Հայք 20 | Հիշենք՝ ինչի համար ելանք կռվի

Ստրկության, հավատասպանության ու հոգեզրկության տասնամյակները ոչ միայն ֆիզիկական կորուստներ արժեցան հայ ժողովրդին։ Դարերով մշակված, բյուրեղացած ազգային բարոյական դիմագիծը խաթարվեց, և հոգևոր հավաքականության հիմքերի փլուզումով ազգը խոցելի դարձավ միասնությունը կործանող, իրեն պարտադրված օտարամուտ ախտերի հանդեպ։ Իր բարոյական կերտվածքին խորթ նյութապաշտությունը, անբարոյականությունը, անհավատությունը ցեցի պես քայքայել սկսեցին ժողովրդի հոգևոր հյուսվածքի ամբողջականությունը։

Եվ զարմանալի չէ, որ այսօր, ազգային ոգու արթնացումից հետո էլ, ազատագրական պայքարի բուռն շրջանում, տասնամյակների ընթացքում առաջացած այդ ճեղքվածքը անդունդ դառնալու սպառնալիքով է նայում մեր աչքերին։

Ստրկության պինդ շղթաներով ու իրենց իշխանավարության ընթացքում գործած հանցավոր մեղքերով կայսրության հետ կապված կուսակցական վերնախավը ժողովրդի ճակատագրի համար վճռական պահերին կամա թե ակամա դավաճանում է ազգային շահերին։ Հարկավոր պահերին նրանց օգնության են նետվում պաշտոնական մտավորականները։ Ստրկամտությամբ կարծրացած իրենց օտարամոլությամբ, անբուժելի հիվանդ՝ տասնամյակներ շարունակ կայսրության քարոզած այն գաղափարով, թե մեր ազգը ինքնուրույն չի կարող ապահովել իր գոյությունն ու զարգացումը՝ կախված աշխարհաքաղաքական պայմաններից, նրանք փաստորեն անվստահություն են սերմանում ժողովրդի մեջ՝ սեփական ուժերի նկատմամբ, պառակտում ժողովրդական շարժումը և որոշակի պահերին, հենվելով նրանց վրա, կայսրությունը հալածանքներ ու բռնություն է գործադրում շարժման դեմ, վարկաբեկում նրա գործիչներին։

Ահա թե ինչու կայսրությունը և նրա տեղական իշխանատենչ դրածոներին հաջողվում է իրենց իսկ ստեղծած որոշակի փուլերում ջլատել շարժումը, թուլացնել նրա թափը։

Ապագայի նկատմամբ վստահությունը կորցրած և սովի մշտական ուրվականով վախեցած գյուղացիությունը, որից նույնպես բոլշևիկները խլեցին հավատը և նյութապաշտության կորստաբեր թակարդը գցեցին, կա, չեզոք է, կամ բոլշևիկյան ճորտատիրության իրականացնող տեղական իշխանիկների անսահմանափակ իշխանությունից և անպատժելիությունից վախեցած, հնազանդ է մնում նրանց կամքին՝ ակամա գործիք դառնալով ապազգային քաղաքականության ձեռքին։ Դա պարզորոշ երևաց ընտրությունների ժամանակ։

Ազգային ազատագրական պայքարի ողջ ծանրությունը կրում է ժողովրդի և միջին մտավորականության առողջ, ստրկամտությունից ազատագրված, ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող մասը։ Հենց այս հատվածն է կայսրության դեմ դժվարին պայքարում հաղթանակի երաշխիքը, ժողովրդի համախմբվածության անթեքելի առանցքը և, բնականաբար, հենց նրա դեմ էլ շարժման հակառակորդներն ուղղում են հարվածի հիմնական ուժը։

Ժողովուրդը մի պահ շփոթվեց, շարժման ուղղագիծ ալիքը կրկին ճեղքեր տվեց, տարտղնեց… Կասկածելի արագությամբ ծլեցին զինված ջոկատներ, որոնք թվում է, պիտի անմիջապես սահմաններ մեկնեին՝ փոխարինելու ամիսներով ու տարիներով տան երես չտեսած տղերքին։ Այսպես չեղավ։ Քչերը գնացին։ Եվ Հայաստան աշխարհի գյուղերում, քաղաքներում, ճանապարհներին, պետական ու մասնավոր ռեստորաններում, ընտրական տեղամասերի մոտ տեղավորվեցին, հեռուստատեսությամբ էկրաններին թրթռացին զինավառ տղերք… Շրջկոմների քարտուղարների ու վերադասների կեցվածքը խրոխտացավ, իսկ ժողովուրդը… շփոթմունքի ու վախի մեջ ընկավ։ Զավակները՝ սեփական ժողովրդի դեմ։ Դիակներ հայտնվեցին։ Հայերի։ Ոչ ռուսի կամ թուրքի ձեռքով։ Սեփական «ֆիդայիների»։ Կենցաղ դարձավ կողոպուտը, թալանը։ Շարժման թշնամին կարողացավ հրաշալի օգտագործել ազգի թափթփուկներին, հանցագործ տարրերին, բարոյազուրկներին։ «Քաղաքային-թալանչիական-աղայական» այդ նոր տարատեսակի «ֆիդայության» թափառախմբերում ազգանվեր ու անձնուրաց տղաներ կան, որոնց մի մասը խաբված են ու կվերադառնան, մյուսները պարզապես չդիմացան փորձությանը, գայթակղվեցին պարապ ու շռայլ կենցաղով։ Հոգեբանորեն պատրաստ չլինելով, շատերը զենքի առկայությունից շփացան, և զենքն իրավունք տվեց նրանց մտածելու, թե իրենք են ամենազորն ու ճշմարիտը։ 88-ի փետրվարի, 90-ի հունվարի այդ տղերքը նույնպես կվերադառնան։ Կմտնեն Ազգային բանակ։ Այսօր, երբ արդեն կա այդ բանակի ստեղծման իրական ու մոտ հեռանկարը, երբ երկրապահ ու նաև այլ ջոկատներ իրենց հայտարարել են Հայոց պառլամենտում գործելիք Պաշտպանության խորհրդի միավորումներ, ազգային պետական բանակի առաջին մարտիկներ, նորից մեր հակառակորդները փորձում են հազար ու մի խարդավանքներով, կասկածամտության որոմներ գցելով, խանգարել այս իրավիճակում քաղաքացիական պատերազմի կանխման այդ հաստատ երաշխիքի ստեղծմանը։

Հուսանք, որ Հայ ժողովրդի համար ճակատագրական այս պահին մեր ժողովրդի գոյատևման հիմնահարցը, ազգամիջյան պատերազմի վտանգը կսթափեցնի բոլորիս, և իրատեսորեն գնահատելով ստեղծված պայթյունալի իրավիճակը, նեղ կուսակցական, խմբային պատվասիրությունը մի կողմ թողած, միասին կլծվենք Հայոց անկախ պետականության վերականգման սուրբ գործին։


ՀԱՅՔ՝ Հայոց Համազգային Շարժման պաշտոնաթերթ | Հայք N20, 24 հունիսի 1990թ․ 


Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ