Ինադու 3 | Շրջափակում. օր 246: Մենք հոգնել ենք 

2022 թվականի դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով իբր «բնապահպան-ակտիվիստներ», փակել են Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, որը, Եռակողմ հայտարարության համաձայն, անցնում է Լաչինի միջանցքով՝ կապելով Արցախը (Լեռնային Ղարաբաղ) Հայաստանի և արտաքին աշխարհի հետ։ 2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանը հայտարարել է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին՝ Հակարի գետի կամրջի վրա ադրբեջանական անօրինական հսկիչ անցակետ տեղադրելու մասին։ Ապրիլի 28-ին ադրբեջանական այսպես կոչված «բնապահպան ակտիվիստներին» փոխարինել են ադրբեջանական ոստիկանության և այլ ծառայությունների ներկայացուցիչներ։ Հունիսի 15-ից 10 օրով արգելվել է նաև խաղաղապահների տեղաշարժը, հունիսի 25-ից վերսկսվել է ԿԽՄԿ-ի գործունեությունը, սակայն արգելվել են Արցախ դեղորայքի ներկրումները և բուժառուների փոխադրումները։ Արգելված է նաև խաղաղապահների կողմից սննդի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը: 

 

Շարունակվող շրջափակումը, որի հետևանքով ֆիզիկապես խոչընդոտվել է Արցախի միակ ճանապարհի գործունեությունը,  Արցախի 120 000 բնակչությանը, ներառյալ 30 000 երեխաներին, թողել է լիակատար մեկուսացման մեջ՝ հանգեցնելով մարդու անհատական և հավաքական իրավունքների զանգվածային խախտումների, ինչպես նաև գոյաբանական և անվտանգության բազմակողմ սպառնալիքների: 

 

Ամբողջական շրջափակմանը զուգահեռ Ադրբեջանը միտումնավոր խաթարում է Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների՝ գազամատակարարման, էլեկտրամատակարարման և կապի ու հաղորդակցության բնականոն աշխատանքը՝ նպատակ ունենալով էլ ավելի սրել առանց այն էլ ծանր մարդասիրական ճգնաժամը և մարդկային տառապանքներ պատճառել Արցախի բնակչությանը

 

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սանձազերծեց հերթական լայնածավալ ագրեսիան Արցախի ժողովրդի նկատմամբ: Ռազմական այս գործողությունները շարունակությունն էին 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսված Արցախի շրջափակման: 2023 թվականի սեպտեմբերի 20-ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25-ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը դեպի Հայաստան։ Հոկտեմբերի 4-ի ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի հաղորդած տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի 2023 թվականի սեպտեմբերի 28-ի ստորագրած հրամանագրի համաձայն՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը պետք է լուծարվեն Արցախի բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, որով, փաստացի,  Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։ 

 

«Ինադու» փոդքասթի սույն էպիզոդների հրապարակումներն իրականացվում են post factum:

Ինադու 2 | Երեխաներ, թերսնուցում, մնալ չմնալու հարցը

Փոդքասթի հեղինակները ուսուցչուհի, բլոգեր Նինան և հաղորդավարուհի, դերասանուհի Շողերն են։ Այս փոդքասթի միջոցով նրանք փորձում են ներկայացնել կյանքը շրջափակված Արցախում՝ առաջին օրերից մինչև ներկա իրականություն, կիսվում են իրենց հույզերով, հոգսերով և սպասումներով։ Զրույցի այս ոճը ընտրելու նպատակը շրջափակված արցախյան իրականությունը ի ցույց դնելն է։ «Իրադարձությունները այնքան արագ են փոխվում ու այնքան ասելիք կա, որ հեռուստացույցով ոչ մի հաղորդում, ոչ մի նյութ կամ ինստագրամում արված ոչ մի փոստ չի կարող պատմել այն ինչ կատարվում է»,-ասում է Նինան։

Շրջափակում. օր 246: Մենք հոգնել ենք 

«Ինադու» փոդքասթ | Էպիզոդ 3

«Ինադու» փոդքասթի այս թողարկման շրջանակում Նինան ու Շողերը քննարկում են Արցախում տիրող իրավիճակը՝ շրջափակման 246-րդ օրվա դրությամբ, կիսվում իրենց հույզերով, մտահոգություններով, խոսում առկա խնդիրների մասին’ սննդի, հիգիենայի պարագաների պակաս, հուսահատություն, անորոշություն։

Օրեցօր ավելացող խնդիրների կողքին աղջիկները իրենց համար ցավալի խնդիր են համարում թուլացող հավատն առ այն, որ իշխանությունները անում են կամ կանեն առավելագույնը արցախահայությանը ստեղված իրավիճակից դուրս բերելու համար։

Քննարկելով Աղդամի ճանապարհի բացման հեռանկարը՝ աղջիկները կտրուկ դեմ են արտահայտվում դրան։ «Ես այս պահին Արցախում չեմ ճանաչում մի մարդ, որ համաձայն կլինի Աղդամի ճանապարհի շահագործմանը։ Ինձ համար դա կնշանակի պարտվել այս պայքարում»,-ասում է Շողերը՝ կանխատեսելով այդ պարագայում սպասվող վտանգները։

Աղջիկները քննարկում են նաև ադրբեջանցիների կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգման դեպքը, որը հոգեբանական ծանր ազդեցություն է թողել իրենց վրա։ Նրանք հասկանում են, որ Վագիֆ Խաչատրյանի փոխարեն կարող էր լինել իրենցից յուրաքանչյուրի հարազատը։ Նինան ցավով նշում է, որ ադրբեջանական ցուցակներում կա նաև իր հոր անունը, և շատ ծանր է իր համար գիտակցելը, որ առողջական ծանրագույն իրավիճակի դեպքում անգամ իր հայրը չի կարող հեռանալ Արցախից։

Նինան սեփական օրինակով ներկայացնում է առողջական խնդիրներ ունեցող մարդու ծանր վիճակն Արցախում. դեղատներում դեղ չկա, հիվանդացում մեծ հերթեր են, և ի՞նչ իմաստ ունի արևի տակ հիվանդանոցի երկար ճանապարհը անցնելը, եթե, միևնույնն է, հնարավոր չի լինելու ձեռք բերել բժշկի նշանակած դեղերը։

Խանութի  դատարկ ցուցափեղկեր Արցախում  ©️ Արցախի տեղեկատվական շտաբ

Մյուս կողմից կա հիգիենայի պարագաների խիստ կարիք. չկա շամպույն, ատամի մածուկ, միջադիրներ և այլն, և սա նույնպես բարդացնում է առանց այն էլ բարդ իրավիճակը։

Արցախում լուրջ խնդիր է դարձել նաև աղբահանությունը։ Ուշացած աղբահանության պատճառով փողոցներում գարշահոտություն է տիրում, և չնայած քաղաքապետարանի մեծ ջանքերին՝ պաշարները չեն հերիքում աղբահանությունը նորմալ կազմակերպելու համար։

Չդատարկված աղբամաններ Արցախում,  ©️ Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախում շատ են նաև կրթական խնդիրները. աշակերտները չունեն գրենական պիտույքներ, այբբենարաններ, աշակերտների՝ դպրոցում սնվելը կազմակերպելն է բարդ, իսկ ավելի ուշ առաջ է գալու ջեռուցման խնդիրը թե ուսումնական հաստատություններում, թե մարդկանց բնակարաններում։ Եթե նույնիսկ հաջողվի շենքերում փայտի վառարաններ տեղադրել, ապա որտեղի՞ց են փայտ հայթհայթելու, իսկ գտնելու դեպքում ինչպե՞ս են կտրելու, տեղափոխելու այն, ի՞նչ է լինելու, եթե հանկարծ հրդեհներ լինեն։ Խնդիրների շարքն անվերջ է։ «Որ ծայրից բռնում ես, իրավիճակը անելանելի է թվում»,-ասում է Շողերը։

Գալիք աղետալի իրադարձություններից անտեղյակ՝ աղջիկները քննարկում են ձմռան պատրաստությունները Արցախում։ «Իմ մաման շատ գոհ է բլոկադայից, որովհետև պապան վերջապես սկսել է տնային գործերով զբաղվել»,-կատակում է Նինան։ Մարդիկ Արցախում այս առումով երկու մասի են բաժանվում։ Մարդկանց մի մասը չի պատրաստվում ձմռանը, որովհետև հավատում է, որ շրջափակումը շուտով կավարտվի, և կյանքը Արցախում ձմռանը կընթանա բնական հունով, իսկ մարդկանց մյուս մասը ամեն կերպ պատրաստվում է ձմռանը։ Չորացնում են այն միրգն ու բանջարեղենը, որը կարողանում են ձեռք բերել, հավաքում ու պաշարում են այն ամենը, ինչ հնարավոր է, խնայում են ունեցած մթերքը՝ ձմռանը օգտագործելու նպատակով։

Ստեփանակերտի կիսադատարակ շուկան,  ©️ Դավիթ Ղահրամանյան

Ծանր է հատկապես փոքրիկ երեխաներ ունեցող մայրիկների ու հղիների վիճակը։ «Ես հավատում եմ, որ եթե ճանապարհը բացվի, կանայք ու մայրիկներն են բացելու այդ ճանապարհը»,-ասում է Նինան։ Ըստ նրա՝ եթե տղամարդիկ իրավիճակին արձագանքում են զայրույթով ու ագրեսիայով, ապա կանայք անցնում են գործնական քայլերի և ելքեր են փնտրում դիմակայելու համար։ Չէ՞ որ նրանք են ժամերով կանգնում հացի հերթերում, ամեն օր հոգում սեղանին ուտելու բան դնելու հարցը և, չնայած ծանրագույն իրավիճակին, պատրաստ են միայն արժանապատիվ լուծումների։

Աղջիկները խոսում են նաև հացի, ջրի, էլեկտրաէներգիայի, կանխիկ փողի սակավության պատճառով առաջացած խնդիրների մասին, անդրադառնում են տեղեկատվական դաշտում իրականացվող տեռորին, որը ծանր ազդեցություն է թողնում հատկապես տարիքով մարդկանց վրա։ Խնդիրների անվերջ թվացող շարքում դրականն այն է, որ մարդիկ շարունակում են օգնել իրար՝ պատրաստակամ իրար հետ կիսելու իրենց  վերջին ունեցածը։

Բանկոմատի մոտ հերթ Ստեփանակերտում,  ©️ Արցախի տեղեկատվական շտաբ

Փոդքասթի վերջում Նինան ու Շողերը քննարկում են Նախիջևանի ճանապարհի դիմաց Լաչինի ճանապարհը բացելու վարկածը’ մերժելով զիջումների գնով ճանապարհը բացելու հեռանկարը և հույս հայտնելով, որ կան իրավիճակից դուրս գալու արժանապատիվ լուծումներ։

Պատրաստեց՝ Նարինե Գալոյանը

Նյութը հրապարակվում է  «Ինադու» փոդքաստի հեղինակներ Նինա Շահվերդանի և Շողեր Սարգսյանի համաձայնությամբ: Տեսանյութի բնօրինակները հրապարակվում են «Ինադու»-ի Youtube-յան էջում: Հրապարակումների տեքստային և վիզուալ հատվածի պատրաստումը, թարգմանությունը իրականացվում են «Ինլայթ»-ի կողմից:   


«Ինադու» փոդքաստին աջակցել կարող եք Patreon-ի միջոցով՝ հղմամբ:


Արցախի խնդրի և շրջափաման շուրջ մյուս հրապարակումները կարդացեք Արցախյան քրոնիկոն խորագրի ներքո: