Հայաստանում անվերջ պատերազմի մտավախությունը 

Լեռնային Ղարաբաղի անկլավի բնակչության 80%-ը փախավ Հայաստան՝ չհավատալով Ադրբեջանի նախագահի խաղաղ համակեցության խոստմանը։ Այժմ հայերը վախենում են, որ հակամարտությունը կարող է տարածվել դեպի ռազմավարական նշանակության Սյունիքի մարզ՝ Բաքվի համար կարևոր անցակետ՝ Նախիջևանի իր տարածք մուտք ունենալու համար։

Վերա Բելիկ

Ֆոտոռեպորտաժ՝ Անտուան Մարտեն

Գորիս, Կոռնիձոր (Հայաստան), հատուկ թղթակցություն

Լաչինի միջանցքից դուրս գալիս հենց Լեռնային Ղարաբաղի սահմանակետից հետո Կոռնիձորն է։ Սյունիքի այս հայկական գյուղում երևում է Սիլվարդի փայտե տունը՝ Գորիսը անկլավին միացնող ճանապարհին, որ ադրբեջանական զորքերի ձեռքում է սեպտեմբերի 19-ից ի վեր։ Դրսից տունը՝ պատուհաններին սպիտակ ժանյակե իր վարագույրներով, ասես նախորդ դարից դուրս պրծած լինի։ Ծաղկաշատ իր այգու խորքում մի տնակ է թաքնված, որը որպես զուգարան է ծառայում՝ հատակին միայն մի ծակով։ Ներսից սրահը վերափոխվել է իսկական ապաստարանի մի քանի ընտանիքների համար, որոնք փախել են Արցախի (Լեռնային Ղարաբաղի հայերեն եզրաբանությունն է) հայկական անկլավից։ Չնայած ողբերգությանը՝ մթնոլորտը գրեթե տոնական է թվում։ Երեխաները խաղում են հատակին՝ մեծերի ուշադիր հայացքների ներքո։ Քառորդ մասերի բաժանված խնձորների և կամավորների բերած պաղպաղակի մեջ սեղանը զմայլեցնում են գինու մի երեսուն բաժակ։

Կոռնիձոր, Հայաստան։ Արևելքում այսուհետ Ադրբեջանն է։ Արևմուտքում Նախիջևանի անկլավը փակուղի է մտցրել Սյունիքի մարզը։

Կանոնավոր բախումներ

«Ինձ այնքան դուր է գալիս, երբ մարդիկ համտեսում ու հավանում են գինիս»,— խոստովանում է Նվերը՝ հյուրասիրելով տեղական ռոզեն։ «Կուզեի ավելի շատ բերել, բայց, ցավոք, միայն 10 լիտր կարողացա վերցնել»։ Սա է միայն մնացել իրեն իր սեփական խաղողի այգիներից արտադրված հարյուրավոր շշերից։ Խաղողն աճում էր երկհարկանի ընտանեկան տան հետևում Հերհեր գյուղում՝ Ստեփանակերտի՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի արևելյան կողմում։ Յոթ տարի առաջ էր հրապուրվել այդ գործով։ Նվերը պատմում է, որ ամեն ինչ ինքնուս է սովորել՝ Հերհերի դպրոցում ուսուցչի իր աշխատանքին զուգահեռ։ 2020 թվականի սեպտեմբերին Բաքվի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո, որ կոչվում էր «Պողպատե բռունցք» և որը 5000-ից ավել զոհ տվեց, Նվերը Կարմիր խաչի նպաստների շնորհիվ մասնագիտացավ խաղողագործության մեջ։

Տեղ համայնքը, ադրբեջանական սահմանակետերից տասնյակ մետր հեռավորության վրա, ընդունում է Արցախի փախստականներին։ Սակայն շատերը նախընտրում են շարունակել ճանապարհը դեպի Երևան՝ վախենալով արևմտյան մասում ադրբեջանական զորքերի նոր առաջխաղացումից։

Նրան իր ընտանիքի հետ գրկաբաց ընդունել են Սիլվարդն ու իր որդին՝ Յանուշը։ Նվերը վերջիններից էր, որ որոշեց փախչել իր գյուղից սպառնալիքների պատճառով։ «Շատ միջոցներ պետք չեն, երբ մեծ սիրտ ունես, — պատմում է երկու փոքրիկ երեխաների հայրը։ Մի զինվոր բղավեց, որ կորչեմ այդտեղից․․․ Ռիսկ չարեցի մնալ»։ Նրա հայրը, որ նույնպես գաղթի ճանապարհն է բռնել, թաց աչքերով հիշում է 90-ականների ջարդերը իր գյուղում։ Բազմաթիվ հանցագործություններ են եղել ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում (1988-1994), Սովետական միության փլուզման ժամանակ։ 2023 թվականին ռազմական խուճապի պատճառով, և, որպեսզի կրկին չապրի այդպիսի ողբերգություն, հայկական անկլավը ծայրահեղ արագությամբ դատարկվեց։ Հենց որ ադրբեջանական իշխանությունները բացեցին աքսորի ճանապարհները կիրակի՝ սեպտեմբերի 24-ին, Արցախի բնակիչների հիմնական մասը լքեց շրջանը։ 120․000 բնակչությունից ավելի քան 105․000 հայ նախընտրեցին մեկնել՝ չնայած իրենց անվտանգության մասին Բաքվի վստահեցումներին։ Սեպտեմբերի 28-ին Արցախի ինքնահռչակ հանրապետության լուծարումը բնավ վստահություն չառաջացրեց։

Սյունիքի մարզում (Հայաստանի հարավում) վախենում են Բաքվի հնարավոր հարձակումից։ 2020 թվականի հակամարտությունից ի վեր՝ ադրբեջանական զինուժի հետ բախումները կանոնավոր են։ Սահմանի երկայնքով հայկական տարածքից արդեն իսկ 2 կմ բռնակցվել են Ադրբեջանի կողմից։ Երևանի և Բաքվի միջև հակամարտության մտավախության առաջ Սիլվարդը դժվարանում է թաքցնել իր երկյուղածությունը։ «Ես ուրիշ տեղ չունեմ գնալու»,— հուսահատորեն ասում է նա, որ ամբողջ կյանքում ապրել և մեծացել է հայկական գյուղի այս փայտե տանը։

Էրդողանը խորհրդանիշների հետ է խաղում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն խոսքերին, թե նույնիսկ Երևանը պետք է ադրբեջանական դառնա, այստեղ թեթևորեն չեն վերաբերվում։ Սիլվարդի ավագ որդին, որ ռազմական գույներով հագուստով է, կամավոր մարտիկ է Ղարաբաղի սահմաններին, որ այսուհետ ադրբեջականական ուժերի վերահսկողության տակ են սեպտեմբերի 19-ի նրանց հաղթական հարձակումից ի վեր։ «Հանուն մեր երեխաների՝ պիտի պաշտպանեմ մեր գյուղը»,— վստահեցնում է հիսնամյա այդ մարդը, որ անցյալ ամիս է զորագրվել։ Նրա գյուղը՝ Տեղը, ադրբեջանի սահմանակետերից մի տասնյակ մետր հեռավորության վրա է։

Կառավարությունը մեզ ուղարկում է Նյուվադի հյուրընկալման կենտրոն, բայց բացառվում է, որ ես այդքան մոտ ապրեմ սահմանին։

Գեղանուշ, փախստական տատիկ

Նախիջևանի ադրբեջանական անկլավում է, որ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նշեց Իլհամ Ալիևի սեպտեմբերի 25-ի հաղթանակը։  Բացահայտ խորհրդանշական ընտրություն։ «Սպասում եմ Բաքվի մի նոր հարձակման՝ որպես վերջին երկուսի շարունակություն։ Շատ տարիներ է, ինչ Իլհամ Ալիևը ցանկանում է միջանցք ստեղծել դեպի Նախիջևան, և Լեռնային Ղարաբաղում նրա վերջին հաղթանակը կարող է նրան թևեր տալ»,—կարծում է Յանուշը։ 2022-ին մոտ երեսուն հայկական գյուղեր ու քաղաքներ արդեն իսկ ենթարկվել են Ադրբեջանի հարձակումներին։ Չնայած ամենին՝ Սիլվարդը հույս է պահում։ «Որդիս կպաշտպանի ինձ, բայց թշնամու հրթիռակոծություններին պատասխանելու հրահանգներ առայժմ չեն ստացել։ Մեզ լիովին լքված ենք զգում կառավարության կողմից։ Երբեմն, գիշերվա կեսին, այստեղ լսում ենք արկերի և հրթիռների աղմուկը, որ պայթում են ասես հիշեցնող խայթոցներ, որ վտանգը շատ մոտ է»։

Տեղահանված անձանց ընդունելության կենտրոն Գորիսի մեծ հրապարակում։ Հայկական սահմանն անցնելուց հետո այս փոքրիկ քաղաքը հումանիտար օգնության և ժամանակավոր կացարանով ապահովման առաջին կենտրոնն է։

Մայրաքաղաք տանող ճանապարհը եռում է մեքենաներով, որոնց տանիքները ծանրաբեռնված են իրերով, որ չեն տեղավորվել բեռնախցիկում։ Այս պատկերը ցուցադրում է փաստը, որ շատ տեղահանվածներ ցանկանում են հնարավորինս հեռանալ Գորիսից՝ Հայաստանի սահմանը հատելուց հետո փախստականների ընդունելության առաջին կետից, մինչև անգամ Սյունիքի մարզից, որը գտնվում է Ադրբեջանի ու Նախիջևանի անկլավի միջև։ Հայերը վախենում են, որ Բաքուն կարող է Թուրքիայի հովանավորությամբ մի նոր հարձակում ձեռնարկել տարածքային ամբողջականություն ստեղծելու համար։ 2020 թվականի բանակցությունների պայմանագրերում զետեղված և պարզորոշ կերպով ցուցադրված կամք։ Տարածքային այս կապն իրականացնելու համար պետք է միջանցք ստեղծվի։

105.000: Սա այն հայերի թիվն է, ընդհանուր 120․000 բնակչությունից, որոնք, վախենալով իրենց անվտանգության համար, դիմել են գաղթի։

Որոշ ծաղրաբանություններ են լսվում Գորիսի կենտրոնական հրապարակում՝ լի սպիտակ վրաններով, որոնցում կամավորները գիշեր-ցերեկ աշխատում են՝ յուրաքանչյուր փախստականին հումանիտար օգնության կապոց տալու համար։ «Կառավարությունը մեզ ուղարկում է Նյուվադի հյուրընկալման կենտրոն, բայց բացառվում է, որ ես այդքան մոտ ապրեմ սահմանին, նախընտրում եմ ինքնուրույն հարցերս լուծել Երևանում»,— տրտնջում է Գեղանուշը՝ հոգնած տեսքով, մի քանի ամսական թոռնիկի մանկասայլակը բռնած և երեք մեծ ճամպրուկները կողքին։

Սյուզանը (աջ կողմում) իր ընտանիքի հետ փախել է Ստեփանակերտից։ Հանդիմանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ խաբել է այն հայերին, որոնք հեռացել էին Արցախից 2020-ի հակամարտությունից հետո՝ վստահեցնելով, թե նրանք կարող էին վերադառնալ։

Նույն ցանկությունն ունեն Մարիայի ծնողները, որոնց հայկական կառավարությունն անվճար տեղավորել է սովետական ճարտարապետությամբ մի հյուրանոցում՝ Գորիսի կենտրոնում։ Մտադիր են գնալ Արտաշատ, որ Երևանից դեպի հարավ 20կմ հեռավորության վրա է գտնվում և որտեղ ապրում են Մարիայի տատիկն ու մորաքույրը։ «Ժամանակավորապես, մինչև որ բնակարան կգտնենք մայրաքաղաքում»,— բացատրում են նրանք։ «Մինչդեռ ես սիրում եմ Գորիսը, բնությունն այստեղ ինձ հիշեցնում է իմ հայերենի քաղաքինը՝ Հադրութինը, և հյուրանոցի իմ սենյակի պատուհանից հեռվում երևում են Լեռնային Ղարաբաղի սև լեռները»,— հոգոց է հանում 14-ամյա դեռահաս աղջիկը, որի մուգ մազերը հասնում են մինչև գոտկատեղը, և որին սեղմված է փոքրիկ եղբայրը՝ Մարկը։ Նա ապրել է Լեռնային Ղարաբաղի հարավային այդ փոքրիկ քաղաքում մինչ այն կբռնակցվեր 2020-ի պատերազմի ժամանակ և նրա ընտանիքը ստիպված կլիներ տեղափոխվել Ստեփանակերտ։

Հարավում՝ Սյունիքի մարզում, Բաքվի հարցձակման մտավախություն կա։ Այնտեղ հայկական տարածքից երկու կիլոմետր արդեն իսկ բռնակցվել է։

Դավաճանված լինելու զգացումը

Բաքվի կայծակնային հաղթանակից հետո ընտանիքը ստիպված եղավ նորից հապշտապ հավաքել ճամպրուկները։ «Երբ ռմբակոծությունները սկսվեցին, փոքր եղբայրս վազեց դատարկելու դպրոցական պայուսակը, որ այնտեղ արջուկները լցնի։ Հետո մեր ճամպրուկներում վերցրինք նրա երկու մեծ փափուկ արջերին։ 2020-ին մեր առաջին տեղահանության ժամանակ նա շատ լացեց իր սիրելի խաղալիքը չունենալու պատճառով»,— հիշում է նրա մեծ քույրը, որ դեռ տպավորված է այդ ժամանակվա հարվածներով ու պայթյուններով։

Գորիսի փողոցներում և ընդունելության կենտրոններում առաջին անհրաժեշտության իրեր, ինչպես նաև երեխաների համար խաղալիքներ են բաժանում։

«Այդ ժամանակվանից գիշերները նա շշնջում էր ինձ, որ վախենում է, որ ադրբեջանցիները կսպանեն մեզ, մինչ մեր հայրը դրսում հսկում էր համոզվելու համար, որ զինվորներ չկան»։ Ընտանիքը փախավ, երբ ադրբեջանցիներն արդեն իրենց փողոցի գլխին էին։ «Հենց որ ավարտեմ դպրոցը, ծնողներս ուզում են ուղարկել ինձ սովորելու մեկ ուրիշ երկրում պատերազմից հեռու»,— երազում է միջին դպրոցի աշակերտուհին՝ ժպիտը դեմքին, հագին սվիտեր՝ վրան կարմիր տառերով տպված «Նյու Յորք»։

Երկու պատերազմներից և իննամսյա շրջափակումից հետո այս փախստականները, որոնց ժամանակավորապես հյուրանոցում են ապաստարան տվել, իրենց դավաճանված են զգում իրենց ղեկավարի, լքված՝ Պուտինի և մոռացված՝ միջազգային հանրության կողմից։

«Գորիսում մեզ ապահով չենք զգում, քանի որ չենք վստահում վարչապետին»,— բացատրում է Մարիան՝ արդեն իսկ խորապես ազդված պատերազմից և այս տարի Ղարաբաղում՝ Բաքվի կողմից պարտադրված 9-ամսյա շրջափակումից։ «Նիկոլ Փաշինյանը կարող է նմանապես Սյունիքը զիջել ադրբեջանցիներին։ Շատ բարկացած եմ նրա վրա, որ մեզ 2020-ին հույս տվեց և երաշխիքներ, որ կարող էինք լիովին ապահով վերադառնալ անկլավ, որ այնուհետև թողնեինք այն Բաքվին՝ առանց իրական մարտերի։ Շատերը կարծում են, որ ներկայիս կառավարությունը լի է դավաճաններով։ Քիչ մարդիկ են հավանում Փաշինյանին»։

Կոռնիձորի փողոցներում Լեռնային Ղարաբաղից վերադարձող ռուսական զրահամեքենաներ։ Շատ հայեր բարկացած են Ռուսաստանի վրա, որ, իբրև խաղաղության երաշխավոր ուժ, վերջին հաշվով թույլ է տվել Բաքվին գործել։

Հույսից՝ նողկանք

Ոմանց մոտ նրա անվան հիշեցումը միայն նողկանքի ծամածռություն է առաջացնում։ «Ատո՛ւմ եմ նրան։ Վստահ եմ, որ ադրբեջանցու սիրտ ունի»,— թքում է Սյուզան Բաբեյանը՝ շուրջը պտտվող երեք թոռնիկների տատիկը, որոնց աչքերը փայլում են՝ հիացած հումանիտարների նվերներով։ Ինչպես Լեռնային Ղարաբաղի շատ հայեր, իր ընտանիքի հետ վերադարձել էր 2020-ին՝ հույսով լի, քանի որ անկլավը եռում էր, փողոցներ ու տներ էին կառուցվում։ Նույնիսկ շրջափակման ժամանակ, որն արգելափակել էր ցանկացած փոխանակություն, այդ թվում և հումանիտարը, բնակչությունը գլուխը բարձր էր պահում՝ համոզված լինելով, որ ամեն ինչ կկարգավորվեր։ «Աղջիկս իր սեփական վարսահարդարման սրահն էր բացել 4 ամիս առաջ, գործերը վերջապես սկսել էին լավ ընթանալ, և հիմա․․․»։ Աղջիկը նրա կողքին՝ գունավոր շապիկով և մազերը ծոծրակին հավաքած, զուսպ է մնում։

Բացակա բաժանորդներով Եվրոպան և ՄԱԿ-ը

Մյուսները մեղադրում են հատկապես Ռուսաստանին, որն այս ինքնավար հանրապետության խախաղության երաշխավորի դերն է ստանձնել, բայց որն ի վերջո Ադրբեջանին թույլ տվեց գործել։ «Պապիկս ռուսներին «սպիտակ թուրքեր» էր համարում։ Երբ հարցնում էի, թե ինչու, ասում էր, որ ինքս ժամանակի հետ կհասկանամ։ Նա ճիշտ էր։ Այդ ռուս զինվորները մեր երեխաներին ինչպես կենդանիների էին վերաբերվում։ Ճաղերի արանքից նրանց ուտելիք էին տալիս և ասում, որ նրանցից վատ հոտ է գալիս»,— զայրանում է Վալերան՝ Ստեփանակերտում ռուսերենի ուսուցիչը, տեղ-տեղ արծաթաթել մուգ մազերով և գրեթե առանց կանգ առնելու օրերով վարելուց հոգնած աչքերով։ Մինչդեռ մեծ ջերմությամբ է հիշում Լյուբային՝ իր ռուս տատիկին, և Կալինինգրադում ուսանելը։ «Չպետք է վստահեի Պուտինին 2020-ին և վերադառնայի։ Սակայն իսկապես կարծում էինք, որ նա մեր տարածաշրջանում կարգուկանոն կհաստատեր և, որ այն վերջապես փթթող կդառնար։ Չեք պատկերացնի, թե ինչքան բան ենք ստիպված եղել տանել այս երեք տարվա ընթացքում․․․ Շնորհակալութո՛ւն Պուտինին»։

Լեռնային Ղարաբաղի փախստականների մոտ ողջ միջազգային հանրության նկատմամբ ընդհանուր հիշաչարություն է զգացվում։ Ի՞նչ է անում Ֆրանսիան։ Ի՞նչ է անում Եվրոպական միությունը։ Ի՞նչ է անում ՄԱԿ-ը։ Ինչո՞ւ է ողջ աշխարհը փակում աչքերը այս բռնի տեղահանության առաջ։ Այսպիսի հարցեր են մտատանջում աքսորի ճանապարհին գտնվող այս քաղաքացիներին՝ համակված նոր հակամարտության վախով, որը սպառնում է տարածվել ողջ երկրով մեկ։


Բնօրինակի հեղինակ՝ L’Humanité magazine, N 875, du 12 au 18 octobre 2023

Թարգմանիչ՝ Լուսինե Աղաջանյան (Lusine Aghajanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։