Ներածություն
Հունվարի 28-ին լրացավ 20-րդ դարի ֆրանսիական գրականության կոթող Կոլեթի ծննդյան 150-ամյակը։ Աշխարհում և հատկապես Ֆրանսիայում բազմազան անդրադարձ եղավ նրա ստեղծագործությանն ու կյանքին։ Մոտ 60 ստեղծագործությունների հեղինակն իր գործերում քննել է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կնոջ ազատությունը, սերը, հաճույքը, սեռականությունը, ծերությունը, երաժշտությունն ու կենդանիները, կանանց նկատմամբ բռնությունը։ Ժամանակակից փիլիսոփա և հոգեվերլուծաբան Յուլիա Կրիստևան առանձնահատուկ նրբությամբ ու խորաթափանցությամբ է քննում Կոլեթի գրի հանճարը իր «Կանացի հանճարը»*-ում (Le génie féminin)՝ եռահատոր աշխատություն՝ նվիրված Հաննա Արենդթին, Մելանի Քլայնին և Կոլեթին։ Այսօր Կոլեթի հակասական ֆեմինիզմը ներունակ է դիմադրելու ժամանակակից արմատականությանը և բաց պահելու ֆեմինիզմը հենց ազատությամբ ու անհատականությամբ։ «[․․․] ճաշակի գրողը, որից սպասում ենք, որ կարթնացնի նրանց ճաշակը, ովքեր չեն համարձակվում ճաշակ ունենալ» (Կրիստևա)։
Լուսինե Աղաջանյան
Հաճախ հիշատակվող որպես ֆեմինիզմի օրինակ՝ ֆրանսիացի գրող Կոլեթն իր անկախությամբ և իր կյանքն ապրելու կամքով իրականում ավելի հափշտակված էր ազատությամբ, ընտրելու և կարծիքը փոխելու ազատությամբ, քան արմատականությամբ։ Նկարագիրը մի կնոջ, ով ստանձնում էր իր պարադոքսները, նրա մեծ սիրահար և մասնագետ Ֆրեդերիկ Մաժեի կողմից։
Կոլեթը (28 հունվարի, 1873թ․ — 3 օգոստոսի, 1954թ․) ազատ, անկախ, սկանդալային կին էր, որը չէր ընդունում հասարակական կանոնները և ոչ էլ փախչում էր սեփական հակասություններից։ Դատապարտում էր ամուսնությունը, բայց ամուսնացել է երեք անգամ, սուֆրաժիստուհիներին խոստանում էր «մտրակ ու հարեմ» և ծաղրում էր կանանց քաղաքական հավակնությունները, սակայն իր հոդվածներում պաշտպանում էր աբորտը և դատապարտում էր կանանց նկատմամբ բռնությունները։ Եվ, երբ մայր դարձավ, վստահ չէր, որ կկարողանա սիրել իր երեխային և այդ մասին գրում էր մամուլում։
Ըստ Կոլեթի ընկերների կազմակերպության նախագահ և Կոլեթի տան տնօրեն Ֆրեդերիկ Մաժեի՝ հենց այս պարադոքսներն ու երկիմաստություններն են սկանդալային գրողի ուժը, քանի որ նա դրանք ստանձնում էր ամբողջովին և նույնիսկ որոշակի սադրանքով։
Հարցազրույց Ֆրեդերիկ Մաժեի հետ
Պատրաստեց Կլոդ Վիտիգլիոն
3 օգոստոսի, 2021թ․
Ինչպե՞ս է զարգացել Կոլեթի կանացի գիտակցությունը։
Կոլեթի ֆեմինիզմի հարցը բարդ է։ Իր կենդանության օրոք, բայց հատկապես հետմահու, նրան ընկալել են որպես էմանսիպացիայի, կանանց ազատագրման կերպար։ Երբ Սիմոն դը Բովուարը գրում է «Երկրորդ սեռը», ամենաշատ մեջբերված հեղինակը գրքում Կոլեթն է։ Այնուհետև, երբ ստեղծվում է Կանանց ազատագրական շարժումը, նույնպես պահանջվում է Կոլեթի կերպարը։ Սակայն մի քանի տարի է, ինչ Կոլեթն իր պարադոքսներով խանգարում է որոշակի ֆեմինիզմի։
Որո՞նք են այդ պարադոքսները։
Դրանք կարելի է գտնել նրա ողջ ստեղծագործության մեջ, այն ամենում, ինչ նա է․ նա, որ իր կյանքի և կարիերայի ընտրություններում ծայրահեղ ազատություն է բանեցրել։ Երեք անգամ ամուսնացած լինելով հանդերձ՝ ունեցել է սիրեկաններ՝ ավելի երիտասարդ, ավելի տարեց, կանայք․․․ Եղել է սցենարիստ, մնջախաղաց, գովազդող, լրագրող, գեղահարդարման միջոցների առևտրական․․․
Այդ ժամանակ հանդիմանում էին նրան դրա համար, այդ թվում և իր կոլեգաները։ Համարվում էր, որ վիպասանի դերով կաղապարված՝ նա չպետք է դուրս գար դրանից։ Իր ուզածն անելու համար ստիպված է եղել պայքարել ողջ կյանքում։ Սրանք են այն պարադոքսները, որոնք ստեղծում են նրա ֆեմինիզմի հարստությունն ու միաժամանակ արդիականությունը։ Ֆեմինիզմ, որն ընդգրկում է կանանց բոլոր պարադոքսները։
Որո՞նք էին նրա դիրքորոշումները սոցիալական և քաղաքական տեսանկյունից։
Դրանք հեռու էին առաջադեմ լինելուց մի ժամանակաշրջանում, երբ սուֆրաժիստուհիները քիչ էր մնում ստանային քվեարկելու իրավունքը, անգամ եթե Առաջին աշխարհամարտը ի չիք դարձրեց նրանց ձեռքբերումները։ Կոլեթը նույն վերապահումներն ունի, ինչ Ժորժ Սանդը հիսուն տարի առաջ։ Նա բոլորովին չի ցանկանում, որ կանայք ընտրելու իրավունք ունենան և թերահավատությամբ է վերաբերվում այն բանին, ինչ Սիմոն դը Բովուարը կանվանի «ունիվերսալիզմ»։ Սուֆրաժիստուհիներին «մտրակ ու հարեմ» է խոստանում։ Մի մեջբերում, որ պետք է համատեքստում դիտարկել, քանի որ ինչպես իր մայրը՝ Սիդոն, սադրանք հրահրելու սովորություն ուներ։ Կոլեթն իր ժամանակի այն հազվագյուտ վիպասաններից մեկն է, ով մամուլի իր հոդվածներում նկարագրում է Առաջին աշխարհամարտի ժամանակ թիկունքում գտնվող կանանց կյանքը։ Եզակի վկայություն է բերել, թե ինչպես է փոխվում նրանց հագուստը, խոսքը, վերաբերմունքը, բնավորությունը։ Սակայն նա այդուհանդերձ գոհ չէ։
Կոլեթը նրբորեն շրջում է գենդերային կարծրատիպերը, որ 19-րդ դարը թողել էր գրականությանը:
Ֆրեդերիկ Մաժե
Ուրեմն, ի՞նչ ֆեմինիզմ է ներկայացնում Կոլեթը։
Ավելի շուտ «տարբերակիչ» ֆեմինիզմն է կերտում, քան «ունիվերսալիստը»։ Կերտում է կանացիի ու առնականի տարբերությունը։ Ամենահետաքրքիրն այն է, թե նա դրանից ինչ է անում․ Կոլեթի մոտ կինը ուժեղ է, անկախ, կամային, ազատ, մինչդեռ տղամարդը սովորաբար թույլ է, զգայուն և հեշտ է լալիս։ Գենդերային վերագրությունների մի չափազանց ժամանակակից կազմաքանդում։
«Le blé en herbe»-ում («Անքաղ ցորեն»*) Կոլեթը նրբորեն շրջում է գենդերային կարծրատիպերը, որ 19-րդ դարը թողել էր գրականությանը։ Վենկան երիտասարդ կին է, որը, հենց որ գոհ չէ, բռունցքի հարվածներ է հասցնում․ ծեծում է Ֆիլին, երբ բավարարված չէ։ Տենչանքի որոնումների է տրվում, ուզում է, որ Ֆիլն իրեն զգայասիրությանը հաղորդակից դարձնի և հասնում է դրան։ Ֆիլը, փաստորեն, կանանց զոհն է։ Եվ երբ տագնապ է ապրում, ուշագնաց է լինում։
«Նա պողպատե չէ, նա կնե է, դա շա՛տ ավելի ամուր է»։
Կոլեթը՝ իր հերոսուհի Ռընե Ներեի մասին
Արդյո՞ք այս երկիմաստությունը սահմանում է կանանց ու ֆեմինիզմի նրա հասկացությունը։
Ամեն դեպքում հենց այդ է ողջ հարստությունը։ Վերցրեք նրա գրած երկու գիրք, մեկը՝ 1910-ին, մյուսը՝ 1913-ին․ «La Vagabonde»-ը («Թափառող կինը»*), հետո «L’Entrave»-ը («Խոչընդոտը»*)։ Առաջինում նա իրեն բեմադրում է որպես Ռընե Ներեն՝ կին գրող, որը թողել է գրականությունը բեմի համար և հատկապես կին, որը որոշում է մենակ ապրել դժբախտ ամուսնությունից հետո։ Այնուհետև հանդիպում է մի բավականին գեղեցիկ և հարուստ տղամարդու, որը պատրաստ է ամուսնանալ իր հետ։ Բայց նա ինքն իրեն ասում է․ «Արդյո՞ք ես ավելին չարժեմ, քան այս սերը, որ անցնում է ամուսնությամբ և որն, ի վերջո, ստրկացում է»։ Այստեղ նա հաստատապես ֆեմինիստական կոչ է հղում․ «Կարող եք լիովին կին լինել, լիովին ազատ՝ տղամարդու բացակայությամբ»։ Եվ երբ զարմանում են նրա հերոսուհու ուժով, նա պատասխանում է․ «Ո՜չ, նա պողպատե չէ, նա կնե է, դա շա՛տ ավելի ամուր է»։
Եվ հետո երեք տարի անց գրում է «L’Entrave»-ը («Խոչընդոտը»*), որտեղ գտնում ենք նույն կերպարին, որն այս անգամ սիրահարվում է մաչոյական մի նախատիպի՝ կերտելով գրեթե ծաղրանկարային առնականություն։ Եվ նա ընդունում է այդ նոր միության շղթաները։ Կոլեթը ստանձնում է պարադոքսը․ ես կարող եմ լինել կին, որը ձգտում է անկախության և ազատության և միաժամանակ իրավունք ունեմ ընդունել ամուսնության շղթաները, երբ ուզում եմ։
Ի՞նչ դիրքորոշում ուներ մայրության հանդեպ։
Կոլեթը միակ դուստրն է ունեցել, երբ 40 տարեկան էր։ Նա առաջին գրողն է, որ բացահայտորեն և հանրայնորեն ասում է, որ հղի լինելուց ոչ մի հաճույք չի ստացել։ «Ես նման էի մի գեր առնետի, որը թուխս էր նստել», ” ասում է նա։ Երբ հղիացավ, լրագրող էր և դեռ մնջախաղաց էր։ Ստիպված եղավ հրաժարվել այդ ամենից և ծանր էր տանում իր հղիությունը։ Երբ նրան ներկայացնում են երեխային, «Maternité»-ում («Մայրություն»*) ասում է․ «Վստահ չէի, որ ուզում էի տեսնել այդ երեխային։ Արդյոք կսիրե՞ի նրան։ Արդյոք նրա մեջ չէ՞ի փնտրելու այն տղամարդու դեմքը, որին սիրում եմ։ Կկարողանայի՞ արդյոք սիրել նրան ինչպիսին, որ նա է»։ Նա անվանում էր այսօր լավ հայտնի մի զգացմունք՝ մայրական զգացմունքի ոչ-ակնհայտությունը։
«Ուզում են, որ ես երջանիկ լինեմ, ժպտացող, իբրև հասել եմ լիարժեքության մի ձևի, քանի որ մա՞յր եմ։ Ուրեմն, ո՛չ, վստահ չեմ, թե սիրում եմ այդ երեխային»։
Կոլեթ
Այստեղ, ինչպես և ամեն ինչում, մերժում է հասարակության ցանկացած վերագրում։ «Ուզում են, որ ես երջանիկ լինեմ, ժպտացող, իբրև հասել եմ լիարժեքության մի ձևի, քանի որ մա՞յր եմ։ Ուրեմն, ո՛չ, վստահ չեմ, թե սիրում եմ այդ երեխային, սերը պատվիրվող զգացմունք չէ։ Անհրաժեշտ է, որ սովորեմ ճանաչել նրան, որ կարողանամ սիրել նրան»։ Սա խոսք է, որը դեռևս այսօր շատ ազատագրող է։ Որքան կանայք են ապրում երեխա չունենալու հասարակական և ընտանեկան ճնշումը։ Կոլեթն ինքն ստանձնում է այդ հակասությունը՝ մայր լինել՝ առանց համապատասխանելու մայրության կոդերին։
ֆեմինիստական ուրիշ ի՞նչ թեմաների է անդրադարձել Կոլեթն իր տեքստերում։
Կոլեթի մոտ տեսական ապրիորիի բացակայությունը նրան թույլ է տալիս տեսնել որոշ բաներ, որ շատերը, այդ թվում և իր ժամանակի ֆեմինիստները կա՛մ չէին տեսնում, կա՛մ ընդունակ չէին արտահայտելու։ Մի հայտնի տեքստում՝ «Gitanette»-ում («Գնչուհիկ»*), նա նույնպես առաջին ֆրանսուհի վիպասանն է, որ գրում է աբորտի մասին։ Ինչպես նաև այն հազվագյուտ կանանցից է, որոնք մեծ հեղինակություն էին վայելում՝ գրելով կանանց և երեխաների նկատմամբ բռնությունը դատապարտող հոդվածներ։
«Կոլեթի համար կանանց ազատագրումն անհատական նվաճում է»։
Ֆրեդերիկ Մաժե
Իր ժամանակվա կանանց համար, որոնք դեռ պատրաստ չէին ապագա ազատագրմանը և անգամ նրանց համար, որոնք դրանից հետո եկան, Կոլեթի լինելության ձևը մեղավորության զգացումից ազատող էր։ Նրանց ասում է՝ ստանձնեք ձեր պարադոքսները՝ միաժամանակ փորձելով ճանապարհ բացել ձեզ համար, ձեր ազատության ճանապարհը։ Կոլեթի համար կանանց ազատագրումն անհատական նվաճում է, այլ ոչ հավաքական։ Սրանով է, որ նա ֆեմինիստ չէ, չնայած որ եղել է իր ժամանակի ամենաֆեմինիստներից մեկը։
Ծանոթագրություն
[*] Ստեղծագործության վերնագրի հայերեն թարգմանությունը մոտավոր և պայմանական է՝ թարգմանչի կողմից։
Թարգմանիչ՝ Լուսինե Աղաջանյան (Lusine Aghajanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։