Հաճախ տարակուսում ենք՝ ինչո՞ւ Արևմտյան Եվրոպայի երկրները և ԱՄՆ-ը վճռական ձևով չեն միջամտում ԽՍՀՄ ներքին կյանքին, ուր խախտվում և հաճախ էլ ոտնահարվում են մարդու և առանձին ժողովուրդների իրավունքները, ինչո՞ւ են այդ երկրները, իրենց համարելով դեմոկրատիայի ջատագովներ, այդքան լոյալ ԽՍՀՄ նկատմամբ։
Պատասխանը մեկն է. յուրաքանչյուր երկիր ունի իր կենսական շահերը, որոնց դեմ չի գնա ոչ մի պայմանով։ Ներկա իրավիճակում այդ երկրները չեն ուզում նկատել ԽՍՀՄ ներքին պրոբլեմները, քանի որ նրանց շահերի տեսանկյունից դրանք ունեն երկրորդական, երրորդական նշանակություն և հաճախ էլ, լինի դա Արցախի խնդիրը, թե մերձբալթյան երկրների ազատության հարցը, հակասում են իրենց շահերին։ Պարզաբանեմ միտքս.
Թեկուզ ԽՍՀՄ-ը, Ռոնալդ Ռեյգանի ճշգրիտ բնութագրմամբ եղել է Չարի կայսրություն (չգիտեմ ում ինչպես, բայց ինձ գնալով համոզում է տրված գնահատականը), թեկուզ տարիներ շարունակ աշխարհում լարվածության հիմնական պատճառը եղել է ԽՍՀՄ-ի ռազմատենչությունը, նրա հավակնությունները ազդեցության այս կամ այն ոլորտի նկատմամբ, «ամբողջ աշխարհում սոցիալիզմի վերջնական հաղթանակի» նրա ջանքերը, եվրոպացիները ներկայումս երբեք չեն ցանկանա միջամտել ԽՍՀՄ-ի ներքին կյանքին, քանի որ կայսրությունը խոստանում է արտաքին աշխարհի համար դառնալ պակաս վտանգավոր։ Իսկ որ չաությունն ուղղվում է երկրի ներսի ժողովուրդների ազատատենչ նպատակների դեմ, նրանց գրեթե չի հետաքրքրում ։ Եթե ԽՍՀՄ-ը չափն անցնում է, կարող են մեկ-երկու հայտարարություն օդի մեջ կրակել և լուռ դիտել, թե ինչպիսի բիրտ միջոցներով է կայսրությունը ճնշում ազատատենչ ժողովուրդների պայքարը, քանի որ հակառակ դեպքում կայսրության չարությունը կարող է դուրս գալ իր ափերից և սպառնալ մյուսների գոյությանը։
Սա լավ են գիտակցել մերձբալթյան երկրները, որոնք երկու գերհզոր տերությունների հանդիպման նախօրյակին հայտարարեցին՝ պրեզիդենտներից և ոչ մեկը չի կարող ներկայացնել մեր շահերը, նրանց ընդունած որոշումները չեն կարող պարտադիր լինել մեզ համար։ Այս ֆոնի վրա տխուր ժպիտ է առաջացնում մեր մի խումբ մտավորականների՝ Արցախի խնդրի լուծման հերթական աղերսագիրը՝ ուղղված երկու պրեզիդենտներին։
Իր գոյության ընթացքում ԽՍՀՄ-ը եղել է աշխարհում պատերազմի և ագրեսիայի հիմնական կենտրոններից մեկը, որը ռազմատենչ այլ երկրներից տարբերվում է ռազմական գերհզոր պոտենցիալով և կարող է սպառնալ ոչ միայն այն երկրներին, որի դեմ առանց աչքը թարթելու կարող է պատերազմել, այլև՝ ամբողջ աշխարհին, ողջ քաղաքակրթությանը։ Արևմտյան դեմոկրատական երկրների համար ԽՍՀՄ-ը տան ներքնահարկում վառոդով լցված տակառ է, որը չդիմանալով ներքին լարվածությանը, կարող է պայթել և հօդս ցնդեցնել ողջ տունը՝ աշխարհը։
Ինչ խոսք, դեմոկրատական երկրները ուզում են վնասազերծել վառոդի տակառը, թուլացնել չարի կայսրության հզորությունը, նվազեցնել նրա չարության դոզան։ Բայց այդ ուզում են անել էվոլյուցիոն ճանապարհով, առանց մեծ ցնցումների, որից հետո կայսրությունը կլինի ոչ միայն պակաս վտանգավոր, այլև մեծ հաջողությամբ կարող է դառնալ վաճառահանման հսկայածավալ շուկա։ Իսկ երկրի ներքին անկայունությունը սպառնում է վերածվել քաոսի և անարխիայի, ինչը կարող է ունենալ իսկապես անկանխատեսելի հետևանքներ։
Եվ ահա այս չարության երկրում հայտնվել է մի «բարի հրեշտակ», որն իր ձեռքում հսկայական իշխանություն կենտրոնացնելով՝ փորձում է զանազան միջոցներով երկարաձգել կայսրության կյանքը և միաժամանակ նրան դարձնել պակաս վտանգավոր։ Հենց այստեղ է, որ մեր «հրեշտակի» և առանց բացառության բոլոր դեմոկրատական երկրների շահերը և նպատակերը համընկնում են։
Չնայած ձեռնարկված և ձեռնարկվելիք միջոցներին, ակնհայտ է, որ կայսրության հզորությունը թուլանում է, և կամաց-կամաց զիջում է դիրքերը, բայց նորացումը ձեռնարկողները և ամենից առաջ գլխավոր ձեռնարկողը շատ լավ են հասկանում, որ միայն այդ ձևով կարելի է խուսափել խայտառակ փլուզումից, և Եվրոպան էլ իր հերթին լավ է հասկանում, որ միայն այդ ձևով այն կարող է դառնալ պակաս վտանգավոր։ Կրկնում եմ. հենց սա է նրանց շահերի համընկնման հիմնական պատճառը։ Հենց սրանով կարելի է բացատրել այլ երկրների ու ժողովուրդների բարյացակամ վերաբերմունքը «հրեշտակի» և նրա գործի նկատմամբ, և պատահական չէ, որ նրան որակել են նույնիսկ «դարի հրեշտակ»։
Ուրիշ հարց է, որ եվրոպական երկրները կուզենային միանգամից ու լրիվ ոչնչացած տեսնել վերջին կայսրությունը, բայց նրանք գիտակցում են, որ դա կարող է ունենալ վտանգավոր հետևանքներ, և այդ պարագաներում վերջին կայսրության կործանումը կարող է աղետաբեր լինել բոլորի համար, երբ դեպքերի զարգացման չարաղետ տրամաբանությամբ՝ կծառանա քաղաքակրթության լինել-չլինելու հարցը։
Մենք հաճախ ենք զարմանում ու նաև միամիտ զայրանում, թե ինչու դեմոկրատական երկրները այդքան քիչ են ուշադրություն դարձնում մեզ համար այնքան կարևոր, մեզ համար այդքան արդար թվացող Արցախի հարցին։ Այս դեպքում մենք մոռանում ենք, որ քաղաքականության մեջ արդարությունը ոչ մի կշիռ չունի, միակ կշիռը, հարցերի լուծման միակ բանալին սեփական ուժն է և տնտեսական հզորությունը։ Ահա թե ինչու արևմտյան հերթական քաղաքական գործչի ցավակցական վերաբերմունքը մեր այս կամ այն հարցին ընդամենը քաղաքավարության տուրք է։ Ես չեմ կասկածում նրանց անկեղծությանը, քավ լիցի, բայց մենք էլ պետք է հասկանանք, որ բարյացակամ լինելով հանդերձ նրանք երբեք դեմ չեն գնա իրենցքաղաքական շահերին։ Եվ այսօր քաղաքականության կենտրոնում գտնվող մեր ժողովուրդը մի քիչ քաղաքագետ պետք է լինի և հավատ ընծայի միայն իր ուժին, իր հզորությանը՝ չմոռանալով, իհարկե, դաշնակիցների մասին։
Այսքանից հետո չպետք է հուսանք, որ եվրոպական երկրները, ԱՄՆ-ը հանկարծ կմոռանան իրենց քաղաքական շահերը, մի կողմ կթողնեն իրենց պրոբլեմները, կցանկանան լրջորեն զբաղվել մեր գործերով՝ մեծահոգաբար ազատելով մեզ այդ հոգսերից։
Ահա թե ինչու է «Ամերիկայի ձայնը» կարծես դարձել «Մոսկվայի ձայն», ահա թե ինչու են արևմտյան երկրների լրատվական միջոցները, չնչին բացառությամբ, հալած յուղի տեղ դնում ՏԱՍՍ-ի դեզինֆորմացիան, ահա թե ինչու են նրանք ազատության ուղին բռնած մերձբալթյան երկրներին կերակրում միայն մշուշապատ հայտարարություններով, ահա թե ինչու նրանց համար ոչ մի ռեալ արժեք չունի և չի կարող ունենալ մեր հերթական ծամծմված խնդրագիրը։
Մոսկվան, և ոչ թե Սաֆոնովը կամ Բաքուն, այդքան միամիտ չլինենք, դիմում է այդքան վայրագ միջոցների ազատատենչ Արցախի ժողովրդին ճնշելու համար, և բոլորովին չի ամաչում քաղաքակիրթ աշխարհից։ Իսկ Եվրոպան անտարբեր դիտում է, որովհետև պարզ և հնուց եկած ճշմարտություն է, որ երկիրը, գլուխ չհանելով իր ներքին պրոբլեմներից, կարող է գտնել քավության նոխազ արտաքին աշխարհում, իսկ Եվրոպան չի ուզում դառնալ քավության նոխազ։ Բացի դրանից, անհանգիստ, անկայուն վիճակը կարող է խարխլել հազիվ. գտնված «հրեշտակի» դիրքերը, և նրա գահի վրա կարող է հայտնվել «սոցիալիզմի սկզբունքներից ընդհանրապես չհրաժարվող» և «վերջնական ու լուսավոր» նպատակի առավել ռազմատենչ ու կատաղի ջատագովներից որևէ մեկը։ Դրանից հետո դժվար չէ կռահել այս գերհզոր երկրի հետագա քայլերը։ Եվ բացառված չէ, որ նա կփորձի վերականգնել արևելյան եվրոպական երկրներում «ապամոնտաժված», իսկ ավելի ճիշտ՝ որպես անպետք և անձի ու հասարակության կյանքի համար որպես խիստ վտանգաոր զսպաշապիկ, մի կողմ նետված սոցիալիզմը։
Ասվածից պարզ է, որ դեմոկրատական երկրները ներկա իրավիճակում մեր ազգի արդար գործի, մեր գեղեցիկ ու թախծոտ աչքերի համար երբեք չեն դիմի գործնական քայլերի, քանի որ դրանով ավելի կապակայունացնեն կայսրությունը։ Իսկ ժամանակ առ ժամանակ օվկիանոսի այն կողմից կամ ոչ այնքան հեռու Եվրոպայից հնչող ցավակցությունները և բարոյական օժանդակության խոստումները մեզ միայն ու միայն հուշում են ԴԱՌՆԱԼ առավել հզոր, օգտագործել տնտեսական բարգավաճման բոլոր հնարավորությունները, որպեսզի պատրաստ լինենք ապագա անկախությանը։ Եվ դրանից հետո նոր կարող ենք մեզ հռչակել պահանջատեր։ Թե չէ մեր քայքայված տնտեսությամբ, կենտրոնին հլու-հնազանդ և ապազգային կառավարությամբ, մեր հանրապետության կիսագաղութային կարգավիճակովպահանջատիրական կոչերը կարող են առաջացնել մեր հակառակորդների արհամարհական քմծիծաղը միայն։
Մեզ հզորություն է անհրաժեշտ, որպեսզի քաղաքականության օբյեկտից վերածվենք քաղաքականության սուբյեկտի և այդ ուղղությամբ առաջինքայլերը պետք է անի նորընտիր պառլամենտը։
Լյովա Պետրոսյան
ՀԱՅՔ՝ Հայոց Համազգային Շարժման պաշտոնաթերթ | Հայք N20, 24 հունիսի 1990թ․
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ