Գերորակավորումն աշխատանքում

Դեյվիդ Դյուսոն՝ հետբուհական կրթության արժեքի, գործատուների կարիքների և կարիերայի հետագիծը փոխելու անհրաժեշտության մասին:

Վերջերս շատ եմ մտածում աշխատաշուկայում մրցունակության կամ գերորակավորման մասին: Մի բան, որին մենք նախորդիվ անդրադարձել ենք կառուցվածքային առումով․ ո՞րն է հետբուհական կրթության արժեքը: Երբ գիտությունների թեկնածուի աստիճան եք ստանում, ո՞ւր պետք է գնաք: Ինչ-որ պահի այս ամենն ուղիղ գծի է նմանվում, գծային դառնում: Բակալավրիատն ավարտելուն պես հարցազրույցի ես գնում, աշխատանք գտնում, իսկ հետո, եթե ավելի բարձր որակավորում ուզես, մագիստրոսի աստիճան ես ստանում, որն էլ քեզ ավելի լավ աշխատանքի հնարավորություն է ընձեռում կամ նման մի բան: Այսպիսով, այս ամենը, կարելի է ասել, միշտ սերտորեն փոխկապված է եղել։

Սակայն հիմա այդ կապը կարծես խզվել է. այն կանխորոշված նպատակակետերը, որ ավելի բարձր պաշտոն կամ գիտական աստիճան էին ենթադրում, այլևս չկան: Հիմա ամեն ինչ ավելի հեղհեղուկ է: Իմ՝ գիտությունների թեկնածու (PhD) նախկին գործընկերներից շատերը այլևս ակադեմիական շրջանակներում չեն աշխատում, ուստի՝ երբ շրջանավարտներով հանդիպում  ենք կամ գնում կոնֆերանսների և շփվում միմյանց հետ, բոլորս միշտ իրար հարցնում ենք՝ հիմա՞ ինչով ես զբաղվում, մինչդեռ նախկինում կարծում էինք, որ միայն այդ ուղիղ գիծը կա՝ ողջ կյանքի համար. այն է՝ եթե դու գիտական աստիճան ունես, ապա ամբողջ կյանքդ ակադեմիական շրջնականերում ես անցկացնելու:

Սակայն այս պահին ամենակարևորը գումար-որակ հարաբերակցությունն է, ինչքան էլ ցանկանայի հակառակն ասել: Կազմակերպությունները ստիպված են աշխատանքի ընդունել ավելի քիչ մարդկանց՝ ավելի արդյունավետ կերպով, և ուստի ոչ բարձր պաշտոնների համար գիտական աստիճաններ բնավ պետք չեն․ այդպիսի աստիճան ունեցողներն արդեն գերորակավորված են համարվում։

Իրականում, շատերն ինձ ասում էին, որ ավելի լավ է CV-ում գիտական աստիճանները  չնշել, եթե պատրաստվում եք ոչ բարձր պաշտոնի դիմել․ սա գալիս էր նրանց սեփական փորձից: Ես, բարեբախտաբար, չեմ բախվել այդպիսի իրավիճակի, բայց դա փաստ է։ Եվ ահա նորից հարց է առաջանում․ ինչի՞ համար են այս գիտական աստիճանները: Կարծում եմ, որ մագիստրոսի աստիճանը (այսպես էի կարծում միգուցե հինգ տարի առաջ) ավելի շատ մասնագիտական է: Եթե բակալավրի աստիճանը ավարտելուց հետո ձեզ գուցե պրակտիկայի հնարավորություն է տրվում, ապա մագիստրոսի աստիճանը որոշակի աշխատանք գտնելու կամ հարցազրույցի հրավիրվելու հավանականությունն է բարձրացնում: Բայց դա այլևս բավարար չէ:

Կարծում եմ՝ գիտական աստիճանն ավելի քիչ նշանակություն ունի, և պրակտիկ փորձն է այժմ գնահատվում: Պետք է ուշադրությունը շատ բաների վրա սևեռել, քանի դրանք անընդհատ փոփոխության են ենթակվում։

Ուստի՝ մենք ոււսանողներին ամեն ինչ տալ չենք կարող։ Նրանք պետք է տեղյակ լինեն իրենց շրջապատող աշխարհի մասին, իսկ իմ կարծիքով՝ նրանց համար շատ բարդ է նման վաղ տարիքում դա անելը․ ուսանողները ոչ միայն պետք է հասկանան իրենց ուժեղ ու թույլ կողմերը և աշխատեն դրանց ուղղությամբ, այլև պետք է փորձեն ինչ-որ աշխատանքի ընդունվել։ Ես ուսանողներ ունեմ, որ գալիս են՝ իմ արտահամալսարանական նախագծերին մասնակցելու, և ասում են. «Դեյվի՛դ, կցանկանայի Ձեզ միանալ»։ Եվ իմ առաջին հարցը սա է. «Լավ, ի՞նչ կարող ես անել ինձ համար: Չգիտեմ՝ ինչ պաշտոն կարող եմ քեզ առաջարկել։ Դու պիտի հասկանաս, թե ինչ ենք մենք անում այս նախագծում, և ինքդ ասես, թե ինչով կկարողանաս զբաղվել»: 19-20 տարեկանների մեծամասնության համար դա բավականին սարսափելի հարց է, որն իրականում շատ նորմալ պիտի լիներ։

Կարծում եմ՝ հենց այստեղից պետք է սկսել մրցունակության մասին մեր քննարկումը։ Արդյո՞ք գերորակավորված չեք աշխատաշուկայի համար։ Գուցե չափազանց փորձառո՞ւ եք: Միգուցե պետք է խոսել ոչ թե գիտական աստիճանների, այլ աշխատանքի մեջ օգտակարության մասին․  պետք է շեշտը դնել պրակտիկ հմտությունների վրա, նույնիսկ եթե դրանք որևէ փաստաթղթով հաստատված չեն: Ես չեմ պնդում, որ գիտական աստիճանն անարժեք է. կարծում եմ, որ մենք պետք է փոխկապենք այս ամենը, վերաիմաստավորենք։ Այդ  դեպքում աշխատանքային հարցազրույցի ժամանակ կարող են ձեզ ասել. «Դուք ստացել եք հետբուհական կրթություն, ունեք մեծ փորձ․ տեսնում ենք, որ համապատասխանում եք մեր առաջարկած պաշտոնին»: Կամ կարող է հակառակը լինել. «Լավ, Դուք բակալավրի աստիճան ունեք, բայց ունեք նաև աշխատանքային փորձ տրված ոլորտում և հմտություններ, որոնք համընկնում են մեր փնտրածի հետ»։ Այսպիսով, դուք կարող եք աշխատանքի ընդունվել ավելի ցածր կրթական աստիճանով և ավելի շատ փորձով: Այստեղ ոչ մի ալքիմիա չկա, ոչ մի բարդ բան:

Բացի այդ՝ մենք խնդրում ենք ընկերություններին և գործատուներին կամ պոտենցիալ գործատուներին տեղյակ լինել, թե ինչ է իրենց անհրաժեշտ: Սա ևս մի թեմա է, որը քննարկում  էի գործընկերներիս հետ հարցազրույցից առաջ. ընկերությունները չգիտեն, թե ինչ է իրենց պետք այս պահին: Եթե ​​ 15-20 տարի առաջ նրանք հնգամյա նախագիծ էին մշակում ապագայի համար, հիմա դիտարկում են միայն տարեկան, եռամսյակային հաշվետվությունները, այնուհետև՝ ընկերության ներքին հաշվետվական համակարգերը՝ տեսնելու, թե արդյոք անում են այն, ինչ պետք է։

Այսպիսով, եթե դուք պլանավորման այդ միկրո մակարդակում եք, ինչպե՞ս կարող եք տեղում նստել և ասել. «Լավ, մենք գալիք տարիների ընթացքում ունենալու ենք այսինչ մարդկանց կարիքը»։ Բայց չէ՞ որ կենտրոնացած եք ներկայի վրա, այլ ոչ թե ապագայի։

Այսպիսով, մեր ժամկետները, այսպես ասած, սեղմվել են, իսկ այս դեպքում շատ ավելի դժվար է պլանավորել, թե ինչպես և ինչի համար եք հետագայում մարդկանց աշխատանքի ընդունելու։ Սա դասական խնդիր է, բայց իմ կարծիքով՝ ավելի է սրվել, քանի որ հիմա մենք ավելի քիչ ժամանակ ունենք մեր իրական կարիքները որոշելու համար: Եվ արդյունքում, մի տեսակ  անհամապատասխանություն է գոյանում։ Մարդիկ  դիմում են այնպիսի պաշտոնի, որի համար գերորակավորված են, և կամ դիմում են այնպիսի աշխատանքի, որի համար թերորակավորված են, կամ էլ ընկերությունները պարզապես ասում են. «Մենք չգիտենք՝ ինչի կարիք ունենք, բայց ունենք ինչ-որ բանի կարիքը»։

Երբ էներգետիկայի ոլորտում էի աշխատում, իմ ամենաթույլ կողմը թվաբանություն չգիտենալն էր։ Ատում եմ թվերը: Մայրս հաշվապահ է, նա թվաբանություն լավ գիտի. ես կարծես ալերգիկ եմ դրանցից՝ վիճակագրություն, ռեգրեսիոն վերլուծություն և այլն… Լեքսիկոնին տիրապետում եմ, հիանալիորեն հասկանում եմ՝ ինչն ինչպես է աշխատում, բայց երբեք ինքնակամ դրանցով չեմ զբաղվի: Կիրառե՞լ թվերն իրական կյանքում: Ո’չ։ Ընկերներիցս մեկը (որն այժմ այն ​​ընկերության տնօրենն է, որտեղ ես աշխատում էի) ինձ ասում էր. «Երկուսն էլ մեզ պետք են. ինձ պետք է մեկը, ով հասկանում է շուկան կառուցվածքային տեսանկյունից, հասկանում է էներգետիկ շուկան, ինչպես է այն որակապես աշխատում, բայց հետո պետք է  նաև մեկը, ով այդ ամենը թվերի կվերածի»։ Ահա թե որտեղ է մրցակցային առավելությունը, իսկ նման մարդիկ շատ, չափազանց քիչ են:

Այսպիսով, աշխատաշուկան դարձել է շատ ավելի խիստ և կոնկրետ այն առումով, թե ում կարիքն ունի, և դա ամեն օր ավելի ցայտուն է երևում: Անհնար է պլանավորել որևէ բան։ Կարող ենք տեսնել, թե աշխատանք փնտրող և, միևնույն ժամանակ, սովորող ու աշխատաշուկային հարմարվող մարդիկ ինչպես են ութ տարի ծախսում կրթության վրա, բայց հետո այդ որակավորումն ի վերջո նրանց  ոչ մի պաշտոնի չի բերում երկարաժամկետ հեռանկարում: Սա իսկապես չափազանց դժվար է և իսկապես դաժան։

Ամեն ինչ վերադառնում է մտածելակերպի մասին մեր քննարկմանը: Իմ ուսանողներին ես բացատրում եմ, թե ինչ պետք է անեն, երբ ավարտեն բուհը. նրանք պետք է պատրաստ լինեն բոլորովին այլ՝ իրենց սովորածից տարբեր բանով զբաղվելու, և բացատրում եմ, որ իրենց կարիերայի հետագիծը չի լինելու գծային: Մենք խոսում ենք այն մասին, թե որքան ժամանակ է հնարավոր մնալ որոշակի պաշտոնում, իսկ դա, փաստորեն, ավելի է կրճատվել: Այսպիսով, ինչ-որ պահի ուսանողը կարող է գտնել իր երազած աշխատանքը, և երկու կամ երեք տարի հետո դուրս գալ, թեև դա բնավ ընկերության մեղքով չէ․ պարզապես աշխատանքը բավարարվածություն այլևս չի տալիս: Ուստի՝ նրանք պետք է պատրաստ լինեն հետքայլ անելու կամ նոր մի բանով զբաղվելու:

Այսպիսով, կարծում եմ՝ մտքի ճկունությունն է այստեղ կարևորը: Մեր երիտասարդությունը պետք է կարողանան աշխատանքից դուրս գալ՝ մտածելով․ «Ո՛չ, սա իմ ուզած աշխատանքը չէ, այն չէ, ինչ մտածում էի, թե ուզում եմ անել, ուստի պետք է մի այլ բանով զբաղվեմ»: Ծնողներիս սերնդի համար իմ սերնդում նման բանը ձախողում էր, բացասական փորձ։ Այսօր ես կարծում եմ, որ «ոչ» ասել կարողանալը անգնահատելի հմտություն է․ «Սա իմ ուզածը չէ, ես ուզում եմ գնալ և այլ բան անել, և ես գիտեմ, թե ինչպես, ինձ պարզապես անհրաժեշտ է, որ ամեն ինչ իր տեղում լինի, որ իսկապես կարողանամ շարունակել կարիերաս»: Ասպիրանտական, մագիստրոսական և նմանատիպ այլ հետբուհական ծրագրերի մասնակցելը գուցե ձեզ չկարողանա տալ այդ հմտությունը, քանի որ դրանք, այնուամենայնիվ, ֆորմալ բնույթ ունեն: Իսկ այժմ հարկավոր է ձեռք բերել հավելյալ փորձ, որը կլրացնի ֆորմալ կրթությունը։

Դեյվիդ Դյուսո

Քաղաքագիտական գիտությունների թեկնածու (PhD), Հեռանկարային  հետազոտությունների դպրոց, Տյումենի համալսարան


Բնօրինակի հեղինակ՝ David Dussault, Serious Science

Թարգմանիչ՝ Իռեն Նավոյան (Iren Navoyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։