Ոսկեղենիկ #22

Ոսկեղենիկ նախաձեռնության 2022 թ. հունիսի հրապարակումները

Նախաձեռնության գաղափարը հղացվել և իրագործվում է կազմակերպության Թարգմանիչների ու խմբագիրների բաժնի հայերենի խմբագիրների կողմից: Ի սկզբանե նախաձեռնության նպատակն է վեր հանել հայերենում տարածված ու առօրյայում կիրառվող սխալները, բացատրել և ցույց տալ վերջիններիս ճիշտ տարբերակները՝ նպաստելով մայրենի լեզվում գրագետ խոսքի ձևավորմանը։ Այժմ նախաձեռնության շրջանակներում ներկայացվում են նաև հայերեն և փոխառյալ մի շարք բառերի ու արտահայտությունների ծագման պատմությունը:

Անրադառնալ թե՞ անդրադառնալ

Տարածված գրության սխալ է «անդրադառնալ» բառը առանց առաջին դ-ի՝ անրդառնալ ձևով գրելը։ Դարձյալ անդրադառնաք բառի կազմությանը։

«Անդրադառնալ» բառը կազմված է անդր(ա) և դառնալ բաղադրիչներից, հետևաբար անդրադառնալ ձևով գրությունը որևէ կերպ հնարավոր չէ հիմնավորել։ Նույն կերպ սխալ է գրել անրադարձ, պետք է լինի անդրադարձ։

Բառասկզբի անդր- ածանցը այն նույն անդր-ն է, որը կա նաև անդրաշխարհ, անդրավարտիք, անդրծովյան և այլ բառերում։

Աղբյուրը՝ 

  1. Էդ. Աղայան, Ընդհանուր և հայկական բառագիտություն

Սատանայի փաստաբան

Մի՞թե կհաղթի քո մեջ նյութապաշտությունն ու կդարձնի քեզ սատանայի փաստաբան` մոռացության մատնելով քո ուղղամտությունն ու սկզբունքները:

Դեռևս միջնադարյան ժամանակաշրջանում կաթոլիկ եկեղեցիներում կար «սատանայի փաստաբան»-ի պաշտոն: Վերջինիս պարտականությունը հերթական նահատակների կանոնացման արդարացիության դեմ ծանրակշիռ փաստեր հավաքագրելն էր` ապացուցելու, որ իրականում բոլոր սրբադասվածները մեղսավորներ են և արժանի չեն «սուրբ» հորջորջվելու:

Սատանայի փաստաբանի գործունեությունը զսպելու և հակակշռելու համար ակտիվ գործունեություն էին ծավալում «Աստծո պաշտպան»-ները:

Այժմ «սատանայի փաստաբան» արտահայտությամբ պիտակավորում են մարդկանց, որոնք գործում են հանուն այնպիսի արժեքների ու գաղափարների, որոնք անձամբ իրենք անգամ չեն ընդունում, կամ էլ մարդկանց, որոնք ցանկացած լավ բանի մեջ կարողանում են բացասականը տեսնել ու բարձրաձայնել:

Աղբյուրը`

  1. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Թևավոր խոսքեր և շրջասույթներ

Հոգեբարձու թե՞ հոգաբարձու

«Հոգաբարձու» բառը հաճախ կիրառվում է «հոգեբարձու» սխալ ձևով։ Այս սխալի պատճառը բառի առաջին բաղադրիչի սխալ ընկալումն է. որպես առաջին բաղադրիչ ընկալվում է հոգի-ին, որի վերջին ի-ն ա հոդակապի հետ դառսնում է ե, ինչպես օրինակ «հոգեզավակ» (հոգի+ա+զավակ), «հոգեբան» (հոգի+ա+բան), «հոգեպարար» (հոգի+ա+պարար), «հոգեառ» (հոգի+ա+առ) բառերում։

Սակայն «հոգաբարձու» բառի առաջին բաղադրիչը ոչ թե հոգի-ն է, այլ հոգ-ը։ Դա այն «հոգ» արմատն է, որը կա «հոգատար», «մտահոգ», «հոգածություն» բառերում։ «Հոգաբարձու» բառացի նշանակում է հոգը (խնամքը) բարձող (տանող, կրող), այսինքն՝ խնամատար։

Աղբյուրը՝ 

  1. Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան 

Եվ դո՜ւ, Բրուտո՜ս

Եվ դո՜ւ, Բրուտո՜ս, վաճառվեցիր բոլշևիկներին…

Մ.թ.ա. 44 թվականին Կեսարը դավադիրների խմբում տեսնում է Բրուտոսին, որն այն եզակիներից էր, որին Կեսարը հավատարիմ ու անդավաճան էր համարում:

Սկզբում Կեսարը դիմադրեց հարձակմանը, սակայն, տեսնելով Բրուտոսին, արտաբերեց «Եվ դո՜ւ, Բրուտո՜ս» արտահայտությունը, որին էլ հետևեց դաշույնով խոցումը։

«Եվ դո՜ւ, Բրուտո՜ս» արտահայտությունը թևավոր խոսք է դարձել և օգտագործվում է, երբ անսպասելիորեն բացահայտվում է ընկերոջ, բարեկամի անհավատարմությունը կամ դավաճանությունը:

Աղբյուրը` 

Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Թևավոր խոսքեր և շրջասույթներ