«Big Mac»-ի ինդեքս

#EnlightInfographics նախագիծը ներկայացնում է ինֆոգրաֆիկ նյութերի շտեմարան մենեջմենթի, առաջնորդության, քննադատական մտածողության, աշխատանքի, նորարարությունների, մասնագիտական հմտությունների, աշխատաշուկայի ժամանակակից միտումների և պահանջների, առողջ ապրելակերպի և հարակից ոլորտների վերաբերյալ:

Ինչպես է բուրգերի գինը օգնում պարզել, թե որքանով է գերարժևորված կամ թերարժևորված տարադրամը:

Ի՞նչ է դա

Նկարում «Big Mac» ինդեքսի վիզուալիզացիան է տարբեր երկրների համար դեռևս 2021 թվականին: Այս հումորային ինդեքսը ներկայացվել է 1986 թվականին The Economist ամսագրում։ Այն հիմնված է գնողունակության համարժեքության հայեցակարգի վրա, որտեղ նույն ապրանքի համար համեմատվում են երկու տարադրամներ: Գնողունակության համարժեքության համաձայն փոխարժեքը հավասարեցնում է պարենային զամբյուղի և ծառայությունների արժեքները տարբեր երկրներում։ Այդ պատճառով տնտեսագետները համեմատում են ամբողջ աշխարհում «Big Mac»-ի գինը ԱՄՆ-ում դրա գնի հետ։ Եթե այն ավելի թանկ է, ապա գալիս են եզրակացության, որ արժույթը գերագնահատված է, եթե ավելի է քիչ է, ապա թերագնահատված է։ Ցուցանիշը ցույց է տալիս, թե որքանով է գերարժևորված կամ թերարժևորված այս կամ այն տարադրամը:

Ինչո՞ւ «Big Mac»

Բուրգերի բաղադրատոմսը երկրից երկիր գործնականում չի փոխվում, և մթերքներից բացի դրա արժեքը ներառում է անձնակազմի աշխատանքը, տարածքի վարձը և կոմունալ ծառայությունները: Սա ապրանքների և ծառայությունների զամբյուղի պարզեցված համարժեքն է, որը տնտեսագետներն օգտագործում են տարադրամների արժեքը համեմատելու  համար: 

2021 թվականի ինդեքսը ցույց էր տվել, որ ռուսական ռուբլին՝ լիբիական ֆունտի հետ միասին, ամենաթերագնահատված տարադրամներն էր։ Ռուսաստանում բուրգերն արժեր 169 ռուբլի կամ 2,27 դոլար, իսկ ԱՄՆ-ում՝ 5,65 դոլար։ Այսպիսով, ստացվում է, որ ռուբլին թերարժևորված էր 59,9%-ով, իսկ արդար փոխարժեքն այս դեպքում կազմում է 29,91 ռուբլի մեկ դոլարի դիմաց։

Ինչո՞վ է սա հետաքրքիր գիտության համար

Իհարկե, «Big Mac»-ի ինդեքսը չի կարելի ճշգրիտ համարել, քանի որ այն հաշվի չի առնում տրանսպորտային ծախսերը, տուրքերը և ներմուծման սակագները, հարկերը և ծառայությունների արժողության տարբերությունը։ Բայց այն կարող է օգտագործվել այնպիսի իրավիճակներում, երբ դժվար է կամ անհնար է այլ տնտեսական ցուցանիշներ չափել։

Օրինակ, 2011 թվականին «Big Mac»-ի ինդեքսը հնարավորություն տվեց կասկածել Արգենտինայի իշխանություններին իրական գնաճի մակարդակը թաքցնելու մեջ. ըստ պաշտոնական տվյալների՝ այն կազմում էր 10,9%, իսկ «Big Mac»-ի գների աճը ցույց էր տալիս նվազագույնը 20%: Այն բանից հետո, երբ իշխանությունները պահանջեցին, որ բուրգերի արժեքը իր ինքնարժեքից ցածր լինի, այն պարզապես անհետացավ ճաշացանկից, քանի որ վաճառելը դարձավ ոչ շահավետ։ Իսկ 2012 թվականին «Big Mac»-ը կրկին հայտնվեց վաճառքում՝ այս անգամ 26%-ով ավելի թանկ։

Ինչո՞ւ է կարևոր դա իմանալ

Հումորային ինդեքսները՝ «Big Mac»-ի, շրթներկի կամ կիսաշրջազգեստի, ամբողջական պատկերացում չեն տալիս տնտեսության մասին, բայց հետաքրքիր հայացք են նետում դրա ասպեկտների նկարագրությանը՝ տարադրամի գերարժևորմանը կամ թերարժևորմանը, մարդկանց վարքագծին ճգնաժամերում: Տնտեսագետները արբանյակային պատկերներ օգտագործելով նաև տարբեր շրջանների լուսավորության մակարդակն են չափում և այդպիսով գնահատում նրա տնտեսական ակտիվությունը: Պարզվում է, որ լուսավորության ինդեքսը իսկապես փոխկապակցված է իրական ցուցանիշների հետ՝ երկրի ՀՆԱ-ի մակարդակի և մակրոտնտեսական իրավիճակի հետ։ Նման ուսումնասիրությունները կարևոր են այն դեպքում, երբ հնարավոր չէ տարածաշրջանից ստանալ այլ տվյալներ. օրինակ՝ սա արդիական է Հյուսիսային Կորեայի կամ Հնդկաստանի դժվարամատչելի շրջանների տնտեսությունը գնահատելու համար: 

Թարգմանիչ՝ Նելլի Գևորգյան (Nelli Gevorgyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


Բնօրինակի հեղինակ՝ Алина Адырхаева, Постнаука

Նյութերը հրապարակվում են «Ինլայթ»-ի սոցմեդիայի հարթակներում #EnlightInfographics հեշթեգի ներքո: