Մուլտֆիլմեր՝ դասական երաժշտությամբ | Մաս 1

Թոմը և Ջերրին Լիստ են նվագում, հիմար մկնիկը չի քնում Շոստակովիչի ելևեջների ներքո, իսկ կապիկը Ռայխ է լսում. Arzamas-ն ընտրել է ամենահետաքրքիր մուլտֆիլմերը, որտեղ առանցքային հերոսներից մեկը երաժշտությունն է։

***

Մուլտֆիլմեր՝ դասական երաժշտությամբ | Մաս 2

Արվեստի բոլոր տեսակներից թերևս անիմացիան է ամենամոտը երաժշտությանը, և անիմացիոն փորձերը ոչ թե պատկերել, այլ արտահայտել երաժշտությունը շարժվող նկարի միջոցով ի հայտ եկան ձայնի՝ կինոյում հայտնվելուց գրեթե անմիջապես հետո։ Անիմատորներն իրենց ֆիլմերի համար դասական երաժշտություն են օգտագործում և հրավիրում են ժամանակակից ամենամեծ կոմպոզիտորներին իրենց ստեղծագործությունների համար երաժշտություն գրելու։ Այս հոդվածում բազում տարբերակներ են ներկայացվում, թե ինչպես է անիմացիան աշխատում ակադեմիական երաժշտության հետ փորձարարական և ավանդական հեղինակային կինոնկարներում՝ վերացական և սյուժետային, լայնածավալ միջազգային առևտրային նախագծերում և փոքր էտյուդներում, որտեղ երաժշտությունը սյուժեի աղբյուրն ու հիմնական շարժիչն է դառնում:

«Գիշերը լերկ ժայռի վրա» («Une nuit sur le mont chauve»)

Ռեժիսոր՝ Ալեքսանդր Ալեքսեև, Ֆրանսիա, 1993

Երաժշտությունը՝ Մոդեստ Մուսորգսկի՝ «Գիշերը լերկ ժայռի վրա» (Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի մշակմամբ)

Ալեքսանդր Ալեքսեևը՝ նկարիչ և համաշխարհային անիմացիայի ռահվիրաներից մեկը, ծնվել է Ռուսաստանում և հեղափոխությունից հետո արտագաղթել Ֆրանսիա։ Նրա գլխավոր անիմացիոն գյուտերից մեկը ասեղ-էկրանն է, որը  ասեղներով խիտ խոցված պլանշետի տեսք ուներ, ընդ որում ասեղները հեշտությամբ սեղմվում էին: Ասեղ-էկրանի միջոցով անիմացիայի ստեղծումը ստվերների հետ աշխատանք է. լույսի աղբյուրի շարժման ընթացքում սեղմման «հետքերը» ամբողջությամբ փոխում են նկարը և տալիս անսովոր փափուկ սև և սպիտակ պատկեր: «Գիշերը լերկ ժայռի վրա» ֆիլմում (Ալեքսեևը նկարահանել է այն իր կնոջ և համահեղինակ Քլեր Փարքերի հետ) նույնպես ասեղ-էկրան է օգտագործվում, որի շնորհիվ կախարդական չար ոգիների ստվերների հողմապտույտը հատկապես արտահայտիչ է թվում: Ի դեպ, սա Յուրի Նորշտեյնի սիրելի ֆիլմերից մեկն է։

«Օպտիկական պոեմ» («An Optical Poem»)

Ռեժիսոր՝ Օսկար Ֆիշինգեր, ԱՄՆ, 1938

Երաժշտությունը՝ Ֆերենց Լիստ՝ Հունգարական ռապսոդիա N 2

Գերմանա-ամերիկացի ռեժիսոր Օսկար Ֆիշինգերը երաժշտության վիզուալիզացիայի առաջին փորձարարներից մեկն է, ով հսկայական ազդեցություն է ունեցել ամբողջ աշխարհի (առաջին հերթին՝ վերացական և երաժշտական) անիմացիայի վրա: «Օպտիկական պոեմը», ըստ Լիստի Հունգարական  ռապսոդիա N 2-ի, նկարահանվել է անտեսանելի թելերին կցված թղթե մասնիկների միջոցով: Ձեռքի այսչափ աշխատանքը զարմանալի է այն տեսակի կինոնկարներում, որոնք մեզ համար այսօր հիմնականում ասոցացվում են համակարգչային գրաֆիկայի հետ: Ի դեպ, սա Ֆիշինգերի միակ ֆիլմն է, որը նկարահանվել է ամերիկյան մեծ ստուդիայում՝ Metro-Goldwyn-Mayer-ում՝ ԱՄՆ արտագաղթելուց անմիջապես հետո: Ընդհանուր առմամբ, Ֆիշինգերը շատ է աշխատել երաժշտության հետ, և նրա ամենահայտնի գործերից մեկը, որին բազմաթիվ արվեստաբանական աշխատանքներ և ֆիլմեր-տրիբյութներ են նվիրված, ավելի ուշ ստեղծված «Շարժվող գեղանկարչություն» ֆիլմն է («Motion Painting I»)՝ ապակու վրա յուղաներկով արված վերացական նկարներ՝ Բախի Բրանդենբուրգյան N 3 համերգի երաժշտությամբ:

Պետք է նշել, որ տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ ավելի ու ավելի շատ հնարավորություններ են ստեղծվում երաժշտությունը «պատկերելու» համար։ Այս իմաստով հատկանշական է վերջին ժամանակների լավագույն աբստրակտ ֆիլմերից մեկը, որը նկարահանվել է ստերեո ձևաչափով, Թոմաս Շտելմախի և Մայա Օշմանի «Վիրտուալ վիրտուոզը»՝ Լուի Շփորի «Ալքիմիկոս» օպերայի ուվերտյուրի երաժշտությամբ: Թանաքի կաթիլի ճանապարհորդությունն այստեղ ընթանում է ոչ միայն էկրանի հարթությամբ, այլ նաև խորությամբ։

«Երևակայություն» («Fantasia»)

Ռեժիսորներ՝ Սեմյուել Արմսթրոնգ, Ջեյմս Էլգար, Բիլ Ռոբերթսը և այլոք, ԱՄՆ, 1940

Երաժշտությունը՝ Պոլ Դյուկա՝ «Կախարդի աշակերտ», Պյոտր Չայկովսկի՝ սյուիտ «Մարդուկ-Ջարդուկը» բալետից, Յոհան Սեբաստիան Բախ՝ Տոկկատա և ֆուգա ռե մինոր (BWV 565) և այլն

Disney-ի «Երևակայությունը» դասական երաժշտության առաջին մեծ անիմացիոն նախագծերից մեկն է՝ իր ժամանակի համար փորձարարական (մասնավորապես ստերեո ձայնի հետ աշխատելու առումով) և մինչ հիմա աներևակայելի կարևոր: Ֆիլմը կառուցված է որպես Լեոպոլդ Ստոկովսկու ղեկավարությամբ Ֆիլադելֆիայի նվագախմբի համերգի և ինը անիմացիոն դրվագների միացում (յուրաքանչյուրն ունի իր ռեժիսորը) այն երաժշտության վրա, որը կատարում է նվագախումբը: Նվագախմբից մուլտֆիլմ անցումներն ուղեկցվում են պատմվածքով այն մասին, թե ինչ պետք է տեսնի հանդիսատեսը: Ե՛վ Disney-ի թիմով, և՛ Ստոկովսկին «Օսկար» ստացան այս աշխատանքի համար: «Երևակայությունն» ունի Բախի երաժշտությամբ մի դրվագ՝ Օսկար Ֆիշինգերի ոգուն համապատասխան վերացական մի անիմացիա, Բեթհովենի «Հովվերգությունը»՝ հունահռոմեական դիցաբանության հուզիչ հերոսների կյանքի նկարներով, Պոնկիելլիի «Ջոկոնդա» օպերայից «Ժամացույցների պարը»՝ պարոդիական բալետ կոկորդիլոսների, գետաձիերի և այլ կենդանիների մասնակցությամբ, որոնց նախատիպերը հայտնի պարողներ էին, Շուբերտի «Ave Maria»-ն՝ խավարի նկատմամբ լույսի և բարության հաղթանակի այլաբանությունը… Ամենահայտնի դրվագներից մեկը Գյոթեի «Կախարդի աշակերտն» է՝ Պոլ Դյուկի սիմֆոնիկ պոեմով, որտեղ անհաջող կախարդը հենց ինքը Միկի-Մաուսն է (ենթադրվում է, որ ամբողջ «Երևակայությունը» մտածվել էր մոռացված Միկիի հայտնի լինելը վերադարձնելու համար):

«Հիմար մկնիկի հեքիաթը»

Ռեժիսոր՝ Միխայիլ Ցեխանովսկի, ԽՍՀՄ, 1940

Երաժշտությունը՝ Դմիտրի Շոստակովիչ

Միխայիլ Ցեխանովսկին՝ անիմացիայի ոլորտում առաջին խորհրդային փորձարարներից մեկը, որի միջազգային համբավը սկիզբ առավ ավանգարդ «Փոստից» (որը համարվում է առաջին հայրենական ձայնային մուլտֆիլմը), երկու անգամ աշխատել է Շոստակովիչի հետ: Առաջին փորձը եղել է Պուշկինի «Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը», որը նախատեսված էր որպես լիամետրաժ անիմացիոն օպերա. պատմության մեջ դրանից մնացել է միայն մեկ տեսարան՝ «Բազարը» արիաներով՝ Վվեդենսկիի բանաստեղծություններով։ Երաժշտական «Հիմար մկնիկի հեքիաթը»՝ Մարշակի բանաստեղծություններով, նկարահանվել էր 1930-ական թվականների կեսերին ֆորմալիզմի դեմ պայքարի արշավից հետո և ավելի քիչ հեղափոխական տեսք ուներ: Եվ ինչպես Մարշակի այս բանաստեղծությամբ ավելի ուշ ստեղծված մուլտֆիլմերը, այս մեկը նույնպես նույնպես հրաժարվում է ողբերգական ավարտից՝ երեխաներին չվախեցնելու համար:

Պետք է հասկանալ, որ խորհրդային անիմացիայի պատմությունը առանձնահատուկ է. այստեղ գաղափարական ճնշման պատճառով երաժիշտները, ինչպես նաև նկարիչները, շատ ավելի մեծ ազատություն ունեին արվեստներում, որոնք ավանդաբար մանկական էին համարվում, իսկ անիմացիան միշտ անցնում էր մանկական գերատեսչությամբ: Այդ պատճառով էլ կան մուլտֆիլմեր, որոնց համար հատուկ ստեղծագործել են Շոստակովիչը, Շնիտկեն, Գուբայդուլինան և Մարտինովը:

«Կատվի համերգը» («The Cat Concerto») «Թոմ և Ջերի» սերիալից

Ռեժիսորներ՝ Ուիլյամ Հաննա, Ջոզեֆ Բարբերա, ԱՄՆ, 1946

Երաժշտությունը՝ Ֆերենց Լիստ՝ Հունգարական ռապսոդիա N 2

Մեկ այլ հսկայի (Metro-Goldwyn-Mayer ստուդիայի) ֆիլմը, որը 1947 թվականին «Օսկար» է ստացել լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար, գեգերի դասական երաժշտական կասկադն է՝ համերգ տվող կատվի և նրան խանգարող մկնիկի շուրջ։ Հետաքրքիր է՝ նույն տարում ևս մեկ հսկա՝ Warner Bros.-ը, թողարկել է «Նապաստակի ռապսոդիա» («Rhapsody Rabbit») էպիզոդն իր «Զվարճալի մեղեդիներ» սերիալից, որտեղ Bugs Bunny-ն հանդես էր գալիս Լիստի նույն «Հունգարական ռապսոդիայով» (այն, ընդհանուր առմամբ, շատ տարածված էր անիմացիայում) և նմանատիպ գեգերով, որը  բանագողության մեղադրանքներ և մեծ սկանդալ առաջացրեց (այնուամենայնիվ, ոչնչով չավարտվեց):

Շարունակելի․․․


Բնօրինակի հեղինակ՝ Дина Годер, Arzamas


Թարգմանիչ՝ Մեսրոպ Հովսեփյան (Mesrop Hovsepyan) © խմբագիր՝ Անի Յախշիբեկյան (Ani Yakhshibekyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։