Մուլտֆիլմեր՝ դասական երաժշտությամբ | Մաս 2

Թոմը և Ջերրին Լիստ են նվագում, հիմար մկնիկը չի քնում Շոստակովիչի ելևեջների ներքո, իսկ կապիկը Ռայխ է լսում. Arzamas-ն ընտրել է ամենահետաքրքիր մուլտֆիլմերը, որտեղ առանցքային հերոսներից մեկը երաժշտությունն է։

 

***

Մուլտֆիլմեր՝ դասական երաժշտությամբ | Մաս 1

«Ձյունանուշ»

Ռեժիսոր՝ Իվան Իվանով-Վանո, ԽՍՀՄ, 1952

Հատված «Ձյունանուշ» մուլտֆիլմից © «Սոյուզմուլտֆիլմ»

Երաժշտությունը՝ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով՝ օպերա «Ձյունանուշ»

Լև Շվարցի կողմից մշակված և Ռիմսկի-Կորսակովի օպերայի հիման վրա նկարահանված լիամետրաժ մուլտֆիլմը բեմադրվել է ռուսական անիմացիայի պատրիարքներից մեկի՝ Իվանով-Վանոյի կողմից, որը հատկապես հայտնի է ռուսական ոճային հեքիաթների իր բեմադրումներով: Օպերայում մուլտային տարբերակի համար պահպանեցին առաջին հերթին ամբողջական բանահյուսական թեման (երգչախմբեր, Լելի երգեր), իսկ դիզայնում՝ հարուստ դեկորատիվությունը։ «Ձյունանուշը» նկարահանվել է այդ տարիներին շատ տարածված «էկլեր» (կամ ռոտոսկոպ) տեխնիկայով, ըստ որի պատկերը կազմվում է կենդանի դերասանների նկարահանման միջոցով։ Պատմում են, որ դրա համար հատուկ նկարահանել են Մեծ թատրոնի դերասանների խաղը, և վերջինիս  երգիչներն ու երգչախմբերն էլ հնչունավորել են մուլտֆիլմը։ Մուլտֆիլմը կարող եք դիտել այստեղ:

«Օրիորդն ու թավջութակահարը» («La Demoiselle et le violoncelliste»)

Ռեժիսոր՝ Ժան-Ֆրանսուա Լագիոնին, Ֆրանսիա, 1965

Երաժշտությունը՝ Էդուարդ Լալո՝ Համերգ թավջութակի և նվագախմբի համար

Ժան-Ֆրանսուա Լագիոնին այսօր համարվում է ֆրանսիական հեղինակային անիմացիայի վարպետներից և պատրիարքներից մեկը, 2016 թվականին նրա գեղեցիկ ֆիլմը՝ «Լուիզան ձմռանը»՝ ծերության տխուր մի ձոն, ներակայցվեց աշխարհի փառատոններում: Իսկ «Օրիորդն ու թավջութակահարը» ֆիլմը նրա առաջին աշխատանքներից է, անմիջապես շատ հաջող (Անսիում փառատոնի Գրան պրի), որը բացահայտում է և՛ Լագիոնիի կիրքը թատրոնի նկատմամբ (ամբողջ միջավայրը շատ պայմանական է և կարծես նրբատախտակի դեկորացիա է), և՛ հայացքի հեգնական պարադոքսալությունը՝ կապված քնարականության հետ։ Եվ, միևնույն ժամանակ, գործողությունների երաժշտական դրամատիզմը՝ աղջկա և թավջութակահարի ֆանտաստիկ սիրո պատմությունը, զարգանում է XIX դարի ֆրանսիացի կոմպոզիտոր Էդուարդ Լալոյի թավջութակի և նվագախմբի համար նախատեսված համերգի լարված երաժշտության ներքո:

«Բալերինան նավի վրա»

Ռեժիսոր Լև Ատամանով, ԽՍՀՄ, 1969

Երաժշտությունը՝ Ալֆրեդ Շնիտկե

Լև Ատամանովը՝ խորհրդային անիմացիայի հիմնադիրներից մեկը, ով նկարահանել է, մասնավորապես՝ «Ոսկե այծքաղը» և «Ձյունե թագուհին» (ֆիլմեր, որոնք ռուսական անիմացիայի ոսկե հավաքածուի մաս են կազմում և բազմաթիվ միջազգային մրցանակներ են ստացել), հատկապես հայտնի է դարձել 1950-ական թվականների իր աշխատանքով։ Ավելի ուշ ստեղծված «Բալերինան նավի վրա»-ն, որն անխոս է, իսկ երաժշտական թեմաները համապատասխանում են հերոսների շարժունակությանը (քառակուսի ծուռթաթ նավաստիներ և թեթև շարժումներով նրբագեղ բալերինա), նրա համար հատուկ ֆիլմ է: Ըստ էության, այստեղ նա ոչ թե պատմություն էր կերտում, այլ ավելի շուտ նկարում էր երաժշտությունը, ավելի ճիշտ՝ ցուցադրում էր երաժշտությունը շատ պայմանական սյուժեի միջոցով։

«Ապակե հարմոնիկա»

Ռեժիսոր՝ Անդրեյ Խրժանովսկի, ԽՍՀՄ, 1968

Հատված «Ապակե հարմոնիկա» մուլտֆիլմից © «Սոյուզմուլտֆիլմ»

Երաժշտությունը՝ Ալֆրեդ Շնիտկե

«Ապակե հարմոնիկան», որը տասնյակ տարիներ արգելված է եղել ցուցադրության համար, անիմացիայի եզակի դեպքերից է։ «Դեղին սատանայի քաղաքի» մասին պատմող ֆիլմը, ուր մի երաժիշտ է գալիս, ում երաժշտությունը հրեշներին գեղեցիկ մարդկանց է վերածում, կառուցվել է համաշխարհային գեղանկարչության մեջբերումների վրա՝ հակադրելով, օրինակ, Բոսխի և Մագրիտի սարսափելի պատկերները Դյուրերի և Պինտուրիկիոյի հերոսներին։ Նույնը ձգտում էր անել Շնիտկեն ֆիլմի երաժշտության շրջանակում։ Իր իսկ խոստովանությամբ՝ հենց «Ապակե հարմոնիկա»-ում նա ձևակերպեց իր համար անցումը դեպի պոլիստիլիստիկա, որը հարաբերակցում է տարասեռ երաժշտական նյութին: Հիշելով Խրժանովսկի-Շնիտկեի ֆիլմերը՝ մենք չպետք է ևս երկու կարևոր աշխատանք մոռանանք՝ ամբողջությամբ երաժշտության վրա կառուցված քաղաքային ֆանտազիա «Թիթեռը» (1972)՝ մի տղայի մասին, ով երազում տեսել էր, որ հսկայական թիթեռը ցանցով բռնել է իրեն, և «Առակների աշխարհումը» (1973), ըստ Իվան Կռիլովի, որտեղ Շնիտկեի երաժշտությունը կատարում է «Մադրիգալ» անսամբլը։ «Ապակե հարմոնիկա» մուլտֆիլմը կարող եք դիտել այստեղ:

«Մարդուկ-Ջարդուկը»

Ռեժիսոր՝ Բորիս Ստեպանցև, ԽՍՀՄ, 1973

Հատված «Մարդուկ-Ջարդուկը» մուլտֆիլմից © «Սոյուզմուլտֆիլմ»

Երաժշտությունը՝ Պյոտր Չայկովսկի՝ երաժշտություն «Մարդուկ-Ջարդուկը», «Քնած գեղեցկուհի» և «Կարապի լիճ» բալետներից

Բորիս Ստեպանցևը՝ խորհրդային անիմացիայի հանդիսատեսի կողմից ամենասիրված ռեժիսորներից մեկը, («Վովկան հեռավոր թագավորությունում» մուլտֆիլմի, Կառլսոնի մասին ֆիլմերի և այլ աշխատանքերի բեմադրողը), իր «Մարդուկ-Ջարդուկ»-ում միավորեց Հոֆմանի սյուժեն «Մոխրոտիկի» և այլ հեքիաթների մասնիկների հետ, իսկ երաժշտությունը վերցրեց Չայկովսկու միանգամից մի քանի բալետներից: Մուլտֆիլմը կարող եք դիտել այստեղ:

«Գող-կաչաղակ» («La gazza ladra»)

Ռեժիսորներ՝ Ջուլիո Ջանինի և Էմանուելե Լուցատի, Իտալիա, 1964

Երաժշտությունը՝ Ջոակինո Ռոսսինի՝ «Գող կաչաղակ» օպերայի նախերգանք

Իտալացի նկարազարդող և անիմացիայի ռեժիսոր, թատրոնի լեգենդար նկարիչ Էմանուելե Լուցատին ռեժիսոր Ջուլիո Ջանինիի հետ միասին բազմաթիվ ֆիլմեր է նկարահանել, և դրանց մեջ գլխավորը երաժշտականներն էին, առաջին հերթին` օպերային երաժշտությամբ: Ամենահայտնիները ստեղծված են՝ ըստ Ռոսսինիի. «Գող- կաչաղակը»՝ համանուն օպերայի ուվերտյուրի երաժշտությամբ և «Պուլչինելլան»՝ «Թուրքը Իտալիայում» օպերայի ուվերտյուրայով: Նրանք բազմաթիվ միջազգային մրցանակներ ունեն և առաջադրվել են «Օսկար» մրցանակի: Սրանք լիովին ինքնուրույն ֆիլմեր են, որոնք ոչ մի կապ չունեն օպերաների սյուժեների հետ, այլ ավելի շուտ ի հայտ են բերում սերը ժողովրդական թատրոնի՝ կոմեդիա դել արտեի և տիկնիկային թատրոնի, նրա հումորի և վառ գույների հանդեպ։ Ըստ էության, սյուժեն այնտեղ առանձնահատուկ նշանակություն չունի, չնայած այն կա և շատ զվարճալի է զարգանում: Կաչաղակը, օրինակ, դաս տվեց թագավորներին և նրանց զորքերին, որոնք եկել էին թռչուններին կրակելու, իսկ Պուլչինելլան հապճեպ փախչում էր մե՛կ կնոջից, մե՛կ պահակախմբից: Բայց իրականում դա առաջին հերթին հենց ինքը երաժշտությունն է, որը կենդանացել է գույներում և կոպիտ ու զարդարուն նկար-ապլիկացիայում:

«Մարդը և նրա թռչունը»

Ռեժիսոր՝ Անատոլի Սոլին, ԽՍՀՄ, 1975

Երաժշտությունը՝ Սոֆիա Գուբայդուլինա

Բոլորը գիտեն, որ Սոֆիա Գուբայդուլինան գրել է Ռոման Դավիդովի «Մաուգլի»-ի բոլոր սերիաների երաժշտությունը, մնացածը ավելի քիչ հայտնի է: Մինչդեռ նա խորհրդային ամենահետաքրքիր և անսովոր ռեժիսորներից մեկի՝ Իդեա Գարանինայի երկու ֆիլմերի կոմպոզիտորն է. լիամետրաժ «Կատուն, որ զբոսնում էր ինքն իր համար» (1988) աշխատանքի, որի մեջ գրեթե բոլոր հնարավոր անիմացիոն տեխնիկաներն օգտագործվում են, և Գարանինայի լավագույն ֆիլմերից մեկը՝ տիկնիկային «Բալագանա» (1981) աշխատանքի, որը հիմնված էր Գարսիա Լորկայի պիեսների վրա՝ «Դոն Պերլիմպլինի սերը», «Հրաշալի կոշկակարուհին» և «Դոն Քրիստոբալի կրպակը», որը սկսվում է որպես տիկնիկների փողոցային թատրոն, իսկ ավարտվում է բարձր ողբերգությամբ՝ կերպարանափոխված բարձրակարգ տիկնիկներով։

Անատոլի Սոլինի «Մարդը և նրա թռչունը» ամբողջությամբ կառուցված է Գուբայդուլինայի երաժշտության վրա, ոչ մի երկխոսություն չկա: Ֆիլմից առաջ, ինչպես պահանջվում էր (և ինչպես դա պետք է արվեր նաև «Ապակե հարմոնիկայի» մեջ), կա բացատրություն, որ խոսքը գնում է կապիտալիստական հասարակության մասին, որպեսզի ոչ ոք ոչինչ չմտածի խոհրհդայինի մասին: Եվ հետո այս մելամաղձոտ և կիսասյուրռեալիստական ֆիլմն այն մասին է, թե ինչպես է թռչունը աստիճանաբար վերածվում սովորական մարդու, իսկ մարդը՝ թռչնի, զարգանում է (ընդ որում մեծամասամբ երաժշտության միջոցով) որպես քաղաքային դիմազրկության վախի թեմա՝ համաժամանակյա շարժման, միապաղաղ աշխատանքի, նույնական մարդկանց և անտարբերվող շենքերի առջև:

«Գաղտնիքով զարդատուփը»

Ռեժիսոր՝ Վալերի Ուգարով, ԽՍՀՄ, 1976

Հատված «Գաղտնիքով զարդատուփը» մուլտֆիլմից © «Սոյուզմուլտֆիլմ»

Երաժշտությունը՝ Վլադիմիր Մարտինով

Կոմպոզիտոր Վլադիմիր Մարտինովի անունը նշված է 1970-ական թվականների բազմաթիվ մուլտֆիլմերում, բայց դրանցից ամենահայտնին շարունակում է մնալ «Գաղտնիքով զարդատուփը»՝ փոքրիկ ժամանակակից օպերա՝ ըստ Օդոևսկու «Քաղաքը ծխատուփում» հեքիաթի։ Այս ֆիլմի երաժշտությունը, որը կատարվել է անալոգային սինթեզատորով, պատկանում է Մարտինովի վաղ էլեկտրոնային փորձերին, իսկ էկրանին ծավալվող սյուժեն ավելի շատ զարդատուփի տարօրինակ և տպավորիչ կերպարների խորեոգրաֆիա է, քան տեղեկատվական պատմություն, դրա կառուցվածքի գաղտնիքի մասին. այս բալետից հասկանալ, թե ինչպես է գործում մեխանիզմն անհնար է, նման խնդիր էլ չկա: Ֆիլմին լրացուցիչ հայտնիություն տվեց այն, որ «Գաղտնիքով զազրդատուփի» դիզայնը կատարվել էր 1968 թվականի Ջորջ Դանինգի «Դեղին սուզանավ» բրիտանական մուլտֆիլմի ոգով, որը նկարահանվել էր The Beatles-ի երաժշտությամբ՝ նույն շլացուցիչ զարդարուն գույներով, կոշտ ուրվագծերով: Ի դեպ, «Զարդատուփից» երեք տարի առաջ Ուգարովն արդեն նմանատիպ դիզայնով նկարահանել էր մեկ այլ ֆիլմ՝ «Ուրախ կարուսելի» դրվագը՝ «Քո մասի՞ն չէ այդ ֆիլմը» (Միխայիլ Ռոմանովի բանաստեղծության հիման վրա): Դրանում Վլադիմիր Մարտինովը նույնպես փորձեր է կատարում էլեկտրոնիկայի հետ, և երևում է, որ այստեղ որոշ վիզուալ և երաժշտական լուծումներ են փորձարկվել, որոնք այնուհետև կօգտագործվեն «Զարդատուփում»: Դիտել մուլտֆիլմը կարող եք այստեղ:

«Allegro non troppo»

Ռեժիսոր՝ Բրունո Բոցետտո, Իտալիա, 1976

Հատված՝ «Սլավոնական պար»

Երաժշտությունը՝ Անտոնին Դվորժակ ” «Սլավոնական պար», Մորիս Ռավել ” «Բոլերո», Յան Սիբելիուս ” «Տխուր վալս» և այլն

«Allegro non troppo»-ն (երաժշտական տերմին է, որ նշանակում է «ոչ շատ ուրախ») իտալական լիամետրաժ ֆիլմ է, որը նկարահանվել է մուլտանտոլոգիայի սկզբունքով՝ խաղային ընդհատումներով` որպես միաժամանակ Դիսնեյի «Երևակայության» նվեր և վեճ դրա հետ (ֆիլմում շատ կատակներ կան այս թեմայով)։ Այստեղ փորձ է արվում երգիծական սյուժե կառուցել. հայտնի նվագախմբի փոխարեն՝ ֆիլմի նկարահանումների համար աղքատ տատիկների մի նվագախումբ է հավաքվել, ինչպես նաև ինքնագոհ և անգրագետ մի մեկնաբան, կոպիտ մի դիրիժոր, բանտից դուրս բերված մի «ազատ նկարիչ»: Այս ամենը նկարահանված սև և սպիտակ նեոռեալիստական և, միևնույն ժամանակ, ծաղրական ոգով գունավոր անիմացիոն դրվագները համախառնում են դասական երաժշտությանը ինչ-որ ծաղրանկարային գրաֆիկայով, ինչպես և հատուկ է Բոցետտոյին. Սիբելիուսի «Տխուր վալսը»՝ տխուր կատվի մասին, որը քայլում է տան ավերակներով և հիշում անցյալի երջանիկ կյանքը, Ռավելի «Բոլերոն»՝ տարօրինակ արարածների երթ, էվոլյուցիայի պատմություն, որը ոչ մի լավ բանի չի հանգեցնում (զվարճալի է այս հատվածում տեսնել և՛ Իվան Մաքսիմովի ապագա ֆիլմերը, և՛ «Երևակայության» ամենավեհ վերջին դրվագի ծաղրերգությունը), և Դվորժակի «Սլավոնական պարը»՝ այն մասին, թե ինչպես է միզանտրոպը հատուցում իր դավերի դիմաց:

«Շրջանակների երկրաչափություն» («Geometry of Circles»)

Ռեժիսոր՝ Քեթրին Էյսոն, ԱՄՆ, 1979

Երաժշտությունը՝ Ֆիլիպ Գլաս

Այս փոքրիկ վերացական ֆիլմը, որը երեխաներին հնարամտորեն ցույց է տալիս գույներն ու երկրաչափական պատկերները, նկարահանվել է «Սեզամի փողոց» հեռուստատեսային շոուի համար: Գլասը, ով հայտնի է դարձել 1975 թվականի «Էյնշտեյնը՝ լողափին» օպերայից հետո, հատուկ մուլտֆիլմի համար երաժշտություն էր գրել՝ այս ժամանակի իր ստեղծագործությունների ոգով։ Ֆիլմը ցուցադրվել է ոչ միայն անիմացիոն ծրագրերում, այլև ցուցահանդեսներում։

«Բոլերո»

Ռեժիսոր՝ Իվան Մաքսիմով, Ռուսաստան, 1992

Երաժշտությունը՝ Մորիս Ռավել՝ «Բոլերո»

Իր առաջին ֆիլմը, որը Մաքսիմովը նկարահանում էր դեռ Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացների ժամանակ, իսկ 1992 թվականին կրկին թողարկեց ստուդիական տարբերակով, ռեժիսորը հեգնանքով անվանել է «բարձր հոգևորության ֆիլմ»: «Բոլերոն» արագ հայտնի դարձավ (ֆիլմը ստացավ «Նիկա» և «Ոսկե արջ» Բեռլինալում) և շատ բան նշմարեց նրանից, ինչի համար բոլորը դեռ գնահատում են Մաքսիմովի աշխատանքները. նրա զվարճալի և սենտիմենտալ գրաֆիկան՝ ոչ այնքան մարդակերպ, բայց շատ հնարամտորեն ստեղծված արարածներով, սերը անսովոր գեգերի հանդեպ, որոնք նույնպես բխում են այդ արարածների հատկություններից, և անսահման երաժշտականությունը։ Մաքսիմովի ֆիլմերում երաժշտությունն ու ռիթմը միշտ ավելի կարևոր են, քան սյուժեն:

Դե, քանի որ խոսք գնաց «Բոլերոյի» մասին, չի կարելի չհիշել էստոնական շատ զվարճալի ուսանողական մի ֆիլմ՝ «Նախաճաշ խոտի վրա» (2011), որի իրադարձությունները նույնպես զարգանում են ռավելյան հիթի ռիթմով։ Հարբեցողների կյանքից այս սյուժեն ըստ արժանվույն գնահատելու համար պետք է իմանալ, որ ուսանողների ֆիլմը հարգանքի տուրք է նրանց պրոֆեսոր Պրիիտ Պարնին, ով ԽՍՀՄ փլուզումից առաջ նկարահանել է ամենաուժեղ և դառը ֆիլմերից մեկը՝ աղավաղված խորհրդային հասարակության մեջ արվեստի մարդկանց ճակատագրի մասին: Ֆիլմը նույնպես կոչվում էր «Նախաճաշ խոտի վրա», և, իհարկե, իր հերթին ենթադրում էր Կլոդ Մոնեի նկարը։ Այսպիսով, այս երեք նկարների միջոցով մենք տեսնում ենք «նախաճաշի» մասնակիցների մակարդակի աստիճանական անկում:

«Թուրքական մարշ» («Rondo alla turca»)

Ռեժիսոր՝ Վիտոլդ Գերշ, Լեհաստան, 1993

Երաժշտությունը՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ՝ «Թուրքական մարշ»

1980-90-ական թվականների սկզբին Պոզնանի հեռուստատեսությունում նկարահանվեց «Դասական երաժշտության լեհական անիմացիա» մեծ նախագիծը՝ ընդամենը 24՝ երեքից-հինգ րոպեանոց մուլտֆիլմներ։ Նախագիծը ակնհայտորեն քիչ բյուջե ուներ, բայց դրա համար կարճ պոպուլյար պիեսներ նկարահանում էին հայտնի ռեժիսորները: Ամենագեղեցիկ էպիզոդներից մեկը աշխույժ Թուրքական մարշի նկարազարդումն է, որն արվել է Վիտոլդ Գերշի կողմից՝ սև ֆոնի վրա՝ վառ գրաֆիկայով: Նախագծում կան նաև մի քանի ֆիլմեր՝ ըստ «Կարմենի» (ավելի ճիշտ, ըստ Բիզե-Շչեդրինի «Կարմեն-սյուիտի»). ծաղրական դրվագ՝ Յացեկ Ադամչակի բակային տղաների մասին՝ հիմնված ցլամարտիկի քառյակների վրա, Ալեքսանդրա Կորեյվոյի մի շարք ռոմանտիկ «փխրուն» դրվագներ։ Ինչպես նաև Շոպենի վալսերը, Վիվալդիի «Տարվա եղանակները», Մուսորգսկու «Նկարներ ցուցահանդեսից»՝ երաժշտական ընտրությունն այս ցիկլում բավականին դպրոցական է: Իսկ Բեթհովենի «Էլիզայի» անիմացիոն նկարազարդումը Յացեկ Կասպրժիցկին անսպասելիորեն պատրաստեց՝ հիմնված Բուլատ Օկուջավայի կապույտ գնդակի մասին բանաստեղծության սյուժեի վրա:

«Երևակայական օպերա» («Opéra imaginaire»)

Ռեժիսորներ՝ Պասկալ Ռուլեն, Գիյոն Լերոյ, Ջիմի Թ.Մուրակամի և այլք, 1993

Հատված «Տրավիատա»-ից մեներգի թեմայով

Երաժշտությունը՝ Ջուզեպպե Վերդի՝ «Noi siamo zingarelle» մեներգ՝ «Տրավիատա» օպերայից, Ժորժ Բիզե՝ «Au fond du temple saint» մեներգի «Մարգարիտ փնտրողները» օպերայից և այլն

Այս ֆրանսիական հեռուստատեսային նախագիծը հստակ արվել է հայացք գցելով Դիսնեյի «Երևակայությանը» և իտալական «Allegro non troppo»-ին՝ որպես երաժշտական անտոլոգիա՝ կապակցող մեկնաբանություններով: Սակայն այս անգամ 12 անիմացիոն մասերը նկարահանվել են օպերաների հայտնի արիաների հիման վրա՝ Բիզեի «Կարմենից» մինչև Պուչինիի «Տոսկա»։ Իսկ մեկնաբանը ոչ թե կենդանի դերասան էր, այլ նկարված եռաչափ համակարգչային հերոս, ով Պավարոտիին էր հիշեցնում։ Նկարահանումների համար ռեժիսորներ են հրավիրվել տարբեր երկրներից, այդ թվում նաև՝ շատ հայտնի (օրինակ՝ Ջիմի Թ. Մուրակամին), բոլոր էպիզոդներն արվել են տարբեր ձևերով և տարբեր տեխնիկաներով (համակարգչայիններն այսօր այլևս չեն դիմանում քննադատությանը): Իսկ դրանցից ամենահայտնին դարձավ Գիյոն Լերուայի պարզամիտ և զվարճալի պլաստիլինային էպիզոդը, որը ոչ մի կերպ չէր հարաբերվում Վերդիի «Տրավիատա» արիայի թեմային, որի հիմքով նա պատրաստվել էր՝ սերուցքային մարդկանց երթը տորթը զարդարելու համար:

Շարունակելի․․․


Բնօրինակի հեղինակ՝ Дина Годер, Arzamas


Թարգմանիչ՝ Մեսրոպ Հովսեփյան (Mesrop Hovsepyan) © խմբագիր՝ Անի Յախշիբեկյան (Ani Yakhshibekyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։