Էվոլյուցիոնիստ-կենսաբան Արմանդ Լերոյը՝ բնական և հումանիտար գիտությունների տարաբաժանման, մեքենայական ուսուցման օգտագործմամբ արվեստին ծանոթանալու և այն մասին, թե ինչու մշակույթը պետք է որպես էվոլյուցիոն գիտություն ուսումնասիրվի:
Առնվազն 17-րդ դարից ի վեր, երբ հիմնադրվեցին այնպիսի գիտական մեծ միություններ, ինչպես օրիանկ Լոնդոնի բնական գիտությունների թագավորական ընկերությունը (Royal Society), գիտելիքի աշխարհը բաժանվեց բնաշխարհին առնչվող և մշակույթի՝ մարդկանց կողմից արարվող աշխարհին առնչվող գիտությունների։ Այդ տարաբաժանումն իր դրսևորվումն է գտնում ցանկացած համալսարանում՝ բնական և հումանիտար գիտությունների բաժինների կառուցման դեպքում, ընդ որում, հասարակական գիտությունները դրանց մեջտեղում են: Լոնդոնի կայսերական քոլեջը (Imperial College) ամբողջությամբ գիտություններին և ճարտարագիտությանը նվիրված հաստատություն է, և մոտակայքում է նաև Արվեստի արքայական քոլեջը (Royal College of Art), որը բացարձակ կապ չունի նախորդի հետ: Այսպիսով, այս պառակտումը լիովին արմատական է:
Կարծում եմ՝ դա սխալ է: Ըստ իս՝ մշակույթի աշխարհն ու բնաշխարհը պետք է ուսումնասիրվեն նույն մարդկանց կողմից և այն էլ՝ գիտականորեն։ Այն կարծիքին եմ, որ պետք է մշակույթի նոր գիտություն լինի, և ուզում եմ ուրվագծել վերջինիս էությունը։
Ես էվոլյուցիոնիստ-կենսաբան եմ, և արդ չեք զարմանա, եթե ասեմ, որ մշակույթի այս նոր գիտությունն, ըստ իս, պետք է էվոլյուցիոն լինի: Պատճառներն իսկապես պարզ են․ մշակույթն ընդհանրություններ ունի օրգանիզմների հետ (որոնց հետ հենց կենսաբանությունն է առնչվում), որոնք, իրենց հերթին, աշխարհում այլ ոչնչի հետ հարում չունեն:
Նախ՝ դրանք բազմազան են: Եթե դուրս ես գալիս անտառ կամ կորալյան խութ, այն ինչ տպավորում է, այն ինչ սիրում են կենսաբանները, հատկապես, էվոլյուցիոն կենսաբանները, որն էլ իրենց շարժիչ ուժն է հանդիսանում, հսկայական բազմազանությունն է՝ ձկների, մարջանների, ծովախեցգետինների և այլնի բազմազանությունը՝ իրենց միասնության մեջ: Հենց սա է մեզ գրավում։ Մենք ձգտում ենք բացատրել այդ բազմազանությունը: Իհարկե, կա մեկ այլ տեսակային երևույթ կամ օբյեկտային դաս, որ բազմազան է. դա հենց մշակույթն է: Հեռու չգնանք, պարզապես նայենք իմ հետևում դրված գրքերին. այս ամենը մշակութային օբյեկտներ են: Այս գրքերից յուրաքանչյուրն ինչ-որ մեկի կամ մի քանի հոգու ստեղծածն է, և ընդհանուր ես մի քանի հազար գիրք ունեմ այստեղ, բայց սա երբևէ գրված գրքերի միայն մի փոքր մասն է:
Մեկ այլ օրինակ է՝ երաժշտությունը: Մի քանի տարի առաջ ես կասեի, որ մենք կարող ենք ունենալ, օրինակ, մի քանի հարյուր ձայնասկավառակ կամ գուցե 10,000 երգ մեր iPod-երում, բայց հիմա, իհարկե, մեզ բոլորիս հասանելի է 30 միլիոն ստեղծագործություն Spotify-ի կամ iTunes-ի միջոցով: Ի վերջո գոյություն ունի գիտական գրականություն՝ միլիոնավոր աշխատություններով: Այդ ամենը մշակույթ է՝ ամբողջն անսահման բազմազան։
Եվ կա մեկ այլ բան, որն ընդհանրական է մշակույթի և օրգանիզմների բազմազանության միջև. նպատակաուղղվածությունը։ Կարող ես հարցադրել՝ «ինչի՞ համար է սա», սակայն չես կարող ասել՝ «ինչի՞ համար են լուսինը կամ աստղերը»։ Պատասխանը՝ նրանք ուղղակի այնտեղ են, ոչինչ չեն անում, նպատակ չունեն, պարզապես գոյություն ունեն: Բայց դա ճիշտ չէ մշակույթի և օրգանիզմների դեպքում:
Նրանց երրորդ ընդհանրությունն այն է, որ երկուսն էլ փոփոխվող միջավայրում հետևանք են: Տեսակի էվոլյուցիան տեղի չի ունենում ոչնչից, այն զարգանում է մեկ այլ տեսակից: Երեխան ոչնչից չի ծնվում, նա ծնողներ ունի, և դա փաստացի գենոմային տեղեկատվության փոխանցումն է մի սերունդից մյուսը, մեկից մյուսը ԴՆԹ-ի միջոցով. մի թերի գործընթաց, որը բացեր է թողնում մուտացման և ռեկոմբինացման համար, ինչն էլ իր հերթին տրամադրում է այս բազմազանությունը:
Այդպես է նաև մշակույթի դեպքում: Երբ մշակութային օբյեկտ ենք ստեղծում, գրում գիրք կամ գիտական աշխատանք, երբ ռեակտիվ շարժիչ եք նախագծում կամ ֆիլմ նկարում, երբեք զրոյից չեք սկսում, միշտ փոխառում եք այլ մարդկանց մտքերն ու գաղափարները (հուսամ՝ ոչ ամբողջապես), և վերցնելով դրանք ու խառնելով՝ ստեղծում եք մի նոր բան: Դա նույնպես փոփոխվող միջավայրի հատկանիշ է և ապահովում է մեզ աշխարհի ողջ բազմազանությունը: Այդ իսկ պատճառով, ես կարծում եմ, որ պետք է մշակույթի գիտություն լինի, և այն պետք է էվոլյուցիոն գիտություն լինի:
Այսպիսով, ի՞նչ էություն ունի տվյալ գիտությունը: Ինչպե՞ս ենք մենք պատրաստվում դրանով զբաղվել: Պատասխանը շատ պարզ է՝ մենք չափորոշում ենք: Պատմության մեջ առաջին անգամ ողջ մարդկության գրեթե բոլոր մշակութային արտադրանքները հասանելի են մեզ, և հենց այս փոփոխությունն է հնարավոր դարձնում գիտությունը: Երբ փոքր էի, մեզ հասանելի էր միայն մի քանի երգ, իսկ հիմա՝ 30 միլիոն, և մենք կարող ենք մեր iPad-ներում ունենալ հրապարակված բոլոր գրքերը:
Այդպես է, և այժմ մենք այլևս չենք կարող մեզ թույլ տալ ուսումնասիրել դրանք, ինչպես դա արել են ավանդական հումանիտար գիտնականները՝ մեկ առ մեկ ուշադիր կարդալով, համեմատելով այս գիրքն այն մեկի հետ, այս հիանալի նկարը՝ այն հիանալի նկարի հետ և այլն, ձևավորել սահմանափակ պատումներ՝ հիմնված մի հոյակապ աշխատության զարգացման, մի հմուտ արվեստագետից մյուսին փախանցման վրա։
Այն, ինչ մենք հիմա պետք է անենք (քանզի կարող ենք), ամենն ուսումնասիրելն է, և այդ ամենը ուսումնասիրելու միակ ճանապարհը՝ ավտոմատացված կարդալն է, քանի որ մարդիկ դա անել ի վիճակի չեն: Մենք դա կարող ենք անել համակարգիչների միջոցով, ինչն էլ տեղի է ունենում հիմա: Այժմ կան մարդիկ, որոնց թվում և ես, ովքեր աշխատում են արվեստը, տեքստերն ու երաժշտությունը ավտոմատ կերպով կարդալու մեթոդների վրա: Սա մեքենայական ուսուցման աշխարհն է: Մենք պետք է այս հսկայական մշակութային բազմազանությունը նվազեցնենք թվերի վերածելով: Հենց որ այն հասցնեք թվերի, ապա կարող եք սկսել վիճակագրական օրինաչափություններ փնտրել: Եթե անեք դա ապա կարող եք սկսել այն մաթեմատիկորեն մոդելավորել, եթե դա էլ իրագործեք՝ կստացվի, որ գիտություն եք ստեղծել և խլել մշակույթը հումանիտար գիտություններից, որտեղ և եղել էր այսքան ժամանակ, և բերել-հասցրել եք այն գիտության այս նոր աշխարհ:
Երբեմն մտածում եմ, որ այս նոր գործիքներով զինված գիտնականները պատրաստվում են առաջ անցնել հումանիտար գիտություններից: Բայց առավել բարեպատեհ ժամերին՝ հակառակին են հակվում. նրանք պարզապես կլինեն մեր նոր գործընկերները, ովքեր տիրապետում են նյութին, հասկանում են՝ ինչ է այն նշանակում, բայցև ունեն ավտոմատացված սարքեր, թվեր և գործիքներ: Եվ ես կարծում եմ, որ մենք միասին կտեսնենք մարդկային մշակույթի մեր ընկալման ծաղկումը հաջորդ մի քանի տարիների ընթացքում:
Այսպիսով, ըստ էության, մենք պետք է սովորենք՝ ինչպես ավտոմատացված կարդալ այս բոլոր մշակութային արտեֆակտները: Դա անելու միակ միջոցը հաշվողական է, իսկ դա անելու տարբեր եղանակներ կան: Դրանցից մեկը համակարգիչներին սովորեցնելն է, թե ինչպես որոշակի օբյեկտներ ճանաչել. դուք վարժեցնում եք դրանք, որն էլ մեքենայական ուսուցում է՝ տեխնոլոգիայի մի տեսակ, որն օգտագործվում է դեմքի նույնականացման և ինքնակառավարվող մեքենաներում: Բայց ինձ ինքնավար մեքենան չի հետաքրքրում. այն, ինչ ես ուզում եմ, համակարգչին կակաչը ճանաչել ստիպելն է: Եվ դրա պատճառն այն է, որ ինձ շատ են հետաքրքրում Իզնիկի սալիկները՝ պատրաստված 15-րդ և 16-րդ դարերում օսմանյան նկարիչների կողմից: Նրանք շատ գեղեցիկ են՝ ծածկված կակաչներով, մեխակներով, սազի տերևներով և շատ այլ հրաշալի մոտիվներով, որոնց մի մասը ստացել են Չինաստանից, մի մասը՝ Իրանից: Դրանք հազարավոր են։ Եթե Ստամբուլ գնաք, կնկատեք, որ մզկիթները պարզապես ծածկված են սրանցով: Գիտնականներն ուսումնասիրել են դրանք, բայց յուրքաքանչյուրը դրանց ընդամենը մի մասն է դիտարկել: Ես ուզում եմ կարդալ դրանք բոլորը, լուսանկարել, տեղադրել վերջիններս համակարգչի մեջ և ստիպել, որ համակարգիչը ճանաչի և ինձ ասի, թե ինչ կա դրանց վրա: Եթե կարողանամ դա անել, այն կկարողանա հաշվել բոլորը: Եվ հենց դա էլ մենք անում ենք:
Բայց, իհարկե, սա ընդամենը մեկ նախագիծ է սալիկների, զարդարանքի էվոլյուցիայի մասին, բայց կարող եք նույնն անել ցանկացած այլի առնչությամբ: Ես ունեմ մոտ 200.000 հոլանդական նկարների տվյալների բազա, որն ըստ էության հոլանդական գեղանկարչության պատմությունն է: Ես ստացել եմ նրանց տվյալները, նկարները, և այժմ գիտեմ՝ ինչպես նույնականացնել այն, ինչ կա այդ նկարների վրա, որպեսզի կարողանամ պատմել բնատեսարանների (կամ նորից կակաչների, քանի որ ստացվում է, որ հոլանդացիները ևս կակաչներ են սիրում) էվոլյուցիայի պատմությունը: Սրանք այն մեթոդներն են, որոնք այժմ կարող եք օգտագործել, որոնք, ինչպես նշվեց, ուժեղացնում են հասարակ մարդկանց կարողությունը՝ կլանելու՝ մեր ստեղծած և մեր աշխարհը լցնող իրերի այս հսկայական բազմազանությունը:
Արմանդ Լերոյ
Լոնդոնի կայսերական քոլեջի էվոլյուցիոն զարգացման կենսաբանության պրոֆեսոր
Թարգմանիչ՝ Իռեն Նավոյան (Iren Navoyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։