Հայք 24 | Մի հրդեհիր քո տունը

Գլորվող ձնագնդի նման իրադրության վատթարացումը երկրում աճում է ժամ առ ժամ։ Ոչ ոք չգիտի՝ գահավիժելո՞ւ է այն անհատակ անդունդ, կայունանալո՞ւ է արդյոք կամ գուցե թե ինչ-որ հրաշքով բռնելու է վերելքի ուղին։ Հնարավոր են իրադրության զարգացման ցանկացած տարբերակները՝ ամենամռայլից մինչև ամենալուսավորը։

Մեզ, բնական է, առաջին հերթին հետաքրքրում են մեր հանրապետության, հայ ժողովրդի ապագայի հետ կապված հարցերը։ Երկրի բարձրագույն ղեկավարությունը ոչ միայն փորձ չի անում թաքցնելու, որ վերջնական նպատակը ուժի դիրքերից հայ ժողովրդին ծնկի բերելն է՝ արցախահայության պահանջից ինչպես բուն ԼՂԻՄ-ի, այնպես էլ ՀԽՍՀ-ի ազգաբնակչության հրաժարումը, այլև, ընդհակառակը, ավելի է ընդգծում նման քաղաքականությունը շարունակելու իր վճռականությունը։

Ռուսաստանի հանդեպ ունեցած հավատին հասցված շշմեցուցիչ հարվածից փոքր-ինչ ուշքի գալով, մենք ամենայն հստակությամբ հասկացանք, որ կուրություն կլինի չտեսնել, հաշվի չառնել ու չելնել այն իրականությունից, որ բոլորովին էլ չի բացառվում մասսայական արյունահեղությունների հնարավորությունը։

Բնականաբար, ծառանում է ստեղծված իրավիճակում հնարավոր առավելագույն ազգանպաստ քաղաքականություն վարելու, այդ քաղաքականության հիմնադրույթները մշակելու և դրանք բազմակողմանի համոզիչ փաստարկներով զինելու, ինչպես նաև գոնե մոտակա ապագայի հեռանկարը կանխատեսելու անհրաժեշտությունը։

Արցախահայության պահանջին սատար ազգային միասնության կարճատև հորձանքը տրոհվեց՝ բախվելով տարատեսակ դժվարությունների և արգելքների։

Առաջացած քաղաքական հոսանքների և ուղղությունների ճնշող մեծամասնությունը միտումնավոր ստեղծված և արհեստականորեն ձգձգվող անիշխանության պայմաններում տեսական հարցերում ունեցած դիմակայությունից աստիճանաբար սկսում է կանգնել խիստ վտանգավոր, ազգակործան ռազմական դիմակայության դիրքերի վրա։

Հինգերորդ շարասյունը մեր շարքերում այս պահին իրենից հազարապատիկ ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան մնացած բոլոր հնարավոր վտանգի աղբյուրները միասին վերցրած։

Խիստ մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ հանրապետությունում այսօր ակտիվորեն գործող գրեթե բոլոր հասարակական-քաղաքական կազմակերպությունները որդեգրել են ուժային ճնշման գործելակերպը։ Նման գործելակերպին մեծ չափով խթանում է Հայաստանի կոմունիստական կուսակցության գործունեությունը։ Եթե կուսակցության ղեկավարության մեջ պահպանվել է սթափ դատելու ընդունակ գեթ մեկ օղակ, ապա, գոնե ինքնապաշտպանության բնազդից ելնելով, պետք է հասկանան, որ կուսակցությունը կարող է երկարաձգել իր գոյությունը լոկ այն դեպքում, եթե իր տրամադրության տակ եղած բոլոր հնարավորությունները, իշխանության պատրաստի մեխանիզմներն ու համակարգերը ծառայեցնի ժողովրդի կենսական պահանջների բավարարմանը։ Հակառակ դեպքում այն դատապարտված է քաղաքական մահվան։ Սակայն դա իրականանալու քիչ հույսեր ներշնչող ակնկալիք է։

Ամենամեծ վտանգը, որ ամբարված է ընթացիկ պահի մեջ՝ արցախահայության ազգային ինքնորոշման համար մղվող պայքարը քաղաքական ուղուց խորհրդային բանակի հետ բացարձակապես անիմաստ և որևիցե հեռանկարից զուրկ ռազմական բախումների ուղի տեղափոխելու հավանականությունն է։ Այժմ հանրապետությունում ազատ-արձակ գործող մեծ թվով ռազմականացված կազմակերպությունների առկայության պայմաններում, համապատասխան մասնագիտացված մարմինների համար շատ դյուրին է Միության հասարակայնությանը հրամցնել վերը նշված նպատակին ծառայող սադրանքը։

Մի բան է համարձակություն չունենալ մտնել կրակ ընկած տունը՝ այն հանգցնելու համար և բոլորովին այլ բան, երբ ինքդ քո ձեռքով հրդեհես սեփական տունդ՝ փախչել-փրկվելու անկարող ծերերին և երեխաներին թողնելով ներսում։

Կարո՞ղ է արդյոք որևէ մեկը խելքին մոտ մի բացատրություն տալ, թե ում են պետք և ինչին են ծառայում արդեն գրեթե 100-ի հասնող այն կազմակերպությունները, որոնք արհեստական աժիոտաժ են ստեղծում մեր շուրջը։

Ես հասկանում եմ, որ կեսարյան՝ «ավելի լավ է այս գյուղում առաջինը լինեմ, քան Հռոմում երկրորդը» դատողության համաբանությամբ գերադասելի է ղեկավարել 10-50-100 մարդուց կազմված մի «թիմ», քան լինել մեկը տասնյակ հազարներից, որոնք կանգնած են համընդհանուր ճանաչում գտած Համազգային Շարժման դրոշի ներքո (ինքս էլ բոլորովին ամեն ինչում չէ, որ համաձայն եմ նրա գործողությունների հետ), սակայն պատմության մեջ հավերժանալու մարմաջը գուցե խելք ունենանք թողնելու ավելի ապահով ժամանակների համար։ Եվ ինչն է հետաքրքիրն ու բնորոշը. որքան փոքր է կազմակերպությունը, այնքան ավելի մեծ է ամեն ինչին մարտնչող ժխտողական դիրքերից մոտենալու, ամեն ինչին հակադրվելու ինքնանպատակ, իմաստազուրկ միտումը, որքան ավելի մշուշապատ և անիրագործելի է առաջարկվող ճանապարհը, այնքան հաճախ խելամիտ փաստարկներին փոխարինելու է գալիս արհեստականորեն գրգռվող պաթետիկ տոնը՝ վերաճելով գրեթե հիստերիայի։

Ուզում ենք հավատալ ևս մեկ բանի. որ վերջին տարիներին ստեղծված բոլոր հասարակական քաղաքական կազմակերպությունների բարձրագույն նպատակը ազգային շահերին ծառայելն է, այլ ոչ սեփական ժողովրդին ստրկացնելու բոլշևիկյան «փայլուն» օրինակի այլատեսակ պատմական կրկնությունը, ինչ կերպարանքով էլ հանդես գա այն։

Ռուբեն Ադամյան


ՀԱՅՔ՝ Հայոց Համազգային Շարժման պաշտոնաթերթ | Հայք N24, 22 հուլիսի 1990թ․


Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ