Ներկայացնում ենք «Ազատության» TV-ի «Փոդքասթ. Նորագույն պատմություն» հաղորդման՝ Գևորգ Ստամբոլցյանի հեղինակային ծրագրի՝ «Ինչպես Քոչարյանը դարձավ նախագահ» էպիզոդի սղագրությունը:
21 տարի առաջ՝ 1999-ի ամռանը, Ղարաբաղյան կարգավորման գործընթացը մի նոր փուլ մտավ։ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը, հենց 99-ի ամռանը որոշեցին փոխել ղարաբաղյան բանակցությունների կազմակերպման մինչ այդ գործած ողջ տրամաբանությունը և, շրջանցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը, անցան ուղղակի դռնփակ բանակցությունների։ Տարիներ անց բանակցային այս մի փուլի ընթացքում քննարկված հիմնական գաղափարը հայտնի կդառնա որպես տարածքների փոխանակում կամ պարզապես Մեղրիի տարբերակ։ «Խոսքը գնում է ադրբեջանցիներին ինչ-որ կապ տալու Նախիջևանի հետ։ Չենք ժխտում՝ դա սեղանի վրա է» (Վարդան Օսկանյան)։ «Ուզում եք Ադրբեջանի կեսն էդ ժամանակ նվիրեք հայերին, դա 5 կոպեկի արժեք չունի։ Հայաստանի հիմնական արժեքը այն 46 կմ-անոց ընդհանուր սահմանն է, որ մենք ունենք Իրանի հետ» (Հայկոմկուսի առաջնորդ Սերգեյ Բադալյան)։ «Роберт Седракович, я думаю какие компромиссы, кто может сделать» (Հեյդար Ալիև)։
Քոչարյան-Ալիև առաջին դեմ առ դեմ հանդիպումը կայացավ 1999-ի հուլիսի 16-ին՝ Ժնևում։ Բանակցությունները նախապատրաստվել էին գրեթե լիակատար գաղտնիության պայմաններում։ Այն, որ Ալիևն ու Քոչարյանը Ժնևում առանց համանախագահների պատրաստվում են քննարկել ղարաբաղյան կարգավորման ընթացքը, Երևանում և Բաքվում տեղեկացան բանակցությունների մեկնարկից հաշված ժամեր առաջ։ «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ժնևյան հանդիպումը տեղեկությունների իսպառ բացակայության պայմաններում սկսում է նմանվել քաղաքական թեմաներով դեդեկտիվի։ «Ռոյթր»-ի ժնևյան թղթակիցը, հղում անելով բանակցություններին մոտ կանգնած մի անանուն դիվանագետի, հայտնել է, որ ակնկալիք չկա, թե լճափին ինչ-որ տեղ կայացող Ալիև-Քոչարյան տետատետ հանդիպումը արգասաբեր կլինի։ Իսկ «Իտարտաս»-ի ժնևյան թղթակիցը կարողացել է ճշտել հանդիպման վայրը։ Պարզվում է՝ խոսքը Ժնևի արվարձաններից մեկի՝ Ժան Տոյի մասին է, և մի առանձացված ու մեծ այգիով շրջապատված վիլլայում, որտեղ ժամանակին կայացել են հատակապես բարդ խնդիրների շուրջ նույնքան փակ բանակցություններ, օրինակ՝ սերբական Կրաինայի ճակատագիրն է քննարկվել այս վիլլայում» (Քոչարյան-Ալիև ժնևյան հանդիպման մասին «Ազատության» 1999-ի հուլիսի 16-ի եթերում պատմում էր Գնել Նալբանդյանը)։
Ժնևում կայացած բանակցությունները երկու երկրների հանրությանը անակնկալի բերեցին նաև 99-ի ամռանը տարածաշրջանում տիրող ընդհանուր մթնոլորտի պատճառով։ Այդ օրերին թվում էր, թե Մինսկի խմբի առաջարկած կարգավորման վերջին տարբերակի՝ ընդհանուր պետության գաղափարի տապալումից հետո Լեռնային Ղարաբաղի հարցը կրկին տևական ժամանակով դուրս է մղվել օրակարգից՝ իր տեղը զիջելով զուտ ներքաղաքական թեմաներին։ Ի դեպ այդ մտայնությունը հիմքեր ուներ թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի և թե՛ Լեռնային Ղարաբաղի պարագայում։ Հայաստանում նոր-նոր էին ավարտվել խորհրդարանական ընտրությունները՝ ամրագրելով իշխանության ներսում դեռ 98-ի փետրվարից ձևավորված երկփեղկված վիճակը. մի կողմում՝ քոչարյանական թիմ, մյուսում՝ Վազգեն Սարգսյան։ Լեռնային Ղարաբաղում 99-ի ամառը ևս աչքի ընկավ ներիշխանական վերադասավորումներով։ Նախագահ Արկադի Ղուկասյանի աշխատասենյակում գաղտնալսող սարքերի հայտաբերումից հետո Ստեփանակերտում լայնածավալ կադրային փոխատեղումներ սկսվեցին, որոնցից ամենաաղմկալին Պաշտպանության բանակի ամենազոր թվացող հրամանատար Սամվել Բաբայանի պաշտոնանկությունն էր։ Ադրբեջանում ամեն ինչ արտաքուստ ավելի հանդարտ էր, սակայն այստեղ ևս լուրջ խնդիրներ էին առկա, որոնցից առանցքայինը 76-ամյա Հեյդար Ալիևի առողջական վիճակն էր։ Հունիսին Հեյդար Ալիևը հերթական անգամ մեկնել էր Թուրքիա բուժման նպատակով, ինչի արդյունքում, ի դեպ, չեղարկվել էին Քոչարյանի հետ Լյուքսենբուրգում նախատեսված նրա բանակցությունները։ Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է պատկերացնել, թե 1999-ի հուլիսի 16-ին որքան էին բոլորը զարմացել, երբ պարզվեց, որ դեռ ապաքինման փուլում գտնվող Ալիևն ի վիճակի է եղել մեկնել Շվեյցարիա, իսկ պաշտոնական այցով Լեհաստանում գտնվող Ռոբերտ Քոչարյանը Վարշավայից ուղևորվել է ոչ թե Երևան, այլ Ժնև։
Հայաստան Քոչարյանը վերադարձավ հուլիսի 17-ի երեկոյան։ «Զվարթնոց» օդանավակայանում հավաքված լրագրողներին բուն հանդիպման մասին նա որևէ հստակ բան չասաց՝ նշելով միայն, որ Հեյդար Ալիևի հետ մոտ ապագայում նոր բանակցություններ են սպասվում։ «Մենք ունենք ընդհանուր պայմանավորվածություն դեռ ոչ մի դետալների մասին չխոսել, ես նաև կարող եմ միանշանակ ասել, որ և համանախագահողները տեղյակ չեն՝ ինչի մասին էր զրույցը։ Ես գոհ եմ հանդիպումից»։ Արդյո՞ք բանակցային գործընթացում տեղի է ունեցել ինչ-որ բան, որի մասին մենք չենք էլ կռահում․ Ժնևում կայացած բանակցություններից հետո մամուլում հնչող հիմնական հարցը հենց սա էր։
Երևանում փորձում էին հասկանալ՝ արդյոք Քոչարյանն ու Ալիևը վերադարձել են ընդհանուր պետության շուրջ քննարկումներին, թե՞ բանակցությունների սեղանին միանգամայն նոր մի տարբերակ է դրված։ Նշեմ, սակայն, որ Քոչարյան-Ալիև առաջին դեմ առ դեմ հանդիպումից միայն մի քանի շաբաթ անց սկսեցին լուրեր շրջանառվել, որոնց համաձայն Բաքվի և Երևանի բանակցությունների հիմքում մինչ այդ երբևէ պաշտոնապես չքննարկված մի տարբերակ է։ Ըստ այդ լուրերի՝ բանակցությունների հիմքում դրված կարգավորման տարբերակը ենթադրում էր ոչ միայն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի սահմանների որոշակի վերաձևում, բայց քանի որ բանակցությունները ընթանում էին լիակատար գաղտնիության պայմաններում, չկային անգամ տեղեկատվական արտահոսքեր, ապա կարգավորման գործընթացի մասին ենթադրություններ կարելի էր անել միայն բաց տեղեկատվությանն ու դիվանագիտական անցուդարձին հետևելով։
99-ի աշնան սկզբում այդ անցուդարձի ամենավառ և փոքր-ինչ արտասովոր դրսևորումը Հարավային Կովկասում Վաշինգտոնի ցուցաբերած ակտիվությունն էր։ 21 տարի առաջ Միացյալ Նահանգները ամենաբարձր մակարդով կարծես հասկացնում էր՝ Քոչարյանի և Ալիևի ուղղակի շփումները չպետք է անարդյունք ավարտվեն։ Ընդամենը մի քանի շաբաթում ղարաբաղյան կարգավորմանը նոր լիցք հաղորդելու կոչով Հայաստանի և Արդբեջանի ղեկավարներին դիմեցին սկզբում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, ապա այդ երկրի փոխնախագահ Ալբերտ Գոռն ու նախագահ Բիլ Քլինթոնը։ Դիվանագիտական շրջանակներում պտտվող համառ լուրերի համաձայն՝ ամերիկացիները այս ուղերձներում նույնիսկ մատնանշում էին բանակցություններում ձեռք բերված առաջընթացը նախնական փաստաթղի տեսքով ամրագրելու ժամկետներն ու վայրը՝ նոյեմբերին Ստամբուլում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի ընթացքում։
Ամերիկյան այս համառ հորդորների ֆոնին էր, որ Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը որոշեցին իրենց ուղղակի շփումների պատմությունը հարստացնել սահմանին անցկացված բանակցություններով՝ հանդիպում կազմակերպելով Հայաստանի և Նախիջևանի սահմանագլխին՝ Երասխավանի և Սադարակի միջև ընկած տարածքում։
Օդափոխվող հատուկ վրանում շուրջ չորս ժամ շարունակված հանդիպման ավարտին Հեյդար Ալիևը բավական առույգ էր։ Նա չէր էլ թաքցնում, որ բանակցային այս նոր ֆորմատը նույնիսկ գերազանցել է իր սպասելիքները։
Բացևայնպես Քոչարյանն ու Ալիևը Սադարակի հանդիպումից հետո նույնիսկ մոտավոր կերպով չուրվագծեցին կարգավորման տարբերակների այն շրջանակը, որ քննարկել էին ժամեր շարունակ։ Կարող է զարմանալի թվալ, բայց միակ թեման, որի մասին Ալիևն ու Քոչարյանն այդ օրը պատրաստ էին կոնկրետ և նույնիսկ հաճույքով խոսել, ոչխարներն էին, այն ոչխարները, որոնց բանակցություններից առաջ Ալիևի ոտքերի տակ մորթել էին նախիջևանցի գյուղացիները։
1999-ի հոկտեմբերը, սակայն, Ալիևի համար ոչ այնքան հավատարմության ժեստերի, որքան ներքին բարդությունների ու խմորումների շրջան էր։ Մեկը մյուսի հետևից հրաժարական էին ներկայացնում Ալիևի արտաքին քաղաքական թիմի անդամները։ Հոկտեմբերի կեսերին հրաժարական ներկայացրեց Ալիևի արտաքին քաղաքականության գծով գլխավոր խորհրդական Վաֆա Գուլուզադեն։ Մի քանի օր անց նրա օրինակին հետևեցին նաև արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարով ու նախագահի խորհրդական Էլդար Նամազովը։ Բաքվում պնդում էին, թե այս հրաժարականների պատճառը նախագահների հանդիպումների ընթացքում քննարկվող գաղափարների հանդեպ ադրբեջանցի դիվանագետների բացասական վերաբերմունքն է։
Սխալ կլիներ սակայն կարծել, թե 99 թվականի աշնանը կարգավորման շուրջ ներիշխանական տարաձայնություններ առկա էին միայն Ադրբեջանում։ Հայաստանում դրանք ևս կային սակայն, ի տարբերություն հարևան երկրի, առժամանակ այդքան վառ արտահայտված չէին։ Առաջին նախանշանները, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման այդ պահին քննարկվող տարբերակում շոշափվում է նաև Մեղրիի ճակատագիրը, և որ դրա շուրջ հայաստանյան իշխանության ներսում տարակարծություններ կան, ի հայտ եկան դեռ օգոստոսին, երբ վարչապետ Վազգեն Սարգսյանը աշխատանքային այցով մեկնեց Սյունիք։ Հենց այստեղ էր, որ վարչապետը բավական անսպասելիորեն հանդես եկավ զգացմունքային մի ճառով՝ խոսելով Մեղրիի կարևորության մասին։ «Երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քեզ վրա։ Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած այլ բան»,-նշում էր Վազգեն Սարգսյանը պնդելով՝ «Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում»։
Հետագայում տարիներ անց քաղաքական դաշտում շատ կխոսեն հոկտեմբեր 27-ի և Մեղրիի տարբերակի միջև եղած հնարավոր կապի մասին։ Նման հայտարարություններով հանդես կգան մասնավորաբար առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը։ Նշեմ, ի դեպ, որ խորհրդարանի դահլիճում տեղի ունեցած ողբերգությունից հաշված ժամեր առաջ Երևանում էր Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Սթրոփ Թելբոթը, որի հանդիպումների գլխավոր, եթե ոչ միակ թեման Ղարաբաղն էր։ Մամուլում շրջանառվող ենթադրությունների համաձայն՝ ամերիկացի դիվանագետները Հարավային Կովկասում ցանկանում էին ճշտել՝ արդյոք Ադրբեջանում մեկը մյուսին հաջորդած հրաժարականնների ֆոնին Ալիևի և Քոչարյանի միջև մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածությունները շարունակում են ուժի մեջ մնալ։ Երևանում, սակայն, ամերիկացի դիվանագետները բախվեցին նոր, շատ ավելի լուրջ մի ճգնաժամի։
Հոկտեմբերի 27-ից անմիջապես հետո, սակայն, հստակ էր՝ տեսանելի ապագայում ղարաբաղյան կարգավորումը մղվելու է երկրորդ, եթե ոչ երրորդ պլան։ 99-ի տարեվերջին Քոչարյանի իշխանությունն, առանց չափազանցության, մազից էր կախված։ Գագիկ Ջհանգիրյանի ղեկավարած քննչական խմբի ամեն մի նոր բացահայտում, որի հետքը տանում էր դեպի Բաղրամյան 26, ավելի էր թուլացնում Քոչարյանի դիրքերը։ Բնական է, որ նման պայմաններում ղարաբաղյան կարգավորման շուրջ որևէ առարկայական բանակցություն վարելը, առավել ևս փոխզիջումների մասին խոսելը Ռոբերտ Քոչարյանի համար քաղաքական ինքնասպանությանը հավասարազոր մի բան կարող էր դառնալ։ Մյուս կողմից, սակայն, Հայաստանի ղեկավարը ամբողջությամբ զրոյացնել իր դիվանագիտական ակտիվությունը չէր կարող։ Ուստի հոկտեմբերի 27-ից մոտ երեք շաբաթ անց Ռոբերտ Քոչարյանը մեկնեց Ստամբուլ։
ԵԱՀԿ գագաթնաժողովի մանրամասներն, ինչպես նաև դրա կուլիսներում կայացած Քոչարյան-Ալիև հերթական հանդիպման մասին «Ազատության» 1999 թվականի նոյեմբերի 19-ի եթերում պատմում էր Հրայր Թամրազյանը. «ԵԱՀԿ գագաթնաժողովի վերջնական փաստաթղթում՝ հռչակագրում, հատուկ պարագրաֆով պետք է արձանագրվի ղարաբաղյան խնդիրը։ Պատասխանելով իմ այն հարցին, թե ի՞նչ կարող ենք ակնկալել այս գագաթնաժողովից ղարաբաղյան խաղաղ կարգավորման հարցի շուրջ՝ ԵԱՀԿ գործող նախագահ Կնուտ Վոլեբեկն ասաց, թե մենք մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին՝ բարձր գնահատելով երկխոսությունը նրանց միջև։ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը ու Հեյդար Ալիևը հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության անդամ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարների հետ։ Այսօր գագաթնաժողովում ելույթ ունեցած աշխարհի ղեկավարներն առանձին չանդրադարձան ղարաբաղյան հարցին։ Միակ հաճելի բացառությունը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն էր, որն իր ելույթի մի զգալի մասը նվիրել էր Ղարաբաղին»։
Ստամբուլի գագաթնաժողովը, ի դեպ, մեկ այլ առումով ևս նշանակալի էր։ Հենց այս հավաքին զուգահեռ էր, որ անանուն աղբյուրները վերջապես սկսեցին հստակեցնել, թե ինչ տեսք ունեն կարգավորման այն սկզբունքները, որոնց շուրջ բանակցում են Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը։ Տարածքների փոխանակման կամ Մեղրիի տարբերակի մասին «Ազատության» նոյեմբերի 19-ի եթերում պատմում էր Ռուզան Խաչատրյանը. «Կա լրատվական արտահոսք, թե բանակցությունները վերսկսելու բավական հավանական հիմք-առաջարկն այսպիսին է լինելու. Լեռնային Ղարաբաղին՝ անկախությունից վար, ինքնավարությունից վեր կարգավիճակ, Քելբաջարն՝ անվտանգության գոտի, Աղդամը, Ֆիզուլին, Ջեբրայիլը, Ղուբաթլին և Զանգելանը՝ Ադրբեջանին, Լաչինը՝ Ղարաբաղին՝ որպես կապող միջանցք Հայաստանի հետ, դրա փոխարեն՝ Հայաստանի ծայր հարավից կապող միջանցք Արդբեջանի և Նախիջևանի միջև։ Բանակցությունները վերսկսելու նման նախնական տարբերակը որքանո՞վ կարող է ընդունելի լինել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարբեր քաղաքական ուժերի իրավասու բարձրաստիճան պաշտոնյաների համար։ Ինչպես նշեց Հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանը. «Խոսք լինել, որ Հայաստանի սահմանով ինչ-որ կապ կստեղծվի Նախիջևանից Ադրբեջանի հետ, ես բացառում եմ, որ մենք ԼՂ ենք ազատագրել, այլ ոչ թե պետք է դրա փոխարեն դեռ մեր հանրապետության տարածքից ինչ-որ մի բան տալ։ ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը կտրականապես հրաժարվեց մեկնաբանել տարբերակը՝ «Ես ենթադրությունների վրա տեսակետ չեմ հայտնում»։ Հայկոմկուսի առաջնորդ Սերգեյ Բադալյանը, ի տարբերություն մյուս բոլոր զրուցակիցների, ասաց, որ բանակցությունների վերսկսման տվյալ առաջարկի մասին որոշ տեղեկություններ ունի. «Ուզում եք Ադրբեջանի կեսը այն ժամանակ նվիրեք հայերին, դա հինգ կոպեկի արժեք չունի։ Հայաստանի արժեքը, նրա աշխարհագրական դիրքի հիմնական արժեքը այն 46 կմ-անոց ընդհանուր սահմանն է, որ մենք ունենք Իրանի հետ»»։
Նշեմ, ի դեպ, որ սա Հայկոմկուսի առաջնորդ Սերգեյ Բադալյանի՝ «Ազատությանը» տված վերջին հարցազրույցն էր։ Դրանից մի քանի օր անց 52-ամյա Բադալյանը կմեկնի Մոսկվա, որտեղ էլ նոյեմբերի 25-ին հանկարծամահ կլինի։ Մեղրիի տարբերակի մասին, սակայն, 99-ի վերջին և 2000 թվականի սկզբին ծավալված ներքաղաքական և ներիշխանական պայքարի պայմաններում Հայաստանի իշխանությունները գերադասում էին լռել։ Այս ընթացքում Քոչարյանն ու Ալիևը հանդիպեցին միայն մեկ անգամ՝ հունվարին՝ Դավոսում։ Հասարակական տրամադրությունների տնտղումը վերսկսվեց միայն այն բանից հետո, երբ Քոչարյանի թիմին հաջողվեց որոշակիորեն զսպել հոկտեմբերի 27-ի գործի նախաքննության ընթացքը, բարձր պաշտոններով և զինվորական կոչումներով չեզոքացնել առաջատար երկրապահներին, ինչն էլ գրեթե անխուսափելի դարձրեց Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի ձևավորած կառավարության պաշտոնանկությունը։ ««Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ տրվում է Հայաստանին։ Մեղրիով Հայաստանին տրվում է մի սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ»․ ապրիլի 25-ին Գլենդելում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Վարդան Օսկանյանը տարածքների փոխանակման տարբերակի էությունը բացել էր այսպես՝ ավելացնելով, թե դրանում ինչ-որ տրամանություն կա, և այն պետք է դրվի լուրջ քննարկման։ Այս կապակցությամբ արտգործնախարարության խոսնակ Արա Պապյանը «Առավոտի» թղթակցին ասել է. «Շատ մասնավոր, ոչ պաշտոնական ելույթ էր, որը մեկնաբանությունների կարիք չունի» («Ազատության» 2000 թվականի հունիսի 1-ի եթերում մամուլի տեսությունը ներկայացնում էր Վաչե Սարգսյանը)։
2000 թվականի երկրորդ կեսը դիվանագիտության առումով անհամեմատ ավելի ակտիվ էր։ Հուլիսից մինչև դեկտեմբերի սկիզբ Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը հանդիպեցին չորս անգամ՝ Մոսկվայում, Յալթայում, Նյու Յորքում և Մինսկում։ Բանակցություններն աստիճանաբար վերագտնում էին իրենց նախահոկտեմբերքսանյոթյան տեմպը և կրկին գրեթե կատարյալ գաղտնիության պայմաններում։ Իրադարձություններն էլ ավելի սրընթաց սկսեցին զարգանալ 2001-ի հունվարին, երբ Քոչարյանն ու Ալիևը միևնույն օրը հայտնվեցին միևնույն վայրում՝ Ստրասբուրգում։ Երկու երկրները տարիների սպասումից հետո ի վերջո պաշտոնապես անդամակցեցին Եվրոպայի խորհրդին։ «Ազատության» 2001 թվականի հունվարի 25-ի եթերում այդ իրադարձության մասին պատմում էր Արմեն Զաքարյանը. «Վերջ։ Հայաստանն այլևս Եվրոպայի խորհրդի լիարժեք անդամ է։ Շուրջ ինը տարի տևած այս գործընթացը վախճանակետին հասավ 2001 թվականի հունվարի 25-ին՝ եվրոպական ժամանակով ժամը 10-ին, երբ Եվրոպայի պալատի առջև Հայաստանի Հանրապետության հիմնի հնչյունների ներքո եվրոպական դրոշների շարքում երրորդը՝ Ալբանիայի և Անդորայի դրոշներից հետո, վեր խոյացավ Հայաստանի եռագույնը։ Հաշված րոպեներ անց Եվրոպայի խորհրդի առջև բարձրացվեց նաև Ադրբեջանի դրոշը, որի ու մեր դրոշների արանքում ավստրիական դրոշն է տեղ գտել։ Այնուհետև ելույթ ունեցան Հայաստանի և Ադրբեջանի նախագահները։ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ անգլերենով. “The contemporary Europe has been transformed into a land of sustained security and peace. It opened extraordinary opportunities for providing prosperity for its people.”»:
Բնական է, որ Հայաստանի նախագահի այցը Ստրասբուրգ և այնտեղ հնչեցրած ելույթը երևանյան մամուլի ուշադրությունից վրիպել չէին կարող։ «Հայաստանի նախագահի ելույթներին «Հայկական ժամանակն» արձագանքում է «English-ն ուրիշ է» վերնագրով։ Բոլոր միջազգային ատյաններից Քոչարյանի խոսքը ռուսերենով է հնչել։ Սա նրա առաջին անգլերեն ելույթն էր։ Չենք կարծում, թե սրա միակ պատճան այն էր, որ Քոչարյանը նոր է անգլերեն սովորում։ Լեզվաքաղաքական դիտարկումները «Հայկական ժամանակն» ավարտում է ակնարկելով, թե մասնագետների ասելով՝ Քոչարյանի անգլերենը աչքի էր ընկնում ռուսական ակցենտով։ «Ազգի» թղթակցի տպավորությամբ բոլորի ուշադրությունը սևեռվեց Հեյդար Ալիևի արտաքին տեսքին, հատկապես երեսի գույնին, որը մի տեսակ սպիտակավուն էր։ Ալիևը քայլում էր ինչպես հիվանդ ծերուկ, ելույթի ընթացքում կարծես շնչահեղձ լինում։ Փոխարենը կատարյալ առույգ էր որդին՝ Իլհամը, որն ամենուր և ամեն րոպե հոր թիկունքին էր։ Իր դիտարկումները «Ազգի» թղթակիցը ավարտում է հետևյալ ենթադրությամբ. «Հավանաբար Ռոբերտ Քոչարյանը մոտ ապագայում գործ կունենա հենց Իլհամ Ալիևի հետ»» (2001 թվականի հունվարի 26-ի մամուլի տեսությունը «Ազատության» եթերում ներկայացնում էր Հրաչ Մելքումյանը)։
Իլհամ Ալիևի հետ Քոչարյանն, ի դեպ, բանակցելու առիթ դեռ կունենա, բայց 2001-ին որքան էլ երևանյան թերթերը պատմեին Հեյդար Ալիևի առողջական ծանր վիճակի ու վատ տեսքի մասին, ակնհայտ էր. Ադրբեջանի 78-ամյա նախագահը դեռևս խիստ աշխատունակ է։ Դրա ամենավառ ապացույցը թերևս այն էր, որ իրադարձություններով հագեցած ստրասբուրգյան օրվանից 24 ժամ չանցած Ալիևը ոչ միայն ի վիճակի էր մեկնել Փարիզ, այլև հինգ ժամից ավել գրեթե առանց ընդմիջման Ռոբերտ Քոչարյանի և Ժակ Շիրակի հետ քննարկել ղարաբաղյան կարգավորման ընթացքը։ «Ենթադրվում է, որ բանակցությունները եղել են դժվարին և երկար։ Շիրակի հետ պետք է սկսվեր ժամը 12։30-ին և շարունակվեց մինչև ժամը 03։30։ Բանակցությունները ավարտվեցին և մամուլի ասուլիսն էլ ավարտվեց։ Դա տևեց շատ կարճ, տրվեց միայն մեկ հարց. ի՞նչ էական տարբերություն կա առաջին հանդիպման և 14-րդ հանդիպման միջև։ Ալիևը պատասխանեց այսպես՝ որ ինքն էլ չգիտեր, որ 14-րդ հանդիպումն էր։ «Ինքնանպատակ չեն այս հանդիպումները։ Հույս ունեմ, ” ասաց նա, ” թե 100-րդ հանդիպմանը չենք հասնի Ղարաբաղի հարցը լուծելու համար»» (Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպան մասին «Ազատության» 2001 թվականի հունվարի 26-ի եթերում պատմում էր Ռուզան Կյուրեղյանը)։
2001 թվականի հունվարին արդեն հստակ երևում էր՝ բանակցություններում առաջատար դերակատարությունը ֆրանսիացիներինն է։ Դիվանագիտական շրջանակների պնդմամբ Ժակ Շիրակն անձամբ էր մասնակցում կարգավորման դետալների քննարկմանը։ Քոչարյանի և Ալիևի հերթական` թվով 15-րդ հանդիպումը կրկին Փարիզում կայացավ 2001 թվականի մարտի սկզբին։ Դրան զուգահեռ Շիրակն առանձին նամակներով դիմեց համանախագահ մյուս երկու պետությունների ղեկավարներին՝ Վլադիմիր Պուտինին և Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջորջ Բուշին՝ ներկայացնելով կարգավորման շուրջ տիրող իրավիճակն ու հնարավոր առաջընթացի հեռանկարները։ Եվ եթե ռուսական կողմը 2001-ին Ղարաբաղի հարցում սպասողական դիրքորոշում էր որդեգրել՝ զերծ մնալով կտրուկ քայլերից, ապա պաշտոնավարման երկրորդ ամիսը չբոլորած կրտսեր Բուշն ու նրա նորաստեղծ արտաքին քաղաքական թիմը ղարաբաղյան խնդրի կարգավորմանը մասնակցելու հեռանկարը ընկալեցին բավական մեծ ոգևորությամբ։ Մարտի կեսերին արդեն Սպիտակ տունը պաշտոնապես դիմեց Ռոբերտ Քոչարյանին և Հեյդար Ալիևին՝ առաջարկելով բանակցությունները շարունակել Միացյալ Նահանգների ամենահարավային քաղաքում՝ Քի Վեսթում։ Քոչարյանն ու Ալիևը բնականաբար ընդունեցին ամերիկացիների հրավերը, սակայն Ֆլորիդա մեկնելուց առաջ նրանք շարունակում էին խուսափել բանակցությունների կոնկրետ դետալների մասին ցանկացած քննարկումից։ Ճիշտ է՝ Հեյդար Ալիևը քիվեսթյան բանակցություններից առաջ մասնակցեց կարգավորման ընթացքին վերաբերող խորհրդարանական լսումներին, սակայն Միլլի Մեջլիսի անդամները փոխզիջումների անհրաժեշտությունից բացի որևէ այլ հստակ հայտարարություն նրանից այդպես էլ չլսեցին։ Քոչարյանը Քի Վեսթ մեկնելուց առաջ իր հրապարակային ելույթներում բանակցությունների դետալներից ևս չէր խոսում։ Միայն ակնարկում էր, որ Ալիևի հետ դեմ առ դեմ հանդիպումներն աստիճանաբար կորցնում են իմաստը։ Այդ մասին Քոչարյանը հայտարարեց Միացյալ Նահանգներ մեկնելուց մոտ տասն օր առաջ Տենտեսագիտական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ. «Տետատետ հանդիպումների ռեսուրսը կարծում եմ՝ մենք սպառել ենք կամ սպառման եզրին ենք։ Մենք քննարկել ենք բոլոր հնարավոր լուծումները, քննարկել ենք բոլոր հնարավոր տարբերակների նաև կոմբինացիաները և այլևս առաջ շարժվելու՝ այս ֆորմատով, երևի ռեսուրսը չափազանց նվազել է»։ «Եվ վերջում մի քանի զվարճալի հարց. այսպես հարցրին՝ որպես նախկին ադրբեջանական կուսքարտուղար՝ արդյո՞ք բարդույթներ չունի Ալիևի հետ բանակցելու ժամանակ» (Քոչարյանի և ուսանողների հանդիպման մասին «Ազատության» 2001 թվականի մարտի 21-ի եթերում պատմում էր Աննա Սաղաբալյանը)։
Ապրիլի սկզբին արդեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Քի Վեսթում էին։ Ապրիլի 3-ին Քի Վեսթ ժամանեց դրանից ընդամենը 53 օր առաջ պետքարտուղարի պաշտոնը ստանձնած Քոլին Փաուելը։ Ամերիկյան դիվանագիտության սրընթաց և աղմկալի հաջողության հույսերն առաջին անգամ ստվերվեցին այն պահին, երբ բանակցությունների պաշտոնական մեկնարկը ազդարարող արարողության ժամանակ բացման ելույթով հանդես եկավ Ադրբեջանի նախագահը. “Aрмянская сторона всегда занимает жёусткую. не конструктивную позицию.… Եվ եթե բանակցությունների առաջին օրը թվում էր, թե Ալիևի ճառն ընդամենը մի ոչ մեծ անախորժություն էր Քի Վեսթում տիրող ընդհանուր լավատեսական մթնոլորտի և դիվանագիտական շրջադարձի սպասման ֆոնին, ապա ապրիլի 4-ի իրադարձությունները եկան վկայելու, որ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ։ Այս անգամ կոշտ հայտարարությունները հնչում էին հայկական կողմից։ Ճիշտ է՝ ֆորմալ առումով Քի Վեսթում գտնվող հայկական պատվիրակությունն այդ ամենի հետ որևէ կապ չուներ և շարունակում էր հանդես գալ խիստ կառուցողական դիրքերից։ «Այսօրվա փոքր սենսացիան դարձավ Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հարցազրույցը Los Angeles Times թերթի հետ, որտեղ նա ուղղակի հայտարարեց, թե իր համար ընդունելի կարող է լինել միայն անկախությունը կամ միացումը Հայաստանի հետ։ «Մնացած բոլոր տարբերակները տանում են դեպի պատերազմ, այլ ոչ թե խաղաղություն»,-հայտարարել էր Արկադի Ղուկասյանը։ Այս հարցազրույցը հասկանալի պատճառներով շատ հետաքրքրեց հատկապես ադրբեջանցի և թուրք լրագրողներին։ «Թուրան» գործակալության թղթակիցը ի դեպ այսօր փողոցում հանդիպել էր նախագահ Քոչարյանին և խնդրել նրան մեկնաբանել Ղուկասյանի հայտարարությունը։ Քոչարյանն ասել էր նրան, թե ամեն ինչ նորմալ է, դա պարզապես ցույց է տալիս, որ Ղարաբաղում մտահոգված են» (2001-ի ապրիլին քիվեսթյան բանակցություններն «Ազատության» եթերում լուսաբանում էր Հրայր Թամրազյանը)։
Ալիևի հայտարարությամբ և Արկադի Ղուկասյանի ամերիկյան թերթին տված հարցազրույցով շեղումները նախապես գծված սցենարից չավարտվեցին։ Բանակցությունների երրորդ օրը պարզ դարձավ, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները առանձին բանակցություններ անցկացնելու հարցում մեծ ոգևորություն չեն դրսևորում։ Գրեթե 11 հազար կմ կտրած և աշխարհի մյուս ծայրը հասած Քոչարյանն ու Ալիևը, որոնք դրան նախորդող տարիներին միմյանց հետ զրուցելու առիթը բաց չէին թողնում և հանդիպում էին որտեղ ասես՝ Ստամբուլում և Յալթայում, Սադարակում և Ժնևում, Քի Վեսթում այդպես էլ դռնփակ բանակցությունների փուլին չհասան։ Այս ամենը չէր կարող հարցականի տակ չդնել լայնորեն գովազդված այս բանակցությունների արդյունավետությունն ինքնին։
«Լրագրող․ -Առաջընթաց կա, թե՞ ոչ, պարոն Օսկանյան։ Երևանում բոլորը սպասում են անհամբեր առաջընթացի։
Օսկանյան․ -Գիտեք, այս պահին դժվար է ասել, որ մենք հաջողությամբ կթողնենք այս փոքր կղզին, բայց առայժմ կարծում ենք, որ ինչ-որ դրական ուղղությամբ է գնում, և պետք է բոլորս հասկանանք, որ այս անգամ բանակցությունների ֆորմատը մի քիչ տարբեր է բոլոր նախորդներից, հակառակ որ երկու նախագահները գտնվում են այս նույն կղզում և համարյա թե բավական մոտ են ապրում իրարից, բայց երբեք իրար հետ չեն հանդիպել։ Ֆորմատը այնպիսին է, որ նախագահները առանձին-առանձին հանդիպում են համանախագահողների հետ»։
Փակ դռների հետևից ստացվող կցկտուր տեղեկություններից դատելով՝ Քի Վեսթում ընթացող բանակցությունների հիմնական քննարկումները դետալների շուրջ էին, որոնք ի դեպ կրկին բխում էին տարածքների փոխանակման տարբերակից: «Քի Վեսթին ուղղված հայաստանյան սպասողական խոսակցություններին մի փոքր նոր աշխուժություն է հաղորդել փաստը, որ նախագահ Քոչարյանին ուղեկցողների փոքրաթիվ խմբում է Լոռվա մարզպետ Հենրիկ Քոչինյանը: Մինչ ոմանք ենթադրում են, թե պարզապես Լոռին ու Քի Վեսթը քույր մարզեր են դառնալու, «Առավոտի» թղթակիցը արձանագրում է, որ Հայաստանի տրանսպորտի նախկին նախարար Քոչինյանը ճանապարհաշինության ու կամրջաշինության լավագույն մասնագետներից է, նախկինում ներկայացրել է տարածաշրջանային հաղորդակցությանն առնչվող որոշ փաթեթներ: Այս ամենը թղթակցին մղել է ենթադրության, թե Քի Վեսթում կոնկրետ քննարկման առարկա է դառնալու Հայաստանի տարածքի հաշվին միջանցքների մի ամբողջ ցանցի բացման հարցը»:
Եվ եթե խոսեցինք Հայաստանի տարածքով անցնող տրանսպորտային միջանցքների մասին, ապա տեղին է հիշեցնել, որ Քի Վեսթից երկու տարի առաջ՝ 1999-ին քննարկված տարբերակով Մեղրիի շրջանն անցնում էր Ադրբեջանին, իսկ Հայաստանը, այսպես կոչված, սուվերեն անցում էր ստանում դեպի Իրան: 2001-ի գարնանն արդեն սուվերեն անցումների տեղերն ու շահառուները փոխվել էին: Այժմ արդեն քննարկվում էր Ադրբեջանին Մեղրիով դեպի Նախիջևան սուվերեն անցում տրամադրելու հարցը: Դիվանագետների պնդմամբ Հայաստանին չենթարկվող և Մեղրիի շրջանը ծայրից ծայր կտրող այդ անցումը ամենայն հավանականությամբ էստակադայի տեսք պետք է ունենար: Բացի այդ, ըստ արտահոսքերի, հայկական զորքերը պետք է դուրս բերվեին գրավյալ տարածքների մեծ մասից, ինչի դիմաց Լեռնային Ղարաբաղն ու Լաչինի միջանցքը միացվելու էին Հայաստանին: Բայց քանի որ փորձագետները Քի Վեսթում աշխատում էին փակ դռների հետևում, նախագահներն ու արտգործնախարարները խիստ հազվադեպ էին հայտնվում տեսախցիկների առջև, ապա բանակցությունների յուրատեսակ մամուլի քարտուղարների դերը իրենց վրա էին վերցրել Մինսկի խմբի համանախագահները: Միջնորդների եռյակի գլխավորն աստղն, իհարկե, ամերիկացի համանախագահն էր՝ Քերի Քավանոն՝ միշտ ժպտերես և մինչև որոշակի պահը նաև լավատես։ ««Իմ այսօրվա լավատեսությունը չի տարբերվում երեկվանից, ես պարզապես ավելի հոգնած եմ այսօր։ Երեկվա բանակցություններն իմ կարծիքով շատ արդյունավետ էին, իսկ այսօրվա բանակցությունները շատ կոնկրետ բնույթ էին կրում»։ Քերի Քավանոն ասաց, որ ինքը նախագահների մոտ որևէ այնպիսի բան չնկատեց, որը թշնամանքի վերսկսման հիմք տար»։
Ինչ վերաբերում է Քի Վեսթ ժամանած ռուսաստանյան պատվիրակությանը, ապա չհիշատակել դրա ղեկավարին՝ առաջին փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովին, չի կարելի։ Ռուսաստանցի միջնորդի գլխավոր առանձնահատկությունը նրա կենսագրությունն էր։ Մինչև Ռուսաստանի արտգործնախարարությունում աշխատանքի անցնելը Տրուբնիկովը տասնամյակներ շարունակ աշխատել էր Խորհրդային Միության ապա նաև Ռուսաստանի Դաշնության հետախուզական կառույցներում։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության՝ СВР-ի տնօրենի պաշտոնը Տրուբնիկովը լքել էր բանակցություններից մոտ մեկ տարի առաջ։ Քի Վեսթում Վյաչեսլավ Տրուբնիկովը թե՛ կտրուկ լավատեսական և թե՛ հոռետեսական հայտարարություններից զերծ էր մնում՝ կրկնելով հայտնի տեսակետը, թե Մոսկվան համաձայն է ցանկացած լուծման, որը ընդունելի կլինի հայերի և ադրբեջանցիների համար::
Բանակցությունները Քի Վեսթում շարունակվեցին ապրիլի 3-7-ը՝ ավարտվելով առանց որևէ փաստաթղթի ստորագրման։ Կողմերը, սակայն, պայմանավորվեցին բանակցությունները շարունակել նույն տեմպով։ Համանախագահներն էլ խոստացան Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ևս մեկ անգամ հանդիպել հունիսին՝ Ժնևում։ Մինչ այդ միջնորդները պետք է տարածաշրջանային ևս մեկ այց կազմակերպեին՝ հակամարտության կողմերին կարգավորման գրավոր առաջարկ ներկայացնելով, առաջարկ, որի հիմքում, բնականաբար, պետք է դրված լինեին Քի Վեսթում քննարկված գաղափարները։
Հեյդար Ալիևը և Ռոբերտ Քոչարյանը Քի Վեսթից տուն վերադարձան Վաշինգտոնով։ Այստեղ Սպիտակ տանը երկու երկրների ղեկավարներին առանձին-առանձին ընդունեց Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը։ Վաշինգտոնյան բանակցություններից հետո Քոչարյանը լրագրողների հետ գերադասեց չշփվել՝ Սպիտակ տունը լքելով ստորգետնյա կայանատեղիով։ Հեյդար Ալիևը, հակառակը, դուրս եկավ Սպիտակ տան կենտրոնական մուտքից՝ հանդիպելով այստեղ հավաքված լրագրողների հետ: Եվ մինչ Հայաստանի նախագահը վերադառնում էր Երևան, տեղական մամուլը չէր հրաժարվում կարգավորման խիստ գաղտնի նոր սկզբունքները բացահայտելու կամ գոնե դրանց էությունը կռահելու փորձերից։ Որպես կանոն հիմնական քննարկումները շարունակվում էին պտտվել Մեղրիի կարգավիճակի շուրջ։ ««Առավոտի» մեկնաբանի հայացքով իշխանական քարոզչամիջոցները սկսել են չափավոր դոզայով հայ հասարակայնությանը նախապատրաստել բանակցությունների արդյունքների հրապարակմանը։ Մասնավորապես, ըստ որոշ դիտորդների, Մեղրիին վերաբերող ազդանշան են ակնարկները Իրանի դերի կարևորման և այն մասին, որ ղարաբաղյան խնդրի լուծումը տեղավորվելու է նաև վերջինիս ռազմավարական շահերի շրջանակում» («Ազատության» 2001 թվականի ապրիլի 11-ի եթերում մամուլի տեսությունը ներկայացնում էր Վաչե Սարգսյանը)։
Նշեմ, ի դեպ, որ հայ-ադրբեջնական բանակցությունների ակտիվացմանը զուգահեռ Բաքվում և հատկապես Երևանում մոռացության երկար տարիներից հետո կրկին հիշել էին այն մարդուն, որն առաջինն էր խոսել Մեղրին Լաչինով փոխանակելու նպատակահարմարության մասին։ Այդ մարդը պետքարտուղարության նախկին պաշտոնյա Փոլ Գոբլն էր, որը տարածքների փոխանակման գաղափարը առաջ էր քաշել դեռ 1992 թվականի ամռանը՝ պատերազմի ամենաթեժ պահին։ Քիվեսթյան բանակցությունների օրերին, սակայն, Գոբլն այլևս դիվանագետ չէր և «Ազատության» Վաշինգտոնի գրասենյակում որպես վերլուծաբան էր աշխատում։ Իր հեղինակած՝ տարածքների փոխանակման գաղափարի մասին, սակայն, նա տարիների ընթացքում չէր մոռացել։ «Վերլուծաբանը այսպես արձագանքեց մեր այն հարցին, թե արդյո՞ք Ադրբեջան-Նախիջևան տրանսպորտային միջանցքի տարբերակը կարող ենք դիտել որպես Գոբլի ծրագրի իրականացում. «Ես միշտ ասել եմ, որ Ադրբեջանին Նախիջևանի հետ կապ հաստատելու հնարավորություն ընձեռելը կնպաստի կոնֆլիկտի կարգավորմանը»» (2001-ի գարնանը Փոլ Գոբլի հետ զրուցել էր Արմեն Քոլոյանը)։
2001-ի մայիսին Քի Վեսթի բանակցություններից մի քանի շաբաթ անց ղարաբաղյան կարգավորման գործընթացը հայտնվել էր բավական տարօրինակ մի հանգրվանում։ Մի կողմից Մինսկի խմբի համանախագահներն ու հակամարտության կողմերը շարունակում էին խոսել փարիզյան և քիվեսթյան գործընթացները շարունակելու մասին, մյուս կողմից, սակայն, տպավորություն կար, որ Երևանի և Բաքվի դիրքորոշումները օրեցօր հեռանում են միմյանցից։ Դա տեսանելի էր հատկապես Ադրբեջանի պարագայում։ Եթե Երևանում շարունակում էին համառորեն լռել, ապա Հեյդար Ալիևի և նրա վարչակազմի անդամների հայտարարությունները հետևողականորեն կարծրանում էին։ 2001 թվականի մայիսի 18-ին, երբ մեկնարկեց համանախագահների տարածարջանային այցը, բանակցային գործընթացում առկա խնդիրները այլևս դժվար էր հերքել։ Ալիևի և միջնորդների չորս ժամ շարունակված հանդիպումը ևս հուսադրող չէր։ Ադրբեջանի նախագահի տեսակետների փոփոխությունն այստեղ ևս տեսանելի էր։ Ի դեպ, տարիներ անց Քոչարյանն իր գրքում կպնդի, որ Ալիևը Քի Վեսթից հետո իր դիրքորոշումը կոշտացրել էր նախևառաջ ընտանիքի անդամների ազդեցության տակ։ 2001-ի մայիսին, սակայն, համանախագահներն այս ամենի մասին կարող էին միայն կռահել։ Մայիսի 19-ին նրանք Բաքվից ուղևորվեցին Ստեփանակերտ՝ առաջին անգամ ուղղակիորեն հատելով շփման գիծը։ Ղարաբաղի ղեկավարության հետ բանակցություններից հետո նրանք ուղղաթիռով ուղևորվեցին Սպիտակ։ Աղետի գոտում տիրող կացությանը ծանոթանալուց հետո դիվանագետները մեկնեցին հայ-թուրքական սահման, այնտեղից էլ՝ Երևան։ Ու թեև այստեղ Հայաստանի ղեկավարները փակ դռների հետևում շարունակում էին պնդել, թե հավատարիմ են Քի Վեսթում ձեռքբերված պայմանավորվածություններին, հենց Երևանում զգացվեց, թե որքան արագ է մարում վերջին ամիսներին Ղարաբաղյան կարգավորման շուրջ ծագած ոգևորությունը։ ««Խաղաղության տանող ճանապարհը միշտ չէ, որ հարթ ու հեշտ է, այն ավելի շատ նման է Լաչինի ճանապարհին, որտեղ մի շարք խոչընդոտներ ու խորդուբորդություններ կան»,-այս համեմատությունն արեց Քերի Քալանոն, երբ Ռոբերտ Քոչարյանի հետ բանակցելուց հետո համանախագահները պատասխանում էին լրագրողների հարցերին։ Քի Վեսթի հանդիպումից հետո միջնորդները ավելի շատ լավատեսություն ունեին, ասում էին, թե մոտենում են խաղաղության հաստատմանը, բայց նրանց վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ լավատեսությունը նվազել է»։
Խորհրդանշական է, սակայն, որ կարգավորման այս փուլի յուրատեսակ վերջակետը դրեց Մինսկի խմբի համանախագահ այն պետությունը, որը փարիզյան և քիվեսթյան գործընթացներում ամենապասիվն էր՝ Ռուսաստանը։ Մոսկվան Քի Վեսթից անմիջապես հետո փոխել էր Մինսկի խմբում իր ներկայացուցչին։ Հետախուզության գեներալ Վյաչեսլավ Տրուբնիկովին այս պաշտոնում փոխարինել էր Եմենում նախկին դեսպան Նիկոլայ Գրիբկովը։ Հենց Գրիբկովն էր, որ սկզբում Բաքվում, ապա նաև Երևանում կասկածի տակ առավ Ժնևում բանակցություններ անցկացնելու նպատակահարմարությունը: Այս տեսակետին էին հակված նաև ֆրանսիացիները, որոնք ևս պնդում էին, թե գործընթացն արհեստականորեն արագացնելու կարիք չկա։ Երևանից հեռանալուց մի քանի օր անց համանախագահները հայտարարեցին, որ ժնևյան բանակցությունները հետաձգվում են՝ «անորոշ ժամկետով»։ Այս ձևակերպումն, իհարկե, չեղարկման ավելի մեղմ տարբերակն էր։
2001 թվականի ամռանը Քոչարյանն ու Ալիևը հանդիպեցին միայն մեկ անգամ՝ Սոչիում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում։ Կարգավորման գործընթացը կարծես կրկին անցնում էր ռուսական վերահսկողության տակ։ Չի բացառվում, իհարկե, որ ամերիկացիներն ու ֆրանսիացիները որոշակի դադարից հետո մեկ անգամ ևս փորձեին նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել՝ նոր շունչ հաղորդելով Փարիզում և Քի Վեսթում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Սեպտեմբերի 11-ին Միացյալ Նահանգներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, սակայն, անդառնալիորեն փոխեցին միջազգային հարաբերություններում տիրող ողջ մթնոլորտն ու ուժերի հարաբերակցությունը։ Գերտերություններից և ոչ մեկն այլևս ի վիճակի չէր լուրջ ռեսուրսներ առանձնացնել ղարաբաղյան հարցի շուտափույթ լուծմանը հասնելու համար։ Կարգավորման հերթական, չորրորդ տարբերակի տապալումը Երևանում և Բաքվում գրեթե նույն զգացողություններն էր առաջացրել։ Մի կողմից Քոչարյանն ու Ալիևը կարծես թեթևացած շունչ քաշեին. այլևս հարկավոր չէր գլուխ կոտրել, թե ինչպես է հարկավոր սեփական ժողովրդին ներկայացնել ձեռքբերված փոխզիջումը, փոխզիջում, որից զանգվածային դժգոհությունները երկու երկրներում գրեթե անխուսափելի էին թվում։ Մյուս կողմից բանակցային ևս մեկ փուլի տապալմամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները քաղաքական կորուստներ էին կրում։ Քոչարյանը տարածքների փոխանակման տարբերակի բարեհաջող կյանքի կոչման դեպքում կարող էր հայտարարել, թե սա այն փաթեթային լուծումն է, որի մասին ինքը խոսում էր դեռ 98-ին Լևոն Տեր-Պետրոսյանի տապալման ընթացքում։
Ալիևի համար տարածքների փոխանակման տարբերակի տապալումը ևս ցավալի էր։ Այս ձախողումը նշանակում էր, որ առողջական վատ վիճակում գտնվող Ադրբեջանի նախագահին ղարաբաղյան հարցով նման լրջությամբ զբաղվելու մեկ այլ շանս կարող է պարզապես չընձեռվել։ Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ Հեյդար Ալիևը հակամարտության կարգավորման բեռը երկրի հաջորդ նախագահին փոխանցելու որևէ ցանկություն չուներ, իսկ այն, որ Ադրբեջանի հաջորդ նախագահը նրա որդին է լինելու՝ Իլհամը, 2001-ին քչերն էին կասկածում։ Ադրբեջանի նախագահի դեպքում, սակայն, կար մեկ այլ ոչ պակաս կարևոր գործոն։ Ծնունդով նախիջևանցի Հեյդար Ալիևի համար իր հայրենի երկրամասի և Ադրբեջանի մնացյալ տարածքների միջև ցամաքային կապի ապահովումը կյանքի նպատակ էր։ Այս ուղղությամբ Ալիևը լուրջ ջանքեր էր գործադրել դեռ Խորհրդային Ադրբեջանի ղեկավար եղած ժամանակ։ Ճիշտ է՝ նախորդ տարի 70-ականներին ու 80-ականներին, ի տարբերություն 2000-ականների սկզբի, Հայաստանի ղեկավարներից և ոչ մեկը Մեղրիի փոխանակման հեռանկարը չէր ցանկացել քննարկել։ «Խորհրդային տարիներին Հայաստանի կոմկուսի առաջին դեմքերից 80-ական թվականներին նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Ալեքսան Կիրակոսյանը «Ազգ» թերթում պատմում է, որ խորհրդային 70 տարիներին Մեղրիի դիմաց ադրբեջանցիները համաձայն են եղել մի քանի անգամ մեծ տարածքներ տրամադրել մեզ, բայց Հայաստանի ղեկավարները ամեն կերպ դիմադրել են՝ հասկանալով, որ Մեղրին անգին է»։
Սղագրությունը՝ Նարինե Գալոյանի