Նոյեմբերի 18-ին «Ինլայթ» հասարակական կազմակերպությունում տեղի ունեցավ համատեղ միջթիմային հանդիպում՝ Բովանդակության, Թարգմանիչների և Հանրային կապերի ու մարքեթինգի բաժնի անդամների մասնակցությամբ։ Հանդիպումը վարում էր կազմակերպության գլխավոր խմբագիր Աննա Խաչյանը։ Միջթիմային հանդիպման նպատակն էր վերահաստատել ծանոթությունը հին և նոր անդամների միջև, ներկայացնել բաժիններին առնչվող ընթացիկ աշխատանքները, քննարկումներ իրականացնել ուրվագծվող աշխատանքների շուրջ։
Վերջին շրջանում «Ինլայթ»-ում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել․ կազմակերպության Թարգմանիչների և խմբագիրների բաժինը վերաձևափոխվել է Բովանդակության բաժնի և Թարգմանիչների բաժնի՝ համապատասխանաբար Մարիամ Մանուկյանի և Մարիամ Անտիկյանի ղեկավարությամբ, իսկ Վերլուծական ֆորումի համակարգող է նշանակվել Նարինե Պետրոսյանը։ Փոփոխություններին ընդառաջ ռազմավարություն է մշակվում նոր անդամների ներգրավման համար, ինչպես նաև վերամեկնարկել է միջբաժնային ու արտաքին համագործակցությունների միջոցով նոր նախագծերի իրագործումը։
Հանդիպմանը առանձնացվեցին համատեղ ջանքերով իրականացված և ընթացիկ նախագծերը։
«Թվային Հայաստան»․ Այս նոր ձևավորվող նախագծի միջոցով սոցիալական, մշակութային, տնտեսական և այլ թեմաներ ընդգրկող վիճակագրական տվյալները կներկայացվեն ինֆոգրաֆիկաների տեսքով։ Նախագիծը կյանքի կկոչվի և կհրապարակվի «Ինլայթ»-ի նոր ստեղծվելիք կայքում։
#EnlightInfographics․ Միջբաժնային համատեղ աշխատանքների շնորհիվ ինֆոգրաֆիկ նյութերի (մենեջմենթի, առաջնորդության, քննադատական մտածողության, աշխատանքի, նորարարությունների, մասնագիտական հմտությունների, աշխատաշուկայի ժամանակակից միտումների և պահանջների, առողջ ապրելակերպի և հարակից ոլորտների վերաբերյալ) շտեմարան հանդիսացող այս նախագծի երրորդ փուլը ևս հաջողությամբ մեկնարկել է։
«Ինադու» փոդքասթ․ Հետևյալ փոդքասթի հեղինակները փորձում են ներկայացնել կյանքը շրջափակված Արցախում՝ առաջին օրերից մինչև ներկա իրականություն, կիսվում են իրենց հույզերով, հոգսերով և սպասումներով։ Արցախում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին՝ «Ինլայթ»-ը, հեղինակների համաձայնությամբ, նախաձեռնեց փոդքասթի արխիվացումը։
Մասնագիտական կողմնորշման դասընթացներ ավագ դպրոցականների համար․ սաTurn-ի, Teach for Armenia-ի և «Ինլայթ»-ի համագործակցության արդյունքում կյանքի կոչված այս նախագիծը դասընթաց-հանդիպումների շարք էր ավագ դասարանի աշակերտների համար՝ մասնագիտական կողմնորոշման խնդրի շուրջ։
Ինլայթյան թիմային հանդիպումներ-բանախոսություններ․ Գլխավոր խմբագիր Աննա Խաչյանի նախաձեռնությամբ «Ինլայթ»-ում տեղի են ունենում բանախոսություններ՝ թիմի, թիմային մշակույթի, դրա կարևորության, առաջնորդության, դրա ոճերի և այլ հարցերի շուրջ։
Միջթիմային հանդիպումն ամփոփվեց կարճ քննարկմամբ՝ կատարվող աշխատանքների վերաբերյալ դիտարկումների ներկայացմամբ, ընթացիկ նախգծերին մասնակցության նախաձեռնություններով և ինլայթյան հանդիպումների ու ծրագրերի ձևաչափերի փոփոխության առաջարկներով։