Շատ հաճախ մենք ինքնաբերաբար ենթադրում ենք, որ նոր թարգմանությունը գերազանցում է գոյություն ունեցող թարգմանությանը: Կարող է այդպես լինել կամ չլինել. որոշելու համար խելամիտ քննադատը պետք է սկզբում կարդա նոր թարգմանությունը և համեմատի այն բնօրինակի, իսկ հետո միայն` ավելի վաղ թարգմանության կամ թարգմանությունների հետ։ Բայց, նույնիսկ, այդ դեպքում շատ հաճախ ճաշակը, ոճական նախասիրությունները, պայմանականությունները և ամենակարևորը՝ ընթերցողի արձագանքը, հանգեցնում են սուբյեկտիվ գնահատման։ Մի շարք գործոնների, այդ թվում՝ ռասայական, տարիքային, դասակարգային, գենդերային ինքնության, սեռական կողմնորոշման, կրոնական հակումների (կամ դրանց բացակայության) կամ քաղաքական համոզմունքների ազդեցությամբ, մեկ անձի կողմից տեքստի ընթերցումը հաճախ արմատապես տարբերվում է մյուսի ընթերցումից: Այն, ինչ խիստ երկիմաստ և ուշագրավ է մեկ անձի համար, կարող է պարզապես հոգնեցուցիչ լինել մյուսի համար, և թարգմանությունը՝ որպես որոշակի ընթերցման և վերաշարադրման արդյունք, արտացոլում է արձագանքների այս բազմազանությունը: Մի ոլորտում ենթադրյալ «բարելավումը» կարող է փոխարինվել մեկ այլ ոլորտում թերացմամբ կամ սխալով: Եվ կրկին, ընկալվող «բարելավումը» այլ ընթերցողների համար կարող է լինել ոչ ավելին, քան ընդամենը իմաստային կամ ոճական ընտրության ուղղակի մի փոփոխություն՝ հնարավոր տարբերակների շարքից մեկը: Հետևաբար, սխալ է պարզապես grosso modo (կոպտորեն) հայտարարել, թե նոր թարգմանությունը «ավելի լավն» է, քան գոյություն ունեցողները։
Կարծում եմ՝ ավելի ճիշտ է վերաթարգմանության հարցի մեր դիտարկումը սկսել մեր հստակ իմացածով. նոր թարգմանությունը տարբերվում է ամբողջությամբ (հազվադեպ) կամ մասամբ (շատ ավելի հաճախ): Անհրաժեշտ մեթոդաբանությունը բավականին խիստ է նրանց համար, ովքեր հետաքրքրվում են թարգմանության համեմատական վերլուծությամբ, որը ես համարում եմ և՛ հետաքրքրաշարժ, և՛ թարգմանության մեկնաբանության կարևորության լուրջ ապացույց (տարբերությունները բացահայտ են): Եվ, ի վերջո, տեքստի զգույշ, հետևողական ընթերցման և խելամիտ դիտարկման խնդիրը, թե ինչպես և ինչու է այն այդպիսին, այլ ոչ թե ուրիշ, շատ սուբյեկտիվ է։ Բայց թարգմանությունն ու վերաթարգմանությունը միշտ և՛ կարդալու, և՛ գրելու գործառույթներ են։ Անվանի թարգմանիչ Գրեգորի Ռաբասան սիրում էր ասել, որ իր տեքստերը իսպաներենով կամ պորտուգալերենով կարդալիս մտովի վերաշարադրում էր դրանք` անգլերենի անհրաժեշտ տեսակներով և մակարդակներով: Գրեգի համար իդեալական թարգմանիչը և՛ բծախնդիր, խորասուզված ընթերցողն էր, և՛ ստեղծագործ մտածելակերպով գրողը, և այդ երկուսն այնքան միահյուսված էին, որ անբաժանելի էին դարձել:
Երբեմն, ցավոք, վերաթարգմանության առանց այն էլ խրթին հարցը անհարկի սրացվում է սկսնակ թարգմանիչների կողմից, որոնք կարծում են, թե իրենց ընթերցումներում այնքան են «տիրացել» գրողին, որ հրապարակայնորեն հայտարարում են, թե իրենց տարբերակները գերազանցել են նախորդներին։ Մի բան է ճանաչել տվյալ գրողի մեծությունը և ցանկանալ այն ցույց տալ ուրիշներին քո թարգմանության միջոցով, բայց բոլորովին այլ բան է պնդել, որ նշված հեղինակի՝ քո ըմբռնումն ու վերստեղծումը «լավագույնն» են, և, որ գերազանցում են բոլոր մյուսներին: Նման դիտակետը տվյալ մարդուն պատիվ չի բերում։ Իրավիճակը, ցավոք, էլ ավելի է վատթարանում, երբ այս նույն թարգմանիչները ձգտում են գովաբանել սեփական ջանքերը՝ նսեմացնելով իրենցից առաջ եկածներինը: Դա անելու կարիք չկա, և այս ձևով շարունակելը անվայել և ոչ պրոֆեսիոնալ է: Եվ, ինչպես գիտի յուրաքանչյուրը, ով թարգմանաբար ուսումնասիրում է որոշակի հեղինակի պատմությունը, դա նաև անխոհեմ է։ Ժամանակի ընթացքում այդ նույն նոր թարգմանությունները, որոնք այժմ այնքան բարձր են գնահատվում (գոնե դրանք թարգմանողների և նրանց ընկերների կողմից), ենթարկվելու են քննադատության (ապագա ընթերցողների կողմից) և, ամենայն հավանականությամբ, համարվելու թերակատար։ Եթե, իհարկե, դրանք իսկապես կատարյալ չեն, ինչը, հաշվի առնելով լեզվի, մեկնաբանման և գրելաձևի փոփոխական բնույթը (թարգմանության հիմնական բաղադրիչները), շատ անհավանական է թվում: Այսպիսով՝ ողջամիտ կլինի եզրակացնել, որ վերաթարգմանության արժանիքները գովերգելիս անհրաժեշտ է մի քիչ խոհեմություն, պրոֆեսիոնալիզմ և հարգանք դրսևորել:
Այնուհետև կարևոր է նաև խմբագրի դերը թարգմանության գործընթացում: Շատ հաճախ խմբագիրն է, և ոչ թե դրա հեղինակը, ով վերջնական տեսքի է բերում թարգմանությունը կամ վերաթարգմանությունը։ Իմ փորձից ելնելով՝ կասեմ, որ սա հատկապես այդպես է ոճական և կառուցվածքային հարցերի դեպքում, ինչպիսիք են` ինտերվալները և պարբերությունները, շարահյուսությունը և կետադրությունը: Գրողի ոճական յուրահատկությունները կարող են ընդունելի չլինել խմբագրի համար, ով ցանկանում է հրատարակել նույն գրողին, բայց այլ լեզվական համակարգով: Իր բնույթով խմբագրի աշխատանքը բարդ է և հակասական: Մի կողմից՝ նա ձգտում է ներկայացնել բնօրինակ տեքստի հեղինակին` հնարավորինս լավագույն ձևով, մյուս կողմից՝ նա նաև պետք է վաճառք ապահովի: Եթե խմբագրի հովանավորած գրքերը ընկերությանը գումար չեն բերում, նա երկար այդտեղ չի աշխատի: Խմբագրի համար վերջնական որոշումն այն մասին, թե ինչպիսին պիտի լինի նոր թարգմանությունը, կարող է ավելի շատ կախված լինել եկամտաբերության, քան գեղագիտության կամ բնագրին հավատարիմ մնալու հարցերից: Թեև հեղինակի անունը նշվելու է թարգմանված տարբերակի շապիկին, լեզուն, որով հանրությունն ընդունելու է այս հեղինակին, լինելու է անգլերենը, և եթե գիրքը վաճառվելու է Միացյալ Նահանգներում, հավանաբար ժամանակակից ամերիկյան անգլերենը: Սա նշանակում է, որ, եթե թարգմանությունը կամ վերաթարգմանությունը կյանքի կոչվի մի անգլերենով, որը կվանի ընթերցողներին, այն չի գնվի: Խմբագիրները քաջատեղյակ են այս մասին և վճարվում են նման բան թույլ չտալու համար։
Հենց այս առումով Գրեգ Ռաբասան սիրում էր պատմել իր թարգմանած գրքերից մեկի՝ կուբացի վիպասան Խոսե Լեսամա Լիմայի «Paradiso» (բռց․՝ «Դրախտ») գրքի պատմությունը: Լիմայի բնօրինակ տեքստը, որը նեոբարոկկոյի փայլուն օրինակ էր, կազմված էր երկար, բարդ ստորադասական նախադասություններից, որոնք կարող էին շարունակվել էջերով և ներառել բազմաթիվ մարդիկ, իրեր, ակնարկներ և տպավորություններ: Սա գիտակցելով՝ Գրեգի նպատակն էր վերարտադրել այս նույն շլացուցիչ բարոկկո ոճը իր անգլերեն թարգմանության մեջ: Նա ամեն ինչ համապատասխանեցնում էր բնագրին՝ բառ առ բառ, կետ առ կետ, մի երկար ու խրթին տողը՝ նույնչափ երկար ու խրթին տողով։ Գիտակցելով, որ միայն գիտնականն ու թարգմանիչը կարող են ընկալել՝ այն, ինչին Լիման հասել էր բնօրինակում, մի տեսակ ամբողջովին ստեղծագործական «ոչ իսպաներեն» էր, ինչը պետք է կրկնօրինակվեր թարգմանության մեջ, Գրեգը հորինեց զուգահեռ «ոչ անգլերեն»՝ սազական Լիմայի հարուստ և շքեղ իսպաներենին: Ընդունելով մարտահրավերը՝ նա հաջողության հասավ։ Շատ գրելուց և վերաշարադրելուց հետո (որը պարզապես ապացուցում է, թե որքան մոտ է թարգմանությունը ստեղծագործելուն. ի վերջո, դրանք գրեթե նույնն են) նա զգաց, որ Լիմային և անգլերենի հրատարակչին հանձնել է մի «Paradiso», որը ոճով, կառուցվածքով և տոնով հնարավորին չափով մոտ էր բնօրինակին։ Խմբագիրը մերժեց այն՝ պատճառաբանելով, որ թարգմանությունն այնպիսի անգլերենով է, որը ոչ ոքի ծանոթ չէ, և որը ոչ ոք չի գնահատի։ Նա անհանգստանում էր, որ, եթե այդպես է, ոչ ոք չի գնի գիրքը, թեև Լիման հանրաճանաչ գրող էր և նշանակալի դեմք լատինամերիկյան «Բում» գրական շարժման հեղինակների շարքում, որոնց գործերն այդ պահին ԱՄՆ-ում լավ էին վաճառվում։ Հուսահատվելով, որ «Paradiso»-ն այդքան հավատարմորեն վերարտադրելու ջանքերը զուր են անցել՝ Գրեգը մտածում էր, թե վեպի անգլերեն տարբերակը, որն ի վերջո ավելի ուշ հրապարակվեց, անգլախոս ընթերցողների ականջի համար միտումնավոր «հալեցրել» էին։
Երբ նայում ենք թարգմանության երկար պատմությանը, կարող ենք նկատել երկու հիմնական կատեգորիաներ, որոնք ներառում են վերաթարգմանության հարցը. առաջինը վերաբերում է այն ամենին, ինչ ես վերը նկարագրեցի, որտեղ, ըստ էության, լավ, պիտանի թարգմանությունները փոխարինվում են ավելի նոր տարբերակներով: Սա Հոմերոսի և Սերվանտեսի նման գրողների, ինչպես նաև Աստվածաշնչի և Ղուրանի նման սուրբ գրքերի դեպքն է, որոնց թարգմանությունները որքան կրոնական, այնքան էլ քաղաքական և մարքեթինգային գործոններով են պայմանավորված։
Երկրորդ կատեգորիան, որի հետ գործ ունենալն ավելի հեշտ է, այն է, որտեղ ավելի վաղ թարգմանությունը բաց է թողել (երբեմն միտումնավոր, երբեմն ոչ) բնօրինակ տեքստում առկա տեղեկատվությունը: Դա եղել է «A Brazilian Tenement»-ի (բռց․՝ «Բրազիլական աղքատ շենք», 1926 թ., թարգմանությունը՝ Հարրի Վ. Բրաունի)՝ 1890 թ․ գրված բրազիլական «O Cortiço» (բռց․՝ «Հետնախորշը») վեպի առաջին անգլերեն տարբերակի դեպքում, որտեղ բնօրինակի հիմնական թեմատիկ գծի համար այդքան կարևոր սեռական բնույթի տեսարանները հեռացվել են կա՛մ թարգմանչի, կա՛մ խմբագրի կա՛մ էլ հրատարակչի կողմից։ Միայն Դեյվիդ Հ. Ռոզենթալի՝ 2000 թվականի վերաթարգմանության մեջ (վերավերնագրված որպես «The Slum»` (բռց․՝ «Հետնախորշը») դրանք նորից ներառվեցին։ Սակայն դա տեղի ունեցավ նաև կոլումբական դասական վեպ «María»-ի (1867) դեպքում, որտեղ հրեաների և հուդայականության մասին բոլոր հիշատակումները խնամքով հանվել են վեպի բնօրինակ անգլերեն տարբերակից, որը հայտնվեց 1890 թվականին (թարգմանությունը՝ Ռոլո Օգդենի): Իմ որդին՝ Էզրա Ֆիցը, ներկայումս կատարում է այս կարևոր և խորապես ազդեցիկ տեքստի նոր թարգմանությունը և վերադարձնում է այն իր սկզբնական ձևին: Մաշադու դե Ասիսի «Dom Casmurro» վեպի՝ Ռոբերտ Սքոթ-Բըքլուի թարգմանության դեպքում, ամբողջ գլուխներ են վերացվել, իսկ մյուսները՝ կտրվել և միացվել իրար: Հազվադեպ չեն այն դեպքերը, երբ, ըստ էության, կան հստակ սխալներ, որոնք կարող են և պետք է ուղղվեն վերաթարգմանության ժամանակ: Մյուս կողմից՝ կա Բորխեսի և մի քանի ուրիշների դիրքորոշումը, որ թարգմանիչը միշտ ազատ է «շտկելու» կամ «բարելավելու» գոյություն ունեցող տեքստը: Ինչպես ցույց է տալիս Էզրա Ֆիցը, կարող ենք տեսնել այս վերաբերմունքը Ֆոլքների «The Wild Palms» (բռց․՝ «Վայրի արմավենիները») գրքի` Բորխեսի իսպաներեն թարգմանության մեջ, որտեղ վարպետության հետ մեկտեղված է և հնարամտությունը:
Բայց այս դեպքերն ակնհայտորեն տարբերվում են մեր առաջին կատեգորիայի հարցերից, որոնցում Իլիականի, Ոդիսականի, Կիխոտի կամ Ղուրանի նոր թարգմանությունը սկսելու փաստարկն ավելի շատ կարդալու և գրելու ռազմավարությունների խնդիր է, ինչը չի վերաբերում, օրինակ, «O Cortiço»-ին կամ «María»-ին։
Բոլոր տեսակի բարդություններով ու լարվածությամբ պատված՝ վերաթարգմանության հարցը դասվում է մեր գրական ամենահեղինակավոր հարցերի շարքին։ Այն կապված է ժամանակի, մշակույթի և լեզվի հետ այնպես, որոնք չեն ազդում բնօրինակ տեքստի վրա, որը, ի տարբերություն գոյություն ունեցող թարգմանությունների, հավերժ ապրում է, ինչպես կա: Բնօրինակը փոփոխության կարիք չունի. դրա թարգմանություններն ունեն։ Հետևաբար, վերաթարգմանության հարցն անխուսափելի է, ինչի համար էլ պետք է ավելի լավ հասկանանք այն և վերաբերվենք ըստ արժանվույն:
Թարգմանիչ` Շուշան Գրիգորյան © Բոլոր իրավունքները պաշտպանված են։