Ուիլյամ Սարոյան. Փորձեցի մոռանալ Հայաստանը
Նախքան տատիս մեր տուն գալը ես հայերեն խոսել չգիտեի. ամեն առավոտ նա երգում էր Անդրանիկ զինվորի մասին, մինչև ես իմացա, որ նա հայ էր, մի լեռնցի գյուղացի, որ ճերմակ ձին հեծած, մի բուռ մարդկանցով մարտնչում էր թշնամու դեմ։ Դա 15 թվին էր, իմ երկրի ժողովրդի ֆիզիկական ցավի և հոգու քայքայման տարին, բայց ես ընդամենը յոթ տարեկան էի և այդ մասին ոչինչ չգիտեի։ Իմ անիմաստ թախիծով ես կարող էի պատկերացնել, որ աշխարհում ինչ-որ բան սխալ էր, բայց թե ինչը՝ չգիտեի։ Տանը գործ անելիս մեծ մայրս երգում էր, և նրա երգը ստիպում էր ինձ ինչ-որ բան հասկանալ։ Նա երգում էր վշտալի, մեծ ցասումով և բամբ ձայնով։ Կարճ ժամանակում ես սկսեցի տարբերել այդ լեզվի բառերը, քանի որ դրանք կային իմ մեջ ի սկզբանե և իմ արածը ընդամենը դրանք վերհիշելն էր։ Ես հայ էի։ Անիծված լինեն այն պոռնկորդիները, որ սարքեցին այդ պատմությունը (երբ հայ ես, այդպես է թվում. և դա սխալ է)։ Պոռնկորդիներ չկան։ Հայի կսկիծը նույնն է, ինչ որ թուրքինը։ Մնացյալն անհեթեթություն է, բայց ես չգիտեի այդ մասին։ Ես չգիտեի, որ թուրքը պարզ ընկերական և անօգնական մի մարդ է, որն անում է այն, ինչն իրեն ստիպում են անել։ Ես չգիտեի, որ նրան ատելն նույնն է, թե հային ատես, քանզի նրանք նույնն էին։ Մեծ մայրս դրանցից ոչ մի բան չգիտեր և հիմա էլ չգիտե։ Ես այժմ գիտեմ այդ ամենը, բայց ես չգիտեմ, թե դա ինչ օգուտ կարող է տալ, քանի որ աշխարհում դեռևս կա տխմարությունը, և տխմարություն ասելով ես նկատի ունեմ ամեն տեսակի ստորություն, ինչպես, ասենք, տգիտությունը, և կամ որ շատ ավելի վատ է՝ գիտակցված կուրությունը։ Աշխարհում ամեն ոք գիտե, որ այդ հատկություններն ազգային չեն․ բայց նայեք նրանց։ Նայեք Գերմանիային, Իտալիային, Ֆրանսիայի, նայեք նույնիսկ Ռուսաստանին, նայեք Լեհաստանին, հապա մի նայեք բոլոր այդ խելառ մոլագարներին։ Ես չեմ կարողանում հասկանալ․ ինչո՞ւ նրանք չեն բացումաչքերը, որպեսզի տեսնեն, որ այդ ամենը տխմարություն է։ Ես չեմ հասկանում, թե ինչու նրանք չեն սովորում գործածել իրենց ուժը կյանքի և ոչ թե մահվան համար, բայց երևում է, որ իսկապես էլ չեն ուզում։ Մեծ մայրս շատ մեծ է սովորելու համար, բայց ինչ ասես աշխարհի բոլոր այն մարդկանց, ովքեր դեռ երեսունն էլ չեն բոլորել։ Իսկ ի՞նչ պիտի լինի այդ մարդկանց հետ։ Գուցե նրանք շա՞տ երիտասարդ են սովորելու համար, կամ գուցե նրանց հատուկ է միայն մահվան համար աշխատելը։
1915 թվականին գեներալ Անդրանիկը աշխարհում տեղի ունեցող այդ խառնակության մի մասն էր կազմում, բայց ոչ իր մեղքով; Նրա համար այլ ուղի չկար և նա անում էր այն, ինչ որ ստիպված էր անել։ Թուրքերը սպանում էին հայերին, և գեներալ Անդրանիկն ու նրա ռազմիկները սպանում էին թուրքերին։ Նա սպանում էր լավ, պարզ և բարեհոգի թուրքերին, բայց նա չէր սպանում իսկական ոճրագործին, որովհետև ամեն մի իսկական ոճրագործ հեռու է մնում ռազմի դաշտից։ Ակն ընդ ական, բայց միշտ՝ սխալ աչքը։ Եվ իմ մեծ մայրը աղոթում էր գեներալ Անդրանիկի հաջողության և ապահովության համար։
Գեներալ Անդրանիկը Հայաստանում և Թուրքիայում նույն գործն էր անում, ինչ որ Արաբիայի Լոուրենսը՝ Արաբիայում։ Ուժասպառ անել թուրքական բանակը և նրան անվնաս դարձնել Իտալիայի, Ֆրանսիայի և Անգլիայի բանակների համար։ Գեներալ Անդրանիկը մի պարզ հայ գյուղացի էր, որը հավատաց Անգլիայի, Ֆրանսիայի և Իտալիայի կառավարություններին, երբ սրանք ասացին իրեն, որ իր ժողովուրդն ազատություն կստանա թուրքական բանակին անհանգստացնելու շնորհիվ։ Նա մի արկածախնդիր և անհանգիստ անգլիացի գրող չէր, որը փորձում էր ինքն իր հետ համաձայնության գալ, թե ինչն է աշխարհում մնայուն իր համար, և ի տարբերություն Արաբիայի Լոուրենսի, գեներալ Անդրանիկը չգիտեր, որ իր արածը հիմար է և անօգուտ, քանի որ խառնակությունից հետո Անգլիայի, Ֆրանսիայի և Իտալիայի կառավարությունները պիտի դավաճանեին նրան։ Նա չգիտեր, որ ուժեղ կառավարությունը կարիք է զգում և փնտրում է մի այլ ուժեղ կառավարության բարեկամությունը, և պատերազմից հետո նրա և Հայաստանի ժողովրդի համար ոչինչ չէր մնացել։ Ուժեղ կառավարությունները խոսում էին Հայաստանի համար որևէ բան անելու մասին, բայց նրանք երբեք և ոչինչ չարեցին։ Եվ այդպես պատերազմն ավարտված էր, և գեներալ Անդրանիկը սոսկ մի մի զինվոր էր՝ և ոչ թե զինվոր և միաժամանակ դիվանագետ և գրող։ Նա զուտ հայ էր։ Նա թուրքական բանակի դեմ չէր կռվում նրա համար, որ դա կարող էր իրեն գրելու նյութ տալ։ Նա նույնիսկ երկու բառ էլ չի գրել այդ ամբողջ պատերազմի մասին։ Նա կռվում էր թուրքական բանակի դեմ, քանի որ ինքը հայ էր։ Երբ պատերազմն ավարտվեց և սկսվեցին դիվանագիտական բանակցությունները, գեներալ Անդրանիկը կորավ։ Թուրքական կառավարությունը նրան դիտում էր որպես ոճրագործ և մի մեծ գումար առաջարկեց նրան ողջ կամ մեռած բռնելու համար։ Գեներալ Անդրանիկը փախավ Բուլղարիա, բայց թուրք հայրենասերները հետևեցին նրան, և նա ստպված էր անցնել Ամերիկա։
Քեռիս նստած էր գրասեղանի մոտ և հուզված ծխում էր։
-Անդրանիկին տեսա՞ր,-ասաց նա հայերեն։
Հայերեն մենք երբեք նրան գեներալ Անդրանիկ չէինք ասում, այդպես էինք անվանում միայն անգլերեն։
-Այո, տեսա,-ասացի ես։
Քեռիս շատ հուզված էր։
-Ահա քեզ քառորդ դոլար, գնա և մի մեծ ու սառը ձմերուկ բեր։
Երբ ես վերադարձա ձմերուկը ձեռքիս, գրասենյակում չորս մարդ կար՝ «Ասպարեզի» խմբագիրը, մի ուրիշ փաստաբան և երկու հաճախորդ ագարակապաններ։ Նրանք բոլորը ծխում էին ու խոսում Անդրանիկից։
Քեռիս ներկայացրրեց ագարակատերերից մեկին, իսկ փաստաբանը՝ մյուսին։ Քեռուս հաճախորդն ասաց, որ ինքը երեք տարի առաջ 200 դոլար էր տվել մյուս ագարակապանին, մինչդեռ սա պնդում էր, թե ինքը երբեք ոչ մեկից և ոչ մի փեննի պարտք չի վերցրել։ Այս էր վեճի նյութը, բայց հիմա արդեն ոչ ոք դրա մասին չէր մտածում։ Մենք բոլորս ձմերուկ էինք ուտում և ուրախ-ուրախ խոսում Անդրանիկից։ Վերջապես մյուս հավատարմատարն ասաց․-Ի՞նչ կասեք այս փոքր խնդրի մասին։
Քեռիս ձմերուկի մի քանի սերմ թքեց թքամանի մեջ և շրջվեց մյուս փաստաբանի հաճախորդի կողմը։
-Հովսեփը քեզ երեք տարի առաջ 200 դոլար պարտք տվե՞լ է,-ասաց նա։
-Այո, ճիշտ է,-ասաց մյուս ագարակապանը։
Նա մատներով փորեց-հանեց ձմերուկի սրտից մի մեծ պատառ և հրեց այն բերանը։
-Բայց չէ՞ որ երեկ դու ինձ ասացիր, որ նա քեզ ոչ մի փեննի չի տվել,-ասաց մյուս փաստաբանը։
-Այդ երեկ էր,-ասաց ագարակապանը,-այսօր ես տեսա Անդրանկին։ Ես փող չունեմ, բայց ես կվճարեմ նրան, հենց որ բերքս հավաքեմ։
Կալիֆոռնիայում ապրող ամեն մի հայ երջանիկ էր, որ հին երկրից ժամանել է Անդրանիկը։
Դրանից վեց կամ յոթ ամիս անց Անդրանիկը եկավ քեռուս գրասենյակ, երբ ես էլ այնտեղ էի։ Եվ ես էլ քեռուս հետ միասին վեր ցատկեցի և ես նույնպես սիրում էի նրան, բայց միայն նրան՝ Անդրանիկին, մեծ մարդուն, որ դարձել էր ոչինչ՝ անօգնական զինվորին, էժան և կեղծ խաղաղությամբ լի մի աշխարհում, որտեղ խաբված էր ինքը և իր ժողովուրդը, և Հայաստանն էլ միայն մի հուշ էր։
Նա հանդարտ խոսում էր մոտ մեկ ժամ և ապա՝ թողեց ու գնաց, և երբ ես նայեցի քեռուս, նրա աչքերում արցունքներ կային և նրա բերանը ցնցվում էր, ինչպես մանկան բերանը, որը մեծ ցավ է զգում, բայց իրեն զսպում է, որ լաց չլինի։
Ահա թե ինչ դուրս եկավ մեր փոքր մասնակցությունից 1915 թվականի կեղտոտ գործերին։ Եվ նույնը կլիներ նաև այլ ազգերի հետ՝ մեծ թե փոքր, նաև շատ տարիներ դրանից հետո, քանի որ այդ ճանապարհը ամենավատ ճանապարհն է, ամենավատնող ճանապարհն է, և եթե նույնիսկ քո ազգը բավականաչափ ուժեղ է պատերազմը շահելու համար, միակ վերջնական հետևանքը մահն է, ինչպիսին էլ այն լինի, մահը՝ և ոչ թե կյանքն է միակ վերջը, և դա վերաբերում է մարդկությանը և ոչ թե որևէ ազգի, քանի որ բոլորը մեկ ազգ են, մեկ կյանք, ուրեմն ինչո՞ւ նրանք չեն փոխում իրենց ուղին։ Ինչո՞ւ են նրանք շարունակում հիմարացնել իրենք իրենց։ Նրանք գիտեն, որ կան ուժեղ լինելու բազմաթիվ այլ, առավել լավ ճանապարհներ, քան թվապես ուժեղ լինելու ճանապարհը։ Ուրեմն ինչո՞ւ նրանք չեն դադարեցնում դա։ Ի՞նչ են ուզում նրանք անել, բոլոր այդ հիանալի, բարյացակամ ու պարզ մարդիկ, որ պատկանում են աշխարհի բոլոր ազգերին։ Թուրքը հայի եղբայրն է, և նրանք գիտեն այդ։ Գերմանացին, ֆրանսիացին, ռուսն ու լեհը, ճապոնացին, չինացին, նրանք բոլորը եղբայրներ են, նրանք բոլորը փոքրիկ մահկանացու ողբերգական էություններ են։ Ինչո՞ւ են նրանք ուզում սպանել մեկմեկու։ Ի՞նչ լավ բան կարող է դա տալ նրանցից որևէ մեկին։
Ես սիրում եմ այն աճող զվարթությունը, որն առաջանում է, երբ մարդու մարմինն ու միտքը հակադրվում են որևէ մեծ ուժի, բայց ինչո՞ւ պիտի այդ ուժը լինի մարդու եղբայրը ոչ թե մի այլ բան, որին այդչափ հեշտ չէր լինի հասցնել մահվան դռանը։ Մի՞թե այդ գրողի տարած պատերազմը չի կարող լինել մի ավելի վեհ պատերազմ։ Մի՞թե իրագործված է մարդու ամեն մի վսեմ նպատակ։ Մի՞թե ուրիշ ոչինչ չկա անելու, սպանելուց բացի։ Ամեն ոք գիտե, որ կան բաներ, որ անհրաժեշտ է անել, ուրեմն ինչու նրանք վերջ չեն տալիս իրենց գարշելի գործերին։
Պատերազմն իհարկե թուրքերի դեմ էր։ Մյուս թշնամիները պակաս ակտիվ էին, քան թուրքերը, բայց աչալուրջ էին։ Երբ ժամանակը եկավ, սրանցից մեկը հանուն սիրո, և ոչ ատելության, կարճ ժամանակում ավարտին հասցրեց այն․ ինչը թուրքերը, որոնք ավելի ազնիվ էին և որոնց ատելությունը բացահայտ էր, ավարտին չէին հասցրել հարյուրավոր տարիների ընթացքում։ Դրանք ռուսներն էին՝ նորեկները։ Իհարկե, դրանք իրականում հներն էին, բայց նրանք այժմ ունեին նոր տեսություն և ասում էին, որ իրենց գաղափարը եղբայրությունն է աշխարհով մեկ։ Նրանք զենքի ուժով ստիպեցին, որ Հայաստանը դառնա իրենց եղբայրը, բայց եթե նրանց նպատակը իսկապես եղբայրությունը լիներ, հոգ չէր լինի։ Նրանք սպանեցին հայ զինվորականության բոլոր առաջնորդներին, բայց ոչ ոք դրա դեմ դուրս չեկավ։ Հայաստանի հայերից շատ քչերն էին ցանկանում դառնալ նոր ռուսների եղբայրները, բայց նրանք բոլորն էլ քաղցած էին և ձանձրացել էին պատերազմից․ և այդ է պատճառը, որ նոր թշնամու դեմ ապստամբությունը եղավ կարճատև ու ողբերգական։ Թվում էր, թե ողջ աշխարհը պարզապես չէր ուզում թույլ տալ, որ հայերն ունենան իրենց երկիրը, նույնիսկ հազարավոր տարիներ այն չունենալուց հետո, նույնիսկ այն բանից հետո, երբ սպանվել էր Փոքր Ասիայի հայերի կեսից ավելին։ Նրանք իսկապես չէին ուզում, որ հայերն ունենան իրենց պետությունը։ Այսպիսով, դուրս եկավ, որ հայ ռազմական առաջնորդները պարզապես ոճրագործներն էին և նրանց գնդակահարեցին։ Այս է ամենը։ Ռուս եղբայրները պարզապես գնդակահարեցին նրանց։ Ապա նրանք հայերին ասացին, որ նրանք չվախենան, որ թուրքերն այլևս նրանց չեն անհանգստացնի։ Եղբայրական ռուս զինվորները քայլում էին Հայաստանի քաղաքներով և ամենքին ասում էին, որ չվախենան։ Ամեն մի զինվոր հրացան ուներ։ Մեծ եղբայրության զգացմունքը ողողել էր Հայաստանը։
Ես փորձեցի մոռանալ Հայաստանը, բայց չկարողացա։ Իմ ծննդավայրը Կալիֆոռնիան է, բայց ես չկարողացա մոռանալ Հայաստանը։ Ուրեմն, ո՞րն է մարդու Հայրենիքը։ Արդյո՞ք դա աշխարհի մի մասը կազմող հողակտորն է, որոշակի մի վայրում։ Այնտեղի գետերը, լճերը, երկինքը, լուսնի և արևի հայտնվելու կերպը, թե՞ մարդու հայրենիքը ծառներն են, խաղողի այգիները, խոտը, թռչունները, ժայռերը, բլուրները, լեռներն ու հովիտները։ Գուցե այդ վայրի ջերմաստիճա՞նը՝ գարնանն, ամռանն, ու ձմռանն։ Գուցե այդ տեղ ապրելու կենսառի՞թմը։ Խրճիթներն ու տները, քաղաքների փողոցները, սեղանները ու աթոռնե՞րը, թեյն ու զրո՞ւյցը, թե՞ ամռան կիզիչ արևի տակ ճյուղի վրա հասունացող դեղձը։ Թե՞ այդ հողում թաղված հանգուցյալը։ Գուցե չծնված սիրո սկի՞զբը, գուցե այդ երկրի վայրերում երկնի տակ խոսվող լեզվի հնչյու՞նը։ Այդ լեզվի տպված բառը։ Այնտեղ նկարված նկա՞րը։ Այդ կոկորդի ու սրտի ե՞րգը։ Այդ պա՞րը։ Գուցե մարդու հայրենիքը նրա շնորհակալ աղոթքնե՞րն են՝ օդին, ջրին, հողին, կրակին ու կյանքին հղված։ Գուցե նրանց աչքե՞րն են, նրանց ժպտացող շուրթե՞րը, թախի՞ծը։
Ես գնացի, որ տեսնեմ։ Որ պարզեմ, որ շնչեմ այդ օդը, որ լինեմ այդ վայրում։
Հայաստանի խաղողի ողկույզները դեռևս հասած չէին, բայց դրանց թարմ կանաչ տերևները և որթատունկերը ճիշտ այնպիսին էին, ինչպես Կալիֆոռնիայի որթատունկերը, և Հայաստանի հայերի դեմքերը ճիշտ այնպիսին էին, ինչպես Կալիֆոռնիայի հայերի դեմքերը։ Արաքս և Քուռ գետերը դանդաղ հոսում էին Հայաստանի բարեբեր հողի միջով, ինչպես Քինգզ և Սան Հոակին գետերը հոսում են իմ ծննդավայրի հովտով։ Եվ արևը ջերմին ու բարի էր, ոչ պակաս քան Կալիֆոռնիայի արևը։
«Ներշնչում և արտաշնչում» ժողովածու, 1936թ․
ՀԱՅՔ՝ Հայոց Համազգային Շարժման պաշտոնաթերթ | Հայք N 3, Փետրվար 1990
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ