մշակույթի տան դեպքում, դռները կա՛մ դրսից պինդ փակում էին, կա՛մ էլ հսկում էին ոստիկանների օգնությամբ. անվտանգության ծառայության աշխատակիցների ներկայությունն էլ դահլիճում սուր հարցերից խուսափելու կարծես լավագույն միջոցն էր։ Այս առումով ամենախոսունը Արագածոտնի մարզպետի 2004-ի մարտին Ծաղկահովտի բնակիչներին ուղղված կարճ հրահանգն էր՝ «նստում ենք՝ լուռ, խոսում ենք՝ հերթով»։ Կառավարության մարզային այցելությունների ֆոնին ընդդիմության հանդիպումները գնալով ավելի մարդաշատ էին դառնում։ Թե երբ տեղի կտան իշխանության նյարդերը, արդեն զուտ ժամանակի խնդիր էր թվում։
Նյարդերը տեղի տվեցին մարտի 28-ին՝ Գյումրիում։ Քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծկռտուք հրահրեցին ընդդիմության հանրահավաքի ժամանակ՝ տեղական իշխանությունները դա ներկայացնում էին որպես ընդդիմության հանդեպ ընդդիմադիր հայացքներ ունեցող շարքային գյումրեցիների դժգոհության դրսևորում։ Մարզային դատախազը նույնիսկ պնդում էր, թե ընդդիմադիրներին զգուշացրել էին Գյումրի չգալ, բայց նրանք անտեսեցին այդ կոչը։
«Իրենք ասում էին, որ իբրև թե հանդիպում են ընտրողների հետ, բայց մենք գիտեինք, որ հանրահավաք էր նախատեսված ․․․ հնարավոր են ժողովրդական և քաղաքացիական բախումներ և դրա համար չեն արտոնել միտինգը, բայց սրանք՝ չլսելով եկել են Գյումրի»։ Գյումրիի միջադեպից հետո իրավապահները սկսեցին ակտիվորեն բերման ենթարկել ընդդիմության կողմնակիցներին, որքան մոտենում էր ընդդիմության նախանշած վճռական գործողություների ժամկետը, այնքան իշխանությունների քայլերն ավելի կոշտ էին դառնում։ Ապրիլի սկզբին արդեն ընդդիմության հարյուրավոր կողմնակիցներ էին հայտնվել ճաղերի ետևում։ «Հանրապետություն» կուսակցությունը հայտնում էր վարչական կալանքի ենթարկված առնվազն 20 անդամների մասին, «Ազգային միաբանության» պնդմամբ ապրիլի 7-ի դրությամբ իրենց 127 անդամներ էին բերման ենթարկվել։ Գլխավոր դատախազությունն ավելի հեռուն գնաց՝ քրեական գործ հարուցելով մի ողջ քաղաքական կառույցի՝ «Արդարություն» դաշինքի դեմ։ Գլխավոր դատախազությունը մարտի 30-ին տարածած հայտարարության մեջ պնդում էր․ «Քրեական գործում ներգրավվել են դաշինքի այն անդամները և նրանց հարող անձինք, ովքեր հրապարակային հայտարարություններ են արել՝ իշխանությունը սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու վերաբերյալ, վիրավորել են իշխանության ներկայացուցիչներին»։
Օրեցօր սրվող իրավիճակում ապրիլի 5-ին միասնական ընդդիմությունը վերջին անգամ փորձեց իշխանություններին հիշեցնել վստահության հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին։ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյան․ «Երկխոսության շանս է վստահության հանրաքվեն՝ Սահմանադրական դատարանի որոշման կատարումը, ի դեպ, այդ շանսը դեռևս կորած չէ»։ Դեմիրճյանի այս հայտարարությունը նաև պատասխանն էր «Դաշնակցության» նույն օրը հնչեցրած առաջարկ-զգուշացմանը, որով դաշնակցականները կոչ էին անում անհապաղ երկխոսություն սկսել բախումներից խուսափելու համար։
Որքան սրվում էր ներքաղաքական ճգնաժամն, այնքան ավելի ակնհայտ էր դառնում, որ իշխող կոալիցիայի ներսում ևս տարաձայնություններ կան։ 2004-ի գարնանը հիմնականում տնտեսական թեմաներին վերաբերող վեճերը ծավալվել էին հանրապետականների և «Դաշնակցության» միջև։ Ազգային ժողովի փոխխոսնակ, հանրապետական Տիգրան Թորոսյանը կոչ էր անում զերծ մնալ ներկոալիցիոն վեճերի հրապարակայնացումից։ Նրա այս դիտարկմանը դաշնակցական Վահան Հովհաննիսյանը պատասխանեց կենդանական աշխարհից օրինակ բերելով․ «Մենք չենք նմանվում ոզնիների, որոնք արտաքին վտանգը զգալուց միանգամից կծկվում, մոտենում են իրար և, այսպես ասած, արհեստական եղբայրություն խաղում»։
Այս նույն օրերին Երևանում ակտիվ խոսակցություններ էին շրջանառվում Լեռնային Ղարաբաղից բերված ինչ-ինչ զինված խմբերի մասին, որոնք ենթարկվում էին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին։ Ստեփանակերտում այս լուրը կտրականապես հերքում էին։ Հերքողներից մեկն այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության փոխնախարար Վիտալի Բալասանյան էր։ «Վերջում Վիտալի Բալասանյանը իր խոսքը ուղղելով ընդդիմությանը շեշտեց, որ ԼՂՀ զինուժը երբեք չի ենթարկվի Հայաստանում բռնազավթված իշխանությանը, թող բոլորը հանդես գան ի պաշտպանություն երկրի կայունության ու խաղաղության, ձեռքի բաց չթողնեն արցախյան հաղթանակի սոխակը (Հրանտ Ալեքսանյան, Ազատություն ռադիոկայան` Ստեփանակերտից)»:
Ընդդիմադիրները Քոչարյանի հրաժարականի պահանջով վճռական գործողություններ որոշեցին սկսել ապրիլի 9-ին։ Իշխանությունների հնարավոր արձագանքը գրեթե հարյուր տոկոսանոց ճշգրտությամբ կանխատեսեց Արտաշես Գեղամյանը, որն այս իրադարձություններից մի քանի տարի անց կդառնա այդ նույն իշխանությունների դաշնակիցը և նույնիսկ կհամալրի «Հանրապետական» կուսակցության խորհրդարանական խմբակցության շարքերը․ «Հայաստանի Հանրապետությունում անպայմանորեն պետք է գոնե մի քանի օր նստես, որ գաս իշխանության»։
Այս կանխատեսումից մի քանի ժամ անց, սակայն, ապրիլի 5-ի երեկոյան Արտաշես Գեղամյանը ստիպված էր ոչ թե նստել, այլ բարձրանալ՝ բարձրանալ կինո «Նաիրի» դիմաց կայանված ավտոբուսի կտուրին։ Գեղամյանը մեքենան որպես հարթակ ստիպված էր օգտագործել այն բանից հետո, երբ ոստիկանությունը խափանեց Մատենադարանի մոտ նախատեսված նրա հանրահավաքը։ Մատենադարանին հարող ողջ տարածքը հոսանքազրկված էր և բարձրախոսների համար էլեկտրականության միակ աղբյուրն այդ միկրոավտոբուսն էր, որի կտուրին էլ ապրիլի 5-ի երեկոյան հայտնվեց Արտաշես Գեղամյանը՝ դեմ դիմաց իր հայրական տան պատշգամբին․ «էստեղ մեծագույն իմաստ եմ տեսնում․ 1949 թվականին ծնվելով ճիշտ այս դիմացի շենքում և 54 տարի անց այստեղ նույն էս շենքի, մեր քաղաքի, մեր երկրի փրկության հաղթարշավն ենք սկիզբ դնում»։
Մաշտոցի պողոտայի «Նաիրի» կինոթատրոնին հարող հատվածում, սակայն հավաքվել էին ոչ միայն ընդդիմության աջակիցները այլև ամրակազմ երիտասարդներ, որոնք ոստիկանության կատարյալ անգործության պայմաններում Երևանի կենտրոնում կրկնեցին այն նույնն, ինչ մեկ շաբաթ առաջ տեղի էր ունեցել Գյումրիում․ «Վայր գցեցին «Առավոտի» թղթակից Աննա Իսրայելյանին, ջարդուփշուր արեցին «Հայկական ժամանակի» թղթակից Հայկ Գևորգյանի լուսանկարչական ապարատը, ջարդել են «Կենտրոն» հեռուստաընկերության տեսախցիկը, «Հալյուրի» օպերատորի ասելով իր տեսախցիկն էլ են ջարդուփշուր արել․ այդ իրավիճակում հնարավոր չէր ամեն ինչ նկատել, տեսել են, որ ջարդել են նաև «Հայ թիվի» հեռուստաընկերության տեսախցիկը, ինչ-որ պայթող բան շպրտեցին, դա ավելի շատ նման էր Նոր տարվա օրերին երեխաների շպրտած պայթուցիկներին, որոնք մեծ աղմուկ են հանում, այդ տղաները հարվածեցին մի քանի ցուցարարների, խփել են նաև մեծբրիտանացի լուսանկարիչ Օնիկ Գրիգորյանին․ «Կարծում եմ իշխանությունները փորձում են անկարգություններ սադրել փողոցում, որպեսզի ավելի շատ նմանատիպ բռնարարքներ կատարվեն ժողովրդի դեմ»։» (Ազատություն ռադիոկայանի 2004 թվականի ապրիլի 5-ի եթերում Մաշտոցի պողոտայում ծավալված իրադարձությունները ներկայացնում էր Հրաչ Մելքումյանը)։
Հաջորդ օրն արդեն երևանյան մամուլը գրում էր, որ ցուցարարների և լրագրողների վրա հարձակումը հայաստանցի հայտի օլիգարխների թիկնապահների գործն էր։ «Ա1+»-ի կայքն, օրինակ, պնդում էր, որ Մաշտոցի պողոտայում առավել ակտիվ էին եղել Գագիկ Ծառուկյանի թիկնազորի անդամները։ Ընդդիմադիր ակիվիստների զանգվածային ձերբակալությունների, մայրաքաղաք տանող ճանապարհների արգելափակման և ընդդիմության տեղեկատվական շրջափակման ֆոնին ապրիլի 9-ին Ազատության հրապարակում սկիզբ առավ ընդդիմադիր կուսակցությունների՝ վաղուց գովազդված անժամկետ բողոքի ակցիան։
Ներքաղաքական ճգնաժամը, սակայն, վճռորոշ փուլ մտավ, միայն ապրիլի 12-ին, երբ ընդդիմությունը օպերայի մերձակայքում բազմահազարանոց հանրահավաք կազմակերպեց՝ ամենայն լրջությամբ դնելով նախագահի հրաժարականի հարցը։ Հանրահավաքը Ռոբերտ Քոչարյանին ուղղված կոչով բացեց դիրիժոր Օհան Դուրյանը․ «Պարո՛ն Քոչարյան, ժողովրդի ձայնը լսեցե՛ք, ատելությունը Ձեր նկատմամբ մեծանում է, ժողովուրդը Ձեզ չի՛ սիրում»։
Երեկոյան կողմ ընդդիմության հազարավոր կողմնակիցներ շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, որը, սակայն, արդեն իսկ արգելափակված էր։ Ազգային ժողովի դարպասներից մինչև դիմացի մայթում գտնվող Գիտությունների ազգային ակադեմիայի շենք՝ փշալար և մետաղական պատնեշներ էին տեղադրվել։ Խորհրդարան մտնելու նպատակով պատնեշը չէին կարողանում հաղթահարել անգամ ընդդիմադիր պատգամավորները․ «Ռո-բերտ հե-ռա-ցի՛ր, Ռո-բերտ հե-ռա-ցի՛ր»։
Բաղրամյանում սկիզբ առած հանրահավաքի մասնակիցների հիմնական հասցեատերը, ի տարբերություն Ազատության հրապարակի, արդեն ոչ թե իշխանություններն ու նախագահ Քոչարյանն էին, այլ պողոտան արգելափակած ուժայինները։ Ղարաբաղ կոմիտեի անդամ, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյան․ «Ես ցավում եմ ձեզ համար, ձեզ ուզում են դարձնել բուլդոզներ, որպեսզի պաշտպանեք այդ թալանչիներին»։ Արտաշես Գեղամյան․ «Ձեզ կոչ եմ անում և խնդրում եմ, եթե փամփուշտով պետք է խփեք, ինչպես Չարենցը կասեր, ինձ խփե՛ք և ճանապարհը բացեք»։
Իրավապահները ճանապարը բացեցին, բայց ոչ թե ժողովրդի պահանջով, այլ իշխանությունների հրամանով՝ նպատակ ունենալով վերջ դնել 2004-ին սկիզբ առած և բավական արագորեն թափ հավաքած ներքաղաքական ճգնաժամին։ Ոստիկանության գրոհը սկիզբ առավ գիշերը ժամը 2-ի մոտ, երբ Բաղրամյան պողոտայում մի քանի հազար ցուցարար էր մնացել։ Ազատության ապրիլի 13-ի եթերում ոստիկանական գրոհի մանրամասները ներկայացնում էր Հրաչ Մելքումյանը․ «Հիմա այնպիսի վիճակ է, որ ոչ մեկը չի երևում, ով որտեղ կարողանում է, փախչում է թաքնվելու համար ․․․ հիմա ահագին մարդիկ, ցանկապատների վրայով մագլցելով, փորձում են փախչել վտանգավոր տարածքից ․․․ Մի մեծ խմբի մոտ 20-30 մարդու հետ, պարզ և անկեղծ ասած, փախանք ինչ-որ ցանկապատերի, հին քանդվող պատերի վրայով։ Տարիքով մարդիկ, վիրավորներ, կանայք իրար օգնելով փորձում էին ապաստան գտնել անծանոթ բակերի մթության մեջ ․․․ Ոչինչ չէր երևում, խոսում էինք շշուկով, որ հանկարծ չմատնենք մեր տեղը, երբ մի քիչ ուշքի եկանք մարդիկ սկսեցին պատմել․
«-Էս անելո՞ւ բան էր, էս անելու բա՞ն էր, որ արեց։
-Դուբինկով տվին, հետո գազը բրախին։
-Հետո սկսին ջրահան մեքենան մոտեցնել, ժողովրդի վրա լցնելը, մեկ էլ էդ գազը որ պայթցրին, սկսեցին էդ անելը մենք էլ գոռ-գոչյունը դրինք․․․»։
Քիչ հետո այլ խումբ մոտեցավ, մթության մեջ հազիվ ճանաչեցինք Արտաշես Գեղամյանին և «Հանրապետություն» կուսակցության առաջնորդներից Արամ Սարգսյանին․ «Որ ասեմ ամեն ինչը բացասական է, այդպես չի․ առավոտից փոշոտված էի, էդ ջրի մեքենայի միջոցով փոշին անցավ»։ Արամ Սարգսյանը ևս նկարագրելով գիշերվա իրադարձությունները և իր տեսածները ասաց, թե սա ևս մեկ անգամ ապացուցեց, որ Քոչարյանը չի կարող մնալ այս երկրում․ «Սրանով ինքը տարավ նրան, որ ինքը միանշանակ դատվելու է, միանշանակ դատվելու է բոլոր իր գործած մեղքերի համար և որևէ կոմպրոմիս էլ չի լինելու»»։
Գիշերային գործողության գլխավոր թիրախներից դարձան ընդդիմադիր լրագրողները, նախևառաջ տեսա և լուսանկարահանող լրագրողները։ «Հայկական ժամանակի» թղթակից Հայկ Գևորգյանի լուսանկարչական ապարատն, օրինակ, մեկ շաբաթում արդեն երկրորդ անգամն էին կոտրում, լրագրողի «չեզոքացմամբ» այդ գիշեր զբաղվում էր անձամբ փոխոստիկանապետ Հովհաննես Վարյանը․ «Ինքը անձամբ առաջինը բռնեց իմ ֆոտոխցիկը, ես, ճիշտն ասած, շատ զարմացա։ Ոստիկանության պետի տեղակալը էդ նույն հանձնարարությունը կարող էր տալ մեկ ուրիշին, ինչի՞ անձամբ արեց դա։ Ինքը վերցրեց, ես ինչ-որ արտահայտություն արեցի, թե ինչ ա նշանակում սա, թե հիմա կտեսնես՝ ինչ ա նշանակում, մոտավորապես էդ արտահայտությամբ գոռաց ու սկսեցին խփել»։
Բաղրամյան պողոտայում կատարված գիշերային գործողության հաջորդ օրը իշխանական մամուլը, եթե չէր ցնծում, ապա առնվազն չարախնդում էր։ Ազատության 2004 թվականի ապրիլի 13-ի եթերում մամուլի տեսությունը ներկայացնում էր Վաչե Սարգսյանը․ «Շուրջ 2 ամիս միայն իշխանափոխության անխուսափելիությունից խոսող արմատականները խայտառակ ձևով տապալվեցին, հենց ընդդիմությունն ինքը վերջին օրերին ապացուցեց, որ Հայաստանում չկան իշխանափոխության համար անհրաժեշտ օբյեկտիվ ու սուբյեկտիվ, ներքին ու արտաքին պատճառներ ու պայմաններ։ «Որո՞նք էին փրկիչների լիակատար ֆիասկոյի պատճառները» հարցադրման շրջանակում «Հայոց աշխարհը» թվարկում է. «ժողովուրդը ու մանավանդ մայրաքաղաքի բնակչության ճնշող մեծամասնությունը չգնաց արմատականների հետևից, իրավապահները անվրդով կատարեցին օրենքով սահմանված իրենց գործառույթները, արդյունքում ակնհայտ դարձավ՝ Հայաստանում իսկապես կա ուժեղ պետություն»։
«Գոլոս Արմենիի» թերթն էլ երեկվանից որակում է. «Իշխող կոալիցիայի ցանկացած կուսակցություն ընդդիմադիրներից կրկնակի ավելի միտինգավոր կարող է հավաքել, ընդդիմության միակ շանսը կոնֆլիկտային իրավիճակ սադրելն էր, և, երբ դրա դեմ կարմիր լույս վառվեց, նրանց այդ պլանները հօդս ցնդեցին»»։
Ապրիլի 13-ին ընդդիմության աջակիցների ձերբակալության ալիքը հասավ կուսակցությունների ղեկավար անդամներին և անգամ անձեռնմխելիությամբ օժտված պատգամավորներին։ Գիշերը ձերբակալված Շավարշ Քոչարյանին, օրինակ, ոստիկանությունը մեղադրում էր ցույցին հրազենով մասնակցելու մեջ։ Ձերբակալվածների թվում էին նաև «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամներ, նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, Արտակ Զեյնալյանը։ Ընդդիմադիրների 2004-ին իրականացված ձերբակալություններն, ի դեպ, առաջինն էին, որ կատարվում էին օմբուդսմենի գործող ինստիտուտի պայմաններում։ Դա, սակայն բերման ենթարկվածներին առանձնապես չէր օգնել․ «Նորանշանակ օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանն արդեն իսկ հասցրել է աչքի ընկնել մարդու իրավունքների մասին իր ունեցած ուրույն պատկերացումներով,-ձևակերպել է այսօր «Հայկական Ժամանակը»՝ փոխանցելով,- մեկուսարաններում վարչական կալանքի ենթարկվածներին այցելելով՝ նա դասախոսություններ է կարդացել հանրահավաքների վնասակարության մասին»։
2004-ի ապրիլյան անհաջող հեղափոխության իրական հերոսն ու խորհրդանիշը, սակայն, Լուսակերտի 24-ամյա բնակիչ էդգար Առաքելյանն էր։ Ընդդիմության այս աջակիցը ապրիլի լույս 13-ի գիշերը ջերմուկի պլաստիկե դատարկ շշով հարվածեց ոստիկանության զորքերի փոխգնդապետ Սահակ Մարտիրոսյանի գլխին։ Այս արարքի համար, որի հետևանքով, ի դեպ, ոստիկանության սպան նույնիսկ քերծվածք չէր ստացել, Առաքելյանին մեղադրանք առաջադրվեց քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով՝ «պետական իշխանության յուրացման հատկանիշներով»։
Հետագայում, երբ դատախազությունում թերևս հասկացան, որ ջերմուկի շշով պետական իշխանության յուրացումն ավելի շատ բան է ասում ոչ թե յուրացնողի, այլ իշխանության մասին, Առաքելյանին ներկայացված մեղադրանքը վերավորակվեց՝ 316 հոդված՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում»։ Դատախազությունը Առաքելյանի համար 2,5 տարվա ազատազրկում էր պահանջում, սակայն դատավոր Պարգև Օհանյանը Էդգար Առաքելյանին 2004 թվականի մայիսի 26-ին դատապարտեց 1,5 տարվա ազատազրկման։ 2005-ին Առաքելյանը դուրս եկավ բանտից և քիչ անց ամուսնացավ։ Երևանյան պարբերականներից մեկի տեղեկություններով ընդդիմադիր ակտիվիստի հարսանիքին ներկա էր ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը։
Սղագրությունը՝ Մարիամ Մանուկյանի