Գնաճի հայաստանյան վիճակագրություն. երբ հետպատերազմյան գնաճը հետապնդում է տնտեսությանը
Պատերազմ և գնաճ․ Համավարակով և հետպատերազմյան իրողություններով պայմանավորված 2021 թ․-ին Հայաստանում գրանցվել է վերջին 10 տարիների ընթացքում ամենաբարձր գնաճը՝ 7,2%։ Ընդ որում, 2021թ․-ի դեկտեմբերին գնաճն ավելի բարձր է եղել՝ 7,7%` 2022 թ․-ի դեկտեմբերի համեմատ։ Գնաճը վերջին անգամ պետության սահմանած թիրախային 4/+-1,5/ %-ի սահմանն անցել է միայն 2014-ին։
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները վկայում են, որ ամենաշատը թանկացել է սննդամթերքը՝ 11%-ով։ Ոչ պարենային ապրանքների գնաճը կազմել է 8,7%։ Հատկանշական է, որ 2020 թ․-ի դեկտեմբերի համեմատ շուրջ 20%-ով թանկացել է շաքարավազը, 9,1 %-ով՝ հացը, 11,8 %-ով՝ բուսական յուղերը, 13,4-ական %-ով բրինձը և պանիրը։ Բանջարեղենի շուկայում արձանագրվել է ակնհայտորեն ավելի բարձր՝ 40% գնաճ, խնդրահարույց է հատկապես կարտոֆիլի 76 %-ով թանկացումը։ Նկատվել է նաև ձվի (12,7%), մսամթերքի (7,5%), ծխախոտի (9,3%), հագուստի (8,1%), տրանսպորտի (9,1%) գնաճ։ Եվ վերջապես, 2021 թ.-ի դեկտեմբերին, 2020-ի դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի ու դիզելային վառելիքի համապատասխանաբար 43,3 և 50,4 % գնաճ [1]:
Գնաճը անխուսափելի և հաճախ նաև բնական իրողություն է ցանկացած երկրի և տնտեսության համար, քանի որ արտաքին և ներքին բազմաթիվ գործոնների դրսևորման համակցությունը կարող է հանգեցնել մակրոտնտեսական կայունության և հավասարակշռության խաթարման՝ որպես հետևանք առաջացնելով նաև գնաճային ռիսկեր։ Սակայն գնաճի այսպիսի տեմպերն իրավամբ կարելի է ռեկորդային համարել, քանի որ 2012թ.-ից ի վեր Հայաստանում նման գնաճ չի նկատվել։ Այդ տարիների ամենաբարձր գնաճը եղել է 2013 թ.-ին՝ 5,8%, իսկ դրանից առաջ՝ 2011-ին՝ 7,7% [3]։
Ընդհանուր գնաճի ֆոնին ջրի շուրջ 20 դրամով թանկացումը՝ 100 խմ-ի դիմաց 180-ից դառնալով 200 դրամ, փետրվարից էլ էլեկտրաէներգիայի միջինը 4,7 դրամով թանկացումը ընդհանուր գնաճային մթնոլորտն ավելի են շիկացնում։
Վաղուց արդեն հայտնի է, որ գների նման տատանումները սոցիալական վիճակի վատթարացում են ենթադրում հանրության գրեթե բոլոր խմբերի համար, հատկապես կենսաթոշակների, նպաստների ու աշխատավարձերի ոչ համաչափ բարձրացման պայմաններում։ Աննախադեպ թանկացումներին զուգահեռ նվազագույն աշխատավարձը 2022 թ․-ին շարունակում է մնալ 68 հազար դրամի սահմաններում, 26 հազար 500 դրամ կազմող բազային կենսաթոշակը և նպաստն ավելացել են ընդամենը 2 հազար 100 դրամով։ Հասարակության խոցելի խմբերի վրա գնաճի բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով համաշխարհային պրակտիկայում կիրառվում են տարբեր գործիքներ, որոնցից կարելի է առանձնացնել եկամուտների ինդեքսավորումը, երբ գնաճի տեմպին համապատասխան բարձրացվում էր ցածր եկամուտ ունեցող բնակչության եկամուտների չափը։ Այս հանգամանքը հնարավորություն է տալիս մեղմելու գնաճի հետևանքները եկամտային նման խմբերում գտնվող հասարակության կենսամակարդակի վրա։
2021 թ․-ին թանկացումներ նկատվեցին ամբողջ աշխարհում, սակայն հայաստանյան գնաճի տեմպերի արագացումը պայմանավորված էր նաև որոշ ներքին գործոններով։ Ընդհանուր գնաճի ֆոնին նկատելի է գյուղմթերքի արտադրության ծավալների անկման միտումը՝ ձվի արտադրությունը կրճատվել է 7,7%-ով, հացահատիկի արտադրությունը՝ մոտ 38%-ով [5]։ Արտադրության ծավալների նման տեմպերով կրճատումը, ըստ երևույթին, հետևանք է ինչպես պատերազմի արդյունքում գյուղատնտեսական նշանակության հողատարածքների կորստի, այնպես էլ տնտեսական քաղաքականության բացթողումների, քանի որ միայն գյուղոլորտի սուբսիդավորման նպատակով ծախսվել է շուրջ 40 մլրդ դրամ, այնինչ ոլորտը ներկայումս անկում է արձանագրում։
Նշենք, որ ՀՀ-ն տարեկան արտադրում է մոտ 200 հազար տոննա և ներկրում՝ մոտ 250 հազար տոննա հացահատիկ. այսինքն՝ տարեկան միջինում մոտ 450 հազար տոննա հացահատիկի պահանջարկ կա մեր երկրում։ Ընդ որում, ըստ վիճակագրական տվյալների՝ Արցախի Հանրապետությունում 2017 և 2018 թվականներին միայն արտադրվել է մոտ 135-150 հազար տոննա հացահատիկ, որից ավելի քան 100 հազար տոննան ներկրվել է Հայաստան։ Այսինքն՝ տարածքային կորուստների հետևանքով ՀՀ-ն ստիպված է 20-25%-ով ավելի հացահատիկ գնել այլ երկրներից։ Բացի այդ, մի շարք ապրանքների գծով Հայաստանի պարենային ինքնաբավության մակարդակը շարունակական անկում է գրանցում։ Մասնավորապես՝ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2020 թ.-ի դրությամբ ՀՀ-ում ցորենի ինքնաբավությունը եղել է 24,4%, եգիպտացորենինը՝ 8%, ոսպինը՝ 5,9%, ոլոռինը՝ 26,7%, բուսական յուղինը՝ 0,9%, շաքարինը՝ 38%, խոզի մսինը՝ 45,1%, թռչնի մսինը՝ 23,9% և այլն։ Գյուղատնտեսական ոլորտի ցուցանիշների բացասական միտումները հաշվի առնելով կարելի է ենթադրել, որ մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքների մասով պարենի ինքնաբավության խնդիրն էլ ավելի է սրվելու վերոնշյալ գործոններով պայմանավորված՝ մեծացնելով նաև ներմուծումից կախվածությունը։
Ռուս-ուկրանական հակամարտությունը և գնաճի նոր ալիքը․ Գնաճի հերթական ալիքն ի հայտ եկավ ռուս-ուկրանական հակամարտության սրման ֆոնին, երբ պատժամիջոցների տարաբնույթ փաթեթների կիրառումը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, ինչպես նաև վերջինիս կողմից մի շարք ապրանքների գծով արտահանման արգելքների սահմանումը խուճապային տրամադրություններ ձևավորեց հանրության շրջանում [6]։ Արդյունքում դիտարկվել է ֆինանսական շուկաների տատանողականության և տնտեսական հեռանկարների հետ կապված անորոշության էական ավելացում: ԱՄՆ-ում և եվրագոտում ընթացիկ տարում կանխատեսվում է տնտեսական աճի տեմպերի դանդաղում, իսկ Ռուսաստանում՝ տնտեսական անկում: Միաժամանակ, մատակարարման շղթաների դիտարկվող խաթարումները միջազգային ապրանքահումքային շուկաներում առաջացրել են գների զգալի աճ։ Սա արտահայտվում է գործընկեր երկրներում սպասվածի համեմատ ավելի բարձր գնաճային միջավայրի ձևավորմամբ: Պետք է նկատի ունենալ, որ ՌԴ-ն ՀՀ-ի հիմնական տնտեսական գործընկերն է, իսկ այդ երկրում դրսևորված ցանկացած շոկ, որոշակի ժամանակային լագով դրսևորվում է նաև ՀՀ-ում՝ ազդելով նաև պարտքային ցուցանիշների վրա։ Որպես ապացույց կարող ենք դիտարկել 2014 թ․-ի ռուս-ուկրանական ճգնաժամով պայմանավորված իրողություններին հաջորդող ժամանակահատվածը, երբ ՀՀ տնտեսությունը վերջինիս ազդեցությունն առավել ակնհայտորեն զգաց 2016-2017 թթ․-ին։ Ենթադրելի է, որ համանման երևույթի մենք կարող ենք բախվել նաև 2022 թ․-ին հաջորդող ժամանակահատվածում։
Բացի այդ, Ռուսաստանն ու Ուկրաինան պարենի համաշխարհային շուկայի խոշորագույն դերակատարներից են (ցորեն եգիպտացորեն, բուսական յուղ, ոսպ և այլն)։ Ուստի ակնհայտ է, որ ռուս-ուկրանական հակամարտության հետևանքով պարենի համաշխարհային գների վրա ազդելու են ոչ միայն տնտեսական պատժամիջոցները (օրինակ՝ Ռուսաստանն արգելել է ցորենի, եգիպտացորենի և այլ ապրանքների արտահանումը 2022 թվականի մարտի 15-ից օգոստոսի 31-ը), այլև պարարտանյութների և էներգակիրների գների աճը, որոնք նույնպես անմիջականորեն ազդում են պարենի գնագոյացման վրա։ Հետևաբար, հաշվի առնելով համաշխարհային շուկայի գները և սպառողների շրջանում ձևավորված խուճապային տրամադրությունները, ենթադրելի է, որ 2022 թ.-ին հայ սպառողը պարտադրված է լինելու ավելի շատ վճարել պարենի համար։
Արդյունքում` արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության վրա ակնկալվում է հիմնականում գնաճային ազդեցություն։
Կենտրոնական բանկի գործիքակազմն ընդդեմ գնաճի․ Գնաճի վերահսկումը կամ գների կայունության պահպանումը Կենտրոնական բանկի գործառույթն է։ Իր այս հիմնական նպատակներից մեկի իրագործումը ԿԲ-ն ապահովում է իր ձեռքում եղած հիմնական գործիքակազմի կիրառմամբ՝
- հաշվարկային կամ վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխություն,
- պարտադիր պահուստավորման նորմի փոփոխություն,
- բաց շուկայում գործառնությունների իրականացում:
Նկատելի է, որ ԿԲ-ն առավել ակտիվորեն կիրառում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունը՝ որպես գնաճի զսպման գործիք։
Ինչպե՞ս է գործում այս մեխանիզմը․ Երբ ԿԲ-ն բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը (դա այն տոկոսադրույքն է, որով ԿԲ-ն գումար է տրամադրում առևտրային բանկերին), ապա բանկերն էլ իրենց հերթին ավելի են բարձրացնում վարկավորման տոկոսադրույքները։ Եվ երբ բանկերում փողը՝ վարկը, թանկանում է, մարդկանց, տնտեսվարողների կողմից դրանց նկատմամբ պահանջարկը նվազում է։ Իսկ երբ քիչ վարկեր են տրվում կամ վերցվում, ապա տնտեսության մեջ փողի շրջանառությունը նվազում է։ Դա նաև նշանակում է ապրանքների, ծառայությունների նկատմամբ պահանջարկի անկում ու այդպիսով դրանց թանկացման ռիսկերի զսպում։ Նման քայլերի իրականացմամբ ԿԲ-ն ենթադրում է, որ գնաճը կզսպվի, սակայն կարող է առաջանալ տնտեսական ակտիվության սահմանափակման ռիսկ։ Երբ փողը թանկանում է, բիզնեսը դադարում է ակտիվություն դրսևորելուց կամ նվազեցնում է այն։ Որպես հետևանք ստեղծվում է մի այնպիսի վիճակ, որ ԿԲ-ն նման քայլերով կարծես խրախուսում է, որ բանկերն իրենց միջոցները ոչ թե տնտեսության մեջ ներդնեն, այլ պարտատոմս գնեն։ Այսինքն՝ ֆինանսական միջոցները ոչ թե ուղղվում են տնտեսությանը, այլ պետության պարտքային պահանջարկի բավարարմանը։
Նշենք, որ Կենտրոնական բանկը 2021 թ.-ի ընթացքում պարբերաբար բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հավաստիացնելով, որ 2022 թ.-ի սկզբից արդեն գնաճի տեմպերի դանդաղում կնկատվի՝ փաստացի չկանխատեսելով Ուկրաինայում պատերազմը ու վերջինիս էական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։ Պաշտոնական տվյալներով՝ 2022 թ.-ի փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում գրանցվել է 6,5% գնաճ:
Գնաճային միջավայրի ապակայունացումը պայմանավորված է նաև կառավարող շրջանակների միջև քայլերի կամ զսպող մեխանիզմների չհամաձայնեցված կիրառմամբ։ Մասնավորապես՝ արտաքին և ներքին շոկերով պայմանավորված գնաճային ճնշումները հետագա ամիսներին զսպելու նպատակով ԿԲ-ն գնաց վերաֆինանսավորման տոոկսադրույքի բարձրացման ճանապարհով։ Մարտի 15-ին Կենտրոնական բանկը հայտարարեց, որ միանգամից 1,25 տոկոսային կետով բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը [8]։ Այս ամենին զուգահեռ կառավարական ամբիոններից շարունակ հնչում էր այն կարծիքը, որ ՀՀ-ն 2022թ․-ին դարձյալ գնաճային լուրջ խնդիրների է բախվելու։ Արդյունքում՝ այս մոտեցումը հանրության շրջանում առաջացնում է խուճապային տրամադրություններ՝ կապված գների անորոշության հետ, իսկ վերջինս էլ տեղեկատվության ոչ բավարար տրամադրման պարագայում հանգեցնում է հակառակ էֆեկտին։ Այսինքն՝ քայլերի նման անհամաձայնեցված կիրառումը կարող է ռիսկի տակ դնել ԿԲ գործիքակազմի կիրառման արդյունավետությունը։
Նշենք, որ 2022 թ.-ի մայիսի 3-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվեց անփոփոխ՝ 9,25%, քանի որ արտաքին աշխարհից եկող բացասական ազդակները շարունակում են ներգործել ՀՀ գնաճային միջավայրի վրա (մարտ ամսին 12-ամսյա գնաճը կազմել է 7,4%), ուստի տոկոսադրույքն անփոփոխ թողնելը դեռեւս կշարունակի զսպող գործոն լինել գնաճի հայաստանյան տեմպերի համար։
Նկատենք, որ եթե շուկայում առկա է X ապրանքի գնաճ, ապա սպառողներն անմիջապես մտածում են, որ առաջիկայում այն ավելի է թանկանալու։ Թանկացման նկատմամբ վախը ստիպում է վերջիններիս մեծացնել այդ ապրանքի գնման ծավալները։ Որպես հետևանք՝ X ապրանքի նկատմամբ պահանջարկն աճում է և հագեցնում վերջինիս գնի բարձրացմանը։ Այսինքն՝ գնաճային սպասումներն ինքնաիրացվում են։ Այս պարագայում կարևոր է կառավարող շրջանակների կարգավորիչ քայլերի փոխհամաձայնեցված իրականացումը, որը ենթադրում է կիրառվող գործիքակազմին զուգահեռ հանրության տեղեկացվածության մակարդակի բարձրացում։
Տոկոսադրույքը բարձրացնելով ԿԲ-ն փորձում է զսպել սպառումն ու գնաճը։ Երբ բանկային վարկերի տոկոսադրույքները բարձրանում են, բնակչությունը սկսում է ավելի քիչ վարկ վերցնել, ավելի քիչ ծախսել ու ավելի քիչ ազդել գնաճի վրա։ Սակայն ԿԲ-ն իր որոշումներով երբեմն կարող է խոչընդոտել տնտեսական աճին։ Վարկերի ծավալի կրճատումը, հատկապես՝ բիզնես վարկերի, խոչընդոտ են տնտեսության համար՝ նվազեցնելով տնտեսության իրական հատվածում շրջանառվող փողի քանակությունը։ Այդուհանդերձ, վարկերի կրճատումը պայմանավորել միայն վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմամբ՝ սխալ կլինի, քանի որ դրանց վրա ազդել են նաև բանկերի զգուշավորությունը և մարդկանց եկամուտների նվազումը։
Կենտրոնական բանկի նոր կանխատեսումներով, որոնք հրապարակվել են մարտի 15-ին, 2022 թ.-ին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 1,6%: Մինչդեռ նախորդ տարեվերջին կանխատեսվում էր 5,3% աճ։
Կանխատեսվող ցուցանիշի նվազումը պայմանավորված է հիմնականում արդյունաբերական ճյուղի զարգացումներով։ Նախկինում կանխատեսվել էր, որ 2022 թ.-ին արդյունաբերության ճյուղը կաճեր 1,6%-ով, սակայն նոր զարգացումների արդյունքում սպասվում է, որ արդյունաբերությունը կկրճատվի 4,7%-ով։
Եզրակացություններ․ Ամփոփելով 2020-2022 թթ․-ին գնաճի հայաստանյան վարքագծի ուսումնասիրությունը՝ ընդգծենք, որ 2020 թ.-ը և դրան հաջորդող ժամանակահատվածը տնտեսական քաղաքականություն մշակող կառույցների համար կարելի է իրական փորձաշրջան համարել։ Լոքդաունյան տարաբնույթ սահմանափակումները և դրանց զուգահեռ առավելապես սոցիալական ուղղվածության պետական ծրագրերը բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ ՀՀ-ում, սրեցին գնաճային մթնոլորտը։ Համավարակի առաջին ալիքին հաջորդած հետպատերազմյան տնտեսական շոկը, որի հետևանքները դեռևս շարունակում են զգացնել տալ, ավելի թեժացրին հայաստանյան գնաճային միջավայրը՝ առաջին անհրաժեշտության ապրանքների դեպքում հանգեցնելով հաճախ նույնիսկ երկնիշ գնաճի։ Այս շղթային որպես լրացում ավելանում է ռուս-ուկրանական հակամարտության սրումը՝ հերթական փորձությունը քաղաքականություն մշակող կառույցների և հանրության լայն շերտերի համար։
Ըստ երևույթին, Հայաստանում գնաճն առավելապես պահանջարկածին է, այսինքն արտաքին և ներքին գործոնների ազդեցությամբ տնտեսվարող սուբյեկտների կողմից պահանջարկի աճը առաջարկի հարաբերական կայունության պարագայում առաջացնում է գնաճային միտումներ։
Ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը կարող է բացառել խուճապային տրամադրությունների դրսևորումը և հնարավորություն կտա ԿԲ գործիքակազմի կիրառմամբ գնաճի տեմպերի կարգավորման։
Հայաստանյան գնաճային իրադրության վերաբերյալ կարող ենք այնուամենայնիվ նկատել, որ համեմատաբար կայուն պայմաններում Կենտրոնական բանկն իր գործիքակազմի կիրառմամբ ընդհանուր առմամբ կարողանում է հասնել գնաճի տեմպերի նվազեցման իր նպատակներին, բայց նպատակային շեմի՝ 4+-1,5%, ապահովումը դեռևս չի հաջողվում ապահովել վերոնշյալ գործոններով պայմանավորված գնաճի տեմպերի արագացման պայմաններում։
ՀՀ-ն փոքր բաց տնտեսություն ունեցող երկիր է՝ նշանակալիորեն կախված արտաքին շուկաներից կատարվող ներմուծումից։ Ուստի, ներքին գործոններից զատ, ՀՀ-ում գնաճին նպաստում են արտաքին գործոնները, ինչպես օրինակ աշխարհաքաղաքական իրադրության փոփոխությունները, տնտեսական շոկերը և այլն։
Ռուս-ուկրանական հակամարտության սրման ֆոնին դեռևս նկատելի չէ որևէ հեռանկար կամ նախադրյալ, որ լայն սպառման այս ապրանքները կամ դրանցից որոշ ապրանքներ 2022 թ․-ին ինչ-որ չափով կէժանանան։
Հաշվի առնելով նաև համաշխարհային շուկայի գները և սպառողների շրջանում ձևավորված խուճապային տրամադրությունները՝ ենթադրելի է, որ 2022 թ.-ին հայ սպառողը պարտադրված է լինելու ավելի շատ վճարել պարենի համար։
Բնականաբար, իրատեսական չէ կանխատեսումներ կամ եզրահանգումներ անել մի երևույթի ազդեցության վերաբերյալ, որը դեռ ընթացքի մեջ է, շարունակում է ազդել համաշխարհային տնտեսության վրա և փոխել միջազգային կառույցների կողմից կատարվող կանխատեսումների դրսևորման ընթացքը։ Կատարված բոլոր գնահատումները և կանխատեսումներն առավելապես կրում են նախնական բնույթ և ենթակա են փոփոխության նոր իրողությունների ի հայտ գալու պարագայում (պատժամիջոցների նոր փաթեթ, հակամարտության արագ լուծում, նոր ակտորների ներգրավում և այլն)։
[1]. ՀՀ Վիճակագրական կոմիտեի կայքէջ, Հրապարակումներ, ըստ տարիների, ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2021 թվականի հունվար-դեկտեմբերին, Գներ և սակագներ, https://armstat.am/file/article/sv_12_21a_130.pdf [2]. ՀՀ Վիճակագրական կոմիտեի կայքէջ, Հրապարակումներ, ըստ տարիների, Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի հունվարին, https://armstat.am/file/article/cpi_01_2022-arm.7z [3]. ՀՀ Կենտրոնական բանկի կայքէջ, Գնաճի ընթացիկ կանխատեսում, https://www.cba.am/am/SitePages/inflationchart.aspx [4]. ՀՀ Վիճակագրական կոմիտեի կայքէջ, Վիճակագրական տարեգիրք 2021, Գներ և սակագներ, https://armstat.am/am/?nid=586&year=2021 [5]. ՀՀ Վիճակագրական կոմիտեի կայքէջ, Հրապարակումներ, ըստ տարիների, ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2021 թվականի հունվար-դեկտեմբերին, Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն, https://armstat.am/file/article/sv_12_21a_130.pdf [6]. Քոլոյան Ա․, Արևմուտքը նոր պատժամիջոցներ է սահմանում Մոսկվայի նկատմամբ, 28, փետրվար, 2022, https://www.azatutyun.am/a/31728402.html [7]. ՀՀ Կենտրոնական բանկի կայքէջ, ԴՎՔ գործիքների տոկոսադրույքներ, https://www.cba.am/am/SitePages/fmompiinterestrates.aspx [8]. ՀՀ Կենտրոնական բանկի կայքէջ, Հաղորդագրություններ և հայտարարություններ, Մամուլի հաղորդագրություն, 15․03․2022, https://www.cba.am/AM/pmessagesannouncements/Minutes_sshort_15.03.2022.pdf [9]. ՀՀ Վիճակագրական կոմիտեի կայքէջ, Հրապարակումներ, ըստ տարիների, Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի հունվարին, https://armstat.am/file/article/cpi_01_2022-arm.7z [10]. Մարտին Գալստյանի ասուլիսը. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 9.25%, 15.03.2022, https://b24.am/finance/311490.htmlԳրականություն
Հեղինակ՝ Նարինե Պետրոսյան (Narine Petrosyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: