Թարգմանիչը` կանոն ստեղծող
Եժի Յարնևիչի էսսեն թարգմանչության մասին՝ Կատաժինա Շուստեր-Տարդիի լեհերենից թարգմանությամբ
Ամենից լավ է սկսել բառից, այն է՝ կարգաբանությունից: Գրական կենդանիների բարդ համակարգայնությունում «թարգմանիչը» ոչ թե մեկ տեսակի, այլ արարածների մեծ ընտանիքի անունն է: Թարգմանիչների բազմաթիվ տեսակներ կան՝ կախված նրանց նպատակներից, շարժառիթներից և գործողությունների ընթացքից կամ թարգմանության թիրախային լսարանի տեսակից:
Քանի որ պետք է հրաժարվենք ամբողջական համակարգայնությունը ներկայացնելու սարսափեցնող, բայց և այնպես գայթակղիչ փորձից, եկեք ավելի մոտիկից նայենք ամենահետաքրքիր տեսակներից երկուսին: Առաջինը ներառում է թարգմանիչների լայն խումբ, որի գործունեությունը ներկայացնում է իրենց կողմից թարգմանվող մշակույթի շահերը։ Նրանք ցանկանում են իրենց մայրենի լեզվով ներկայացնել այն, ինչն, իրենց կարծիքով, ամենաներկայացուցչականն է օտար մշակույթից։ Այսպիսով, նրանք փորձում են ի ցույց դնել ամենալայն շրջանակը կանոնիկ գրողների, որոնք աշխատում են պոետիկական բազմազանության մեջ և հաճախ ունեն հակասական աշխարհայացքներ: Այս խմբի թարգմանիչները, որոնց ես կոչում եմ դեսպաններ, [1] չեն փորձում իրենց արժեքային հիերարխիան հաստատել։ Նրանք չեն գրում անգլիական, ֆրանսիական, գերմանական կամ ռուսական գրականության իրենց պատմությունը, չեն առաջարկում վերագնահատումներ կամ ռիսկային, ինքնավար կարծիքներ: Ընդհակառակը, նրանք հարգում են այն, ինչը լավագույնն է համարվում մշակույթում:
Այդ դեսպաններից մեկը, անշուշտ, Մացեյ Սլոմչինսկին էր: [2] Թվում էր, թե թարգմանիչը, որն իր կյանքի տասնմեկ տարիները նվիրել է եվրոպական մոդեռնիզմի առանցքային ստեղծագործության՝ Ջոյսի «Ուլիսես»-ի թարգմանության վրա աշխատելուն, կարող էր նաև ցանկություն ունենալ լեհ ընթերցողներին ցուցադրել այդ հոսքի այլ ձեռքբերումներ։ Բայց ոչ։ Սլոմչինսկին չի թարգմանել այլ մոդեռնիստ հեղինակների՝ Հենրի Ջեյմսի, Վիրջինիա Վուլֆի, Դ. Հ. Լոուրենսի, Կոնրադի, Էլիոթի, Եյթսի կամ Փաունդի ստեղծագործությունները: Սակայն թարգմանել է Ջեֆրի Չոսերի հարաբերականորեն նվազ ճանաչված ուշ միջնադարյան «Տրոիլուս և Քրիզեիդ» պոեմը, ինչպես նաև անգլիալեզու մեծագույն երգիծաբաններից մեկի՝ Ջոնաթան Սվիֆթի աշխատանքը: Կարծես սա բավարար չէր, թարգմանիչը լեհ ընթերցողին ներկայացրեց Լյուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում», Ջոն Միլթոնի «Կորուսյալ դրախտը» և Ուիլյամ Բլեյքի բանաստեղծությունների իր տարբերակները: Նրա դեսպանական թարգմանչական գործունեության պսակը Շեքսպիրի բոլոր ստեղծագործությունների լեհերեն թարգմանությունն էր։
Մեկ միլիոն դոլար է խոստացվում ցանկացածին, ով այս թարգմանչական ռեպերտուարում կկարողանա գտնել ընդհանուր հայտարար՝ գաղափարախոսական կամ գեղարվեստական կապ Շեքսպիրի և Միլթոնի, Չոսերի և Ջոյսի, Բլեյքի և Սվիֆթի միջև: Եթե որևէ ընդհանրություն կա այս հեղինակների միջև, ապա յուրաքանչյուրի՝ սեփական ազգային մշակույթում որպես դարաշրջանի մեծագույն գրող ճանաչված լինելն է: Չոսերը ուշ միջնադարյան գրականության բարձրակետն է, Շեքսպիրը, իհարկե, Եղիսաբեթյան վերածննդի պարծանքն է, Միլթոնը 17-րդ դարի պոեզիայի մարմնավորումն է, մինչդեռ Ջոյսը մոդեռնիստական վեպի գագաթնակետն է: Ուստի, Սլոմչինսկին փորձեց լեհ ընթերցողին ծանոթացնել կանոնիկ գրողների, առավելաբար՝ գրական հիերարխիայի առաջատար դիրքերում տեղակայվածների հետ: Իր թարգմանչական գործունեությում նա ընկերակից է եղել միայն անգլիալեզու պանթեոնի լավագույն ներկայացուցիչներին։
Նմանատիպ թարգմանչական դիրք, թեև ոչ այնքան միանշանակ, ստանձնում է Ստանիսլավ Բարանչակը, [3] որը, որպես փորձառու գրական թարգմանիչ, հեշտությամբ անցնում է դարաշրջանից դարաշրջան՝ Վերածննդից մինչև արդիապաշտություն (մոդեռնիզմ): Նա խնդիր չունի բանաստեղծական տարբեր լեզուներով գրված ստեղծագործությունները՝ մետաֆիզիկական դպրոցի բարոկկո պոեզիայից մինչև Էմիլի Դիքինսոնի սեղմ քնարականություն, Ռոբերտ Ֆրոստի ավանդական բանաստեղծությունից մինչև Ֆիլիպ Լարկինի անկանոն ասություն կամ Է․ Է․ Քամինգսի լեզվաբանական փորձերը թարգմանելիս։ Բարանչակի թարգմանած բանաստեղծներն իր խմբագրած «Անգլիալեզու պոետները» շարքում, ինչպես Սլոմչինսկիի դեպքում, տարբեր պատմություններից կերպարներ են, թեև բոլորը պատկանում են գրական կանոնին։ Բացի աբսուրդի պոեզիայի հեղինակներից, որոնց Բարանչակն առանձնացրել էր իր գրադարակում, իր մշակումն անցած ոչ մի բանաստեղծ դուրս չէր հիմնահոսից (մեյնսթրիմից): Թարգմանության համար իր ընտրած գրողներին բնորոշն այն է, որ գործող այդ պոետների աշխատանքներից և ոչ մեկը դեռ չի կանոնականացվել Նոբելյան մրցանակով կամ նման մեծության մեկ այլ պատվանշանով:
Բարանչակի դեսպանական հավակնությունը՝ ներկայացնելու անգլիական և ամերիկյան գրականության մեջ լավագույնի ճանաչում ստացածը, տեսանելի է իր անթոլոգիաների վերնագրման ձևում և տեքստերի ընտրությունում: «Չոսերից մինչև Լարկին» [4] անթոլոգիան մի քանի հարյուր բանաստեղծությունների հավաքածու է՝ ընտրված ըստ այս սկզբունքի. վերջիններս անգլիալեզու մշակույթի ամենահայտնի գործերն են՝ հավաքված հանրաճանաչության տարբեր աստիճաններում: Այս արարքը Բարանչակին թույլ է տալիս իր ենթավերնագրում նշել, որ մենք գործ ունենք «400 տարաժամ բանաստեղծությունների» անթոլոգիայի հետ։ Միևնույն ժամանակ պարզ է, որ Բարանչակը չէ, որ օգտագործում է իր հեղինակությունը՝ որպես քննադատ, թարգմանիչ և բանաստեղծ՝ այս տեքստերին տարաժամ աշխատանքների կարգավիճակ շնորհելու համար (թեև կարող էր): Մինչ Բարանչակի անթոլոգիայի լույսընծայումն՝ այս գործերն արդեն՝ իբրև գլուխգործոց, տեղն էին գտել իրենց ազգային գրականությունում։ Այդ իսկ պատճառով, դեսպան-թարգմանիչը համապատասխան խոնարհությամբ և ակնածանքով լեհերեն է մատուցում այս ստեղծագործությունները՝ միաժամանակ փոխանցելով անգլիալեզու մշակույթում կիրառված կանոնը։
Դեսպանից զատ, թարգմանչի մեկ այլ տեսակ էլ կա, որն այլ շարժառիթներով է առաջնորդվում։ Այս թարգմանիչներն այնքան էլ հետաքրքրված չեն արտասահմանյան գրականության ներկայացուցչական գործերը՝ այդ չորս կամ ութ հարյուր գլուխգործոցները, իրենց մայրենի լեզվում սկզբնաղբյուր գրականության, մշակույթի և լեզվի տիրույթում դրանց կարգավիճակին համապատասխան մատուցման մեջ։ Թարգմանչի այս տեսակը գիտակցում է, որ յուրաքանչյուր թարգմանություն վերածվում է թարգմանող լեզվի գրականության դիպվածի։ Ինչպես ձևակերպել է թարգմանության տեսաբան Եժի Պիենկոսը՝ «տվյալ ազգի լեզվով թարգմանողը թարգմանում է այդ գրականության համար»։ [5] Նման թարգմանչի համար արտերկրում գոյություն ունեցող հիերարխիան, վարկանիշները կամ ցուցակները նվազ նշանակություն ունեն: Նրանք իրենք են ընտրում, թե որ տեքստերը թարգմանեն՝ առաջնորդվելով ոչ թե աղբյուր մշակույթի համար դրանց ներկայացուցչականության փաստով, այլ որովհետև դրանց թարգմանությունը կարող է ստեղծագործական երկխոսության մեջ մտնել հայրենի գրականության հետ՝ առաջարկելով նոր հարացույցներ, նոր լեզուներ և նոր չափանիշ։ Երկրորդ տեսակի թարգմանիչը գեղարվեստական նոր օրենք է սահմանում իր հայրենի գրականության համար (հեղինակ լինելու դեպքում՝ նաև սեփական գրչության համար)։ Առաջարկում եմ թարգմանչի այս տեսակն անվանել օրենսդիր։
1960 թվականին, երբ Մեծ Բրիտանիայում սկսեցին հայտնվել ժամանակակից արևելաեվրոպական պոեզիայի, ներառյալ՝ լեհականի թարգմանություններ, պարզ էր, որ Հերբերտի, [6] Հոլուբի, [7] Պոպայի, [8] Պիլինսկու [9] կամ Սորեսկուի [10] թարգմանությունների նախաձեռնողներն ավելի շատ հետաքրքրված էին ժամանակի բրիտանական պոեզիայի դրությամբ, քան երկաթե վարագույրից այն կողմ գրականությունն ուսումնասիրելու փորձով: Նրանց ախտորոշմամբ՝ բրիտանական պոեզիան վտանգավոր անելականում էր։ Գրավիչ առաջարկի կարիք կար՝ վերափոխելու բանաստեղծական լեզուն, որպեսզի այն կարողանար առերեսվել նոր, հետպատերազմյան իրականությանը, բանաստեղծական մի նոր հարացույցի կարիք՝ բաց մեծ պատումի համար, որը կարտացոլեր իր բացահայտ ու քողարկված մեխանիզմները: Բանաստեղծական այս նոր հարացույցը` պոետիկ լեզվի և թեմատիկ ընտրության նոր առաջարկը, գտնվել է ավանդաբար արևելաեվրոպական հորջորջվող պոեզիայում: Իրապես, Հերբերտի, Հոլուբի, Միլոշի և Պոպայի թարգմանությունների Մեծ Բրիտանիայում տպագրվելուց հետո բրիտանական պոեզիան սկսեց փոխակերպվել։ Այսպես, այս թարգմանությունները ընդհարվեցին կղզիներում գրականության չգոհացնող կիրառման ձևերի հետ։ Որևէ մեկին հետաքրքիր չէր՝ արդյոք տվյալ բանաստեղծների ընտրությունը իրապես ներկայացուցչական էր (և այդպիսինը չէր): Բրիտանացիները ակնկալում էին ոչ թե լեհական քնարերգության չորս հարյուր գլուխգործոցների անթոլոգիա, այլ պոեմի մի որոշակի տիպի թարգմանություններ, որոնք բացակայում էին անգլիալեզու ռեպերտուարում՝ ազատ ոտանավոր, բանաստեղծություն-պրիտչա՝ բաց մեծ պատումի համար։
Լեհաստանում բրիտանացի թարգմանիչների մոտեցմանը նման դիրքորոշում էր առաջադրել Բոգդան Զադուրան, [11] որը Թոնի Հարրիսոնի բանաստեղծությունների իր ընտրանու առաջաբանում գրեց. «Իմ՝ ո՛չ իբրև բանաստեղծի, ո՛չ էլ թարգմանչի, այլ ընթերցողի խորին համոզմամբ, Թոնի Հարրիսոնը պատկանում է անգլիացի բանաստեղծների այն խմբին, ում մի քանի կամ մեկ տասնյակ տարիների չգոյությունը լեհերեն լեզվում երիտասարդների մոտ հարց կառաջացնի՝ որտե՞ղ էիր»: [12] Զադուրայի համար 1990-ականների սկզբին Հարրիսոնը պարզապես անհրաժեշտ էր լեհ բանաստեղծներին, և ավելին, նա անհրաժշետ էր ժամանակի լեհական պոեզիային, որը ինքնության մեծ ճգնաժամ էր ապրում և բախվում նոր մարտահրավերների: Զադուրային, հավանաբար, այդ պահին չէր հետաքրքրում, թե ինչ տեղ էր զբաղեցնում Հարրիսոնը բրիտանական պոեզիայում:
Թվում էր՝ նմանօրինակ նպատակով էր առաջնորդվել Պյոտր Սոմմերը՝ [13] Ֆրենկ Օ’Հարայի պոեզիայի իր հանրահայտ ընտրանին հրապարակելիս. մի հատոր, որը մյուսներից առավել ազդել է ժամանակակից լեհական պոեմի ձևատիպի վրա՝ արմատախիլ անելով պոեզիայի մտածման և քննման նախկին ձևը։ Համացանցում նոր գրականությանը նվիրված մի քննարկման ժամանակ Սոմմերը գրեց. «Ենթադրում եմ, որ օտարալեզու բանաստեղծությունը լեհերեն է թարգմանվում կամ թարգմանվում է այնպես, որ բանաստեղծական լեհերենը ձեռք բերի այն, ինչ նախկինում չուներ և իմանա մի բան, ինչին նախկինում անտեղյակ էր, և ինչն այն (օտարալեզու բանաստեղծությունը) բացառիկ է դարձնում»։ [14] Ի տարբերություն Բարանչակի ժողովածուների՝ Սոմմերի բրիտանական, հյուսիս-իռլանդական կամ ամերիկյան անթոլոգիաները չեն հավակնում լինել ներկայացուցչական, առավել ևս՝ ամբողջական: Սրանք անձնական ընտրություններն են թարգմանչի և հեղինակի, որ բանաստեղծական լեզվի լեհական հարացույցի սահմանների և հնարավորությունների մասին լուրջ քննարկում նախաձեռնելու համար այս աշխատանքի հարկն ուներ: Նրա գրքում այս կամ այն հեղինակին չներառելու մեղադրանքն անխուսափելիորեն դատապարտված կլինի անթոլոգիայի անձնական և սկզբունքորեն ոչ ներկայացուցչական բնույթի պատճառով: Վերնադասային գլուխգործոցները լուսաբանել ձգտող նման քննադատությունը Բարանչակի անթոլոգիաների հասցեին լուրջ պարսավանք կլիներ: Ուկրաինական պոեզիայի իր անթոլոգիայի՝ «Wiersze są zawsze wolne» [Ոտանավորը միշտ չափածո է] առաջաբանում Բոգդան Զադուրան գրեց մեր անդրադարձումների համատեքստում մեծ կարևորություն ունեցող մի բան. «Այս անթոլոգիայի առավելությունը նրա բազմակողմանի աններկայացուցչականությունն է», ապա հավելեց, որ ինքն այդ գրքում չի փորձում արտացոլել որևէ հիերարխիա կամ ստեղծել մեկը: [15]
Պյոտր Սոմմերը հատկապես վառ օրինակն է թարգմանչի, որն անգլիական կամ ամերիկյան գրականության դեսպանի դեր չի խաղում: Իր թարգմանչական գործունեության մեջ նա հանդես է գալիս որպես օրենսդիր, որի առաջարկությունները՝ ամերիկացիների՝ Օ’Հարայի, Ռեզնիկոֆֆի, Էշբերիի, Բերրիմանի, Քեյջի իսկ ավելի վաղ՝ բրիտանացիների՝ Դունի, Էնրայթի, Համիլթոնի կամ իռլանդացիների՝ Հինիի, Լոնգլիի, Մահոնի, Կարսոնի թարգմանությունները, պետք է դիտել որպես Լեհաստանում կիրառվող բանաստեղծական հարացույցների վերագնահատման և դրանց թեմատիկ և լեզվական հետաքրքրությունների շրջանակի ընդլայնման առաջարկներ։ Սոմմերը գիտակցաբար թարգմանում է այն բանաստեղծներին, որոնց տարերքն իրավիճակային խոսքն է, հետևաբար, մի լեզու, որը հակադրվեց մինչև Նոր ալիքը (անկախ մի քանի ակնառու բացառություններից) լեհական պոեզիայի ավանդույթում տիրապետող վեհ խոսքին: Սոմմերի թարգմանչական ընտրությունները նաև առաջարկում են բանաստեղծի դերի նոր ըմբռնում, ըստ որի՝ նրանց միակ պարտականությունը սեփական լեզվին անմնացորդ հավատարիմ լինելն է, այլ ոչ թե պատմության վկայի, բարոյական հեղինակության կամ հոգևոր առաջնորդի դերակատարումը. մի խոսքով, այս բոլոր դերերը, որոնք կատարել կամ պետք է կատարեին լեհ բանաստեղծները գոնե վիպապապաշտության շրջանից ի վեր։ Այն, որ այս դերերը խորը հիմք են դրել ընթերցողի գիտակցության մեջ, և ոչ միայն լեհ ընթերցողի, տեսանելի է 1999 թվականին ԱՄՆ-ում լույս տեսած Զբիգնև Հերբերտի բանաստեղծությունների ընտրանիում, որն իր կենսագրականի առաջին նախադասությունում ներկայացված է՝ որպես «իր ազգերի հակակոմունիստական շարժման հոգևոր առաջնորդ»։ [16] «Tu l’as voulu, Georges Dandin»*:
Այստեղ հարկ է հարցադրել դեսպան-թարգմանչի և օրենսդիր-թարգմանչի՝ թարգմանչական երկու ռազմավարությունների հետևանքները: Հատկանշական է դիտարկել մի բան, որն ակնհայտ է թվում, բայց ամբողջությամբ չի գիտակցվում: Արտասահմանյան գրականության կերպարը ձևավորում են ոչ թե տվյալ գրականության պատմաբանները, բանասերները կամ քննադատները, այլ թարգմանիչները։ Այն, ինչ մենք համարում ենք ամերիկյան, անգլիական, ռուսական, գերմանական կամ այլ արտասահմանյան գրականության կանոն, կախված է նրանից, թե այդ գրական ստեղծագործությունների ինչ թարգմանություններ են մեզ հասանելի: Մենք ոչինչ չենք շահում, եթե հնչյունաբանը կամ գրականության պատմաբանը մանրամասնում է, ասենք, Բեզիլ Բանտինգի պոեզիայի իմաստը, եթե նրա բանաստեղծությունները երբեք չեն հայտնվել լեհերենով (բացի «Literature na Świecie»-ում տպագրված Լեշեկ Էնգելքինգի թարգմանություններից): Լեհ ընթերցողի տեսանկյունից Բանտինգը բրիտանական գրականության կանոնին չի պատկանում։
Սա կապված է մեկ այլ ճշմարտության հետ՝ նույնքան ակնհայտ, որքան չճանաչված. տվյալ արտասահմանյան գրականության պատկերը կարող է տարբերվել և հաճախ տարբերվում է այն պատկերից, որն այն ունի իր հայրենի մշակույթում: Անգլիական գրականության կանոնի մասին մեր պատկերացումները կարող են տարամիտվել Անգլիայում գոյություն ունեցող կանոնից։ Այս անհամապատասխանությունների պատճառն այն է, որ թարգմանիչը, բացի արտասահմանյան գրականության կոնկրետ գործեր թարգմանելուց, ձևավորում է նաև դրա կանոնը։ Հաճախ նրանք են կանոնի ստեղծողները։
Կանոնը ստեղծողները հիմնականում նկարագրածս երկրորդ խմբի թարգմանիչներն են՝ օրենսդիրները: Հենց նրանք են ընտրում հեղինակներին ու տեքստերը՝ ըստ իրենց դեկալոգի և գեղարվեստական նպատակների։ Սոմմերի՝ բրիտանական պոեզիայի պատկերը տարբերվում է այն պատկերից, որը կարելի է գտնել Մեծ Բրիտանիայում հրատարակված անթոլոգիաներում, պատմություններում կամ լեքսիկոններում: Նմանապես, անգլիացի թարգմանիչների ստեղծած լեհական պոեզիայի պատկերը կարող է տարբերվել լեհ քննադատների կողմից արտոնված ժամանակակից լեհական պոեզիայի պատկերից:
Սլոմչինսկիի և Բարանչակի պես թարգմանիչները ոչ միայն տեքստերի, այլև գոյություն ունեցող կանոնների թարգմանիչն են։ Սոմմերն ու Զադուրան կանոններ չեն թարգմանում. նրանք դրանք ստեղծում են՝ ելնելով սեփական նպատակներից, առավել հաճախ՝ ad hoc։
Թարգմանչի այս ստեղծագործական դերը հատկապես տեսանելի է պոեզիայի թարգմանության դեպքում։ Ի տարբերություն արձակի թարգմանիչների՝ պոեզիայի թարգմանիչները սովորաբար գործում են իրենց հաշվին` կրելով ռիսկերն ու առաջնորդնելով՝ ըստ սեփական արժեհամակարգի: Արձակի թարգմանիչները սովորաբար աշխատում են հրատարակիչների պատվերով, իսկ պոեզիայի թարգմանիչները թարգմանում են ինքնուրույն և իրենց համար, ի սկզբանե տպագրելով իրենց աշխատանքներն ամսագրերում, ի գիտություն ունենալով զննումներս, անգամ չմտածելով ամբողջական հրատարակության մասին: Որպես կանոն, դա տարիներ է տևում և չի սահմանափակվում շուկայի պահանջներով կամ հրապարակային միջոցառումներով. այն չի ուղեկցվում կարևոր գրական մրցանակների կամ բարձրակարգ ֆիլմերի էկրանավորման շուրջ աժիոտաժով: Բուքերյան մրցանակի կամ ֆիլմի սցենարի վերածված նովելն արագորեն նկատվում է հրատարակիչների կողմից, թարգմանվում է և տպագրվում։ Նման մեխանիզմները չեն տարածվում անգամ ամենահայտնի բանաստեղծական նվաճումների վրա։ Ջոն Բետչեմանը` անգլիացի բանաստեղծ-դափնեկիրը, ում գրքերը հայտնվել են բեսթսելլերների ցուցակներում, երբևէ չի հրատարակվել լեհերեն: Քերոլ Էնն Դաֆֆին` ամենահանրաճանաչ բրիտանացի կին բանաստեղծներից մեկը, անհայտ է Լեհաստանում, թեև Անգլիայում նրա համբավը մոտ է հայտնի աստղերի ժողովրդականությանը: Հետևաբար, մինչ արձակի թարգմանության պարագայում ընտրողը հրատարակիչներն են (և շուկայի օրենքները ստիպում են նրանց բավարարել ընթերցողների ճաշակը), պոեզիայի դեպքում ընտրությունները թարգմանչինն են, և դրանք հիմնովին աններկայացուցչական են, ընտրովի և ընդգծված՝ անձնական հետաքրքրություններով։
Քննադատների և բանասերների դերը ճանաչելն ու նկարագրելն է թարգմանչական արարի այն տեսակը, որի հետ գործ ունենք տվյալ պահին։ Արդյոք նախագիծը ներկայացուցչական բնույթ ունի, և թարգմանիչը վարվում է օտար մշակույթի դեսպանի պես, թե՞ հակառակը՝ անձնական ընտրություն է, գրականության կոնկրետ ըմբռնման առաջարկ, գիտակցաբար բացառիկ և ընտրովի, ինչպես օրենսդիրի դեպքում։
Խնդիրն այն է, որ օրենսդիրների ընտրովի և ստեղծագործական թարգմանչական ընտրությունները սկսում են գործել որպես տվյալ մշակույթի ներկայացուցիչ։ Այդ իսկ պատճառով, անգլիացի քննադատների և ընթերցողների աչքերում լեհական հետպատերազմյան պոեզիայի կանոնը բաղկացած է Միլոշի և Հերբերտի, Ռուժևիչի (թեև զգալիորեն նվազ չափով), ինչպես նաև Շիմբորսկայի և Զագաևսկու տեքստերից։ Այնուամենայնիվ, Լեսմյանի, Գալչինսկու, Նովակի կամ Գրոխովյակի պոեզիան, որը չի հայտնվել անգլիալեզու շուկայում, տեղ չունի կանոնում, մինչդեռ Բյալոշևսկու պես ազդեցիկ դեմքը, չնչին ներկայացվածություն ունի: Անգլիացու համար արևելաեվրոպական պոեզիան հանդես է գալիս որպես զարմանալիորեն միատեսակ, ոմանց կարծիքով, անգամ միապաղաղ մի երևույթ: Մեծ Բրիտանիայում ստեղծվել է մի եզր՝ «արևելաեվրոպական հնչերանգ», որն ակնառու է դարձնում, արևելաեվրոպական երկրներից մի ամբողջ գրականության համար այս՝ վերջիվերջո կոնկրետ բանաստեղծության տեսակի ներկայացուցչական լինելը։ Մյուս կողմից, Լեհաստանում, ինչպես նշմարելի է ընթացիկ քննարկումներից և գրական պոլեմիկայից, ժամանակակից ամերիկյան պոեզիան հաճախ հանգում է երկու բանաստեղծների՝ Ֆրենկ Օ’Հարայի և Ջոն Էշբերիի ստեղծագործություններին, մինչդեռ փաստն այն է, որ տարիներ շարունակ այս հեղինակները գտնվել են ամերիկյան պոեզիայի արվարձաններում և երկար ժամանակ նկատելի չէին պաշտոնական մշակութային կառույցներին։
Այս առումով, Յան Տոմկովսկու 2009 թվականի «Dzieje literature powszechnej»-ը [Համաշխարհային գրականության պատմությունը] [17] ուսանելի ընթերցանություն կարող է լինել բանասերի համար: Ժամանակակից անգլիալեզու պոեզիային նվիրված գլխում թվարկվում են միայն այն բանաստեղծների անունները, որոնք թարգմանվել են լեհերեն և Լեհաստանում գրքերի հրատարակություններ ունեն: Մի կողմից, անզարմանալիորեն, դրան չեն բավականացնում որոշ մեծ անուններ, որոնք կհայտնվեին անգլիացի բանասերի կազմած ցանկացած այլ նմանատիպ սինթեզում (օրինակ՝ Ջեֆֆրի Հիլլ և Դերեկ Մահոն): Մյուս կողմից, այն ներառում է անուններ, որոնք մեծ ժողովրդականություն են վայելում Լեհաստանում, բայց հազվադեպ են քննարկվում արտասահմանում (օրինակներից մեկը Լեոնարդ Քոհենն է): Եվ դրանում տագնապալի ոչինչ չկա։ Այն փաստը, որ տվյալ գրականության կանոնը երբեմն այլ ձև է ստանում օտարալեզու ընթերցողների տեսանկյունից, կարող է բերել միջմշակութային երկխոսության, որը թեև ավելի հարուստ և գրավիչ, բայց կարող է և հարուցել ոսկրացման ռիսկայնություն ունեցող հիերարխիաների վերանայման։ Դասական օրինակ է Էդգար Ալլան Պոն՝ ամերիկացի բանաստեղծ, որին Եվրոպայի համար բացահայտեցին ֆրանսիացի խորհրդապաշտները, քանզի մինչ այդ նրա գրական համբավը հիմնված էր ոչ թե իր պոեզիայի, այլ արձակի վրա։ Նման մի բան պատահեց Բայրոնի հետ, որի կանոնականությունն ակնհայտ էր գրեթե ողջ Եվրոպայի ընթերցողների համար, մինչդեռ մինչև վերջերս նրա աշխատանքը լուրջ կասկածներ էր հարուցում անգլիացի պատմաբանների մոտ։ Երկու դեպքում էլ մենք առնչվել ենք ամերիկյան կամ անգլիական պոեզիայի նոր կանոնների հաստատմանը։ Պահպանելով բոլոր համամասնությունները՝ կարելի է ասել (որովհետև դժվար է խուսափել նմանություններից), որ Հարրիսոնը պետք էր Զադուրային, իսկ Օ’Հարան՝ Սոմմերին, ինչպես Պոն՝ Բոդլերին, իսկ Բայրոնը՝ Միցկևիչին։
Իմ մղումը տարբերակածս թարգմանիչների երկու տեսակները կամ թարգմանիչների՝ ակամայից արտասահմանյան գրականության կանոն ստեղծելու քննարկված երևույթը գնահատելը չէ: Օրենսդիր-թարգմանիչը կրկնակի ստեղծագործ է՝ ոչ միայն որպես նոր տեքստի հեղինակ, այլ նաև որպես գեղարվեստական հիերարխիա կերտող։ Դեսպան-թարգմանչը բնորոշելի է արտասահմանյան գրականության արժեքաբանական և գեղագիտական լուծումների նկատմամբ խոնարհությամբ. ինչպես ցանկացած դեսպան, նրանք բարդ և անհրաժեշտ ծառայություն են իրականացնում։ Մշակույթում, ինչպես ցանկացած բնականոն գործող երկրում, պետք են և՛ դեսպաններ, և՛ օրենսդիրներ:
ԵԺԻ ՅԱՐՆԵՎԻՉԸ տասնվեց բանաստեղծական հատորի, տասնվեց հատոր քննադատական գրականության հեղինակ է, խմբագրել է գրականության և մշակույթի մասին վեց հատոր և լեհերեն թարգմանել մոտ քառասուն հատոր գրականություն, այդ թվում՝ Ջոն Էշբերի, Չարլզ Սիմիչ, Ումբերտո Էկո, Ֆիլիպ Ռոթ, Ուրսուլա Կ. ԼեԳվին, Ջեյմս Ջոյս (և շատ ուրիշներ): Նա Լեհաստանի Լոձի համալսարանի վաստակաշատ պրոֆեսոր է։
ԿԱՏԱԺԻՆԱ ՇՈՒՍՏԵՐ-ՏԱՐԴԻՆ թարգմանիչ է։ Թարգմանված վերջին գրքերի թվում են Բրոնկա Նովիցկայի «Կերակրել քարը» (Dalkey Archive Press, 2021), Բրոնկա Նովիցկայի «Խելագարների կոդեքսը. մարմինը և ածանցյալները» մանրագիրքը (Toad Press, 2021) և Արկադիուշ Մորավիեց «Լեհական գրականություն և ցեղասպանություն» (Routledge, գալիք 2022 թ.): Վերջին թարգմանությունները հայտնվել են Denver Quarterly, Sextant Review, Michigan Quarterly Review, Tripwire, LIT, Berlin Quarterly և Seedings ամսագրերում: Ստացել է անգլերենի գծով իր մագիստրոսի աստիճանը Լեհաստանի Լոձի համալսարանում:
[1] Jerzy Jarniewicz (Տառադարձված՝ Եժի Յարնևիչ), Co Anglicy lubią najbardziej? Czyli poezja polska w Wielkiej Brytanii, “NaGłos” 1993, no. 12/37. [2] Maciej Słomczyński (Տառադարձված՝ Մացեյ Սլոմչինսկի) (1920–1998)- անգլիական գրականության ամենահանրաճանաչ լեհ թարգմանիչներից մեկն ու դետեկտիվ պատմությունների հեղինակ, որոնք նա հրատարակել է Ջո Ալեքս գրչանունով։ [3] Stanisław Barańczak (Տառադարձված՝ Ստանիսլավ Բարանչակ) (1946–2014) – լեհ բանաստեղծ, գրաքննադատ և թարգմանիչ։ Ակտիվորեն մասնակցել է 1970-ական թթ. այլախոհական շարժմանը։ 1981 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ դարձել է Հարվարդի համալսարանի դասախոս։ [4] «Od Chaucera do Larkina»: Անգլիալեզու պոեզիայի անթոլոգիա՝ ընտրված, թարգմանված և խմբագրված Ստանիսլավ Բարանչակի կողմից։ Znak, Cracow 1993. [5] Jerzy Pieńkos (Տառադարձված՝ Եժի Պիենկոս), Przekład i tłumacz we współczesnym świecie, Warszawa 1993, p. 408. [6] Zbigniew Herbert (Տառադարձված՝ Զբիգնև Հերբերտ) (1924-1998)՝ լեհ բանաստեղծ և էսսեիստ։ [7] Miroslav Holub (Տառադարձված՝ Միրոսլավ Հոլուբ) (1923–1998) Չեխ բանաստեղծ և իմունոլոգ էր, լայնորեն հրատարակվել է անգլերենով և բարձր գնահատանքի արժանացել այնպիսի հեղինակությունների կողմից, ինչպիսիք են Շեյմաս Հինին, Թեդ Հյուզը և Ալ Ալվարեսը: [8] Vasko Popa (Տառադարձված՝ Վասկո Պոպա) (1922–1991)՝ սերբ բանաստեղծ, որի աշխատանքը պաշտպանել է Թեդ Հյուզը: [9] Janos Pilinszky (Տառադարձված՝ Յանոշ Պիլինսկի) (1921–1981) Հունգարացի բանաստեղծ՝ թարգմանված անգլերենի Թեդ Հյուզի կողմից՝ Յանոշ Չոկիտչի հետ համագործակցությամբ։ [10] Marin Sorescu (Տառադարձված՝ Մարին Սորեսկու) (1936–1996)՝ ռումին բանաստեղծ, նովելիստ և դրամատուրգ, կոմունիզմի անկումից հետո դարձավ մշակույթի նախարար։ [11] Bohdan Zadura (Տառադարձված՝ Բոգդան Զադուրա) (b. 1945) – լեհ բանաստեղծ, նովելիստ, գրաքննադատ և անգլերենի, ուկրաիներենի և հունգարերենի թարգմանիչ։ [12] Tony Harrison (Տառադարձված՝ Թոնի Հարրիսոն), Kumkwat dla Johna Keatsa, comp., trans. and foreword by Bohdan Zadura, Warszawa 1990. [13] Piotr Sommer (Տառադարձված՝ Պյոտր Սոմմեր) (b. 1948) – լեհ բանաստեղծ, էսսեիստ և թարգմանիչ։ Ժամանակակից ամերիկյան, բրիտանական և իռլանդական պոեզիայի խիստ ազդեցիկ անթոլոգիաների հեղինակ: Ի լրումն՝ նրա ընտրած բանաստեղծությունների անգլերեն թարգմանությունները հրատարակվել են Ուեսլեյան համալսարանի հրատարակչության կողմից 2012-ին: [14] www.nieszuflada.pl, 14.02.2006. [15] Bohdan Zadura, Wiersze są zawsze wolne, Wrocław 2007, p. 5. [16] Zbigniew Herbert, Elegy for the Departure and Other Poems, trans. John and Bogdana Carpenter, Hopewell 1999. [17] Jan Tomkowski (Տառադարձված՝ Յան Տոմկովսկի) (b. 1954) – լեհ էսսեիստ, նովելիստ և լեհական գրականության պրոֆեսոր։ Նրա «Dzieje literatury powszechnej»-ը համաշխարհային գրականության բեսթսելլերային հանրաճանաչ ներածական էր:Հղումներ
Թարգմանիչ՝ Իռեն Նավոյան (Iren Navoyan), խմբագիր՝ Հեղինե Ալեքսանյան (Heghine Aleksanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։