Ոսկեղենիկ #21

Ոսկեղենիկ նախաձեռնության 2022 թ. մայիսի հրապարակումները

Նախաձեռնության գաղափարը հղացվել և իրագործվում է կազմակերպության Թարգմանիչների ու խմբագիրների բաժնի հայերենի խմբագիրների կողմից: Ի սկզբանե նախաձեռնության նպատակն է վեր հանել հայերենում տարածված ու առօրյայում կիրառվող սխալները, բացատրել և ցույց տալ վերջիններիս ճիշտ տարբերակները՝ նպաստելով մայրենի լեզվում գրագետ խոսքի ձևավորմանը։ Այժմ նախաձեռնության շրջանակներում ներկայացվում են նաև հայերեն և փոխառյալ մի շարք բառերի ու արտահայտությունների ծագման պատմությունը:

Աստծո գառ

Ինչպե՞ս կարող ես այսքանից հետո անվերապահորեն վստահել այդ երիտասարդին` նրան Աստծո գառ հորջորջելով. չէ՞ որ մինչ այս ոչնչից մեծ աղմուկ բարձրացնելու որևէ հնարավորություն բաց չի թողել:

Ըստ Ավետարանի` Հովհաննես Մկրտիչը, տեսնելով, որ Հիսուսը մոտենում է իրեն, բացականչում է. «Ահա Աստծո գառը, որ աշխարհի մեղքերն է վերցնում իր վրա»: 

«Աստծո գառ» արտահայտությունը դարձել է թևավոր խոսք և նշանակում է հեզաբարո, հեզահամբույր, անվնաս, պարզամիտ մարդ, անմեղ, մաքուր էակ: Որոշ դեպքերում օգտագործվում է նաև հեգնանքով:

Աղբյուրը`

Թևավոր խոսքեր և շրջասույթներ

Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան

ՊԱՌԿԵԼ ԹԵ՞ ՊԱՐԿԵԼ 

Տարածված սխալ է դարձել «պառկել» բառը սխալմամբ ր-ով գրելը (պառկել)։ Որևէ բառի ուղղագրությունը իմանալու համար կարևոր է իմանաալ, թե ինչ բաղադրիչներից է այն կազմված։

«Պառկել» բառի հիմքում «պառակ» արմատն է, որ նշանակել է «կող», որից էլ ձևավորվել է «պառակիլ» բայը՝ «կողի վրա ընկնել, պառկել» իմաստով։

Այս նույն «պառակ» արմատից են կազմված նաև «պառակտել», «երկպառակություն» բառերը։

Աղբյուրը՝

Հր. Աճառյան, Հայերեն արմատական բառարան

Անառակ որդու վերադարձ

Երբ դառն օրերի անխինդ խոհերում,

Վհատությունն է տիրում իմ սրտին,

Մեր Ճեմարանն եմ ես մտաբերում,

Որպես հոր տունը անառակ որդին…

«Անառակ որդի» արտահայտությունը ծագում է անառակ որդու մասին աստվածաշնչյան առակից։ Առակը պատմում է երկու որդի ունեցող մի մարդու մասին, որի որդիներից կրտսերը հորից պահանջում է ունեցվածքի իր բաժինն ու հեռանում  տնից՝ անառակ կյանքով ապրելով ու ունեցվածքը վատնելով։ Ամեն ինչ սպառելուց և սովի մատնվելուց հետո նա վերադառնում է հոր մոտ ու զղջում, և հայրը ներում է նրան։

«Անառակ որդի» արտահայտությունը գործածվում է «չար, անկարգ, ծնողներին չհնազանդվող, ծուռ ճանապարհով գնացող, հայերնական տունը (հայրենիքը) լքող (զավակ)» իմաստներով:

Աղբյուրը՝
Ա. Սուքիասյան, Ս. Գալստյան, Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան